Ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները ամփոփված են: Կիրակի օրը տեղի ունեցած ԿԸՀ նիստում որոշում կայացվեց, համաձայն որի, խորհրդարան անցած չորս քաղաքական ուժերի միջեւ տեղի ունեցավ մանդատների բաշխում: Միեւնույն ժամանակ վերջնական որոշում չկա, թե պատգամավոր ընտրվածներից ովքեր կգնան ԱԺ եւ ովքեր այլ պաշտոններ կզբաղեցնեն:
Armday.am-ի ունեցած տեղեկություններով` այս առումով հստակություն կլինի այս շաբաթ նախատեսված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում: Մի քանի կարկառուն ՀՀԿ-ականների ճակատագիրն արդեն իսկ որոշված է: Մասնավորապես մեր աղբյուրների փոխանցմամբ` 5-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պաշտոնի կանցնի Վերահսկիչ Պալատում: Նա այդ պաշտոնում կփոխարինի Լեւոն Յոլյանին, ով հիշեցնենք այդ պաշտոնում փոխարինել էր Իշխան Զաքարյանին: Ինքը` Հովհաննես Սահակյանը, երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ամեն ինչ նորմալ է իր կյանքում: «Իմ կեցվածքից նկատվո՞ւմ է, որ ես նեղացած եմ: Ես միշտ ասել եմ՝ ես թիմի մեջ եմ, թիմի որոշումները մեզ համար ընդունելի են, և եթե մտնում ես քաղաքականության մեջ և դառնում թիմի անդամ, ուրեմն պետք է հասկանաս ու ընդունես, որ թիմային աշխատանքը ենթադրում է թիմի կանոններ: Թիմում սեփական ցանկությունները երկրորդվում են ընդհանուր պատկերացումներին», - ասել էր Սահակյանը:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն էլ կնշանակվի Պաշտպանության փոխնախարար: Ինչպես հայտնի է, Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո այդ հաստիքը թափուր էր մնացել: