Պատերազմի հզոր սերունդը. 19–ամյա հրետանավորը, որը դարձավ պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ


Պատերազմի հզոր սերունդը. 19–ամյա հրետանավորը, որը դարձավ պայքարի ու հաղթանակի խորհրդանիշ
Հոկտեմբեր 8 22:14 2020

Սեպտեմբերի 27–ին հակառակորդի սանձազերծած լայնավածալ ագրեսիայի երրորդ օրը հրապարակված՝ 19–ամյա հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարը դարձավ հերոսական այս պայքարի և հաղթանակի խորհրդանիշ։ Լուսանկարի տարածվելուց հետո Ալբերտից մի քանի օր լուր չկար։ Ընտանիքի անդամների հետ բոլորն էին աղոթում Ալբերտի համար։ Ցավոք, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, հայտնի դարձավ՝ Ալբերտը նահատակվել է։

«Մեր Աբուլը շատ ընկերասեր և բարեհոգի էր։ Վերջին անգամ ընկերոջս հետ զրուցել եմ պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին։ Ալբերտը նախքան բանակ գնալը հաճախ կրկնում էր՝ մինչև իմ գալը ոչ մի հարսանիք չանեք, բոլորիդ հարսանիքներին ներկա եմ լինելու։ Ալբերտը մեր հերոսն է, նա միշտ կապրի մեր սրտերում, մենք միշտ կզգանք իր ներկայությունը մեր կողքին», - NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ալբերտի ընկեր Արման Մուրադյանը։

Ընկերները հիշում են՝ Ալբերտն իդեալիստ էր, ձեռնարկած ցանկացած գործ կատարելության էր հասցնում։ Անհամբեր սպասում էր բանակ զորակոչվելուն, անընդհատ խոսում էր այն մասին, թե ինչ հետաքրիր է անցնելու իր ծառայությունը։

Սեպտեմբերի 15-ին Ալբերտը դարձել էր 19 տարեկան։ Սլավոնական համալսարանի քաղաքագիտության բաժնում էր սովորում, դիվանագետ էր դառնալու։

«Ալբերտը շատ բարձր մարդկային արժանիքներ ուներ։ Պարկեշտ էր, խելացի, պատասխանատու։ Սովորաբար տղաները բանակ գնալուց առաջ հակասական զգացումներ են ունենում, քիչ են հաճախում համալսարան։ Ալբերտի մոտ հակառակն էր․ շատ լուրջ էր վերաբերվում ուսմանը։ Նրան մեծ ապագա էր սպասվում...

Ժամանակակից սերունդը՝ պատերազմի սերունդը, աստվածային հատկանիշներով օժտված երիտասարդներ ունի։ Մենք հաճախ թերագնահատում ենք ժամանակակից սերնդին՝ չնկատելով թե ինչ հզոր ուժ կա նրանց մեջ թաքնված։ Հիմա մեզ միայն մեկ բան է մնում՝ այնպես շենացնել մեր պետությունը, որ հանուն հայրենիքի արյուն թափած ոչ մի տղայի կյանքն անիմաստ չլինի», - մեզ հետ զրույցում ասաց հայ-ռուսական համալսարանի ամբոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը։