Իտալական և բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Հենրիխ Մխիթարյանը ժամեր անց «Արսենալ»-ից կտեղափոխվի իտալական «Ռոմա»: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի համաձայն՝ նա տիկնոջ հետ արդեն իսկ ժամանել է Հռոմի օդանավակայան: Ընդ որում, Մխիթարյանը ոչ թե լոնդոնյան «Արսենալ»-ի, այլ «Ռոմա»-ի դեղնակարմրագույն շարֆով է, որը նա մի քանի վայրկյան հպարտությամբ վեր է բարձրացնում և ցույց տալիս իրեն դիմավորող երկրպագուներին:

Իտալական ֆուտբոլային նորություններին հետևող Calciomercato կայքը հաղորդում է, որ հայ կիսապաշտպանը առաջիկա ժամերին բուժզննում է անցնելու, ինչից հետո էլ վերջնականապես կավարտվի նրա փոխանցումը:

BBC-ի տեղեկություններով՝ 30-ամյա Մխիթարյանը «Ռոմա» է տեղափոխվում վարձակալության պայմանագրով. իտալական ակումբը նրան «գնելու» պարտավորություն չի ստանձնում, բայց որոշակի գումար է փոխանցում «Արսենալ»-ին որպես վարձավճար, ինչպես նաև վճարում է Մխիթարյանի աշխատավարձը առաջիկա խաղաշրջանի ընթացքում: Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, BBC-ն չի մանրամասնում:

Sky Italy-ն, իր հերթին, նշում է՝ երկու ակումբները համաձայնության են եկել վերջին պահին, քանի որ այսօր արդեն փակվում է նոր ֆուտբոլիստներ հրավիրելու համար իտալական ակումբներին տրված «տրանսֆերային պատուհանը»: «Սա լավ ձեռքբերում է «Ռոմա»-ի մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի համար՝ Մխիթարյանը 200 գոլի հեղինակ է և բացարձակ ռեկորդակիր Հայաստանի հավաքականի կազմում խփած գոլերի թվով: Բժշկական զննումներից հետո Մխիթարյանը դեղնակարմիրների հետ պայմանագիր կստորագրի, ինչից հետո նրա կարիերայում կսկսվի արկածներով լի նոր շրջան, այս անգամ՝ Սերիա Ա-ում», – փաստում է իտալական լրատվամիջոցը:

Մխիթարյանը լոնդոնյան «Արսենալ» էր տեղափոխվել անցած տարեսկզբին՝ «Մանչեսթր Յունայթեդ»-ից: Անցած մեկ տարում նա «Արսենալ»-ի կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: Վերջին
շրջանում Մխիթարյանն առավել պասիվ էր հանդես գալիս, ընթացիկ մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայում «Արսենալ»-ի 4 խաղերից միայն մեկում էր դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից:

Ժամանակին, երբ Դորտմունդի «Բորուսիա»-ում էր, Մխիթարյանը կատարյալ վարպետության պահեր էր դրսևորում, որոնք վկայում էին նրա մեծ ներուժի մասին, նշում են բրիտանական պարբերականները, միաժամանակ ընդգծելով՝ նրա հետ կապված հույսերն այդպես էլ չարդարացան, երբ նա տեղափոխվեց «Արսենալ»:

Այսօր Հռոմի օդանավակայան ժամանելուն պես լրագրողներից մեկը հարցրել է՝ «Երջանի՞կ եք, որ այստեղ եք»: «Երջանիկ եմ», – արձագանքել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագը: