Իմ սերնդակիցներն ինձ համար շատ թանկ են, անկախ հանգամանքից՝ ճանաչում եմ նրանց, թե ոչ..
Թանկ են, շա՜տ թանկ…
Նրանք հեռացել են Երեւանից, Գյումրիից, Վանաձորից, Գորիսից կամ Նոյեմբերյանից…
ՀԱՅՐԵՆԻՔԻՑ…
Եվ օտար ափերում հայրենիք են երգում…գրում են, նկարում, մեղեդի հորինում, թատրոնն ու կինոն են պահում իրենց մեջ ու այդ ասպարեզներում են դրսեւորվում…
Իմ սերունդը ստեղծագործ սերունդ է, որը, դժբախտաբար, ստիպված եղավ ապրել ու արարել հայրենիքից դուրս: Բայց արարել այնպես, որ նախանձես նրան…
Հզոր, ստեղծագործական լիցքով իմ սերունդը առանց արվեստի ապրել չի կարող, եթե անգամ հայտնվի անմարդաբնակ կղզում՝ կծաղկեցնի այդ տարածքն իր երգերով, գրով, գիտությամբ ու …սոսկ մարդկայնությամբ, ազնվական վարքագծով ու անօրինակ կենսափիլիսոփայությամբ:
Ես պաշտում եմ իմ ծանոթ ու անծանոթ սերնդակիցներին, որոնք հիմա հեռու են մեզանից…
Ստիպված եմ չարենցյան նյարդով հիմա հարց տալ՝ չէ՞ր կարելի արդյոք նրանց էլ տեսնել ու գնահատել, նրանց էլ արժեւորել որպես հայության կենսահաստատ ներուժ:
Չի՛ արվում դա: Վա՛տ է…
Գրեթե ամեն շաբաթ ես տարբեր մայրցամաքներից փաթեթներ եմ ստանում՝ իմ սերնդակիցների կողմից, որոնք ինձ են ուղարկում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում կամ ՌԴ-ում հրապարակած իրենց հեղինակած գրքերը, երաժշտական ստեղծագործությունները, գեղարվեստի ալբոմները…
Այս հարստությունը ես պահպանում եմ սրբորեն, ուսումնասիրում եւ փորձում եմ պատեհ առիթով կարծիք արտահայտել:
Գյումրեցի ՄԱՐԳԱՐԻՏԱ ԽԼՂԱԹՅԱՆՆ էլ մեկն է նրանցից, որ ինձ ուղարկել է իր ,,Հոգու կանչ,, երգերի ժողովածուն:
Մինչ այս ժողովածուն տեղ կհասներ, ես արդեն նրա ՖԲ-յան էջում տեսել ու լսել էի Մարգարիտայի երգերի կատարումները /ինքն է երաժշտության հեղինակը, իսկ խոսքերի մեծ մասի հեղինակը Հասմիկ Վարոսյանն է/:
Տեսահոլովակներում հնչող մեղեդին, մոտիվը, հայ դասական էստրադայի ավանդույթների ազնիվ պահպանմամբ եւ մատուցմամբ այդ կատարումներն ինձ վերադարձնում են 1970-80-ականների իմ երիտասարդության շրջանը՝ հույզի, ապրումի, անկեղծության իրական աշխարհը…
Գյումրու հայտնի ֆրանսիական դպրոցի, երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի շրջանավարտը, որ հետագայում պետք է ուսաներ Երեւանի Բժշկական ինստիտուտում, դառնար դեղագետ, իսկ հետո տեսներ եւ սեփական մաշկի վրա զգար 88-ի երկրաշարժը… Նրա համար հեշտ չէր լքել հայրենիքը, իսկ հետո …երգե՜ր…
Անձամբ ինձ մի չորս կյանք է պետք այդ ամենը վերապրելու եւ…ստեղծագործելու համար…
Գնահատե՛ք ձեր սերնդակիցներին, գնահատե՛ք…
Նրանք վաղն էլի մեր կողքին են լինելու…