ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության նիստը քիչ առաջ ավարտվել է: Որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: 

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նշվում է, որ այս որոշման հիմքը էական կարգապահական խախտումն է. Սահմանադրական դատարանը չի քննել Քոչարյանի դիմումի քննությանը ՍԴ երեք անդամի՝ Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետորսյանի եւ Հրանտ Նազարյանի մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը:

Նշենք, որ այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում ելույթ ունենալով, հայտարարեց, որ ԱԺ-ն պետք է դիրքորոշում արտահայտի ՍԴ-ի հետ կապված խնդիրների եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Իսկ ավելի ուշ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Իմ քայլը» փակ նիստում քննարկելու է ՍԴ հարցը:

 

Հիշեցնենք, որ ՍԴ-ն սեպտեմբերի 4-ին հրապարակել էր Քոչարյանի դիմումի վերաբերյալ կայացրած որոշումը, ըստ որի՝ Դատարանը Քրեական դատավարության օրենսգրքի՝ Քոչարյանի վիճարկած հոդվածներից 35-րդը ճանաչեց Սահմանադրությանը չհամապատասխանող եւ անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող (Քրդատ օրենսգրքի 35-րդ հոդվածը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, նույն Օրենսգրքի 135-րդ հոդվածը՝  խափանման միջոց կիրառելու հիմքերին)։

Ավելի ուշ ՍԴ երկու անդամներ Ֆելիքս Թոխյանն ու Արման Դիլանյանը ՍԴ այս որոշման վերաբերյալ հրապարակեցին իրենց հատուկ կարծիքները։ Դիլանյանի կարծիքով՝ Քոչարյանի դիմումի վարույթը ՍԴ-ում ենթակա էր կարճման, իսկ Թոխյանի կարծիքով՝ սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ բովանդակային կերպով տրվել էր Սահմանադրության 140-րդ հոդվածի 3-րդ կետի մեկնաբանությունը: Ըստ Թոխյանի՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, եւ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է: