Հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հայրենիքի պաշտպանության համար ընկավ նաև մարտակերտցի Ալբերտ Յուրիի Քալաշյանը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Ալբերտի մայրը՝ Արմիդա Գևորգյանը, կսկիծով պատմեց, որ որդու ձայնը վերջին անգամ լսել է հոկտեմբերի 26-ի գիշերը, արդեն հաջորդ օրը լուսանալուն պես ստացել է դաժան լուրը:
«Չգիտենք, թե դեպքը ինչպես է եղել, միայն գիտենք, որ վիճակը շատ ծանր է եղել, ամբողջ մարմինը ասկոլկա է եղել»,- ասաց հերոսի մայրը:
Մորը տանջում է այն միտքը, որ չի կարողացել նույնիսկ գնալ ու մասնակցել որդու հուղարկավորությանը. «Մեզ պատերազմի առաջին օրվանից տեղափոխել են Երևան: Այդ օրն էլ Ստեփանակերտը ռմբակոծության տակ էր, որդուս մարմինը Մարտակերտ էլ չեն կարողացել տանել, հուղարկավորել են Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում»,- պատմում է տիկին Արմիդան՝ հույս ունենալով, որ որդին անպայման կհասկանա իրեն:
Թեև պատերազմական օրերին հաճախ չի խոսել հարազատների հետ, բայց երբ հաջողվել է զանգել, երբեք չի ասել, որ ինչ-որ բան այն չէ. «Շատ գաղտնապահ էր: Բոլորս էլ գիտեինք, թե ինչ իրավիճակ է սահմանին, բայց երբ խոսում էինք ասում էր՝ «մամ սուտ ա, ոչ մի լուրջ բան չկա, սաղ նորմալ ա, դուք ձեզս լավ նայեք»: Միշտ ծիծաղելով էր խոսում, հարցնում էր՝ ինչ նորություն կա, չեն ասում, երբ է ավարտվելու: Ուզում էր անընդհատ խոսեր, ես էլ իր իսկ անվտանգությունից ելնելով` չէի թողնում, հիմա փոշմանում եմ, թե ինչի չէի թողնում, մի քիչ ավել կլսեի որդուս ձայնը...»,- ցավով հիշում է Ալբերտի մայրը:
Ալբերտի 20-ամյակը սեպտեմբերի 30-ին էր լրացել, առաջնագծում: Ծառայում էր Մարտունիում, գնդի ավագ էր: Հունվարին էլ պարտադիր ծառայությունն էր ավարտելու, բայց մտադրություն ուներ մնալ բանակում, շարունակել ծառայել իր հայրենիքին:
Ալբերտը Մարտակերտից էր, ունի 4 քույր, մեկ եղբայր, տան ավագ որդին էլ ինքն էր: Սովորում էր Քաջարանի քոլեջում: Ինչպես մայրն է պատմում՝ թեև դպրոցում լավ չէր սովորում, բայց բոլորի կողմից հարգված ու սիրված էր իր համեստության շնորհիվ: