Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելու ընթացքում զոհվել են հորեղբոր տղաներ՝ Աղասի և Գևորգ (փաստաթղթերով՝ Մերուժան) Սահակյանները:
Եղբայրները Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքից էին: Նրանց հորաքույրը՝ Մանուշ Պետրոսյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ Աղասին և Գևորգը բանակ էին զորակոչվել 6 ամսվա տարբերությամբ, երկուսն էլ ծառայում էին Արցախում:
«Աղասին 19 տարեկան էր, հոկտեմբերի 15-ին՝ իր թաղման օրը, 20-ամյակն էր: 1 տարի 9 ամսվա ծառայող էր, հունվարի 14-ին պետք է տուն գար: Դպրոցն ավարտելուց հետո ավտոդպրոց ընդունվեց, իր ամենասիրած մասնագիտությունը վարորդությունն էր, ավտոյից բացի՝ ուրիշ բան չէր պատկերացնում, բանակում էլ էր վարորդ: Հիշում եմ՝ փոքր երեխա էր, որ իր պապայի մեքենան քշում էր: Շատ ժպտերես տղա էր Աղասին, մի բան ասում էիր, ծիծաղելով էր պատասխանում, շատ խելացի էր: Աղասիին որ հացի ուղարկեինք, ճանապարհին հարևանը մի տեղ ուղարկեր, էլ չէր ասում, որ ուղարկել են հացի, կգնար հարևանի ասածը կաներ, նոր մեզ հաց կբերեր, այդպիսի տղա էր Աղասին»,- պատմեց հորաքույրը:
Աղասին ոչ մի անգամ չի դժգոհել ծառայությունից, արձակուրդ եկած ժամանակ էլ միայն լավ բաներ է պատմել բանակի մասին.
«Շատ լավ էր տրամադրված ծառայությանը, իր հրամանատարին շատ էր սիրում, անընդհատ նրա անունն էր տալիս, որ լավն է, բոլորը լավն էին իր համար: Արձակուրդ էր եկել, պատմում էր, որ բոլորը լավն են, հարցրեցի՝ Աղասի ջան, վատ մարդ չկա՞, ասում էր՝ չէ, հորքուր, մի ընտանիքի նման ենք, բոլորն ինձ սիրում են, ամեն ինչ լավ է»:
Աղասին շատ նպատակներ ուներ, ավաղ, չկարողացավ դրանք իրագործել:
«Ասում էր՝ հորքուր ջան, գամ, առաջինը տներն եմ սարքելու, գնամ Ռուսաստան աշխատեմ, գամ տները վերանորոգեմ, սիրուն բաղնիք, զուգարան սարքեմ, ինձ լավ մեքենա կառնեմ: Ասում էր՝ առաջինը տունը կսարքեմ, որ ապահովված լինի ամեն ինչով, մամաս դուրսը չկանգնի լվացք անի, դրանից հետո նոր մնացած գործերը կանեմ: Աշխատասեր տղա էր Աղասին, միշտ մտածում էր՝ բանակից գա, գնա աշխատի: Աղասին իրենից փոքր 1 քույր ունի»,- պատմեց նրա հորաքույրը:
Մանուշ Պետրոսյանը պատմեց նաև մյուս եղբորորդու՝ Գևորգ Սահակյանի մասին: Նա էլ նախորդ տարի ամռանն էր զորակոչվել:
«Գևորգը 19 տարեկան էր, 1 տարի 3 ամսվա ծառայող էր: Շատ խելացի ու լուրջ տղա էր: Երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են, ծնողների հետ էր ապրում, բայց, երբ գնաց Արցախ՝ ծառայության, ծնողները տեղափոխվեցին այնտեղ, պատերազմի ժամանակ թողեցին վերադարձան, հին տուն կա այստեղ, այդտեղ են ապրում, մինչև տեսնեն, թե ինչ կլինի: Մինչև բանակ գնալը Գևորգը սուպերմարկետում բանվոր էր աշխատում, քանի որ վարձով էին ապրում, տանեցիներին օգնում էր: Պետք է վերադառնար, աշխատեր, օգներ ծնողներին…»,- պատմեց նրա հորաքույրը:
Երկու եղբայրներն էլ նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին են զոհվել, ժամերի տարբերությամբ, բայց հարազատներն այդ օրն իմացել են միայն Աղասիի զոհվելու մասին, իսկ Գևորգի զոհվելու մասին լուրը ստացել են Աղասիի հուղարկավորության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 16-ին.
«Գևորգի մասին մեզ լուր չէին տվել: Պատերազմի օրերին մի տղայի համարից զանգում էր, հա զանգում էինք այդ համարով, բայց այդ տղան վերցնում, խաբում ասում էր՝ Գևորգն ուրիշ տեղ է, ես ուրիշ տեղ եմ, չեմ կարող ասել, թե ես ուր եմ: Հետո, որ մենք գրեցինք՝ խնդրում ենք, Գևորգին ասեք, որ իր եղբայրը զոհվել է, գոնե թող զանգի, իր ձայնը լսենք, այդ տղան խիղճ է ունենում, զանգում է Գևորգի քրոջը, հարցնում է՝ տանն ո՞վ կա տղամարդկանցից, քույրը պատասխանում է, որ տղամարդ չկա, այդ պահին միայն ինքն է եղել, ի՞նչ է պատահել, այդ տղան ասել է՝ ճիշտն ասած՝ Գևորգը հերոսաբար զոհվել է, 10 հոգու կյանք փրկելով՝ ինքը զոհվեց, Գևորգը հերոս է…»:
Հոկտեմբերի 17-ին էլ Գանձակում հուղարկավորել են Գևորգին.
«Երկու եղբայրներին էլ Գանձակում կողք կողքի հուղարկավորեցին»։