Կորոնավիրուսի համավարակի տեմպերը շարունակում են աճել և դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ, երկուշաբթի կայացած առցանց համաժողովի ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, գրում է AFP գործակալությունը։
ԱՀԿ ղեկավարը Դուբայի իշխանությունների կողմից կազմակերպված առողջապահության վիրտուալ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ աշխարհի առջև ծառացած ամենամեծ սպառնալիքը հենց վիրուսը չէ, այլ «գլոբալ համերաշխության և գլոբալ առաջնորդության բացակայությունը»:
«Մենք չենք կարող համավարակի դեմ պայքարել մանատված աշխարհում», - ասել է նա:
Նրա խոսքով՝ համավարակի քաղաքականացումը ավելի է խորացրել այն։
«Կորոնավիրուսի համավարակի տեմպերը շարունակում են աճել»,- ասել է Թեդրոսը վիրտուալ կոնֆերանսի ժամանակ՝ հավելելով․ «Մենք գիտենք, որ համավարակը շատ ավելին է, քան առողջապահության ճգնաժամը, այն տնտեսական ճգնաժամ է, սոցիալական ճգնաժամ է, իսկ շատ երկրներում՝ քաղաքական ճգնաժամ։ Դրա հետևանքները կզգացվեն տասնամյակներ շարունակ»։
Նախորդ շաբաթ ԱՀԿ ղեկավարը հայտարարել էր, որ «Աշխարհը գտնվում է համավարակի նոր և վտանգավոր փուլում»,- զգուշացրել էր ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով․ «Հասկանալի է, որ շատ մարդիկ հոգնել են տանը նստելուց։ Հասկանալի է, որ երկրները ձգտում են բացել իրենց տնտեսությունները։ Բայց վիրուսը տարածվում է արագ և դեռևս մահացու վտանգավոր է»: