Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախօրեին պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ: Հայ կիսապաշտպանը «գայլերի» կազմում հանդես կգա վարձակալական հիմունքներով:

Ներկայացնում ենք հայ ֆուտբոլիստի առաջին հարցազրույցը իտալական ակումբի հետ.

Բարի գալուստ «Ռոմա», Հենրիխ: Ի՞նչ է նշանակում այստեղ տեղափոխությունը քեզ համար:

Ինձ համար շատ բան է նշանակում: Սա նոր հնարավորություն է, նոր գլուխ իմ կարիերայում: Այս ակումբում նման շանս ստանալը ֆանտաստիկ է: Ես գիտեմ, թե իրենից ինչ է ներկայացնում ակումբը ու վստահ եմ, որ թիմը կարող է հասնել իր նպատակներին:

Ի՞նչ մտածեցիր, երբ իմացար քո հանդեպ «Ռոմայի» հետաքրքրության մասին:

Սկզբում դրանք ուղղակի շշուկներ էին, հետո բանակցությունները սկսեցին լրջանալ: Երբ ես հայտնաբերեցի, որ նման բան հնարավոր է, մի փոքր մտածեցի ու որոշեցի տեղափոխվել «Ռոմա»:

Դու արդեն տեսել ես քաղաքը ու սպորտային կենտրոնը: Ի՞նչ տպավորություններ ունես:

Ճիշտն ասած՝ քաղաքը դեռ չեմ տեսել, բայց ես գիտեմ, որ սա արտասովոր քաղաք է: Շատ քիչ բան գիտեմ իտալական պատմության մասին: Սպորտային կենտրոնը ֆանտաստիկ է, շենքները այնպես են նախագծված, որ հնարավորություն են տալիս տքնաջան մարզվել ու հետո լավագույնը ցուցադրել խաղում:

Դու հանդես ես եկել հայրենիքում, Ուկրաինայում, Գերմանիայում ու Անգլիայում և հիմա պատրաստվում ես խաղալ Իտալիայում: Որպես ֆուտբոլիստ այդ մեծ փորձը ինչպե՞ս է օգնում քեզ:

Սկզբում հեշտ չէ գալ նոր երկիր նոր մշակույթով: Սա նոր քաղաք է, նոր թիմ, նոր խաղային փիլիսոփայություն, նոր թիմակիցներ, նոր մարզիչ: Ես ամեն հնարավորը կանեմ շուտ հարմարվելու ու օգնելու թիմին հասնել իր նպատականերին: Հիանալի կլինի իտալական ֆուտբոլում փորձառություն ձեռք բերել:

Դու կենտրոնական հարձակվող չես, բայց միշտ շատ գոլեր ես խփել այն թիմերում, որտեղ խաղացել ես:

Ես միշտ փորձում եմ գոլեր խփել: Դա ինձ դուր է գալիս, կարծում եմ, որ դա բոլորին է դուր գալիս: Բայց կարևոր են ոչ միայն գոլերը, այլ նաև թիմին օգնելը՝ գոլային փոխանցումներով: Ամենակարևորն էլ հաղթելն է: Դա ավելի կարևոր է, քան գոլ խփելը ու պարտվելը: Ես իմ լավագույն որակները կներդնեմ գոլ խփելու ու միաժամանակ օգնելու թիմին հաղթել:

Քո կարիերայում միասին վերցրած գրանցել ես 107 գոլ ու գոլային փոխանցում: Քեզ դո՞ւր է գալիս գոլ խփելը, այնքան որքան թիմին օգնելը:

Իհարկե, երբեմն ասում են, որ գոլային փոխանցումը ավելի մեծ արժեք ունի, քան գոլը, քանի որ դու անում ես աշխատանքի կեսից ավելին: Եթե հնարավորություն կա փոխանցում կատարելու թիմակցիդ, որպեսզի նա գոլ խփի, ավելի լավ է այդպես վարվել, քան լինել եսասեր ու անել ամեն ինչ ինքդ քեզ համար:

Քո կարիերայում աշխատել ես տարբեր մարզիչների գլխավորությամբ, այդ թվում՝ աշխարհում լավագույնների:

Ճիշտ է, ես նրանցից յուրաքանչյուրից մի բան եմ սովորել ու կարող եմ ասել, որ նրանք բոլոր տարբեր էին: Մեծ փորձառություն էր նրանց բոլորի հետ աշխատելը, հիմա անհամբերությամբ սպասում եմ  Ֆոնսեկայի հետ աշխատանքին: Ես գիտեմ, թե ինչպես էր նա խաղում: Ինձ դուր է գալիս նրա խաղաոճը, ու հույս ունեմ, որ կհաջողվի այդ գաղափարները ներդնել նաև «Ռոմայում»:

Արդյո՞ք դա ազդել է քո որոշման վրա՝ ճանաչելով մարզչին, և իմանալով, թե ինչպիսի խաղ է նա դավանել «Շախտյորում: Դա որոշի՞չ գործոն էր:

Իհարկե: Բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են հարձակվողական ֆուտբոլ խաղալ, այնպիսի, որ աչքին հաճելի լինի: Մենք նույնպես կփորձենք այդպես անել երկրպագուներին ուրախացնելու համար:

Քո կարիերայում եղե՞լ են այնպիսի մարզիչներ, որոնց խաղային փիլիսոփայությունը նման է Ֆոնսեկային:

Ես դեռ չեմ զրուցել նրա հետ ու կոնկրետ չգիտեմ նրա սիրելի խաղային ոճը: Այս հարցին կկարողանամ պատասխանել մրցաշրջանի ավարտին նրա հետ որոշակի ժամանակ աշխատելուց հետո: Բայց հավատացած եմ, որ նա լավ գաղափարներ ունի, նա խելացի է: Այդ պատճառով նա այստեղ է: Իմ ակնկալիքները մեծ են, կարծում եմ, որ դա ակումբին մեծ օգուտ կտա:

Դու հայկական ֆուտբոլի պատմության ամենակարևոր խաղացողներից ես: Որքա՞ն հպարտ ես այդ փաստով:

Անկեղծ ասած՝ ես այդքան թվերին չեմ հետևում, չեմ հետևում, թե ով որքան խաղաց կամ ինչ արեց: Ամենակարևորը քո նվիրվածությունն է ազգային թիմին: Ես փորձում եմ լավագույնը անել բոլոր խաղերում, բայց միշտ խաղում եմ հաճույքով, միշտ հպարտ եմ իմ երկիրը ներկայացնելու համար:

Իտալացիների համար դժվար է արտասանել քո անունը: Կարող ես ասե՞լ անունդ, որպեսզի հետագայում մենք ճիշտ արտասանենք այն:

Բոլորը ինձ Միկին են ասում, բոլոր տեղերում էլ այդպես են ասում, դա ամեն ինչ ավելի հեշտ է դարձնում: Կարող եք ինձ Միկի անվանել:

Դու հանդես ես եկել եվրոպական շատ երկրներում, բայց հետաքրքիր է, թե ինչու ես որոշել ամուսնանալ Իտալիայում:

Մենք տարբեր վայրեր ենք նայել մեր ամուսնության համար, հետո որոշեցինք պսակադրվել աշխարհի ամենառոմանտիկ քաղաքներից մեկում: Վենետիկում՝ Սա Լազարո կղզում, հայկական եկեղեցի կա: Այդ պատճառով որոշեցինք արարողությունը այնտեղ կազմակերպել:

Շատ մարդկանց դուր է եկել այն փաստը, որ դուք հարսանիքին հրավիրել էիք Ալ Բանոյին (իտալացի էստրադային երգիչ-խմբ):

Դա նվեր էր կնոջս հայրիկից: Դա անակնկալ էր, մենք նույնիսկ չգիտեինք, որ նա այնտեղ է լինելու:

"На