Բուժական համայնքը, ինչպես տարիներ առաջ, հիմա էլ հայրենիքի հպարտ հերոսին հողին հանձնեց, բոլորը լուռ, արցունքոտ, տխուր ու ցավով են լցված: Սերյոժայի կյանքը կիսատ մնաց, նա չապրեց, որ մենք ապրենք: Սերը սրտում մնաց, իսկ նպատակներն՝ անկատար. Tert.am-ի հետ զրույցում՝ հիշելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ պայքարում նահատակված Սերյոժա Խաչատրյանին, նշում է նրա հարևան Հայկուհի Սահակյանը:
2001 թվականին ծնված Սերյոժա Խաչատրյանը Կոտայքի մարզի Բյուրական գյուղից էր, սովորել է Գեղամ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցում:
«Սերյոժան համեստության տիպար էր, շատ ամաչկոտ, ժպտերես նույնիսկ բարևելուց թուշիկները կարմրում էր: Իրենց դասարանում պրակտիկ դասընթացի ժամանակ ֆիզիկա եմ դասավանդել, ոչինչ չէր խոսում, լուռումունջ ժպտում էր: Սերյոժան եղբորս ընկերն էր, երբ բանակը գնալու կանչը եղավ, քեֆ արեցին, բայց գնալը մի քանի օր հետաձգվեց ընկերները կատակում էին, ասում՝ իր գնալուց կրկնակի քեֆ արեցինք»,- նշեց Հայկուհի Սահակյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։