Արցախում ընթացող ծանր մարտերի ընթացքում զոհվել է 1989 թվականին ծնված մայոր Դավիթ Սամվելի Թևանյանը:
Դավիթ Թևանյանը ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, այնուհետև ծառայության է անցել Քաշաթաղի շրջան Որոտան քաղաքի N զորամասում, որպես դասակի հրամանատար, այնուհետև նույն զորամսում նշանակվել է վաշտի հրամանատար, ապա Կապանում շտաբի պետ, որից հետո տեղափոխվել Վարդենիսի N զորամաս՝ հրամանատարի մարտական գծով տեղակալ, ապա կրկին տեղափոխվել է Որոտան քաղաք շտաբի պետ: Սեպտեմբերի 27-ին մարտական խնդիր ստանալով` Դավիթ Թևանյանը գնացել է մարտի դաշտ:
Tert.am-ի հետ զրուցում Դավիթ Թևանյանի ազգակից Արտակ Ավետյանը նշում է, որ նա բազմաթիվ շքանշանների է արժանացել: Ստացել է «Զինվոր հայրենյաց» շքանշան, «Վազգեն Սարգսյան»-ի անվան շքանշան, պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության երկրապահ հուշամեդալով, ունի 10-ից ավել պատվոգրեր ու գովասանագրեր:
«Նա հայրենիքի կամքով մեկնեց ռազմաճակատ և զոհվեց հանուն հայրենիքի: Գնալիս ընտանիքին պատվիրակեց՝ Ձեզ ձիգ պահեք, ամուր եղեք, հաղթանակը մերն է: Նա երբեք հուսախաբ չէր լինում, և՛ ինքը, և՛ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները միշտ հայրենասիրական բարձր ոգևորվածությամբ էին ծառայում հայրենիքին: Առօրյա կյանքում շատ ժպտերես ու կենսախինդ էր, սակայն ծառայության մեջ շատ խստապահանջ էր: Ծառայությունից դուրս շատ ընկերական հարաբերությունների մեջ էր իր զինվորների հետ: Նա ցանկացած զինվորի հանդեպ շատ հոգատար էր, բոլորին հարգում էր: Իր զինվորական ընկերների հետ իր փոխհարաբերությունները բարձր մակարդակի վրա էին»,- նշեց Թևանյանի ազգականը:
Դավիթ Թևանյանը ամուսնացած էր, ուներ երկու երեխա, աղջիկը՝ 5, իսկ տղան մեկուկես տարեկան:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։