Իրանի հեռահաղորդակցության նախարար Մոհամադ Ջավադ Ազարի Ջահրոմին այսօր Twitter-ում արված գրառմամբ հաստատել է, որ անցած շաբաթավերջին Իսլամական Հանրապետության տարածքում գտնվող մի շարք թիրախներ ենթարկվել են կիբեռահարձակման:

Դրա հետ մեկտեղ իրանցի նախարարը նշել է, որ այդ հարձակումը չի հասել իր նպատակին:

Նախարարի պնդմամբ, իրանական թիրախների դեմ իրականացվող այս գործողությունները «կիբեռահաբեկչության վառ դրսևորում են»:

AP գործակալության տեղեկություններով Միացյալ Նահանգների զինված ուժերը Իրանի բանակի համակարգչային ցանցի դեմ հարձակումն իրականացրել են անցած հինգշաբթի, նույն այն օրը, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին պահին չեղարկել է Իսլամական Հանրապետության տարածքի հրթիռակոծումը: Վաշինգտոնն այդ քայլին մտադիր էր դիմել Պարսից ծոցում ամերիկյան անօդաչու սարքի ոչնչացմանն ի պատասխան: