Պողոսը վիրավոր էր, երեկ մեր համայնքապետի տեղակալը Պողոսի մայրիկին ասաց, որ երեխայի մարմնի ձախ կողմն ամբողջովին վիրավոր է, պետք է արյուն տա, արյան կարգը որոշեն, որ երեխայի համար արյան դոնոր լիներ: Հիվանդանոցում մորն ասել են, թե սխալ ժամի է եկել, չեն վերցրել, այսօր առավոտյան է գնացել, արդեն ուշ է եղել: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեռնապար համայնքի դպրոցի տնօրեն Վարդանուշ Հովակիմյանը՝ խոսելով համայնքից հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում վիրավորված, ապա նահատակված զինծառայող Պողոս Սարգսյանի (ծնված 2001թ.) մասին:
Տնօրենի ներկայացմամբ՝ Պողոսն ընտանիքի միակ որդին էր, քույրն ամուսնացած է, և իր գալստին էին սպասում բոլորով, մինչև վերջին պահին ծնողներին ոչինչ չէր ասել: «Մորը միշտ հանգստացնում էր՝ մա ջան, մեզ չեն տարել, հանգիստ եղի: Տանկիստ էր»,-պատմեց տնօրենը։
«Գերազանց տղա էր, լավ վարքով, խելացի ու ընդունակ: Դպրոցն ավարտել էր ու ինքն իր ուժերով ընդունվել ԵՊՄՀ-ի Ֆիզիկայի բաժին: Հիմա մեր երեխայի կորստի համար մենք մեր տեղը չենք գտնում. բառեր չեմ գտնում նրան նկարագրելու համար: Դասընկերներին ու դպրոցին նվիրված էր, յուրաքանչյուր միջոցառմանն առաջինն ինքն էր մասնակցում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։