Ո՞ՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍԿԻՆ

Սա Շվեյցարիայի ալպիական մասում գտնվող Կուրագլիա գյուղն է։ Լեռնային այս փոքրիկ գյուղն ունի ընդամենը 450 բնակիչ։
Տարիներ առաջ կանադական մի ընկերություն այս գյուղում հայտնաբերել էր ոսկու գերհարուստ հանք, որի ընդհանուր արժեքը գնահատվում էր մեկ միլիարդ եվրո։ Գյուղի բնակիչներին խոստանում էին հանքի շահագործմանը հաջորդող տասը տարում միայն անմիջապես նրանց վճարել 34,5 միլիոն եվրո։ Գումարած՝ շվեյցարական գանձարանին մուծելիք հարկերը։
Առաջարկն այնքան գայթակղիչ էր, որ շվեյցարացիները բաժանվել էին երկու մասի։ Անգամ գյուղի բնակիչները միակարծիք չէին։ Ամիսներ տևած քննարկումներից հետո հարցը դրվեց հանրաքվեի։ 2012 թ․ ապրիլին կայացած տեղական հանրաքվեին մասնակցած չափահաս գյուղացիներից հանքի բացմանը կողմ արտահայտվեց 90 հոգի, դեմ՝ 180։ Հարցը հանվեց։ Գյուղը փրկեց իր և շրջակա տարածքի գեղեցկությունն ու բնական մաքրությունը։
Այս տեղեկությունը հաղորդած «The Telegraph» թերթը ոչինչ չի ասում, թե այդ հարցի մասին ինչ կարծիք ունեին Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, վարչապետը կամ Դաշնային խորհրդի պատգամավորները։ Դա ոչ մի նշանակություն չունի մի երկրում, որտեղ պետական կառավարումը իրականացնում է անմիջապես ժողովուրդը՝ հանրաքվեների միջոցով։
Ասում են, որ բացվելու դեպքում այդ հանքը կդառնար ոսկու ամենամեծ հանքը Եվրոպայում։ Բայց շվեյցարացիները, որոնք իրենց վերջին ոսկեհանքը փակել են դեռևս 1961 թ․, բնավ չեն տխրում։ Շվեյցարիան երկար տասնամյակներ համարվել է և հիմա էլ համարվում է ոսկու համաշխարհային խոշորագույն ներմուծողը (տարեկան 3500 տոննա) և արտահանողը (տարեկան 3900 տոննա) միաժամանակ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ աշխարհում տարեկան արդյունահանվում է ընդամենը 2500 տոննա ոսկի։ Դե գնացեք ու հասկացեք։
Դա հասկանալու համար մենք պիտի կարողանանք իրագործել ուղեղների հեղափոխություն։ Ոչ թե փորձենք անել տնտեսական հեղափոխություն, որպեսզի դրան հաջորդի գիտության և կրթության ծաղկումը (դա անհնար է), այլ նախ անենք գիտության և կրթության շուտափույթ հեղափոխություն։ Իսկ դրա համար էլ պետք է, որ Հայաստանի ժողովուրդը բոլոր տեսակի կուսակցություններից ու առաջնորդներից իր ձեռքը վերցնի իրեն պատկանող իշխանությունը։ Անմիջական կամ ուղիղ ժողովրդավարությամբ՝ հանրաքվեներով։

Սեյրան Գրիգորյան 

 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *