Դենիս Զմեուն ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 7 տարի առաջ: Քիշնևի «Զիմբրուի» և Ռումինիայի «Վասլույ» ակումբի նախկին խաղացողը, ով Մոլդովայի հավաքականում անցկացրել է 20 հանդիպում (1 գոլ), գնացել է իր հոր՝ Վալենտինի ճանապարհով և դարձել ֆիթնեսի բարձրակարգ մասնագետ: Երկու տարի աշխատել է որպես ֆիզպատրաստվածության մարզիչ ռումինական «Պոլիտեխնիկ» Իասի թիմում, որից հետո՝ 2019-ի ամռանը, համալրել է «Արարատ-Արմենիայի» մարզչական շտաբը: 2020-ի օգոստոսին Դենիս Զմեուն միացել է «Նոային»: Ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում Զմեուն խոսել է մասնագիտության ընտրության, ակումբում իր աշխատանքի, և այլ թեմաների մասին:
-Ինչպե՞ս ստացվեց, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո որոշեցիք դառնալ հենց ֆիզպատրաստվածության մարզիչ:
– Պետք է ասեմ, որ սերը ֆիթնեսի նկատմամբ ժառանգել եմ հորիցս: Բացի այդ, երբ դեռ հանդես էի գալիս Ռումինիայում՝ «Վասլույում», թիմին միացավ ֆիզիոթերապիայի շատ լավ մասնագետ Իսպանիայից, որի շնորհիվ էլ ավելի սիրեցի այս գործը՝ նա մեզ հանձնարարում էր ինչ-որ վազքի, գնդակով վարժություններ: Իհարկե, չէի սպասում, որ այդքան շուտ կավարտեմ ֆուտբոլիստի կարիերան, բայց երբ 27 տարեկանում ծանր վնասվածքից հետո ստիպված ես դա անել՝ պետք է մտածես, թե ինչով զբաղվել: Այնպես չէ, որ մարզչական աշխատանքի տեխնիկա-մարտավարական բաղկացուցիչը ինձ համար խորթ է, ուղղակի ավելի շատ ինձ գերեց ֆիթնես մարզչի աշխատանքը, մանավանդ՝ համապատասխան դասընթացների մասնակցելուց հետո: Արդեն 6 տարի զբաղվում եմ իմ սիրելի գործով, հասցրել եմ աշխատել և՛ Մոլդովայի հավաքականում, և՛ առաջնության «Միլսամի» թիմում, Ռումինիայում, անցած տարի տեղափոխվեցի Հայաստան, իսկ հիմա համալրեցի «Նոայի» մարզչական շտաբը՝ նոր բարձունքներ գրավելու:
-Ըստ Ձեզ, որքանո՞վ են պատշաճ ուշադրություն դարձնում Ֆիզպատրաստվածությանը Հայաստանում: Մասնագետները հաճախ են նշում, որ այստեղ թիմերը միշտ չէ, որ կարողանում են պահպանել խաղի տեմպը ամբողջ 90 րոպե, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև լրացուցիչ ժամանակում:
– Նախ, սա թերևս կարևորագույն բաղկացուցիչներից մեկն է, քանի որ բավական չէ, որ ֆուտբոլիստը կարողանա կրծքով ընդունել գնդակը կամ տեխնիկապես լավ պատրաստված լինի, եթե նա չի վազում դաշտում: Հիմա ֆուտբոլում ընդհանուր միտումն այնպիսին է, որ ֆիթնես մարզիչը ակումբում ամենակարևոր գործող անձանցից մեկն է դառնում, քանի որ լավ ֆունկցիոնալ վիճակում գտնվող թիմը լրիվ այլ տեսք է ունենում դաշտում: Հայաստանում իմ աշխատանքի առաջին տարում համոզվեցի, որ այստեղ այնքան էլ մեծ ուշադրություն չեն դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը, հիմնականում չունեն ֆիթնես մարզիչ:
– Իսկ «Նոաում» այս առումով վիճակն ինչպիսի՞ն է:
– Այդ առումով բացառություն չէր նաև «Նոան», գլխավոր մարզիչը ստիպված էր ինքը հնարել ֆունկցիոնալ պատրաստվածությունը: Սա համակարգ խնդիր է, պետք է մշակես աշխատանքի շաբաթական, ամսական, նաև՝ ողջ մրցաշրջանի համար ծրագրերը, որոնք բերում են նրան, որ թիմը աստիճանաբար գալիս է մարզչական շտաբի պատկերացրած ու նախանշած տեսքի: Այն ինչ տեսնում եմ ներկա փուլում, չեմ ասի, թե դուր չեկավ, բայց աշխատելու լայն ճակատ կա, և մենք շարժվելու ենք այդ ուղղությամբ, որպեսզի «Նոան» նաև ֆիթնեսի տեսակետից շատ լավ տեսք ունենա: Հաճելի է, որ գլխավոր մարզչի հետ համախոհներ ենք այս հարցում: Նաև պետք չէ մոռանալ այն ահռելի աշխատանքը, որ նախորդ մրցաշրջանում մարզչական շտաբը կատարեց՝ ակումբը հասցնելով այսպիսի մակարդակի, ես էլ իմ ուժերի ներածին չափով կփորձեմ նպաստել նրան, որ այս տարի «Նոան» հռչակվի Հայաստանի չեմպիոն:
– Նախորդ մրցաշրջանի ծանր ժամանակացույցը որոշակակիորեն ազդեց ֆունկցիոնալ պատրաստվածության վրա: Հետաքրքիր է, այն ծրագրերը, որոնց մասին Դուք խոսեցիք, նախատեսված են թիմայի՞ն, թե՞ անհատական աշխատանքի համար:
– Իհարկե, սա միայն թիմային ծրագրեր չեն, անհատական են, ֆուտբոլիստների անհատական ծրագրերը կախված կլինեն հանդերձարաններում, նույնը վերաբերում է նաև վնասվածքների կանխարգելման մարզումներին, որին կրկին Հայաստանում քիչ ուշադրություն են մինչև հիմա դարձրել, բայց «Նոա»-ում այս առումով պատկերն ավելի բարվոք է եղել նախորդ մրցաշրջանում, հիմա նույնպես ֆուտբոլիստները կմարզվեն կանխարգելիչ ծրագրերով: Բնականաբար, անխուսափելի վնասվածքների դեպքում նույնպես անհատապես աշխատելու եմ տղաների հետ: Իսկ ընդհանուր առմամբ, միայն մարզիչները չպետք է լինեն թիմային և անհատական ֆունկցիոնալ պատրաստվածության պատասխանատուն, ֆուտբոլիստները ևս նախաձեռնողի դերում պետք է հանդես գան, և ուրախալի է այն, որ «Նոաում» բոլորը ցանկանում են աշխատել, նոր մակարդակի հասնել: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստը չի կարող պահպանել բարձր մակարդակը և բավարարվել միայն մեկ մարզումով. պետք է օրվա մեջ անցկացնել երկրորդը, և խոսքը լրացուցիչ 2 ժամ մարզվելու մասին չէ, այլ 30-45 րոպե մարզման, որի ընթացքում ֆուտբոլիստը պետք է ուշադրություն դարձնի այն որակների վրա, որտեղ բացեր են նկատվում: Որոշ ֆուտբոլիստների սա այնքան էլ դուր չի գալիս, և ես ցանկանում են փոխել այս մոտեցումը, որպեսզի «Նոան» իսկապես դառնա թոփ ակումբ ոչ միայն Հայաստանի առաջնությունում, այլև այն ժամանակ, երբ տարեվերջին, հուսանք, կրկին մրցի այլ մակարդակի եվրոպական թիմերի հետ:
– Մրցաշրջանի մեկնարկում թիմը ոչ այնքան կայուն խաղ էր ցուցադրում, ի՞նչ դեր այդ ամենում ունեցավ թիմի ֆունկցիոնալ պատրաստվածությունը:
– Նախորդ մրցաշրջանը շատ երկար ստացվեց, բոլորից շատ խաղերն անցկացրեց թիմը` «Արարատ-Արմենիայի» հետ մեկտեղ, ընդամենը 5 օր դադար ունեցան, հոգնածությունը իրեն զգացնել տվեց, ֆուտբոլիստները պարզապես չհասցրին հանգստանալ և վերականգնվել, նույնը՝ հոգեբանական առումով. բոլոր այդ եզրափակիչները, եվրագավաթային խաղը, զգացմունքները, մեծ ճնշում կար տղաների վրա, որը մենք փորձում ենք թուլացնել: Կարևորն այն է, որ նրանք հիմա շատ կենտրոնացած են մարզումների ժամանակ, ամեն ինչ առջևում է:
– Նախորդ մրցաշրջանում ձևավորվեց թիմի կորիզը, որը պահպանվել ու համալրվել է նոր ֆուտբոլիստներով: Հիմա, կարծես, պահեստայինների նստարանը զգալիորեն ուժեղացել է, և ավելի մեծ թվով ֆուտբոլիստներ են ներգրավված խաղերին: Որքա՞ն դժվար է պահեստային խաղացողներին պահպանել լավ մարզավիճակը:
– Ինձ համար ցանկացած խաղացող կարևոր է, անկախ նրանից հիմնական կազմի ֆուտբոլիստ է, թե՝ ոչ: Միևնույն է, գալիս է պահը, երբ նա պետք է խաղադաշտ դուրս գա և ապացուցի, որ իզուր չեն մարզիչները իրեն վստահում: Այսօր աշխարհում որևէ մարզիչ չի կարող իրեն շռայլություն թույլ տալ ավելի ուժեղ ֆուտբոլիստին պահել պահեստայինների նստարանին: «Նոաում» ուժեղ կազմ է հավաքվել, իհարկե, ցանկալի կլիներ, որ թոփ ֆուտբոլիստներ համալրեին կազմը, սակայն, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր է այն հսկայական աշխատանքը, որ կատարվել է նախորդ մրցաշրջանի մեկնարկի համեմատ, թիմի և ֆուտբոլիստների շատ լուրջ որակական աճը: Թիմը այս տարի «ատամ ցույց կտա» և կպայքարի չեմպիոնության համար, համոզված եմ: Իսկ խաղացողների առանձնացնել չէի ցանկանա, մարզիչներով կաշխատենք, որ ամբողջ թիմը նույն մակարդակի լինի:
Աղբյուր ArmSport.am