Գուցե ես այդպես էլ չիմանայի այս գրքի մասին ու նրա հեղինակին չփորձեի գտնել, եթե մի քանի օրվա ընթացքում Երևանի տարբեր անկյուններում՝ այգիներում, սրճարաններում, անգամ մետրոյում այս գիրքն ընթերցողներ չտեսնեի։ Կարելի է մտածել, որ այս գիրքն ամենուր է: Խոսքը Գոհար Նավասարդյանի 《Ինձ պիոններ չնվիրես》 գրքի մասին է, որը մի քանի օր է, ինչ դուրս է եկել վաճառքի, բայց արդեն իրար է խառնել ընթերցասեր երիտասարդությանը։ Հենց այս ստեղծագործությանն էլ որոշել ենք անդրադառնալ։ Մեզ հուզող հարցերի պատասխանները կստանանք անձամբ գրքի հեղինակից։

-Ողջույն, Գոհար, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել։

-Բարև ձեզ, ես էլ առաջարկելու համար եմ շնորհակալ։

-Մի քիչ կպատմե՞ք ձեր մասին։ Ի՞նչ մասնագիտություն ունեք։

-Իհարկե, 26 տարեկան եմ, ծնունդով՝ Գյումրիից։  8 ամիս առաջ դեռ որպես ստեղծագործող անունս ոչ ոք չէր լսել։ Բազային կրթությամբ արվեստաբան եմ, հոդվածներ, ցուցահանդեսների անդրադարձներ շատ եմ գրել։ Ժամանակին տարերքս էր (մի տեսակ տխուր տոնով)։ Երբ զգացի, որ ինձ մոտ ստացվում է, շարունակ մի արվեստային թեմա գտնում էի, որի շուրջ կարելի էր ծավալվել ու գրել։ Ուսանողական տարիներից հետո լրագրողական գործունեությամբ եմ զբաղվել՝ աշխատելով տարբեր կայքերի հետ՝ որպես արվեստի կամ մշակույթի բաժնի թղթակից։ Զուգահեռ սովորել եմ նաև բանասիրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո բավական երկար ժամանակ ոչինչ չէի գրում, զբաղվում էի փոքրիկիս խնամքով (ժպտում է)։

Իսկ գրել ե՞րբ  սկսեցիք, հեղինակային մտքերի մասին է խոսքս, գեղարվեստական շարադրանքի։

-Մի օր թղթերիս արխիվում հին նոթատետրս գտա, որտեղ 8-9 տարի առաջ գրեթե ամեն օր գրի էի առնում հետս կատարվածը։ Կարդացի, վերհիշեցի, հետո մի կողմ դրեցի։ Օրեր անց նորից վերցրի ու սկսեցի թղթին հանձնել ապրումներս (լարված շրջան էր ինձ մոտ)՝ նախորդ էջերի հետ ընդհանրապես չհամապատասխանող, բոլորովին այլ ոճով ու մտքերով։ Մի քանի օր էլ անցավ, գրածներս կարդացի ու որոշեցի հրապարակել Ֆեյսբուքում, որովհետև համամարդկային թեմաների, զգացմունքների, տարբեր հոգեվիճակների մասին էին։ Այդպես էլ արեցի։ Մի էջի դիմեցի, համաձայնեցին։ Հենց առաջին գրառումը շատ մեծ արձագանք ունեցավ, հավանումների թվից ոգևորվեցի ու տեղադրեցի նաև մյուսները։ Դա նոյեմբեր ամսին էր։ Էջերն օր օրի շատանում էին։ Գրառումներս տեղադրում էին և՛ իմ թույլտվությամբ, և՛ առանց տեղյակ պահելու։ Ֆեյսբուքյան էջերն ինձ շատ օգնեցին։ Ես, կարելի է ասել, հայտնի դարձա։ Մոտ երկու ամսում տողերս մարդկանց այնքան հարազատ դարձան, որ երբ Ֆեյսբուքում բացեցի առաջին էջս՝ 《Քեզ կարդալ եմ սովորել》 անվամբ, մեկ շաբաթում 4000 հավանում հավաքվեց, 4000 ակտիվ ընթերցող։ Երկրորդ էջս՝ հենց գրքի վերնագրով, բացել եմ ապրիլին։

-Ձեզ համար կարևո՞ր են սոցցանցերի հետևորդների կամ հավանումների թիվը։ Հետևու՞մ եք դրանց աճին։

-Իհարկե կարևոր է. Չէ՞ որ գիրքը տարածում գտավ հենց այդ էջերի հավանումների ու հետևորդների ակտիվության շնորհիվ։ Հիմա այդքան չեմ հետևում, օր օրի շատանում են, բայց սկզբնական շրջանում հենց գրառման հավանումների թվով էի հասկանում, թե ինչքանով է գրածս դուր եկել մարդկանց։ Եղել են տարբեր թեմատիկայով գրառումներ, որ միաժամանակ տարբեր էջերում տեղադրվելով 5000-6000 like են հավաքել մի քանի օրում։ Ամեն մի հավանումը նշանակում էր, որ մի հոգի ևս կարդացել էր մտքերս։ Դա ստեղծագործելուս համար մեծ խթան հանդիսացավ։

-Գոհար, ե՞րբ եք ստեղծագործում, ի՞նչ պայմաններում, օրվա ո՞ր ժամին։ Կա՞ որևէ բան, որ նպաստում է ձեր ստեղծագործելուն։

-Ամբողջ օրը, գաղափար կարող է ծնվել ցանկացած պահի, հաճախ կենցաղում որևէ գործով զբաղված լինելիս։ Շատ սիրուն մտքեր են ծնվել այդպես։ Գրքի մտքերից էլ…Գրի եմ առնում հկմնականում փոքրիկիս քնի ժամանակ։ Իսկ մեծ մասամբ ստեղծագործելս կախված է տրամարությունից ու հոգեվիճակից։

""

-Մի քիչ գրքից խոսենք։ Գիրք գրելու գաղափարն ինչպե՞ս ծնվեց։

-Շա՜տ սպոնտան, միանգամայն անկախ իմ ցանկություներից ու կամքից։ Կստեմ, եթե ասեմ, որ մանկուց երազել եմ գիրք գրել կամ երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Փոքր ծավալի գրառումների տակ սոցցանցերում օգտատերերը միշտ հարցնում էին, թե հատվածները որ գրքից են։ Երեք ամիս շարունակ պատասխանում էի, որ պարզապես հեղինակային մտքեր են։ Մի օր հանկարծակի պատասխանեցի՝ դեռ անավարտ գրքից են։ Հետո մեկնաբանությունս կարդացի ու ժպտացի (էլի է ժպտում)։ Հենց այդպես ինքնաբերաբար, ինձ անծանոթ ընթերցողներիս շնորհիվ որոշեցի, որ դրանք բոլորը միասին կարող են մի գրքում տեղ գտնել։ Գաղափարն արդեն կար, էլ ի՞նչ հանգստի մասին էր խոսքը։ Անընդհատ գրում էի, երբ ֆիզիկապես հնարավոր չէր, մտքումս էի գրում, մի միտքը շարունակ կրկնում էի, որ չմոռանամ, մինչև հնարավոր լիներ գրի առնել։ Մի բան կա, որ շատ ծանր եմ տանում (ծիծաղում է)։ Երբ պատահաբար ծնված սիրուն միտքը, տողը, թեկուզ բառակապակցությունը մոռանում եմ, ինձ չեմ ներում դրա համար։ Որովհետև հետո նույնը էլ չի ծնվում։ Դրա համար շտապ գրի եմ առնում։

-Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է գիրքը, որքա՞ն ժամանակում եք այն գրել։

-《Ինձ պիոններ չնվիրես》-ը վիպակ է՝ գրված իրական ապրումների հիման

վրա։ Գրել եմ մոտ 2 ամսում՝ գրեթե մի շնչով։ Երբ նստում էի գրելու, գրիչս ուղեղիցս առաջ էր վազում։ Հետո զարմանում էի, թե այդքանն ինչպես գրվեց։ Սյուժեն հորինված է, ապրումներն են իրական, բայց անգամ դեպքերի զարգացումը որոշվում էր հենց գրելու պահին։ Շատ քիչ դրվագներ կան, որ մի քանի օր մտածել եմ, թե ինչպես գրեմ։ Վիպակն ավարտելուց հետո մոտ 2 ամիս նրան 《հանգիստ եմ թողել》։ Հետո նորից կարդացի, ուզեցի ինչ-որ բաներ փոխել, ավելացնել, բայց չկարողացա։ Մտածեցի անբնական կլինի։ Հենց այդպես էլ տարա տպարան, որ ամեն ինչ առաջին ներշնչանքով էլ մնար, որ ընթերցողը զգար տողերիս անկեղծությունը: Մի պահ մտածում էի գործողությունները քիչ են, կարելի է գլուխներ  ավելացնել, բայց միտումնավոր ոչինչ չփոխեցի…

-Սյուժեի մասին կպատմե՞ք: Ինչի՞ մասին է վիպակը:

-Երևի չպատմեմ  (ժպտում է): Այս ամիսների ընթացքում մեջբերումներն անգամ անպես եմ արել, որ սյուժեից ոչինչ չբացահայտվի, անգամ հերոսների անունները հատնի չդառնան, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը չկորչի, ընթերցողները ոչինչ չիմանան մինև կարդալը: Բայց գիրքը սեր է, դա վստահ եմ ասում: Արդեն կարդացած մարդկանցից և ոչ մեկն այլ բառով չի նկարագրել աաս վիպակը:《Պիոնները》 սեր է, հա՜, ամբողջությամբ սեր՝ առաջին էջից, մինչև վերջինը։ Բոլոր էջերը ողողված են սիրո թաքուն կամ բացահայտ խոստովանություններով։ Վիպակը սիրային հարաբերությունների, սիրահարվելու, սիրո տարբեր փուլերի, դրանց բնորոշ կասկածների, վախերի, անսահման կարոտի ու նվիրումի մասին է:   

Ինչու՞ հենց սիրո մասին: Մի քիչ համարձակ չէ՞ առաջին ստեղծագործության համար:

-Համարձա՞կ, չեմ կարծում: Ստեղծագործության կոնտեքստը միշտ տրամադրությունն է թելադրում, ապրումները: Այդ ժամանակաշրջանում սա միակ թեման էր, որի դրսևորումների շուրջ կարելի էր երկար ծավալվել: Չնայած էլի է լինելու նույն թեմատիկայով գիրք: 

Իսկ ի՞նչ կտա ձեր վիպակը ընթերցողին:

– Սեր, էլի սեր…զգացմունքները կամրապնդի, հարաբերություններին նոր շունչ կտա: Ընթերցողներ կան, որ գրքի միջոցով հաշտվել են իրենց սիրելիների հետ: Ու ես երջանիկ եմ, որ օգնել եմ նրանց: Գրքում խորհուրդներ շատ ական, տարբեր դրվագներում տարբեր հերոսներ իրենց մտքերն են արտահայտում սիրո, նվիրվածության, վստահության, խանդի, կարոտի, կասկածների մասին: 

-Ձեր առաջին ստեղծագործությունն է, ի՞նչը հիմք հանդիսացավ, որ համարձակություն հավաքեք ու տպագրեք։ Շատ ստեղծագործողների երախայրիքներ մեծ մասամբ դարակներում են մնում։ Միայն տարիներ անց են որոշում դրանք լույս ընծայել։

-Գիտե՞ք, եթե հենց այդ ժամանակ շարվածքը տպարան չտանեի, հետո, հնարավոր է, փոշմանեի ու որոշեի չհրատարակել։ Իսկ տարիներ, թեկուզ ամիսներ անց ես իմ իսկ գրածի մեջ այնքան հակասական տողեր, մտքեր կգտնեի, որ գուցե ընդհանրապես էլ չգրեի։ Մենք փոխվում ենք օր օրի։ Մեր մտքերն են փոխվում, աշխարհայացքը։ Եթե ժամանակն է եկել, որ քո առջև դրված նպատակը պիտի իրագործես, պարտավոր ես անել դա։ Հետո հաստատ կմտափոխվես, կամ փոփոխություններ կանես, որոնք ամբողջականությունը կխախտեն։ Գրողի ձեռագիրը մեծ մասամբ նույնն է մնում, բայց տարիքն իրենը չանել չի կարող։ Ինձ մոտ եղավ մի շրջան, որ որոշեցի հրաժարվել վիպակը լույս ընծայելու մտքից, բայց ընկերներիս խորհուրդներով նոր ուժ ստացա։ Այդ շրջանն էլ էր պետք, որ հասկանայի՝ ինչ եմ ուզում ու ինչքան եմ կարող։

-Այսինքն ամեն ինչ այդքան էլ սահուն չի եղել, ինչպես գրեթե բոլոր ստեղծագործողների մոտ:

-Սահուն չէր, բայց խնդիրն իմ մեջ էր, դժվարությամբ, բայց հաղթահարեցի այդ ամենը:  Ճիշտ եք, արվեստի մարդկանց մոտ հաճախ է այդպես լինում: Գրականությունն էլ բացառություն չէ: Արվեստի գործ է ստեղծվում, հեղինակը կասկածներ, մտորումներ չի կարող չունենալ: 

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պիտի լինի գրականությունը։ Ժամանակակից գրողներից ու՞մ կառանձնացնեք։

-Արվեստը, այդ թվում և գրականությունը էսթետիկ պիտի լինեն, գեղեցիկ։ Եթե գրվածքներում հաճելի ոչինչ չկա, տողերն ընթերցողի դեմքին ժպիտ չեն բերում, հուշեր չեն արթնացնում, խորհուրդներ չեն տալիս, խորհել չեն ստիպում, ուրեմն ստեղծագործությունը ստացված չէ։ Ես չգիտեմ՝ ի՞նչ իմաստ ունի գիրք գրել ու դրա էջերի մեծամասնությունը լցնել ժարգոնային բառապաշարով։ Իսկ ըթերցողը կարդալիս ի՞նչ զգա, ի՞նչ հասկանա, ի՞նչ սովորի։ Ցավոք, նման գրքեր էլ ունենք: Չգիտեմ. արվեստը միշտ պիտի գեղեցիկ լինի։

Նախընտրած գրողներս շատ չեն, տպագրված հեղինակներից Դավիթ Սամվելյան։ 《 Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…》։ Ինչպե՞ս կարելի է չսիրել…կամ՝ 《Ես աշխարհը կտայի քո դիմաց, եթե աշխարհը դու չլինեիր》(Հուսիկ Արա)։ Դեռ չտպագրված ստեղծագործողներն են շատ։ Մի քանի տաղանդավոր մարդիկ կան, որ անասելի սիրուն, պատկերավոր ու խոր իմաստով մտքեր են արտահայտում։ Անուններ չեմ նշի, ընկերներս են, սիրում ու գնահատում եմ բոլորին։

Որպես ժամանակակից գրող՝ ի՞նչ խորհուրդ կտաք իրենց երազանքի հետևից գնացող սկսնակ ստեղծագործողներին։

-Ես ինձ գրող չեմ համարում։ Ճիշտ է, հանրությունն է տալիս այդ կոչումը։ Ինձ հասցրել են սիրել, 18000 և ավելի ընթերցող ունեմ սոցցանցերում, մտքերս շատերի սրտին են մոտ, օրական տասնյակ ոգևորող արտահայտություններ եմ լսում ու

կարդում, բայց մի գրքով գրող չեն դառնում։ Այ, երբ կարողանամ ևս մի քանի ստեղծագործություն գրել, որոնք առաջինիս նման կսիրվեն, գուցե համարձակվեմ ինձ գրող համարել։ Ես հաճախ եմ ասում՝ չեմ գրում, պատմում եմ։ Ու իրոք այդպես է, առաջին քայլերս գրականության ոլորտում հենց պատմելով, զգացածս նկարագրելով սկսեցի…

Իսկ սկսնակ ստեղծագործողների հարցը լուրջ է (ծիծաղում է)։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար այսօր համացանցի միջոցով իր մտքերը գրելու ու տարածելու հնարավորություն ունի ցանկացած ոք։ Եթե մեր դասականները ամիսներ, անգամ տարիներ շարունակ իրենց գրած գործերը թողնում էին խմբագրատանը, որ մի քանի խմբագրի գրչի տակով, կամ, ինչպես Մահարին է ասում, 《խմբագրական մկրատի տակով》 անցնեին, ապա այսօր գիրք տպագրելը որևէ բարդություն ու արգելք չի ճանաչում։ Կան երիտասարդներ, ովքեր հեղինակային մտքեր են գրում սոցցանցերում՝ մյուս ստեղծագործողների գաղափարները ձևափոխելով, հաճախ նույն բառերն օգտագործելով, հեղինակային իրավունք խախտելով, և որ ինձ համար ամենատհաճն ու ցավալին է, ոչ գրագետ, անգամ տարրական կետադրական նշանների չիմացությամբ։ Արվեստագետը, կապ չունի, թե ինչ բնագավառի ներկայացուցիչ է, լինի նկարիչ, երաժիշտ, թե գրող, գրագետ պիտի լինի։ Մի խոսքով, ինքնավստահությունը լավ է, երբ իրոք տեղին է։ Գրողը չկետադրի, վերջակետեր չօգտագործի, կամ մտքի սխալներ թույլ տա, նույնն է, թե երաժիշտն այլ նոտաներով փորձի մի մեղեդի նվագել։

Իսկ նրանք, ովքեր իրոք արվեստ են կերտում, իրենց տողերով հարյուրավորների են հմայում, կուզենամ հստակ քայլեն առաջ, որովհետև նրանք են վաղվա գրականության սերուցքը։

Զգում եմ, որ շատ խստապահանջ եք։

""-Երևի մասնագիտական է, չեմ կարող կարդացածիս մեջ սխալները չնկատել։

  • Իսկ ձեր հանդե՞պ։

-Օ՜, շա՜տ պիտի գրեմ, ջնջեմ, որպեսզի որոշեմ ստացված արդյունքը հրապարակել։ Հազվադեպ է լինում, որ գրածս մի միտքը միանգամից տեղադրում եմ իմ էջերում, գրեթե չի լինում։ Տողեր ունեմ, որ մի քանի ամիս է, ինչ տետրումս նշված են։ Մինչև ուզածիս նման չդարձնեմ, չեմ հրապարակում։ Լինում է, որ 1- 2 ամիս գրում եմ մի թեմայի շուրջ, ամբողջական եմ դարձնում, հղկում եմ, հետո էլի ժամանակ է անցնում, նորից եմ կարդում, եթե հավանեմ, նոր տեղադրում եմ։ Երևի խստապահանջ եմ առաջին հերթին ինքս իմ նկատմամբ։

-Ձեր հաջորդ գրքին ընթերցողները երկա՞ր են սպասելու։ Գաղափար կա՞ արդեն։

-Գաղափար կա, դարձյալ վիպակ է, նույնիսկ վերնագիր կա՝ 《Հուշացած ակնթարթներ》, բայց դեռ անավարտ է, ամբողջական չէ, ինքս էլ չգիտեմ, թե երբ ավարտին կհասցնեմ։ Երևի մտքերս պիտի հանգստանան, պիտի խաղաղվեմ մի քիչ, 《Պիոններս》 ուժերս խլել են (ծիծաղում է)։ Կարծես այս գիրքը, դրա սյուժեն, ապրումները միշտ մտքումս են եղել, ես ուղղակի գրի եմ առել։ Չգիտեմ, թե ի՞նչ պիտի գրեմ, ինչքա՞ն պիտի ինքս հավանեմ գրածս, որ առաջին գրքի արձագանքից հետո տպագրեմ երկրորդը։ Գուցե որոշ ժամանակ անց այլ կերպ մտածեմ, բայց հիմա դեռ ուղեղումս միայն իմ 《Պիոններն》 են։

-Հետաքրքիր է, որ կրկին վիպակի ժանրն եք ընտրել: Մեր օրերում մեծ մասամբ պատմվածքների ժողովածուներ են հրատարակվում:

-Անկեղծ ասած, այլ ժանր մտքերումս դեռ չկա: Ի սկզբանե վիպակ էր որոշված: Հետագայում գուցե մտափոխվեմ:

Որպես վերջաբան՝ ինչոր բան կուզենայի՞ք ասել ձեր ընթերցողներին։

-Ես իրենց հետ հաճախ եմ խոսում, բայց չեմ զլանա ու նորից կասեմ՝ էս գիրքը իմը չէ, ձե՜րն է։ Դուք եք ակամայից ինձ ստիպել, որ այն գրեմ, ու սերը, որ տեսնելու եք գրքում, թող բոլորիդ կյանքում լինի։

Շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ժամանակ գտնելու և չմերժելու համար։ Ձեզ բազում հաջողություններ եմ ցանկանում, նոր գեղեցիկ մտքեր ու ստեղծագործություններ։ Ինչպես դուք եք ասում, Պիոնները թող ձեր գրական շարունակական գործունեության սկիզբը լինեն։

-Հա՜, գրքի վերնագիրը կրճատել եմ (ժպտում է)։ Ձեզ եմ շնորհակալ ինձ ու վիպակիս անդրադառնալու համար։

Նյութը պատրաստեց Վարդուհի Գրգորյանը