Ցեղասպանություն

Կուսակալը պահանջում էր, որ բոլոր հայ տղամարդիկ հանձնվեն իրեն՝ այլապես խոստանալով 24 ժամում ավերել Վանը

 

 Աբրահամ Գզիրյանի պատմությունը

1895թ., Վան

Սեդա Գզիրյանն  ներկայացրել իր հոր՝ Աբրահամ Գզիրյանի պատմությունը, որը ծնվել է 1895 թ. Վան քաղաքում:  1915 թ. Գզիրյանը մասնակցել է Վանի ապրիլյան հերոսամարտին: Մասնակցել է վառոդի գործարանում ածուխ, վառոդ պատրաստելու աշխատանքներին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կորցնելով հորը,՝ 1915 թ. մոր և չորս քրոջ հետ տեղափոխվում է Անդրկովկաս: Մորը և քույրերին Թիֆլիսում տեղավորելուց հետո, անցնում է Երևան, Վանի զինված երիտասարդութեան հետ գնում է Վան, որը վերագրավված էր ռուսական ռազմական ուժերի կողմից: Սկսվում է Վանի երկրորդ նահանջը: Տեղափոխվում է Երևան, այնտեղից էլ՝ Թիֆլիս:

1917 թ. Գզիրյանը մտնում է զինվորական դպրոց, կարճ ժամնակվա պատրաստությունից հետո, իբրև ենթասպա ուղարկվում է Էրզրում: Հասնում է ռազմաճակատ այն ժամանակ, երբ հայկական զորամասերը  թողնում են Էրզրումն և Սարիղամիշը ու կենտրոնանում կռվի Սելիմում: Այնտեղ Գզիրյանը տեղավորվում է գնդապետ Մորելի շտաբում:

Հայկական նահանջող զորամասերի հետ Գզիրյանը լինում է Կարսում, ապա Ալեքսանդրապոլում: Ալեքսանդրապոլից կրկին գնում է Թիֆլիս:

1920 թ. Թյորքական երկրորդ արշավանքի  ժամանակ, Գզիրյանը մասնակցում է Թիֆլիսում կազմակերպված հայկական ցույցին՝ ցուցարարների գլուխն անցած: Թոշակի անցնելուց հետո ձեռնամուխ է եղել իր հուշերը ապագա սերունդներին փոխանցելու նվիրական գործին, ինչպես նաև կազմել է հայ ժողովրդի պատմության դասագիրք՝ «Ուրվագիծ դարավոր հերոսական պայքարի» վերնագրով, ուր ներկայացվում հայ ժողովրդի գոյապայքը՝ ծագումից մինչ իր ապրած օրերը…

Ստորև մի հատված վերոհիշյալ գրքից.

ՔՐՈՆԻԿՈՆ ՎԱՆԻ ԿՌԻՎՆԵՐԻ

 

Այգեստան, 3 ապրիլ 1915

 

Իշխանն իր երեք ընկերներով կմեկնի Շատախ և գիշերը Հիրիճ գյուղին մեջ կսպանվի:

 

4 ապրիլ

 

Կուսակալը կկանչե Վռամյանը և իր քովը կբանտարկե, կպահանջե որ բոլոր զինվորացու հայերը իրենց զենքերովը գան հանձնվին: Այլապես կսպառնա 24 ժամվան մեջ Վանը քարուքանդ անել: Կհասնի Իշխանի սպանության լուրը:

 

5 ապրիլ

 

Նախապատրաստական աշխատանքները կկատրվեն կռվելու համար: Կառավարութիւնը թնդանոթներ կդնե Թոփրաք Գալեի և Հաջի-Պեքիրի զորնանոցներու մոտ: Ուրբաթ առվի կողմերը պահակներ կշրջին: Կնտրվի զինվորական մարմինը:

 

6 ապրիլ

 

Հայերը մի խառնաժողով կգումարեն և մի քանի պատվիրակներ կղրկեն Ճեվտեթի մոտ մի հաշտարար կարգադրության հանգելու համար:

 

Ճեվտեթ խուսափող պատասխան կտա:  Ամերիկյան և գերմանական միսիոնարներն կառաջարկե զինվորներ լցնել իրենց շրջանակաները, բայց նրանք կմերժեն: Հայերը կպատրաստվին բռնի արգելել այդ տեսակ  մի փորձ: Ճեվտեթ կախաղանի սպառնալիքով կհրամայե Խաչ փողոցի օթելը գտնվողներին, որ իրեն հանձնեն: Հայերը կմերժեն, կկզամվի «Կարմիր Խաչի հանձնախումբ», հայթայթիչ հանձնախումբ և այլն:

 

7 ապրիլ

 

Կռիվը կսկսվի ուրբաթ առվի մոտեն: Առաջին զոհերը կլինեն Հակոբ Տյուրզյան և Եղյա Նախշունյան: Թնդանոթաձգություն և հարձակում զանազան դիրքերի վրա: Գիշերը ահռելի հրացանաձգություն: Շահպենտերենց դիրքը կլքվի հայերի կողմից, հետո նորեն կգարվվի, Ն. Պուրնությանի խումբին միջոցով:

 

8 ապրիլ

 

Իրիկվան կողմը հայերը կայրեն զորանոցի վերածված անգլ. Հյուպատոսարանը: Հոն գտնվող ոստիկաններ կփախեն: Այգեստան կապաստանեն  փախստական Հայոց Ձորցիները իրենց զենքերովը: Շահպենդերենց դիրքը նորից կանցնի թյորքերի ձեռքը: Համուդ-աղենց զորանոցի թուրքերը կգրավեն իրենց քովի տների շարքը և կհրդեհեն դրանց:

 

9 ապրիլ

 

Ստորերկրյա անցքով Համուտ աղենց զորանոցի տակը դրված ռումբը կպայթի, բայց վնաս չի տար: Գիշերը զորանցը կայրի:

 

10 ապրիլ

 

Հայերը կհրդեհեն Համուտ-աղենց երեք տները: Չորս հայեևը կառաջանան մինչև Թոփրաք-գալեի զորանոցը, հակառակ բուռն կրակին, և կվերադառնան, բացի մեկեն: Ճեվտեթ՝  …. նամակին կպատասխանե սպառնալիքներ տեղալով հայերի գլխին, եթե նրանք առանց պայմանի չհանձնվեն իրենց զենքերովը: Արաքսի կողմը կգրավվեն և կայրվեն մի քանի թուրք դիրքերը: Սահակ-Պեյենց դիրքի դիմաց մի թյուրք դիրք կհրդեհվի:

 

12 ապրիլ

 

Խառակոնիսեն, Ավերակիեն, Սևանեն և շրջակա գյուղերեն քաղաքը կթափվեն մի քանի հազար գյուղացիներ-մարդ, կին, տղա առանց մի պատառ հացի: Կռմբակոծվեն Արաքսի և Սահակ պեյի դիրքերը:

 

13 ապրիլ

 

Տարման գյուղ մեկնող արշավախումբը Կուռուպաշգյուղի մոտերը կռվի կբռնվի հարյուրավոր ձիավոր քյուրդերի հետ և մի քանի հոգի սպանելով կցրվե: Տարման գյուղացիները առանց սպասելու Վանից ղրկված ուժերին հարձակում կգործեն Ձորովանց թուրք գյուղին վրա, բայց քաղաքեն օգնության ղրկված թուրք զինվորները հասնելով ետ կքաշվեն, ինչ որ կձախողեցնե թուրքերին հանկարածակիի բերելու ծրագիրը: Տարման գյուղը կպաշարվի թուրքերի կողմից, բայց  Եկարյանի խումբը հասնելով պաշարումը կցրվե և գյուղը կազատե: Հայերը ստորերկրյան ճամփով կհրդեհեն Թյությունչյանենց դիմացի թոփալ Մոլլայի թշնամի դիրքը: Կհրդեհվեն նաև Արարքի Մերքեզի տակի խանութները:

 

14 ապրիլ

 

Ուժեղ թնդանոթաձգություն Սահակ պեյի դիրքերիդեմ: Միլլիների խմբերը կերևան Վարագի և Շուշունցի մեջտեղերը: Երեկոյանը խառակոնիսցի Շիրինը մի խմբով կմեկնի Շաղանց, գյուղը և ճամբան պաշտպանելու համար:

15 ապրիլ

 

Սահակ պեյի դիրքի ռմբակոծությունը կշարունակվի առավոտեն մինչև իրիկուն: Կհրդեհվեն թշնամու դիրքրեը Արարաուց մերքեզը, Խաչ փողոցի Խլու տունը և Շան թաղի Ահմետենց տունը:

 

16 ապրիլ

 

Օրնիբուն ռմբակոծություն Սահակ պեյինց դիքի դեմ, որից հետո թշնամին կդիմե հարձակումի, բայց երեք սպանված տալով ետ կքաշվի:

 

17 ապրիլ

 

Սահակ պեյի և Տեր Թոմաղյանենց դիրքերի ռմբակոծությունը կշարունակվի անընդհատ: Վերի հարկերը բոլորովին կքանդվեն:

 

18 ապրիլ

 

Թշնամին կշարունակե Սահակ պեյի դիրքի ռմբակոծությունը:  Կռմբակոծեն նաև մյուս դիրքերը: Մեր կողմից Սղգա ղրկված մի խումբ օգնական ուժեր չստանալով՝ կստիպվի լքեր գյուղը: Թշնամին կգրավե այդ: Կփորձվի հարձակումներով գյուղը ետ առնել, բայց անկարելի կլինի:

 

19 ապրիլ

 

Թյուրքերը ընդհանուր հարձակում կգործեն հայերի դիրքերի վրա, Տհերցի Սարգսի և Սահակ պեյենց դիրքերեն մինչև Խաչ փողոց և դրանից մինչև գերմանացունց շենքին մոտերը, շրջանակաձև թնդանոթների օգնույամբ: Հարձակումը ավելի բուռն կլինի Թազա-քայզերի և Հյուսյանենց այգիի ամբողջ գծին վրա: Ոչ մեկ տեղ չեն հաջողիր:

 

20 ապրիլ

 

Ռմբակոծությունը կշարունակվի գլխավորաբար Սահակ պեյի, Թազա-Քայրեզի և Հյուսյանենց այգիի դիրերի դեմ: Հարձակումները ետ կմղվեն: Գիշերը ահռելի հրաձգություն կլինի թյուրքերի կողմից:

 

21 ապրիլ

 

Ընդհանուր և ուժեղ հարձակում հայերի բոլոր դիրքերի վրա թնդանոթներով և հրացաններով, մասնավորապես շեշտված Շահպենտերենց և Մեոլաճի Մարգարենց դիրքի վրա, որ վերագրվված է Համուղաղենց զորանոցի այրվելեն ի վեր: Կեսօրեն վերջ հայերին կհաջողվի ետ մղել բոլոր հարձակումները, սպանելով 50 և ավելի թուրքեր: Իրիկվան կողմը կպայթի թշնամու թնդանոթը, Թոփրաք Գալեի վրա: Թուրքերին կհաջողվի ետ մղել բոլոր հարձակումները, սպանելով 50 և ավելի թուրքեր: Թուրքերին կհաջողվի գողտնի մոտենալ Գալիկյանենց դիրքին, փորձելով ներս մտնել, բայց հայերը շուտով կհասնեն և ետ կմղեն նրանց 3 հոգի սպանելով: Նորին գիշերային մրրկանման հրաձգություն:

 

23 ապրիլ

 

Գիշերը մերոնք Սահակ պեյի դիրքեն հարձակում կգործեն դիմացի Ատալուխենց  և Համզենց թուրք դիրքերի դեմ: Առաջին դիրքը կգրավվի և կայրվի, բայց երկրորդը՝ ոչ: Թյուրքերը կգրավեն իրենց դիրքը: Մերոնք կարձակեն նոր շինած փոքրիկ թնդանոթը մի քանի անգամ, առանց որևէ արդյունքի: Գաղթական Ալյուրցիներ Այգեստանը կգան: Գիշրը ամենաբուռն հրաձգություն:

 

24 ապրիլ

 

Կողպանց գյուղեն կհաղորդեն որ քաղաքամեջեն երկու հայեր փախչելով այնտեղ հասած են և շուտով Այգեստան պիտի գան: Քաղաքամիջի անձնատուր լինելու լուրերի սուտ լինելը կհասկացվի և ժողովրդի տրամադրութիւնը կբարձրանա: Երեկոյան կգան այդ երկու հայերը և կհաղորդեն հետաքրքրական մանրամասնություններ քաղաքամեջի կռիվներից, որ նպաստավոր եղած էին հայերին  մինչև այն ատեն:

 

25 ապրիլ

 

Թշնամին հանկարծական հարձակումով կգրավե Շուշանց գյուղը: Կանայք և տղաները Այգեստան կթափվին: Գյուղը կհրդեվի մի քանի տեղե, ինչպես նաև Կարմրավոր վանքը:

 

Առավոտը մերինները կարծելով թէ Սղգա գյուղը պարպած է թշնամու կողմից կփորձեն գրավել այն, բայց ընդդիմության հանդիպելով ետ կդառնան: Իրիկուն թուրքերի կողմից հարձակում կլինի մեր դիրքերի վրա, բայց ետ կմղվի:

 

26 ապրիլ

 

Վարագի, Տարման գյուղի, Կողպանցի, ս. Գրիգորի, Շուշանցի մարդիկ, թէ անզենները և թէ զինվածները, մի քանի հազար հոգի քաղաքը կթափվեն:

 

28 ապրիլ

 

Թշնամին ամենաբուռն հարձակում կգործե ամբողջ Չավուշ պաշիի և շրջակա դիրքերի վրա, չորս թնդանոթների օգնությամբ:Կռիվը կտևէ մինչև իրիկուն և թշնամին կստիպվի ետ քաշվել :

 

3 մայիս

 

Հաջի Պեքիրի զորանոցեն թնդանոթները կշարունակեն մինչև իրիկուն ռումբերարձակել ամբողջ Այգեստնի վրա:

 

Չավուշ Պաշիի կողմեն Ռուբեն Հյուսյանի խումբը և Շահպենդերենց և շրջակա մի քանի դիրքերի զինվորները հարձակումով կգրավեն Թափրք գալեի մեծ զորանոցը:

 

4 մայիս

 

Այգեստանցիները կհասնեն քաղաքամեջ: Այնտեղի հայերը գրաված են բերդը՝ ռազմամթերքով և թնդանոթներով:

 

5 մայիս

 

…2000-ի մոտ կամավորներ քաղաքը կմտնեն: Հանդիսավոր և խանդավառ ընդունելություն:

  Պետք է ընտրություն կատարեի` կամ բոլոր երեխաներս կմեռնեն, կամ կփրկեմ երկուսին

"ararat_mount"
 Փարիզադե տատի պատմությունը

Սուրմալու

Աստղիկ Սարգսյանը ներկայացնում է հարյուր տարի ապրած իր տատի` Փարիզադեի պատմությունը: Նրա մեծահարուստ գերդաստանը Սուրմալուի նահանգից է լինում: Ջարդերի ժամանակ չորս զավակ է ունենում: Ամուսնուն հենց բակում են սպանում: Ինքը երկու մանկահասակ երեխաներին կապում մեջքին, երկուսին էլ գրկած խելակորույս փախչում է: Երկար է գնում սարերով ու ձորերով, երկար է գնում կիսաքաղց, ապա սովահար, և մի օր էլ զգում է որ այլև ուժ չունի` ուժասպառվել է և այսպես այլևս անկարող է…Պետք է ընտրություն կատարի կամ այսպես կզոհվեն բոլորը միասին, կամ գոնե երկուսին մի կերպ կփրկի…

Փարի տատ էինք ասում նրան: Ապրեց հարյուր տարի: Գուցե նրանից էր, որ ես ճակատագրորեն ոչ մի տատիս էլ չեմ տեսել, թե ուրիշ մի ձգողական ուժ կար այդ տատի մեջ, որ նա դարձավ միակ տատս: Իմ պապերն էլ տատերն էլ արևելահայաստանից են եղել: Եվ եղեռնի հետ կապ չեն ունեցել: Բայցևայնպես Փարիզադեն միակ տատս էր: Սլացիկ էր ու շարմաղ: Քայլում էր ձիգ: Միշտ շալի մի ծայրը ուսովը գցած, մյուս տուտով միշտ մի բան ուներ թոռների համար պահած, գաթա, հալվա, եփած ձու, լավաշով բրդուջ, նայած ով ինչ էր սիրում:

Վեցը զավակ ուներ, երկու աղջիկ, չորս տղա: Երեսունվեց էլ թոռ: Երբ փոքր էի, չէի հասկանում, թե ինչու է զավակներից երկուսի վրա զայրանալիս, շարունակ կրկնում. «Ծեզի տիկի թողնեի տաղան, նրանցը պերեի»: Այդ պահին բոլորը քարանում էին: Երկար ականատեսը եղա ես այդ առեղծվածային դարձվածքին, ու ոչինչ չէի հասկանում: Մինչև որ, մի օր, ինձ համար պարզվեց զարհուրելին:

Ինձ լուսավորեց նրա թոռներից մեկը: Եվ այն ինչ պատմեց, զարհուրելի էր: Փարիզադեի մեծահարուստ գերդաստանը Սուրմալուի նահանգից է լինում: Ջարդերի ժամանակ չորս զավակ է ունենում: Ամուսնուն հենց բակում են սպանում: Ինքը երկու մանկահասակ երեխաներին կապում մեջքին, երկուսին էլ գրկած խելակորույս փախչում է: Երկար է գնում սարերով ու ձորերով, երկար է գնում կիսաքաղց, ապա սովահար, և մի օր էլ զգում է որ այլև ուժ չունի` ուժասպառվել է և այսպես այլևս անկարող է…Պետք է ընտրություն կատարի կամ այսպես կզոհվեն բոլորը միասին, կամ գոնե երկուսին մի կերպ կփրկի: Նստեցնում է ծառի տակ երկու համեմատաբար մեծ երեխաներին` երեք-չորս տարեկան տղա-աջկա, բացատրում է, թե ես գնամ ձեզ համար հաց ճարեմ, իսկ մյուս երկուսին գրկած խելակորույս վազում է… Փրկվում են:

Երկար դեգերելուց հետո ապաստան են գտնում մասիսահայաց այդ գյուղում: Որն այժմ անվանում են Գեղանիստ: Այն համարյա բնակեցված է Սուրմալուի գավառի Շարուր նահանգից գաղթածներով: Այդտեղ էլ հանդիպում է երբեմնի իրենց շեն ու հարուստ գերդաստանի ծառաներից մեկին` Կիրակոսին: Ամուսնանում են: Նորից է երեխաներ ունենում: Նորից շեն ու լի մի գերդաստան հիմնում: Իսկ երբ զայրանում էր զավակներից որևէ մեկի վրա, անմիջապես մղկտում էր, «ծեզի տիկի թողեի տաղան, նրանցը պերեի…»:

Խրուշչովյան «ձնհալ»-ի տարիներին, երբ արդեն «Հայրենիքի ձայն» օրաթերթի համարները լի էին եղեռնից մազապուրծ հարազատների միմիանց փնտրող հայտարարություններովն, հաճախ էր ինձ խնդրում օգնել` հայտարարություն տալու: Ես այդ ժամանակ արդեն «Պիոներ կանչ» մանկական օրաթերթի մանկահասակ թղթակից էի, ու նույնիսկ ստեղծագործող: Ասում էի, դե գոնե նշանները ասա. չէր կարողանում ու անզորությունից լալիս էր: Ասեմ որ, այդքանից հետո էլ անգամ, անասելի գերսթափ, հավաք ու բարի կին էր և ճանաչված որպես անզուգական խոհարար: Գյուղի ողջ հարսանիքների ու սուգի ինքնահող-քելեխների խոհարարն էր: Իսկ ստացած վարձավճարն ու ուտելիքի փայը փաթաթում էր գոգնոցի մեջ ու, որ զավակն ու թոռը կարիքի մեջ էին լինում, ուղևորվում էր այնտեղ: Կյանքի վերջին օրերին էր: Ասացին հիվանդ է և քեզ է ուզում: Գնացի: Թոշակի հոգեպահուստով հերթական նվերն էր գնել ինձ համար, հանեց բարձի տակից և թղթի վրա ծերունական դողդոջ ձեռքերով մի գծանկար էր արել, սարի լանջին մի ծառի տակ քարի վրա նստած երկու վտիտ երեխա…

«Ասես են, այդ օրերին երեխա հավաքող մարդիք են եղել, մի գուցե քթեր են, մի գուցե հիշեն…»

Աշխարհում իր տեսակի մեջ նմանը չունեցող այս ոճիրին մոռացում չկա:

Մուսա լեռան կռվի ամենավերջին պաշտպանը ես եմ

 Մովսես Փանոսյանի վկայությունը

1885 թ., Մուսա լեռ

Մովսես Փանոսյանը  ծնվել է 1885-ին, մուսալեռցի է: Պատմում է, որ 1915-ի հուլիսի 13-ին թուրքական կառավարությունը հրաման է արձակել, որի համաձայն հայերը պետք է գաղթեն, սակայն 7 գյուղի մեծերը ժողով են արել ու որոշել` այստեղ ենք ծնվել, այստեղ էլ կմեռնենք, բայց գաղթական չենք դառնա: Ականատեսը պատմում է Մուսա լեռան պաշտպանության օրերի, ինչպես նաև իրենց ազատած ֆրանսիական նավերի մասին:

Մուսա Լեռան կռվի ամենեն վերջի պաշտպանը ես եմ մնացած` ահա ողջ…

1915 թ. հուլիսի 13-ին թուրք հոքումաթը` կառավարությունը, հրաման հանեց, որ յոթ օրվա մեջ ամբողջ հայերը պետք է գաղթեն: Մեր յոթ գյուղերուն մեծերը Յողուն-օլուքի մեջ ժողով ըրին, ըսին. «Իս հուս ձննուձ իմ. հու՛ս ալէ բըր միռնիմ, իս չը՛մ ուրթօ եասսէր քիմը դուշմանէն եամրէն վըրքը չարչարանքում միռնիլ. թվունքը ծառիս գը միռնէմ եաս դիղը, թաքա մուհաջըր չը՛մ ըննօ»: (Ես այստեղ եմ ծնվել, այստե՛ղ էլ պիտի մեռնեմ, ես չե՛մ գնա գերիի պես թշնամու հրամանի տակ չարչարանքով մեռնելու. հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չե՛մ դառնա) [Վերապրող Մովսես Փանոսյանն իր հուշը պատմելիս տեղ-տեղ Մուսա Լեռան բարբառով է արտահայտվել: Այդ իսկ պատճառով անհասկանալի բառերը տեղում ներկայացրել եմ թարգմանաբար – Վ. Ս.]: Ադպես ալ որոշեցինք` լեռը էլլալ: Ով ինչ ուներ` եաթախ, եորղան, թենջիրե, թավա, անասուն, հավ, ամեն ինչ լեռը հանեցինք: Թուրքի զինվորները մեզի կըսեին. «Էշի պես կբարձրանաք, վաղը էշի պես ալ լեռեն կիջնաք, կէրթաք մուհաջիր»:

 

Հիմա աշխարհը չու՞ց խառնվուձ ի, ադ վախտն ալ ադպես էր: Մինչև Մուսա Լեռան կռիվը մեր Խըդըր-Բեկի հնչակյանները պարոն Աղասի Թուրսարգսյանի հետ գնացել էին Զեյթուն` կռվելու թուրքերուն դեմը: Անոր համար, երբ մեր Մուսա Լեռան կռիվը սկսանք, պարոն Աղասին ըսավ. «Ասոնք իմ ցանած սերմերն են»: Արդեն մինչև լեռան կռիվը իմ հերը գիշերները կէրթար մարզանքի, մերս պապիս կըսեր. – Ձեր տղան գիշերով կէրթա մարզանքի, առտուն կուգա, չութ-արորը կառնե, կէրթա դաշտ, տանը հեչ չի մնար:

 

Պապս կըսեր հարսին. – Ադա՛նկ պետք է պատրա՜ստ ըլլանք միշտ:

 

Էնպես որ, կազմակերպված իլունք լիռը: Միզ ըրգը օնբաշիները` տասնապետները, բաժանեցին, մեյը` Սաբինցյանն էր, միգալը` Մինասինց բաբոյը` մեծ հայրն էր, ան շերամի վարպետ էր: Եադիւր սոնրա (այնուհետև) միր Թաթարալանգը դուզ, բաց դաշտ տեղ էր: Ժամանակին թաթարները ղալիշով` մանգաղով, ուզեցել են հայերին հնձել, ամմա մերոնք անոնց հախեն էկել էին, անոր համար ալ ադ տեղը Թաթարալանգ կըսեին, եանի` թաթարներուն ջարդելու տեղը: Թաթարալանգին էրկան բողազը` վիզը, մենք դիրք բռնեցինք: Հոն էր Թշենց Պողոսը, ան թուրքական բանակի զինվոր էր եղել, անգլիացիները խփել, վիրավորել էին: Ան աղեկ բորոզան` շեփոր, գիտեր փչել, աղեկ լուր կուտար, համ էլ կհասկնար թուրքի բորոզանի ձայներուն միտքը. լավ բան կըսեն, չէ նե` գեշ: Ադ բորոզանջի Պողոսը ըսավ մեզի. – Առաջ գացեք, ամմա թուրքական խուրշունը` գնդակը, եթե ձեզ խփե` կմեռնեք, ան պզտիկ կմտնա, ամմա մե՜ծ կվիրավորե, զգու՛յշ էղեք:

 

Իմ ունեցածը մեկ հատ որսորդական հրացան էր, կապսուլը` պատրոնը, պիտի բերնից լցնեի, պիտի շշով ծեծեի, որ կրակեր, ձեռքիս շնորհքով զենք չկար, որ անոնց հեր՜ն անիծեի: Հոն Մարջիմագը վիրավորվեց: Իս տիսա, վախցա, տեղս փոխեցի: Բլաղենց Ագուբի փեսան մնաց էնտեղ, խուրշուն մը էկավ, խփեց, աչքիս առջևը մեռավ: Դավիթ ախպարս ալ երեսուն տարեկան էր, հոն մեռավ: Թաղեցինք զինվորական դրոշակին տակը: Մեր Հաջի-Հաբիբլիի տղերքը հեսաբսըզ` անհաշիվ էին, մեկ ալ օլըղցաքը` յողունօլուքցիները, շատ էին: Մերոնք խփեցին թուրքի կումանդորին, մեկ ալ անոնց բորոզան չալողին: Թուրքի ասկյարները ադ տեսնելով` փախան: Կռիվեն վերջը մենք իջանք լեռեն, գացինք տեսանք անոնց լեշերը փռված: Թուրքի ասկյարները իրենց անասունները, ուտելիքը թողել, փախել էին: Ես տեսա թուրքի ոչխարները հավաքվել, թափված կորկոտն են ուտում: Շալակս վերցրի մնացած տոպրակով կորկոտը, որ տանեմ լեռ, հասցնեմ մերոնց: Ամմա մենք Ղըզըլջըք էինք ընկել, իմ ընտանիքը Սավալոխ էր: Քալեցի, քալեցի, հասա մերոնց: Մայրս, քույրս ինձ տեսան, ուրախացան: Արդեն Հակոբ ախպարս թուրքի բանակ էին տարել, ճանապարհին հայերին շարքեն դուրս էին հանել, տարել էին ձորին մեջը ամենքին սպանել: Անանկ քի Հակոբ ախպարս մեր լեռան կռիվի ժամանակ արդեն չիկար…:

Թուրքերը չորս անգամ հարձակվեցան մեզ վրա, ամմա ամեն անգամ աղվոր պատասխան տվինք անոնց: Մեր Մուսա Լեռան տղաները լավ կկռվեին, կնիկ, աղջիկ կօգնեին, կուժերով ջուր կբերեին խմելու: Քանի կնիկ պատրոնդաշը կապած մեզ հետ կկռվեին, մեկին ազգանունը Նաշալյան էր, ան շատ քաջ էր…: Պզտիկ չոջուխներն ալ կապավոր էին դարձած, խաբար կտանեին աս ճակատեն` ան ճակատը…: Ամենքն ալ գործի վրա էին: Օր մըն ալ մեկ թուրք մը էկել էր լեռին վրա, որ մեզի թալանի, մեր կնիկները բռնել, քարերով սպանել էին դրան, աֆերի՛մ կնիկներ: Մեր լեռին վրա միշտ ճերմակ մշուշի պես ամպ մը կըլլար, գիտես քի Աստված հատուկ ղրկած էր, որ դուշմանը մեզի չէր տեսնար, ամմա մենք իրեն վերեն կտեսնայինք: Թուրքերը կուգային` էկողը կսատկեր, էկողը կսատկեր. – Եալլա՜, եա Մուհամեդ, եալլա՜, եա Մուհամեդ, -կըսեինք ու էկողին կսատկացնեինք: Թուրքերը երկու ժամ չկրցան դիմանալ, փախան…

 

Լեռին վրա անձրև կուգար, անձրևի կաթիլները կծակեին մարդու ջանը: Մենք մտանք ժայռի մը տակ, թաքնվանք: Մեզի հետ էր Շեյխ-Փանոսի տղան: Ան գիրք մը ուներ, միշտ իր հետ ման կածեր, ըսինք. – Բաց գիրքդ, տեսնանք ի՞նչ կըսե, մեր վերջը ի՞նչ պիտի ըլլա:

 

Շեյխ-Փանոսի տղան գիրքը բացավ, սկսավ գուշակել, ըսավ. – Երկինքեն մերդիվեն` աստիճան մը պիտի իջնա, պիտի փրկվինք:

 

Ան ըսավ, ամմա մենք չհավատացինք, քանի որ քառասուն օրեն ավելի կռվում էինք` օր ու գիշեր, ալ ուժ չէր մնացել, ուտելիքն ու վառոդն ալ պակսած էր…: Մեր թիկունքի կողմը Միջերկրական ծովն էր, հոն գիշերները խարույկ կվառեինք, որ դեմեն անցնող նավ ըլլա նե, տեսնա մեզի` մոտենա: Օրվա մեջ ալ արդեն պատվելի Անդրեասյանը մեծ չարշաֆի` սավանի մը վրա կարմիր խաչը նկարած, կախել տված էր լեռին դոշը…: Օրեր ետքը, վերջապես ծովին խորքը նավ մը երևաց: Կըրըկյաններուն տղան աղվոր կլողար, նետվեց ծովը, սկսավ լողալ: Անոր վիզեն երկաթե տուփ մը կար կախված, մեջը ֆրանսերեն գրված նամակ մը կար: Նավուն մեջեն դյուլբիններով` հեռադիտակներով կնային, կտեսնան, որ մեկը կլողա դեպի նավը, կօգնեն, նավ կբարձրացնեն: Կըրըկենց Մովսեսը հեմեն ծունկի կուգա, խաչ կհանե, ըսելու համար, քի քրիստոնյա ենք, քանի որ ինքը ֆրանսերեն չէր գիտեր, որ խոսա: Գրված նամակը կհանե կուտա կապիտանին, անոնք կկարդան, կհասկնան, քի մոտ հինգ հազար հայ քրիստոնյա մուսալեռցիներ լեռին վրա Աստծո փրկությանը կսպասեն: Կապիտանը կհարցնե` դուք ու՞ր եք, թշնամին ու՞ր է, ինչքա՞ն ուժ ունիք: Ութ օր դիմացեք, էրթամ իմ կառավարությանը հարցնեմ, իրավունք առնեմ, կամ` ձեզի զենք կբերենք, կամ` կուգանք ձեզի կազատենք: Զենք չբերեցին, բայց զրահանավերով եկան մեզի ազատելու: Փանոսի տղային ըսածին պես` նավուն մեջեն մերդիվեն իջեցուցին, մենք վեր բարձրացանք: Արդեն ամեն ժամանակ իմ մտքիս մեջն էր անոր ըսած խոսքերը, ես հույսս չէի կտրում, և ազատվանք…

 

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 281, էջ 478-479:

  Գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները. Այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ…

 Արամ Սերոբի Գրիգորյանի պատմությունը

Խասգյուղ,  Մշո գավառ, 1904 թ.

Դավիթ Գրիգորյանը ներկայացնում է իր հոր` Արամ Սերոբի Գրիգորյանի «Իմ վրեժը» խորագրով պատմությունը: Այստեղ նկարագրվում է, որ Մուսաբեգի հրոսակները եկել, շրջապատել են իրենց հարազատ Խասգյուղը, իսկ հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչել ոստիկանություն` իբր ժողովի: Հաջորդ օրը ճամփեզրի մոտի ձորակը լցված է եղել գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: Պատմության հերոսը կորցրել է ընտանիքի 12 անդամին ու Մշո դաշտի իրենց գյուղից հասել Արևելյան Հայաստան` յուրովի լուծելով իր անձնական վրեժը Ցեղասպանության կազմակերպիչներից:

 

«Այդ օրը ոչ մի չարագուշակ կանխազգացում չէր անհանգստացնում ինձ: Երբ Մուսաբեգի հրոսակները եկան ու շրջապատեցին իմ հարազատ Խասգյուղը, մենք չէինք էլ պատկերացնում, թե մեզ ինչ է սպասվում: Հաջի Ֆելոն իր հրոսակներով փակեց դեպի Սասուն տանող ճանապարհը: Շրջապատման հաջորդ օրը գյուղի տղամարդկանց կանչեցին կորդո (ոստիկանություն) իբր ժողովի: Գիշերը նրանք չվերադարձան (մեզ էլ թվում էր, թե ժողովը դեռ շարունակվում է): Նոր էինք դուրս եկել գյուղից, երբ մեզ շրջապատեցին ասկերներն ու զինված խուժանը, որոնք մահակներով ու խարազաններով սկսեցին ծեծել մեզ, ստիպելով արագ քայլել: Շատ չէինք հեռացել գյուղից, երբ առաջին շարքերում քայլող գյուղացիները դուրս եկան ճանապարհից ու լաց ու կոծով լցվեցին ճամփեզրի մոտի ձորակը: Մենք էլ վազեցինք…

 

Ձորակը լցված էր մեր գյուղի տղամարդկանց մերկանդամ դիակներով: Մենք էլ փնտրեցինք ու գտանք հորս հաղթանդամ դիակը: Այդ օրը ես, տասներկու տարեկան հասակում, որբացա հորիցս: Ասկարները չթողեցին երկար սգալ, մեզ ծեծելով հանեցին ճանապարհի վրա և քշեցին դեպի Էրշտեր գյուղը: Գյուղ հասնելուն պես մեզ բաժանեցին առանձին խմբերի և մտցրեցին նախօրոք պատրաստված գոմերն ու մարագները: Մի քուրդ, հրապուրվելով իմ հորեղբոր տղայի՝ Մելքոնի կնոջ Հրանուշի գեղեցկությամբ, նրան առաջարկեց իր կինը դառնալ: Հրանուշը հայհոյեց քրդին, վերջինս հրացանով կրակեց Հրանուշի կրծքին: Այդ խիզախ կինը հոգին ավանդեց գոմում, իմ Սանամ տատու ծնկին: Մեզ շինություններ լցնելուց հետո դռները փակեցին, որից հետո դռների արանքներից և երդիկներից նավթ լցնելով մարդկանց կրակի տվեցին…

 

Ես գոմի մսուրում կանգնած բերանս սեղմել էի մի քարի, ավելի շատ ծծում էի քարը, քան շնչում: Ես պարզ պատկերացնում էի, որ մնալով գոմում ես կենդանի-կենդանի կայրվեմ: Որոշեցի մի հնար գտնել ու դուրս փախչել գոմից, թեկուզ դրա համար ինձ կարող էին գնդակահարել: Գետինը շոշափելով գտա մի փայտի կտոր, որի սուր ծայրով գոմի պատի մի քարի կողքերը փորփրելով կարողացա քարը հանել ու դուրս պրծնել, հետս էլ չորս տղա հասցրեցի դուրս հանել: Տղաներով գաղտագողի բարձրացանք գոմի կտուրը, որպեսզի ասկերները մեզ չնկատեն: Կտուրից մեր առջև բացվեց մի սարսափելի տեսարան,-կողք կողքի այրվում էին թվով 14 շինություն՝ մարդկանցով լցված: Իսկ ոտքերիս տակ գոմում այրվեցին մայրս, տատս, իմ բոլոր բարեկամները: Այդ պահից ես դարձա ընդհանրապես որբ…

 

Գոմի կտուրի վրա երկար մնալն անհնար էր, ամեն րոպե կտուրը կարող էր փլվել: Երբ մենք հինգ տղաներով իջանք կտուրից, մեզ իսկույն նկատեցին ու սկսեցին կրակել մեր ուղղությամբ: Տղաներից երկուսին սպանեցին, երրորդը՝ Բղդի Յակոն իրեն նետեց Մեղրագետը, մենք երկուսով սկսեցինք վազել մեր գյուղի ուղղությամբ: Մեզ հետապնդող քուրդը անընդհատ կրակում էր, ընկերոջս սպանեց, մի գնդակ էլ իմ ոտքին կպավ: Երբ ես ընկա, քուրդը կարծելով որ ես սպանված եմ, հետ վերադարձավ: Ճակատագիրն երկրորդ անգամ ինձ խնայեց: Վիրավոր ոտքս քարշ տալով, սողալով հասա գյուղ և մի կերպ բարձրացա ծայրամասի դատարկ մարագներից մեկի կտուրը: Կտուրի վրա իմ բախտից «Ճնճղի պաշար» տեսակի առատ խոտ էր աճել: Բայց ինձ քաղցից ու ծարավից առավել անհանգստացնում էր ոտքիս վերքը, որը կարող էր թարախակալել: Իմ փրկությունը հասավ պատահական: Մեր գյուղացի ջրաղացպան քուրդ Սելիմի աղջիկ Ասյան իրենց կորցրած հորթը փնտրելիս բարձրացավ մարագի կտուրը հորթին հեռվից տեսնելու մտադրությամբ: Ինձ տեսնելով վախեցավ ու ներքև իջավ: Քիչ անց վերադարձավ մոր՝ Այշոյի հետ: Այշոն ինձ իսկույն ճանաչեց, շատ ափսոսաց մեր ընտանիքի ճակատագրի համար, ինձ տարավ իրենց տուն ու մշակեց վերքս: Քանի որ հային պատսպարելու համար նրանք մեծ ռիսկի էին դիմում, որոշեցին, որ ինձ պետք է հավատափոխ անեն, անունս դրեցին Շըքըր, եվ քանի որ Ասյան էր ինձ հայտնաբերել, որոշեցին, որ ես մեծանալուց հետո պետք է ամուսնանայի Ասյայի հետ: Իմ հանգիստ կյանքը երկար չտևեց:

 

 

Երբ ես դաշտում Սելիմի ոչխարներն էի արածացնում, հայտնվեց ասկերների խումբը, որը շրջակայքում շուրջկալ անցկացնելով, հավաքել էր մի քանի հայ որբ երեխա: Ինձ էլ նրանց հետ տարան կորդո, որտեղ մեզ բոլորիս պարանով միացրին, տարան մի փոսի մոտ և քուրդ լակոտներին իրավունք տվեցին մեզ վրա կրակելու հմտություն ձեռք բերել: Իմ երկու կողմի կանգնածներին սպանեցին, և քանի որ մենք իրար հետ կապված էինք, ես ել նրանց հետ ընկա փոսը: Մութն ընկնելուց հետո Սելիմի տղան, կարծելով որ ես սպանված եմ, եկավ որ ինձ հանի փոսից և «մարդավարի» թաղի: Երրորդ անգամ ես մահից խուսափեցի:

 

Սարսափներով լի իմ թափառական կյանքն ավարտվեց այն ժամանակ, երբ ռուսական զորքն ազատագրեց Մուշն ու շրջակա գյուղերը: 1916 թ. ապրիլին Մուշ քաղաքում հավաքված խասգյուղացիները որոշեցին զորքի հետևից վերադառնալ Խասգյուղ: Անսահման մեծ էր իմ ուրախությունը, երբ ես համագյուղացիներիս խմբի մեջ նկատեցի իմ հորեղբոր աղջիկներին՝ Եղսոյին և Անոյին իր տղաների՝ Թորգոմի և Խաչիկի հետ: Մենք ձեռնամուխ եղանք մեր ավերված օջախը վերականգնելուն: Ապագայի նկատմամբ հույսերով ապրում էինք, փորձելով ամեն կերպ մոռացության տալ կոտորածի հիշողությունները: Բայց ավաղ… 1916 թ. հուլիսին ստիպված եղանք նորից թողնել հայրենական օջախը, հարազատների գերեզմանները և ճամփա ընկնել դեպի Ղարս, Ղարաքիլիսա, դեպի անհայտություն:

 

Ես և իմ հրաշքով կենդանի մնացած հարազատները տանջալի մահից փրկվեցինք ռուսական զորքի շնորհիվ: Իմ հիշողության մեջ տպավորվել էր այն, որ ռուս զինվորները սկզբնական շրջանում չէին սպանում գերի ընկած թուրքերին, բայց հետո տեսնելով հայ կանանց ու երեխաների, ինչպես նաև գերի ընկած ռուս զինվորների այլանդակված դիակները, իրենք էլ սկսեցին անխնա ոչնչացնել գերի ընկած թուրք և քուրդ զինյալներին: Այո, ես փրկվեցի մահից, բայց առջևում ինձ սպասում էր գաղթականի զրկանքներով լի կյանքը, գոյատևումը որբանոցներում, սևագործ բանվորի ծանր աշխատանքը: Այդ ամենը ես հաղթահարեցի, քանզի անսահման մեծ էր իմ մեջ ապրելու, կայանալու և իմ հայրական կործանված օջախի ծուխը վերականգնելու ձգտումը: Եվ երբ ես սկսեցի այնքան վաստակել, որ կարող էի գոնե երկու հոգու ապրուստ ապահովել, ես 1926 թ. ամուսնացա ինձ պես գաղթական մի աղջկա՝ Վերգինեյի հետ: Մեր համատեղ կյանքում մենք ունեցանք 9 երեխա,- 6 տղա և 3 աղջիկ, ես տեսա 13 թոռի ծնունդ, որով իմ գերդաստանի անդամների թիվն անցավ 24-ից: Իմ հայրական օջախի 12 անդամների թիվը հաջողվեց կրկնապատկել, որով ես լուծեցի իմ անձնական «ՎՐԵԺ»-ը հայոց եղեռնի կազմակերպիչներից»:

 

Արամ Սերոբի Գրիգորյանը մահացել է 1968 թ., 64 տարեկանում, հուղարկավորվել ապրիլի 24-ին: «Կոմունիստ» թերթում տպագրված (23.04.1968) նրա մահախոսականում մասնավորապես նշվում է. «Կուսակցությունը և կառավարությունը բարձր են գնահատել Ա.Ս.Գրիգորյանի ավանդը երկրի պետականության կայացման գործում, պարգևատրելով նրան ՍՍՀՄ շքանշաններով և մեդալներով: Նա բազմիցս ընտրվել է ՀՍՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր:» – Քոչինյան Ա.Ե., Մուրադյան Բ.Ա., Տեր-Ղազարյան Գ.Ա. և այլն: Այսօր նրա գերդաստանի անդամների թիվը գերազանցում է 64-ը, իսկ նրա թոռներից մեկը՝ Արսենը, ծնվել է 1975 թ. հենց ապրիլի 24-ին: