Իմ բազմաթիվ փաստաբան գործընկերներ նախաձեռնել են դատավոր Դավիթ Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու «ակցիա»՝ դրանով իսկ արձագանքելով դատական համակարգում իրականացվող մտահոգիչ գործընթացներին։ 
Կասկած չի հարուցում այն փաստը, որ ներկայումս ՀՀ-ում տիրում է դատական անիշխանություն։ Մեծ հաշվով Հայաստանում դատական իշխանությունը միշտ եղել է գործադիրի կցորդը և կամակատարը։ Իսկ այն բարքերը, որոնք տիրել են ռոբի ու սս-ի օրոք, ներկայացման կարիք չունեն (ՄԻԵԴ-ի վերջին վճիռը՝ խոսուն օրինակ)։ 
Այսքանով հանդերձ, գործընկերներիս «ակցիային» չեմ միանում և չեմ սատարելու դատավոր Դ. Գրիգորյանին, քանի որ նա չի եղել սկզբունքային և արդար դատավոր։ Ինչպես շատերը, նա ևս ծառայել է օրվա իշխանությանը և ոչ թե արդարադատությանը։ 
Դատավորի իր կնիքվ նա է հաստատել Հաց Բերող Արթուր Սարգսյանի առաջին կալանքի որոշումը։ Կալանքի հիմքը՝ հիմնավոր կասկածը եղել է այն, որ Արթուրը ՊՊԾ է մտել հուլիսի 17-ին, թեև Արթուրը Հաց է Բերել հուլիսի 26-ին։ Այս ակնհայտ փաստը դատավոր Գրիգորյանի մոտ չկարողացան հաստատել ոչ ինքը՝ Արթուրը, և ոչ էլ նրա չորս փաստաբանները։ Արթուրի վատառողջ լինելու և կալանքի անհամատեղելիության առաջին ապացույցները (հիվանդության մասին փաստաթղթերը) ներկայացվել են այդ դատավորին, սակայն դրանք անտեսվել են վերջինիս կողմից։

Ինձ ամենևին չի հետաքրքրում, թե ինչ հետապնդման է ենթարկվում դատավոր Գրիգորյանը, քանի որ նա չի մարմնավորում արդար Դատարանը։ Այնուհանդերձ, ինձ շատ է հետաքրքրում այն հանգամանքը, թե ինչու՞ նրա դեմ քրեական գործ չի հարուցվել Հաց Բերող Արթուր Սարգսյանին ապօրինի կալանավորելու համար։

Արայիկ Պապիկյան