Գրքեր

ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ

ԴԵՏԵԿՏԻՎ
————–
ԱՐԱԳ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ
– Արամ, կրկնում եմ, ես այս ֆաբրիկայի 51% բաժնետերն եմ և կտրուկ դեմ եմ գործարանը վաճառելուն, այն էլ օտարերկրացիներին։ Այո, դժվարություններ կան, խնդիրներ ունենք, բայց դրանք հաղթահարելի են։ Ես համոզված եմ, որ գնելուց հետո, նրանք կփակեն ֆաբրիկան, շենքը կօգտագործեն այլ նպատակների համար, ի՞նչ պետք է անեն, ու՞ր են գնալու այսքան աշխատողներն ու բանվորները։ Այնպես որ՝ փակենք այս խոսակցությունը, ես գործարանը չեմ վաճառում,- իր խոսքն ավարտեց Հարություն Պետրոսյանը։
– Բայց դու մտածիր, թե աշխատողների եկող ամսվա աշխատավարձն ինչպե՞ս ես վճարելու,- չէր հանձնվում մյուս բաժնետեր Արամ Ներսիսյանը,- Հարութ, քարը փեշիցդ թափիր, լավ առաջարկ է, ֆաբրիկային լավ գին են տալիս, ուրիշ անգամ դժվար թե այսպիսի հաճախորդ ունենանք, ֆաբրիկան հեռանկար չունի։
Երբ Արամը դուրս եկավ, Հարություն Պետրոսյանը իր մոտ կանչեց գործավարուհուն։
– Հասմիկ ջան, վերցրու այս թղթապանակը, այստեղ ֆաբրիկայի սեփականության անձնագիրն է և էլի մի քանի շատ կարևոր թղթեր։ Թաքցրու թղթապանակը, տար ձեր տուն, թող ոչ ոք ոչինչ չիմանա սրա մասին։ Կտաս հորդ, նա գիտի՝ ինչպես պահել,- մի պահ լռեց, հիշեց անկողնային հիվանդ դասընկերոջն ու շարունակեց,- պա՞րզ է, հասկացա՞ր, բացարձակապես՝ ոչ ոք, բացի մեր երկուսից։
– Պարզ է, հասկացա, Հարութ հորեղբայր։
Աղջիկը վերցրեց թղթապանակը, դուրս եկավ, այն տեղավորեց ցելոֆոնե տոպրակի մեջ, աշխատանքից հետո իր հետ տուն տարավ, հանձնեց հորը։
Արամ Ներսիսյանը իր աշխատասենյակ մտավ ու հեռախոսահամար հավաքեց։
– Ալլո, Սուրիկ, Հարութը չի համաձայնվում, կտրուկ հրաժարվում է, հարկավոր է ուրիշ բան մտածել։
– Դե, լավով չի համաձայնվում, ուրիշ կերպ կվարվենք, երեկոյան արի մեր տեղը, կխոսենք,- ասաց Սուրիկն ու հեռախոսը անջատեց։
Երկու օր անց, Հարություն Պետրոսյանի ընդունարանում էին հավաքվել մարզկենտրոնի կարի ֆաբրիկայի մի քանի աշխատողներ։
– Լավ, Հասմիկ, այդ ինչպե՞ս է, որ իր բացակայելու մասին Պետրոսյանը նույնիսկ քեզ տեղյակ չի պահել,- զարմացած դիմում էին նրանք գործավարուհուն։
Բոլորի հայացքներն ուղղվեցին ընդունարան մտնող Արամին։
– Այս ինչու՞ եք խառնվել իրար, մարդը ֆաբրիկայի գործերով շատ շտապ երևի ինչ-որ տեղ է մեկնել, ի՞նչ կա, դե, կներեք, որ բոլորիդ հատ-հատ տեղյակ չի պահել,- զայրալից տոնով հավաքվածներին դիմեց նա ու դարձավ գործավարուհուն,- Հասմիկ, դուռը բա՞ց է, ինձ շտապ պետք է այնտեղից մի գրություն վերցնել,- ու մտավ Պետրոսյանի աշխատասենյակ։
Քիչ անց այնտեղից դուրս եկավ, մտահոգ նորից դիմեց գործավարուհուն։
– Հասմիկ, դու տեղյակ չե՞ս, Պետրոսյանը որտե՞ղ է պահում ֆաբրիկայի սեփականության անձնագիրն ու մյուս փաստաթղթերը։
Գործավարուհին ուսերը վեր քաշեց։
– Ես ոչինչից տեղյակ չեմ, նա ինձ ոչինչ չի ասել։
Աղջիկը զգաց, որ պատասխանը ավելի մտահոգեց Արամին։
Երեկոյան կողմ, Արամը նորից մտավ Պետրոսյանի աշխատասենյակ, երկար մնաց այնտեղ, բայց նորից մտահոգ ու դատարկաձեռն դուրս եկավ։ Երբ Հասմիկը այդ բոլորի մասին տանը պատմեց հորը, հայրը անհանգստացավ։
– Հարութը փորձանքի մեջ է, հարկավոր է շտապ տեղյակ պահել ոստիկանությանը։
․․․
Մարզային վարչության համայնքային ոստիկանության տեղամասային բաժանմունքի երիտասարդ տեսուչ, լեյտենանտ Վրեժ Գևորգյանը նստեց իր անձնական ավտոմեքենան, ուղղություն վերցրեց իրեն ամրացված հարևան Արևագալ գյուղը, որտեղից ահազանգ էր ստացվել, թե գիշերն անծանոթ, առանց համարանիշի ավտոմեքենա է գյուղում պտտվել։ Իսկ քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ արդեն երկրորդ օրն է, անհետացել է մարզկենտրոնի կարի ֆաբրիկայի տնօրեն Հարություն Պետրոսյանը։ Տեղամասային տեսուչը դեպի Արևագալ գնացող մարզկենտրոնի կանգառում նկատեց իր համադասարանցի Ծովիկին։
– Ծով, այս ու՞ր։
– Գյուղ,- ձեռքը Արևագալի կողմը պարզեց աղջիկը,- գյուղի դերձակի մոտ շոր եմ կարել տվել, տատս զանգեց,այսօրվա համար դերձակը կանչել է՝ շորը փորձելու։ Ժամանակ ունե՞ս, կարո՞ղ ես հասցնել։
– Նստիր,- իսկույն կողմնորոշվեց Վրեժն ու մեքենայի դուռը բացեց։
Լավ առիթ է, Ծովիկի տատու տանն էլ կհետաքրքրվի գյուղի անցուդարձից, գիշերվա առանց համարանիշի մեքենայով։
– Ասում ես, այդ ի՞նչ դերձակ է, որ մեր քաղաքը թողած, գյուղի շոր կարողի մոտ ես գնում,- հետաքրքրվեց Վրեժը։
– Վայ, Վրեժ ջան, շատ հարմար դերձակ է, էս քաղաքի կեսը գնում, իր մոտ են շոր կարել տալիս։ Նախ, որ կտորների մեծ տեսականի ունի, կարծես կտորի խանութ մտած լինես, մի սենյակում թոփերով այնքան տարբեր կտորներ կան դարսած, կարողանում ես քո ճաշակով մի բան ընտրել, էլ չես ընկնում խանութները, հետո՝ բավական մատչելի գնով է կարում, մերոնց էլ հարևան է։ Հա, էդ շոր կարող Սաթիկի մեծ տղան էլ էստեղի կարի ֆաբրիկայում ինչ-որ վարորդ է, էժան գնով է էդ կտորները առնում, բերում, շուտասելուկի նման ասաց աղջիկը։
Տեղամասային տեսուչը լարվեց․ ֆաբրիկայի տնօրենն անհետացել է, դերձակի տղան էլ այդ ֆաբրիկայում վարորդ է, տունն էլ լիքը, թոփերով կտոր կա, ինչպես խանութում։
Հասան գյուղ։ Ծովիկի տատու երկհարկանի տունը գյուղի համարյա ծայրին էր։ Գեղեցիկ գյուղ էր։ Ինչպես Արարատյան դաշտի մյուս գյուղերը, այստեղ էլ տները թաղված էին այգիների մեջ, գյուղը հատկապես հայտնի էր իր Դեմիրճյան սորտի խնձորով։
Քեռու տանը նրանց դիմավորեց Ծովիկի տատը՝ մի առույգ ու պինդ, տարիքով կին, որ ժամանակին հողի լավ աշխատավոր էր եղել։
– Եկեք, ներս մտեք, երեխեք ջան, տատը ձեր ջանին մեռնի։ Դուք մտեք ներս, ես հիմա կոֆե դնեմ, բերեմ,- հետո դարձավ թոռանը,- Ծով ջան, էս քո դասարանցի Վրեժն ա, չէ՞, ձեր հարևան Ասոյի տղեն։
– Հա, տատ ջան, ինքն է, խնդրեցի, բերեց։
– Դե, մտեք, մտեք ներս, հեսա կոֆեն բերեմ, նոր տեսնենք՝ ինչ կա-չկա, հետո կգնաս Սաթիկի մոտ։
Ծովիկն ու Վրեժը, զարմանալով տատի հիշողության վրա, ներս գնացին, իսկ տատը թեքվեց պատշգամբից, որ խոհանոց մտնի։
Հանկարծ տատի աչքն ընկավ հարևանի կիսակառույց ամառանոցի կողմը, ուր իր տասներկու տարեկան թոռ Վաչիկը կռացել էր, տան նկուղից դուրս եկող նեղ, կլոր անցքով ներս էր նայում։ Բայց հենց նույն պահին էլ, տատը տեսավ, որ հարևանի բակ մտավ շոր կարող Սաթիկի տղան ու բռունցքը թափահարելով, սպառնալով ու հայհոյելով վազեց թոռան՝ Վաչիկի կողմը։ Տատը հյուրերին էլ մոռացավ, կոֆեն էլ, երիտասարդի թեթևությամբ, ձեռքը սպառնալի առաջ տնկած, իջավ աստիճաններից ու վազեց դեպի կիսակառույցի բակը։ Հասավ այն պահին, երբ շոր կարող Սաթիկի տղան թոռանը տակը դրած, երկու ձեռքերով կոկորդից խեղդում էր։ Մի պահ տատի սիրտը կանգնեց, բայց հաջորդ պահին շուրջը նայեց, տեսավ ծառին հենած բահը։ Բահը վերցրեց ու որքան ուժ ուներ, թափով խփեց թոռան վրա կռացած տղայի գլխին։ Տղայի անշունչ մարմինը փռվեց գետնին։
– Գետինը մտնես դու, գետինը, աչքերդ բռնի էն հացը, որ իմ ձեռից կերել ես, էս ինչ ես անում,- բղավեց նա Սաթիկի տղայի հասցեին, հետո կռացավ թոռան կողմը,- Վաչիկ ջան, բալա ջան, էդ անասունը քեզնից ի՞նչ էր ուզում։
Երեխան ուշքի էր եկել, բայց դողացնում, չէր կարողանում խոսել։
Տատի աչքն հանկարծ ընկավ Սաթիկի տղայի մեկնված մարմնին։
– Վայ, էս ի՞նչ էղավ, էս ի՞նչ արեցի, էս լակոտը կարողա՞ մեռավ։
Նույն պահին, տեսնելով, որ տատն ուշանում է, Ծովիկը դուրս եկավ պատշգամբ ու լսեց տատի բղավոցը։
– Հա-վա՜ր, ժողովուրդ, հասե՛ք, Սաթիկի տղուն սպանեցի։
– Վրեժ, արի,- ձայնեց Ծովիկն ու աստիճաններով ցած սլացավ։
– Տատ, ձենդ կտրի, հանգստացի,- տեղ հասնելով, լացող տատի բերանը ձեռքով փակեց աղջիկը։
Վրեժը մոտեցավ, շոշափեց մեկնված տղայի զարկերակն ու դարձավ տատին։
– Տատ, հանգստացիր, տղան չի մեռել, ուղղակի ուշաթափվել է։
– Հա՞,- միանգամից ձայնը կտրեց տատն ու շուռ եկավ թոռան կողմը,- Վաչիկ ջան, բալա ջան, դու ո՞նց ես։
Հետո դարձավ Վրեժին ու Ծովիկին․
– Այ բալամ, էն տեսա, որ էս ջանավարը էրեխուն դրե տակը, վզից խեղդում էր, բահը վերցրի ու տվի գլխին։
Վրեժը մոտեցավ երեխային։
– Վաչիկ ջան, հանգստացիր, միայն ասա, ի՞նչ էր պատահել, ինչու՞ էր այս տղան քեզ խեղդում։
– Դե՛,- սնքրտալով սկսեց պատմել երեխան,- ես պադվալի էն ծակից մարդու ձեն լսեցի, մեկը գոռում էր՝ օգնեցեք, կռացա, որ տենայի, ո՞վ էր, էդ պահին էլ Սաթիկի տղեն հասավ, դրեց տակը, սկսեց խեղդել։
Վրեժը զգաստացավ, արագ թողեց երեխային, մոտեցավ մեկնված տղային, քանի դեռ վերջինս ուշքի չէր եկել, շատ արագ մարմինը շուռ տվեց, երկու թևերը հետ ոլորեց ու գրպանից հանած ձեռնաշղթաները հագցրեց դաստակներին։
Հետո մոտեցավ Վաչիկի ցույց տված անցքին, որը նկուղի օդափոխման համար էր բաց թողնված։ Անցքը շատ փոքր էր, ոչինչ չէր երևում, կռացավ, բերանը մոտեցրեց անցքին ու ձայն տվեց․
– Մարդ կա՞ այդտեղ։
Հարցը կրկնեց երկու անգամ։
– Օգնեցեք,- լսվեց նկուղից։
– Ո՞վ եք, ինչպե՞ս եք հայտնվել այդտեղ։
– Կարի ֆաբրիկայի տնօրենն եմ, Հարություն Պետրոսյանն եմ։ Անծանոթ մարդիկ երկու օր առաջ առևանգել են ինձ, այս գիշեր այստեղ բերեցին, գլխիս տոպրակ էր հագցված, չգիտեմ՝ ովքե՞ր էին, ու՞ր են բերել։
– Լավ, Հարություն Պետրոսյան, Ձեզ հետ խոսում է համայնքային ոստիկանության տեղամասային տեսուչը, հանգստացեք, սպասեք, շուտով Ձեզ դուրս կբերենք այդտեղից։
– Տատ, Ծով, ձայններդ կտրեք, ինձ լսեք։
Վրեժի խոսքի տոնից տատն ու Ծովիկը հասկացան, որ գործը լուրջ է։
– Հիմա սրան անձայն տանում ենք տուն։
Սաթիկի տղային գլխին իջած բահի հարվածից մի կերպ ուշքի բերեցին։
Վրեժը նայեց այս ու այն կողմ, հանկարծ տատուն ասաց․
– Տատ, ապա մի էդ գլխիդ լաչակը հանիր, տուր։
Տատը սուս ու փուս լաչակը հանեց։ Վրեժը լաչակով կապեց Սաթիկի տղայի բերանը, որ չկարողանա բղավել ու հրամայեց։
– Առաջ անցիր։
Սաթիկի տղային բերեցին տատու տուն, փակեցին ներքնահարկում։ Վրեժը տղայի գրպանից ինչ-որ բանալի հանեց։
– Սա էն նկուղի բանալի՞ն է։
Տղան անորոշ գլխով արեց։
Տեղամասային տեսուչը գնաց ու մի տասը րոպեից վերադարձավ կիսակառույց ամառանոցում փակված, կարի ֆաբրիկայի տնօրեն Հարություն Պետրոսյանի հետ, որը հազիվ էր կանգնում ոտքի վրա։
– Տատ ջան, Ծով ջան, այս մարդուն կերակրեք, թող սենյակում հանգստանա, մինչև ես գամ։ Բոլորիդ արգելում եմ տանից դուրս գալ, ուշադիր եղեք, որ Վաչիկն էլ դուրս չգա։ Պատշգամբ էլ դուրս չգաք, ոչ մեկի հետ ոչինչ չխոսեք, մինչև ես գամ,- հետո դիմեց տատին,- տատ, Սաթիկի տղայի պահպանությունը քեզ եմ հանձնում, գլխից մազ չպակասի, ես շատ շուտ կգամ։
– Էղավ, տղա ջան,- մեջքը ուղղեց, զգաստ կեցվածք ընդունեց տատը, հետո գնաց բոստանի քաղհանի երկարպոչ թագուջակը բերեց, դրեց կողքին, աթոռն էլ դրեց Սաթիկի տղային ներքնահարկում փակած դռան դեմն ու հանդիսավոր նստեց վրան։
– Վրեժ, շուտ կգաս, չէ՞։
– Իհարկե, շատ շուտ,- ասաց տեսուչն ու նստեց մեքենան։
Մի պահ մտածեց՝ ի՞նչ անել, հետո հանեց հեռախոսը, հավաքեց Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի հեռախոսահամարը։
– Պարոն մայոր, տեղամասային տեսուչ Վրեժ Գևորգյանն է։
Մանրամասն նկարագրեց գիշերվա առանց համարանիշի մեքենայի մասին ինֆորմացիայի հետևից գալը, Ծովիկին դերձակի մոտ բերելը, տատի տուն մտնելն ու Հարություն Պետրոսյանին գտնելու, դուրս բերելու բոլոր մանրամասները։
– Լեյտենանտ Գևորգյան, ոչ մի ինքնագործունեության այլևս չդիմես։ Դուրս արի գյուղից, մայրուղու խաչմերուկում սպասիր, օպերատիվ խմբի հետ գալիս եմ։
Մայրուղու գյուղ մտնող խաչմերուկում օպերատիվ խմբի տղաները տեղափոխվեցին Վրեժ Գևորգյանի ավտոմեքենան, որպեսզի ոստիկանական մեքենան գյուղում ուշադրություն չգրավեր։
Ծովիկի տատի բակ մտնելուց հետո, Վրեժը արագ ծածկեց լայն դարպասները։ Աշխատանքից արդեն վերադարձել էին նաև Ծովիկի քեռին ու կինը։
Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ՝ մայոր Պողոսյանը նախ զրուցեց առևանգված Հարություն Պետրոսյանի հետ։
– Միայն այն կարող եմ ասել, որ վերջերս արտասահմանցի ինչ-որ մարդիկ սկսել էին հետաքրքրվել ֆաբրիկայով, ցանկանում էին գնել այն։ Իմ գործընկեր, մյուս բաժնետերը ինձ համոզում էր՝ համաձայնել նրանց առաջարկած գնին ու վաճառել ֆաբրիկան, բայց ես դեմ էի։ Երկու օր առաջ, ֆաբրիկայից ուշ ժամի դուրս գալիս, մոտեցան երկու անծանոթներ, ասացին, որ զրուցելու բան ունեն, առաջարկեցին մոտենալ իրենց ավտոմեքենային։ Գնացինք, ավտոմեքենայի մոտ գլխիս հարված զգացի, ուշքի եկա մի մութ տեղում, երևի մեկ օր այդտեղ մնալուց հետո, անցած գիշերը ինձ տեղափոխեցին այստեղ, այս անգամ գլխիս տոպրակ էին հագցրել, ոչ ոքի չեմ տեսել, ոչ էլ գտնվելուս վայրն եմ իմացել։
Մայոր Պողոսյանը իջավ ներքնահարկ, ուր դեռ աթոռին նստած, իր գերյալին էր հսկում Ծովիկի տատը։
– Բարև, մայրիկ ջան։
– Աստծո բարին, բալա ջան։ Դու՞ ես մեծավորը։
– Հա, մայրիկ ջան, ես եմ, կարելի՞ է քեզ մի քանի հարց տալ։
– Բա ո՞նց, բալա ջան, արի էստեղ նստի, հարցերդ տուր,- կողքի աթոռը ցույց տվեց տատը։
– Մայրիկ ջան, էս տղան, որ հիմա փակել եք ձեր նկուղում, ո՞վ է, ճանաչու՞մ ես։
– Վայ, բա ո՞նց չեմ ճանաչում, բալա ջան, մեր ներքևի հարևան, շոր կարող Սաթիկի պուճուր տղեն ա,- տատը ձեռը պարզեց Սաթիկենց տան ուղղությամբ,- Սաթիկի մարդը մեռած ա, Սաթիկն էլ մեր գյուղապետ Սամոյի քուրն ա։ Իրանք լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, համա, որ էս քյորփա էրեխուն դրե տակը, խեղդում էր, իմ աչքով տեսա, բալա ջան, ես դրա դիվանը պիտի անեմ,- ասելիքը վերջացրեց տատն ու նորից զգաստ նստեց։
– Մայրիկ ջան, իսկ այդ շոր կարող Սաթիկի մեծ տղան ի՞նչ է անում։
– Սաթիկի մեծ տղեն էլ աշխատող, ստեղծող, բերող տղա ա,- ասածից գոհ տեսք ընդունեց տատը,- էդ սաղ տունն իրա ուսերին ա, ինքը կրում, բերում ա, մերն էլ կարում ա, ապրում են։ Հեչ պակաս բան էլ չունեն։
– Պարզ է,- մտահոգ ասաց մայորը,- մայրիկ ջան, շատ շնորհակալ եմ։ Հիմա, խնդրում եմ, դուռը բաց արա, էդ տղային տեսնեմ։
․․․․
Մայոր Պողոսյանը լեյտենանտ Վրեժ Գևորգյանի հետ մոտեցան ծառի ստվերում նստոտած օպերատիվ խմբի տղաներին։
– Ուրեմն՝ այսպես,- խմբին դիմեց մայորը,- լեյտենանտ Գևորգյան, քո ինքնագործունեության մասին բաժանմունքում դեռ կխոսենք, իսկ հիմա, շատ զգույշ ֆաբրիկայի տնօրենին նորից հետ ես տանում, փակում կիսակառույցի նկուղում, դուք՝ երկուսդ,- մայորը մատնացույց արեց երկու օպերատիվ ծառայողների,- դարանակալում եք կիսակառույցի կողքի մոշի թփերում, մենք այստեղից կհետևենք։ Նրանք ուր որէ, անպայման կգան։
Հետո կապվեց ոստիկանության իրենց բաժանմունք, խնդրեց, որ մի օպերատիվ խումբ հերթապահի գյուղ մտնող խաչմերուկում։
Երեկո էր, ուր որէ, կմթներ։ Մեծ թթենու վրայի իր դիտակետից օպերատիվ խմբի տղաներից մեկը հայտնեց․
– Պարոն մայոր, երկու ավտոմեքենա են այս կողմ գալիս։
Ավտոմեքենաները հասան կիսակառույց ամառանոցի բաց բակն ու կանգնեցին։ Առաջին մեքենայից իջան երկու երիտասարդներ, գնացին կիսակառույցի կողմը, իջան ներքնահարկ։ Երկրորդ մեքենայի մեջ գտնվող երեք տղամարդիկ մնացին իրենց տեղում։
Մայոր Պողոսյանը ազդանշան ուղարկեց գյուղ մտնող ճանապարհին իր կանչին սպասող օպերատիվ խմբին, ապա դարձավ կողքին գտնվող մյուսներին, որոնց միացել էր նաև Ծովիկի քեռին։
Մի քանի րոպե անց, ներքնահարկից դուրս եկան երկու երիտասարդները՝ թևանցուկ աչքերը կապած Հարություն Պետրոսյանին։ Նույն պահին էլ մոշի թփերի հետևում դարանակալած օպերատիվ խմբի տղաները դուրս թռան, իսկ երկրորդ մեքենայի մեջ գտնվողները չհասցրեցին հասկանալ, թե ինչպես հայտնվեցին զինված ոստիկանների շրջապատման մեջ։ Օգնության հասած լրացուցիչ խմբի ծառայողները բաց արեցին երկրորդ մեքենայի դուռը, ներսում եղածներին դուրս քաշեցին։
Առևանգող երիտասարդներից ազատված կարի ֆաբրիկայի տնօրենը մոտեցավ մեքենայից դուրս հանված, դաստակներին ձեռնաշղթաներ հագցրած տղամարդկանց։
– Արամ, դու՞, բայց ինչու՞,- տեսնելով գործընկերոջը՝ զարմացած բացականչեց Հարություն Պետրոսյանը։
– Հարութ, Հարութ ջան, ես մեղավոր չեմ, ինձ ստիպեցին, ահաբեկեցին, ես այլ ելք չունեի,- լացակումած բացականչեց կարի ֆաբրիկայի մյուս սեփականատեր Արամ Ներսիսյանը։
Հարություն Պետրոսյանը զզվանքով շուռ տվեց գլուխն ու անցավ։
․․․
Իրենց տան պատշգամբում հավաքված տատը, Ծովիկը, քեռու կինն ու երեխաները շունչները պահած հետևում էին ոստիկանների անձայն, վարժ ու արագ գործողություններին։Արդեն հանգիստ շունչ քաշեցին, երբ կալանավորված Արամ Ներսիսյանին, կարի ֆաբրիկայի վարորդ՝ դերձակ Սաթիկի մեծ ու փոքր տղաներին, մյուս անծանոթներին ոստիկանական մեքենայով ճանապարհելուց հետո, մայոր Պողոսյանը, լեյտենանտ Գևորգյանի հետ մտան իրենց բակ ու բարձրացան տան երկրորդ հարկի պատշգամբը։ Մայորը մոտեցավ տատին։
– Մայրիկ ջան, մեր՝ մարզային ոստիկանության կողմից խորին շնորհակալություն հանցագործության բացահայտմանը աջակցելու համար,- հետո դարձավ տատի կողքին կանգնած Վաչիկին,- քեզ նույնպես շնորհակալություն, տղա ջան, հանցագործության իսկական բացահայտողը դու ես եղել,- ծիծաղեց մայորն ու շոյեց տղայի գլուխը,- հը՞, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու։
– Ոստիկան,- հպարտ պատասխանեց տղան։
– Մեռնեմ քո ոստիկան ջանին,- գորովանքով թոռանը փաթաթվեց տատը։
Մելանյա ՊետրոսյանցՄելանյա Պետրոսյանց

Առաջին Սերը

Որպես ոստիկան, իմ առաջին շրջայցն ու մեծ սերը

Ոստիկանական բարձրագույն դպրոցն ավարտելուց հետո, նշանակվեցի Աշտարակի շրջանի մի քանի գյուղերի տեսուչ։ Նշանակմանս երկրորդ օրն էր, պետը կանչեց իր մոտ, թե՝ Ներսիսյան, Կ․ գյուղից ահազանգ է ստացվել, որ համագյուղացիներ Անուշավան Գևորգյանի ու Սամվել Ենոքյանի կռվի արդյունքում կոտրվել է Անուշավան Գևորգյանի ոտքը, գնա տես, ի՞նչ է այնտեղ կատարվել, խոսեցրու երկու կողմերին էլ, վկաներին էլ, ամեն ինչ մանրամասն գրի առ, բեր, պետք լինի, գործ կհարուցենք։ Երբ դուրս էի գալիս սենյակից, հետ կանչեց, թե՝ տես, հա, խիստ կլինես, չխաբվես էդ գյուղացիների ջան-ղուրբանին, սուրճից էլ կհրաժարվես, քիթ ու մռութ ցույց կտաս, քեզ պաշտոնական կպահես։ Լավ, ասացի ու դուրս եկա։ Հասա գյուղի տակ, հանկարծ մեքենայի շարժիչն անջատվեց, իջա, բզբզեցի, ճար չեղավ, չի միանում ու չի միանում։ Ձեռքս թափ տվեցի ու մտա գյուղ։ Օգոստոսյան ճըքճքան շոգ էր, ճանապարհը՝ փոշոտ, լեզուս էլ ծարավից չորացել էր, դե, իմ վիճակը պատկերացրեք։ Դպրոցն անցա, գյուղսովետն երևաց։ Հասա այն պահին, երբ մի կին դուռն էր փակում։ Բարև տվեցի, բարև առա։
– Գյուղսովետի նախագահին եմ ուզում,- ասացի։
– Նախագահը գնացել է Աշտարակ՝ բժշկի, մեղուն ականջը կծել ա, ալերգիա ա սկսվել մոտը։ Էսօր շատ ուշ կգա,- ասաց կինը։
– Իսկ դուք ո՞վ եք, ինչու՞ եք այս ժամին գյուղսովետի դուռը փակում։
Կինը պտտվեց իմ կողմը, նախ մի դժգոհ հայացքով չափեց ինձ ոտքից գլուխ։
– Չհասկացա, լավ եմ անում, փակում եմ, իմ ընդմիջման ժամն է, տուն եմ գնում, համ էլ ես ծծկեր երեխա ունեմ, ինձ մի ժամ էլ ավել ընդմիջում է հասնում,- ասաց ու առանց վրաս նայելու գնաց։
– Լավ, գոնե ասեք, թե ո՞ր կողմն է Անուշավան Գևորգյանի տունը,- նրա հետևից կանչեցի ես։
Կինը շուռ եկավ, ձեռքը պարզեց հակառակ կողմի վրա։
– Այ, էդ կողմով ուղիղ գնա, խանութ կտեսնես, մի քիչ էլ գնաս, կանաչ մեծ դարպասը Անուշավան ապոր տունն ա,- ու մի երկու քայլ հետ եկավ,- էդ ինչի՞ որ, կարո՞ղ ա Անուշավան ապոր կոտրած ոտի համար։
– Այո, հենց դրա։
– Վայ, տնաշեն, հարևան են, մի կարճ խոսակցություն են ունեցել, Վարսո զալոն էլ հրել ա, ապերն ընկել, ոտը ջարդել ա, դուք էլ դարձրիք եսիմ ինչ, դրա համար Աշտարակից էս շոոգին էկել, հասել ես գյուղ,- արհամարհանքով ձեռը թափ տվեց կինն ու գնաց։
Հասա կանաչ դարպասին, խփում եմ, խփում եմ, դարպասը բացող չկա։ Վերջապես ոտքերի ձայն լսեցի ու աղջկական դժգոհ ձայն, թե՝ դարպասը բաց է, ինչու՞ եք ջարդում։ Դարպասի փոքրիկ դուռը բացվեց ու․․․Էլ ի՞նչ ու։ Դռան մեջ, սրբիչը նոր լվացած գլխին փաթաթած, եղնիկի աչքերով մի աղջիկ էր կանգնած։ Առանց այն էլ ծարավից չորացած լեզուս ավելի չորացավ, կպավ բերանիս։ Աղջկա գլխի սրբիչը սահեց, ընկավ ցած ու թաց խոպոպները թափվեցին ուսերին։ Մի կերպ թուքս կուլ տվեցի ու հասկացա, որ ես չկամ։
– Պապ, էստեղ մի ոստիկան է եկել,- տեսնելով իմ լուռ, հիմար վիճակը, դեպի վերևի պատշգամբը ձայն տվեց աղջիկը։
– Ասա, թող վերև բարձրանա,- վերևից եղավ պատասխանը։
Աղջկա հետևից փոքրիկ, ծաղկազարդ բակն անցա, ոտքս գցեցի առաջին աստիճանին, որ բարձրանամ, թե ի՞նչ կատարվեց հետս ( այս երեսուն տարի է, մտածում եմ ու չեմ կարողանում հասկանալ), ոտքերս փաթաթվեցին իրար, ու ես, հասակով մեկ, փռվեցի աստիճանների վրա։ Ուշքի եկա կողքիս կանգնած աղջկա ծիծաղից։ Այնպես էր ծիծաղում, այնպես էր կչկչում, ուսերով, ողջ մարմնով ցնցվում էր։
– Անու՜շ, էդ ի՞ն եղավ,- վերևից ձայնեց պապը։
– Պապ, ոստիկանի ոտքը սայթաքեց, ընկավ,- ծիծաղի միջից ձայնեց աղջիկը։
Իսկ ես հիմարի նման մեկնվել էի, ոչ էլ վեր կենալու փորձ էի անում։ Բայց կարծում եք, որ ուզենայի, կարո՞ղ էի վեր կենալ, ցավից ոտքս շարժել չէի կարողանում։ Աղջիկն էլ կարծես հասկացավ, որ ինչ-որ լուրջ բան կատարվեց, ծիծաղը կտրեց ու անհանգստացած կռացավ դեպի ինձ։
– Ի՞նչ պատահեց, կարո՞ղ է Ձեր ոտքը վնասվեց, եկեք օգնեմ, բարձրանաք։
Աղջկա թևին հենված, մի կերպ բարձրացա աստիճանները ու հենց այդ պահին էլ ինքս ինձ խոստովանեցի, որ իմ կյանքում դեռ երբեք նման հաճելի պահ չեմ ապրել, ես պատրաստ էի այդպես, աղջկա ուսին հենված, գնալ մինչև աշխարհի վերջը, էլ ի՞նչ ցավ, ինչ բան։ Վերջապես հասանք պատշգամբ, ուր թախտին, գիպսի մեջ դրված ոտքը բարձին, մեկնված էր Անուշավան Գևորգյանը։
Մի կերպ տեղավորվեցի սեղանի մոտ դրված աթոռին, աշխատելով զսպել ոտքիս ցավը։
– Հը՞, մեր տղա, էդ ո՞նց արեցիր, որ ընկար,- հետո դարձավ թոռանը,- Անուշ, մի էն Սամոյին ձեն տուր, թող գա, տեսնի, տղու ոտը հո չի՞ վնասվել։
– Սամո ապեր, Սամո ապեր,- հենց պատշգամբից հարևանի տան կողմը բղավեց Անուշը,- շուտ արա, արի, պապը կանչում է։
– Ինչ կա՞, լեյտենանտ ջան, էս ի՞նչ ես կորցրել մեր կողմերում,- մինչև Սամո ապոր գալը, հարցրեց Անուշավան Գևորգյանը։
– Ընկեր Գևորգյան,- մի կերպ կմկմացի ես,- ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ Ձեր ու հարևան Սամվել Ենոքյանի մեջ վեճ է ծագել, ինչի արդյունքում էլ Դուք կոտրել եք Ձեր ոտքը։
– Վա՜յ, լեյտենանտ, լեյտենանտ,- միանգամից բարձր ձայնով սկսեց ծիծաղել Անուշավան Գևորգյանը։
Հենց այդ պահին էլ շնչակտուր հասավ Սամո ապերը, նա ինքը՝ Սամվել Ենոքյանը։
– Հը, ժողովուրդ, էս ի՞նչ խաբար ա,- զարմացած հայացքը ինձանից դեռ ծիծաղող հարևանին ուղղեց Սամո ապերը։
-Սամո,- ծիծաղի միջից նրան դիմեց Անուշավանը,- լեյտենանտը ահազանգ է ստացել, որ ես ու դու վիճել ենք, ինչի արդյունքում ես կոտրել եմ ոտքս, բա՜;
– Հա՞,- շփոթվեց Սամո ապերը,- ի՞նչ անեմ, ձեն տամ, Վարսոն գա՞։
– Տո՛, արի, նստի տեղդ, է՛, ի՞նչ Վարսո, ինչ բան,- ծիծաղը թողեց, լրջացավ Անուշավանն ու դիմեց թոռանը,- Անուշ, դու գնա, մի դառը, սերով կոֆե դիր։
Այստեղ ես հիշեցի պետի հանձնարարությունը՝ սուրճից կհրաժարվես։
– Սամո,- դարձավ հարևանին,- լեյտենանտը մեր աստիճանի վրա ընկավ, ոտն օլորեց, նայիր, տես, հո վնաս չի՞ եղել տղու ոտին։
Սամո ապերը կռացավ, շոշափեց կոշիկից հանած ոտքս, ոտքիս թաթը աջ արեց, ձախ արեց, վերև-ներքև արեց։
– Չէ, բան չկա, խուրդեքն են թափել,- ասաց հարևանին, հետո ինձ դիմեց,- հագիր, հագիր կոշիկդ, բան չկա, կցավա, կարող ա ուռի էլ մի քիչ, իրիկունը, որ տուն էթաս, կինդ թող ոտդ դնի գոլ ջրի մեջ, սապոնով մի քիչ հանգիստ տրորի, կանցնի, կգնա։ Հիմի, որ ապոր քաշած էն թթի արաղից մի բաժակ խմես, ցավը չես զգա,- ասաց գործից հասկացող մարդու նման վստահ ու նստեց։
– Ոչ, ոչ, ես չեմ խմում,- շտապեցի թթի արաղից հրաժարվել ես, ապա, ինքս էլ չհասկացա, թե ինչու, հիմարի նման ավելացրեցի,- համ էլ ես կին չունեմ։
Այդ պահին Անուշը սեղանին դրեց սուրճով բաժակները։
– Ես սերով սուրճ չեմ խմում,- ասացի, ուղղակի մի բան ասելու համար։
– Սերով սուրճը Ձեզ համար չէ, պապիս համար է,- ասաց Անուշը, սերով սուրճի բաժակը քաշեց պապի դեմն ու գնաց, իսկ ես հիմարավարի աչքս չկտրեցի, հայացքով գնացի նրա հետևից, հանկարծ նա շուռ եկավ, բռնեց իմ հայացքը, չարաճճի ժպիտով լեզու հանեց ինձ ու անհետացավ սենյակ տանող դռնից կախած վարագույրի հետևում։
Զգացի, որ քրտինքի մանրիկ կաթիլները կաթ-կաթ ճակատիցս ընկան դեմքիս ու հոսեցին մարմնովս մեկ։
– Լեյտենանտ ջա՞ն, ասում ես, էդ ի՞նչ ահազանգ է եղել,- կարծես շատ հեռվից լսեցի Անուշավան Գևորգյանի ձայնը։
Էլ լեյտենա՞նտ էր մնացել, ի՞նչ ահազանգ, ի՞նչ բան, խելքս, ուշքս ու միտքս Անուշի հետ գնաց սենյակ։
– Հիմի, որ դու մեր աստիճանների վրա ընկար, ոտդ օլորեցիր, խուրդեքը թափան,- շարունակեց նա,- ո՞վ ա մեղավոր, ե՞ս, որ իմ տուն ես էկել, թե՞ իմ հարևան Սամոն։ Ամոթ ա, ամոթ, լեյտենանտ ջան, գնա պետիդ ասա, որ էն մարդիկ գյուղացի, հարևան մարդիկ են, մի օր լավ, մի օր խռով, մի օր բարիշ, էրէս-էրեսի ապրող մարդ են, ինչի՞ ենք չելած տեղից թշնամի սարքում, գցում իրար ջանի, ավելի լավ ա, դու գնա էն գող, ավազակներին բռնի, էն կաշառակեր շուն-շանորդիներին բռնի, էնքա՜ն կան։
Էլ ի՞նչ երկարացնեմ, էս գյուղ գալու առաքելությունն էլ մոռացա, պետիս հանձնարարությունն էլ։ Սուրճն էլ խմեցի, հետո Անուշավան պապի քաշած թթի արաղն էլ փորձեցի։ Ի՞նչ անեի, ոտքիս ցավը մեղմել պե՞տք էր, թե՞ չէ։ Ոտքս էլ ի՞նչ, ուռեց ու կոշիկս էլ չէր մտնում։ Բայց աչքիս առջև գնացող-եկող Անուշը ոտքս էլ, կոշիկս էլ, տո՛, ոտքիս ցավն էլ մոռացնում էր։ Ուշ երեկոյան միայն, երբ աշխատանքից վերադարձավ Անուշի մեծ եղբայրը, իր ավտոմեքենայով ինձ հասցրեց գյուղի տակ կանգնած մեքենայիս, ու ես ուշքս, միտքս, սիրտս էդ գյուղում թողած, հասա Աշտարակ։ Պետս ոտքիս վիճակը տեսավ, էլ չհանդիմանեց, որ դատարկ ձեռքով, առանց արձանագրությունների էի հետ եկել։ Էդպես էլ էժան պրծա։
Անցավ մի տաս-տասնմեկ օր։ Կիրակի էր։ Շատ անհանգիստ էի, չէ՜, մի մահանա պիտի գտնեմ, գնամ Կ․ գյուղ, տեսնեմ, Անուշավան պապի ոտքը ո՞նց եղավ, գիպսը հանե՞լ են, թողե՞լ են, մի խոսքով՝ պիտի Անուշին տեսնեմ։ Խանութից առևտուր արեցի, կարո՞ղ է դատարկ, ձեռքերս թափ տալով գնայի։ Գլուխս տնկեցի ու դեպի գյուղ։ Հասա Անուշենց դարպասի մոտ, մեքենան կանգնեցրի, իջա։ Դարպասի մոտ երկու մեքենա էլ կային կանգնած։ Աջից, ձախից նայեցի մեքենաներին, անելիքս էի որոշում, հանկարծ դիմացի տան պատշգամբից ձայն տվեցին․
– Լեյտենանտ, լեյտենանտ։
Նայեցի, Սամո ապերն էր։
– Արի, արի,- ձեռքով արեց նա։
Զգացի, որ մի բան էն չի։ Գնացի, մտա Սամո ապոր բակը։ Ընդառաջ եկավ, բարևեցինք։
– Արի, արի լեյտենանտ ջան, ես էդպես էլ գիտեի, որ ուշ-շուտ գալու էիր,- ինձ պատշգամբ առաջնորդեց նա։
– Հա, Սամո ապեր, եկա տեսնեմ, Անուշավան պապի ոտքն ինչպե՞ս է։
– Է՜, այ լեյտենանտ ջան, ես քո փորացավը լավ եմ հասկացել, մենք էլ ենք ջահել եղել, մենք էլ ենք էդ կրակով տապակվել,- ասաց Սամո ապերն ու ձայն տվեց,- Վարսո, Վարսո, մի դառը, սերով կոֆե դիր, ղոնախ ունենք։
Քիչ հետո Վարսո զալոն սուրճը բերեց։
– Վարսո՞, ասում ես՝ էդ Անուշավանենց դարպասի մոտ կանգնած ավտոներն ու՞մն են, ինչի՞ են եկել,- կնոջը դիմեց ապերը։
– Հա, Անուշի ուզողներն են։ Էս երեք օր ա, մեռան գնալով-գալով, Անուշին համոզելով, որ նշանը վերցնի, համա Անուշը էրկու ոտը դրել ա կոշիկի մի թայի մեջ՝ չեմ ուզում, որ չեմ ուզում։ Հերն ու մերն էլ համոզում են, թե՝ գյուղի, իրենց ճանաչած, լավ, ունևոր ընտանիքի տղա ա, ինքն էլ գյուղի մեջ իրա անասունների ֆերման ունի, աշխատող տղա ա, Անուշն էլ էս տարի մանկավարժականը կավարտի, կմտնի գյուղի դպրոցում դաս կտա, էլ ի՞նչ ա պետք, համա իրանց աղջկան չեն կարում համոզեն։ Մենակ Անուշավանն ա, որ ձեն չի հանում, հիմի սաղ նստած, նայում են պապի էրեսին։
Աշխարհը աչքիս մթնեց, ո՞նց թե՝ Անուշին ուզում են նշանել, ես խառնվեցի իրար։
– Սամո ապեր, ճար ունես, ճար արա, ես էլ եմ Անուշին ուզում, էն օրվանից ոչ քուն ունեմ, ոչ դադար,- առանց այս ու այն կողմ ընկնելու, դիմեցի Սամո ապորը։
– Տո, գիտեմ, գիտեմ, լեյտենանտ ջան, այ-հա՜յ, Սամոյի աչքից բա՞ն կփախնի, լավ էլ տեսել, զգացել եմ, այ, դրա համար էլ քեզ ձեն տվեցի, կանչեցի,- խնդմնդաց ապերը։
Ու ընկանք մտքերի մեջ, թե ո՞նց անեն, ի՞նչ անենք։
– Սամո ապեր,- հանկարծ ասացի ես,- վեր ելեք, հենց հիմա գնանք Անուշին ուզելու, ասենք՝ դու իմ մեծ հորեղբայրն ես, մինչև գնամ քաղաք, ծնողներիս հետ գանք, շատ ուշ կլինի։
Ապերը նայեց ինձ, նայեց Անուշենց տան կողմն ու ձայն տվեց․
– Վարսո, հագնվիր, էն Համոյի բերած կանյակն ու բամբաներկան բեր, գնում ենք աղջիկ ուզելու։
– Բա մատանի չկա,- շիվարեցի ես։
– Ոչինչ,- գլուխը սենյակից հանեց Վարսո զալոն,- էսօր կանյակով կեթանք խոսք ուզելու։
Ասացինք ու արեցինք։ Երբ ներս մտանք, առաջինը Սամո ապերը, հետո Վարսո զալոն, վերջում էլ՝ ես, բոլորը զարմացած մեզ էին նայում, ուզում էին հասկանալ, թե սա ի՞նչ հաշիվ է։ Ընդհանուր բարևեցինք, գնացինք, ծանր-ծանր նստեցինք սեղանի շուրջը։ Մի պահ քար լռություն տիրեց։ Սամո ապերը ինձ հանձնարարել էր ոչինչ չխոսել, խելոք ու համեստ նստել։ Նստել էի, բայց վայ էն նստելուն։ Հանկարծ, որտեղից որտեղ մի միտք եկավ, թե՝ բա որ Անուշը կանգնի, ասի, դու ո՞վ ես, ես քեզ չեմ ճանաչում, ոնց եկել ես, էնպես էլ գնա։ Բայց հիշեցի Սամո ապոր ինքնավստահությունն ու խաղաղվեցի, ապերն առանց մի բան իմանալու, ինձ չէր գցի հետևը, գար էս պահին էստեղ, հաստատ Վարսո զալոն Անուշի բերանի գոլը գիտեր, հաստատ էն օրվա իմ գալուց հետո Անուշի հետ բան էր խոսել։ Իհարկե, ինչպես արդեն հետո իմացա, հենց էդպես էլ եղել էր։
Անուշի ուզող տղայի մայրը սկսեց խեթել ապորն ու Վարսո զալոյին, թե անժամանակ էր իրենց գալը, բայց հանկարծ, երեք օր բերանը չբացած Անուշավան պապը իր բամբ ձայնով կեսուրացուին նստեցրեց տեղը, թե Սամոն իր ախպերն է, երբ ուզի կմտնի իր տուն, երբ ուզի դուրս կգա։ Ստեղծված անհարմար վիճակը մի քանի րոպե էլ շարունակվեց, մինչև կեսուրացուն, նոթերը կիտած, վեր կացավ, թե՝ դե լավ, մենք գնանք, իսկ դուք մտածեք ձեր ասելիքն ու մի բան որոշելուց հետո, խաբար կանենք։
Անուշի հայրն ու մայրը նրանց ճանապարհեցին ու հետ դարձան, միայն այդ ժամանակ Անուշավան պապը դարձավ Սամո ապորը։
– Սամո՞, լեյտենա՞նտ, դե, հիմի դուք ասեք, էս ինչ խեր, խաբար ա։
– Անուշավան ջան, իմ մեծ ախպեր, խեր ա,- հետո դարձավ կնոջը,- Վարսո, կանյակն ու բամբաներկան հանի։ Անուշավան ջան, եկել ենք Անուշին ուզենք մեր լեյտենանտին՝ Արտակին, էսօր խոսքն առնենք, մինչև էգուց Արտակիս հարազատները գան, հասնեն։
Հավատու՞մ եք, այդ պահից էլ չեմ հիշում, թե Անուշավան պապն ինչ ասաց, Անուշի հերն ու մերն ինչ ասացին, Սամո ապերն ինչ ասաց, միայն տեսնում էի մյուս սենյակ տանող դռան մեջ կանգնած ժպտացող Անուշին, որ լեզու ցույց տվեց ու փախավ։ Ու ինձ թվաց, որ այդ պահին Անուշն իրեն աշխարհի ամենաերջանիկ աղջիկն էր զգում։
Ուշքի եկա այն ժամանակ, երբ արդեն դրսում, մեքենայիս մոտ կանգնած, Սամո ապերն ասաց․
– Դե, Արտակ ջան, հիմի հանգիստ գնա, էգուց ծնողներիդ հետ, մատանիով կգաք ու էս գործը հորով-մորով կանենք;
Անցել են երկար ու ձիգ 30 տարիներ: Արդեն ոչ Անուշավան պապը կա, ոչ էլ Սամո ապերը, բայց նրանց վառ հիշատակը միշտ իմ ու Անուշի, մեր երեք զավակների հետ է։

Մելանյա Պետրոսյանց

Երբ գիրքը սրտեր է քարկապում. Գ. Նավասարդյան (հատված «Ինձ պիոններ չնվիրես» վիպակից)

Մարկն ու Ար­ևը նո­րից մնա­ցին դեմ դի­մաց կանգ­նած։ Աղ­ջի­կը շրջվեց ու քայ­լեց դե­պի փո­ղո­ցը։

-­Գի­տես, ես գիրքն էի ու­զում վերց­նել։ Հու­սով եմ՝ վեր­ջաց­րել ես։

-­Վեր­ջաց­րել եմ,-քթի տակ ժպտա­լով պա­տաս­խա­նեց Արևն ու պա­յու­սա­կից գիր­քը հա­նե­լով՝ մեկ­նեց Մար­կին։ Ե­րի­տա­սար­դը գիր­քը բա­ցեց, ա­սես հենց այդ պա­հին էր կար­դա­լու, թեր­թեց մի քա­նի էջ ու մա­տի­տով ա­ռա­ջին իսկ նշված տո­ղե­րը բարձ­րա­ձայն կար­դաց. «Աշ­խարհն ինձ տվե­ցին, հենց այդ­պես, վերց­րին ու տե­ղա­վո­րե­ցին գրկիս մեջ։ Ես հաս­կա­ցա, որ հա­զա­րա­վոր­նե­րից ճիշտ մե­կին եմ ընտ­րել, ո­րով­հետև գրկե­լուն պես սիրտս տա­քա­ցավ։ Ես մո­ռա­ցա աշ­խար­հում ամեն­քին ու ա­մեն ինչ։ Իմ գրկում մեկն էր, ով ինձ պետք էր բո­լո­րից շատ ու բո­լո­րի փո­խա­րեն»։ Վեր­ջին բա­ռե­րը Մար­կը կար­դաց դան­դաղ ու ար­տա­հայ­տիչ։ Ար­ևը շփոթ­վեց, այ­տե­րը վար­դա­գու­նե­ցին, կար­ծես ա­մա­չե­ցին տո­ղե­րը լսե­լիս։ Իսկ Մար­կին թվաց, որ աղ­ջիկն ա­մա­չեց նրա հա­մար, որ ին­քը տե­սավ, թե ինչ տո­ղեր է ընդգ­ծել… Մար­կը է­ջը թեր­թեց, գտավ ևս մե­կը. «Ես զգա­ցի, որ մեր հո­գի­ներն ի­րար գրկե­ցին»։ Ար­ևը քայ­լերն ա­րա­գաց­րեց, Մար­կը բարձ­րա­ձայն ծի­ծա­ղեց՝ չի­մա­նա­լով, որ դեռ եր­կար է ինքն ի­րեն նա­խա­տե­լու իր ան­զուսպ ծի­ծա­ղի հա­մար։ Ա­պա սկսեց թեր­թել՝ ևս մեկ նշում գտնե­լու հա­մար։ Ար­ևը միան­գա­մից կանգ ա­ռավ, կտրուկ շրջվեց ու ձեռ­քը Մար­կին պար­զե­լով` ա­սաց.

-­Գիր­քը տու՛ր։

Մար­կը շփոթ­վեց, չգի­տեր՝ ինչ ա­սեր։

-­Տու՛ր գիր­քը,-կրկնեց Ար­ևը։

Մարկն ի­րա­վի­ճա­կը փրկե­լու հա­մար սկսեց ար­դա­րա­նալ.

-Ուղ­ղա­կի նշում­ներդ կար­դա­ցի, ի՞նչ վատ բան կա։

Ար­ևը գիր­քը վերց­րեց, մի հեգ­նա­կան հա­յացք նե­տեց Մար­կի ե­րե­սին ու ա­րագ հե­ռա­ցավ, գրե­թե վա­զե­լով։ Ա­րագ ըն­թաց­քից շար­ֆը սա­հեց ու­սի վրա­յով, ի­ջավ ծնկնե­րից ներքև։ Մար­կը մնաց տե­ղում կանգ­նած, մար­դիկ անց­նում էին, ու­սով հար­վա­ծում, ինքն ան­շարժ էր. Ար­ևին նե­ղաց­րեց։

Նա­խորդ սպա­սու­մով լի օ­րե­րը, որ ան­տա­նե­լի էին թվում, ուղ­ղա­կի ե­րազ էին գա­լիք օ­րե­րի հա­մե­մատ։ Ոչ մի հան­գիստ վայրկ­յան Մար­կի սիր­տը չգլո­րեց։ Ե­թե շուրջ եր­կու շա­բաթ սո­վո­րել էր ա­նընդ­հատ սպա­սել՝ գո­նե մի ժպի­տի ար­ժա­նա­նա­լու հա­մար, այժմ հույս ան­գամ չու­ներ նոր հան­դիպ­ման։ Երբ սպա­սումն ակն­կա­լիք չու­նի, ժա­մա­նակն ա­վե­լի դան­դաղ է անց­նում։ Մտ­քում հայ­հո­յում էր ինքն ի­րեն ծի­ծա­ղե­լու հա­մար, բայց ին­չու՞ ծի­ծա­ղեց, ի­րեն լա՞վ զգաց Ար­ևի նշած մտքե­րից, թե՞ զար­մա­ցավ, որ նշել է հենց դրանք։ «Ախր գո­նե տա­նը կար­դա­յի, երբ մե­նակ լի­նեի»,-ա­նընդ­հատ մե­ղադ­րում էր իրեն։

Ամ­բողջ գի­շեր մի րո­պե ան­գամ Մարկն աչք չփա­կեց։ Աչ­քե­րի ա­ռաջ ա­նընդ­հատ Ար­ևի վի­րա­վոր­ված ու բար­կա­ցած դեմքն էր, դո­ղա­ցող ծնոտն ու գրե­թե լա­ցա­կու­մած աչ­քե­րը։ «Շա՜տ լուրջ նե­ղաց­րի քեզ, եր­բեք չէի ու­զե­նա։ Մի՞­թե ա­մա­չեց, Աստ­վա՛ծ իմ»։ Դ­ռան զան­գից սթափ­վեց։ Քույրն էր։ Սա­ռան ա­րագ ներս մտավ, ձեռ­քի թղթա­պա­նակ­ներն ու պա­յու­սա­կը դրեց բազ­կա­թո­ռին և վա­զեց խո­հա­նոց։ Մարկն աչ­քե­րը տրո­րե­լով մո­տե­ցավ բազ­կա­թո­ռին։ Դեռ չէր նստել, երբ քրոջ պա­յու­սա­կից մի գիրք դուրս սա­հեց ու ըն­կավ ոտ­քե­րի ա­ռաջ։ Կռա­ցավ, վերց­րեց ու ցնցվեց՝ աչ­քե­րին չհա­վա­տա­լով։ Նույն գիրքն էր, որ Ար­ևից էր վերց­րել։ Կա­տա­ղած մի կողմ նե­տեց գիրքն ու դուրս ե­կավ տնից։

«­Քա­նի օր է՝ մտա­ծում էի, որ այդ գիր­քը մեզ կմտեր­մաց­նի, ընդ­հա­նուր թե­մա կու­նե­նանք խո­սե­լու, մի տեղ կհրա­վի­րեի, հա­ճե­լի զրույց կու­նե­նա­յինք, կճա­նա­չեինք ի­րար, բայց ինքս իմ ձեռ­քով ա­մեն ինչ փչաց­րի»։ Մտ­քե­րի մեջ ըն­կած՝ քայ­լում էր փո­ղոց­նե­րով՝ հան­դի­պած քա­րե­րին ու տերև­նե­րին ու­ժեղ հար­վա­ծե­լով, երբ հա­սավ այն ծա­ղիկ­նե­րի կրպա­կին, ո­րի մոտ Ա­րևը կանգ էր ա­ռել ի­րենց ա­ռա­ջին «հան­դիպ­ման» ժա­մա­նակ։ Նա­յեց ծա­ղիկ­նե­րին, պիոն­նե­րը հի­շեց, մի պահ ու­զեց վերց­նել ու նվի­րել Ար­ևին, հե­տո փոշ­մա­նեց։ «­Միշտ մտա­ծում էի՝ սերն ա­ռա­ջին հա­յաց­քից ինչ­պե՞ս է լի­նում կամ լի­նու՞մ է ընդ­հան­րա­պես։ Ինչ­պե՞ս են սի­րա­հար­վում ան­ծա­նոթ մե­կին՝ ա­ռանց նրան ճա­նա­չե­լու, հե­տը շփվե­լու։ Այժմ ար­դեն գի­տեմ։ Սի­րա­հար­վում են միան­գա­մից՝ ա­ռանց ի­րենք ի­րենց հարց­նե­լու, ա­ռանց ծան­րու­թեթև ա­նե­լու։ Մե­կը մտնում է կյան­քիդ մեջ, տակ­նուվ­րա ա­նում այն ու մնում դրա մեջ հա­վերժ կամ հե­ռա­նում, ինչ­պես որ ին­քը ցան­կա­նա։ Ի­րա­կա­նում մենք չենք ընտ­րում, թե ում սի­րենք։ Մեր սրտերն են ընտ­րում մեր փո­խա­րեն՝ զգա­յա­րան­նե­րի, իմ դեպ­քում՝ աչ­քե­րի օգ­նութ­յամբ։ Ես տե­սա նրա խո­շոր աչ­քե­րը, նուրբ, ճեր­մակ մատ­նե­րը, ան­սո­վոր ժես­տերն ու սի­րա­հար­վե­ցի, ինչ­պես լի­նում է ֆիլ­մե­րում՝ ա­ռա­ջին հա­յաց­քից։ Սի­րա­հար­վե­ցի ա­ռանց վայրկ­յան ան­գամ մտա­ծե­լու, ա­ռանց հի­շե­լու իմ լուրջ կար­ծի­քը ա­ռա­ջին հա­յաց­քից սի­րա­հար­վե­լու մա­սին։ Ես ծաղ­րում էի բո­լոր նրանց, ով­քեր ի­րենց «ես»-ը մո­ռա­նա­լու աս­տի­ճա­նի տար­վում էին պա­տա­հա­կան մե­կով։ Դա ինձ խե­լա­միտ ու ի­մաս­տա­լից չէր թվում։ Այժմ ես նրան­ցից մեկն եմ, գու­ցե ա­վե­լի վա­տը, քա­նի որ օ­րերս չեմ պատ­կե­րաց­նում ա­ռանց նրա… Իր դե­ղին շար­ֆով, դան­դաղ, բայց վստահ քայլ­ված­քով մտավ օ­րե­րիս մեջ, խառ­նեց գի­շեր­ներս ու ցե­րեկ­ներս, ժա­մերս ու մտքերս։ Իսկ հի­մա վի­րա­վոր­ված նա­յում է աչ­քե­րիս, ա­սես ես եմ իր ներ­կան պղտո­րել։ Դեռ կխո­սենք այդ մա­սին, շար­ֆե­րի ու անձր­ևի սի­րա­հար»:

Ի­րեն ծա­նոթ մայ­թե­րը հեր­թա­կան ան­գամ չա­փե­լուց հե­տո հոգ­նած վե­րա­դար­ձավ տուն։ Մ­տավ հյու­րա­սեն­յակ, գիր­քը դեռ հա­տա­կին էր։ Խոր հո­գոց հա­նե­լով` վերց­րեց այն ու գնաց ննջա­րան։ Թեր­թեց է­ջե­րը, ընդգ­ծած ոչ մի հատ­ված չկար։ Էջան­շա­նը բա­ցեց անձրևա­­նո­ցով աղջ­կա մի նկար։ Մար­կի սիր­տը թրթռաց, հի­շեց Ար­ևին, հի­շեց ի­րենց՝ եր­կու ան­ծա­նոթ­նե­րին մեկ անձր­ևա­նո­ցի տակ։ Կար­դաց կող­քի է­ջի վեր­ջին տո­ղը. «Արևն իմ սրտում էր. անձրևն ինձ չէր խան­գա­րում»։ Դա­տարկ սեն­յա­կում մի շշուկ լսվեց. «­Մեկ է, հաս­նե­լու եմ քեզ, Արև՛­»։ Գիր­քը ձեռ­քին մո­տե­ցավ մահ­ճա­կա­լին, պառ­կեց ու սկսեց կար­դալ։ Ա­ռա­ջին է­ջե­րը կար­դաց թեթ­ևա­կի՝ ա­ռանց կենտ­րո­նա­նա­լու։ Հե­տո ան­կախ ի­րե­նից ընկղմ­վեց գրքի մեջ, ինչ­պես սո­վո­րա­բար լի­նում է հե­տաքր­քիր գրքեր կար­դա­լիս։ Չ­հաս­կա­ցավ էլ, թե ինչ­պես ժա­մա­նակն ան­ցավ։ Շատ տո­ղեր միան­գա­մից տպա­վո­րե­ցին, չկա­րո­ղա­ցավ ա­րագ ա­ռաջ անց­նել, կար­դաց մի քա­նի ան­գամ, փոր­ձեց մտա­պա­հել։ Ա­հա առա­ջի­նը. «­Մե­կը նստում է ու­ղե­ղումդ ու ա­նընդ­հատ կրկնում. «­Դու սի­րում ես նրան, դու պի­տի՛ սի­րես նրան, որով­հետև ար­դեն գտել ես»… ու ու­րիշ ո­չինչ չի մնում ա­նել՝ սի­րե­լուց բա­ցի…»: «Ինչ ի­րա­կա՜ն է, գրո­ղը տա­նի։ Գ­րել են այն, ինչ մի օր ես էի գրե­լու»,-հիա­ցած ա­սաց Մար­կը։ Ա­պա կար­դաց հա­ջոր­դը. «Ա­նունդ միշտ լեզ­վիս վրա է՝ հա­ճախ մի քա­նի ան­գամ, ի­րար հետ­ևից՝ ա­ռանց նա­խա­բա­նի ու վեր­ջա­բա­նի։ Ա­նունդ ուղ­ղա­կի հետս է միշտ՝ քո փո­խա­րեն…»։ Սեն­յա­կի սա­ռը լռութ­յու­նը, որ պար­բե­րա­բար կոտր­վում էր է­ջե­րը թեր­թե­լուց, ևս մեկ ան­գամ խախտ­վեց.

-Ա՜խ, Արև՛, Արև՛,-լսվեց Մար­կի ձայ­նը։

Եվս մեկ միտք. «Ար­ևը հաս­տատ կընդգ­ծեր»,-մտա­ծեց Մարկն ու բարձ­րա­ձայն կար­դաց. «Կ­յան­քը բաղ­կա­ցած է ոչ թե ժա­մա­նա­կից, այլ ակն­թարթ­նե­րից, ո­րոնք մենք հի­շում ենք»։ Ու հի­շեց Մարկն իր ու Ար­ևի պա­րը, երբ աղ­ջիկն իր գրկում էր, ու թվում էր՝ միշտ այդ­պես է լի­նե­լու։ Երիտասարդը թեթև ժպտաց ու մտա­ծեց պա­հի ան­ցո­ղի­կութ­յան մա­սին։ Ա­յո՛, ակընթարթ­նե­րը կանց­նեն, բայց հի­շո­ղութ­յուն դար­ձած կմնան սրտումդ, մի՜շտ։ Դու կհի­շես ան­ցած ա­մեն մի վայրկ­յա­նը, երբ սիրտդ ու­զում էր դուրս թռչել տե­ղից։ Կ­հի­շես ու միշտ կժպտաս՝ մեկ ափ­սո­սա­լով, մեկ զղջա­լով, մեկ ե­րա­զե­լով։ Կժպ­տաս ի­հար­կե այն դեպ­քում, երբ քեզ բախտ է վի­ճակ­վել ա­վե­լի շատ եր­ջա­նիկ հի­շո­ղութ­յուն­ներ հա­վա­քել, քան ծանր։

Աչ­քերն ար­դեն լար­վել էին, բայց դեռ չէր կտրվում գրքից։ Հա­սավ Ար­ևի նշած տո­ղե­րին. «Ինձ թվաց, թե մեր հո­գի­նե­րը գրկե­ցին ի­րար»։ Մարկն ա­մա­չեց Ար­ևին նե­ղաց­նե­լու հա­մար։ Այժմ այդ տե­սա­րանն աչ­քին այլ ե­րանգ ստա­ցավ։ «­Տես­նես աչ­քե­րը շա՞տ տխուր մնա­ցին, մո­ռա­ցա՞վ կա­տար­վա­ծը, թե՞ եր­բեք չի մո­ռա­նա»,-մտա­ծեց Մար­կը։ Ար­ևի մա­սին մտքե­րով ընդ­մի­ջում­ներ ա­նե­լով՝ ամ­բողջ գի­շեր կար­դաց ե­րի­տա­սար­դը։ Կես­գի­շերն անց փա­կեց գիր­քը՝ վրան դնե­լով նշում­նե­րով մի թերթ։

«Էս գիր­քը մեզ բա­ժա­նեց, ինքն էլ կմիաց­նի»,-լսվեց Մար­կի վճռա­կան ձայ­նը։

*

Նա­խորդ օրն ան­ցել էր վատ տրա­մադ­րութ­յամբ։ Ար­ևի աչ­քի ա­ռաջ ա­նընդ­հատ Մար­կի քմծի­ծաղն էր՝ իր նշած տո­ղե­րը կար­դա­լիս։ Ա­մեն ան­գամ այդ պա­հը հի­շե­լիս այ­տե­րը կարմ­րում էին, ա­մա­չում էր, որ ան­ծա­նոթ մե­կը կար­դաց իր հո­գուն հա­րա­զատ մտքե­րը։ Լի­լի­թի զան­գը ճիշտ ժա­մա­նա­կին էր. ան­ծա­նոթ­նե­րի մա­սին այդ­քան չեն մտա­ծում։

-­Լի՛լ, եր­ևի ես դա­սի չգամ, տրա­մադ­րութ­յուն չկա։

-Ին­չի՞, Արև, մո­ռա­ցե՞լ ես ժպի­տով արթ­նա­նալ։

-Չ­գի­տեմ, տանն եմ ու­զում մնալ։

-Իսկ ե­թե խնդրե՞մ։ Ու­զում էի՝ մի քա­նի խա­նութ գնա­յինք միա­սին։ Համ էլ տրա­մադ­րութ­յունդ կբարձ­րա­նա։

-­Լիլի՛թ, դու հա­մո­զե­լու մեծ վար­պետ ես։

-­Դե կսպա­սեմ, չու­շա­նաս։

Մա­նու­շա­կա­գույն հաստ շար­ֆով փա­թաթ­ված՝ Ար­ևը դու­ռը փա­կեց ու շրջվեց դե­պի աս­տի­ճան­նե­րը։ Դեռ քայլ չէր ա­րել, երբ զար­ման­քից քա­րա­ցավ։ Աս­տի­ճան­նե­րի վրա պիոն­նե­րի փնջե­րով արկ­ղեր էին դրված։ Վար­դա­գույն ու սպի­տակ պիոն­ներ էին՝ լայն բաց­ված թեր­թե­րով։ Ողջ շեն­քում տա­րած­վել էր պիոն­նե­րի նուրբ բույ­րը։ Ար­ևը զար­ման­քից ու հիաց­մուն­քից այ­լայլ­վեց, մո­տե­ցավ ու վերց­րեց ա­ռա­ջին արկ­ղի վրա­յի բա­ցի­կը։ Զ­գու­շութ­յամբ բա­ցեց ու կար­դաց. «Երբ սկսում ես սիրահարվել, ամեն ինչի մեջ գեղեցիկն ես տեսնում: Սրտումդ եղած մռայլությունը չվում է հեռու` տեղը զիջելով Նրան»։ Աղ­ջի­կը ցնցվեց, կար­դաց, աչ­քե­րին չհա­վա­տա­լով՝ նա­յեց մյուս արկ­ղե­րին, յու­րա­քանչ­յու­րի վրա մի բա­ցիկ կար։ Կ­ռա­ցավ, վերց­րեց երկ­րոր­դը։ «Երգ լի­նեիր, ա­նընդ­հատ հնչյուն­ներդ ու­ղե­ղումս մնա­յին։ Եր­գեի ան­դա­դար՝ ինքս ինձ նա­խա­տե­լով, որ մտքիցս դուրս չես գա­լիս, ոչ մի րո­պե չեմ մո­ռա­նում։ Սի­րած եր­գե­րը չե՜ն մո­ռա­նում…»։ Ար­ևը հի­շեց գիր­քը, իր հա­վա­նած տո­ղե­րը, աչ­քե­րը հուզ­մուն­քից լցվե­ցին։ Վերց­րեց եր­րորդ բա­ցի­կը, ար­դեն ան­համ­բեր, ա­րագ բա­ցեց. «Ա­նունդ միշտ լեզ­վիս վրա է՝ հա­ճախ մի քա­նի ան­գամ, ի­րար հետ­ևից՝ ա­ռանց նա­խա­բա­նի ու վեր­ջա­բա­նի։ Ա­նունդ ուղ­ղա­կի հետս է միշտ՝ քո փո­խա­րեն…»։ Ինչ խոսք, ա­նակն­կալն ինք­նա­տիպ էր։ Ար­ևը, շար­ֆը ուղ­ղե­լով, դուրս ե­կավ մուտ­քից։ Գ­լու­խը դեռ վերև չէր բարձ­րաց­րել, երբ Մար­կը մո­տե­ցավ նրան։

Գոհար Նավասարդյան

ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ (վերջին մոհիկանը).

Երեք օր առաջ կյանքից հեռացավ իմ մանկության ընկերը՝ Արտյոմը, նա ինքը՝ <<օրենքով գող>> Ծյոմը։ Ծյոմի հետ Շենգավիթի նույն մանկապարտեզն ենք հաճախել, նույն թթի ծառից թութ կերել, Վարդուշ տատի ծիրանի ծառից ծիրան գողացել։ Դպրոցում էլ նույն դասարանում, նույն նստարանին էինք նստում, դպրոցի հետևում, մյուս դասարանցի տղաների հետ կռիվների ժամանակ, միշտ իրար կողքի էինք, իրար հետ ծեծում էինք, իրար հետ՝ ծեծվում, իսկ մեր դասարանցի Հասիկոն միշտ երկուսիս տանում էր, դպրոցի բակի պուլպուլակի մոտ մեր արյունոտ քթերը լվանում, մեր շորերն էր կարգի բերում, որ տանը հանկարծ ոչինչ չիմանային։ Ութերորդ դասարանում, երբ հայրս մահացավ, մեր ընտանիքը տեղափոխվեց տատիս տուն, որը գտնվում էր քաղաքի հակառակ ծայրում, բայց ես երբեմն-երբեմն, սկզբում մորս հետ, այցելում էինք Արտյոմի մորը, որ մորս ընկերուհին էր։ Ավարտեցինք դպրոցը, տարիներ անցան, ես ավարտեցի համալսարանի իրավաբանականը, դարձա ոստիկանության աշխատակից, գնդապետի աստղեր կրեցի, իսկ Արտյոմը դարձավ երկրում ու երկրի սահմաններից դուրս ճանաչված, հարգված, ընդունված <<օրենքով գող>>, ինչից հետո էլ մեր հանդիպումները, շփումը երբեք չեն դադարել։ Ես գիտեի, որ եթե պետք լիներ, Արտյոմը կյանքը չէր խնայի ինձ համար, բայց երբեք թույլ չտվեց, որ ես իմանայի իր գողական կյանքի որևէ դրվագ, որևէ գործողություն, որևէ ինֆորմացիա։ Փորձել եմ, շատ անգամներ եմ փորձել, բայց նա նման պահերի միշտ կրկնում էր՝ ես գող եմ, դու՝ գող բռնող, յուրաքանչյուրս իր գործն է անում, արի, չմտնենք իրար տարածք, մնանք, որպես մանկության ընկերներ։
Արտյոմի թաղմանը ողջ քաղաքն էր հավաքվել։ Մեր դասարանցիների համար կրկնակի սուգ էր, քանի որ Արտյոմից բացի, թաղում էինք նաև մեր դասարանցի Հասմիկին, Արտյոմի սիրած Հասիկոյին, իսկ այդ սիրո մասին առաջին անգամ Արտյոմն ինձ խոստովանել էր դեռ յոթերորդ դասարանում, թեև այդպես էլ Հասմիկը, և նաև ուրիշ ոչ ոք, չիմացան նրա ՄԵԾ ՍԻՐՈ մասին։
Արտյոմը կարող էր լավ գիտնական դառնալ, հատկապես՝ լավ քաղաքական գործիչ, բայց նա ընտրեց այդ՝ գողի ճանապարհը, ճանապարհ, ինչը խորտակեց Վիկտոր Համբարձումյանի նման աստղագետ դառնալու նրա մեծ երազանքը, ինչը սպանեց նրա սերը՝ Հասմիկին, ինչը խորտակեց նրա կյանքը։
Գնաս բարով, մանկության իմ հուշ։
(Ոստիկանության գնդապետի օրագրից)
1.
Բանտախցի փոքրիկ պատուհանը բացվեց, ու երևաց բանտապահի կլոր դեմքը։
— Քերոբ, կանաչ դեղձանիկների երամը թռավ, նստեց ճյուղին։
Ճաղապատ պատուհանի մոտ կանգնած տղամարդը՝ <<օրենքով գող>> Ծյոմը, նա ինքը՝ Արտյոմ Բադալյանը, գլխով արեց ու շարունակեց նայել պատուհանից երևացող կապույտ երկնքի փոքրիկ կտորին։ Հասկացավ, որ իր պլանով կատարված գործի մասնաբաժինը հասել է բանկում ունեցած կեղծ հաշվեհամարին։
Իսկ կապույտ երկնքի այս հատվածում իր երազանքի տունն էր՝ մեկ հարկանի, համեստ մի խրճիթ, բակի պարտեզում խաղում են իր չեղած-չծնված երեխաները, խրճիթի բաց պատուհանից երևում է ամանները լվացող մի կին և այդ կինը միշտ իրեն երևում է դասարանցի Հասիկոյի կերպարանքով։
Տղամարդը հեռացավ պատուհանից, նայեց ժամացույցին։ Ահա, մեկ-երկու ժամից կբացվի բանտախցի դուռը, ու բանտապահը իրեն դուրս կուղեկցի՝ դեպի ազատություն։ Տասը տարի այս բանտախցում անցկացնելուց հետո, ինքը դուրս կգա, տուն կգնա, տուն, ուր այլևս չի բուրի մոր թխած գաթայի հոտը։ Խցում եղած գրքերից միայն օրենքով գող Վասյա Բրիլիանտի` Վլադիմիր Բաբուշկինի մասին պատմող գիրքը վերցրեց, տեղավորեց պայուսակի մեջ։
Կալանավայրի ծանր դարպասների մոտ նկատեց փողոցում հավաքված ամենաշքեղ ու թանկ ավտոմեքենաների շարասյունը, Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, նույնիսկ Հունաստանից իրեն դիմավորելու եկած <<օրենքով գողերի>>, քրեական աշխարհի ներկայացուցիչների ծանոթ դեմքեր։ Ոտքը կախ գցեց։ Երանի նրանց փոխարեն իրեն դիմավորեին մայրը, Հասիկոյի կերպարանքով այն կինն ու իր չեղած-չծնված երեխաները։ Բայց քիչ էլ առաջացավ, հայտնվեց իրեն դիմավորողների գրկում, մոռացավ այն կնոջն էլ, չծնված երեխաներին էլ։
Գիշերային բուռն կերուխումից հետո, միայն լուսադեմին տուն հասավ։ Տանն ամեն ինչ նույնն էր, միայն մոր փոխարեն նրան դիմավորում էր պատից կախված, սև շրջանակի մեջ եղած մոր ժպտացող նկարը։ Մտածեց, որ առավոտյան կայցելի մորը՝ Կարմիր բլուրի գերեզմանոցում։
— Սաքո, վաղը մի նորմալ կին գտիր, որ օրվա մեջ մի երկու ժամով գա, ճաշ եփի, տունը կարգի բերի,- ասաց իրեն ուղեկցող տղային ու մտավ ննջարան։
Արդեն չորրորդ օրն է, որպես տնային տնտեսուհի եկող կանանց մերժում էր, առանց դեմքներին իսկ նայելու։ Այդ օրն էլ անկողնուց վեր կացավ, լվացվեց, մտավ խոհանոց՝ իր ձեռքով սուրճ պատրաստելու։ Լսվեց դռան բացվելու ձայնը, քայլերը մոտեցան, կանգնեցին խոհանոցի դռան մոտ։
— Քերոբ, այս կինն ուզում է տնային տնտեսուհի աշխատել։
Շուռ չեկավ։
— Սուրճը համով լինելու համար պետք է եփել մարմանդ կրակի վրա,- լսվեց կնոջ ձայնը։
Արտյոմը սարսռաց։ Ձայնը եկավ, տարածվեց մարմնով մեկ, դիպավ սրտին։
— Սաքո, դու ազատ ես։
— Թուլացրու գազի հոսքը, քանի սուրճը չի եռացել,- շարունակեց կնոջ ձայնը։
Նա՞ է, մտածեց՝ առանց պտտվելու, այո նրա՝ Հասիկոյի նույն փաղաքուշ, հանգիստ, փափուկ ձայնն է։
— Դպրոցում հենց սխալ բան էի անում, գրքով գլխիս էիր խփում,- ասաց կամացուկ։
— Դա դպրոցում էր, 30-40 տարի է անցել, ես դեռ ապրել եմ ուզում,- հոգոցով պատասխանեց կինը։
— Դու գիտեի՞ր՝ ուր ես գալիս,- հարցրեց՝ նորից առանց շուռ գալու։
— Գիտեի,- պատասխանեց կինը, ապա ավելացրեց,- ստիպված էի, եկա: Հիվանդանոցում բուժքույր էի, կրճատման տակ ընկա, չորս ամիս է, անաշխատանք եմ, ասացին, որ այս տանը տնային աշխատող է պետք, եկա։
— Գնա, վաղն առավոտից կգաս, տղաները կասեն, թե ինչ անես։
Հասմիկը գնաց, ինքը շարունակեց նույն դիրքով կանգնած մնալ։ Տեսնես՝ Հասիկոն փոխվե՞լ է։ Դե, երևի փոխվել է, շուտով 50 կդառնա, ինչպես այդ տարիքի հայ կանայք, երևի լցվել է, դիմագծերն աղավաղվել են։ Ինչու՞ չպտտվեց, չնայեց նրան։ Վերջին անգամ չի հիշում, թե քանի տարի առաջ են հանդիպել, պայմանավորվեցին հաջորդ օրը հանդիպել, բայց այդ հաջորդ օրը այդպես էլ չեկավ, իրեն կալանավորեցին։ Հա, երևի մի երեսուն տարի առաջ էր։ Հիշեց երկնքի կապույտում իր չեղած տունը, չեղած երեխաներին ու պատուհանից երևացող կնոջը։ Այս ի՞նչ զուգադիպություն է, կինը Հասիկոյի արտացոլանքն է միշտ եղել, և ահա հայտնվում է ինքը՝ իրական Հասիկոն։ Չէ, կյանքում այսպիսի բաներ հնարավոր չէ, որ կատարվեն, սա ինչ-որ միստիկա է կամ հենց այսպե՞ս պիտի լիներ։ Թափ տվեց գլուխը մտքերից, վերցրեց սուրճն ու սենյակ մտավ։ Հանկարծ մի մտքից դժգունեց․ գուցե Հասիկոյին իրենց դասարանցի գնդապե՞տն է ուղարկել՝ Ռուբոն։
— Սաքո,- ձայն տվեց,- Սաքո, այն կնոջը հասցրեցի՞ր իրենց տուն, իմացա՞ր տան տեղը։
— Հա, իհարկե, Քերոբ, մի երկու փողոց ներքև էր ապրում։
— Գնա, հետաքրքրվիր, իմացիր, ինչո՞վ է զբաղվում, ու՞մ հետ է շփվում, հանդիպում, աչքդ վրան պահիր՝ ու՞ր է գնում, վաղն ասա։
2.
Տան մեջ հայելիները այնպես էին դասավորված, որ իմացող մարդը համապատասխան տեղում նստած, կարող էր հետևել խոհանոցի ու մյուս սենյակների անցուդարձին։ Հասմիկը խոհանոցում ճաշի պատրաստություն էր տեսնում։ Արտյոմն արդեն վեց ամիս էր, լուռ հետևում էր նրա շարժումներին, աշխատանքին։ Նա նկատեց, որ կինը բավականին փոխվել է այստեղ աշխատանքի անցնելուց ի վեր․ մաշված դեմքը քիչ լցվել է, խամրած աչքերը ավելի ժպտուն են դարձել, կմախքացած նախկին մարմինը կանոնավորվել է, քիչ կլորացել, իր ճանաչած, իմացած Հասմիկն է դարձել։ Կինը քիչ-քիչ հարմարվել է տանն ու իրեն, նույնիսկ սկսել է փնթփնթալ, հանդիմանել, երբ երբեմն գիշերային գինարբուքերից վերադառնում է հաջորդ օրվա ցերեկը։
— Այս ի՞նչ է վիճակդ, շուտով 50 տարեկան կդառնաս, խելքի չես գալիս։
Նման դեպքերում Արտյոմը ծիծաղում է․
— Այդպես լավ չէ, գի՛րքը, գի՛րքը տուր գլխիս։
Մտքերից կտրեց Սաքոյի ձայնը․
— Քերոբ, Չարբախցի Ալիկն է եկել։
— Թող ներս գա։
Ալիկը այն գողերից էր, որին ընդունում, վստահում էր Արտյոմը։
— Արի, նստիր,- մտնողին դիմացի բազկաթոռը ցույց տվեց տանտերը։
Ալիկի դեմքը խաղաղ էր, Արտյոմը գիտեր՝ երբ է նրա դեմքը այդպես խաղաղ լինում, ուրեմն՝ գործը ճիշտ է գլուխ եկել։ Հյուրը վառեց ծխախոտը, ծուխը դուրս փչեց, հետո դանդաղ ծոցագրպանից հանեց, սեղանին դրեց դոլլարանոցների կապոցը։ Արտյոմը աչքը չթարթեց։
— Սաքո, վերցրու գումարը, բաժանիր տղաներին, հարևաններին չմոռանաս՝ Արուս տատին ու Գեղամենց։
-Դե, պատմիր, ի՞նչ կա,- դարձավ Ալիկին։
— Ծյոմ, մի մեծ գործի տեղ կա։ Դեռ չգիտեմ, պետք ա խորհրդակցենք, տեսնեմ՝ ի՞նչ կասես։
— Ե՞վ․․․
— Սիգար Համոյի ունեցվածքը հանգիստ չի տալիս, ասում ա՝ արի, վերցրու ինձ։
— Հը՛մ,- Արտյոմը նայեց առաստաղին,- ի՞նչ շանս կա։
— Մի քանի օր առաջ Իրկուտսկից քսիֆ եկավ, որ Սիգարի ախրանի պետը տասը տարի առաջ էնտեղի զոնում մեկի քածն ա եղել, կնիկություն ա արել։
— Վատ լուր չի, որքանո՞վ է հավաստի։
— Հարյուր տոկոս։
— Լավ, դրան բերեք էստեղ, տեսնենք։
Երկու օր անց Արտյոմի դիմաց նստած Սիգար Համոյի թիկնազորի պետը չէր կարողանում թաքցնել ձեռքերի դողը, բառերը մի կերպ, կես-կես էր արտասանում։
— Դե, քանի որ համաձայնության եկանք, գաղտնիքդ այստեղից դուրս չի գա,- զրույցը ավարտված համարեց գողը,- գնա ու այսօրվանից աշխատանք տար, որ առաջիկա օրերի ընթացքում Սիգար Համոյի երեխաների դայակը մի սխալ թույլ տա, ու նրան աշխատանքից հանեն, դրանից հետո կներկայացնես մեր աղջկան, որպես <<անփոխարինելի>> դայակ, իսկ անելիքիդ մասին ընթացքում արդեն Ալիկը կասի։
Երբ թիկնազորի պետը դուրս գնաց, Արտյոմը նայեց Ալիկին։
— Գործը անելուց հետո, սրան երկրից կկորցնեք։ Իսկ հիմա որոշենք՝ ովքեր են գործողությանը մասնակցելու։
3.
Սեղանի վրա փռված Սիգար Համոյի տան նախագծի վրա թեքված երեք տղամարդիկ ուշադիր հետևում էին Արտյոմի մատի շարժումներին։
— Վաղը, ուղիղ ցերեկվա ժ․ 1-ն անց 15 րոպեին էլեկտրոցանցի աշխատակից մեր մարդը կանջատի այդ թաղամասի ընդհանուր էլեկտրոէներգիան, իսկ ժ․ 1-ից 10 րոպե պակաս դայակը շորով կխցանի տան երկրորդ հարկի կոյուղին, հատուկ նյութով տունը կողողի նեխահոտով, տանը գտնվող բոլորին կառաջարկի դուրս գալ բակ, մինչև նեխահոտը անցնի։ Ախրանայի պետը ժ․1-ից 10 րոպե պակաս, մյուս տղաներին կառաջարկի որևէ բան ուտել։ Դայակը ձայն կտա, որ տան կոյուղին խցանվել է, կեղտաջուրը տունն է լցվում։ Ախրանայի պետը կասի, որ զանգում է կոմունալ ծառայությունից մարդիկ գան, կոյուղու վթարը վերացնեն։ 1-ն անց 15 րոպե մեր մեքենան կմտնի բակ, թիկնազորի պետը մյուս տղաներին կասի, որ նրանք շարունակեն ուտելը, ինքը բանվորներին կուղեկցի, կհետևի գործին։ Բոլորդ տուն կմտնեք, կբարձրանաք երկրորդ հարկ։ Դուք ունեք միայն 20 րոպե, 20 րոպեից էլեկտրոէներգիան կմիացնեն։ Գործի հաջող ընթացքից հետո, դայակը, քանի որ Հոլանդիայում ժամանակավոր կեցության իրավունք ունի, իսկույն գնում է Սասունցի Դավիթ կայարան, Թբիլիսի գնացող որևէ մեքենայով հասնում է Թբիլիսի, այնտեղից՝ Հոլանդիա։ Մյուսներդ էլ արդեն գիտեք ձեր գնալիք տեղերը։ Դե, հաջողություն, կսպասեմ լավ լուրի։
Առավոտյան Հասմիկն իսկույն զգաց Արտյոմի անհանգիստ վիճակը, թեև վերջինս բակի տաղավարում նստած էր հանգիստ ու Տիբեթյան ուսմունքին վերաբերվող ինչ-որ գիրք էր թերթում, բայց պարզ զգացվում էր, որ չէր կենտրոնանում կարդացածի վրա։ Սուրճ բերեց, բայց Արտյոմը չարձագանքեց նրա ներկայությանը, նախորդ օրերի նման չկատակեց, եփելու համար որևէ հանձնարարություն չտվեց։ Կեսօրին նրա անհանգտությունն ավելի տեսանելի դարձավ, շարունակ ներս ու դուրս էր անում, անվերջ ծխում։ Ժամը 2-ին մոտ, հեռախոսի զանգ եկավ։ Արտյոմը ինքը վերցրեց սեղանի վրա դրված հեռախոսը։
— Ամեն ինչ նորմալ է,- լսվեց հեռախոսի մեջ։
— Եղավ,- մեկ բառով պատասխանեց Արտյոմն ու ներս մտավ։
— Հաս, մի կարգին սուրճ պատրասիր, բան հասկանամ,- օրվա մեջ առաջին անգամ կիսաժպիտ դիմեց կնոջը։
4.
Արտյոմը միացրեց հեռուստացույցը։ Լուրեր էին։ Հաղորդավարը մի քանի տեղեկություններից հետո ներկայացրեց․
— Չորս օր առաջ՝ կեսօրին, Կոմունալ ծառայության աշխատակիցների անվան տակ, չպարզված անձինք կողոպտել են գործարար Համլետ Առաքելյանի առանձնատունը։ Կողոպտիչները տանից հափշտակել են ոսկեղեն, մեծ գումար, ինչպես նաև գործարարի անդամալույծ մոր սենյակում գտնվող 10-րդ դարի ձեռագիր Աստվածաշունչ, արժեքավոր երկու իկոնաներ։ Հափշտակված գումարի ու ոսկեղենի չափի մասին տանտերերը լռում են։ Կողոպտիչները իրենց հետ տարել են նաև գործարարի առանձնատան պահակային խմբի ավագին, որից մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։ Հանցագործության համար ոստիկանությունում գործ է հարուցված։
Քիչ անց, շփոթված ներս ընկավ հավատարիմ տղաներից մեկը․
— Քերոբ, հյուր կա։
— Թող գա։
Ներս մտնող հյուրի հետ միջանցքում դեմառդեմ հայտնվեց Հասմիկը։
— Վայ, Ռուբ ջան, էս դու՞ ես։
— Հա, Հաս ջան, ասի, մտնեմ, տեսնեմ, ինչպե՞ս եք։
Արտյոմը դժգոհ ծռմռեց դեմքը, այցելությունն անսպասելի չէր, նույնիսկ՝ ավելի վաղ էր սպասում։ Իրենց դասարանցի Ռուբոն է, ոստիկանության գնդապետ Ռուբիկ Եղոյանը։ Գնդապետին Հասմիկը թևանցուկ սենյակ ուղեկցեց։
— Դե, լավ, ես գնամ սուրճ պատրաստեմ,- անթաքույց ուրախությամբ ասաց Հասմիկն ու դուրս եկավ։
— Էս խե՞ր լինի,- ընկերոջ ողջույնին պատասխանեց Արտյոմը։
— Խեր է,- ժպտաց ընկերը,- գործով այս կողմերում էի, ասի՝ մտնեմ, քեֆ-հալ հարցնեմ, մանավանդ գիտեի, որ Հասմիկն էլ քո տանն է աշխատում։
— Հա, կզարմանայի, որ տեղյակ չլինեիր,- հեգնեց Արտյոմը։
Հասմիկը արագ սեղանին դրեց մրգով ու քաղցրավենիքով ամանները, գնաց սուրճի հետևից։
— Ռուբ ջան, դու միշտ էլ ուշադիր ես եղել իմ նկատմամբ, շնորհակալ եմ, ես երբեք չեմ մոռանա ամուսնուս ծանր հիվանդության տարիներին քո օգնությունը, առանց ինչի մենք սովամահ կլինեինք։ Իսկ ամուսնուս թաղման կազմակերպման մասին էլ չեմ խոսում, ողջ կյանքում պարտական եմ քեզ։
Հասմիկն ու Ռուբիկը, իրար հերթ չտալով, խոսում էին, հարցեր տալիս, պատասխանում, առանց նկատելու իրենց մյուս ընկերոջ մռայլ, համարյա չարությամբ նայող հայացքը։ Ու տհաճ մտքերը նորից սողոսկեցին Արտյոմի սիրտը․ փաստորեն Ռուբն ու Հասիկոն միշտ էլ իրար հետ կապ են ունեցել, շփվել են, Ռուբը նույնիսկ գիտի, որ Հասիկոյի աղջիկն ամուսնացել է, և մեկ ամիս առաջ Հասիկոն տատիկ է դարձել, ու հանկարծ, Հասիկոն հայտնվում է իր տանը։
— Դե, լավ, ձեզ չզբաղեցնեմ, զրուցեք,- տեղից բարձրացավ Հասմիկն ու խոհանոց գնաց։
— Հը՛, էս ինչու՞ ես էդպես մըքռել։ Կատարվել է երազանքդ, սիրածդ աղջիկը, կինը հիմա կողքիդ է, քո տան մեջ, քո գրկում։
Արտյոմն զգաց, որ արդեն չի կարող իրեն տիրապետել, հիմա կբռնի ընկերոջ կոկորդից ու շանսատակ կանի նրան, բայց էլի կարողացավ պահել հավասարակշռությունը։
— Մի խոսք էլ ավել ասես, չեմ նայի, հա, գնդապետի պագոններիդ,- մըլըռտաց ատամների արանքից ու մոտեցավ պատուհանին, զայրացած մի կողմ քաշեց վարագույրը, դեմքը սեղմեց ապակուն, քիչ հանդարտվեց, դարձավ ընկերոջ կողմը,- Հասիկոյի հետ մեր հարաբերությունների մասին չհամարձակվես որևէ վատ բան մտածել, նա այս տան մայրն է, քույրն է, սրբությունն է։ Նա իմ սրբությունն է, Ռուբ, պարոն գնդապետ։
Տհաճ, լարված լռություն տիրեց։ Գնդապետը ուղղվեց տեղում։
— Ասում ես՝ սրբությու՞նդ է, իսկ ինչպե՞ս վարվեցիր այդ սրբությանդ հետ։ Մի օր հետաքրքրվեցի՞ր, թե ինչու՞ ամուսնացավ այդ հիվանդ տղայի հետ, չէ, որտեղի՞ց իմանաս, որ հույսը քեզանից կտրած, խղճահարությունից ելնելով՝ որոշեց տեր կանգնել մեռնողին ու գոնե, մի երեխա ունենալ։ Մի օր հետաքրքրվեցի՞ր իր կյանքով, իմացա՞ր, որ քեզ համար լաց լինելով էր այդպես չորացել, ոսկրակույտի վերածվել։ Դու էգոիստ, անսիրտ, սառը մարդ ես, քո կյանքը խորտակելուց բացի, այս խեղճ աղջկա կյանքն էլ խորտակեցիր։
Արտյոմի աչքերը զարմանքից կլորացան, անսպասելի էին ընկերոջ խոսքերը, մեղադրանքները։
— Ապա մի շուրջդ նայիր, տե՛ս, ի՞նչ պայմաններում ես ապրում, սա տուն չի, հավաբուն է, իսկ ո՞վ էր քեզ խանգարում նորմալ ընտանիք կազմել Հասիկոյի հետ, նրանից ծնված երեխան քոնը կարող էր լինել, մեկ ամիս առաջ ծնվածը, քո՛ թոռնիկը կարող էր լինել։ Ի՞նչ արեցիր, ցեխի մեջ կոխկրտեցիր երկուսիդ կյանքն էլ, հիմա կանգնել ես, թե՝ իմ սրբությունն է։ Հանուն ինչի՞, ինչ-որ գողական օրենքների, որոնք խնդիրներից բացի ոչինչ չեն տալիս ո՛չ հարազատներիդ, ո՛չ երկրիդ, ո՛չ Հայրենիքիդ։ Ասենք, գողի համար ի՞նչ Հայրենիք, ի՞նչ հարազատ, ի՞նչ սրբություն, Հասիկոն քեզ համար սրբություն լինել չի կարող, նա քո ընդունած օրենքներից դուրս է։ Կյանքիդ 50 տարուց 25-ը համարյա բերդերում ես անց կացրել ու դեռ խոսու՞մ ես։
Արտյոմն զգաց, որ ընկերոջ խոսքի ընթացքում ինքը կծկվեց, փոքրացավ, կռացավ ու հանկարծ, աչքն ընկավ դիմացի հայելուն։ Միջանցքում, պատին սեղմված, ձեռքերով դեմքը փակած, հեկեկոցից ցնցվում էր Հասիկոն։ Նա լսել էր ընկերների ողջ խոսակցությունը։ Ռուբիկը վերջացրեց խոսքը, ձեռքը թափ տվեց, այսինքն՝ ու՞մ եմ ասում, քեզ համար մեկ է, միևնույն է ամեն ինչ ու դուրս գնաց, բայց նույն պահին էլ հետ եկավ։
— Հա, ասեմ նաև, որ ես համոզված եմ, որ Սիգար Համոյի տան կողոպուտին քո մատն էլ խառն է։ Միայն դու կարող էիր առանց հետքերի, նման մաքուր գործ պլանավորել, ես դեռ կբացահայտեմ այդ գործը։ Սրբությունից ես խոսում, նայիր, թե ձեռքերիդ վրա քանի-քանիսի արյան հետքերը կան։ Քո սիրած, սրբացրած կնոջը մի քանի դրամով ծառայի պես աշխատեցնում ես տանդ, քո գողոնից հարևաններիդ երկու կոպեկ փող ես տալիս, քեզ Ռուբին Հուդ ես երևակայում։ Տո՛, դու ի՞նչ մարդ ես։
Բայց Արտյոմն արդեն նրան չէր լսում, աչքի առաջ հեկեկացող Հասմիկն էր։
Քիչ անց, գնդապետի հեռանալուց հետո, Հասմիկը վերցրեց պայուսակն ու վազելով դուրս եկավ տանից։ Արտյոմը քարացած նստել էր։ Հասիկոն գնաց, ու ինքը չպահեց նրան, չբացատրվեց, չարդարացավ։ Հասիկոն գնաց ու հնարավոր է՝ այլևս չգա։
Պառկեց, բաց աչքով լուսացրեց գիշերը։ Առավոտյան, վաղ վեր կացավ, չէր պատասխանում ոչ մի հարցի։ Նստել էր բազմոցին, սենյակի դուռը բաց էր թողել։ Ոչ էլ մտածում էր որևէ բանի մասին։ Սպասում էր։ Հանկարծ բացվեց միջանցքի դուռը։ Հասմիկն էր։ Մի բան ներսից բարձրացավ կոկորդն ու սկսեց խեղդել։ Հասմիկը միանգամից անցավ խոհանոց, Արտյոմը լսեց ամանների չըխչըխկոցն ու ազատ շունչ քաշեց, կուլ տվեց կոկորդում կուտակվածը, բայց այդպես էլ չիմացավ, որ դասընկերը՝ գնդապետ Ռուբիկ Եղոյանը, նախորդ երեկո գնացել էր Հասմիկի տուն, խնդրել, համոզել, որ Հասմիկը նորից գա այս առավոտ։
— Առանց այն էլ կործանված մարդ է, պետք չէ, որ դու էլ մի նոր հարված ավելացնես։ Հաս, չկրկնենք տարիներ առաջվա մեր սխալը, նրան մենակ չթողնենք, գուցե դեռ հաջողվի՞ գոնե կյանքի այս փուլում փրկել, ես հրաշքների հավատում եմ,- ասել էր նա։
6.
Կեսօր էր։ Արտյոմը լուսադեմին էր վերադարձել, դեռ քնած էր։ Հասմիկը խոհանոցում տոլմա էր սկսել փաթաթել՝ երբեմն-երբեմն աչքը գցելով պատուհանից դուրս։ Հանկարծ նկատեց, որ դարպասի մոտ ոստիկանական մեքենա կանգնեց, ու մի խումբ ոստիկաններ բակ մտան։ Արագ, առանց պահ կորցնելու, մտավ Արտյոմի ննջարանը, թափահարեց քնածի ուսը։
— Արտյոմ, Արտյոմ, վեր կաց, ոստիկաններ են եկել։
Արտյոմը իսկույն վեր թռավ անկողնուց։
— Տանը կռիս կա,- ասաց ու հագուստի պահարանի գլխից մի փոքրիկ, դարչնագույն փաթեթ վերցրեց, մեկնեց նրան։
— Հաս, շատ արագ թաքցրու այս,- ինքը նորից մտավ անկողին։
Ոստիկանները ներս մտան, մեկը մտավ խոհանոց, Հասմիկը տոլմա էր փաթաթում։ Մոտ մեկ ժամ չորս ոստիկաններ տունը տակն ու վրա արեցին։ Արտյոմը, բազմոցին նստած, հետևում էր նրանց գործողություններին, երբեմն էլ հումորով դիտողություններ անում։
— Ապեր, այ, սեղանի է՜ն ոտի տակը չնայեցիր, էնտեղ էլ նայիր։
Ի վերջո, ոստիկանները իրենց մայորի հետ դատարկաձեռն հեռացան։ Արտյոմը մտավ խոհանոց։
— Հաս, փաթեթն էդ ի՞նչ էիր արել։
— Այստեղ է,- տոլմայի մսի խճողակը ցույց տվեց Հասմիկն ու գդալով խառնեց խճողակը, տակից հանեց դարչնագույն փաթեթը։
— Սա ի՞նչ է:
— Դե․․․
— Փող է, չէ՞։
— Հա, <<օբշակի>> գումարն է, դա էին փնտրում։ Ինչ-որ մեկը լուրը տեղ է հասցրել, տանը կռիս կա։Դե․․․
Արտյոմը դուրս եկավ բակ, տաղավարում երկար նստած՝ ծխում էր։ Հասմիկը խոհանոցի պատուհանից հետևում էր նրան, չէր կարողանում հասկանալ, թե ո՞վ է այս մարդը, նա իր իմացած, իր մանկության Արտյոմը չէ, իր երազանքների Արտյոմը չէ, ո՞վ է, որ կարող է օրինակներ, մեջբերումներ անել մեծ փիլիսոփաներից, խոսել տիեզերական ու մարդկային բարձր արժեքներից, ժամերով առանձնանալ, մեդիտացիայով մաքրել իր հոգին, անօգնական չթողնել իրեն պարզված ոչ մի ձեռք, բայցև՝ միևնույն ժամանակ գող լինել, կողոպտել մարդկանց, տներ թալանել, մարդ սպանել, կյանքը բերդում անցկացնել։
Արտյոմը հանկարծ նայեց պատուհանի կողմն, ու նրանց հայացքները հանդիպեցին, որտեղից որտեղ միտն եկավ Չարենցի տողը՝ Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով։ Ի՞նչ է կատարվում, տղամարդը անհանգստություն զգաց սրտում։ Այո, իր ներսում միշտ էլ եղել է երկու ԵՍ-ի պայքարը, կռիվը, բայց հիմա այն անտանելի չափերի է հասել, խեղդում է։ Եվ ընդհանրապես, լուսավորը փնտրելու ճանապարհին ինչու՞ գնաց, դեմ առավ կանաչ, փայլփլուն ջրամամուռով ծածկված ճահճին, ինչու՞, ինչո՞վ կախարդեց իրեն այդ ջրամամուռն ու քաշեց իրեն ճահճի խորքերը։ Ահա, զգում է, որ խեղդվում է, ճահճաջուրն արդեն անտանելի է դարձել, բերանն է լցվում, ու՞ր է այն ճյուղը, որից կարելի է բռնել, դուրս սողալ ճահճից, մինչ անողոք ճահիճը քաշում ու քաշում է իրեն, տանում իր անտակ ծոցը։ Գնա՞լ ընդառաջ ճահճին, դառնա՞լ ճահճի թագավոր, միապետ, թե՞ այս վերջին պահին մի ճյուղի ձեռք գցել, չկորցնել վերջին հնարավորությունը։ Բայց ու՞ր է ճյուղը։ Հասիկո՞ն, այս կի՞նը։ Արտյոմը ցնցվեց այդ մտքից։ Դեռ շատ տարիներ առաջ, ինքը բացառեց կնոջ դերն իր կյանքում, բայց կինը չի թողնում, կինը եկավ, գտավ իրեն ու, որպես փրկարար ճյուղ, պարզվել է դեպի իրեն, ասում է՝ արի, բռնվիր ինձանից, մի վախեցիր, մի նայիր իմ բարակությանը, ես քեզ կհանեմ, կպոկեմ ճահճից, ես ուժեղ եմ, այ, կտեսնես, վստահիր ինձ։ Նորից նայեց պատուհանի կողմը, խոնավ աչքերը մշուշվեցին, ոչինչ չտեսան։ Գլուխը թափ տվեց մտքերից, նորից նայեց։ Կինն այնտեղ չէր, հեռացել էր։
Երեկոյան սեղանին դրված հեռախոսին զանգ եկավ։ Ըստ սովորության, Արտյոմը չվերցրեց այն, մեկ շաբաթ առաջ իր մոտ եկած տղաներից մեկը միացրեց հեռախոսը։
— Ծյոմ, լսու՞մ ես,- հարցրեց տղամարդու խռպոտ ձայնը։
— Լսում եմ, Քըստ, ասա։
— Ռուսաստանից հյուրեր ունենք, ուզում են քեզ տեսնել։
— Ի՞նչ կա։
— Դե, էս վերջին քաղաքական դեպքերի հետ կապված, տղեքին, որ ձերբակալել են, շուտով զոն են տանելու, հարկավոր է զոնում զգուշացնել, որ տղեքին նեղություն չտան։
— Եկեք,- մռայլ նետեց Արտյոմը։
Արդեն մթնել էր, երբ հյուրերը եկան։ Երկուսը հայազգի ռուսաստանաբնակ քրեական հեղինակություններ էին, մեկը՝ <<օրենքով գող>> Սըլեն, նրանց ուղեկցում էր Հայաստանում <<օրենքով գող>> Քըստը։ Արտյոմը ողջագուրվեց եկողների հետ, հրավիրեց նստելու։ Եկողները ներկայացրեցին իրենց գալու նպատակ, ցանկությունը, որ Հայաստանի գողական աշխարհը լուր ուղարկի բոլոր կալանավայրերում իրենց մարդկանց՝ քաղաքական անհնազանդության բունտ կազմակերպած, կալանավորած տղաներին նեղություն չտան, լավ նայեն, քանի որ նրանց պայքարն արդար է, իշխանությունների դեմ է, որոնք երկիրը հասցրել են ծայրագույն վատ վիճակի։ Արտյոմը լուռ լսում էր եկածների բացատրություններն ու հիմնավորումները։
— Մի խոսքով, տղերքին պետք ա <<պադերժկա>> լինել,- իրենց խոսքն ավարտեցին նրանք։
Լռեցին, հարցական սպասում էին Ծյոմի խոսքին։
— Դուք գիտեք, չէ՞, ու՞ր եք եկել, ու՞մ մոտ, և դու նույնպես, Քըստ։
Ներկաները զարմացած իրար նայեցին։
— Այդ ի՞նչ հարց էր, Ծյոմ։
— Դե, քանի որ գիտեք՝ ուր եք եկել, ուրեմն, գիտեք նաև, որ ես <<օրենքով գող>> եմ, իսկ <<օրենքով գողը>> իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, դա իր տարածքը չէ։
— Հա, բայց տղերքը սխալ բան չեն արել, նրանք, որպես մահապարտներ, գնացել են էդ քայլին՝ հանուն ժողովրդի, հանուն երկրի բարգավաճման։
— Նորից եմ կրկնում՝ գողը իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, պետության գործերին։
— Ծյոմ, դու ճիշտ ես, քեզ հասկանում եմ, ես էլ ոչ պակաս գիտեմ գողական օրենքները, բայց հասկացիր, ժամանակները փոխվել են, հիմա կան նաև չգրված օրենքներ, հիմա ո՞վ ա հետևում, պահում հին օրենքները, հիմա գողակականները երկիր են ղեկավարում, պատերազմի ելք են որոշում, իրենցը թելադրում, լավ ու վատ անում,- հակադարձեց հյուրը։
— Ես, ես եմ պահում,- ձեռքը կրծքին դրեց Ծյոմը,- ես դեմ եմ, որ գողը զենք կրի, շռայլություններ թույլ տա, խառնվի պետության գործերին, գողը պետությանը դեմ մարդ է, այսօրվա ընդդիմադիրը վաղը իշխանավոր է դառնալու, հասկանու՞մ եք, դառնալու է նույն իշխանավորը ու ինքն էլ մեզ՝ գողերիս բռնելու է։ Մի խոսքով՝ գողը չպետք է համագործակցի ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ հեղափոխականների հետ։
Քիչ լռելուց հետո շարունակեց․
— Հետո մի այսպիսի հարց էլ կա․ ասում եք, որ տղերքը իշխանափոխություն են ուզում, նրանց գործն արդար է, իսկ մենք չգիտենք, թե ինչպիսի՞ հակափաստարկներ ունի իշխանությունը, պետությունը։ Նրանք չեն դիմել մեզ, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, մենք չենք լսել երկու կողմերին, էլ ինչպե՞ս, այդ ո՞վ է որոշել, որ տղերքի գործն արդար է։ Այ, երբ դիմեին, լսեինք երկու կողմերի բերած փաստարկները, հիմքերը, <<սխոդկա>> կանեինք, կորոշվեր արդարը։ Նրանք մեր տարածք չեն մտել, մեզ չեն դիմել, չեն հարցրել, ուրեմն՝ իրենց հարցերը թող իրենք էլ լուծեն։ Քըստ, չեմ հասկանում, ի՞նչ կա մտքիդ,- նա դարձավ Քըստին,- էս հաստատ քո պլանն է, ու ասեմ, որ սխալ, կասկածելի, մեր օրենքներին դեմ պլան է։
Հանկարծ արագ ներս մտավ Սաքոն ու շշնջաց Արտյոմի ականջին։
— Դարպասի մոտ ոստիկանության երկու մեքենա կանգնեցին։
Համարյա նույն պահին էլ զանգ եկավ սեղանին դրված հեռախոսին։ Արտյոմը նայեց համարին, գլխով արեց Սաքոյին։
— Միացրու։
— Արտյոմ,- սենյակում տարածվեց տղամարդու խրոխտ ձայնը, գնդապետի ձայնն էր,- Արտյոմ, էդ հյուրերիդ ասա, որ մինչև կեսգիշեր ժամանակ ունեն՝ մեր հանրապետության սահմանները թողնելու համար, հակառակ դեպքում՝ կձերբակալվեն, ամենախիստ պատիժը կկրեն՝ մեր երկրի ներքին գործերին խառնվելու համար։ Դուք պետության հե՞տ եք ուզում խաղի մեջ մտնել։
Հեռախոսը անջատվեց։ Լարված լռություն տիրեց։ Արտյոմը նայեց Սաքոյին։
— Դրսում հարիֆներից ո՞վ կա, կանչիր այստեղ բոլորին։
Երեք տղաներ շարվեցին դռան մոտ։ Կռիսը սրանցից մեկն է, մտածեց նա ու ուշադիր զննեց շարվածների դեմքերը։ Մեկ շաբաթ առաջ այստեղ եկածը փախցրեց աչքերը։
— Մոտ արի,- մատով նրան կանչեց Արտյոմը։
Տղան գունատվեց։
— Հեռախոսդ դիր սեղանին։
Արտյոմը նկատեց, որ հեռախոսը դնելիս, տղայի ձեռքը դողում էր, նորից դարձավ Սաքոյին։
— Սաքո, ստուգիր, ունի՞ ուրիշ հեռախոս։
Սաքոն տղայի գրպանից հանեց, սեղանին դրեց երկրորդ հեռախոսը։ Արտյոմը ստուգեց մուտք ու ելք եղած զանգերը, հեռախոսը գցեց սեղանին։
— Պարզ է, սա է կռիսը։
Հանկարծ տղան չոքեց տեղում։
— Քերոբ, ներիր, ներիր, ես ամեն ինչ կպատմեմ, խնդրում եմ, Քերոբ, ներիր։
Արտյոմը չնայեց հեկեկացող տղայի կողմը, ատամների արանքից խուլ նետեց․
— Սաքո, հեռացրեք կռիսին։
Տղայի թևատակերից քաշ տալով, դուրս տարան։
Լարված լռությունը շարունակվում էր։ Ռուսաստանցի օրենքով գողը՝ Սըլեն, վեր կացավ։
— Դե, մենք այստեղ անելիք այլևս չունենք, երկու ժամից Մոսկվա թռիչք կա, գնացինք, ամեն ինչ պարզ ա։
Արդեն մեքենայի մեջ Քըստը դիմեց մյուսներին․
— Ասում էի, չէ՞, որ Ծյոմի մասին հակասող խոսակցություններ են պտտվում,- տեսնելով, որ մյուսները լուռ են, շարունակեց,- չէ՛, էս հարցը էսպես թողնել չի կարելի, հարկավոր է Ծյոմի հարցը դնել, տեսնենք <<սխոդկայի>> ժամանակ ի՞նչ կասեն։
— Հը՛մ,- քմծիծաղեց եկածներից մյուսը։
Հյուրանոցի մոտ, երբ մեքենայից իջան, Սըլեն դարձավ Քըստին։
— Ավելորդ քայլեր չանեք, Ծյոմը ճիշտ գող ա, էդ բամբասանքներին էլ վերջ տվեք։
— Ես չեմ որոշողը, ես ի՞նչ,- ուսերը վեր քաշեց Քըստը, բայց Սըլեի աչքից չվրիպեց վերջինիս տրամադրվածությունը։
— Քըստ, Ծյոմի գլխից հանկարծ մազ չպակասի։
7.
Քըստը արդեն մի քանի օր էր, ինչ իր տեղը չէր գտնում։ Ծյոմը գլխից դուրս չէր գալիս։ Չէր կարողանում հասկանալ, ինչու՞ է ինքը խեղճանում Ծյոմի առաջ, ինչու՞ է միշտ վերջին խոսքը Ծյոմն ասում, իրեն էլ սխալ հանում, և ընդհանրապես, ո՞վ է Ծյոմը, էդ քնձռոտ հավաբնի ծնունդը, որ ինքը պիտի լինի որոշողը, իսկ Քըստը պետք է ենթարկվի նրա որոշմանը։ Այդ ինչպե՞ս է, որ երբեք ուրիշները չէին կարողանում իմանալ նրա մտքերը, հաջորդ քայլը: Ծյոմը կարողանում է կանխատեսել իրադարձությունները, անմիջապես ըմբռնում է շուրջը կատարվածը և կանխագուշակում, թե դա ինչի կհասցնի: Իսկ ինքը՞։ Նորից լցրեց կոնյակի բաժակը, կում արեց։ Չէ, այդպես չի կարող շարունակվել, կամ՝ ինքը, կամ՝ Ծյոմը։ Վերջնական որոշում ընդունած մարդու վճռականությամբ, ձայն տվեց միջանցքում կանգնած տղային։
— Կանչիր էստեղ Աշոտիկին։
Աշոտիկը, որպես թաղային հեղինակություն, մեծացել էր Քըստի ձեռքի տակ։ Նրա համար Քըստը Պապա էր, որ հանգիստ կարող էր ասել՝ գնա, մեռի, ու Աշոտիկը, առանց հարցեր տալու, կգնար մեռնելու։ Քառասուն տարեկան, բավականին տեսքով, ճարպիկ տղամարդ էր, երկու անգամ դատվել էր գողության, մեկ անգամ՝ սպանության փորձի համար։ Գաղութում իրեն արժանապատիվ էր պահել։ Քըստը վստահում էր նրան, բացի այդ, դուր էր գալիս այդ տղայի իրեն անվերապահ ենթարկվելը, շան հավատարմությունը ։
Երբ Աշոտիկը եկավ, Քըստը նստած էր նույն դիրքով՝ կոնյակի բաժակը ձեռքին։
— Նստիր,- նետեց տանտերն, ու եկողը հասկացավ, որ գործը լուրջ է։
— Թագադրվելու մտքից հետ չես կանգնե՞լ,- սևեռուն նրան նայեց Քըստը։
— Չէ,- եղավ կարճ պատասխանը։
— Աշոտիկ,- Քըստը ծոր տվեց ասելիքը,- էդ գործն սկսելու լավ ժամանակն է, բայց․․․
— Ի՞նչ բայց,- չհամբերեց դիմացինը։
— Բայց մեկը կարող ա խանգարել։
-Ո՞վ ա էդ մեկը։
Քըստը չէր շտապում պատասխանել, կոնյակով բաժակը պտտեցրեց ձեռքում։
— Ո՞վ ա,- նորից կրկնեց Աշոտիկը։
— Ծյոմը,- բաժակը սեղանին դրեց Քըստը,- Ծյոմն ա, նա քեզ կխանգարի։
Աշոտիկը մի պահ չգիտեր, ինչ ասել։
— Ստույգ պատճառ կա՞ էդպես մտածելու։
— Կա,- էլի խոսքը ծոր տվեց Քըստն ու սկսեց հիշեցնել, թե մի քանի ամիս առաջ, երբ հավաքվել էին մի կտոր հաց ուտելու, ինքը գովեստի խոսքերով ներկայացրեց Աշոտիկին, բայց Ծյոմը վերջինիս չկանչեց իրենց հետ, իրենց սեղանին նստելու, և երբ խմած Աշոտիկը սկսեց քաշքշել էն աղջկան, Ծյոմն իր թուլեքին հանձնարարեց՝ Աշոտիկից մաքրել օդը։
— Ծյոմը հիշաչար մարդ ա, նա քեզ սկզբից չսիրեց, մոռացի թագադրվելու մասին։
Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին, բայց փորձառու, խորամանկ գողը, հայացքը պատուհանից դուրս, ներքուստ անհանգիստ, սպասում էր դիմացինի արձագանքին, որ նա՛ լինի խոսողը։
— Ի՞նչ ես առաջարկում,- խոսեց Աշոտիկը։
— Ես առաջարկություն չունեմ,- նկատելի կեղծ անմեղությամբ ուսերը վեր քաշեց Քըստը,- քո ցանկությունն ա, կամ պիտի հասնես նպատակիդ, կամ ձեռ քաշես, ես չեմ որոշողը։
Աշոտիկը շարունակում էր լուռ նայել անորոշ կետի։
— Գնա, ախպերս, մտածի, գցի-բռնի, վերջնական որոշման արի։
— Ես վերջնական որոշել եմ, պետք է թագադրվեմ,- քիչ անց հաստատուն ասաց Աշոտիկը,- ասա, ի՞նչ պետք ա անեմ, ոնց ասես, էնպես կլինի։
— Լավ,- միանգամից աշխուժացավ գողն ու լցրեց բաժակները,- ուրեմն՝ խմենք քո գործի հաջողության կենացը։
Կեսգիշեր էր, որ Աշոտիկը դուրս եկավ Քըստի տանից։ Նստեց մեքենայի մեջ, հենվեց ղեկին, աչքի առաջ եկան Ծյոմն ու իրենց որոշած պլանը։
— Հաշվենք, որ Ծյոմի հարցերը լուծված են, գնում եմ Թիֆլիս,- ինքնագոհ ասաց բարձրաձայն, ու մեքենան տեղից պոկվեց։
Ամառային պայծառ օր էր, արևը ժպտում էր, թռչունները առավոտվա իրենց ծլվլոցն էին գցել բակով մեկ։ Արտյոմը մտավ խոհանոց։
— Հաս, նայիր, սա մորս մատանին է,- անսովոր աշխուժությամբ ցույց տվեց ձեռքին բռնած կարմիր, մեծ քարով գեղեցիկ մատանին,- գողացված չէ, մորս նշանի մատանին է, պահել էր այն երազանքով, որ մի օր ես էլ հարսնացու կունենամ, ու նա սիրով մատանին կհագցնի իր հարսի մատը։ Խնդրում եմ, հիմա վերցրու, հագիր մատանին, ինձ շատ շտապ գործով տեղ կանչեցին, կվերադառնամ, երկար խոսելու, որոշելու բան ունենք։
Ասաց, վերցրեց կնոջ ձեռքը, մատանին հագցրեց մատին ու դուրս եկավ։ Հասմիկն անակնկալից երկար ժամանակ ուշքի չէր գալիս, անսպասելի հուզմունքից չգիտեր, ի՞նչ անել, ինչի՞ց սկսել, ի վերջո՝ նստեց, նախ մի կուշտ լաց եղավ, հետո երկար նայեց մատի մատանուն, ժպտաց, ծիծաղեց ինքն իրեն։
— Երեսուն տարի այս պահին սպասելուց հետո, 50 տարեկանում հարսնացու էլ դարձա, չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ։
Հետո արագ վեր կացավ, անցավ խոհանոցային իր գործերին, հիշեց, որ կաթը վերջացել է, պետք է գնա, մեկ փողոց այն կողմում գտնվող եզդու տանից թարմ կաթ բերի, Արտյոմը խանութից գնված կաթը չէր խմում։
Արտյոմը համարյա չէր լսում հավաքվածների զրույցը, ոչ էլ խմելու ցանկություն ուներ, շտապում էր՝ ժամ առաջ տուն գնալ, Հասմիկին պատմեր իր պլանի մասին։ Վերջապես խոսեր իր սիրուց, երկար տարիների իր չխամրող զգացմունքից, ասեր, որ վերջնական որոշել է՝ ընկերներին տեղյակ կպահի իր որոշմանը, կհրաժարվի իր ունեցած ամեն ինչից, անունից էլ, փառքից էլ, դավանած օրենքներից էլ ու Հասմիկի հետ կհեռանան երկրից, կգնան մի խուլ վայր, ընտանիք կդառնան։ Գուցե նույնիսկ Հասմիկը որոշի որդի՞ պարգևել իրեն, ի՞նչ կա, արտասահմանում շատ կանայք են այդ տարիքում երեխա ունենում, այսօր դա խնդիր չէ։ Դե լավ, պարտադիր չէ, որ անպայման որդի լինի, թող աղջիկ լինի, ավելի լավ, մոր անունը կդնի վրան։ Տիեզերքում եղած իրենց տունը կտեղափոխեն այստեղ՝ Երկիր մոլորակ։ Այ, հիմա կհասնի տուն ու ․․․․
8.
Տաքսին թեքվեց, մտավ իրենց փողոց։ Դեռ հեռվից նկատեց, որ Հասիկոն, երեք լիտրանոց բանկայով կաթը ձեռքին, մոտենում էր տան դարպասին։ Արևի շողն ընկել էր բանկան բռնած նրա ձեռքին, ու մատին շողարձակում էր կարմիր քարով մատանին։ Արտյոմի սիրտը խլրտաց՝ Հասիկոյի մատին իր մոր նշանի մատանին էր փայլում։ Կանգնեցրեց տաքսին, գումարը տվեց վարորդին ու լայն ժպիտով գնաց դեպի Հասմիկը։ Հանկարծ փողոցի անկյունից բարձր արագությամբ դուրս թռավ մի մոտոցիկլ և ուղիղ նրանց վրա էր գալիս։ Արտյոմը հասցրեց նկատել, որ մոտոցիկլի վրայի մարդը դիմակով է, արագ Հասիկոյին քաշեց դեպի իրեն, նույն պահին էլ անցնող մոտոցիկլից կրակոց արձակվեց։ Կաթի բանկան ցխվեց, ու Արտյոմի աչքն ընկավ, որ Հասիկոյի փեշից իջնող կաթի մի շերտը կարմիր գույն առավ։ Նույն պահին էլ արձակվեց երկրորդ կրակոցը։ Արտյոմն զգաց, որ ծնկները ծալվեցին, բայց Հասիկոյին գրկից բաց չթողեց։ Արդեն գետնին էր, աչքն ընկավ երկնի կապույտ պատառիկին, որտեղ իր տունն էր, պարտեզում խաղացող երկու երեխաները դեպի իրեն վազեցին ու ձեռքով արեցին։
— Գալի՜ս ենք․․․երկուսով գալիս ենք,- երեխաներին ձեռքով արեց Արտյոմը։
9.
Գնդապետ Ռուբիկ Եղոյանը առավոտից անհանգիստ էր, ինքն էլ չէր հասկանում, թե ինչու՞։ Որոշեց տուն գնալ, քիչ հանգստանալ։ Զանգեց կնոջը, որ հարցնի՝ ի՞նչ է պետք խանութից բերել։
— Լսեցի՞ր,- առանց իր հարցին պատասխանելու, անհանգիստ ասաց կինը,- ռադիոն հայտարարեց, որ քիչ առաջ իր տան դարպասի մոտ Արտյոմին են սպանել։
Գնդապետը ցնցվեց, զգաց, որ ղեկը փախչում է ձեռքից։ Մեքենան կանգնեցրեց, գլուխը դրեց ղեկին։
Քիչ հետո մեքենայի դիմապակու վրա թակոց լսեց, ծանրացած գլուխը մի կերպ բարձրացրեց։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցն էր։
— Պարոն գնդապետ, ի՞նչ է պատահել, Ձեզ վա՞տ եք զգում, ինչո՞վ կարող եմ օգնել։
Գնդապետն իջավ ավտոմեքենայից, նստեց Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, դիմեց ոստիկանին։
— Քշիր Շենգավիթ, Ծյոմենց տուն։
10.
Մեկ տարի անց։
— Պարոն գնդապետ, կարելի՞ է։
— Ներս եկ,- առջևում դրված գրություններից գլուխը բարձրացրեց Ռուբիկ Եղոյանը,- նստիր, ի՞նչ կա։
— Կարևոր ինֆորմացիա եմ ստացել, պարոն գնդապետ։
— Լսում եմ, Մեսրոպյան։
— Քիչ առաջ մեր մարդը հաղորդեց, որ երեկ Ծաղկաձորում քրեական հեղինակությունների հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած <<օրենքով գողեր>> Սըլեն, Արմենչոն։ Հավաքի ժամանակ Քըստը խոսք է գցել, որ հայաստանյան հեղինակություն Աշոտիկին առաջիկայում թագադրեն, բայց Սըլեն միանգամից դեմ է եղել, ասել է՝ դա ո՞վ է, ամեն քուչի ջեբկիրի <<օրենքով գող>> չեն թագադրի։ Ասում են՝ իբրև մեկը Սըլեի ականջին է հասցրել, որ Աշոտիկի ինչ-որ կատարած ծառայության դիմաց է Քըստը վիզ դրած, ցանկանում նրան գող կարգել, բացի այդ, Քըստի հիմիկվա քշած սև մերսեդեսը Աշոտիկի նվերն է։ Ի դեպ՝ ասում են, որ ժամանակին Ծյոմն էլ Աշոտիկին լավ աչքով չի նայել։ Այնպես որ, հիմա Աշոտիկը նեղացած է Քըստից, որ չի կարողանում իր խոստումը կատարել, մերսեդեսը հետ է ուզում, Քըստն էլ նրան երեք մատի կոմբինացիա է ցույց տվել, հիմա դրանք իրար են ուտում։ Ասում են՝ Սըլեն էլ շատ խիստ է խոսել Քըստի հետ։
Գնդապետը մտքերի մեջ ընկավ՝ այդ ո՞ր կատարած ծառայության համար է Քըստը ցանկացել վարձահատույց լինել։
— Լավ, ուրեմն այսպես, Մեսրոպյան, գնում ես ու խիստ հսկողություն սահմանում և՛ Քըստի, և՛ Աշոտիկի վրա, հսկողություն դնում նրանց տների մոտ։ Հավաքիր տղաներին, արագ կազմակերպեք, ինչ-որ պայթյունի հոտ եմ առնում։ Ռուբիկ Եղոյանի միտքը ինքնաբերաբար գնաց դեպի Արտյոմի սպանությունը։
11.
Ռուսաստանցի օրենքով գող Սըլեն Երևանում էր ծնվել, մեծացել, քաջածանոթ էր երևանյան հոգեբանությանն ու հատկապես, գողական աշխարհի անց ու դարձին։ Ծյոմի սպանությունը խառը մտքերի տեղիք էր տվել։ Նա չէր մոռացել Ծյոմի հետ վերջին հանդիպումը, որից հետո անվստահությամբ էր լցվել Քըստի նկատմամբ, որքան էլ՝ վերջինս երդվում էր, որ այդ սպանությունից տեղյակ չէ։ Այս անգամ Սըլեն չէր շտապում Մոսկվա վերադառնալ։ Զանգեց Չարբախցի Ալիկին, պայմանավորվեցին հանդիպել։ Ալիկի համար էլ մեծ ցավ էր Ծյոմի սպանությունը, չէր կարողանում համակերպվել այդ մտքին։ Ո՞վ կարող էր դա անել, ու՞մ էր ցավեցրել Ծյոմը։ Բնականաբար անողը հենց իրենց միջից էր, իրենց շրջապատից, ում խանգարում էր Ծյոմի միանշանակ ընդունվելն ու հեղինակությունը, ունեցած հարգանքը։ Երկու <<օրենքով գողեր>> երկար, տարբեր կողմերից մի քանի անգամ արդեն քննարկել էին այդ հարցը, երկուսի կասկածներն էլ տանում էին դեպի Քըստը։
— Ալիկ, ինչու՞ ա Քըստը վիզ դրել Աշոտիկի համար, հարկավոր է պարզել։ Աշոտիկին երգացնելու մի հնար մտածիր։
12.
Մի քանի օր ոստիկանության աշխատողները հետևում էին Քըստի ու Աշոտիկի շարժին, բայց առանձնապես աչքի ընկնող որևէ գրանցում չէր կատարվել։
— Պարոն գնդապետ, կարելի՞ է։
— Ներս եկ, Մարտիրոսյան,- պատասխանեց Ռուբիկ Եղոյանը։
— Պարոն գնդապետ, մեկ ժամ առաջ մայրուղու վրա քրեական հեղինակություն Աշոտիկի մեքենան բախվել է բեռնատարին։ Մեքենայի ղեկին գտնվող Աշոտիկը մահացել է, հենց տեղում էլ պարզվել է, որ մեքենայի արգելակները ինչ-որ մեկի միջամտության շնորհիվ, չեն աշխատել։
— Այո՜,- ծոր տվեց գնդապետը,- դեպքը այնքան էլ անսպասելի չէ։
— Երեկ Աշոտիկը այս կնոջ հետ հինգը ժամ գտնվելիս է եղել Դիլիջանի հանգստյան տներից մեկում,- ավելացրեց Մեսրոպյանն ու գնդապետի սեղանին դրեց նկարներ, որտեղ Աշոտիկն էր՝ մի կնոջ հետ։
— Ո՞վ է այս կինը,- երկար նայելուց հետո հարցրեց գնդապետը,- իմացեք ո՞վ է, որտե՞ղ է ապրում։
Քիչ հետո Մեսրոպյանը նորից մտավ գնդապետի մոտ։
— Կենտրոնում մասնավոր բժշկական կլինիկայի տնօրենն է՝ Արաքսյա Պապոյանը։
13.
Բժշկական կլինիկայի տնօրենի դռան մոտ մարդիկ նստած՝ իրենց հերթին էին սպասում։ Գնդապետ Եղոյանը նստեց եղած ազատ աթոռին։ Իր հերթը հասավ, մտավ ներս, հարգալից բարևեց։
— Խնդրեմ, համեցեք, նստեք,- նրան դիմեց երիտասարդ, բավականին հաճելի տնօրենը, բժշկուհի Արաքսյան,- լսում եմ Ձեզ։
Գնդապետը անշտապ հանեց վկայականը, ներկայացավ։
Բժշկուհու դեմքը մթնեց։
— Ես Ձեզ մի քանի հարց ունեմ՝ կապված երեկ, ավտովթարից մահացած Աշոտ Սիմոնյանի հետ։
Նկատելով կնոջ հանկարծակի շփոթված վիճակը, շարունակեց․
— Ես Ձեզ խոստանում եմ՝ այս խոսակցությունը կմնա մեր մեջ, ոչ ոք երբևէ չի իմանա այս մասին, ես Ձեզ մոտ եմ եկել ուղղակի, որպես հերթական մի հիվանդ,- և նրա սեղանին դրեց նախորդ օրը Մեսրոպյանի բերած լուսանկարները։
Րոպեներ պահանջվեցին, որ բժշկուհին հավաքեր իրեն, ուշքի գար։
ԲԺՇԿՈՒՀԻ ԱՐԱՔՍՅԱ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Աշոտի հետ ծանոթացել եմ երկու տարի առաջ։ Ամուսինս, որ ստեղծել, հիմնադրել էր այս կլինիկան, նոր էր մահացել։ Ես, երկու փոքրիկներիս հետ, ինձ կորցրել էի, իսկ կային մարդիկ, որ օգտվելով իմ վիճակից, ցանկանում էին կլինիկային տեր դառնալ։ Աշոտի հետ ինձ ծանոթացրեց իմ մի բարեկամը, ասաց, որ այս մարդը կօգնի, որ գործերը կարգավորեմ, կլինիկան չկորցնեմ։ Սկզբում տարակուսում էի, իմանալով Աշոտի ով լինելը, քանի որ նախկինում ես երբևէ չէի շփվել քրեական միջավայրից որևէ մեկի հետ, պատկերացում անգամ չունեի, թե ի՞նչ մարդիկ են նրանք։ Բայց այդ պահին ինձ մեկնված օգնող ձեռքը միայն նա էր, ես այլընտրանք չունեի։ Աշոտը օգնեց, որ փակեի կլինիկայի վրա հավաքված գումարային պարտքը, միջամտեց, որ կլինիկան խլել, իրենցով անողները մի կողմ քաշվեն, ինձ հանգիստ թողնեն։ Քիչ-քիչ ուշքի եկա։ Սկզբում Աշոտի հետ հազվադեպ էինք առանձին հանդիպում, կարելի է ասել, որ հետո էլ առանձնապես հաճախ չենք հանդիպել։ Նա բավական նրբանկատ մարդ էր, խուսափում էր այստեղ, կլինիկայում երևալ, զգուշանում էր, որ իմ անվան վրա ստվեր չընկնի։ Հիմնականում հանդիպում էինք, երբ նա մի բանից դժգոհ կամ նեղված էր լինում։ Ասում էր, որ իր վրա դրական է ազդում իմ ներկայությունը, հանդիմանանքներս լսում էր լուռ կամ չէր պատասխանում, կամ ժպտում էր, թե՝ հա, նկատի կունենամ։ Այո, մի քանի օր առաջ միասին եղել ենք Դիլիջանում։ Շատ անտրամադիր էր, նեղված։ Սկզբում ոչինչ չէր խոսում։ Կոնյակ պատվիրեց, զգուշացրեցի, որ շատ է խմում, մենք դեռ քաղաք պետք է վերադառնանք, ձեռքը թափ տվեց, ասաց, որ զգացողություն ունի, որ իրեն քիչ կյանք է մնացել ապրելու, պիտի խմի։ Բնավորությունն իմանալով, խուսափեցի հարցեր տալուց, բայց ինքն սկսեց խոսել։ Այդ օրը առաջին անգամ նա պատմեց իր մանկությունից, թե ինչպես էր երազել բժիշկ դառնալ, մարդկանց կյանքը փրկել, քանի որ մայրը մահացել էր բժշկի սխալի հետևանքով։ Հիշեց մորը, իր հետ կապված մոր երազանքները, որոնք այդպես էլ չիրականացան, ինքը դարձավ ոչ թե մարդկանց կյանք փրկող, այլ՝ կործանող, դարձավ մարդասպան։ Մի քանի դեպքեր հիշեց, հետո հիշեց ինչ-որ Ծյոմի, որի սպանության <<զակազը>> Քըստից ստանալով, քիլլեր էր վարձել Վրաստանից, Ծյոմին սպանել տվել, որովհետև այդպես էր պետք Քըստին, որովհետև Ծյոմը խանգարում էր Քըստի հեղինակությանն ու խնդիրներին։ Ու այսօր հասկացել է, որ ինքը ընդամենը գործիք է եղել Քըստի ձեռքին, վերջինս օգտագործել է իրեն, որ Քըստի դարդը իրեն թագադրելը չի եղել։ Անընդհատ կրկնում էր, որ սիրտը շատ վատ բան է վկայում։ Հասկանալի է, սիրտ էի տալիս նրան, բայց ես էլ էի խիստ անհանգիստ, որովհետև երբեք նրան չէի տեսել այդ վիճակում։ Եվ ահա, մեկ օր անց, լսում եմ այդ վթարի մասին, որ Աշոտը արդեն չկա, որ մեքենայի արգելակները կտրված են եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել այդ վթարը։ Ես հասկացա, որ ինչ-որ մեկին պետք է եղել, որ Աշոտը կենդանի չլինի, մահանա։
Գնդապետը մեկ անգամ նորից հավաստիացրեց կնոջը, որ իրենց հանդիպումը կմնա երկուսի մեջ ու դուրս եկավ։
14․
Քրեական հեղինակություն Աշոտիկի թաղմանը մեծ բազմություն էր հավաքվել։ Ոստիկանությունում որոշվում էր, թե ե՞րբ կարելի է կայծակնային արագությամբ գործողություն սկսել հավաքված հեղինակությունների նկատմամբ, բերման ենթարկել։ Ի վերջո, որոշվեց։ Հենց գերեզմանատան մուտքի մոտ, ձերբակալվեցին մի քանի մարդիկ, որոնց մեջ էին նաև Սըլեն, Չարբախցի Ալիկն ու Քըստը։
Արդեն ոստիկանական բաժնում գնդապետ Եղոյանը երեկոյան Սըլեին մի քանի հարց տալուց հետո ասաց։
— Դու ՌԴ-ի քաղաքացի ես, մեկ օր ժամանակ, որ թողնես Հայաստանի սահմանները։
Երբ Սըլեն մոտեցավ դռանը՝ դուրս գալու, գնդապետը կանգնեցրեց նրան։
— Ի դեպ՝ Քըստի հանձնարարությամբ Աշոտիկն է կազմակերպել Ծյոմի սպանությունը, որի համար էլ, որպես վկա, նա հատուցեց իր կյանքով։
Սըլեի դեմքը սևացավ, նա մի քայլ հետ եկավ։
— Գնդապետ։
— Քըստը կպատժվի օրենքով։
Գնդապետն ու օրենքով գողը երկար ու սևեռուն իրար աչքերի մեջ նայեցին։
— Արտյոմն իմ մանկության ընկերն էր,- շշուկով ասաց գնդապետ Ռուբիկ Եղոյանն ու իջեցրեց գլուխը, որ դիմացինը չնկատի իր թաց աչքերը։

Մելանյա Պետրոսյանց

ԾԵՐ ԳՈՂՆ Ու ՍԵՐԸ

(«ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» շարքից)
Մի կերպ հասավ քաղաքային այգուն, իրեն գցեց առաջին իսկ պատահած դատարկ նստարանին: Ցավացող ոտքից հանեց կոշիկը, սկսեց տրորել կարմրած, ցավից մղկտացող ոտքի ճկույթը:
— Ասա, թե ո՞վ էր քեզ ստիպում, որ նոր առած կոշիկը հագնեիր, դուրս գայիր քայլելու, էդ ու՞մ էիր ուզում ցուցադրվել, այ անխելք կնիկ, մոռացե՞լ ես՝ յոթանասունն անց ես արդեն,- կիսաձայն ինքն իրեն հանդիմանեց ու շարունակեց տրորել մատը:
Հանկարծ դեմքին ընկած ստվերից բարձրացրեց գլուխը: 80-ին մոտ, սպիտակահեր, խոժոռ դեմքով, լավ պահպանված, թիկնեղ, խիստ ճաշակով հագնված մի տղամարդ էր:
Կինը անօգնական նայեց իր առջև կանգնած տղամարդուն ու դժգոհ, ինքն էլ չհասկանալով՝ ինչպես, դիմեց նրան:
— Նոր կոշիկը այնպես է ցավացրել ոտքս, հազիվ այստեղ հասա:
— Տվեք կոշիկը,- ասաց տղամարդն ու կնոջ ձեռքից վերցրեց այն:
Ձեռքի մեջ մատներով սկսեց տրորել ցավեցնող մասը:
— Հագեք,- կոշիկը պարզեց կնոջը:
Կինը հագավ, թույլ ժպտաց:
— Կարծես մի քիչ բացվեց:
— Տվեք,- նորից ձեռքը պարզեց տղամարդը:
Կինը նորից հանեց, պարզեց կոշիկը: Տղամարդը նորից սկսեց տրորել ցավեցնող մասը:
— Հիմա հագեք:
Կինը հագավ կոշիկը, թեթևացած շունչ քաշեց:
— Այ, արդեն ավելի լավ է, չի ցավեցնում:
Միայն հիմա ուշադիր նայեց անծանոթին:
— Դուք կոշկակա՞ր եք:
Տղամարդը մռայլ պատասխանեց:
— Ոչ, ես գող եմ:
— Գո՞ղ,- զարմացավ կինը:
— Այո, գող եմ, օրենքով գող, վախեցա՞ք:
Կինն ավելի զարմացավ:
— Ո՛չ, ինչու՞ պետք է վախենամ:
Տղամարդն զգաց, որ կինն իրոք, տարօրինակ չընդունեց իր ասածը:
— Իսկ դուք ի՞նչ եք գողանում:
Տղամարդը հայացքով չափեց ծառուղին, դարձավ կնոջը:
— Ամեն արժեքավոր բան:
Կինը նույնպես հայացքը պտտեցրեց դատարկ ծառուղով:
— Իսկ այս շղթան դուք կգողանա՞ք,- ցույց տվեց վզից կախված շղթայի մեդալիոնը:
Անծանոթը ուշադիր նայեց շղթային:
— Ոչ, այն շատ է սազում ձեր վզին:
Կնոջ դեմքի արտահայտությունն ասաց, որ իր մոտ գողանալու այլ արժեքավոր իր չկա: Անծանոթը թեթև ժպտաց:
— Կարելի՞ է նստել:
— Իհարկե, նստեք,- կինը քաշվեց մի կողմ, կողքին տեղ ազատեց:
— Իսկ ձեր ձեռքերի այդ դաջվածքները ի՞նչ են նշանակում,- հարցրեց կինը:
Տղամարդը մի պահ նայեց ձեռքերին, առաջ պարզեց նախ ձախ ձեռքը:
— Դե, սա հավերժության նշանն է, իսկ ձախ ձեռքիս վրայինը սարդ է, ինչն ասում է, որ ես գող եմ, մատիս վրայինը՝ թագ, նշանակում է…
— Նշանակում է, որ դուք թագավոր եք գողերի մեջ,- անծանոթին ընդհատեց կինը:
— Այոոոո,- ժպիտով հաստատեց գողը:
Հանկարծ տղամարդը ոտքի կանգնեց, խոնարհվեց կնոջն ու ներկայացավ.
— Ես Միքայելն եմ, Միքայել Սահակյան, բայց հանցագործ աշխարհում ինձ Բարոն են ասում:
— Մարիամ Սարգսյան, իսկ տանն ինձ տատիկ են ասում,- իր հերթին ներկայացավ կինը:
Երկուսն էլ ժպտացին: Տղամարդը նորից նստեց, կինը հարցրեց.
— Ինչու՞ Բարոն:
— Փոքր ժամանակ մայրս ինձ հագցրել է շատ կոկիկ ու ճաշակով, բակի մեծ տղաները ինձ սիրում էին, հեռվից տեսնելիս էլ բղավում էին՝ ողջույն մեր շենքի Բարոնին, էդպես էլ այդ անունը մնաց վրաս, մանավանդ, ողջ կյանքում շարունակեցի հագնվել ճաշակով, կոկիկ ու թանկ, որպես իսկական Բարոն:
— Պարզ է,- ծոր տվեց կինը:
Քիչ լռեցին: Հանկարծ Միքայելը նայեց ժամացույցին ու վեր կացավ:
— Դե, ես պետք է գնամ, Մարիամ, հաճելի էր Ձեզ հետ ծանոթությունը:
Դեռ մի քայլ էր արել, երբ հետևից լսեց կնոջ ձայնը:
— Բժիշկն ինձ հանձնարարել է, սրտի վիրահատությունից հետո, ամեն օր թարմ օդում լինել:
Ծերունին հետ նայեց, թվաց՝ այդ քնքուշ ձայնը նրան անցյալից եկավ:
Ծառուղու վերջում երևացին երկու տղամարդ, Միքայելը քայլեց նրանց կողմը
— Բարև, Կարո,- երկու տղամարդկանցից մեկին ձեռքով բարևեց ու հայացքով ցույց տվեց քիչ հեռու կանգնածին,- ի՞նչ կա, սա ո՞վ է:
Կարոն իր հետ եկածին գլխով մոտ կանչեց:
— Խնդիր կա, Քերոբ, քո միջամտության կարիքն ունենք,- Միքայելին դիմեց Կարոն,- ճիշտ կլինի, գնանք, աչքից հեռու այն նստարանին նստենք:
Միքայելը հետ նայեց, Մարիամը դանդաղ քայլերով դուրս էր գալիս այգուց:
— Կարո, դու գիտես, որ ես հանգստի եմ, ոչ մի բանի այլևս չեմ խառնվում, բայց քեզ կլսեմ, գնանք,- ասաց:
— Նախ ծանոթացիր, Քերոբ, Արամը մեր հարգված, վստահելի, արդար աշխատող, մեծ ընտանիք պահող ընկերներից է, մայրուղու վրա մի ոչ մեծ ռեստորան ունի, մարդը հինգ տարի առաջ մի փոքրիկ կառույցի քար ու քռա տարածքը գնել, մաքրել, բարեկարգել է, կառույցը մեծացրել, վերանորոգել, կարգի է բերել, գլուխը կախ, իր համար աշխատացնում է՝ նորմալ սպասարկումով, դժգոհ մարդ չկա, ահագին էլ վարկերի տակ է դեռ, ու հիմա հայտնվել է վերևներում լավ տանիք ունեցող մեկը, ուղղակի ստիպում է, որ ռեստորանը իր արժեքի գնի կեսից պակաս գնով, վաճառի իրեն, հակառակ դեպքում՝ ընդհանրապես կզրկվի ռեստորանից:
— Հասկացա,- հայացքը այգուց դուրս եկած, հեռվում դեռ երևացող կնոջից կտրեց Միքայելը,- հիմա ինձ ասեք՝ ո՞վ է հայտնված «գնորդը» և ո՞վ է նրա տանիքը:
Զրույցից հետո, երբ պարզ դարձավ, որ «գնորդի» տանիքը Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն է, ում հետ «գնորդը» դասընկեր է և մի քանի օբյեկտների համասեփականատեր, Միքայելը հրաժեշտ տվեց ու այգուց դուրս եկավ:
— Ասում էի, չէ՞, էս գործին ոստիկանություն-անվտանգություն խառնելը օգուտ չի տա, եղբայր, ամեն տեղ իրենց շներն են, միայն Բարոնը կարող է էս հարցը կարգավորել:
Բարոնը՝ Միքայել Սահակյանը, իրոք, արդեն մոտ տասը տարի էր, ինչ հեռացել էր հանցագործ կյանքից: Ապրում էր քաղաքամերձ իր ամառանոցում՝ կալանավայրում ծանոթացած մի անտուն, իրեն տարեկից ընկերոջ հետ, ով էլ վարում էր տնտեսությունը, կատարում տնային գործերը, վայելում Բարոնի կատարյալ վստահությունն ու հարգանքը: Բարոնն ընտանիք չուներ, հարազատներին առիթից առիթ էր հանդիպում: Իսկ հին ընկերները չէին մոռանում, աշխարհի տարբեր ծայրերից հաճախ այցելում էին նրան, օրերով հյուրընկալվում, հիշում անցած դեպքերն ու օրերը, հոգում էին, որ ծերացող հեղինակությունը ոչ մի բանի պահանջ, խնդիր չունենա: Եվ Բարոնն, իրոք, վայելում էր իր ծերությունը: Իսկ Կարոյի առավոտյան զանգն ու հանդիպելու առաջարկը չկարողացավ մերժել, Կարոն փրկել էր նրա կյանքը, Բարոնը նման բաները երբեք չի մոռանում:
***
Մարիամը տանից դուրս գալիս, հենց տան դարպասի մոտ դեմառդեմ ելավ որդուն: Նախորդ օրը որդին զգուշացրել էր, որ մայրը մենակ չգնա քայլելու:
— Մա, սա քեզ համար Ֆրանսիան չէ, դու մի մոռացիր՝ ում հարսն ես եղել, ում կինն ես եղել, ում մայրն ես, տանից մենակ դուրս ես գալիս, հազար աչք կա, քաղաքին խոսելու թեմա ես տալիս:
— Արտակ ջան, մի քիչ քայլեմ ու շուտ վերադառնամ,- որդու նոր դիտողությունը կանխեց ու արագ քայլերով հեռացավ:
Մտավ քաղաքային այգի ու հայացքն ուղղեց երեկվա նստարանի կողմը: Սիրտն անհանգիստ խփեց, երեկվա ծանոթը՝ Միքայելն այնտեղ էր: Մի պահ տատանվեց, ի՞նչ էր ստացվում, որ ինքն երեկ ժամադրվել է այդ մարդու հետ, այդ օրենքով գողի հետ ու հիմա աղջկական թրթիռով եկել է հանդիպման: Չէ, չի մոտենա, ավելի լավ է՝ վերևի ծառուղով քայլի: Բայց Միքայելը տեսավ կանգնած կնոջն, ու սուր զարգացած զգացողությունը հուշեց, որ կինը տատանվում է մոտենալ, ինքը պետք է մոտենա: Արագ վեր կացավ, քայլեց ընդառաջ:
— Բարև Ձեզ, Մարիամ, գուցե այն ծառուղիո՞վ քայլենք:
Պտույտից հոգնած՝ նստեցին նստարանին:
— Ասացիք, որ ընդմիջումներով 15 տարի կալանավայրերում եք անցկացրել, պատկերացնում եմ՝ որքան դժվար է եղել:
Տղամարդը չշտապեց պատասխանել, նախ ծխախոտ վառեց, հայացքը պտտեցրեց ծառուղով, միայն հետո խոսեց:
— Ոչ, այդքան էլ դժվար չի եղել:
Մարիամի զարմացած հայացքի տակ շարունակեց:
— Սկզբում էր միայն դժվար, հետո վարժվեցի: Իսկ ավելի հետո, ամեն ինչ նորմալ էր:
Վերջացրեց ծխելը, նորից շարունակեց.
— Գիտեք, այնտեղ՝ կալանավայրում, նույնիսկ ավելի հեշտ է, քան այստեղ՝ ազատ համարվող կյանքում: Այնտեղ գիտես՝ ով ով է, գիտես՝ ու՞մ բարևես, ինչպե՞ս բարևես կամ չբարևես, գիտես՝ ում հետ ինչպես խոսես, ինչպես դիմես, ինչպես քեզ պահես, իսկ այստեղ դու ոչինչ չգիտես, այստեղ դու դառնում ես զոմբիներից մեկը, ամեն քայլափոխի զգույշ, որ քեզ չկոխկրտեն, չխաբեն, չծաղրեն, չնսեմացնեն, չարհամարհեն, թիկունքից չհարվածեն, ու որպեսզի ոտի տակ չկորես, ստիպված ինքդ ես այնպես անում, որ քեզանից վախենան, այո, վախենան, ոչ թե հարգեն, քանի որ հարգանքը կեղծ կատեգորիա է, իրականում հարգանք չկա, կա վախ, պիտի վախենան, որ հարգեն:
Միքայելը քիչ լռեց, ապա շարունակեց.
— Գիտե՞ք, ես երբեմն ցանկություն եմ ունենում, որ ինքս էլ կյանքի փաստերի նկատմամբ կույր լինեմ, բայց չեմ կարողանում:
Մարիամը լուռ լսում էր, թեև գողի արտահայտած որոշ մտքերին համաձայն չէր, որոշ մտքեր էլ ուղղակի չէր հասկանում, բայց լսում էր ուշադիր ու հետաքրքրությամբ, քանի որ այդ զրույցները իր համար բացում էին մի նոր, անծանոթ աշխարհ, և այդ աշխարհի մասին իրեն ոչ թե մի երրորդ անձ, այլ հենց ներսում եղած գլխավոր դերակատարներից մեկն էր պատմում: Նա կյանքում առաջին անգամն էր տեսնում օրենքով գողի, ոչ միայն տեսնում՝ լսում էր նրան, զրուցում նրա հետ: Ահա, թե ինչպիսին են նրանք՝ օրենքով գողերը:
Օրերն անցնում էին, իսկ ծերության շեմին գտնվող երկու մարդկանց՝ օրենքով գողի ու բարձրաշխարհիկ տիկնոջ հանդիպումները դառնում էին ավելի հաճախակի ու ավելի ջերմ:
Այդ հանդիպումների ժամանակ կինը պատմեց իր ընտանիքի մասին, որ՝ արտասահմանից վերադառնալուց հետո, ամուսինը մահացել է, ինքն ապրում է միակ տղայի ընտանիքի հետ: Նույնիսկ հիշեց, որ պայուսակում որդու նկարն ունի, հանեց, մայրական հպարտությամբ ցույց տվեց զրուցակցին: Միքայելը ուշադիր նայեց անծանոթ նկարին, կարծես ծանոթ դեմք լիներ՝ որտե՞ղ է տեսել, բայց այդպես էլ չհիշեց ու այն հետ վերադարձրեց:
Օրենքով գողն էլ իր մասին պատմեց, որ եղել է մտավորական ընտանիքի որդի: Հայրը ճանաչված վիրաբույժ էր, մայրը ուսուցչուհի՝ դպրոցի տնօրեն: Ինքը կարգին դաստիարակություն է ստացել, իսկ դպրոցում մինչև յոթերորդ դասարան գերազանց է սովորել, բայց հաջորդ տարին մի կերպ ավարտել է ութերորդը ու թողել դպրոցը: Դեռ փոքրուց իրեն բակն էր ձգում, ոչ հոր, ոչ մոր հորդորները, խրատները այդպես էլ հետ չէին պահել բակի կյանքից, արկածախնդրությունից, մանավանդ, երբ 11, թե՞ 12 տարեկանում սկսեց կարդալ Ժյուլ Վեռն, Ջեկ Լոնդոն: Եվ ինքը դարձավ «անառակ որդի»: Հենց իր առաջին դատվածության ժամանակ, երբ 18 տարեկան էր, կոմունիստ հայրը ընտանիքի արագ պաշտոնական բաժանում ձևակերպեց, որ՝ չափահաս որդին առանձին է ապրում, ինքը պատասխանատու չէ նրա քայլերի համար: Ինքը հոր այդ քայլից վիրավորված, շատ երկար տարիներ չներեց, չհաշտվեց նրա հետ: Քայլ, ինչն էլ նպաստեց, որ կատարի իր ընտրությունը, քայլ, որը հրեց սահմանագծին կանգնած տղային հանցագործ աշխարհի գիրկը, ուր արդեն գրկաբաց սպասում էին իրեն: Մայրը հիվանդ էր, վաղ մահացավ: Մի պաշտոնավոր չինովնիկի տղայի հետ ամուսնացած քրոջը ամուսնու ընտանիքի անդամները արգելեցին գող եղբոր հետ կապ ունենալ: Միայն վերջին տարիներին, քրոջ ամուսնու մահից հետո, այցելում է երբեմն նրան, տեսնվում են, բայց դե, կարծես օտարներ լինեն:
— Կարիքից դրդված չէ, որ ես գող դարձա, ուղղակի ինձ ձգում էր, ավելի հարազատ էր այդ կյանքը, արկածախնդրությունը, մի խոսքով…,- իր խոսքն ավարտեց Միքայելը:
— Իսկ ընտանի՞ք, սիրած կի՞ն,- Հարցրեց Մարիամը:
— Հիմա ես պետք է գնամ, գործեր կան, այդ մասին հաջորդ անգամ,- ժպտաց Միքայելը, ինչպես միշտ, համբուրեց կնոջ ձեռքն ու հեռացավ:
***
— Արամ, հաղորդեք ռեստորանի այդ «գնորդին», որ օբյեկտի իրական տերը ես եմ՝ առանց անունս տալու, որ համաձայն եմ այն վաճառել, երեկոյան թող գա ռեստորան, տեսնվենք:
— Եղավ, Քերոբ,- հեռախոսի մեջ ուրախ արձագանքեց Արամը:
Հաջորդ օրը ռեստորանի առանձնասենյակում Բարոնը ոտքից գլուխ մի հայացքով ուսումնասիրեց ներս մտած «գնորդին», առանց բարևն առնելու, դիմեց Արամին՝ ռեստորանի տիրոջը:
— Թող առաջ գա, նստի, հետն եկածը թող դրսում սպասի:
Հետո դարձավ «գնորդին».
— Ասա, լսում եմ:
«Գնորդը» ինչ-որ մի անկապ պատմություն սկսեց, թե ինչու է ցանկանում գնել ռեստորանը, չկարողանալով թաքցնել լարվածությունն ու շփոթվածությունը, քանի որ չէր սպասում այստեղ տեսնել քրեական աշխարհի լեգենդար Բարոնին, որին իսկույն ճանաչել էր:
— Եղավ,- առանց զրուցակցին նայելու, հեգնանքով ասաց Միքայելը,- ես ընդհանրապես ռեստորանը վաճառելու միտք չեմ ունեցել, բայց որ էդքան շատ ես ցանկանում, ինչքան հասկացա՝ նույնիսկ երազում ես այս օբյեկտն ունենալ, կվաճառեմ, գինն էլ այս է:
Գրպանից հանեց գրիչն ու սեղանի անձեռոցիկի վրա մի թիվ գրեց, ինչին նայելով, «գնորդը» կարմրատակեց, հավանաբար նաև քրտնեց: Բարոնը քմծիծաղեց.
— Հը, ձեռ չի՞ տալիս:
«Գնորդը» տեղում անհանգիստ շարժում արեց.
— Դե, պետք է մտածել:
— Ազատ ես, գնա, մտածիր: Ձեռ կտա, արի, համաձայնության կգանք:
«Գնորդը» վեր կացավ, բայց Բարոնը ձեռքով արեց.
— Հա, մոռացա, էն դասընկերոջդ-գործընկերոջդ՝ պետ. եկամուտների կոմիտեի պետի տեղակալին, իմ կողմից կողջունես, կփոխանցես՝ Բարոնն ուրախ է, որ երկիր մտնող ու երկրով անցնող նարկոտիկի գործդ ու Դուբայ ուղարկվող սիրուն աղջկերքի բիզնեսդ ծաղկում է, զգույշ մնա, հանկարծ մեկը չորոշի փայ մտնել:
Երբ կարկամած գնորդը դուրս եկավ, Բարոնը դարձավ Արամին.
— Հանգիստ շարունակիր աշխատել:
***
— Ինչպե՞ս, հենց այդպես էլ ասա՞ց,- աթոռից քիչ բարձրացավ Պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալը:
— Հա, հենց էդպես, ասաց՝ իմ կողմից կողջունես, կփոխանցես՝ Բարոնն ուրախ է, որ երկիր մտնող ու երկրով անցնող նարկոտիկի գործդ ու Դուբայ ուղարկվող սիրուն աղջկերքի բիզնեսդ ծաղկում է, զգույշ մնա, հանկարծ մեկը չորոշի փայ մտնել:
— Պարզ է, մեսիջ է ուղարկել,- ասաց ու փլվեց աթոռին:
— Հետաքրքիր է ու անսպասելի, այդ հավ Արամը որտեղի՞ց է գտել Բարոնին:
Կառավարությանն առնթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալն ու «գնորդ» ընկերը երկար զրուցեցին, վերլուծեցին մեսիջն ու որոշեցին՝ առայժմ ոչինչ չձեռնարկել, Բարոնինին հակառակորդ տեսնելու միտքը կարող էր սարսափեցնել յուրաքանչյուրին, ով քիչ, թե շատ գիտեր նրան:
***
Աշնանային մռայլ, անձրևոտ օր էր: Մարիամն առավոտից նկատելի անհանգիստ էր, ինչը չէր վրիպում հարսի աչքից: Կեսօրին, երբ սկեսուրը հագնված, պատրաստվում էր դուրս գալ, հարցրեց.
— Մա՞մ, այս եղանակին ու՞ր ես գնում:
— Մի քիչ քայլեմ ու գամ, երկու օր է՝ չեմ քայլել:
Սկեսրոջ դուրս գալուց հետո հարսը տնային աշխատողին հանձնարարեց:
— Գնա սկեսրոջս հետևից, բայց աննկատ, տես՝ այդ ու՞ր է միշտ գնում:
Կաթ-կաթ անձրև էր մաղում: Մարիամը շտապ քայլերով հասավ քաղաքային այգի: Այգում տերևաթափ էր, դատարկ ու մռայլ: Ծառուղում հետ ու առաջ քայլող ծերունին նկատեց կնոջն ու արագ քայլերով գնաց ընդառաջ:
— Ինչու՞ ես այս եղանակին տանից դուրս եկել,- անհանգիստ ասաց ու ուղղեց կնոջ գլխից սահած գլխաշորը, հետո բարձրացրեց աշնանային վերարկուի օձիքը, այն սեղմեց կնոջ վզի շուրջը,- ինչու՞, ինչու՞ ես դուրս եկել:
Կինը շշուկով պատասխանեց.
— Զգում էի, որ այստեղ ես, սպասում ես:
Ծերունին ափերի մեջ առավ կնոջ դեմքը.
— Մարիամ, իմ Մարիամ,- ու սեղմեց կրծքին:
Մի պահ միայն մնացին այդպես կանգնած:
— Կուզեի քեզ իմ տուն տանել, վառել բուխարին, քեզ նստեցնել բազկաթոռի մեջ՝ կրակի մոտ, շալը գցել ուսերիդ, նստել գետնին՝ ոտքերիդ մոտ ու ալեհեր գլուխս դնել ծնկներիդ:
— Իսկ հիմա գնա, տուն գնա,- իրենից հեռացրեց կնոջը,- բայց սպասիր, տուր ձեռքիդ հեռախոսի համարը:
Միքայելը հիշեց, որ չունի Մարիամի հեռախոսահամարը, հանեց հեռախոսը, արագ հավաքեց կնոջ ասած թվերը:
— Եղավ, արի, ես մեքենայով եմ, քեզ տուն կհասցնենք:
— Ոչ, ոչ, պետք չէ, այստեղից մի կանգառ է, ես արագ կգնամ:
Երբ Մարիամը տուն մտավ, հարսը բազմանշանակալի ժպտաց.
— Այսպես շու՞տ եկար, մա՛մ:
Մարիամը հեգնանք զգաց հարսի հարցի մեջ:
Ուշ երեկոյան, երբ պատրաստվում էր պառկել, որդին մտավ մոր սենյակ: Նստեց, վերցրեց մոր ձեռքը, նայեց դեմքին:
— Մամ, դու քանի՞ տարեկան ես:
— Յոթանասուներեք, Արտակ ջան, ինչու՞:
— Յոթանասուներեք տարեկան, բավական խոսուն, պատկառելի տարիք է:
— Ի՞նչ կա, Արտակ ջան,- նորից հարցրեց մայրը:
— Մա, դու միշտ ուժեղ կին ես եղել, խելացի, ուժեղ ու զուսպ, միշտ մտածել ես ընտանիքիդ պատվի, հեղինակության մասին:
— Արտակ, ի՞նչ է պատահել,- արդեն անհանգստացավ մայրը:
— Մա, դու հիմա առավել ևս պետք է մտածես քո պատվի, իմ, մեր ընտանիքի հեղինակության մասին,- ավելի խիստ տոնով խոսքն ավարտեց որդին,- ինձ թվում է, դու հասկացար ինձ և վերջ կտաս քո այդ զբոսանքներին:
Որդին գնաց, իսկ Մարիամը երկար դեռ շարունակում էր քարացած նստած մնալ: Փաստորեն որդին իմացել է իր ու Միքայելի հանդիպումների մասին: Ահա թե ինչու էր քմծիծաղում հարսը;
Այո, ինքն ուժեղ է եղել, և ոչ ոք երբևէ չի էլ կասկածել, որ փողոցում հպարտ, գլուխը միշտ բարձր քայլող հմայիչ կնոջ բարձը տարիներ շարունակ թաց է եղել՝ գիշերը թափված արցունքներից: Ինքն ուժեղ է եղել, ու հանուն ընտանիքի պատվի, հեղինակության, ոչ ոք չի իմացել ամեն օր սրա-նրա հետ ուրացող ամուսնու առջև լուռումունջ հաց դնող կնոջ վիրավորվածությունն ու սրտի դառնությունը: Ու ոչ ոք չիմացավ, թե ինչու՞ էր ինքը միշտ սառն ու պաշտոնական, ի՞նչ էր թաքնված այդ սառնության տակ, ի՞նչ էր կինը քողարկում իր սառնությամբ: Չեն հարցրել, ուղղակի մարդիկ կարծում են՝ ուժեղ լինելուց է, որ կինը սառն է: Միամիտներ, սառը կին չկա: Դե, քանի որ «ուժեղ» կին է, նրա ինչի՞ն է պետք տղամարդու ջերմությունն ու հոգատարությունը, սերը, նվիրվածությունը, ինքը պարտավոր է, կարող է դիմանալ, պահել ընտանիքի պատիվն ու հեղինակությունը, ինչպես հիմա որդին ասաց: Ինքը ուժեեեեղ կին էր: Ո՛չ: Ոչ, ինքը երբեք էլ ուժեղ կին չի եղել, ինքը ընդամենը մի վախկոտ, կամազուրկ, խղճուկ կին է եղել: Իսկ հիմա կողքին ուժ, էներգիա է զգում, առաջին անգամ տղամարդու հոգատարություն, ջերմություն է զգում: Առաջին անգամ ուժեղ է զգում, թող հարսն իզուր չքմծիծաղի, ոչ էլ որդին բարոյախոսական քարոզ կարդա, հիշեցնի իր տարիքը: Մի՞թե մարդն այդպես էլ իրավունք չունի ինչ-որ մի պահի ապրել իր համար, իր կյանքով, մանավանդ, երբ արդեն ոչ ոքի պետք չէ, երբ իր վրա նայում են, որպես տան հին ապրանքի:
Միքայե՜լը, ահա իրեն ուժ տվողը: Բայց նա գող է, նա Բարոնն է, ում հետ իր շփումն արդեն խնդիրներ է բերում: Բայց պարզվում է՝ այդ լեգենդար Բարոնն էլ իր հերթին ունի մի քնքուշ, նուրբ, սիրակարոտ սիրտ, իր հերթին է ջերմություն, հոգատարություն, սեր երազել ողջ կյանքում: Արդյո՞ք այդ սիրո ու ջերմության բացակայությունը նրան չեն դարձրել այդպես դաժան: Ինչու՞ է նա արդեն երկու ամիս շարունակ կրկնում նույն բառերը՝ Մարիամ, եթե դու ինձ հանդիպեիր 40-50 տարի առաջ, իմ կյանքը այլ կերպ կդասավորվեր, ես նորմալ մարդ կլինեի, ընտանիք, զավակներ կունենայի, իմ երազանքը կկատարվեր: Փաստորեն Միքայելն իրեն լիարժեք նորմալ մարդ չի համարում, նա երազել է ընտանիք, երեխաներ ունենալ:
Գլուխը թափ տվեց մտքերից, ոչ, որդին ճիշտ է, ինքը մայր է, պարտավոր է մտածել ընտանիքի հեղինակության մասին: Վերջ:
Արդեն երրորդ օրն էր, Մարիամը չէր պատասխանում Միքայելի զանգերին: Ծեր գողը անհանգիստ էր, շփոթված: Ի՞նչ անել, նրա տու՞ն գնալ: Գուցե հիվա՞նդ է, գուցե մրսե՞ց այն օրը, գուցե վիրահատված սիրտը նորից զգացնե՞լ է տվել: Կյանքում առաջին անգամ կանգնել էր շփոթված, թևաթափ, չգիտեր իր անելիքը: Եվ ահա, միայն երրորդ օրը հանկարծ կնոջից զանգ եկավ:
— Ալլո, Մարիամ, ու՞ր ես, ինչպե՞ս ես, ինչու՞ չես պատասխանում զանգերիս:
— Լավ եմ, Միքայել, դու մի անհանգստացիր, հանգիստ եղիր, բարեկամ, ուղղակի տանը խնդիրներ կան, ես չեմ կարող դուրս գալ: Խնդրում եմ քեզ, մի զանգիր, ես կզանգեմ քեզ, երբ հարմար գտնեմ:
Միքայելը լռում էր:
— Միքայել, դու ինձ լսու՞մ ես:
— Այո, սիրելիս, լսում եմ: Եղավ, ես կսպասեմ քո զանգին:
Կնոջը պատասխանողը այլևս լեգենդար գողի խրոխտ, չծերացող ձայնը չէր, այն դարձավ կերկերուն, դողդոջ, տխուր: Կնոջ սիրտը ցավեց:
***
Գարուն էր: Շքեղ առանձնատան պատշգամբում կանգնած, Մարիամը ինքնամոռաց հետևում էր ծաղկած դեղձենուն գրոհած մեղուների շարժին, իսկ իրականում մտքերն ուրիշ տեղում էին՝ Միքայելի հետ: Վերջին անգամ երեք ամիս առաջ էր մի քանի նախադասություն փոխանակել հեռախոսով, ծերունու ձայնը խզված էր, ասաց, որ մրսած է, տեսնես՝ ի՞նչ եղավ: Որդին ու հարսը այս երկու օրը ինչ-որ անհանգիստ, անտրամադիր էին երևում, հասկացավ, որ որդու գործերը լավ չեն, միայն այդքանը: Արդեն երկրորդ օրն է, որդին սովորականի նման առավոտյան աշխատանքի չի գնում, ավելի ուշ է գնում, շուտ վերադառնում, այն էլ՝ առանց վարորդի: Փորձեց իմանալ պատճառը, հարսը հազիվ ասաց, որ առանձնապես բան չկա, մի երկու օրից պարզ կլինի: Բայց դե, ինքը տեսնում է, որ ինչ-որ բան կա, ինչ-որ բան այն չէ: Մտքերի հետ էր, երբ դարպասի դռները հետ քաշվեցին , որդու ավտոմեքենան բակ մտավ: Հայացքով հետևեց, մինչև տղան աստիճաններով վերև բարձրացավ: Տղային դեռ երբեք այդքան ընկճված, անգույն չէր տեսել: Մայրական սիրտը կծկվեց, վտանգ զգաց: Որդին մոտեցավ, համբուրեց մորը, մի պահ կանգնեց, լուռ նայեց:
— Արտա՞կ,- դողացող ձայնով հարցրեց,- ի՞նչ կա, ի՞նչ եք ինձանից պահում:
Որդին շարունակում էր մտազբաղ նայել:
— Մա, քեզ հետ խոսելու բան կա, գնանք քո սենյակ:
Սենյակում Արտակը իր հետևից խնամքով ծածկեց դուռը: Մայր ու տղա նստեցին դեմ դիմաց:
— Մամ,- սկսեց որդին, մայրն զգաց, որ նա դժվարությամբ է խոսում,- մա, ինձ մեղադրում են մեծ չափերի հասնող կաշառք վերցնելու մեջ:
Մարիամը ցնցվեց:
— Դեռ վերջնական չեն ապացուցել, բայց վաղը, մյուս օրը, հավանաբար կապացուցեն:
— Դու իրո՞ք կաշառք ես վերցրել, պապիդ ու հորդ ճանապարհո՞վ ես գնում,- կամացուկ հարցրեց մայրը:
— Ոչ, գումարը ինձ չի հասել, այն վարորդս է վերցրել, հիմա նա կալանքի տակ է: Ես դեռ ստույգ չգիտեմ, թե ի՞նչ է նա ասել, բայց այսօր ինձ հանձնարարեցին աշխատանքից ազատման դիմում գրել, բացառված չէ, որ այլ բաներ էլ բացվեն իմ բիզնեսային գործունեությունից:
— Արտակ, ես կարծում էի՝ դու թույլ չես տա հորդ սխալները, դու ավելի ազնիվ կյանքով կապրես:
Որդին մի պահ կախեց գլուխը, հանկարծ կտրուկ ձայնը բարձրացրեց:
— Ազնի՞վ, դու ամբողջ կյանքում քարկոծել ես պապիս ու հորս, բայց երբեք չես հրաժարվել նրանց բերած, ստեղծած շքեղություններից ու վայելքներից, եթե ինքդ այդքան ազնիվ էիր, ինչու՞ չէիր հրաժարվում արտասահմաններում հանգստանալուց, դղյակում ապրելուց ու մյուս շքեղություններից: Շքեղություններ, որոնք անհասանելի են քո ասած ազնիվ կյանքով ապրողներին: Նայիր շուրջդ, այդ ո՞ր ազնիվ կյանքով ապրողն է մեր երկրում կուշտ փորով հաց ուտում:
Բայց ինչպես կտրուկ սկսել էր, այդպես կտրուկ էլ ձայնը իջեցրեց.
— Մի խոսքով, ինձ հիմա օգնություն է պետք, և այս իրադրության մեջ միայն մի մարդ կարող է ինձ օգնել:
— Ո՞վ է այդ մարդը, դիմիր նրան, ինչու՞ ես ուշացնում:
— Մամ,- որդին թուքը կուլ տվեց,- այդ մարդը Բարոնն է, օրենքով գող Բարոնը:
Արտակի աչքից չվրիպեց մոր դեմքի գունատվելը:
— Հա, մամ, Բարոնը: Ես գիտեի, որ աշնանը դու նրա հետ էիր հանդիպում: Չգիտեմ, դուք ինչպիսի հանգամանքներում եք ծանոթացել կամ գուցե վաղուցվա, երիտասարդ տարիների ծանոթնե՞ր եք եղել, ես այն ժամանակ չցանկացա քեզ անհարմար դրության մեջ դնել, ասել, որ գիտեմ՝ ում հետ ես հանդիպում, բայց այսօր նա այն միակ մարդն է, որ կարող է փրկել որդուդ, դու պետք է գնաս , հանդիպես նրան:
Որոշ ժամանակ լուռ նստեցին:
— Արտակ, ինձ մենակ թող, ես պետք է ուշքի գամ այս բոլորից:
Մոտ մեկ ժամից Մարիամը դուրս եկավ իր սենյակից, դիմեց որդուն:
— Պատմիր ինձ մանրամասն ու ստույգ, առանց որևէ բան թաքցնելու, թե ի՞նչն ինչպես է եղել, նա պետք է ճիշտն իմանա:
***
Միքայելը հանկարծակի եկավ կնոջ զանգից:
— Ի՞նչ, դու ուզում ես գալ այստե՞ղ, իմ տուն, ես հիմա մեքենան կուղարկեմ քո հետևից:
— Չէ, Խնդրում եմ, Միքայել, ես տաքսիով կգամ:
Մարիամին ծեր գողը դիմավորեց ամառանոցի դարպասի մոտ: Օգնեց իջնել մեքենայից, վճարեց վարորդին ու հյուրին տուն ուղեկցեց: Նստեցին ծաղկած, երկարած վարդերով շրջապատված պատշգամբում: Միքայելը կարծես մի քիչ ավելի էր ծերացել, կորացել, թորշոմել, ինչը չվրիպեց կնոջ աչքից, բայց այդ մասին խոսելու ժամանակը չէր: Մարիամն անմիջապես սկսեց պատմել, թե ինչու է եկել, մանրամասը ներկայացրեց իրավիճակը:
— Խնդրում եմ քեզ, ոչ, աղաչում եմ, օգնիր որդուս:
Լուռ, երկար ծխելուց հետո, ծեր գողն ասաց.
— Փաստորեն Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը քո որդին է:
— Այո, Արտակ Սարգսյանը, դու նրան գիտե՞ս:
— Ոչ, առաջին անգամն եմ լսում,- կտրուկ պատասխանեց Միքայելը,- Մարիամ, հիմա քեզ ոչինչ չեմ կարող ասել, խոստանալ, այսօր, վաղը ես կհետաքրքրվեմ, պետք է մարդկանց հանդիպեմ, տեսնեմ՝ ինչ կարելի է անել:
— Միքայել, ես հասկանում եմ, որ իմ որդու նմանների տեղը բանտն է, այդ ոչ թե դու և քո ընկերները, այլ նրանք են օրենքով գողեր, քանի որ օրենքը փակում է աչքերը, հնարավորություն է տալիս, որ իմ տղայի նմանները գողանան, ուրեմն ինչու՞ նրանց չեն կոչում օրենքով գողեր: Բայց, հասկացիր, ես մայր եմ, Միքայել, ես մայր եմ, աղաչում եմ քեզ, փրկիր որդուս:
Երբ Միքայելը ուղեկցում էր կնոջը դեպի սպասող տաքսին, միայն այդ ժամանակ Մարիամն ասաց նրան.
— Գիտես, աշնանը որդիս , չգիտեմ ինչպես, բայց իմացել էր, որ քաղաքային այգում ես քեզ հետ էի հանդիպում, այդ պատճառով էլ ես դադարեցրի մեր հանդիպումները:
— Հըմ, հիմա պարզ է,- ասաց ծերունին ու կնոջ հետևից փակեց մեքենայի դուռը, նա հասկացավ, որ որդին է մորը իր մոտ ուղարկել:
— Անարժան որդուդ համար չէ, քեզ, քեզ համար առաջին ու վերջին անգամ դեմ կգնամ ինքս իմ ճշտին, խնդրանքդ կկատարեմ, ինչ գնով էլ լինի, Մարիամ,- նայելով հեռացող մեքենայի հետևից, շշնջաց ծեր գողը:
***
Մեկ ամիս անց:
— Մա, մենք պետք է Ֆրանսիա տեղափոխվենք, անիմաստ է, ես այլևս այստեղ չեմ կարող ապրել,- ճաշի սեղանի շուրջ մորը դիմեց Արտակը:
— Հիմա՞ ինչն է քեզ խանգարում: Փառք Աստծո, գործը փակվեց, այո, կորցրեցիր ամեն ինչ, բայց այդքան բանից հետո, ջրից չոր դուրս եկար, ու այնպես չէ, որ ապրուստի միջոց չունես, մի քիչ էլ ազնիվ ապրիր, բավական է,- որդուն հանդիմանեց Մարիամը,- Ես չեմ պատրաստվում այստեղից հեռանալ:
— Հարցը ապրուստը չէ, մամ, ես այլևս չեմ կարող էսպես խայտառակված ապրել այս երկրում:
— Շուտ մտածեիր, չխայտառակեիր ինքդ քեզ, ընտանիքդ վերցրու, գնա, եթե ուզում ես, ես կմնամ իմ տանը:
***
Որդու ընտանիքը Ֆրանսիա ճանապարհելուց հետո, Մարիամը բարեկամուհուն խնդրել էր՝ տնային աշխատող մի կին գտնել: Մեկ-երկուսը եկան, գնացին, Մարիամը մի տարեց կնոջ հավանեց: Կինը ոչ միայն տնային աշխատող, շուտով դարձավ նաև մտերմուհի, ում հետ զրուցում, մտքերը, խոհերը, տպավորություններն էր կիսում տանտիրուհին: Ծանր, լարված, վախով լի ամիսներ անցկացնելուց հետո, այժմ համեմատաբար հանգիստ էր, մանավանդ՝ որդու ընտանիքը Ֆրանսիայում նորմալ տեղավորվել էր, գոհ էին:
Ամառային խաղաղ առավոտ էր: Մարիամը վաղ էր արթնացել, ինչ-որ անհանգիստ բան էր զգում ներսում: Հասկացավ՝ պետք է զանգել վերջապես Միքայելին: Նայեց ժամացույցին, դեռ վաղ էր: Իջավ բակ, պտտվեց, վերադարձավ, նորից նայեց ժամացույցին ու վերցրեց հեռախոսը: Ծեր գողը կարծես հենց նրա զանգին էր այդ պահին սպասում:
— Միքայել, հիշու՞մ ես՝ այսօր ինչ օր է:
— Տիկին, դուք թերագնահատում եք ծեր գողիս հիշողությունը,- կատակեց Միքայելը,- այ, այսօր, երբ հանդիպենք քաղաքային այգու մեր նստարանի մոտ, ես քեզ կհիշեցնեմ ուղիղ մեկ տարի առաջվա այս օրը:
Քաղաքային այգում ծերունին կնոջը դիմավորեց սպիտակ վարդերի մեծ փնջով:
— Ուղիղ մեկ տարի առաջ, այս օրը, այս այգում, այս նստարանի մոտ ծեր գողն ու վսեմաշուք տիկինը ծանոթացան, դարձան հարազատներ,- համբուրելով կնոջ ձեռքը՝ շշնջաց Միքայելը:
Ծառուղու ծայրից մի երիտասարդ զույգ ուրախ ժպիտով հետևում էր այդ տարիքով մարդկանց հետաքրքիր հանդիպմանը ու ձեռքով ողջունեց նրանց:
Երկար զրուցեցին անցած ամիսների դժվարությունների, հուսախաբությունների, կարոտի ու սպասման մասին:
— Միքայել, ամեն անգամ խոստացել, բայց այդպես էլ չես պատմել քո սիրո պատմությունը, այսօր շատ հարմար օր է, պատմիր:
Տղամարդը երկա՜ր նայեց կնոջը:
— Հիմա արդեն ինձ թվում է, որ քեզանից բացի ես կյանքում ոչ մի կնոջ չեմ ճանաչել:
— Պատմիր, Միքայել:
ԾԵՐ ԳՈՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Նոր էի դուրս եկել կալանավայրից: Մեկը ինֆորմացիա բերեց, որ իր այսինչ բարեկամը շրջկոմի առաջին քարտուղար է, տանը մեծ գումար ու ոսկեղեն է պահում, ինքն էլ կաշառակերի մեկն է՝ մի անհաջող մարդ, տղան էլ իրենից բեթար կաշառակեր, մեծամիտ, գործ սարքող: Ասաց, որ առաջիկա շաբաթ օրը դրանք ընտանիքով ինչ-որ հարազատի տանը հրավերքի են լինելու, հարկավոր է մտնել, «մաքրել» տունը, իրենց հասնում է: Նստեցինք, տան հատակագիծը փռեցինք սեղանին, պլանավորեցինք, թե ինչը ինչպես պետք է արվի: Եկավ շաբաթը, տղաները գնացին, բայց ես չգնացի, քանի որ կալանավայրից պայմանականով էին բաց թողել, պետք չէր, որ նոր կասկած ընկներ վրաս: Տղաները գնացին, ես անհանգիստ նրանց էի սպասում: Վերադարձան մի երեք ժամից և բավական լավ ավարով՝ մոտ կես պարկ փող, այն ժամանակվա սովետի կարմիր տասանոցներն էին, մի մեծ տուփ էլ ոսկեղեն: Սկզբում, նախ հաշվեցինք գումարը, ինչպես ասում են՝ ախպերաբաժին արեցինք, հետո անցանք ոսկեղենին: Տղաներից մեկը տուփի պարունակությունը դատարկեց սեղանին, կես կգ-ից ավելի ոսկեղեն կլիներ: Մինչ տղաները ոսկեղենն էին տեսակավորում, հանկարծ աչքս ընկավ տուփի հատակին դրված կապույտ աշակերտական հաստ տետրին: Մտածեցի, որ այդտեղ երևի ոսկեղենի թիվն ու հաշիվն է գրված, անմիջապես հանեցի: Տետրի կազմին գրված էր՝ ԻՄ ԿՅԱՆՔԸ: Բաց արեցի: Օրագիր էր, այդ տան հարսի կյանքի օրագիրը, վերջում՝ մի քանի հիանալի, գեղեցիկ բանաստեղծություններ: Տետրը ծալեցի, դրեցի ծոցագրպանս, տուն տարա: Միայն մի որոշ ժամանակ անց, հիշեցի տետրի մասին, սկսեցի կարդալ: Դրանք գրառումներ էին մի չստացված կյանքի մասին: Երիտասարդ կինը իր մտորումները, տպավորություններն ու կատարվածն էր գրի առնում, ինչից էլ երևում էր, որ նա երջանիկ չէր, ավելին՝ դժբախտ էր այդ տանը, ուր, ըստ իր գրածի, թագավորում էր կաշառակերությունը, խաբեությունը, կեղծավորությունը, սուտն ու կեղծիքը: Ամուսնու հայրը, այսինքն՝ շրջկոմի քարտուղարը, աղջկա հոր ընկերն էր եղել, և, ըստ գրառման, առանց աղջկա համաձայնությունը հաշվի առնելու, ընկերները հարմար էին գտել ու իրենց երեխաներին ամուսնացրել էին: Անկատար էին մնացել աղջկա բոլոր երազանքները: Խեղճ աղջիկը տառապում էր այն մտքից, որ ահա, գալու էր գիշերը, և ինքը անկողին էր մտնելու մի մարդու հետ, որին այդպես էլ ժամանակի ընթացքում չկարողացավ սիրել, անգամ հարմարվել ու հարգել, որը սիրուհիներին փոխում էր թաշկինակի պես, առիթը չէր կորցնում նսեմացնելու, ծաղրելու նուրբ ու քնքուշ հոգի ունեցող իր կնոջը: Կնոջը հույս էր տալիս միայն այն միտքը, որ արդեն երրորդ տարին է, ինչ հարս էր այդ տանը, բայց չէր հղիանում, մտածում էր, որ երեխա չունենալու պատճառով, մի օր ամուսինը կբաժանվի իրենից, ու ինքը կազատվի այդ ընտանիքից էլ, ձևական ամուսնուց էլ:
Այդ օրերին մի դեպք պատահեց, ու ես նորից կալանավորվեցի, երկու տարի պետք է անցկացնեի ուղղիչ-աշխատանքային գաղութում: Արդեն գաղութում էի, հիշեցի տետրի մասին, քրոջս խնդրեցի, որ իմ անկողնու տակից հանի, ինձ բերի այդ տետրը: Ընդհանրապես կալանավայրում եղած ժամանակի մեծ մասն ես անց եմ կացրել կարդալով: Կարդում էի, ինչ ընկնում էր ձեռքս՝ գեղարվեստական գրականություն, հատկապես՝ դասական, փիլիսոփայություն, իրավագիտություն, պատմություն: Այդ երկու տարին ես այնքան էի թերթել երիտասարդ կնոջ օրագիրը, որ կապույտ կազմը մաշվել էր, խունացել, անգիր էի արել եղած բանաստեղծությունները, ավելին՝ ես ապրում էի այդ աղջկա կյանքով. պատկերացնում, երևակայում էի, թե ինչպիսին էր նա, ինչպիսի ձայն ուներ, ինչպիսի մազերի, աչքերի գույն ուներ, բայց ողջ ցավալին այն էր, որ ես նրա անունն անգամ չգիտեի: Երկու տարի անց, կալանավայրից դուրս գալուց հետո, որոշեցի գտնել նրան: Գնացի այն տունը, որտեղից կատարվել էր գողությունը, բայց պարզվեց, որ տանտերերը տունը երկու տարի առաջ վաճառել են, մեկնել արտասահման:
Անցան տարիներ: Իմ կյանքում շատ կանայք եղան: Նրանք բոլորն էլ յուրովի լավն են եղել: Ճիշտն ասած, ես այնպիսի տղամարդ էի, որ ոչ մի կին ինձ չէր մերժում, ընտրության լայն հնարավորություն ունեի, բայց ոչ մեկին չէի կարողանում սրտով կապվել: Յուրաքանչյուրի մեջ ես փնտրում էի նրան՝ օրագրի տիրոջը, այդ քնքուշ հոգու տեր տառապյալ կնոջը, որին այդպես էլ չգտա ու չգտա: Ինձ այդ տարիներից մնաց միայն տող առ տող անգիր արած օրագիրը:
Միքայելը վերջացրեց իր պատմությունը, հայացքը կտրեց հեռու ծառի տակ խաղացող երեխաներից ու, պատմելու ընթացքում առաջին անգամ, նայեց կողքին նստած կնոջը: Մարիամի դեմքը անբնական սպիտակել էր, շուրթերը՝ կապտել ու դողդողում էին:
— Մարիամ, ի՞նչ պատահեց, վա՞տ ես զգում:
Կինը դժվարությամբ ձեռքը դրեց նրա ձեռքին ու մի կերպ ասաց:
— Մի անհանգստացիր, ուղղակի բաց արա, տետրի վերջին էջի բանաստեղծությունը աքրոստիկոս է, այնտեղ կկարդաս կնոջ անունը:
— Մարիամ,- ծեր գողը ցնցվեց,- Մարիամ, այդ ի՞նչ ասացիր:
Կնոջ ուսերը գրկեց:
— Մարիամ, տեսնում եմ, դու քեզ վատ ես զգում, հա՞, ասա, խոսիր:
— Միքայել, դու գտար ինձ, բայց ինչու՞ այսքան ուշ:
Կինը ցնցվեց ու գլուխը կախ ընկավ:
Միքայելը արագ հանեց հեռախոսը, հավաքեց շտապ օգնության համարը:
Շտապ օգնության մեքենայի մեջ ամուր բռնել էր կնոջ ձեռքը: Հիվանդանոցի միջանցքում Մարիամը աչքերը բացեց, նայեց նրան ու թույլ ժպտաց:
— Դու այստեղ ես՝ ինձ հետ, շնորհակալ եմ:
Ծեր գողի աչքից արտասուքի կաթիլն ընկավ կնոջ ձեռքին, կինն աչքերը փակեց:
Միքայելը այլևս չզգաց, թե ինչ կատարվեց, ինչպե՞ս տարան Մարիամին, ինքն ի՞նչ էր ասում, ինչու՞ մի աղջիկ նեղված ասաց՝ պապիկ, ոտքի տակ մի ընկեք, մի խանգարեք, ինչպես ինչ-որ մեկի մասին ասացին, որ փրկել չհաջողվեց, ինչպե՞ս իր կողքին հայտնվեցին մի քանի մոտ ընկերներ, ինչպե՞ս նրանք թևանցուկ, ուժով դուրս բերեցին իրեն հիվանդանոցից, ինչու՞ է ինքը հիմա տանը, երբ Մարիամն այնտեղ է՝ հիվանդանոցում, և ինչու՞ են ընկերներն այդքան տխուր, ինչու՞ են անընդհատ նոր ընկերներ գալիս ու գնում, իրենից թաքուն ինչ-որ բան փսփսում:
Ու հանկարծ բղավեց.
— Մարիա՛մ,- իր բղավոցից կարծես ուշքի եկավ, նայեց ընկերների քարացած դեմքերին:
Վեր կացավ, ոտքերը քըստքըստացնելով մտավ ննջարան, հետո դուրս եկավ՝ տարիների բեռից գունաթափ, մաշված, երկծալված մի տետր ձեռքին թափահարելով:
— Ես, ես սպանեցի իմ Մարիամին, գտա ու սպանեցի:
Նորից մտավ ննջարան, պառկեց անկողնու վրա՝ հնամաշ տետրը կրծքին սեղմած, ու…գնաց միանալու իր Մարիամին:

Մելանյա Պետրոսյանց

Կարդացեք նաև՝ Օրենքով գողը (վերջին մոհիկյանը)   և Հատված «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» վիպակից ,ՄԻ ԲԺՇԿԻ ՊԱՏՄՈւԹՅՈՒՆ ( <<Օրենքով գողեր>> շարքից)

 

ՄԻ ԲԺՇԿԻ ՊԱՏՄՈւԹՅՈՒՆ ( <<Օրենքով գողեր>> շարքից)

Մոտ 30 տարի առաջ էր։ Մեր գյուղի դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել էի բժշկական ինստիտուտ, արդեն հինգերորդ կուրսում էի։ Ծնողներս ապրում էին գյուղում, հողագործ մարդիկ էին, ինձ օգնելու առանձնապես հնարավորություն չունեին, բացի ինձանից, տանը եղբայր ու քույրեր ունեի, մեծ ընտանիքը ծայրը-ծայրին հազիվ յոլա էին տանում, մեկ-մեկ էլ՝ ինձ օգնում։ Մեր մի բարեկամ խոսել էր քաղաքի մանկապարտեզներից մեկի վարիչի հետ, ինձ աշխատանքի էին տեղավորել մանկապարտեզում, որպես գիշերային պահակ։ Մանկապարտեզի փոքրիկ պահակատանն էլ ապրում էի ու ինձ լավ էի զգում՝ աշխարհից անտեղյակ։
Երկրում ինչ-որ ներքին անհանգստություն էր զգացվում։ Լուրեր էին գալիս, որ Ղարաբաղի հայությունը պատրաստվում է ընդվզել ադրբեջանական իշխանությունների դեմ, դուրս գալ Ադրբեջանի կազմից, միանալ Հայաստանին։ Ճիշտն ասած, ես չէի խորանում այդ լուրերի մեջ, երազում էի ուսումս ավարտել, լավ վիրաբույժ դառնալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, թեև, նույնիսկ սիրած աղջիկ չունեի, ոչ էլ սիրահարված կայի։ Մի խոսքով՝ իմ մասնագիտական դասերից դուրս, ոչ մի բան ինձ չէր հետաքրքրում։ Հիշում եմ այդ շրջանն ու ինքս ցավով ծիծաղում ինձ վրա։
Այդ օրը աշնան վերջերն էր։ Դրսում ցուրտ քամի էր, իսկ ես ձմեռային տաք հագուստ չունեի։ Ցրտից կապտած, դողդղալով հասա տուն, այսինքն՝ պահակատուն, միացրեցի էլեկտրական պլիտան, ու երկար ժամանակ ցուրտը դեռ դուրս չէր գալիս մարմնիցս, մտել էր ոսկորներիս մեջ։ Վախեցա, որ կարող էի հիվանդանալ, հիշեցի գյուղից բերած հորս քաշած թթի օղին, որ երբեմն պետք էր գալիս բժշկական սպիրտի փոխարեն։ Մի լիքը բաժակ լցրեցի այդ օղուց, հու՛, արեցի ու քաշեցի գլուխս։ Իհարկե, մարմինս իսկույն տաքացավ, իսկ ես չհասցրեցի անգամ գիտակցել, թե ոնց ընկա թախտին ու քնեցի։ Իհարկե, խմելուն անսովոր մարդիկ իմ վիճակը կհասկանան։ Գիշերվա մի պահի, աչքերս բացեցի ու հիշեցի, որ մանկապարտեզի դարպասը չեմ փակել, այն կրնկի վրա բաց էր մնացել։ Վեր թռա տեղիցս, վազեցի դուրս։ Ճաղապատ դռներն իրար վրա բերեցի ու մետաղալարով կապեցի։ Թող փակ լինի, փորձանք է, էլի, ի՞նչ իմանամ, հակառակի բան է, գողն էլ էդպիսի ցուրտ ու մութ գիշեր է ման գալիս։ Ցուրտ քամուց դողալով, ուզում էի հետ վազել պահակատուն, երբ պատի տակ մի թրըմփոց լսեցի, բայց հաջորդ պահին էլ վազող ոտքերի ձայն լսվեցին։ Արագ քաշվեցի դարպասի մութ անկյունն ու սեղմվեցի պատին։ Երկու տղամարդ վազելով մոտեցան դարպասին, շնչակտուր կանգ առան ու նայեցին դարպասից ներս։ Ձեռք տվեցին, տեսան, որ դարպասը մետաղալարով ամուր կապված էր։ Նրանցից մեկը ինչ-որ բան ասաց։ Ջոկեցի, որ հայերեն չէր, ադրբեջաներեն էր, ավելի սեղմվեցի պատին։ Մի րոպե կանգնելուց, ինչքան հնարավոր էր, բակն ուսումնասիրելուց հետո, հեռացան։ Ցուրտն էլ մոռացա, քամին էլ։ Պատին քսվելով, աննկատ հասա այն տեղը, որտեղից թրըմփոցի ձայնն առա։ Մոշի չոր թփերի մեջ մարդ էր ընկած։ Մատերս ծակծկելով, մոշի ճյուղերը մի կողմ տարա, կռացա։ Մարդն անգիտակից էր։ Ստուգեցի զարկերակը, շնչում էր, բայց ձեռքս արյունոտվեց։ Իսկույն հասկացա՝ վիրավոր էր։ Վերադարձա դարպասի մոտ, նայեցի, մարդ չկար, վազողները հեռացել էին։ Գնացի, բռնեցի վիրավորի թևատակերից, քաշ տալով, մի կերպ հասցրեցի պահակատուն, գցեցի թախտին։ Արձակեցի հագուստը։ Ուսամասից քիչ ներքև, աջ կողմում հրազենային վնասվածք ուներ։ Բախտը բերել էր, որ ձախ կողմից չէր, թե չէ՝ գնդակն ուղիղ սրտին կկպներ։ Բարդ վիճակ էր, գնդակը մնացել էր ներսում, արյունահոսում էր։ Խոստովանեմ, որ մի պահ շփոթվեցի, հետո մտքովս անցավ՝ զանգել շտապ օգնություն, բայց մի ներքին ձայն կանգնեցրեց՝ բժիշկ ես, մի քանի ամիս հետո վիրաբույժի դիպլոմ ես ստանալու, առաջին օգնություն ցույց տուր։ Արագ հանեցի բժշկական պայուսակս, որի մեջ քիչ թե շատ վիրաբույժին առաջին անհրաժեշտության գործիքներ, դեղեր կային, դրեցի թթի օղու շիշն ու․․․ սկսեցի։ Չգիտեմ՝ ինչքան տևեց, երբ մաքրեցի ճակատիս քրտինքն ու հոգնած ընկա ցածրիկ աթոռին։ Գնդակը հեռացրել էի, վերքը մշակել, տնային ասեղ-թելով կարել։ Լավ էր, որ այդ ընթացքում վիրավորը ուշքի չեկավ, ես հանգիստ իմ գործն արեցի։ Քիչ անց, <<հյուրս> ուշքի եկավ, տնքաց, բաց արեց աչքերն ու փորձեց նստել, բայց ես թույլ չտվեցի։
— Չի կարելի, դուք վիրավոր եք, գնդակը հեռացրել եմ, վերքը կարել, դուք պետք է պառկած մնաք։
— Որտե՞ղ եմ ես, դու ո՞վ ես,- հարցրեց անծանոթը։
— Հանգիստ եղեք, դուք մանկապարտեզի պահակատանն եք, ես էլ պահակն եմ, բայց մի քանի ամսից բժիշկ-վիրաբույժի դիպլոմ կստանամ արդեն։ Իսկ հիմա խմեք այս մի բաժակ օղին։
Բարձրացրեցի գլուխը, օգնեցի, որ օղին խմի։
— Ուզու՞մ եք, զանգեմ շտապ օգնություն։
— Չէ, չէ, պետք չէ, չեմ ուզում,- նրա ձայնի մեջ անհանգստություն զգացի։
Արդեն լուսադեմ էր, մտածում էի, թե առավոտյան ի՞նչ եմ անելու այս մարդուն, որ դասի գնամ։ Չգնալ չէի կարող, կարևոր ստուգարք էի հանձնելու։ Այդ մասին ասացի անծանոթին։
— Առավոտյան, քո դասի ժամին դուրս կգաս, մի տաքսի կբռնես, կվերադառնաս, տաքսին թող կանգնի պահակատան դռան մոտ, բայց դու մեջից չիջնես, ես դուրս կգամ։ Դու կգնաս քո դասին, ես՝ ուր ինձ պետք է,- ասաց նա։
Այդպես էլ, գոնե կես ժամ, ես աչք չկարողացա փակել, զարմացած էի մնացել, որ վիրավորը գոնե մի տնքոց էլ չէր արձակում։
Ժամը 8.30-ին դուրս եկա փողոց, դեռ մութ-մութ էր։ Կանգնեցրի անցնող տաքսին, ինչպես ասել էր անծանոթը, հետ եկանք մանկապարտեզ, անծանոթը դուրս եկավ, նստեց վարորդի կողքին, ասաց․
— Քշիր բժշկական ինստիտուտ։
Հասանք ինստիտուտ, տաքսին կանգնեց, միայն այդ ժամանակ անծանոթը գլուխը դժվարությամբ թեքեց իմ կողմը․
— Անունդ ի՞նչ է։
— Մհեր Սահակյան,- ասացի ու իջա մեքենայից։
2.
Ստուգարքներս հաջողությամբ հանձնեցի, Նոր տարուն մի քանի օրով գնացի գյուղ, վերադարձա, սկսվեցին կիսամյակային քննությունները։ Մնացել էր վերջին քննությունը վիրաբուժությունից, որն ընդունում էր հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Ջանենցը։ Միջանցքում հավաքված կուրսեցիներս սպասում էին ամեն մեկն իր հերթին՝ շատերը վախվորած, անհանգիստ հայացքներով։ Հանաք-մասխարություն չէր, քննությունը վերցնում էր հենց պրոֆեսորը։ Որոշեցի առաջինը ես մտնել։ Մտա, ստուգարքային գրքույկս դրեցի սեղանին։ Պրոֆեսորը վերցրեց գրքույկս, բաց արեց, մտքում կարդաց անուն-ազգանունս, փակեց ու հետ մեկնեց ինձ։
— Գնա, սպասիր, վերջում կգաս։
Զարմացած ու շփոթված դուրս եկա՝ տեսնես ինչու՞։ Ինչու-ի պատասխանը չունեի ու չունեի։ Ձեռքս թափ տվեցի, մոտեցա պատուհանի մոտ հավաքված համակուրսեցիներիս փոքրիկ խմբին։ Կարոն, ինչպես միշտ՝ իր տարերքի մեջ, ոգևորված ինչ-որ բան էր պատմում՝ գողական աշխարհի հեղինակությունների հետ իր շփումներից։
— Էս Մասիսի ու Երևանի մի քանի իրենց <<լավ տղա>> կարծող ադրբեջանցիները որոշում, ելնում, գալիս են Ջրվեժի Ժիրոյի մոտ, թե՝ դու ողջ սովետի տարածքում ճանաչված, հարգված հեղինակություն ես, արի, մարդ ուղարկիր կամ ինքդ գնա Ղարաբաղ, հարթիր էդ միջադեպերը։ Մենք եղբայրական հանրապետություններ ենք, լավ չի, որ մեր երկու ազգերի մեջ թշնամություն ընկնի։ Թող ձեռ քաշեն Հայաստանի կազմի մեջ մտնելու մտքից։ Էդ պահին եկած ադրբեջանցիներից մեկն էլ էն կողմից, թե՝ նրանց բացատրիր, որ Ղարաբաղը եղել է ու կմնա Ադրբեջանի կազմում, քանի որ հին ադրբեջանական հող է։ Ժիրոն լուռ լսում է, հետո դառնում է սրանց, թե՝ Ղարաբաղը ում հող լինել-չլինելը թողնենք պատմաբաններին, թեև այստեղ նոր <<հայտնագործության>> կարիք չկա, բոլորս էլ, աշխարհն էլ գիտի, որ դա հայկական հող է, մենք չէ, որ այդ պիտի քննարկենք, ինչ վերաբերվում է գնալ, Ղարաբաղի ժողովրդին համոզելուն, էլի սխալ հասցեով եք եկել, այդ հողի վրա ապրող ժողովուրդն ինքն է որոշում իր անելիքը, դա մեծ քաղաքական հարց է, քաղաքականության մեջ մենք չկանք։ Ինձ նման հարցով այլևս չդիմեք։
Անցնում է մի երեք օր։ Ժիրոյի մոտ եկած ադրբեջանցիներն իրենց տեղը չեն գտնում, Ժիրոյից վիրավորված, անպայման ուզում են վրեժ լուծել։ Ո՞նց են հաջողացնում, Ժիրոյի շրջապատից մի <<հուդա>> են գտնում, Աստված գիտի, ինչեր են խոստանում սրան, որ Ժիրոյին խաբելով բերի, գցի իրենց ձեռքը։ Էս հուդան զանգում է Ժիրոյին, խաբում, թե Ռուսաստանից օրենքով գող էսինչն է եկել, մեր տանն է, ուզում է իրիկունը քեզ տեսնել։ Ժիրոն էլ՝ բա, լավ, կգամ։ Ուշ ժամի, կեսգիշերին մոտ, ժիրոն տաքսիով, մենակ գնում, իջնում է էս հուդայի տան մոտ, տեսնում է՝ մի 24 Վոլգա է կանգնած։ Ձեռքի լույսը գցում է՝ տեսնի, մեջը մարդ կա՞, տեսնում է մեքենայի հետևը տղամարդու մի կլոր գլխարկ է դրած, ինչը սովորաբար ադրբեջանցի տղամարդիկ են դնում, բայց ավտոյի մեջ մարդ չի լինում։ Ժիրոյիս սիրտը կասկած է ընկնում։ Դե, ով ճանաչում է կամ շփվել է, գիտի, որ Ժիրոյի մոզգը 1000-ի տակ է աշխատում։ Դարպասով չի մտնում բակ, թռչում է փայտի ցանկապատի վրայով, հետևի կողմից մոտենում է տան պատուհանին։ Հենց էդ պահին տանից մեկը դուրս է գալիս, մոտենում, որ ծառի տակ ջուր թափի, աչքն ընկնում է պատուհանից ներս նայող մարդուն, ձայն է տալիս։ Ժիրոն մտածում է, որ հիմա մենակ փախչելն իրեն կփրկի, քանի ներսիններն էլ դուրս չեն եկել։ Վազում, նորից ցանկապատից դուրս է թռչում։ Դուրս եկածը հասցնում է կրակել, էլ չգիտեմ, կրակոցը կպնում է, թե՝ չէ, գոռում է՝ հասեք, Ժիրոն փախավ։ Սրանք ընկնում են Ժիրոյի հետևից։ Մոտակայքում մանկապարտեզ է լինում, Ժիրոն մտնում, թաքնվում է մանկապարտեզի մոշի թփերի մեջ, սրանք էլ չեն գտնում։ Էդպես Ժիրոն փրկվում է։
— Կարո, լավ, էլի, հերիք էդ հեքիաթներդ պատմես, Ժիրոն օրենքով գող է, իսկ օրենքով գողի համար ազգություն, հայրենիք չկա, իրենք իրենց օրենքներն ունեն, քո Ժիրոն էլ մի հերթական գող է, դարձրիր ազգային հերոս,- բացականչեց տղաներից մեկը, ձեռքը թափ տվեց ու հեռացավ։
— Տո, դու ի՞նչ ես հասկանում գողական աշխարհի <<պանյատներից>>, արա, գնա գործիդ,- հեռացողի հետևից զայրացած կանչեց Կարոն։
Իսկ ես կանգնել էի՝ տեղում սառած, քարացած։ Ուրեմն՝ այն գիշերվա իմ փրկած մարդը օրենքով գող Ջրվեժի Ժիրոն է եղել։
Չգիտեմ, ժամերը ոնց անցան, բոլորն արդեն մտել, դուրս էին եկել քննասենյակից, միջանցքում միայն ես էի մնացել։ Մտա քննասենյակ, լսածիցս դեռ շոկի մեջ էի, մարմնիս դողը չէր անցել, գլխիս մեջ էլ Ժիրոն էր։ Ստուգարքային գրքույկս դրեցի, ձեռքս պարզեցի, որ տոմս վերցնեմ, պրոֆեսորը բռնեց ձեռքս։
— Պետք չէ, տոմս մի քաշիր, նստիր։
Այն վիճակում էի, որ արդեն զարմանալու զգացողությունն էլ կորել էր։ Պրոֆեսորը վերցրեց գրքույկս, բաց արեց ու համապատասխան տեղում գրեց՝ գերազանց, ստորագրեց, փակեց գրքույկն ու ժպիտով այն մեկնեց ինձ։
— Բայց․․․պրոֆեսոր,- հազիվ կմկմացի ես։
— Մհեր Սահակյան,- ավելի լայն ժպտաց պրոֆեսորը,- դու վիրաբուժությունից քո քննությունը գերազանց հանձնել ես այն օրը, երբ պահակատան պայմաններում, թթի օղու օգնությամբ, վիրավոր Ժիրայրի կրծքամասից անսխալ հեռացրեցիր հրազենային կրակոցից մնացած գնդակը, վերքը մշակեցիր, սովորական թել-ասեղով կարեցիր։ Անթերի գործ էիր արել, կեցցես, գերազանց ես ստանում։
— Պրոֆեսոր, բայց․․․բայց․․․
— Մհեր, Ժիրայրը իմ դասընկերն է ու բարեկամը, տարիներ առաջ ես իմ<<օրենքով գող>> մականվամբ նրան փրկեցի, հետո նա փորձանքից փրկեց իմ միակ որդուն։ Իսկ հիմա գնա, սպասիր միջանցքում, այս թղթերը լրացնեմ, վերջացնեմ, միասին իմ մեքենայով տեղ ենք գնալու։
Պրոֆեսորը իհարկե, նկատեց անսահման զարմանքս, հասկացավ նաև, որ շատ հարցեր ծագեցին իմ մեջ, բայց լռում էի։
— Գիտե՞ս, Մհեր,- արդեն մեքենայի մեջ ասաց նա,- երբ մարդկանց կապում է պարզ, անկեղծ, անմիջական ու անշահախնդիր, մարդկային հարաբերությունը, երբ ամեն մեկը այդ ընկերության մեջ գիտի իր տեղն ու սահմանը, դերը, դիմացինի մեջ տեսնում ու գնահատում է Մարդուն, բոլորովին էլ կապ չունեն տիտղոսներն ու կոչումները, մասնագիտությունը, հարուստ կամ աղքատ, քաղաքացի կամ գյուղացի լինելը։ Ժիրայրը ուժեղ, իր աշխարհում արդարին ձգտող մարդ է, և այդ արդարության ճանապարհին, այո, նա թույլ է տվել նաև սխալներ, անընդունելի արարքներ, գործողություններ։ Մեզ համար, առավել ևս՝ քեզ պես երիտասարդի համար, թերևս անընդունելի է նրա ու նրա նմանների ստեղծած աշխարհը, քանի որ այն ստանդարտից, մեր իմացած նորմերից, պատկերացումներից դուրս է, ուր գործում են այլ օրենքներ, բայց փաստ է, որ կա՛ այդ աշխարհը, կան այնտեղ՝ այդ օրենքներով ապրող մարդիկ, որոնցից մեկն էլ Ժիրայրն է։
Երբ ուղղվեցինք Ջրվեժ, հասկացա, որ գնում ենք հանրահայտ Ժիրոյենց տուն։
— Այ, դու,- շարունակեց պրոֆեսորը,- ամբողջ ճանապարհին չհարցրեցիր, թե ու՞ր ենք գնում։ Ճիշտ այդպես էլ, դու Ժիրայրին հարցեր չէիր տվել, թե ո՞վ է, ու՞մից, ինչու՞ է փախչում, ովքե՞ր, ինչու՞ են կրակել։ Հենց դրա համար էլ նա այսօր քեզ տեսնելու ցանկություն է հայտնել, գնում ենք նրանց տուն։
— Պրոֆեսոր, բայց Դուք ասացիք, որ նրան փրկել եք Ձեր <<օրենքով գող>> մականվամբ, Դուք այդպիսի մականու՞ն եք ունեցել։
— Օ՜, դա մի զավեշտալի պատմություն էր, հիմա կպատմեմ,- ծիծաղեց պրոֆեսորը։
— Չորրորդ դասարանում էի սովորում, մի օր մեր տուն եկավ մեծ հորեղբայրս ու բարկացավ հորս վրա, որ նա խառնվել էր գործարանում իրենց ցեխի վարիչի դեմ կազմակերպած բունտին, որտեղ հայրս ասել էր, որ ցեխի վարիչը խաբում է աշխատողներին, նրանց վրա հավելագրումներ անում ու յուրացնում, այնինչ՝ իրականում դրանք ոչ թե հավելագրումներ էին, այլ բանվորների հենց իրական աշխատավարձերը, և նա իրավունք չուներ այդ գումարը բանվորներից հավաքելու։
— Ի՞նչ է, գլխիս օրենքով գո՞ղ ես, որ ամեն տեղ պետք է խառնվես ու արդարությունը պաշտպանես,- իր խոսքը եզրափակեց հորեղբայրս։
Այդ ժամանակ ես հասկացա, որ օրենքով գողը արդարությունը պաշտպանող մարդն է։ Մի քանի օրից ուսուցչուհիս ազատ շարադրություն հանձնարարեց <<Ի՞նչ եմ երազում դառնալ>> վերնագրով։ Ես, ոչ այս, ոչ այն, գրեցի` ուզում եմ դառնալ օրենքով գող։ Հաջորդ օրը ուսուցչուհիս իմ շարադրությունը բարձրաձայն կարդաց դասարանում, մի լավ էլ ծաղրեց։ Ու այդ օրվանից դասարանցիներիս մոտ իմ անունը մնաց <<Օրենքով գող>>։ Անցան տարիներ, ավարտեցինք դպրոցը, ես ընդունվեցի բժշկական ինստիտուտ, դասարանցիներից ամեն մեկը գնաց իր ճանապարհով, Ժիրայրն էլ գնաց Օդեսա՝ հորաքրոջ ընտանիքի մոտ։ Ավարտել էի ինստիտուտը, ամուսնացել էի, որպես բժիշկ, նշանակվել էի Պլանի գլխի հիվանդանոցի վիրաբուժական բաժնում։ Այդ օրը իմ գիշերային հերթապահության օրն էր, երբ մեր դասարանցի Հարութը զանգեց, թե՝ Սոս, Ժիրայրը Ռուսաստանից եկել է, դասարանցիներով հավաքվում ենք մեր տանը, երեկոյան ժ․ վեցի կողմերը երևա։ Գնացի, կնոջս էլ ասացի, որ մի երկու ժամ տղաների հետ կնստեմ, այնտեղից էլ կգնամ հերթապահության։ Դեռ նոր էի ներս մտել, տղաներին բարևեցի, Ժիրայրի հետ ողջագուրվեցինք, քանի որ արդեն տասը տարի էր, գնացած օրից նա Հայաստան չէր եկել, չէինք հանդիպել։ Աղջիկներից մի երկուսը Հարութի կնոջ հետ սեղան էին գցում, երբ ներս մտան երեք երիտասարդ միլիցիոներներ, թե՝ ձեր մեջ օրենքով գողն ո՞վ է։ Անակնկալի եկած, ես տարակուսանքով կանգնեցի՝ ես եմ, ասացի։ Կողքից մյուս տղաներն էլ, թե՝ հա, ինքն է, ի՞նչ կա։ Սրանք, թե՝ մեզ հետ պետք է բաժին գաս։ Է՞, ճարս ի՞նչ, սուսուփուս սրանց հետ գնացի միլիցիայի տեղամասային բաժին։ Մտանք մի կաբինետ, սրանք ստուգեցին գրպաններս, վերնաշապիկս արձակել տվեցին, նայեցին մարմինս, թևերս ու թե՝ էդ ո՞նց ա, որ ոչ մի նակոլկա չունես։ Էն մյուսն էլ, թե՝ դե, պատմիր, ինչու՞ ես եկել Հայաստան։ Մինչ ես ապշահար, չգիտեի, թե սրանք ի՞նչ են ուզում ինձանից, ես ի՞նչ պատասխանեմ, սենյակ մտավ մի փոխգնդապետ։ Նայեց ինձ, էս ո՞վ է, հարցրեց ինձ բերման ենթարկածին։ Միլիցիոները, թե՝ օրենքով գող Ժիրայր Կիրակոսյանն է, ինքը խոստովանեց, առանց դիմադրության, հանգիստ մեզ հետ բաժին եկավ։ Փոխգնդապետը շատ լուրջ լսեց նրանց, մեկ անգամ էլ ոտքից գլուխ չափեց ինձ ու հանկարծ սկսեց ծիծաղել, մի այնպիսի հոմերական քրքիջ բռնեց նրան, աչքերից արցունքներ սկսեցին գալ։ Էս երիտասարդ միլիցիոներները շշմած նրան էին նայում։ Երբ փոխգնդապետը մի քիչ հանգստացավ, դարձավ ինձ, թե՝ դու ո՞վ ես։ Ներկայացա, ասացի, որ բժիշկ եմ, հենց հիմա պետք է գնամ գիշերային հերթափոխի։ Բա ինչու՞ ես ասել, որ դու ես օրենքով գողը։ Ուրիշ ճար չկար, դրեցի, դրանց պատմեցի իմ օրենքով գող մականվան պատմությունն ու դուրս եկա, գնացի հիվանդանոց։ Իսկ այդ ընթացքում Ժիրայրը հասցրել էր թաքնվել։ Զանգեցի Հարութին, թե՝ էս ի՞նչ պատմություն էր, նա նոր միայն պատմեց, որ չէին հասցրել ինձ ասել, որ մեր Ժիրայրը Ռուսաստանում օրենքով գող է կնքվել ու անմիջապես եկել Հայաստան։ Էս էլ իմ մականվան պատմությունը, Մհեր ջան։
Հասել էինք Ջրվեժ, տան բակում մեքենայից իջանք, մեզ մի տղա դիմավորեց, ուղեկցեց ներս։ Սովորական տուն էր, բայց աչքիցս չվրիպեց գրքերի տակ կքած պահարանը։ Մեզ ընդառաջ եկավ Ժիրոն։ Պրոֆեսորի հետ ողջագուրվեցին, հետո դարձավ ինձ, գնահատող հայացքով նայեց, ապա պարզեց ձեռքը։
— Բարով ես եկել, ոտքդ տանս մեջ խերով լինի։
Մեզ ներս ուղեկցող տղան սեղանին հաց, ուտելիք, խմիչք դրեց։ Պրոֆեսորը հրաժարվեց խմելուց, արագ-արագ մի կտոր բան կերավ, ասաց, որ շտապ պայմանավորվածություն ունի, մենք կարող ենք զրուցել, ինքը գնաց։
Բավականին երկար զրուցեցինք։ Այո, իմ համակուրսեցի Կարոյի պատմածը ճիշտ էր, ամեն ինչ հենց այդպես էլ եղել էր։ Երբ պատրաստվում էի դուրս գալ, Ժիրոն ձայն տվեց նույն տղային։
— Արմեն, Մհերը այս տանը հարազատ մարդ է այլևս, տար, ճանապարհիր։
Նստեցի Արմենի առաջարկած մեքենան, մտածեցի, որ ինձ մանկապարտեզ կհասցնի, բայց Ն․ Նորքի առաջին զանգվածում, մի շենքի մոտ Արմենը մեքենան կանգնեցրեց։
— Իջիր,- ասաց։
Մտանք մուտք, բարձրացանք, երկրորդ հարկի դռներից մեկի մոտ Արմենը կանգնեց, բանալիով բաց արեց դուռը, ներս մտավ, ես էլ հետևից։
— Մհեր,- դարձավ նա ինձ,- կգնաս, քո պահակատնից կհավաքես եղած-չեղածդ, կգաս այստեղ։ Այս տանը կապրես, մինչև ինստիտուտիդ ավարտելը։ Ապրելու համար պետքական ամեն ինչ կա, եթե ուզենաս, նույնիսկ կարող ես կարիքավոր ընկերներիցդ մեկին էլ բերել՝ քեզ հետ ապրի։ էդ մանկապարտեզի գործից դուրս արի, էս գումարն էլ, կարծում եմ, կբավարարի քո ծախսերին։ Մի մտածիր, ես հաճախ կգամ, կհանդիպեմ քեզ, նեղություն չես քաշի։ Սա Ժիրոյի հանձնարարությունն է։
Հետո տան բանալիները տվեց ինձ ու դուրս գնաց։ Նրա հետևից դուռը փակեցի ու շվարած նստեցի։ Գլուխս առա ափերիս մեջ, փորձում էի հասկանալ կատարվածը, չէ, չէի կարողանում։
Այդպես էլ արեցի։ Գնացի մանկապարտեզ, պահակատնից հավաքեցի ունեցած մի քանի շորերս, գրքերս, մանր-մունր բաներ, շնորհակալություն հայտնեցի, հրաժեշտ տվեցի ու եկա իմ նոր բնակարանը։ Կեսգիշերին մոտ, դեռ նոր էի պառկել քնելու, երբ մի մտքից վեր թռա։ Այս ի՞նչ եմ անում, ինչու՞ համաձայնվեցի գալ այս տանն ապրելու, իսկ եթե հանկարծ Ջրվեժի Ժիրոն կամ իր մարդիկ ինձ էլ ներքաշեն կամ ստիպեն, որ մասնակից դառնամ իրենց հանցավոր գործողություններին, ի՞նչ պիտի անեմ։ Ծիծաղու՞մ եք, չէ, ծիծաղել պետք չէ, քանի որ գյուղից եկած, ուսուման ծարավ տղան, որ կյանքում չի հետաքրքրվել, չի իմացել անգամ կյանքում եղած շատ երևույթներ, այն էլ՝ քրեական հեղինակությունների ու օրենքով գողերի մասին, հենց այդպես էլ կմտածեր։ Այդ ժամանակ ինձ համար գողը գող էր, որի մեջ ես չէի տեսնում մարդուն, ի՞նչ տարբերություն, նա ջեբկի՞ր էր, թե օրենքով գող։ Բայց լավ էր, կարողացա հակափաստարկներ գտնել, ինքս ինձ համոզել, հանգստացնել, քնել։
3.
Ավարտական դիպլոմայինի պաշտպանությունից դեռ շատ առաջ, պրոֆեսոր Ջանենցը ինձ տարավ իր մոտ՝ հիվանդանոց, նշանակեցին վիրաբուժական բաժանմունքի գիշերային հերթափոխի բժիշկ, իսկ ավարտելուց հետո՝ արդեն սովորական գրաֆիկով աշխատող բժիշկ։ Երկրաշարժի վերքերը չսպիացած, սկսվել էր Արցախյան պատերազմը, մի կողմից էլ՝ Հայաստանի ծանր տնտեսական վիճակը, մութ ու ցուրտ օրերը։ Հիվանդանոցն աշխատում էր արտակարգ գրաֆիկով, օր ու գիշեր Արցախից վիրավոր ազատամարտիկներ էինք ընդունում, վիրահատարանները միշտ զբաղված էին լինում։ Ես համարյա տուն չէի գնում, օրական մի քանի վիրահատություն էի կատարում, հոգնածությունից, երբեմն հենց շորերով, քնում էի իմ աշխատասենյակի կոտրված բազմոցին։ Մի օր մտա պրոֆեսորի մոտ, ասացի, որ ուզում եմ Արցախ մեկնել։ Պրոֆեսորը երկար նայեց, նայեց․
— Գնա,- ասաց։
Հաջորդ օրը գնացի, հրաժեշտ տվեցի Ժիրոյին, ներկայացա մոտակա զինկոմիսարիատ, պայմանավորվեցի, որ առավոտյան Արցախ մեկնող ջոկատի հետ կարող եմ հասնել Ստեփանակերտ։
4.
Ստեփանակերտի հիվանդանոցում մնացի երեք ամիս։ Չեմ կարող հիշել, թե այդ երեք ամսվա մեջ քանի՞ անգամ եմ շոր հանել, անկողնու մեջ քնել ու լողացել։ Երբեմն, բարդ վիրահատությունների դեպքում, մի երկու օրով գնում էի Ասկերանի հիվանդանոց, երբեմն էլ՝ շարժական վիրահատարան-մեքենայով հայտնվում էինք որևէ ճակատային հատվածում, որտեղից հնարավոր չէր եղել ծանր վիրավորներին տեղափոխել հիվանդանոց, և հարկավոր էր հենց տեղում կազմակերպել առաջին բուժ․օգնություն կամ վիրահատել։ Ես չեմ կարող, չեմ ուզում նկարագրել այդ տարիների, օրերի Արցախի դժոխային վիճակը, այդ հիշողությունն ինձ սոսկալի ցավ է պատճառում՝ անգամ այսքան տարիներ անց, բայց և չեմ կարող հիացմունքս, զարմանքս չարտահայտել արցախի ժողովրդի, հայի այդ տեսակի համար, չեմ կարող գլուխ չխոնարհել մեր ազատամարտիկ տղաների առջև։ Այդ երեք ամիսը ապրելով նրանց կողքին, նրանց հետ, նրանց մեջ, ես Մարդ դարձա, Հայ դարձա, մեծացա, հասունացա, աչքերս բացվեցին, սկսեցի կողքերս նայել, բան տեսնել, բան հասկանալ։
Երեք ամիս անց, վերադարձա Երևան՝ բոլորովին այլ մարդ դարձած։
5.
Գիշերային ծանր երկու վիրահատություններից հետո, նոր էի մտել աշխատասենյակ ու հենց այդպես, կոշիկներով մեկնվել բազմոցին, երբ ներս մտավ Արմենը, թե՝ Ժիրոն քեզ շտապ կանչում է։ Արագ վեր կացա, ինչքան հնարավոր էր, ինձ կարգի բերեցի, Արմենի հետ գնացի։
Ժիրոն մռայլ էր, գունատ, նիհարած։ Գիտեի, որ հիվանդ է։
— Մհեր, պիտի գնաս Կրասնոդար։
Հարցական նայեցի։
— Ես լավ չեմ, դու պիտի գնաս։ Կրասնոդարի մեր տղերքը Արցախի համար ահագին բժշկական անհրաժեշտ սարքավորումներ, հագուստ-մագուստ, տարբեր բաներ են կուտակել։ Վստահելի ու նաև բժշկական սարքավորումներից հասկացող մարդ է պետք, որ դրանք նորմալ բերի, տեղ հասցնի։
— Խնդիր չկա։ Գնամ, երբ ասեք, միայն խնդրում եմ՝ տեղյակ պահեք պրոֆեսոր Ջանենցին։
6.
Կրասնոդարի օդանավակայանում ինձ դիմավորեց մի տարեց մարդ, ասաց, որ գնում ենք էսինչի առանձնատունը (ինչ-որ անուն տվեց)։
— Գալու են Կրասնոդարի երկրամասում հայտնի մի քանի և հայ, և ռուս ազգության օրենքով գողեր, ճանաչված քրեական ու տեղական հեղինակություններ, մինչև հասնենք, հավաքված կլինեն։
Նախկինում նման մարդկանց հետ հանդիպելու լուրը ինձ կշփոթեցներ, բայց այդ ժամանակ՝ բոլորովին, քանի որ, որքան ժամանակս հնարավորություն էր տվել, Ջրվեժի Ժիրոյի հետ ծանոթանալուց, ավելին՝ մտերմանալուց հետո, կարդացել էի քրեական աշխարհի մարդկանց, նրանց օրենքների մասին, գիտեի շատ հայտնի դեմքերի կենսագրությունը։ Այնպես որ՝ խուճապի չմատնվեցի։
Երբ մտանք նշված առանձնատուն, ես զարմացած չորս կողմս էի նայում, այդպիսի տուն միայն կինոներում էի տեսել։ Դահլիճի մեծության հյուրասրահում հավաքված էին մոտ 7- 8 մարդ։ Ուղեկցողս ինձ ներկայացրեց, առաջարկեց նստել։ Հավաքվածները նախ մի պահ ուսումնասիրեցին ինձ, հետո, առանց ձևականությունների, սկսեցին հարցեր տալ։ Բազմաթիվ իրենց հետաքրքրող հարցեր տվեցին Արցախից, պատերազմից, ազատամարտիկներից, Հայաստանից։ Առանց ընդհատելու, բոլորն ուշադիր լսում էին ինձ։ Պատմեցի, որ երեք ամիս Ստեփանակերտի հիվանդանոցում եմ եղել, դիրքերում, ճակատային հատվածներում, պատմեցի իմ տեսածի, լսածի մասին, պատմեցի հայ ազատամարտիկների ոգու, անձնազոհության մասին, արցախցու խիզախության, համառ կամքի մասին։ Արդեն ժամից ավելի, քար լռության մեջ, ես պատասխանում էի նրանց հետաքրքրող հարցերին, պատմում, իսկ հարցերը չէին վերջանում։
Պատկերացրեք, երկու ժամ տևած այդ հարցուպատասխանի ընթացքում, հանձինս նրանց, ես չտեսա ո՛չ օրենքով գողերի, ո՛չ հեղինակությունների, այդտեղ հավաքվել էին Արցախի ճակատագրով ապրող, անհանգստացող, մտահոգ մարդիկ, որոնք ուզում էին իմանալ, թե ինչպե՞ս, ինչո՞վ կարող են օգնել Արցախին, հայ ժողովրդին՝ հաղթանակի հասնելու, պատմական արդարությունը վերականգնելու համար։
Տիրեց երկար լռություն։ Բոլորը նայեցին տանտիրոջը, որը հավանաբար նրանց միջի տարիքովն էր։
— Տղա, մենք՝ այստեղ հավաքված բոլորս,- նա ձեռքը պարզեց հավաքվածներին,- և ավելացրած էլի մի քսան-երեսուն մարդ, կարող ենք գալ, ջոկատ կազմել, գնալ Ղարաբաղ, մի քանի գյուղ էլ գրավել, բայց մենք այստեղ ենք Ղարաբաղին պետք, որ թուրքի դեմ կռվող ֆիդային զենք ունենա, զիմամթերք, հագուստ, սնունդ ունենա։
Մյուսները, որը գլխով, որը խոսքով հաստատեցին տանտիրոջ ասածը։
— Մհեր, տղա, մենք քեզ վստահում ենք, քանի որ գիտենք, որ Ջրվեժի Ժիրոն պատահական, չստուգված մարդ չէր ուղարկի այստեղ։ Վաղը կծանոթանաս եղած բժշկական սարքավորումներին, ցուցակ կգրես, թե էլի ի՞նչ սարքավորումներ են ձեզ այնտեղ խիստ անհրաժեշտ։ Մի երկու օրից ամեն ինչ պատրաստ կլինի։ Բեռը տանելու ես հատուկ ինքնաթիռով, բժշկական սարքավորումների հետ փաթեթավորված կլինի նաև զենք-զինամթերք։ Քեզանից ծայր աստիճան զգոնություն, զգուշություն է պահանջում, որ բեռը նորմալ տեղ հասցնես, ասեմ նաև, որ վտանգն էլ չի բացառվում, պետք է ամեն ինչի պատրաստ լինես։
Հետո դարձավ ինձ այդտեղ ուղեկցող մարդուն։
— Մհերին տար, տեղավորիր հյուրանոցում։ Գիտես՝ ինչ անել։ Ինձ հետ կապի մեջ կլինես։
Կրասնոդարում իմ անցկացրած հինգ օրերի և այդ մարդկանց հետ շփման ընթացքում, ես տեսա այն ահռելի տարբերությունը, որ կար Հայաստանի ու Ռուսաստանի հանցագործ աշխարհի ներկայացուցիչների կենսաձևերի միջև։ Այստեղ բոլորն ապրում էին մեծ, խնամված այգիներով, բակերով շրջապատված առանձնատներում, վայելքի ու ճոխության մեջ, ինչը այդ տարիներին չէիր տեսնի Հայաստանում։ Այդ հեղինակությունները ակտիվ մասնակցություն ունեին տեղական համայնքների քաղաքական-հասարակական կյանքին, առանց նրանց մասնակցության հարցեր համարյա չէին լուծվում։ Ես, իհարկե հասկացա այդ տարբերության պատճառը, Հայաստանի նման փոքր, աղքատ, պատերազմող երկրի համար դա բնական էր։ Բայց ես զգացի նաև, թե ճոխության մեջ ապրող այդ հեղինակությունները ինչպիսի հարգանքով, ակնածանքով էին լցված Ջրվեժի Ժիրոյի նկատմամբ, սովորական, միջին ապրողին բնորոշ տան մեջ ապրող, երբեմն՝ միայն հաց ու պանիրի հույսին ճաշող Ժիրոյի նկատմամբ։ Երբ այդ մասին հետո պատմում էի Ժիրոյին, նա մեղմ ժպտաց ու թե՝ Մհեր ջան, ես էլ կարող էի ունենալ այդ ճոխություններն ու շքեղությունները, բայց դա իմ աշխարհը, օրենքով գողի աշխարհը չի։
Հինգ օրից, բեռնավորված ինքնաթիռը թռավ Երևան։ Ավելորդ է նկարագրել, թե ինչ խնդիրներ, դժվարություններ հաջողվեց հաղթահարել, ինչպիսի իրավիճակներից կարողացա դուրս գալ՝ առանց ինձ կորցնելու, քանի որ բեռը գրանցված էր իմ անունով։ Ինչևէ, բարեհաջող վայրէջք կատարեցինք Երևանում։
Ժիրոն լավ չէր, իմ բացակայության հինգ օրերում, նա ավելի էր գունատվել, նիհարել։ Պրոֆեսոր Ջանենցը խիստ անհանգստացած էր, շտապ վիրահատություն նշանակեց։
Մի քանի օրից մեկնեցի Արցախ։
7.
Շտապ պետք է գայի Երևան՝ դեղորայքի հետևից։ Ստեփանակերտից դուրս եկանք, ես ու շտապ օգնության մեքենայի վարորդն էինք։ Հեռվից նկատեցի, որ ճանապարհի եզրին մի ընտանիք էր կանգնած։ Ֆիդայական հագուստով, զենքը ուսին գցած տղամարդը թափահարեց ձեռքը, որ կանգնենք։
— Մարտակերտից ենք, ընտանիքս ուզում եմ Հայաստան տանել, տեղավորվել, վերադառնալ նորից, կօգնե՞ք։
Իմ դրական պատասխանից հետո ձեռքով արեց, երիտասարդ կինն ու ճամպրուկի վրա նստած երկու փոքրիկները վազեցին, բարձրացան մեքենան։
— Տունս ռմբակոծության տակ ընկավ, ընտանիքս դրսում էր մնացել, ես նրանց կողքին լինել չեմ կարող, ինքնապաշտպանական ուժերի շտաբում եմ։ Իրենց հասցնեմ Երևան, հորեղբոր տղա ունեմ, հետո հանգիստ իմ գործին վերադառնամ։
Վիտալիկը, ընտանիքի հայրը, ճանապարհին պատմում էր Մարտակերտի, այնտեղ մնացած ժողովրդի ծանր վիճակի մասին։ Էդպես, խոսք ու զրույցով հասանք Երևան։ Վիտալիկի բարեկամն ապրում էր Սարի թաղում։ Գտանք տունը, իջան, իրար հրաժեշտ տվեցինք, բայց չգիտես ինչու, անհանգստություն զգացի, վարորդին խնդրեցի սպասել, մինչև տան դարպասը կբացվի, Վիտալիկի ընտանիքը ներս կգնա, կհամոզվենք, որ ամեն ինչ նորմալ է, նոր կհեռանանք։ Դարպասը բացվեց, մի կին դուրս եկավ, հետո ձայն տվեց, մի տղամարդ էլ եկավ, երևի Վիտալիկի հորեղբոր տղան էր։ Հենց դարպասի դռանը կանգնած, նրանց խոսակցությունը ինչ-որ երկարում էր։
— Վիտալիկ,- ձայնեցի։
Մոտեցող մարդու դեմքից զգացի, որ այն չէ։
— Ի՞նչ կա, ինչու՞ ներս չեք գնում։
— Կինն ասում է՝ մեր տանը նեղվածք է, չենք կարող ձեզ ընդունել։
Արյունը խփեց գլխիս։
— Ձայն տուր, թող երեխաները գան, գնում ենք,- կատաղած ասացի ես։
Կինն ու երեխաները հետ եկան, բարձացան մեքենան, իսկ Վիտալիկի հարազատները այդպես էլ գոնե չհարցրեցին, թե ու՞ր են գնում, ի՞նչ են անելու այդ երկու փոքրիկների հետ։
Ճանապարհին բոլորս լուռ էինք, ես զայրույթից շրթունքս էի կրծում, շարունակ ծխող Վիտալիկի ձեռքը ներվային դողում էր, կինը լուռ լաց էր լինում, միայն երեխաներն էին, որ անտարբեր կատարվածին, հետաքրքրությամբ նայում էին մեքենայի պատուհանից դուրս, իրենց անծանոթ փողոցներին ու բարձրահարկ շենքերին։
Հասանք Ջրվեժ, Ժիրոյի տան մոտ կանգնեցինք։ Վիտալիկենց պատվիրեցի՝ մնալ մեքենայի մեջ, ես ներս գնացի։ Ժիրոյին պատմեցի մարտակերտցի ընտանիքի մասին, որ հարազատները նրանց չընդունեցին, ընտանիքը շիվարել է, չգիտի իր անելիքը։ Ժիրոն երկար չմտածեց, ձայն տվեց Արմենին։
— Արմեն, գնա, ասա, թող էդ մարդիկ իջնեն մեքենայից, Վարսիկին ասա, թող հաց սարքի, նրանց կերակրի, հետո կտանես մասսիվի էն տունը, թող առայժմ ապրեն այնտեղ։
Քանի որ առավոտ շուտ ես պետք է վերադառնայի Ստեփանակերտ, մի կտոր հաց կերա, Վիտալիկին հանգստացրեցի, որ վստահի Ժիրոյին, ամեն ինչ լավ է լինելու, առավոտյան գնալուց առաջ, իրենց կհանդիպեմ մասսիվի տանն ու դուրս եկա։
Առավոտյան գնացի մասսիվի տունը, այո, հնց այն տունը, ուր ապրել էի մոտ երկու տարի։ Վիտալիկն ասաց՝ քանի որ ընտանիքը նորմալ տեղավորվեց, ապրուստի համար մի քիչ էլ գումար կար կնոջ ձեռքին, ինքը ինձ հետ ուզում է վերադառնալ Ստեփանակերտ։
Ասեմ, որ մարտակերտցի Վիտալիկի հետ մենք դարձանք լավ ընկերներ, բարեկամներ։ Բայց․․․ 94-ի գարնանը Վիտալիկը զոհվեց։ Ցավալի լուրն առնելով՝ նրա կինն ու երեխաները վերադարձան Մարտակերտ։ Հիմա էլ, Արցախում լինելիս, ես անպայման այցելում են նրանց։ Երեխաները մեծացել են, ամուսնացել, կարգին, իրենց արժանավոր հոր արժանավոր զավակներ են դարձել։
8.
Ասեմ, որ ես ու Ժիրայրը բավականին կապվել էինք իրար, մտերմացել։ Երևանում գտնվածս ընթացքում, շատ հաճախ էի գնում իր տուն, երբեմն պատահել է՝ զրուցել ենք մինչև լուսաբաց, առավոտյան հասել եմ հիվանդանոց։ Ահա, այդպիսի զրույցներից մեկի ժամանակ էլ, հետաքրքրությունս հաղթեց ու հարցրեցի Ժիրոյին, թե կալանավայրում անցկացրած այդ երկար տարիների մեջ ո՞ր հիշողությունն է իր համար ամենադաժանը։
ԺԻՐՈՅԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
— Պատմեմ, Մհեր, բայց պատմածս կհասկանա միայն այն մարդը, ով կարդացել է Ջեկ Լոնդոնի <<ԶՍՊԱՇԱՊԻԿԸ>>։
Տասնինը տարեկան էի, երբ գողության, սպանության համար առաջին անգամ դատապարտվեցի տասը տարվա կալանքի։ Դատավճռի հրապարակումից հետո, ինձ տեղափոխեցին գաղութ։ Այստեղ ես առաջին իսկ օրից հրաժարվեցի աշխատանքի դուրս գալ, չէի ենթարկվում գաղութի կարգուկանոնին, հաճախակի վեճերի ու կռիվների մեջ էի մտնում բանտապահների, գաղութի աշխատակիցների հետ։ Այդպես մի քանի տարի։ Բայց հետո, ժամանակը սպանելու համար, սկսեցի գնալ գաղութի գրադարան։ Հանկարծ պարզվեց, որ ես կարդալը նույնիսկ սիրում եմ։ Սկսեցի ագահորեն կարդալ նախ հայ դասականներին, հետո անցա համաշխարհային դասականներին, որոնց շարքում սիրահարվեցի Ջեկ Լոնդոնի գրվածքներին, ապրում էի դրանցով։ Ահա մի օր էլ, մի ծեծկրտուքից հետո, ինձ շատ երկար ժամանակով գցեցին պատժախուց-մենախուց՝ <<կարցեր>>։ Դա իմ կյանքի, իմ հիշողությունների ամենադաժան հատվածներից է։ Մի քանի օր աշխատողը խուց էր բերում ուտելիքը, ջուրը, ինչ-որ բաներ էի նրան հարցնում, օրինակ՝ եղանակից կամ խնդրում էի գրադարանից գիրք բերել ինձ համար, բայց նա չէր պատասխանում, խուլ ու համրի նման դնում էր ուտելիքը, առանց դեմքիս նայելու, դուրս գալիս։ Չդիմացա, ուզում էի մարդկային ձայն, խոսք լսել ու մի օր էլ քաշեցի թևից, հրեցի, խփեցի, ուտելիքով աման-չամանը գետնով տվեցի, գոռոցս գցեցի, թե ինչու՞ չի խոսում։ Նույն պահին էլ պատժախուց մտան երկու աժդահա աշխատակիցներ, ու Աստված գիտի, թե որքան ժամանակ հետո միայն աչքերս բացեցի, ուշքի եկա։ Պառկած էի չոր թախտի վրա, տակիս դոշակն էլ չկար, որպես պատիժ, տարել էին, իսկ մարմինս, ոսկորներս, մկաններս ցավից նվում էին։ Ահավոր էին ծեծել, չէի կարողանում մի շարժում անգամ անել, սուր ցավեր ունեի որովայնիս, բարակ մեջքիս շրջանում։ Չէի հասկանում՝ գիտակցությու՞նս էի շարունակ կորցնում, թե՞ քնում էի։ Երբ վերջնական ուշքի եկա, ցավերն ավելի սաստկացան, չէի դիմանում, բայց տնքալու ուժ էլ չունեի։ Եվ հանկարծ, որտեղից-որտեղ հիշեցի Ջեկ Լոնդոնի <<ԶՍՊԱՇԱՊԻԿԸ>>։ Մի երկու բառով ասեմ, որ ըստ Լոնդոնի նկարագրության, բերդի մի անհնազանդ կալանավորի, որպես պատիժ, զսպաշապիկ են հագցնում, որի կապերն այնքան են ձգում, որ արյունը երակներում կանգ է առնում։ Քչերն էին դիմանում, զսպաշապիկով պատժվելուց հետո, քչերն էին կենդանի մնում, բայց այ, Լոնդոնի հերոսը ճարը գտնում է։ Զսպաշապիկի մեջ նա սկսում է մեդիտացիա անել, ինչն էլ դառնում է նրա փրկությունը։ Իսկ ինչու՞ ես էլ չփորձեմ, մտածեցի, թեև նախկինում երբեք չէի փորձել, բայց կարդացել էի, բավական գիտեի, թե իրենից ինչ է ներկայացնում մեդիտացիան։ Եվ պատկերացրեք, ստացվեց։ Ցավերս կարողացա մեղմել, ավելին՝ համարյա չզգալ։ Բանտապահները լավ էլ վախեցել էին, կարծել էին՝ մեռել եմ։ Իհարկե, հետագայում <<բախտ ունեցա>> նաև զսպաշապիկ հագնել, բայց դա արդեն սարսափելի չէր, որքան էլ ձգում էին կապերը, ինձ համար միևնույն էր։ Մինչև հիմա այդ մենախուցն ու ծեծը մնացել են ինձ համար ամենատհաճ, ամենադաժան հիշողությունններից, թեև ավելի դաժան պահեր էլ եմ ունեցել, հետո առիթ կլինի, կպատմեմ։ Օրինակ՝ այն դեպքը, թե Ռուսաստանի մի բերդում, ուր նստեցի վեցը տարի, ինչպես մի խցում հավաքեցին այդտեղ նստած տասը օրենքով գողերի ու հեղինակությունների, և այնպիսի ծանր պայմաններ ստեղծեցին նրանց համար, որ հենց ներսում իրենք իրար վերացնեն։ Դա սոսկալի դեպք է, բայց դե, մուսռների պլանը չհաջողեց, երկու մարդ միայն չդիմացան փորձությանը, մյուս տղաները պատվով մնացին, կրեցին, դիմացան փորձությանը։ Հա, ես էլ նրանց մեջ էի։
9.
1993-ի գարունն էր, կարծեմ ապրիլի վերջերը։ Արցախում էի։ Գլխավոր բժիշկը եկավ, թե՝ Հայկ, քեզ կանչում են ինքնապաշտպանական ուժերի գլխավոր շտաբ, գնա, տես, ի՞նչ կա։ Գնացի։ Տարան շտաբի պետի մոտ։ Մի քանի զինվորական շորերով մարդիկ էին հավաքված, մեկը քաղաքացիական հագուստով էր։ Համարյա բոլորին դեմքով ճանաչում էի, բացի քաղաքացիական հագուստով մարդուց։ Բարևեցի, առաջարկեցին նստել։ Քաղաքացիական հագուստովը, թե՝ բժիշկ, լսել ենք, որ Երևանում Ջրվեժցի Ժիրոյի հետ մոտ հարաբերությունների մեջ եք։ Մի պահ կարծես շփոթվեցի, տատանվեցի, չգիտեի՝ ինչ ասել, բայց մի ներքին ինքնավստահություն եկավ վրաս։
— Այո, գնալ-գալ ունեմ, ի՞նչ կա։
-Հայկ, մի այսպիսի նուրբ հարց կա։ Ազերիների մոտ մերոնցից երկուսը գերի են ընկել, որոնց ազատելու հարցում, կարծում ենք Ժիրոն կարող է մեծ դեր ունենալ։ Ուզում ենք, գնաս Երևան, խոսես Ժիրոյի հետ, որ համաձայնվի կապ հաստատել Բաքվում օրենքով գող իր ընկերների հետ, համաձայնեցնի, գերիների փոխանակում կատարենք, ասում են՝ օրենքով գողերը ադրբեջանի իշխանությունների մոտ որոշիչ ձայն ունեն։
Մտածելու բան չունեի, ասացի՝ կփորձեմ։
Քաղաքացիական հագուստով մարդը, որ ներկայացավ, որպես Ահարոն Դանիելյան, գրեց գերիների ազգանունները, բոլոր տվյալները, էլի լրացուցիչ տեղեկություններ, հետո թղթի վրա մի հեռախոսահամար տվեց, թե՝ ես գիտեմ, որ դրա համար գումար պետք կլինի, մեծ գումար, կզանգես էս հեռախոսահամարով, կասես՝ բժիշկն է, գումարի չափը կասես, կբերեն կհասցնեն։ Ես դուրս եկա, մուտքի մոտ ինձ արդեն սպասող մեքենայով անմիջապես շարժվեցինք Երևան։
Գիշերվա կեսին տեղ հասանք։ Ժիրոյի տան լույսը վառվում էր։ Զարմացավ ինձ տեսնելով, նաև անհանգստացավ․
— Ի՞նչ կա, Հայկ, հո բան չի՞ պատահել։
Նստեցի, պատմեցի գալուս նպատակը։ Ժիրոն չէր ընդհատում, լուռ էր ու մտազբաղ։ Վերջացրեցի։
— Դե, ինչպե՞ս, հնարավո՞ր բան է։
— Հայկ, անհնարին ոչինչ չկա այս աշխարհում, այս կյանքում։ Տուր տվյալները։ Էդ տրված համարով էլ զանգիր, ասա, որ էսքան փող բերեն,- ասաց ու թղթի վրա թիվ գրեց։
Զանգեցի, ասացին, որ քսան րոպեից գումարը կբերեն, տվեցի Ժիրոյի տան հասցեն, և իսկապես մի քսան րոպեից մարդիկ գումարը բերեցին, հենց դռնից տվեցին ինձ ու գնացին։ Գերի ընկած տղաների տվյալները տվեցի, Ժիրոյին ասացի՝ դե, ես գնամ մի քիչ հանգստանամ, առավոտը կգամ։
— Դու գնա, Հայկ, գնա, քնիր, առավոտը կգաս, երևի մի բան մտածած կլինեմ։
Գնացի իմ վարձով բնակարանը, վարորդին անկողին պատրաստեցի բազմոցին, ես, լոգանքից հետո, ընկա անկողնուս վրա ու մեռելի պես քնեցի։ Առավոտյան վարորդը հրեց, թե՝ վեր կաց, քնով ենք ընկել, կեսօրն անց է։ Արագ-արագ հագնվեցինք, դուրս եկանք։ Հասանք Ջրվեժ, անձրև էր կաթկթում։ Արմենը պատշգամբում նստած՝ սուրճ էր խմում։ Վազելով բարձրացա պատշգամբ, բարևեցի․
— Ժիրայրն ու՞ր է, դեռ քնա՞ծ է,- հարցրեցի, իմանալով, որ Ժիրայրը սովորաբար քնում էր լուսադեմին, արթնանում կեսօրին։
— Պահ,- ծպպացրեց Արմենը,- Ժիրոն մի կես ժամից կհասնի Կիև։
Ես քարացա։
— Արմեն, չհասկացա, ի՞նչ Կիև։
Բայց Արմենը շատ հանգիստ իր սուրճն էր ֆռռտացնում, ոչ էլ ուշադրություն դարձրեց իմ նեղացած տոնին։
— Այ ախպերս, ի՞նչ ես ուզում, գիշերվա քո ասած հարցով ա գնացել։ Վարորդին ասա, թող գա, հաց-մաց կերեք, գնացեք ձեր գործին, տենանք, Ժիրոյից ե՞րբ խաբար կառնենք։
Էլ հաց-մաց կգա՞ր աչքիս, հետ վազեցի, նստեցի մեքենան։
— Քշիր ուղիղ Ստեփանակերտ,- ասացի վարորդին։
Հասանք Ստեփանակերտ, գլխավոր շտաբում նույն մարդիկ հավաքված էին, կարծես ես մի հինգ րոպե առաջ էի այդտեղից դուրս եկել ու նորից վերադարձել։ Լսեցին ասածս, չթաքցրեցին, որ շատ ուրախացան։ Բայց ես չկարողացա զսպել հետաքրքրասիրությունս։
— Բայց ինչու՞ Կիև։
Դանիելյանը ժպտաց։
— Դե, նա Կիևում հավանաբար ընկեր ունի, ով կարող է այդ հարցը գլուխ բերել, գողական աշխարհի օրենքներն այլ են։
Ես մի տեսակ ներքուստ անհարմար զգացի քաղ․ հագուստով մարդու ներողամիտ ժպիտից ու հասկացա, որ դեռ շատ երիտասարդ եմ, միամիտ։ Ինչպես ավելի ուշ իմացա, Դանիելյանը Երևանից էր, Ազգային անվտանգության աշխատակից էր։
Տասն օր անց, Ստեփանակերտի հիվանդանոցի վիրահատարանից նոր էի դուրս եկել, կանչեցին հեռախոսի մոտ։ Գլխավոր շտաբի պետն էր։
— Բժիշկ ջան, ապրես, Ժիրայրին հաղորդիր մեր ջերմ բարևներն ու մեծ շնորհակալությունը, տղաներին իր հետ անվնաս բերել, հասցրել է Երևան։
Հետո, արդեն Երևանում, երբ այցելեցի Ժիրոյին, հավատացեք, հասկացեք ինձ, այդպես էլ ամաչեցի հարցնել, թե այդ ինչպե՞ս նրան հաջողվեց տղաներին ազատել, իր հետ տուն բերել։ Իսկ նա, այդպես էլ մինչև իր կյանքի վերջը, երբեք այլևս ոչ մի բառով չհիշեց ոչ այդ դեպքի, ոչ էլ Արցախյան պատերազմին իր բերած որևէ օգնության մասին։ Այնինչ՝ գիտեմ, անձամբ ճանաչում եմ մի երկուսին, որ պատերազմի օրերին ֆիդայական հագ ու կապով մի քանի անգամ եկել են Արցախ, նկարվել տարբեր ազատամարտիկների հետ կամ տանկի կողքին, այսօր արդեն, որպես պատերազմի հերոս են մեծարվում, գնում հանդիպումների, հուշեր նույնիսկ պատմում, իսկ շատ Ժիրոյի նմանները այդպես էլ մնում են ստվերում, ոչ ոք չի իմանում նրանց արածի մասին։
10.
Հաղթանակի օրեր էին։ Մերոնք սրընթաց առաջ էին գնում, ազատագրում էին տարածքներ, գյուղեր։ Ֆիդայական ջոկատներից շատերը մտել էին նոր կազմավորված հայկական կանոնավոր բանակի մեջ, վաշտեր դարձել, նրանց էին միացել նաև եռամսյա հավաքներով Արցախ ուղարկվածները։
Պրոֆեսոր Ջանենցը Երևանից կապվեց ինձ հետ, թե՝ Ժիրայրը վատ է, ցանկանում է քեզ տեսնել։
Հետաքրքրվեցի, թե ովքե՞ր են այդ օրը Երևան գնում, որ իրենց հետ գնայի։ Իմացա, որ եռամսյա հավաքի եկած մի խումբ է Երևան վերադառնում, մոտեցա, որ նստեմ խումբը տանող ավտոբուսը, խմբի պատասխանատուն, զինկոմիսարիատի ինչ-որ կապիտան ձայն տվեց․
— Է՜յ, էդ ու՞ր։
— Նախ՝ էյ չէ, կարգին արտահայտվիր։ Ես էլ շտապ Երևան եմ գնում, ի՞նչ հարց կա,- արհամարհանքով նետեցի ես։
— Հարցն էն ա, որ ավտոբուսի մեջ տեղ չկա,- աքլորացավ կապիտանը։
Նույն պահին, կանգնածներից մեկը քաշեց կապիտանի թևից ու ականջին ինչ-որ բան շշնջաց, հետո արդեն գուշակեցի, պարզ էր, թե ինչ ասաց։ Ես բարձրացա ավտոբուս։ Ավտոբուսի համարյա կեսը լցված էր տարբեր արկղերով, պարկերով։ Էլ ուշադրություն չդարձրեցի, գնացի մի անկյունում նստեցի։
Ճանապարհին տեղ-տեղ ավտոբուսը կանգնում էր, տղաներն իջնում, իրենց բնական կարիքներն էին հոգում, հաց ուտում, երբեմն էլ՝ շրջում թուրքի լքված գյուղով, ինչ-որ բաներ քաշ տալիս, բերում, ավելացնում ավտոբուսի հետնամասում կուտակված իրերի վրա։ Մի դատարկ գյուղի մոտ երկար կանգ առանք։ Քնել էի, գոռոցներից արթնացա, դուրս եկա։ Կապիտանը եռամսյայի մի ջահել, խեղճոտ տղայի գցել էր գետին, ոտքերով հարվածում էր, հետն էլ՝ հայհոյում։
— Ի՞նչ է պատահել,- հարցրեցի ծառին հենված ծխող տղային։
— Գագոն՝ ծեծվողը, թուրքի տանից ոսկեղեն ա գտել, կապիտանին չի տվել, թաքցրել ա, խաբարը հասցրել են, կապիտանն էլ դրա համար ծեծում ա տղուն։
— Հա, բայց ինչու՞ պետք է կապիտանին տար, որտե՞ղ է այդպես որոշված։
Տղան մի կողմ նետեց ծխախոտի մնացուկը, ատամների արանքից դժգոհ թքեց։
— Հիմա էստեղի որոշողը կապիտանն ա։ Չե՞ս տեսնում, ավտոբուսի կեսը իր թալանն ա լցրած, ես դրա մարդ ասողին։
Աչքերիս դեմը սևացավ, չէի խորացել, թե այդ ինչո՞վ է լցված ավտոբուսը։ Փաստորեն ճիշտ են շշուկները, որ ոմանք Արցախ են գալիս թալանի համար։
— Աղդամի տների վրա ինչքան դուռ, պատուհան, դարպաս կար, սա ու իր նմանները քանդեցին, Հայաստան տարան՝ ծախելու։ Էլ չասեմ գինու ու կոնյակի մասին, որ ուղարկում են Ռուսաստան, միլիոն են շինում,- վրդովված շարունակեց զրուցակիցս։
Արագ մոտեցա տղային դեռ հարվածող կապիտանին, թևից քաշեցի։
— Թող տղային։
Կապիտանը թափով հետ դարձավ, որ ոտքի հերթական հարվածը իր թևից քաշողին հասցնի, ինձ տեսավ, ոտքը մնաց օդում։
— Յա՜, էս մեր Ջրվեժի գող Ժիրոյի հարիֆն էլ է բաժին ուզու՞մ,- դեմքը ծամածռելով՝ ծիծաղեց կապիտանը։
Բռունցքի իմ մի հարվածից կապիտանը փռվեց գետին, իսկ ես բարձրացա ավտոբուս, նստեցի իմ տեղում։ Մինչև Երևան, կապիտանն այլևս նույնիսկ չհամարձակվեց նայել իմ ուղղությամբ։
Բայց կյանքը հետաքրքիր է, տարիներ անց, առիթ եղավ՝ նորից հանդիպել նրան։ Ահա այդ հանդիպման պատմությունը։
Ինձ շտապ կանչեցին վիրահատարան։ Դժբախտ դեպք էր պատահել, որից վնասվել էր մի երիտասարդ, վիճակը շատ ծանր էր, շտապ վիրահատություն պետք է կատարեի։ Լվացվեցի, գլխարկն ու դիմակը հագա, ձեռնոցներն էի հագնում, երբ վիրահատարանի բուժքույրն եկավ, թե՝ վիրահատվողի հայրը գեներալ է, ուզում է անպայման վիրահատող բժշկին տեսնել։ Սկզբում զայրացա, հետո կարծես մեկն ասեր՝ գնա, տես, ի՞նչ է ասում։ Հենց այդպես, դիմակով էլ դուրս եկա։ Գեներալն ու վիրահատվողի էլի մի քանի հարազատներ շրջապատեցին ինձ։ Չնայած չաղացած տեսքին ու գեներալական հագուստին, ես իսկույն ճանաչեցի եռամսյայի տղաներին քաղաք բերող կապիտանին։ Դե, գիտեք, նման դեպքերում հիվանդի ծնողներն ու հարազատները ինչ են խնդրում բժշկից։ Հանկարծ զգացի, որ գեներալը ինչ-որ ծրար սահեցրեց խալաթիս գրպանը։ Ձեռքս տարա գրպանս, շոշափեցի, փող էր։ Հանեցի ծրարը, հարյուր դոլլարանոցներ էին։ Գուշակեցի, որ գլխարկով ու դիմակի տակ, այդքան տարիներ անց, նա ինձ չէր կարող հիշել։ Չալարեցի, հանեցի գլխարկս ու դիմակը, նայեցի գեներալի աչքերի մեջ։
— Պարոն գեներալ, հավանաբար եռամսյա հավաքի այն տղայի ձեռքից խլած թուրքի ոսկեղենն եք վաճառել՝ ավտոբուսի մեջ եղած թալանի հետ միասին, ու գումարը այսօր ինձ բերել, հետ վերցրեք ձեր կեղտոտ գումարը,- ասացի ու դոլլարանոցների տրցակը նետելով նրա երեսին, վիրահատարան մտա։
Փառք Աստծու, վիրահատությունը հաջող անցավ, տղան էլ արագ ապաքինվեց։
Այնպես որ՝ այսօրվա որոշ գեներալներ, մեծահարուստներ իրենց առաջին միլիոնն ունեցել են Արցախից արված թալանի շնորհիվ, բայց քանի որ աշխարհում ընդունված չէ խոսել ունեցած առաջին միլիոնի մասին, մեզ մոտ էլ լռում են, թե ովքեր և ինչպես այդ տարիներին թալանեցին Արցախի գործարաններն ու եղած-չեղածը։ Դեռ կենդանի մարդիկ շատ կան ու այդ բոլորը գերազանց են հիշում։
11.
Եռամսյայի տղաների ավտոբուսով հասա Երևան, տաքսի կանգնեցրի ու գնացի ուղիղ Ջրվեժ։ Հենց փողոցից նկատեցի, որ Ժիրոյի տան առջև մարդիկ են հավաքված։ Սիրտս անհանգիստ խփեց։ Մտա ներս, Արմենն ընդառաջ եկավ։
— Ո՞նց է,- հարցրի տագնապած։
— Վատ է, քեզ է հարցնում, մտիր ներս։
Մտանք ննջարան։ Անկողնու մեջ համարյա չերևացող, հյուծված մարդը ոչնչով չէր հիշեցնում հաղթանդամ, սլացիկ բոյով Ջրվեժի Ժիրոյին։ Նստեցի կողքին, ձեռքս դրեցի վերմակի վրա ընկած նրա ձեռքին, աչքերը բացեց, նայեց։
— Մհե՞ր, եկա՞ր։
— Եկա։
Աչքերով հասկացրեց Արմենին, որ դուրս գա, մեզ մենակ թողնի։ Հետո ձեռքը մի կերպ տարավ, բարձի տակից մի ծրար հանեց, մեկնեց ինձ։
-Մհեր, քեզ եմ վստահում իմ կյանքի միակ գաղտնիքը։
Շունչը կտրվում էր, չէր կարողանում խոսել։ Աչքերը փակեց, շունչը մի քիչ տեղը բերեց, շարունակեց։
— Նշված հասցեով կգնաս, այնտեղ ապրում են իմ ամենասիրելի մարդիկ, միակ դուստրս՝ Արևիկն ու իր մայրը։ Կտաս նամակը իրենց, կասես, որ ես իրենց շատ եմ սիրում, թող ինձ ներեն։
Որոշ ժամանակ նորից լռեց։
— Կասես, թող ինձ ներեն, ես այլ կերպ չէի կարող նրանց պաշտպանել իմ շրջապատից ու թշնամիներից, որոնք, եթե իմանային դստերս գոյության մասին, գիշատիչների նման վրա կտային։ Իմ թշնամիները չպիտի իմանային իմ թույլ տեղը։
Աչքերը փակեց։ Պատերազմի արհավիրքների մեջ քարացած սիրտս փափկեց, հալվեց, գետ դարձավ, աչքերս թրջվեցին։ Այո, օրենքով գողերը միշտ էլ խնամքով թաքցրել են իրենց ամենաթույլ տեղը։
— Մհեր, տեր կկանգնես, որ կտակիս գործը նորմալ կատարվի, փաստաբանը կգտնի քեզ։
Դողացող մատներով բռնեց ձեռքս, սեղմեց։
— Գնա։
Դուրս եկա ննջարանից, աչքս ընկավ բազմոցի մի անկյունում կծկված պրոֆեսոր Ջանենցին, որ թաշկինակով թաց աչքերն էր մաքրում։ <<Օրենքով գող>> մականունն ունեցող պրոֆեսորը իրեն այդպես էլ չներեց, որ այս անգամ չկարողացավ փրկել իր օրենքով գող ընկերոջը։
Կեսգիշերին Ժիրայրը՝ Ջրվեժի Ժիրոն, մահացավ։
*** Մինչև հիմա էլ, այսքան տարիներ անց, շատ անունով, մեծամեծ մարդկանց թաղումների եմ մասնակցել, իմ հարգանքի տուրքը մատուցել, բայց Ժիրոյի թաղումն ուրիշ էր, նման բան, հարգանքի նման տուրք ես այլևս չեմ տեսել, չեմ հանդիպել։ Միայն ասեմ, որ թաղումից հետո ինձ մոտեցան երկու միջին տարիքի, բավականին պատկառելի դեմքով տղամարդիկ, նրանց հետ սպիտակ մազերով տարեց մի ուկրաինացի, բարևեցին ձեռքսեղմումով, նկատելի տխուր էին, մտածեցի, որ Ժիրոյի հարազատներից կլինեն։
— Սիրելի բժիշկ, մենք ազերիների մոտ այն գերի ընկածներն ենք, որոնց ահա, այս ուկրաինացու միջոցով ազատեց, Երևան հասցրեց Ժիրոն։ Մենք սգում ենք մեր հարազատի մահը։
Փոքրիկ զրույցից հետո նրանք հեռացան, իսկ ես դեռ քարացած կանգնել էի։ Հետո իմացա, որ թաղման ողջ ծախսը կատարել էին այդ երկու արժանավոր մարդիկ, որոնց ով լինելը չեմ ուզում այստեղ բարձրաձայնել։ Նրանք այն մարդկանցից էին, որոնք գերադասում են հայրենիքի համար մի օգտակար բան անել, կյանք զոհել՝ ստվերում մնալով, քանի որ ոչ թե անում են իրենց փառքի ու անվան համար, այլ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ։
12.
Մեկ շաբաթ անց, Ժիրոյի յոթն ու քառասունքը տալուց հետո, նստեցի տաքսի, գնացի ծրարի վրա նշված հասցեով։
— Հա, գիտեմ,- ասաց տաքսու վարորդը,- սա Ներքին Շենգավիթի աղյուսի գործարանի բարաքներում է։
Հասանք տեղ, իջա, նայեցի շուրջս։ Չէի պատկերացնի, որ Երևանում այսպիսի բնակելի վայր կարող էր լինել։ Այդ բարաքներ կոչվածը մի իսկական գետտո էր՝ փոքրիկ, ցածր, իրար քիթ մտած տնակներով, որոնք կառուցված էին մի մասը աղյուսից, մի մասը՝ փայտից ու թիթեղից։ Մոտեցա աղբյուրից ջուր վերցնող կնոջը, ցույց տվեցի ծրարի վրա եղած տան համարը։ Կինը ձեռքը պարզեց առաջ, թե՝ էդ նեղ արանքով գնա, դուրս կգաս մի ուրիշ բակ, կապույտ գույնի մետաղե դուռ կա, վրան համարը գրված է, հենց այդ է։
Գտա կապույտ գույնի դուռը, թակեցի, ներսից ձայնեցին․
— Դուռը բաց է, ներս մտեք։
Մտա, թախտին բուդդայական ձևով նստած, գիրքը ծնկներին դրած աղջիկը , տեսնելով անծանոթ մարդու, տեղից վեր թռավ։
— Դուք ու՞մ եք ուզում։
— Ռուզաննային եմ ուզում,- մի տեսակ շփոթվեցի ես։
— Մայրս գիշերային հերթափոխից հետո քնած է, հիմա կարթնացնեմ,- ասաց աղջիկն ու կողքի փոքրիկ դռնով ներս գնաց, հավանաբար ննջարանն էր այնտեղ։
Ես հասցրեցի նկատել, որ աղջիկը շատ գեղեցիկ էր ու Ժիրոյի դիմագծերն ուներ։
Քիչ անց, դուրս եկավ մոր հետ։
— Ես Ձեզ հետ առանձին խոսակցություն ունեմ,- բարևելուց հետո, դիմեցի կնոջը։
Աղջիկը, ինչպես արդեն հասկացա, Արևիկը, նորից գնաց փոքրիկ դռնով ներս։
— Համեցեք, նստեք,- ասաց կինը՝ ցույց տալով սեղանի մոտ դրված աթոռը,- լսում եմ Ձեզ։
Ռուզաննան, չնայած տարիքին, հաճելի կին էր, բայց զգացվում էր, որ կյանքի հարվածները նրան չէին խնայել, դեմքից նկատելի էր, որ երիկամների խնդիր ունի։
— Ինձ Ժիրայրն է ուղարկել,- միանգամից սկսեցի։
Կնոջ դեմքին հեգնական արտահայտություն եկավ։
— Իսկ ինքն ու՞ր է, նորի՞ց բերդ է ընկել։
— Ոչ, մեկ շաբաթ առաջ մահացել է։
Ռուզաննայի դեմքից հեգնանքը թռավ, մի ալիք բարձրացավ, դեմքը մգացավ։
— Ինչպե՞ս,- հուզմունքը դեմ առավ կոկորդին, չկարողացավ շարունակել։
— Հիվանդ էր, թոքերի քաղցկեղը շատ արագ իր գործն արեց։
Կինը նստել էր սառած, անթարթ ինձ էր նայում։
— Նա Ձեզ ու իր դստերը՝ Արևիկին, նամակ է թողել, ահա նամակը։
Վերցրեց նամակը, բաց արեց, մատները դողում էին, մատնում խորը հուզմունքը։ Կարդաց, արցունքի երկու խոշոր կաթիլ ընկան նամակի վրա։
— Փաստորեն նա Ձեզ վստահել է իր գաղտնիքը, բարեկա՞մ եք։
— Ոչ արյունակցական, ես բժիշկ եմ, Ժիրայրը իմ մեծ ընկերն էր, բարեկամը։
Կինը լռում էր, բայց զգացվում էր, որ ուզում է խոսել։
— Փաստաբանի հետ միասին ես կզբաղվեմ նաև նրա կտակի գործերով։
— Կտակի՞, նա նույնիսկ կտա՞կ է գրել։
Ոչինչ չպատասխանեցի։ Քիչ լռելուց հետո, Ռուզաննան խոսեց, մտավ հիշողությունների հորձանուտը։
— Ժիրայրի հետ ծանոթացել ենք, երբ սովորում էի համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում։ Ես ապրում էի հանրակացարանում։ Ժիրայրն ուզում էր, որ սովորելու տեղափոխվեմ հեռակա բաժին, ամուսնանանք։ Բայց երկրորդ կուրսում զգացի, որ նա սկսել էր ինչ-որ փոխվել․ առաջվա նման ամեն օր չէր գալիս՝ դասերից հետո ինձ տուն ուղեկցելու, երբեմն էլ գալիս էր ինչ-որ կասկածելի տղաների, տարիքով մարդկանց հետ, ասում էր՝ միասին մի գործ ենք անում։ Սկսել էր ինձ անսովոր, արժեքավոր նվերներ բերել։
Ես սկսել էի վատ զգալ, պարզվեց՝ հղի էի։ Այդ օրը որոշել էի ասել հղիությանս մասին, բայց նա չեկավ իմ հետևից, մի երկու օրից եկավ նրա մտերիմ ընկերն ու ասաց, որ Ժիրայրը գողություն կատարելիս՝ մարդ է սպանել։ Ես շիվարել էի, շփոթվել, ինձ կորցրել։ Ընկերուհիս ասաց, որ պետք է ազատվեմ երեխայից, Ժիրայրին երկարատև կալանք է սպասում, ես ի՞նչ պիտի անեմ, ասաց, որ իր բարեկամուհին կանացի բժիշկ է, կարող է նրա հետ խոսել, ինձ անպայման կօգնի։ Հաջորդ օրը արագ գնում էի ընկերուհուս հետ պայմանավորված վայրը, երբ փողոցում մեկը թևս բռնեց։ Մեր գյուղից մի հեռավոր բարեկամուհի էր, տարիքով ինձանից բավական մեծ։ Բանից անտեղյակ, համարյա ստիպելով տարավ իր տուն, ահա, հենց այս տունը, ուր ապրում եմ արդեն քսաներկու տարի։ Բարեկամուհիս իսկույն գլխի ընկավ, որ ինչ-որ բան ինձ հետ այն չէր։ Ամեն ինչ պատմեցի։ Նա երկար լռեց, հետո դարձավ ինձ․
— Ես ժամանակին արել եմ այդպիսի սխալ քայլ և ինձ չեմ ներում, դու չպետք է զրկես քո երեխային լույս աշխարհ գալուց, թե չէ, ինձ նման ողջ կյանքում, քեզ չես ների։ Կգնաս համալսարան, դիմում կգրես, տարկետում կվերցնես, քեզ կօգնեմ, կընդունվես մեզ մոտ, հենց աղյուսի գործարանում աշխատանքի՝ քանի հղիությունդ չի երևում, կապրես ինձ մոտ, երեխադ կծնվի, Աստված մեծ է, մի դուռ կբացվի։
Այդպես սկսվեց իմ նոր, հիասթափություններով, դժվարություններով հարուստ կյանքը։ Մերոնց մոտ, գյուղ գնալն ավելորդ էի համարում, բացի այն, որ խուսափում էի բացատրություններից, տհաճ հանդիմանանքներից, մայրս վաղուց մահացել էր, տանը խորթ մայրս էր իշխում, իսկ համալսարանին ընդմիշտ հրաժեշտ տվեցի։
Դատարանը որոշեց Ժիրայրին տասը տարվա կալանք։ Ամիսներ անց, երբ նրան տեղափոխեցին Կոշի գաղութ, ծննդաբերությունից առաջ, բարեկամուհուս հետ գնացի Կոշ՝ տեսակցության։ Ժիրայրն ինձ շատ վատ ընդունեց, նրա համար անակնկալ էր իմ հղիությունը, զայրացավ, որ երեխայից չեմ ազատվել, ասաց, որ դրանով ես զենք եմ տալիս իր թշնամիների ձեռքը, հրաժարվեց իր անունը տալ ծնվող երեխային։ Տեսակցությունից վերադարձա հիասթափված, հուսալքված, երդվեցի երբեք չներել նրան։
Թե ինչպես անցան տարիները, ինքս էլ չհասկացա։ Արևիկս ինը տարեկան էր, երբ մի օր այստեղ հայտնվեց Ժիրայրը։ Ես նրան չներեցի, չընդունեցի, ի դեպ, ճիշտն ասած, ոչ էլ առանձնապես նրան ընդունել-չընդունելու հարց եղավ, ես այդպես էլ այն ժամանակ չհասկացա՝ ի՞նչ էր այդ մարդու ուզածը։ Միայն զգացի, թե ինչպիսի հուզմունքով, ջերմությամբ նա գրկեց Արևիկին, կրծքին սեղմեց, համբուրեց, բայց ասաց, որ ինքը Արևիկի քեռին է, ինչից ես ավելի զայրացա, ո՞նց թե՝ քո քեռին եմ, ինչու՞ չի ասում՝ ես քո հայրն եմ։ Չէ, ես դա շատ ավելի ուշ հասկացա, որ հավանաբար, նա ճիշտ էր։ Դրանից հետո, մեկ անգամ էլ նա եկավ։ Արևիկի համար շոր, կոշիկ, քաղցրավենիք էր բերել, շատ սառը ընդունեցի, նույնիսկ սուրճ չառաջարկեցի, Արևիկին էլ ուղարկեցի ներսի սենյակ, չթողեցի, որ զրուցեն։ Երբ նա գնացել էր, դռան հետևում դրված դույլի կափարիչին, փաթեթ նկատեցի։ Փող էր, մեծ գումար։ Եթե դնելու ընթացքում տեսած լինեի, հաստատ, չէի վերցնի, բայց արդեն ուշ էր, վերցրեցի, պահեցի, բավական հոգսեր հոգացի դրանով։ Երկար ժամանակ, մոտ երեք-չորս տարի Ժիրայրն այլևս չերևաց։ Ես մտածեցի, որ հավանաբար նորից բանտում է։ Եվ իսկապես, այդքան տարի հետո, երբ նորից հայտնվեց, պատմեց, որ Ռուսաստանում է եղել, մի գործի վրա այնտեղ բռնվել է, բերդում չորս տարի կալանք է կրել, Հայաստան է մտել մի քանի ժամ առաջ ու անմիջապես եկել է մեզ տեսության։ Արևիկը իհարկե, հիշեց <<քեռուն>>, այդ օրը հայր ու աղջիկ երկար զրուցեցին, Արևիկը պատմում էր նրան իր երազանքների մասին, որ ուզում է մեծանալ, բժիշկ դառնալ, փրկել մարդկանց, որ նրանք չմեռնեն հիվանդությունից, ինչպես իր պապան։ Ժիրայրը երեխայի այդ ասածից խիստ հուզվեց, գրկել էր նրան ու երկար պահեց գրկում։
Նա մեզ մոտ գալիս էր միշտ ուշ ժամի, մթնով, երկար չէր նստում, բայց հարևանները նկատել էին, ու բամբասանք էր սկսում ծայր առնել։ Ես խնդրեցի, որ այլևս չայցելի, մեզ հանգիստ թողնի։ Չէի կարողանում հասկանալ, նրա համար ո՛չ կին էի, ո՛չ ընկերուհի, ես էլ գլուխ չէի հանում, նա այդպես էլ երբեք ինձ հետ չանկեղծացավ, չիմացա նրա հոգու մեջ եղածը, միայն գիտեի, որ վախենում էր, վախենում էր մեզ համար, իսկ ումի՞ց, ինչու՞ էր վախենում, շատ ուշ, միայն վերջերս հասկացա։
Շատ ուշադիր էր Արևիկին, ամիսներով կարող էր չգալ, բայց երբեք չէր մոռանում աղջկա ծննդյան օրը, սեպտեմբերի մեկը, տոնական բոլոր օրերին միշտ գալիս էր նվերներով։ Արևիկի վերջին զանգի օրը ինձ համար անսպասելի էր նրա դպրոց գալը, ծաղիկներ էր բերել բոլոր ուսուցիչներին։ Պարզվեց, որ նա հաճախ է եղել դպրոցում, ուսուցիչները նրան ճանաչում էին, որպես Արևիկի քեռի։ Նույնն էլ Արևիկի բժշկական ինստիտուտում սովորելու տարիներին էր անում։
Խոստովանեմ, նա մի քանի անգամ առաջարկել է նոր տուն գնել, տեղափոխվել այս հավաբնից, բայց ես կտրուկ հրաժարվել եմ, մանավանդ, որ բարեկամուհիս ամուսնացավ, գնաց ամուսնու տուն, այս տունն էլ ինձ թողեց։ Իմ մեջ ավելի շատ խոսում էր վիրավորված, չգնահատված կնոջ ինքնասիրությունը, մանավանդ, որ երբեք չեմ դադարել նրան սիրելուց։
Գլխահակ լսում էի, բայց շարժում զգացի, գլուխս բարձրացրի։ Արևիկն էր։
— Մամ, ուրեմն քեռի Ժիրայրը իմ հա՞յրն է։
Աղջիկը սպրդնել էր, կավճի պես սպիտակել, դողում էր, փաստորեն նա ամեն ինչ լսել էր։
Մայրը աղջկան մեկնեց Ժիրայրի նամակը։
13.
ԲԱՐԵՎ Ու ՄՆԱՔ ԲԱՐԻՆ, ԻՄ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ, ԻՄ ՌՈւԶԱՆ, ԻՄ ԱՐԵՎԻԿ
Իմ կյանքում շատ կանայք են եղել, բայց դու ես եղել իմ միակ սիրելի կինը, իմ տանջված Ռուզան։ Դու ես եղել միակ կինը, որի հետ երազել եմ ապրել, երազել եմ ուտել քո եփածն ու լսել քո սիրո խոսքերը, երազել եմ, որ իմ շատ երեխաների մայրը լինեիր։ Ներիր ինձ, Ռուզան, ներիր, քո կորցրած սիրո համար, իմ տված դառնությունների համար, իմ գործած մեղքերի ու սխալների համար։ Ծնկել եմ քո առջև, ներում եմ խնդրում, հարազատս, սիրելիս, տառապածս, Ռուզանս։
Իմ հրեշտակ, իմ կյանքի իմաստ, իմ լուսաբաց, իմ գեղեցկուհի Արևիկ, ներիր անարժան հորդ։ Ես այլ կերպ չէի կարող, իմ կյանքն էլ այսպես ստացվեց, այսպես կառուցվեց, բայց ես չէի ուզում, չէի կարող թույլ տալ, որ իմ սև կյանքի ստվերը աղջկաս՝ իմ հրեշտակի վրա տարածվեր, որ իմ ապրած կյանքի ուղին փորձանք դառնար քո լուսափթիթ կյանքի համար։ Քեզ պաշտպանելու ես այլ միջոց չունեի, պետք է թաքցնեի քեզ իմ շրջապատից, իմ թշնամիներից, որքան էլ այդ ցավ տար, ավելին՝ սպաներ ինձ։ Այս է օրենքով գողի կյանքը, եթե ընտրում ես այն, պետք է ենթարկվես, հավատարիմ լինես եղած օրենքներին։ Հիմա դու այլևս չես ամաչի շրջապատից քո գող հոր համար, չես ամաչի բարոյական կեղծ օրենքներով <<ապրող>> էլիտար հասարակությունից, որը, իմացիր, կեղծ է, դաժան է, պատրաստ է ամեն պահ ծաղրել, տրորել, փոշիացնել, հոշոտել մարդուն։ Ես այդ հասարակությունից հրաժարվեցի, հեռացա ի՛մ ձևով։ Ձգտում էի ազատության, բայց հայտնվեցի առավել անազատության մեջ։ Սուտ է, օրենքով գողը չի կարող ազատ լինել, այնտեղ էլ օրենքները դաժան են։
Մնաս բարով, աղջիկս։ Լավ դուստր եղիր մորդ համար, նա շատ է տառապել, քո երջանկությամբ երջանկացրու նրան, իսկ ես երկնքից կնայեմ ձեզ ու կերջանկանամ։
Ձեզ սիրող՝ քո անարժան հայր, Ժիրայր Կիրակոսյան։
Արևիկը ավարտեց նամակի ընթերցումը, նայեց ինձ ու մորը․
— Ես ուզում եմ այցելել հորս գերեզմանին։
14.
Մեկ տարի անց։
Ծնվեց իմ ու Արևիկի առաջնեկ որդին՝ փոքրիկ Ժիրայրը։ Որոշել ենք՝ մի քանի օր հետո բոլորով՝ ես, Արևիկն ու Ռուզանը, մեր փոքրիկին այցի տանել պապիկի՝ մեծ Ժիրայրի գերեզմանին։ Արևիկը որոշել է, երբ մեր որդին մեծանա, նրան անպայման կպատմի պապիկի՝ օրենքով գող Ջրվեժի Ժիրոյի մասին։
15.
Հիմա, այս պատմությունը գրելիս, ես նստած եմ հիվանդանոցի այն նույն աշխատասենյակում, այն նույն աթոռին, ուր տարիներ շարունակ նստած է եղել հարգարժան պրոֆեսոր Ջանենցը։ Եվ ինձ մի հարց է հետաքրքրում, որի վերջնական պատասխանը չունեմ․ արդյո՞ք մարդը ծնվում է՝ տիեզերքից արդեն որոշված իր ճակատագրով, իր կյանքի ուղին որոշված։ Խորացել եմ գիտության մեջ, ուսումնասիրել փիլիսոփայություն, կրոններ, տեսություններ, բայց այդպես էլ չեմ ստացել ինձ հետաքրքրող հարցի պատասխանը։ Արդյո՞ք ես ծնվել էի արդեն այն կանխորոշմամբ, որ պետք է հանդիպեի Ժիրոյին, նա մտներ կյանքիս մեջ, իր դերն ունենար իմ, որպես մարդ, ձևավորման մեջ, սիրեի նրա աղջկան, ամուսնանայի ու ժառանգներիս երակներով հոսեր իմ ու օրենքով գողի արյունը։
Բայց համոզվել եմ, որ կյանքում պատահականություններ չեն լինում։                        Մելանյա Պետրոսյանց

Կարդացեք նաև՝ Օրենքով գողը (վերջին մոհիկյանը)   և Հատված «ՕՐԵՆՔՈՎ ԳՈՂԸ» վիպակից

Մեքսիկացին: Վիլյամ Սարոյան

Ժուան Քաբրալը մի բարձրահասակ մեքսիկացի էր, որ աշխատում էր հորեղբորս այգում, որթատունկերը էտելու ժամանակ: Նա մի աղքատ մարդ էր, որի ամբողջ ունեցվածքը իր կին Կոնսուելյան էր՝ Պաբլո և Պանչո որդիների հետ միասին, երեք դստրիկները, իր կաղ զարմիկ Ֆեդերիկոն՝ չորս շների ու մի կատվի ուղեկցությամբ, կիթառը, հին կոտորակի հրացանը և արդեն վաղուց պառաված ձին, որ քաշում էր դատարկ ամանեղենի շրըխկ-թըրխկոցով լիքը ծածկած սայլը:

Այդ առավոտ ես ու հորեղբայրս հանդարտ զրուցում էինք ագարակի բակում, երբ ճանապարհի ծայրին երևաց սայլը, և Ժուանը իր ամբողջ թափառական խմբի հետ միասին ուղղվեց մեր կողմը:

— Սա ի՞նչ է,- զարմացավ հորեղբայրս:

— Մեքսիկացիներ են,- ասացի:

— Ի՞նչ գիտես,- նորից զարմացավ հորեղբայրս:

— Շներին նայիր,- բացատրեցի ես: — Մեքսիկացիները պարզ ու ազնվասիրտ ժողովուրդ են: Ամենաաղքատ մեքսիկացին էլ շների մի ամբողջ ոհմակ է պահում: Նրանք հնդկացիների և ուրիշ ազնվազարմ ցեղերի խառնուրդ են:

— Ի՞նչ են ուզում,- ասածիցս անհանգստացավ հորեղբայրս:

— Աշխատանք,- ասացի ես,- դա դեմ է նրանց ազնվազարմ բնությանը, բայց կյանքն ստիպում է, որ աշխատեն:

Ինչպես երևում է, հորեղբորս բոլորովին չհուզեց իմ ճառը:

— Որթատունկերս ես ինքս եմ էտելու,- հայտարարեց նա:

— Նրանց ի՞նչ,- ասացի ես,- կշրջվեն ու կգնան մի ուրիշ ագարակ:

Բեռնասայլակը դանդաղ ագարակի բակը մտավ, և Ժուան Քաբրալը բարձրահասակ մեքսիկացու իր ողջ վերհությամբ ողջունեց մեզ՝ «Բուենոս դիաս, ամիգոս»: Հետո կոտրտված անգլերենով տեղեկացավ.

— Այստեղ աշխատանք կճարվի՞ մի ուժեղ մեքսիկացու համար:

— Այսինքն ո՞ւմ համար,- հարցրեց հորեղբայրս ինձ:

— Ինձ համար,- ասաց մեքսիկացին,- Ժուան Քաբրալի:

— Ժուան Քաբրալ,- կրկնեց հորեղբայրս,- չէ, աշխատանք չկա:

— Ինչքանո՞վ,- Ժուանն անտեսեց հորեղբորս պատասխանը:

— Ի՞նչ է ասում,- հորեղբայրս չհասկացավ մեքսիկացու ասածը ու, սարսափելի շփոթված, մի ծխախոտ վառեց:

— Նա ուզում է իմանալ, թե որքա՞ն ես վճարելու,- թարգմանեցի ես:

— Վճարելու մասին ո՞վ բան ասաց: Ես աշխատող չեմ վարձում:

— Հետո ի՞նչ,- ասացի ես,- նա համենայն դեպս ուզում է իմանալ: Նա հրաշալի գիտի, որ դու աշխատող չես վարձում:

Հորեղբայրս շվարեց:

— Երեսուն սենթ,- կասծածելով ասաց նա: — Ես ճապոնացիներին ժամը երեսուն սենթ եմ վճարում: Ուրիշ ագարակատերեր քսան կամ քսանհինգ են տալիս:

— Ժամը երեսուն սենթ,- ասացի մեքսիկացուն:

— Չէ,- ասաց Ժուանը,- բավական չէ: Իմ տանը լիքը սոված բերան կա էս ձմեռ:

— Ի՞նչ,- անհանգստացավ հորեղբայրս: Նա անընդհատ նեղվում էր ու Ժուանի ասածներից ոչինչ չէր հասկանում, այնպես որ՝ ես ստիպված էի թարգմանել մեքսիկացու ամեն խոսքը:

— Ասում է՝ երեսուն սենթը բավական չէ: Նա դրանով իր տան բոլոր սովածներին այս ձմեռ չի կերակրի:

— Ովքե՞ր են այդ սովածները:

— Կարծում եմ այս ամբողջ թափառախումբն էլ սոված է,- ասացի ես:

Հորեղբայրս շրջվեց սայլի կողմը:

— Որտե՞ղ են սրանք ապրում,- հետաքրքրվեց նա:

— Չգիտեմ: Մի տեղ գնում են էլի:

Ժուան Քաբրալը կանգնած էր մեր արևոտ բակում, արձանի նման անշարժ ու լուռ: Նրա շներից մեկը ձանձրանալով մոտեցավ հորեղբորս ու ձեռքը լիզեց: Հորեղբայրս վեր թռավ ու վախեցած շուրջը նայեց:

— Սա ի՞նչ է,- հարցրեց նա ինձ:

— Մեքսիկացու շներից մեկն է,- ասացի ես: Շունը տխուր աչքերով նայեց հորեղբորս ու պոչը շարժեց:

— Ասա՝ թող հեռու գնա:

— Հեռու գնա,- խնդրեցի ես: Շունը վերադարձավ թափառախմբի մոտ: Հորեղբայրս նայում էր (ավելի ճիշտ կլինի ասել՝ ուսումնասիրում էր), թե շունն ինչպես վազեց-անցավ բակի մյուս կողմը: Երբ շունը պառկեց սայլի ստվերում, հորեղբայրս ասաց.

— Սովորական շուն է: Դրանցից հարյուրներով փողոցներում կան:

— Ճիշտ է,- ասացի ես;

— Մի պեննի էլ չարժե:

— Պեննիի կեսի կեսն էլ չարժի,- ասացի ես,- վրան երկու դոլար էլ տաս, չեմ վերցնի:

— Ինձ որ վրան երեք դոլար էլ տաս, չեմ վերցնի: Բանի պետք չի: Նապաստակ կամ դրա նման մի բան կարո՞ղ է բռնել:

— Երբեք:

— Գողերի կարող է վախեցնել:

— Երբեք,- ասացի ես: — Նա դուրս կգա ու կլիզի գողերի ձեռքերը:

— Ուրեմն՝ ի՞նչ օգուտ դրանից:

— Ոչ մի օգուտ:

— Չեմ հասկանում,- համառեց հորեղբայրս,- ինչո՞ւ են այդ անպետք շներից չորս հատ պահում:

— Մեքսիկացիներ են,- ասացի ես,- պարզ մեքսիկացի մարդիկ են:

— Ես լսել եմ, որ բոլոր մեքսիկացիները գողեր են:

— Նրանք վերցնում են այն ամենը, ինչ-որ հողում արմատներ չունի:

— Իմ տանը տասներեք սոված բերան կա, ինձ չհաշված: Երեսուն սենթը բակական չէ,- ասաց Ժուանը:

— Տասներեք բերա՞ն,- զարմացավ հորեղբայրս:

— Նա կենդանիներին էլ է հաշվում:

— Չեմ կարծում, թե նա որթատունկ էտել իմանա,- ասաց հորեղբայրս:

— Որթատունկ էտել գիտե՞ք,- հարցրի ես մեքսիկացուն:

— Ոչ սենյոր, ես զինվոր եմ:

— Ի՞նչ ասաց,- չհասկացավ հորեղբայրս:

— Նա զինվոր է,- ասացի ես,- քաջ զինվոր:

— Պատերազմն արդեն վերջացել է,- Ժուանին հայտնեց հորեղբայրս:

Ըստ երևույթին նրանք իրար չէին հասկանում, և բարձրահասակ մեքսիկացին բեռնասայլակից հանեց իր հին կոտորակի հրացանը ու նշան բռնեց ճիշտ այնպես, ինչպես զինվորներն են անում կրակելիս: Երբ հորեղբայրս տեսավ կոտորակի հրացանը, վատ զգաց իրեն: Նա կանգնեց իմ ետևում և, ձեռքը մեկնելով, խստորեն խոսեց մեքսիկացու հետ:

— Հեռացրու հրացանը,- ասաց նա: — Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեքսիկացի պատահաբար սպանի ինձ: Ես հավատում եմ քեզ:

Հետո, անհանգստացած ինձ դառնալով, ասաց.

— Թող հեռու տանի էդ անտեր հրացանը: Նա հիմա կսպանի ինձ՝ ցույց տալու համար, որ ինքն իսկապես զինվոր է:

— Չի սպանի,- ասացի ես:

— Հեյ, ասաց հորեղբայրս Ժուան Քաբրալին,- ես ոչ մեկի օգնության կարիքը չեմ զգում:

Մեքսիկացին քայլ արեց դեպի առաջ:

— Երեսուն սենթը, ինձ չհաշված, տասներեք հոգու կերակրելու համար բավական չէ,- պնդեց նա:

Հետո հրացանը մի կողմ դրեց, և հորեղբայրս հազիվ էր շունչը տեղը բերել, երբ նորից քիչ մնաց հավասարակշռությունը կորցնի. սայլի ծածկի տակից նրան էին նայում հինգ երիտասարդ մեքսիկացու դեմքեր:

— Այն ի՞նչ մարդիկ են,- խզված ձայնով հարցրեց հորեղբայրս:

— Երեխաներ են,- ասացի ես: — Երկու տղա, երեք աղջիկ:

— Ի՞նչ են ուզում երեխաները:

— Բակլա ու ալյուր,- ասացի ես,- ու մի քիչ էլ աղ: Ուզածները շատ բան չի:

— Ասա նրանց՝ թող հեռանան,- ասաց հորեղբայրս: — Նա որթնատունկ էտել չգիտի:

— Ամեն մարդ էլ կարող է սովորել:

— Նա կավերի իմ այգին:

— Եվ իր հետ կտանի այն ամենը, ինչը հողում արմատներ չունի,- ասացի ես:

— Ես ժամը տասը սենթ ավելի եմ վճարում, քան ուրիշները:

— Նա ասում է, որ երեսուն սենթը բավական չէ:

— Իսկ որքա՞նն է բավական,- հարցրեց հորեղբայրս:

— Սենյոր Քաբրալ,- դարձա ես մեքսիկացուն,- դուք ժամը երեսուն սենթով կաշխատե՞ք: Իմ հորեղբայրը օգնության կարիք բոլորովին չունի, բայց ձեզ անչափ հավանել է:

— Ընտանիքիս ու կենդանիներիս համար տուն կճարվի՞,- հարցրեց մեքսիկացին:

-Այո,- ասացի ես,- համեստ, բայց հարմարավետ մի տուն կա:

— Աշխատանքը շա՞տ է,- հարցրեց մեքսիկացին:

— Բոլորովին աննշան է,- ասացի ես

— Հաճելի՞ աշխատանք է:

— Անչափ հաճելի է,- ասացի ես,- և առողջության համար օգտակար:

Մեքսիկացին մի պահ լռեց, հետո ծանրաքայլ մոտեցավ մեզ: Չորս շները քայլում էին նրա ետևից, և նրա հինգ երեխաներն արդեն շրջապատում էին հորեղբորս: Ես զգում էի, որ նրանց մոտենալու հետ միասին հորեղբայրս ավելի ու ավելի էր նեղվում:

— Սենյոր,- այսպես դիմեց մեքսիկացին հորեղբորս,- ես կաշխատեմ ձեր այգում:

— Ինձ համար մեծ պատիվ է,- թոթովեց հորեղբայրս:

Նա լրիվ շփոթված էր: Հիմնականում դրա պատճառը շներն էին: Եվ իհարկե երեխաները՝ երկու տղա և երեք աղջիկ: Անկասկած, նաև մեքսիկացու փառահեղ պահվածքը: Եվ, իհարկե, ոչ մի դեպքում հրացանը չէր: Հորեղբայրս երբեք թույլ չէր տա, որ այս աշխարհում որևէ ուժ վախեցներ իրեն:

Ժամը երեքի կողմերը մեքսիկացիներն արդեն տեղավորվել էին իրենց փոքրիկ տնակում, և ես Ժուան Քաբրալին տարա մի որթատունկի մոտ, որպեսզի էտել սովորեցնեմ: Պաբլոն և Պանչոն, կաղ Ֆեդերիկոյի հետ միասին, եկան մեզ հետ:

Ես բացատրում էի նրան ամեն ճյուղը կտրելու նպատակը՝ նախ որթատունկի ձևը պահելու համար, որպեսզի ուժեղ լինի որթատունկը, որ մատղաշ ճյուղերը ձգվեն արևին և այլն: Հետո, երբ անցանք մյուս որթատունկին, ես, մկրատը հանձնելով Ժուանին, հարցրի, թե արդյոք չէր բարեհաճի մի որթատունկ էտել: Ժուանը շատ նրբանկատ գտնվեց և համաձայնեց: Նա աշխատում էր դանդաղ ու մտախոհ, իր երեխաներին ու զարմիկին բացատրելով ամեն ճյուղը կտրելու նպատակը, ինչպես ես էի իրեն բացատրել: Կաղ Ֆեդերիկոն, որ վաթսունին մոտ մի մարդ էր, ուղղակի ցնցված էր: Ես նրան առաջարկեցի գործը շարունակել մինչև մութն ընկնելը, և ինքս վերադարձա հորեղբորս մոտ, որ ֆորդի ղեկին նստած երազում էր:

— Գործերն ինչպե՞ս են,- հարցրեց նա:

— Հրաշալի,- ասացի ես:

Մենք քաղաք էինք գնում վաթսունվեց մղոն արագությամբ, կարծես թե հորեղբայրս ուզում էր փախչել ինչ-որ վախեցնող բանից: Ամբողջ ճանապարհին նա ձայն չհանեց: Միայն երբ Վենտուրա Ավենյու էինք մտնում Ֆեյն Գրաունդզի մոտ, ասաց.

— Այդ բոլոր չորս շները միասին վերցրած մի պեննի էլ չարժեն:

— Շները կապ չունեն,- ասացի ես,- ուղղակի մեքսիկացիները ուրիշ ձևով են աշխարհին նայում:

— Ինձ թվաց, որ շունն ինձ պիտի կծի,- ասաց հորեղբայրս:

— Ոչ,- ասացի,- նրա մտքով էլ չէր անցնում: Անգամ եթե ոտքով խփեիր: Նրա հոգին լի է սիրով: Նույնն էլ մեքսիկացիներն են: Նրանց գողությունը երբեք լուրջ բան չի դառնում:

— Երեխաները առողջ տեսք ունեին,- ասաց հորեղբայրս:

— Ավելի առողջ երբեք չեն լինում:

— Ի՞նչ են ուտում:

— Բակլա և մեքսիկական հաց,- ասացի ես: — Այն բաները, որ  քեզ համար անօգուտ են:

— Կարծում ես երբևէ որթատունկ էտել կսովորի՞:

— Անկասկած,- ասացի:

— Չեմ կարծում, թե տրակտորը թռցնի, հը՞:

— Չէ, ասացի,- տրակտորը չափից շատ ծանր է:

— Այդ այգու վրա ես անցյալ տարի ահագին դրամ կորցրի,- ասաց հորեղբայրս:

— Գիտեմ,- ասացի,- նախանցյալ տարի էլ նույն էր:

— Այդ այգին առնելուս օրից դրա վրա դրամ եմ կորցնում,- բողոքեց հորեղբայրս: — Ո՞ւմ է պետք խաղող, ո՞ւմ է պետք չամիչ:

— Միգուցե այս տարի կփոխվի՞:

— Կարծո՞ւմ ես:

— Ինձ թվում է՝ մեքսիկացին հաջողություն կբերի,- ասացի ես:

— Հետաքրքիր է,- ասաց հորեղբայրս,- ես էլ նույնն էի մտածում: Եթե նա տասներեք հոգու կերակրելու է այս ձմեռ, ուրեմն՝ այնքան էլ վատ տարի չի լինի:

— Անցյալ տարվանից ավելի շատ չես կորցնելու,- ասացի:

— ճապոնացիները վատը չեն,- ասաց հորեղբայրս: — Ուղղակի աշխարհին ուրիշ տեսակ են նայում, քան մեքսիկացիները:

— Ճապոնացիները երբեք չորս սովորական շուն չէին պահի,- ասացի:

— Նրանք կքշեին շներին:

— Եվ կքարկոծեին,- ասացի ես:

— Ինձ թվում է՝ այս տարին լավը կլինի:

Մենք այլևս ոչ մի բառ չխոսեցինք ճանապարհին:

Գայլե որդին.Ջեկ Լոնդոն

Տղամարդը հազվադեպ է հասկանում թե որքան մեծ բան է իր համար մտերիմ կինը.
համենայն դեպս, նա կնոջը ինչպես հարկն է չի գնահատում, մինչև որ չի զրկվում
ընտանիքից։ Նա չի նկատում այն նուրբ, անտեսանելի ջերմությունը, որ կնոջ
ներկայությամբ ստեղծվում է տանը. բայց հենց որ այն անհետանում է՝ նրա կյանքում
դատարկություն է առաջանում, և նա անորոշ թախծում է ինչ-որ բանի համար, ինքն էլ
չիմանալով, թե ինչի պակաս է զգում։ Եթե նրա ընկերները ավելի փորձառու չեն, քան ինքը,
ապա նրանք կասկածանքով գլուխները կօրորեն ու կսկսեն նրա որովայնը լցնել ուժեղ
ներգործող դեղերով։ Բայց քաղցը չի անցնում, ընդհակառակը, ավելի սաստիկ է տանջում,
մարդ կորցնում է ճաշակը սովորական, առօրյա գոյության նկատմամբ, դառնում է խոժոռ
ու մռայլ, և ահա մի գեղեցիկ օր, երբ ներսը կրծող դատարկությունը անտանելի է դառնում,
նա վերջապես կռահում է։
Երբ Յուքոնում է այդպիսի բան պատահում մարդու հետ, նա սովորաբար նավակն է
գործի դնում, եթե դա տեղի է ունենում ամռանը, իսկ ձմռանը լծում է իր շները և սլանում
դեպի հարավ։ Մի քանի ամիս անց, եթե նա սիրահարված է Հյուսիսին, այստեղ է
վերադառնում կնոջ հետ, որը ստիպված է նրա հետ կիսել այդ ցուրտ երկրամասի
նկատմամբ տածած սերը, ինչպես նաև բոլոր դժվարություններն ու չարչարանքները։ Ահա
զուտ տղամարդկային եսասիրության մի ավելորդ ապացույց։ Եվ այստեղ ակամայից
հիշում ես մի դեպք, որը կատարվել է Բիրյուկ Մաքենզիի հետ այն հեռավոր
ժամանակներում, երբ Քլոնդայկը դեռ ոսկու տենդ ու չեչակոների[1] ասպատակություն չէր
տեսել և հայտնի էր միայն որպես մի վայր, որտեղ կարելի էր հիանալի կերպով սաղմոն
որսալ։
Բիրյուկ Մաքենզիի մեջ առաջին հայացքից կարելի էր տեսնել ռահվիրայի, հողեր
յուրացնողի։ Նրա դեմքի վրա իրենց դրոշմն էին դրել բնության ահեղ ուժերի դեմ մղած
անդուլ պայքարի քսանհինգ տարիները. և ամենածանրը եղել էին վերջին երկու
տարիները, որ նա անցկացրել էր Բևեռային շրջագծի ծածկոցի տակ թաքնված ոսկին
որոնելով։ Երբ դատարկության կրծող զգացումը տիրեց Բիրյուկին, նա չզարմացավ, քանի
որ գործնական մարդ էր և իր կյանքում արդեն հանդիպել էր նույն ցավով տառապող
մարդկանց։ Բայց նա ոչնչով ցույց չտվեց իր հիվանդությունը, այլ միայն սկսեց ավելի
կատաղորեն աշխատել։ Նա ամբողջ ամառ կռվեց մլակների դեմ և ապագա հանույթին
համապատասխան հանդերձանք ձեռք բերելով, ոսկեբեր ավազի լվացումով զբաղվեց
Սթյուարտ գետի ստորին հոսանքում։ Հետո մեծ գերաններից լաստ սարքեց, Յուքոնով
իջավ մինչև Քառասուներորդ Մղոնը և մի հիանալի տնակ կառուցեց իր համար։ Դա
այնքան ամուր ու հաճելի տուն էր, որ շատերը ցանկացան այն բաժանել Բիրյուկի հետ։Բայց նա զարմանալիորեն հակիրճ ու արտահայտիչ մի քանի խոսքով փշրեց նրանց
հույսերը և մոտակա ֆակտորիայում պարենամթերքի կրկնակի պաշար գնեց։
Ինչպես արդեն ասացինք, Մաքենզին գործնական մարդ էր։ Սովորաբար, որևէ բան
ցանկանալիս, նա հասնում էր իր ուզածին, ընդ որում, հնարավորության սահմաններում,
չէր դավաճանում իր սովորություններին ու չէր շեղվում իր ճանապարհից։ Ծանր
աշխատանքն ու վարձությունները նորություն չէին Բիրյուկի համար, սակայն բոլորովին էլ
հաճելի չէր շնասահնակով վեց հարյուր մղոն անցնել սառցի վրայով, այնուհետև երկու
հազար մղոն կտրել օվկիանոսով և, վերջապես, էլի մի հազար մղոն գնալ մինչև այն
վայրերը, ուր ինքը նախկինում ապրել էր, և այդ բոլորը սոսկ հանուն այն բանի, որ կին
գտնի իր համար։ Կյանքը շատ կարճատև է։ Այդ պատճառով էլ նա լծեց իր շներին, մի
փոքր անսովոր բեռ կապեց սահնակին և շարժվեց այն լեռնաշղթայի ուղղությամբ, որի
արևմտյան լանջերից սկիզբ է առնում Թանանա գետը։
Նա չէր հոգնում ճանապարհին, իսկ նրա շները Յուքոնում համարվում էին
ամենատոկուն, ամենաարագավազ և սակավապահանջ լծվածքը։ Եվ երեք շաբաթ անց նա
հայտնվեց Թանանայի վերին հոսանքում ապրող սթիքս ցեղի բնակատեղում։ Նրան
տեսնելով՝ ամբողջ ցեղը զարմացավ։ Թանանայի վերին հոսանքի սթիքսերի մասին վատ
լուրեր էին պտտվում. նրանք մեկ անգամ չէ, որ սպիտակամորթի էին սպանել այնպիսի
դատարկ բանի համար, ինչպիսին են սուր կացինը կամ կոտրված հրացանը։ Բայց Բիրյուկ
Մաքենզին նրանց մոտ եկավ մենակ, ու նրա ամբողջ վարվեցողության մեջ հեզության,
անբոնազբոսիկության, սառնասրտության և անպատկառության հմայիչ խառնուրդ կար։
Հարկավոր է մեծ արվեստ և վայրենու հոգեբանության խոր իմացություն ունենալ այդքան
բազմազան զենքից հաջողությամբ օգտվելու համար, բայց Մաքենզին այդ գործերում մեծ
վարպետ էր ու լավ գիտեր, թե երբ պետք է հաճոյանալ և երբ շանթ ու որոտ արձակել։
Ամենից առաջ նա իր հարգանքը հավաստեց ցեղի առաջնորդ Թլինգ-Թինեհին, մի քանի
ֆունտ սև թեյ ու ծխախոտ մատուցեց նրան և այդպիսով նվաճեց նրա
բարյացակամությունը։ Այնուհետև ծանոթություն հաստատեց ցեղի տղամարդկանց ու
աղջիկների հետ և նույն երեկոյան փոթլաչ[2] տվեց նրանց համար։ Դոփդոփումով մոտ
հարյուր ոտնաչափ երկարությամբ ու քսանհինգ ոտնաչափ լայնությամբ մի ձվաձև
հրապարակ բացվեց ձյան մեջ։ Մեջտեղում մի հսկայական խարույկ վառեցին, իսկ շուրջը
փռեցին եղևնաճյուղեր։ Ամբողջ ցեղը դուրս թափվեց վիգվամներից, և մի հարյուր կոկորդ
հնդկացիական երգ երգեց ի պատիվ հյուրի։
Այդ երկու տարվա ընթացքում Բիրյուկ Մաքենզին սովորել էր հնդկացիների լեզուն՝
հիշողության մեջ պահել էր մի քանի հարյուր բառ, հաղթահարել կոկորդային հնչյունները,
արտասովոր ձևերն ու դարձվածքները, մեծարանքի արտահայտությունները, մասնիկներն
ու նախածանցները։ Եվ ահա նա սկսեց ճառ ասել, նմանեցնելով նրանց նախնադարյան
պոեզիայով հարուստ լեզվին, շռայլորեն օգտագործելով գռեհիկ գեղեցկություններ, կոպիտ
այլաբանություններ։ Թլինգ-Թինեհը և շամանը նրան պատասխանեցին նույն ոճով, հետո
նա փոքրիկ նվերներ տվեց տղամարդկանց, նրանց հետ միասին երգեց և իրեն որպես
հմուտ խաղացող դրսևորեց նրանց սիրելի «հիսուներկու» մոլի խաղում։
Եվ այսպես, հնդկացիները ծխում էին նրա ծխախոտն ու շատ գոհ էին։ Սակայն ցեղի
երիտասարդությունը իրեն ուրիշ կերպ էր պահում, այստեղ զգացվում էր և մարտակոչ, և
պարծենկոտություն։ Եվ դժվար չէր հասկանալ, թե բանն ինչումն է. բավական էր լսել ջահել աղջիկների քմծիծաղը և անատամ պառավների կոպիտ ակնարկները։ Ճիշտ է, նրանք
այնքան էլ շատ սպիտակամորթների՝ Գայլորդիների չէին տեսել, բայց այդ քչերն էլ որոշ
դաս տվել էին նրանց։
Բիրյուկ Մաքենզին, իր կարծեցյալ անհոգությամբ հանդերձ, շատ լավ նկատում էր այդ
բանը։ Ճիշտն ասած, գիշերը, քնապարկի մեջ մտնելով, նա մեկ անգամ ևս ամեն ինչ ծանր
ու թեթև արեց, կշռադատեց մեծագույն լրջությամբ և շատ անգամ լցրեց ծխամորճը՝
անելիքների պլանը մշակելով։ Բոլոր աղջիկներից միայն մեկը գրավեց նրա
ուշադրությունը, և ոչ թե պատահական մեկը, այլ ինքը Զարինկան՝ առաջնորդի դուստրը։
Նա խիստ աչքի էր ընկնում իր ցեղի աղջիկների մեջ. նրա դիմագծերը, կազմվածքը,
կեցվածքը շատ էին համապատասխանում սպիտակամորթի՝ գեղեցկության
պատկերացումներին։ Ինքը ձեռք կբերի այդ աղջկան, նրան կդարձնի իր կինր և
կանվանի… այո, կանվանի Գերտրուդ։ Այս որոշմանը հանգելով, Մաքենզին՝ հաղթողների
տոհմի իսկական որդին, շրջվեց կողքի վրա ու քնեց։
Դա դժվարին խնդիր էր և ժամանակ ու ջանք էր պահանջում, բայց Բիրյուկ Մաքենզին
գործում էր խորամանկորեն, ընդ որում այնքան անվրդով տեսքով, որ բոլորովին
շփոթեցնում էր հնդկացիներին։ Նա աշխատեց տղամարդկանց ապացուցել, որ ինքը
հրաշալի հրաձիգ է ու աննման որսորդ, և բոլոր բնակիչները ծափահարեցին նրան, երբ նա
վեց հարյուր յարդ հեռավորությունից արձակած գնդակով ցած գցեց իշայծյամին։ Մի
անգամ երեկոյան նա առաջնորդ Թլինգ-Թինեհին այցելեց իշայծյամի ու եղջերվի
մորթիներից պատրաստված նրա վիգվամում, շատ պարծեցավ ու ծխախոտ չխնայեց։ Նա
առիթը բաց չթողեց նույն պատիվը տալու նաև շամանին. Մաքենզին շատ լավ գիտեր, թե
ցեղն ինչպես է հաշվի նստում կախարդի խոսքի հետ, և անպայման ուզում էր նրա
աջակցությունր ստանալ։ Բայց այս պատկառելի մարդը չափազանց գոռոզ պահեց իրեն,
չկամեցավ զայրույթը փոխել գթասրտության, և Մաքենզին նրան հաստատապես մտցրեց
ապագա հակառակորդների ցուցակի մեջ։
Զարինկայի հետ խոսելու առիթ չէր ներկայանում, բայց Մաքենզին անընդհատ նայում
էր նրան, հասկացնել տալով, թե ինչ մտադրություն ունի ինքը։ Եվ աղջիկը, իհարկե, շատ
լավ հասկացավ նրան, բայց երբ տղամարդիկ հեռու էին լինում, և Բիրյուկը, առիթից
օգտվելով, կարող էր մոտենալ նրան, աղջիկը, կոկետություն անելով, իրեն շրջապատում
էր կանանց խմբով, Բիրյուկը չէր շտապում, ըստ որում նա գիտեր, որ աղջիկն ակամա իր
մասին է մտածում. թող ուրեմն մի երկու օր էլ մտածի, դա միայն իր օգտին է։
Վերջապես մի օր երեկոյան նա որոշեց, որ արդեն գործի անցնելու ժամանակն է։
Հանկարծ վեր կենալով, նա դուրս եկավ առաջնորդի խեղդուկ, ծխով լցված տնից և արագ
քայլերով մտավ հարևան վիգվամը։ Զարինկան սովորականի նման շրջապատված էր
կանանցով ու ջահել աղջիկներով: Նրանք բոլորն էլ զբաղված էին գործով. մոքասիններ էին
կարում կամ ուլունքներ շարում հագուստի վրա։ Մաքենզիին դիմավորեցին պոռթկացող
ծիծաղով, նրան և Զարինկային ուղղված կատակներ արեցին, բայց Մաքենզին առանց
քաշվելու կանանց իրար հետևից դուրս շպրտեց վիգվամից ուղղակի ձյան վրա, ու նրանք
ցրվեցին բնակատեղիով մեկ, որպեսզի բոլորին պատմեն միջադեպի մասին։
Մաքենզին իր ասելիքը շատ համոզիչ կերպով շարադրեց Զարինկային՝ նրա մայրենի
լեզվով (աղջիկը Մաքենզիի լեզուն չգիտեր) և մի երկու ժամ հետո պատրաստվեց գնալու։– Ուրեմն, Զարինկան կգնա՞ ապրելու սպիտակամորթի վիգվամը։ Լավ։ Հիմա ես
կխոսեմ հորդ հետ, միգուցե նա չի համաձայնվի։ Ես շատ նվերներ կտամ նրան, բայց թող
ավելին չուզի։ Ասում ես՝ եթե հանկարծ «չէ» ասի՞։ Ի՜նչ արած, լավ։ Միևնույն է, Զարինկան
կգնա սպիտակամորթի վիգվամը։
Նա արդեն բարձրացրել էր մորթին, որով վարագուրված էր մուտքը, բայց այդ պահին
աղջիկը ցածր ձայնով կանչեց նրան, և նա անմիջապես ետ դարձավ։ Աղջիկը չոքեց
հատակին փռված արջամորթու վրա. նրա դեմքը շողում էր այն լույսով, որով
լուսավորվում են Եվայի իսկական դուստրերի դեմքերը. նա երկչոտությամբ քանդեց
Մաքենզիի ծանր գոտին։ Բիրյուկը տարակուսանքով նայում էր նրան, երկյուղով
ունկնդրելով դրսից լսվող ամեն մի շրշյունի։ Բայց աղջկա հաջորդ շարժումը ցրեց նրա
կասկածանքները, և նա, իրեն շոյված զգալով, ժպտաց։ Աղջիկը իր ձեռագործների
տոպրակից հանեց իշայծյամի մորթուց կարված մի պատյան, որի վրա ուլունքով
ասեղնագործված էին երևակայական վառ զարդանախշեր։ Դուրս քաշեց Մաքենզիի
որսորդական մեծ գանակը, արժանապատվությամբ նայեց սուր սայրին ու դրեց նոր
պատյանի մեջ։ Հետո այն հագցրեց գոտու վրա և քաշեց իր սովորական տեղը՝ ձախ ազդրի
մոտ։
Դա, իսկապես, նման էր հնադարյան տեսարանի՝ աղջիկն ու նրա ասպետը։ Մաքենզին
աղջկան կանգնեցրեց ու բեղերը հպեց նրա ալ շուրթերին. դա աղջկա համար անծանոթ,
խորթ փաղաքշանք էր, Գայլի փաղաքշանք։ Այսպես քարե դարը հանդիպեց պողպատե
դարին։
Երբ Բիրյուկ Մաքենզին, մեծ կապոցը թևի տակ դրած, նորից հայտնվեց Թլինգ-Թինեհի
վրանի շեմքին, շուրջը արտասովոր աշխուժություն էր զգացվում։ Երեխաները վազվզում
էին բնակատեղիով մեկ, ցախ ու խռիվ բերում փոթլաչի համար. կանանց խոսակցությունը
դարձավ բարձրաձայն, երիտասարդ որսորդները խումբ-խումբ հավաքվում էին ու
մռայլադեմ խոսք փոխանակում, իսկ շամանի տնից կախարդանքի չարագուշակ ձայներ
էին լսվում։
Առաջնորդը նստած էր կնոջ հետ, որն անկենդան, սառած աչքերով նայում էր ուղիղ իր
առջև, բայց Մաքենզին անմիջապես հասկացավ, որ այն, ինչ ինքն ուզում էր ասել, այստեղ
արդեն հայտնի է։ Նա ուլունքներով ասեղնագործված պատյանը փոխադրեց ամենաաչքի
ընկնող տեղը՝ ի նշան այն բանի, որ նշանադրությունն արդեն ավարտվել է, և անմիջապես
գործի անցավ։
– Ով Թլինգ-Թինեհ, հզոր տիրակալ սթիքսերի ցեղի և ամենայն Թանանա երկրի, իշխան
սաղմոնի ու արջի, իշայծյամի ու եղջերվի։ Սպիտակ մարդուն քեզ մոտ բերել է մեծ
նպատակը։ Արդեն շատ լուսիններ նրա տունը դատարկ է, և նա մենակ է։ Նրա սիրտը
թախծում է լռության մեջ ու տանջվում կնոջ համար. թող կինը տան մեջ նստի նրա
կողքին, թող դիմավորի նրան որսից վերադառնալիս, կրակ վառի օջախում ու կերակուր
պատրաստի։ Սպիտակ մարդուն տարօրինակ բաներ են թվացել, նա փոքրիկ
մոքասինների թփթփոց ու երեխաների ձայներ է լսել։ Ու մի գիշեր էլ տեսիլք է երևացել
նրան։ Ագռավը՝ քո նախահայրը, մեծն Ագռավը, սթիքսերի ցեղի հայրը հայտնվեց նրան ու
խոսեց հետը։ Ահա թե ինչ ասաց Ագռավը միայնակ սպիտակ մարդուն… «Հագիր
մոքասիններդ ու կանգնիր դահուկների վրա, ու սահնակդ բեռնիր երկար ճամփաների համար անհրաժեշտ մթերքով և առաջնորդ Թլինգ-Թինեհի համար նախատեսված ճոխ
նվերներով, քանի որ դու պետք է դեմքդ դարձնես այն կողմը, որտեղ աշխարհի եզրին
թաքնված է գարնանային արևը, ու ճանապարհ ընկնես այն երկիրը, որտեղ որս է անում
մեծն Թլինգ-Թինեհը։ Այնտեղ կտանես առատ նվերներ, և իմ որդին՝ Թլինգ-Թինեհը, քեզ
համար հայր կդառնա։ Նրա վիգվամում կա մի աղջիկ, որին ես կյանքի շունչ եմ ներարկել
քեզ համար։ Այդ աղջկան կնության կառնես»։ Օ՜ առաջնորդ, այսպես ասաց մեծն Ագռավը։
Ահա թե ինչու ես այս նվերները դնում եմ քո ոտքերի տակ։ Ահա թե ինչու եկել եմ կնության
առնելու քո դստերը։
Ծեր առաջնորդը արքայական շարժումով ավելի կիպ փաթաթվեց իր մորթեղեն
հագուստի մեջ, բայց ուշացնում էր պատասխանը։ Այդ միջոցին վրան մտավ մի փոքրիկ
տղա, հաղորդեց, որ ցեղի խորհուրդը սպասում է առաջնորդին, և անմիջապես
անհետացավ։
– Ով սպիտակ մարդ, որին մենք անվանեցինք Իշայծյամի Սարսափ, որը հայտնի է նաև
Գայլ կամ Գայլի որդի անունով։ Գիտենք, դու սերում ես մեծ ցեղից. մենք հպարտ ենք, որ
մեր հյուրը եղար, բայց կետան[3] հարմար զույգ չէ սաղմոնի համար։ Այդպես էլ Գայլը
հարմար զույգ չէ Ագռավի համար։
– Ճիշտ չէ՛,– բացականչեց Մաքենզին։– Ես Ագռավի դուստրերին հանդիպել եմ Գայլի
ճամբարներում՝ Մորթիմերի, Տրեժիդգոյի, Բերնեբի մոտ. նրա տունը սքվո[4] մտավ երկու
սառցահոսք առաջ։ Եվ ես լսել եմ, որ ուրիշներ էլ կան, թեև նրանց սեփական աչքով չեմ
տեսել։
– Դու ճիշտ ես ասում, որդիս, բայց դրանք վատ ամուսնություններ են. նույնն է թե՝ ջրի
ամուսնությունը ավազի հետ, ձյունափաթիլինը՝ արևի հետ։ Իսկ դու հանդիպե՞լ ես Մեյսոն
անունով մարդու և նրա սքվոյին։ Ո՞չ։ Նա Գայլերից առաջինն էր, որ այստեղ եկավ տասը
սառցահոսք առաջ։ Նրա հետ եկել էր մի հսկա, գրիզլի արջի պես ուժեղ և ուռենու շիվի
պես սլացիկ, սիրտը ոնց որ լիալուսինը ամռանը։ Այ հենց նրան…
– Դա Մեյլմյութ Քիդն է,– ընդհատեց Մաքենզին, նկարագրությունից ճանաչելով
Հյուսիսում բոլորին քաջ հայտնի անձնավորությանը։
– Հսկան հենց նա է։ Բայց դու երբևէ տեսե՞լ ես Մեյսոնի սքվոյին։ Նա Զարինկայի
հարազատ քույրն է։
– Ոչ, առաջնորդ, ես նրան չեմ տեսել, բայց նրա մասին լսել եմ։ Հեռու-հեռավոր
Հյուսիսում տարիների ծանրության տակ տապալվել է դարավոր սոճին և, ընկնելիս,
սպանել Մեյսոնին։ Բայց նրա սերը մեծ է եղել, և շատ ոսկի է ունեցել նա։ Կինը վերցրել է
ոսկին, վերցրել է որդուն, որ Մեյսոնն է թողել նրան, ու ճանապարհ ընկել, և անհամար
չվերթներից հետո հասել է այն երկիրը, որտեղ ձմռանն էլ արև է շողում… Այնտեղ էլ նա
ապրում է մինչև հիմա, այնտեղ չկան դաժան սառնամանիքներ, չկա ձյուն, ամռան
կեսգիշերներին արևը չի լուսավորում, իսկ ձմռանը կեսօրին խավարը չի տիրում։
Այստեղ նրանց ընդհատեց երկրորդ սուրհանդակը և ասաց, որ խորհուրդը պահանջում
է առաջնորդին։ Նրան դուրս շպրտելով ձյան մեջ, Մաքենզին թռուցիկ կերպով նկատեց, որ
մարդիկ են շարժվում կրակի շուրջը, որտեղ ցեղի խորհուրդն էր հավաքվել, լսեց
տղամարդկանց ցածրաձայն համաչափ երգը ու հասկացավ, որ շամանը զայրույթ է բորբոքում ցեղի մարդկանց մեջ։ Ժամանակը չէր սպասում։ Մաքենզին դարձավ դեպի
առաջնորդը.
– Լսիր,– ասաց նա։– Ես ուզում եմ աղջկանդ կնության առնել։ Նայիր՝ ահա ծխախոտ,
ահա թեյ, շատ աման շաքար, ահա տաք վերմակներ ու մեծ, ամուր թաշկինակներ, ահա և
իսկական հրացան, ու վրան էլ շատ փամփուշտ ու շատ վառոդ։
– Ոչ,– առարկեց ծերունին, աշխատելով անձնատուր չլինել իր առջև փռված հսկայական
հարստության հրապուրանքին։– Հիմա իմ ցեղը հավաքվել է խորհրդի։ Նա չի կամենա, որ
ես Զարինկային տամ քեզ։
– Բայց առաջնորդը դու ես։
– Այո, բայց մեր երիտասարդները խիստ զայրացած են, որովհետև Գայլերը խլում են
նրանց հարսնացուներին։
– Լսի՛ր, Թլինգ-Թինեհ։ Նախքան այս գիշերը ցերեկ կդառնա, Գայլը իր շներին կքշի
դեպի Արևելյան լեռները և ավելի հեռու՝ դեպի Յուքոն։ Եվ Զարինկան ճանապարհ կբացի
նրա շների համար։
– Բայց գուցե նախքան այս գիշերը կհասնի իր կեսին, իմ ջահելները Գայլի միսը կգցեն
շների առաջ, ու նրա ոսկորները ձյան տակ կմնան, մինչև որ ձյունը հալվի գարնան արևից։
Սպառնալիք՝ ի պատասխան սպառնալիքի։
Մաքենզիի բրոնզագույն թուխ դեմքը շառագունեց։ Նա ձայնը բարձրացրեց։
Առաջնորդի պառավ կինը, որ մինչ այդ անտարբեր դիտողի դերում էր, փորձեց նրա մոտով
կամացուկ անցնել դեպի դուռը։ Երգը ընդհատվեց, լսվեց բազմաթիվ ձայների աղմուկ,
Մաքենզին կոպտորեն պառավին գցեց իր մորթեղեն անկողնու վրա։
– Ես նորից եմ դիմում քեզ, լսիր, ով Թլինգ-Թինեհ։ Գայլը մեռնում է՝ ծնոտները սեղմած,
և նրա հետ մեկտեղ հավիտյան կքնեն քո ցեղի տասը ամենաուժեղ տղամարդիկ, իսկ
տղամարդկանց կարիք շատ կլինի, որսի շրջանը նոր է բացվում և շատ լուսին չի մնացել,
մինչև ձկան որսի սկսվելը։ Եվ ի՞նչ օգուտ կստանաս դու իմ մեռնելուց։ Ես գիտեմ քո
ժողովրդի սովորությունները. իմ հարստությունից քեզ քիչ բաժին կընկնի։ Տուր ինձ քո
աղջկան, և ամեն ինչ կմնա միայն քեզ։ Մի բան էլ ասեմ քեզ՝ այստեղ կգան իմ եղբայրները.
նրանք շատ են և անկուշտ են. և Ագռավի դուստրերը երեխաներ կծննդաբերեն Գայլի
տներում։ Իմ ցեղը քոնից ուժեղ է։ Տուր ինձ աղջկադ, և այս ամբողջ հարստությունը քոնն
է։
Դրսում ձյունը ճռճռաց մոքասինների տակ։ Մաքենզին ուսից ցած բերեց հրացանը և
բացեց գոտկից կախված երկու ատրճանակների պատյանները։
– Տո՛ւր, ով Թլինգ-Թինեհ։
– Բայց իմ ժողովուրդը «ոչ» կասի։
– Տուր, և այս հարստությունը քոնն է։ Իսկ քո ժողովրդի հետ ես հետո կխոսեմ։
– Թող լինի, ինչպես Գայլն է կամենում։ Ես կվերցնեմ նվերները, բայց հիշիր, ես քեզ
նախազգուշացրել եմ։Մաքենզին նվերները հանձնեց նրան, չմոռանալով բարձրացնել հրացանի պահպանակը,
և որպես վրադիր տվեց մի մետաքսյա կուրացուցիչ վառվռուն թաշկինակ։ Այդ պահին
ներս մտավ շամանը հինգ թե վեց երիտասարդ ռազմիկների ուղեկցությամբ, բայց
Մաքենզին հանդգնությամբ մի կողմ հրեց նրանց ու դուրս եկավ վրանից։
– Պատրաստվի՛ր,– ողջույնի փոխարեն հակիրճ ասաց նա Զարինկային, անցնելով նրա
վիգվամի մոտով, և շտապով սկսեց շներին լծել։
Մի քանի րոպե անց նա ներկայացավ խորհուրդ, հետևից տանելով իր լծվածքը. աղջիկը
քայլում էր նրա կողքով։ Նա տեղ գրավեց դոփդոփված հրապարակի վերին ծայրում,
առաջնորդի կողքին։ Նա Զարինկային ասաց, որ կանգնի իր ձախ կողմում, մի քայլ ետ,
ինչպես և պատշաճ էր նրան։ Ընդ որում, այն ժամանակ, երբ կարելի է չար բան սպասել,
պետք է որևէ մեկը քեզ պահպանի թիկունքից։
Աջից ու ձախից կրակի վրա էին հակվել տղամարդիկ, նրանց ձայները միահյուսվել էին
մի հնագույն, կիսամոռացված երգի մեջ։ Չի կարելի ասել, թե գեղեցիկ էր այն, այդ երգը՝
կազմված հինավուրց, անսպասելի անցումներից, անակնկալ դադարներից, ձանձրալի
կրկնություններից։ Թերևս ավելի ճիշտ լինի այն անվանել սարսափելի։ Հրապարակի
հեռավոր ծայրում տասի չափ կանայք ծիսական պարով պտտվում էին շամանի առջև։ Եվ
շամանը զայրույթով հանդիմանում էր նրանց՝ ովքեր ոչ բավականաչափ
ինքնամոռացությամբ էին անձնատուր լինում ծիսակատարությանը։ Կանայք, կիսով չափ
փաթաթված ագռավի թևի պես սև ու արձակ թափված մազերով, դանդաղ օրորվում էին,
և նրանց մարմինները ճկվում էին՝ անընդհատ փոփոխվող ռիթմին հնազանդ։
Տարօրինակ տեսարան էր այդ, իսկական անաքրոնիզմ: Այնտեղ՝ Հարավում
ավարտվելու վրա էր տասնիններորդ դարը, նրա վերջին տասնամյակի վերջին տարիներն
էին անցնում, իսկ այստեղ ծաղկում էր նախնադարյան մարդը, նախապատմական
քարանձավային բնակչի ստվերը, հին ժամանակների չմոռացված բեկորը։ Շիկահեր
գամփռները նստել էին գազանի մորթի հագած իրենց տերերի կողքին կամ կռվում էին
կրակի մոտ տեղ գրավելու համար, և խարույկի ցոլքերն էին խաղում նրանց արնակալած
աչքերում, թաց ժանիքների վրա։ Հեքիաթային ձյունածածկով պարուրված խուլ անտառը
քնած էր խորունկ, շուրջը կատարվածի հանդեպ անտարբեր քնով։ Սպիտակ Լռությունը,
որ մի պահ շպրտվել էր դեպի բնակատեղին շրջապատող թավուտները, ասես
պատրաստվում էր նորից իրենով լցնելու ամեն ինչ. աստղերը դողդողում էին ու պարում
երկնքում, ինչպես միշտ Մեծ Ցրտի ժամանակ, և Բևեռային Ոգիները իրենց հրափայլ
շորերն էին փռել երկնակամարով մեկ։
Բիրյուկ Մաքենզին, աղոտ կերպով գիտակցելով այդ տեսարանի վայրի վեհությունր,
հայացքը սահեցրեց մորթեղեն հագուստով անշարժ կեցվածքների շարքերի վրայով,
նայելով, թե ով է բացակա։ Մի ակնթարթ նրա աչքերը կանգ առան մի նորածին մանկիկի
վրա, որը հանգիստ իր մոր բաց ստինքն էր ծծում։ Ավելի քան յոթանասուն աստիճանի
սառնամանիք էր։ Մաքենզին մտածեց իր ժողովրդի քնքուշ կանանց մասին ու մռայլ
ժպտաց։ Եվ այնուամենայնիվ, ինքը, որին այդ քնքուշ մայրերից մեկն է ծնել, ժառանգել էր
այն, ինչը իրեն և իր ազգակիցներին տալիս էր իշխանություն ցամաքի ու ծովի վրա,
կենդանիների ու մարդկանց վրա՝ հողագնդի բոլոր մասերում։ Մենակ՝ հարյուրի դեմ,
արկտիկական ձմռան խորքերում, հարազատ վայրերից հեռու, նա զգում էր այդ ժառանգության կանչը՝ տիրելու կամք, խելացնոր սեր վտանգի հանդեպ, մարտական կիրք,
հաղթելու կամ մեռնելու վճռականություն։
Երգն ու պարը դադարեցին, և շամանը սկսեց ճառել։ Հնդկացիների հարուստ
դիցաբանությունից վերցրած բարդ ու խճողված օրինակներով նա հմտորեն ներգործում
էր դյուրահավատ ունկնդիրների վրա։ Նա խոսում էր ուժեղ ու համոզիչ։ Խաղաղ
ստեղծարար սկզբնավորության մարմնացմանը՝ Ագռավին, նա հակադրեց Մաքենզի
Գայլին, նշավակելով նրբան որպես ռազմատենչ ու կործանիչ սկզբնավորության
մարմնացում։ Այդ սկզբնավորությունների կռիվը միայն հոգևոր չէ։ Կռվում են նաև
մարդիկ՝ յուրաքանչյուրը հանուն իր տոտեմի[5]։ Սթիքսերը Պրոմեթևսի կրակատար
Ջելկսի՝ Ագռավի զավակներն են, Մաքենզին՝ Գայլի, այլ խոսքով, սատանայի որդի է։ Երկու
սկզբնավորությունների այդ դարավոր կռիվը կասեցնելու փորձը, ցեղի դուստրերին
երդվյալ թշնամուն կնության տալը նշանակում է մեծագույն դավաճանություն և
սրբապղծություն։ Ամենախիստ խոսքերը, ամենանողկալի վիրավորանքներն անգամ
չափազանց մեղմ են Մաքենզիի՝ թունավոր օձի, հենց սատանայի առաքյալի համար, որ
նենգորեն փորձում է իրենց վստահությունը շահել։ Այդ Ժամանակ ունկնդիրները խուլ ու
ահեղ մրթմրթացին, իսկ շամանը շարունակեց.
– Եղբայրնե՜ր իմ, Ջելկսը ամենազոր է։ Նա չէ՞ր, որ երկնային կրակը երկիր բերեց, և մենք
կարողացանք տաքանալ։ Նա չէ՞ր, որ արևը, լուսինն ու աստղերը հանեց երկնախորշերից,
ու մենք կարողացանք տեսնել։ Նա չէ՞ր, որ մեզ սովորեցրեց կռվել Սովի ու Սառնամանիքի
ոգիների դեմ։ Իսկ այժմ Ջելկսը զայրացել է իր զավակների վրա, ու ցեղից մի խղճուկ բուռ
է մնացել, և Ջելկսը նրանց չի օգնի։ Որովհետև նրանք մոռացել են նրան, նրանք վատ են
վարվում ու վատ ճանապարհով են գնում, և նրա թշնամիներին բերում են իրենց
վիգվամներն ու նստեցնում իրենց օջախի մոտ։ Եվ Ագռավը վշտանում է իր զավակների
վատ վարք ու բարքի համար։ Բայց երբ նրանք հասկանան իրենց անկման խորությունը և
ապացուցեն, որ իրենք Ջելկսի գիրկն են վերադարձել, նա խավարից դուրս կգա նրանց
օգնելու համար։ Օ՜ եղբայրներ։ Կրակաբերը իր կամքն է հաղորդել շամանին. հիմա այն
լսեցեք դուք։ Թող երիտասարդները աղջիկներին տանեն իրենց վիգվամները, իսկ իրենք
հարձակվեն Գայլի վրա, ու թող նրանց ատելությունը չթուլանա։ Այն ժամանակ կանայք
երեխաներ կծնեն, և Ագռավի ժողովուրդը կշատանա ու կհզորանա։ Եվ Ագռավը կաճեցնի
նրանց Հյուսիսային հայրերի ու պապերի մեծ ցեղերը, և նրանք կկռվեն Գայլերի դեմ, մինչև
որ ի չիք դարձնեն նրանց, դարձնեն անցյալ տարվա խարույկի մոխիր, իսկ իրենք նորից
կդառնան ամբողջ երկրի տերը։
Ա՛յս է ասել Ջելկսը՝ Ագռավը։
Փրկչի մոտալուտ գալստյան այս լուրն առնելով՝ սթիքսերը խռպոտ վայնասունով ոտքի
ելան։ Մաքենզին բութ մատները հանել էր թաթմաններից ու սպասում էր։ Լսվեցին
աղաղակներ՝ «Աղվե՜ս։ Աղվե՜ս»։ Դրանք ավելի ու ավելի բարձրագոչ էին դառնում։ Ի վերջո
երիտասարդ որսորդներից մեկն առաջ եկավ ու խոսեց.
– Եղբայրնե՜ր։ Շամանը իմաստուն խոսքեր ասաց։ Գայլերը խլում են մեր կանանց, և մեզ
համար երեխա ծնող չի մնում։ Մենք մի բուռ ենք մնացել։ Գայլերը մեզնից խլում են տաք
մուշտակները և փոխարենը մեզ տալիս շշի մեջ ապրող չար ոգի, և կուղբի կամ լուսանի
մորթուց կարված հագուստի փոխարեն՝ խոտից պատրաստված հագուստ։ Եվ այդ
հագուստները տաք չեն պահում, ու մեր մարդիկ մեռնում են անհասկանալ հիվանդություններից։ Ես՝ Աղվեսս, կին չունեմ։ Իսկ ինչո՞ւ։ Երկու անգամ էլ այն
աղջիկները, որ դուր են եկել ինձ, գնացել են Գայլի բնակատեղին։ Եվ հիմա էլ կուղբի,
իշայծյամի, եղջերվի մորթիներ եմ կուտակել, որպեսզի Թլինգ-Թինեհի բարեհաճությունը
նվաճեմ և կնության առնեմ նրա աղջկան՝ Զարինկային։ Եվ տեսեք, նա դահուկներ է
կապել և պատրաստ է ճանապարհ բացել Գայլի շների համար։ Եվ ես միայն ինձ համար
չեմ ասում։ Նույնը կարող էր ասել Արջը։ Նա նույնպես կամեցել է դառնալ Զարինկայի
երեխաների հայրը և նույնպես շատ մորթիներ է պատրաստել Թլինգ-Թինեհին տալու
համար։ Ես խոսում եմ այն բոլոր երիտասարդ որսորդների անունից, ովքեր կին չունեն։
Գայլերը միշտ սոված են։ Եվ նրանք միշտ էլ վերցնում են լավագույն պատառները,
Ագռավներին թողնելով խղճուկ թերմացքներ։
– Նայեցե՛ք, ահա Գուկլան,– և Աղվեսը առանց քաշվելու մատնացույց արեց կանանցից
մեկին. նա կաղ էր։– Նրա ոտքերը ծռվել են նավակի եզրերի նման։ Նա չի կարող փայտ ու
խռիվ հավաքել, չի կարող սպանված որսը քարշ տալ որսորդների հետևից։ Գայլերը ուզե՞լ
են նրան։
– Օ՜, օ՜,– գոռգոռացին Աղվեսի եղբայրակիցները։
– Ահա Մոյրին,– շարունակեց նա։– Չար ոգին ծռել է նրա աչքերը։ Նույնիսկ ծծկերները
վախենում են նրան նայելիս, և ասում են, որ արջն ինքն է նրան ճանապարհ տալիս։
Գայլերը ուզե՞լ են նրան։
Եվ նորից հավանության ահեղ բվվոց։
– Ա՛յ, նստած է Պիսչեթը։ Նա իմ խոսքերը չի լսում։ Նա երբեք չի լսել ոչ ուրախ զրույց, ոչ
իր ամուսնու ձայնը, ոչ էլ իր երեխայի թոթովանքը։ Նա ապրում է Սպիտակ Լռության մեջ։
Գայլերը նույնիսկ մի հայացք գցե՞լ են նրա վրա։ Ո՛չ։ Նրանց բաժին է ընկնում ընտիրը, իսկ
մեզ մնացորդը։ Եղբայրներ, այլևս այսպես չպետք է լինի։ Բավական է Գայլերը վխտան մեր
խարույկների շուրջը։ Ժամը հասել է։
Հյուսիսափայլի վիթխարի հրապաստառը՝ բոսոր, կանաչ, դեղին բոցը, թրթռաց
երկնքում, բռնելով այն ծայրից-ծայր։ Եվ Աղվեսը գլուխը ետ գցելով ու ձեռքերը դեպի
երկինք կարկառելով, բացականչեց.
– Տեսե՜ք։ Մեր նախահայրերի ոգիները ապստամբել են։ Մեծ գործեր պիտի կատարվեն
այս գիշեր։
Նա ետ գնաց, և մեկ ուրիշ երիտասարդ որսորդ, ընկերների դրդումով, անհամարձակ
առաջ եկավ։ Նա մի գլխով բարձր էր մյուսներից, լայն կուրծքը բաց էր, ասես ի հեճուկս
սառնամանիքի։ Նա մի ոտքից մյուսի վրա էր կանգնում, բառերը դուրս չէին գալիս
բերանից, նա ամաչկոտ էր, անհամարձակ։ Սարսափելի էր նրա դեմքին նայելը. ըստ
երևույթին ինչ-որ ժամանակ ինչ-որ հրեշավոր ուժի հարված պատառոտել, այլանդակել էր
այն։ Վերջապես նա բռունցքը թնդյունով խփեց իր կրծքին, ասես թե թմբուկ էր զարկում,
ու խոսեց. նրա ձայնը հնչում էր խուլ, ինչպես ալեկոծության աղմուկը օվկիանոսի ափին
գտնվող քարանձավում։
– Ես Արջն եմ, Արծաթե նիզակը և Արծաթե նիզակի որդին։ Այն ժամանակ, երբ իմ ձայնը
դեռ զրնգուն էր աղջկա ձայնի պես, ես լուսան, իշայծյամ ու եղջերու էի որսում. երբ այն
հնչեց ինչպես կուղխի ճիչը թակարդում, ես կտրեցի անցա Հարավային Լեռները և Սպիտակ գետի ցեղից երեք հոգու սպանեցի, երբ այն Չինուկի մռնչյունի նմանվեց, ես
հանդիպեցի գրիզլի արջին ու փակեցի նրա ճանապարհը։
Նա դանդաղեց, ափով բազմանշանակալից շփեց դեմքի ահավոր սպիները։ Հետո
շարունակեց.
– Ես Աղվեսը չեմ։ Լեզուս սառել է գետի պես։ Ես գեղեցիկ խոսել չգիտեմ։ Բառապաշարս
մեծ չէ։ Աղվեսն ասում է՝ «Մեծ գործեր պիտի կատարվեն այս գիշեր»։ Լա՛վ։ Բառերը
հոսում են նրա բերանից վարար գետի պես, բայց գործի մեջ նա այնքան էլ առատաձեռն չէ։
Այսօր գիշեր ես կկռվեմ Գայլի հետ։ Ես կսպանեմ նրան, և Զարինկան կնստի իմ օջախի
մոտ։ Ես՝ Արջս ասացի։
Իսկական դժոխքն էր մոլեգնում շուրջը, բայց Մաքենզին հաստատ էր իր վճռին։ Լավ
իմանալով, որ այդքան մոտ տարածության վրա հրացանն անօգուտ է, նա
աննկատելիորեն առաջ բերեց գոտկից կախված երկու պատյանները, պատրաստվելով
գործի դնել ատրճանակները, և թաթմաններն այնքան ցած իջեցրեց, որ այժմ դրանք
կախված էին նրա մատներից։ Նա գիտեր, որ եթե բոլորը միանգամից հարձակվեն իր վրա,
ինքը ոչ մի բանի վրա հույս դնել չի կարող, բայց հավատարիմ մնալով քիչ առաջ
ցուցաբերած իր պարծենկոտությանը, մտադրվել էր մեռնել՝ ծնոտները թշնամու կոկորդին
սեղմած։ Բայց Արջը զսպեց իր եղբայրակիցներին, ահավոր բռունցքի հարվածներով ետ
մղեց ամենատաքարյուններին։ Փոթորիկն սկսեց հանդարտվել, և Մաքենզին մի թռուցիկ
հայացք գցեց Զարինկայի վրա։ Դա մի հոյակապ տեսարան էր։ Դահուկների վրա
կանգնած՝ աղջիկն ամբողջ մարմնով թեքվել էր առաջ, շուրթերը կիսով չափ բացվել և
ռունգները թրթռում էին. ճիշտ և ճիշտ էգ վագրը՝ ոստյունից առաջ։ Սարսափ ու
մարտահրավեր կար նրա սև ու խոշոր աչքնրում, որոնք սևեռվել էին իր ցեղակիցների
վրա։ Նա ամբողջ մարմնով լարվել էր աղեղնալարի պես, շնչելն անգամ մոռացել էր։ Նա
արձանացել էր՝ մի ձեռքը ջղաձգորեն դրած կրծքին, մյուսի մեջ սեղմած երկար մտրակը։
Բայց հենց որ Մաքենզին նայեց նրան, Զարինկային ասես թե ազատ արձակեցին։ Լարված
մկանները թուլացան, նա խոր շունչ քաշեց, ուղղվեց և նրան պատասխանեց անսահման
նվիրվածությամբ լի հայացքով։
Թլինգ-Թինեհը փորձեց խոսել, բայց նրա ձայնը խլացավ ընդհանուր գոռգոռոցի մեջ։ Եվ
այստեղ Մաքենզին առաջ եկավ։ Աղվեսն ուզում էր բերանը բացել, բայց նույն պահին ետ
շպրտվեց ու սուր ճիչը մնաց կոկորդում, այդ Մաքենզին կատաղությամբ շրջվեց դեպի նա։
Աղվեսի պարտությունը դիմավորեցին պոռթկացող հռհռոցներով. այժմ նրա ցեղակիցները
պատրաստ էին լսելու։
– Եղբայրնե՜ր,– սկսեց Մաքենզին։– Սպիտակ մարդը, որին դուք Գայլ եք անվանում, ձեզ
մոտ եկել է բաց սրտով։ Նա չի ստի իննուիտի պես։ Նա եկել է որպես բարեկամ, որպես
մեկը, որն ուզում է ձեր եղբայրը դառնալ։ Բայց ձեր տղամարդիկ իրենց խոսքն ասացին, ու
խաղաղ զրույցների ժամանակն անցավ։ Ուրեմն լսեցեք. ամենից առաջ ձեր շամանը չար
շաղակրատ է և սուտ մարգարե, և այն կամքը, որ նա ձեզ հաղորդեց, Կրակաբերի կամքը
չէ։ Նրա ականջները խուլ են Ագռավի ձայնի հանդեպ, նա ինքն է հորինում խարդախ
առասպելներ, նա ձեզ խաբել է։ Նա անզոր է։ Երբ դուք ստիպված էիք սպանել և ուտել ձեր
շներին, ու ձեր ստամոքսը ծանրացել էր մոքասինների հում կաշվից, երբ մեռնում էին
ծերունիները, մեռնում էին պառավները, և ծծկերներն էին մեռնում մոր ցամաքած կրծքի
վրա, երբ ձեր երկիրը պարուրված էր խավարով և ամեն մի կենդանի շունչ ոչնչանում էր, ինչպես սաղմոնը աշնանը, այո, երբ սովն իջավ ձեր գլխին, մի՞թե ձեր շամանը
հաջողություն բերեց որսորդներին։ Մի՞թե նա մսով լցրեց ձեր ստամոքսները։ Նորից
կասեմ ձեզ շամանն անզոր է։ Ահա, ես թքո՜ւմ եմ նրա երեսին։
Բոլորն ապշել էին այդ սրբապղծությունից, բայց ոչ ոք ձայն չհանեց։ Որոշ կանայք
վախեցան, իսկ տղամարդիկ հուզմունքով հրաշքի էին սպասում։ Բոլոր հայացքներն
ուղղվեցին իրադարձության երկու գլխավոր հերոսների վրա։ Քուրմը հասկացավ, որ
հասել է վճռական պահը, զգաց, որ իր իշխանությունը երերում է, և արդեն պատրաստ էր
սպառնալիքներ տեղալ, բայց միտքը փոխեց. Մաքենզին բռունցքը բարձրացրեց և
փայլատակող աչքերով, կատաղած քայլեց դեպի նա։ Շամանը չարախնդաց և ընկրկեց։
– Ի՞նչ, անակնկալ մա՞հը ինձ շշմեցրեց։ Շա՞նթը այրեց ինձ։ Միգուցե աստղե՞ր ընկան
երկնքից ու ճզմեցին ինձ։ Թյու։ Ես հաշիվներս մաքրեցի այդ շան հետ։ Այժմ ես ձեզ
կպատմեմ ցեղերից ամենահզորի՝ իմ ցեղի մասին, որը իշխում է բոլոր հողերում։ Սկզբում
մենք որս ենք անում մենակ, ինչպես ես։ Հետո որս ենք անում երամներով և, վերջապես,
ինչպես եղջերուների հոտերը, տարածվում ենք երկրով մեկ։ Նրանք, որոնց մենք վերցնում
ենք մեր վիգվամները, կեն դանի են մնում, մնացածներին մահն է սպասում։ Զարինկան
գեղեցիկ աղջիկ է, պնդակազմ և ուժեղ, նա Գայլերի լավ մայր կլինի։ Դուք կարող եք ինձ
սպանել, բայց, միևնույն է, նա Գայլերի մայր կլինի, որովհետև իմ եղբայրները անհամար
են, և նրանք կգան իմ շների հետքով։ Լսեցեք, ահա Գայլերի Օրենքը. եթե դու մի Գայլի
կյանք խլես, դրա դիմաց քո ցեղից տասը հոգի իրենց կյանքը կվճարեն։ Այդ գինն արդեն
շատ հողերում են վճարել, շատ հողերում էլ այն դեռ վճարելու են։
Այժմ ես կխոսեմ Աղվեսի և Արջի հետ։ Երևում է՝ նրանց դուր է եկել այդ աղջիկր։ Ճի՞շտ
է։ Բայց, տեսեք, ես գնել եմ նրան։ Թլինգ-Թինեհը հենվել է իմ հրացանի վրա, բացի այդ,
աղջկա դիմաց տվել եմ ուրիշ ապրանքներ, որոնք այժմ նրա օջախում են։ Բայց,
այնուամենայնիվ, ես արդարամիտ կլինեմ երիտասարդ որսորդների նկատմամբ։ Աղվեսին,
որի լեզուն չորացել է երկար խոսելուց, ծխախոտ կտամ՝ հինգ մեծ տուփ։ Թող նրա բերանը
նորից թրջվի, որ նա կարողանա ուզածի չափ աղմկել խորհրդում։ Իսկ Արջին,– ես հպարտ
եմ նրա հետ ծանոթանալու համար,– կտամ երկու վերմակ, քսան աման ալյուր, կրկնակի
շատ ծխախոտ, քան Աղվեսին։ Իսկ եթե նա ինձ հետ գա դեպի Արևելյան Լեռները, ես
հրացան էլ կտամ նրան, այնպիսին, ինչպիսին Թլինգ-Թինեհինն է։ Իսկ եթե նա չի ուզում։
Լավ։ Գայլը հոգնեց խոսելուց։ Բայց նա մեկ անգամ էլ ձեզ կասի օրենքը՝ եթե դու մի Գայլի
կյանք խլես, դրա դիմաց քո ցեղից տասը հոգի իրենց կյանքը կվճարեն։
Մաքենզին ժպտաց ու նորից կանգնեց իր նախկին տեղը, բայց նրա հոգին անհանգիստ
էր։ Գիշերը դեռ բոլորովին խավար էր։ Աղջիկը կանգնել էր Մաքենզիի կողքին և
աճապարանքով պատմում էր, թե Արջը ինչ հնարքներ է բանեցնում դանակով կռվելիս, և
Մաքենզին ուշադիր լսում էր։
Ուրեմն, վճռված է. նրանք մենամարտելու են։ Մի ակնթարթում տասնյակ մոքասիններ
դոփդոփելով ընդարձակեցին կրակի շուրջն ընկած հրապարակը։ Այստեղ քիչ չէին նաև
խոսակցությունները այն պարտության մասին, որ բոլորի աչքի առաջ կրեց շամանը։
Ոմանք հավատացնում էին, թե նա դեռ ցույց կտա իր ուժը, մի քանիսն էլ վերհիշում էին
անցյալի զանազան դեպքեր ու համաձայն էին Գայլի հետ։ Արջը առաջ եկավ՝ ռուսական
որսորդական մերկացված դանակը ձեռքին։ Աղվեսն ընդհանուրի ուշադրությունը
հրավիրեց Մաքենզիի ատրճանակների վրա, և սա, գոտին արձակելով, այն կապեց Զարինկայի մեջքին ու նրան հանձնեց հրացանը։ Աղջիկը գլուխն օրորեց, հասկացնելով,
թե կրակել չգիտե. կինը որտեղից իմանա, թե ինչպես պետք է վարվել այսքան թանկարժեք
զենքի հետ։
– Այն ժամտնակ, երբ վտանգ լինի թիկունքից, բարձրաձայն կանչիր՝ «Ամուսի՜նս»։ Ոչ,
այսպես՝ «Ամուսի՜նս»։
Նա ծիծաղեց, երբ Զարինկան կրկնեց անգլերեն անծանոթ բառը, կսմթեց նրա այտը ու
վերադարձավ բոլորաշրջան։ Արջը նրան գերազանցում էր ոչ միայն հասակով, նրա և՛
ձեռքերն էին երկար, և՛ դանակը՝ գրեթե երկու դյույմով։ Բիրյուկ Մաքենզին առաջներում
ևս նայել էր հակառակորդի աչքերի մեջ, և նա անմիջապես հասկացավ, որ իսկական
տղամարդ է կանգնած իր առջև, այնուամենայնիվ, նա խիստ աշխուժացավ՝ տեսնելով
փայլատակող պողպատը և, նախահայրերի կանչին հնազանդ, արյունն ավելի արագ
հոսեց նրա երակներում։
Հակառակորդը նորից ու նորից նրան շպրտում էր մերթ խարույկի մոտ, մերթ խոր ձյան
մեջ, բայց նորից ու նորից, քայլ առ քայլ, հմուտ բռնցքամարտիկի պես, Մաքենզին նրան
սեղմում էր դեպի կենտրոնը։ Ոչ ոք հավանության ոչ մի խոսք չասաց նրան, այն դեպքում,
երբ նրա հակառակորդին քաջալերում էին գովեստներով, խորհուրդ էին տալիս,
նախազգուշացնում։ Բայց Մաքենզին միայն ատամներն էր ամուր սեղմում, երբ
դանակները զնգոցով կպչում էին իրար, և հարձակվում կամ նահանջում էր
սառնասրտորեն, որը ծնվում էր սեփական ուժի գիտակցումից։ Սկզբում նա ակամա
համակրանք էր տածում հակառակորդի նկատմամբ, բայց այդ զգացումը չքացավ
ինքնապահպանության բնազդի հանդեպ, որը, իր հերթին, տեղը զիջեց սպանության
տենչին։ Քաղաքակրթության տասը հազար տարիները դուրս թռան Մաքենզիի միջից, և
նա պարզապես դարձավ էգի համար մարտնչող քարանձավային բնակիչ։
Նա երկու անգամ դանակը հասցրեց Արջին և անվնաս դուրս պրծավ, բայց երրորդ
անգամ հարվածից խուսափելու համար նա ստիպված եղավ ամուր գրկել Արջին.
յուրաքանչյուրը ազատ ձեռքավ սեղմեց մյուսի՝ դանակով զինված ձեռքը։ Եվ այստեղ
Մաքենզին զգաց հակառակորդի ահավոր ուժը։ Նրա մկանները տանջալից կծկվեցին,
բոլոր կապաններն ու ջլերը պատրաստ էին պայթելու լարվածությունից… իսկ ռուսական
պողպատի սուր սայրը ավելի ու ավելի էր մոտենում… Նա փորձեց պոկվել
հակառակորդից, բայց միայն թուլացրեց իր դիրքը։ Մորթեղեն հագուստով մարդկանց
օղակը ավելի սեղմվեց. ոչ ոք չէր կասկածում, որ մոտ է վերջին հարվածը, և բոլորը անհամ
բեր սպասում էին դրան։ Բայց Մաքենզին փորձառու ըմբիշի պես դուրս պրծավ ու գլխով
հարվածեց հակառակորդին։ Արջն ակամա ետ-ետ գնաց, կորցրեց
հավասարակշռությունը։ Մաքենզին վայրկենաբար օգտվեց դրանից և, ամբողջ
ծանրությամբ ընկնելով Արջի վրա, նրան շպրտեց դիտողների շրջագծից դուրս, խոր,
չտրորված ձյան մեջ։ Արջը դժվարությամբ դուրս եկավ այնտեղից ու, նետվեց Մաքենզիի
վրա։
– Օ՜ ամուսի՜նս,– զրնգաց Զարինկայի ձայնը՝ նախազգուշացնելով մոտալուտ վտանգի
մասին։
Վնգաց աղեղնալարը, բայց Մաքենզին արդեն հասցրել էր կորանալ. ոսկրե ծայրակալով
նետը, անցնելով նրա գլխավերևով, խրվեց Արջի կուրծքը, և նա ծանրորեն ընկավ,
հակառակորդին սեղմելով իր տակ։ Մի վայրկյան անց Մաքենզին նորից ոտքի վրա էր։Արջն ընկած էր անշարժ, բայց խարույկի մյուս կողմից շամանը պատրաստվում էր
արձակելու երկրորդ նետը։
Մաքենզին բռնեց ծանր դանակի ծայրից ու թափով նետեց։ Կայծակի պես
փայլատակելով՝ դանակն անցավ խարույկի վրայով։ Սուր սայրը մինչև կոթը խրՎեց
շամանի կոկորդը, նա օրորվեց ու փլվեց բոցկլտացող ածուխների վրա։
Չը՜խկ։ Չըրը՜խկ,– Աղվեսը թռցրել էր Թլինգ-Թինեհի հրացանը և ապարդյուն փորձում
էր փամփուշտը դնել փողի մեջ, բայց Բիրյուկի հռհռոցը լսելուն պես հրացանը ձեռքից ցած
գցեց։
– Այդպես, ուրեմն, Աղվեսը դեռ չի սովորել վարվել այդ խաղալիքի հետ։ Ուրեմն, Աղվեսը
դեռևս կի՞ն է։ Եկ այստեղ։ Տուր հրացանը, ես քեզ ցույց կտամ, թե ինչ պետք է անել։
Աղվեսը տատանվում էր։
– Քեզ ասում եմ՝ այստեղ եկ։
Եվ Աղվեսը մոտեցավ ծեծված շան նման։
– Տե՛ս, մեկ… երկու… և ամեն ինչ կարգին է։
Փամփուշտը սահեց իր տեղը, ձգանը ճրթաց, Մաքենզին հրացանը ուսը գցեց։
– Աղվեսն ասաց, որ մեծ գործեր են կատարվելու այս գիշեր, և նա ճիշտ էր ասում։ Մեծ
գործեր կատարվեցին, բայց դրանք Աղվեսը չկատարեց։ Ի՞նչ է, նա դեռ մտադիր է
Զարինկային իր վիգվա՞մը տանել։ Նա ուզում է գնալ այն արահետով, որը բացել են
շամանն ու Ա՞րջը։ Ո՞չ։ Լա՛վ։
Մաքենզին արհամարհանքով շրջվեց և իր դանակը դուրս քաշեց շամանի կոկորդից։
– Գուցե երիտասարդ որսորդներից մեկ ուրի՞շն է այդ բանն ուզում։ Եթե այդպես է,
Գայլը նրանց կուղարկի նույն ճանապարհով՝ երկու-երկու, երեք-երեք, մինչև որ ոչ մեկը չի
մնա։ Ոչ ոք չի՞ ուզում։ Լավ։ Թլինգ-Թինեհ, այս հրացանը քեզ հանձնում եմ երկրորդ
անգամ։ Եթե երբևէ Յուքոն գնաս, իմացած եղիր, Գայլի տանը միշտ տեղ կունենաս
օջախի կողքին ու բավականաչափ ուտելիք։ Իսկ հիմա գիշերն անցնում է։ Ես հեռանում
եմ, բայց, հնարավոր է, որ էլի վերադառնամ։ Եվ վերջին անգամ ասում եմ՝ հիշեցեք Գայլի
Օրենքը։
Նա մոտեցավ Զարինկային, իսկ ժողովուրդը նրան նայում էր որպես ինչ-որ գերբնական
արարածի։ Աղջիկը տեղ գրավեց լծվածքի առջևում, ու շները սլացան։ Մի քանի րոպե անց
հեքիաթային ձյունածածկ անտառը կլանեց նրանց։ Եվ այն ժամանակ անշարժ կանգնած
Մաքենզին նույնպես կապեց դահուկները՝ Զարինկայի հետքով շարժվելու համար։
– Մի՞թե Գայլը մոռացավ հինգ մեծ տուփ ծխախոտի մասին։
Մաքենզին զայրույթով շրջվեց դեպի Աղվեսը, բայց նույն պահին ծիծաղն եկավ։
– Ես քեզ մի փոքրիկ տուփ կտամ։
– Ինչպես որ հաճելի է Գայլին,– համեստորեն ասաց Աղվեսը և ձեռքը մեկնեց։ 1. ↑ Չեչակո – նորեկ։
2. ↑ Փոթլաչ – խնջույք, որի ժամանակ տերը նվերներ է բաժանում հյուրերին։
3. ↑ Ձկան տեսակ։
4. ↑ Սքվո – կին (հյուսիս-ամերիկյան հնդկացիների լեզվով)։
5. ↑ Որևէ կենդանի, բույս կամ բնության որևէ տարը պատկերող նշան, որը ցեղի
անդամները կրոնական պաշտամունք են դարձնում։

ԴԱԺԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ (դեդեկտիվ)

""

Տուն գնալիս, մայրուղու հենց կենտրոնում մեքենայի շարժիչն անջատվեց։ Լավ էր, մոտակայքում ավտոտեխսպասարկման արհեստանոց կար, մի կերպ մեքենան հասցրեց այնտեղ, վարպետը նայեց ու ասաց, որ այն միայն վաղը պատրաստ կլինի, կարող է գալ, կեսօրին տանել։ Ոստիկանության մայոր Արմեն Արսենյանը հրաժարվեց տաքսիով տուն գնալու մտքից, հազար տարի էր, տրանսպորտ չէր նստել։ Կանգնեցրեց անցնող երթուղային տաքսին, իրենց փողոց մտնող խաչմերուկում իջավ ու մտավ իր մանկության փողոցը։ Զգաց, որ ներսում կարոտի նման մի բան բարձրացավ։ Դանդաղաքայլ գնաց փողոցով, հատ-հատ հայացքով շոյեց իր ծանոթ տները, դարպասները, բակերը։ Հասավ իրենց տան դիմաց գտնվող Կարո հոպարենց տանը։ Դարպասը բաց էր։ Կարոտով նայեց դարպասից ներս, թվաց՝ ուր որէ տան դուռը կբացվի, բրդուճը ձեռքին, բակ կթռչի իր մանկության ընկեր Սաքոն ու ձեռքով կանի իրեն։ Բայց ոչ, բակում, իրենց մանկական խաղերի վկա ընկույզի ծառի տակ, մի անծանոթ ու հին, առանց համարանիշի, սպիտակ գույնի, թափքով գազ 24 մակնիշի մեքենա էր կանգնած։ Ծնողների մահից հետո, մի քանի ամիս առաջ, Սաքոն վերցրեց կնոջն ու երեխաներին, գնաց Մոսկվայի կողմերը, եղբոր մոտ։ Տունը վարձով տվեցին, հիմա այդտեղ ապրում էր Հրազդանից եկած մի ընտանիք՝ ամուսինն էր, կինը, երեք տարեկան տղան։

Կտրվեց մտքերից ու տուն մտավ։ Ինչպես միշտ, մայրը հացի սեղանը պատշգամբում դրած, իրեն էր սպասում։ Լվացվեց, մտավ փոքրիկ այգին, նայեց շոգից ու մրգերի ծանրությունից կախ ընկած ճյուղերին, մտածեց, որ էս երկու օրը անպայման պետք է ջրել այգին, հետո մոտեցավ այգու անկյունում կապած շան բնին, ուր շոգից թաքնվել էր շունը։ Շունն ալարկոտ դուրս եկավ, մոտեցավ, լիզեց տիրոջ պարզած ձեռքն ու պառկեց տեղում։ Է՜, ծերացել ես, Չալո ջան, մտածեց Արմենն ու բարձրացավ պատշգամբ։ Երբ ուտելը վերջացրեց, մայրը մի տեսակ քաշված՝ դիմեց որդուն․
— Արմեն ջան, մեկ շաբաթ է, ինչ Արմինեն հոր տանն է արդեն, ե՞րբ է տուն գալու։
Արմենը մի պահ հայացքը պտտեցրեց այգու, բակի վրայով, հետո շատ դանդաղ, հոգնած ու կիսաձայն դարձավ մորը։
— Մամ ջան, Արմինեն ատում է այս հին տունը, այս այգին, այս բակը, մեր ծեր Չալոյին, քո սենյակից եկող վալերիանի հոտը, քո տնային կոշիկների քըստքըստոցը, իմ քրտնած նասկիները, իմ աշխատանքը, իմ մասնագիտությունը, էլ ինչու՞ գա, գա, ի՞նչ անի, էլ չի գալու։
— Ո՞նց թե,- զարմանքից քարացավ մայրը,- ո՞նց չի գալու, բայց դուք ընտանիք եք, երեխա ունեք, Արսենս մեղք է։
— Մամ, նա իր ատելությունից երեխայի մեջ էլ է լցրել, ավելի լավ է՝ երեխան մեծանա ատելությունից հեռու, հանգիստ պայմաններում։
— Արմեն ջան, թող գա, ես կգնամ, գյուղի տանը կապրեմ, ձեզ չեմ խանգարի, միայն քեզ երջանիկ տեսնեմ, տղաս,- մղկտաց մայրը։
— Մամ, մամ ջան,- մոր ուսերը գրկեց որդին,- այստեղ դու ոչ մի կապ չունես։ Արմինեն չի սիրում քեզ, որովհետև ի՛նձ չի սիրում, չի սիրում Չալոյին, որովհետև ի՛նձ չի սիրում, չի սիրում այս տունը, թաղը, մարդկանց, որովհետև ինձ չի սիրում։ Առաջիկայում կդիմեմ դատարան՝ բաժանվելու համար, թող գնա, երջանկանա, գուցե իմ երջանկությու՞նն էլ դեռ առջևում է։ Դու հանգիստ նստիր քո տեղը։
Արդեն կեսգիշեր էր, բայց մայր ու որդի դեռ երկար նստած էին պատշգամբում։
․․․
Հաջորդ օրը Արմեն Արսենյանը աշխատավայր մտավ, ու անմիջապես կանչվեց պետի մոտ՝ խորհրդակցության․ գիշերը արտակարգ դեպք էր պատահել, կողոպտել էին MMM բանկը, դեպքը հայտնի էր դարձել միայն առավոտյան, երբ բանկի աշխատակիցները աշխատատեղ էին եկել։ Աշխատակիցների հետ մեկնեցին դեպքի վայր։ Մաքուր գործ էր արված, ոչ մի տեղ կոտրված դուռ կամ ապակի չկար, պահնորդ ոստիկանը քնած էր եղել, ոչ մի շարժ չի զգացել։ Այն տպավորությունն էր, որ ներսի աշխատողներից մեկը, տուն գնալուց առաջ, հավաքել էր բանկում եղած ողջ գումարը, իր հետևից հանգիստ փակել էր դուռն ու գնացել։ Բայց զարմանալին այն էր նաև, որ չկար բանկի կառավարիչը՝ Հովհաննես Պետրոսյանը։ Պարզվեց, որ նա գիշերն էլ տուն չէր գնացել, կինն էլ անհանգստացած էր, իսկ ձեռքի հեռախոսը անջատված էր։ Բանկի պահնորդ ոստիկանի հետ հենց իր խցում զրուցելիս, Արմենը նկատեց փոքրիկ սեղանիկին դեռ անլվա դրված սուրճի բաժակը, դիմեց պահակին․
— Ասում եք, միշտ, նույնիսկ տառապել եք անքնությամբ, բայց այս գիշեր քնել եք անսովոր խորը քնով, առավոտյան էլ դժվարությամբ եք արթնացել, իսկ այս սուրճը ո՞ր ժամին եք խմել։
— Դե, կառավարիչը երեկոյան տասին մոտ էր՝ գնաց, ես այդ ժամանակ էլ սուրճը խմել եմ։
Արսենյանը ձայն տվեց աշխատակիցներից մեկին, հանձնարարեց՝ վերցնել անլվա սուրճի բաժակն ու ներկայացնել լաբորատորիա՝ ստուգման, ինչպես նաև՝ արյան անալիզ անել ոստիկանին։ Փաստորեն, այդ օրը բանկում ոչ մի արտառոց բան չէր կատարվել, ընկերներից, մտերիմներից միայն հայտնի գործարար Հայկ Ստեփանյանն էր նրան այցելել, մոտ մեկ ժամ զրուցել էին, հետո Հայկ Ստեփանյանը վրդովված հեռացել էր։ Այս տեղեկությունը տվող աշխատակցուհին զրույցի վերջում անհամարձակ մի ինֆորմացիա ևս հայտնեց, այն, որ շշուկներ կային, իբրև բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանը շատ մեծ գումար է պարտք գործարարին, բայց չի կարող վստահ ասել, թե որքանո՞վ են շշուկները ճիշտ։ Գործարարի ձեռքի հեռախոսը պատասխանում էր՝ բաժանորդն անհասանելի է։
MMM կողոպտված բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանը այդպես էլ չհայտնվեց ոչ հաջորդ, ոչ էլ մյուս օրերին։
Հաջորդ օրը Արմենը լաբորատորիայից իմացավ, որ սուրճի փոքրիկ տոպրակի մեջ քնաբեր է եղել, իսկ բանկից քիչ վերև՝ խաչմերուկում գտնվող տեսախցիկը ֆիքսել է, որ գիշերվա ժամին խճուղով անցնող մեքենաների մեջ եղել է նաև առանց համարանիշի, սպիտակ գույնի թափքով գազ 24 ավտոմեքենա։ Արմենը մի պահ ցնցվեց․ առանց համարանիշերի, սպիտակ գույնի գազ 24 ավտոմեքենա, չէ՞ որ մեկ օր առաջ ճիշտ այդպիսի մեքենա նա տեսել է իր հարևան վարձակալի բակում։ Արագ տուն գնաց։ Իջավ ավտոմեքենայից, հարևանի դարպասը փակ էր, հնարավոր չէր ոչինչ տեսնել։ Տանը մայրը զարմացավ, Արմենը սովորաբար այդ ժամին երբեք տուն չէր գալիս։ Ի՞նչ անել, ինչ պատրվակով մտնել հարևանի բակ։ Հանկարծ միտքը պայծառացավ, գտա, ասաց ինքն իրեն ու արագ գնաց դեպի հարևանի դարպասը։ Մի քանի անգամ թակեց, ներսից կանացի ձայնը հարցրեց․
— Ո՞վ է։
— Քույրիկ ջան, ձեր դիմացի հարևանն է, մի հարցով եմ եկել։
Կինը դարպասի դուռը կիսաբաց արեց։
— Լսում եմ Ձեզ։
Բավական երիտասարդ, կանոնավոր դիմագծերով կին էր, բայց Արմենի աչքից չվրիպեց, որ կնոջ աջ աչքի տակը կապտած էր։
— Բարև Ձեզ,- աչքը արագ գցեց բակից ներս՝ ընկույզի ծառի տակ, իսկ այնտեղ արդեն դատարկ էր, բայց պետք էր շարունակել,- ես տեսել եմ, որ դուք թափքով գազ 24 մակնիշի ավտոմեքենա ունեք, հիմա տանից իրեր կան գյուղի մեր տունը տեղափոխելու և ավտոմեքենա է պետք, Ձեր այդ մեքենան շատ հարմար էր, դրա համար եմ Ձեզ դիմում։
— Մենք այլևս ավտոմեքենա չունենք, Ձեր տեսած ավտոմեքենան ամուսինս վաճառել է,- արագ ասաց կինն ու դռնակը ծածկեց։
Արմենը դեռ չէր հասցրել շուռ գալ, երբ դռնակը նորից բացվեց ու երիտասարդ կինը դիմեց նրան։
— Դուք ոստիկան եք, չէ՞։
— Այո՛, ոստիկան եմ,- մի պահ շփոթվեց Արմենը։
— Ես ցանկանում էի Ձեզ հետ․․․
Բայց հենց նույն պահին էլ դարպասի մոտ կանգնած ավտոմեքենայից դուրս թռավ կենվորը՝ կնոջ ամուսինը։ Արմենը հասցրեց նկատել ներս փախչող կնոջ վախից սոսկահար եղած դեմքը։
— Ի՞նչ հարց կա, ընկեր ջան,- մոտեցավ ու առանց բարևի Արմենին դիմեց կենվորը։
— Հարցն այն էր, որ մեքենա էր պետք՝ մի քանի իրեր գյուղ տեղափոխելու համար, Ձեր դռանը թափքով ավտոմեքենա էի տեսել, որը շատ հարմար էր, բայց Ձեր կինն ասաց, որ վաճառել եք,- հանգիստ նրան դարձավ Արմենն ու հաջորդ պահին նկատեց, որ կենվորի լարվածությունը իսկույն թուլացավ։
— Հա, ճիշտ է ասել, վաղուց ենք վաճառել,- մի տեսակ քթի տակ մռմռաց կենվորն ու ներս մտավ։
Արմենը նստեց ավտոմեքենան, միացրեց շարժիչը, մի պահ վարանեց՝ հըմ, վաճառել է, իսկ մեկ օր առաջ մեքենան այստեղ , ընկույզի ծառի տակ կանգնած էր։
Աշխատատեղ մտնելիս, նորից հիշեց երիտասարդ կնոջը, իսկ ինչու՞ էր կնոջ աչքի տակը կապտած, և ինչ էր ցանկանում ասել կենվորի կինը։
․․․
Հավաքվել էին գնդապետի մոտ խորհրդակցության։
— Արմեն, դու գործարար Հայկ Ստեփանյանին գտա՞ր։
— Ոչ, պարոն գնդապետ, անհասանելի է։
— Գնացեք տուն, իմացեք, որտե՞ղ է։ Չմոռանաք նաև առանց համարանիշի գազ 24-ը գտնել։
Արմենն, ինքն էլ չհասկացավ , թե ինչու լռեց հարևանի բակի առանց համարանիշի սպիտակ գազ 24-ի մասին հայտնելուց։
Քիչ հետո նորից հավաքեց գործարարի հեռախոսահամարը։
— Այո՛, լսում եմ,- այս անգամ եղավ պատասխանը։
— Պարոն Ստեփանյան, ձեզ անհանգստացնում է ոստիկանության մայոր Արմեն Արսենյանը։ Մենք պետք է հանդիպենք, ձեզ մի քանի հարցեր ունեմ տալու՝ կապված MMM բանկի կողոպուտի հետ։
— Ես հիմա Սևանում եմ, երեկոյան վերադառնալու եմ։ Վաղը անպայման կհանդիպենք, կզրուցենք, իսկ Հովիկից լուր կա՞։
— Ոչ, լուր չկա։
— Լիլիկն է՞լ տեղյակ չէ։
— Լիլիկն ո՞վ է։
— Հովիկի ընկերուհին, MSM կահույքի խանութի տնօրենը, իսկ կարո՞ղ է էդ տղեն փողերն առել, թռել է։
— Առայժմ ոչինչ ասել չեմ կարող, նախաքննություն է գնում,- պատասխանեց մայորը,- շնորհակալություն, եղավ, վաղը ձեզ կսպասեմ։
Դիմեց աշխատակցին։
— Շտապ պարզեք, թե ո՞վ է Հովհաննես Պետրոսյանի ընկերուհի, MSM կահույքի խանութի տնօրեն Լիլիկը։
Երկու ժամից աշխատակիցը ներկայացրեց անհետացած բանկի կառավարչի ընկերուհու՝ Լիլիկ Սիմոնյանի մի քանի լուսանկարներ ու տեղեկություն, որ երեսունհինգամյա կինը ոչ վաղուց MSM կահույքի խանութի սեփականատերն է։ Արմենը երկար, շատ ուշադիր նայեց կնոջ լուսանկարները, հետո կտրուկ վեր կացավ տեղից։
MSM կահույքի խանութում նրան ուղեկցեցին Լիլիկ Սիմոնյանի առանձնասենյակը։ Արմենը բարևեց, ներկայացավ, մի ընդհանուր հայացք գցեց սենյակին ու նստեց։
— Ձեզ հետ ցանկանում եմ զրուցել MMM բանկի կողոպուտի և անհետացած կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի մասին,- իր գալու նպատակը ներկայացրեց Արմեն Արսենյանը։
Արսենյանի համար էլ անակնկալ, հանկարծ տիկնոջ աչքերը լցվեցին, ու նա միանգամից փղձկաց։ Որոշ ժամանակ անց հանգստացավ, անձեռոցիկով մաքրեց արցունքով ողողված դեմքը։
— Խնդրում եմ, ներեցեք ինձ,- դիմեց այցելուին։
Արմենը նկատեց, որ Լիլիկը շպարված չէր, այնինչ՝ իր տեսած նկարներում ուղղակի աչքի էր զարնում կնոջ ոչ նուրբ շպարը։
— Հովիկի հետ մենք արդեն մի քանի տարի է՝ ընկերներ ենք, կասեի, նույնիսկ ավելին, քան ընկերներ, մենք սիրում էինք իրար։ Ճիշտ է, ինքը կին ուներ, երեխաներ, բայց այդպես էր ստացվել, մենք իրար սիրում էինք, վերջերս էլ որոշել էինք երեխա ունենալ, բայց իմ երազանքը անկատար մնաց,- ասաց տիկինը ու նորից փղձկաց։
— Հասկանում եմ Ձեզ, տիկին,- խոսակցին սևեռուն նայեց Արսենյանը,- բայց խանգարող ի՞նչ կա, մի՞թե Հովիկն արդեն չկա։
Հարցը անակնկալի բերեց Լիլիկին։ Կինը մի պահ շփոթվեց ու զգաստացավ։
— Բայց ես այդպիսի բան չասացի։
Արսենյանը սկսեց նման դեպքերի համար ընդունված հարցեր տալ, որոնց կինը պատասխանում էր ավելի զգույշ։ Պարզվեց, որ կահույքի խանութն ի սկզբանե, որոշակի տոկոսային հարաբերությամբ, պատկանելիս է եղել և Լիլիկ Սիմոնյանին, և Հովհաննես Պետրոսյանին, բայց վերջերս՝ բանկի կողոպուտից մի քանի օր առաջ, Լիլիկը գնել է Հովհաննես Պետրոսյանի բաժնեմասը և դարձել միանձնյա սեփականատեր։
Արմեն Արսենյանը դուրս եկավ կահույքի խանութից, նստեց իրեն սպասող ծառայակցի ավտոմեքենան ու մտազբաղ գլուխն օրորեց, ինչը նշանակում էր, որ բանկի կառավարիչն արդեն կենդանի չէ։
— ՀԸ՛, շեֆ, ի՞նչ կար,- դիմեց աշխատակիցը։
— Վարդան, վաղվանից հսկողություն եք սահմանում կահույքի խանութի մոտ։ Ես պետք է հատ-հատ իմանամ խանութ մտնող-ելնողներին, ինչպես նաև Լիլիկ Սիմոնյանի շարժը։
Երեկոյան, տուն գնալիս, նկատեց, որ Սաքոյենց կենվորը նույնպես նոր է տուն վերադարձել, ավտոմեքենան տեղավորել բակում, հիմա դարպասն է ծածկում։ Արմենը որսաց կենվորի դեպի իրեն գցած ատելությամբ, արհամարհանքով լի հայացքը ու նորից տարվեց այն մտքով, թե ի՞նչ էր ուզում իրեն ասել կինը, հիշեց նաև երիտասարդ կնոջ աչքի տակի կապտուկը։ Իրեն համոզեց այն մտքով, որ կինը ցանկանում էր զուտ կենցաղային հողի վրա եղած ամուսնու հետ ունեցած կոնֆլիկտից խոսել։
— Մա՛,- դիմեց պատշգամբի սեղանին հաց դնող մորը,- Սաքոյենց էս կենվորներն ի՞նչ մարդիկ են, կնոջ հետ բարև-բարի լույս ունե՞ս։
— Չէ, Արմեն ջան,- ուսերը վեր քաշեց մայրը,- միայն գիտեմ, որ Հրազդանից են։ Կինը համարյա տանից դուրս չի գալիս, միայն հազվադեպ հացի խանութ է գնում ու վերադառնում, գոնե էն երեխային չի թողնում՝ փողոց դուրս գա, տարեկից երեխաների հետ խաղա, շփվի։ Ամուսինն էլ մռութը կախ տղա է երևում, մարդ բան չի հասկանում։
— Արմեն ջան,- քաշվելով ասաց մայրը,- Արսենիցս տեղեկություն ունե՞ս, ինչպե՞ս է։
— Մամ, լավ է, խոսել եմ, երեկ տասն օրով այն պապու հետ գնացել են Հունաստան՝ հանգստանալու։
Քնելուց առաջ դիմեց մորը․
— Մամ, էդ կենվորի տունը գնացող-եկող կա՞։
— Ուշադիր չեմ եղել Արմեն ջան, չեմ տեսել։
— Լավ, կնոջը տեսնելիս, աշխատիր զրույց սկսել հետը,- ասաց ու մտավ ննջարան։
— Հա, Արմեն ջան,- հանկարծ մի բան հիշելով՝ տղային դիմեց մայրը,- երեկ կողքի հարևան Նունիկն էր դժգոհում, որ այդ կենվորները շատ անհաշտ են։
— Մամ, Նունիկն էլ ի՞նչ է ասում։
— Դե, ասում է՝ ամուսիններով շատ անհաշտ են երևում, կնոջ դեմքին միշտ կապտուկներ կան, մարդկանց էլ նայում է մի տեսակ վախեցած հայացքով, խուսափում է նույնիսկ բարև տալ-առնելուց, մի անգամ էլ, պատուհանի տակով անցնելիս, լսել է կնոջ բղավոցները, ասում է անասունի նման բառաչում էր։
Արմենը նորից հիշեց կնոջ սարսափահար դեմքը, երբ տեսավ ամուսնուն, ու նորից ընկավ մտքերի մեջ՝ ի՞նչ էր ցանկանում հարցնել այդ կինը։
․․․
Չնայած հոգնածությանը, քնել չէր կարողանում, նորից ու նորից վերլուծում էր բանկի կառավարչի ընկերուհի Լիլիկի հետ ունեցած զրույցը, նրա ողբերգական տեսքն ու լացը։ Աչքը նոր էր կպել, հեռախոսը զանգեց, բաժնի ոստիկանապետն էր։
— Արսենյան, Սևանի մայրուղու վրա գտել են գործարար Հայկ Ստեփանյանի դին, շտապ բաժին արի, որ գնաք։
Լուրն Արմենին ցնցեց։ Չէ՞ որ առավոտյան պետք է հանդիպեին, զգացվեց, որ գործարարն ասելու բան ուներ։
Գործարարի դին ընկած էր խճուղուց քիչ հեռու, խոտերի մեջ, այնինչ՝ նրա ավտոմեքենան կանգնած էր դին ընկած տեղից մոտ մեկ կմ վերև, դեպի Սևան։
— Նրան մեքենայից դուրս են նետել,- դիակը հապշտապ զննելուց հետո, ասաց դատաբժիշկը,- հարվածներ չկան, մահը վրա է հասել ավտոմեքենայից դուրս ընկնելուց հետո, անկասկած ինչ-որ մեկը օգնել է նրան՝ ընթացքի մեջ գտնվող մեքենայից դուրս ընկնել։
Այո, քանի որ գործարարը Սևանի հյուրանոցից ավտոմեքենայով միայնակ է դուրս եկել, իսկ հիմա ավտոմեքենան հարմար դիրքով կանգնած է խճուղու եզրին, իսկ գործարարի դին ընկած է նրանից մոտ մեկ կմ ներքև, պարզ է, որ ճանապարհին ինչ-որ մեկը նրան սպասելիս է եղել, գործարարը կանգնեցրել է իր ավտոմեքենան, տեղափոխվել նրա կամ նրանց ավտոմեքենան, հնարավոր է, որ իր կամքով չի տեղափոխվել, սպառնալիքով տեղափոխել են, մտածեց Արսենյանը, նույն պահին էլ նրա ուշադրությունը գրավեց գործարարի սեղմած բռունցքը։ Երբ դատաբժիշկը դժվարությամբ բացեց բռունցքը, այնտեղ կանացի ադամանդե ականջօղ էր ու դեղնավուն մազերի մի փունջ: Արսենյանը ուշադիր զննեց ականջօղը, որտե՞ղ էր նա տեսել այդ օղը։
….
Ոստիկանության Կենտրոնի քննչական վարչությունում խորհրդակցություն էր անցկացնում Ներքին գործերի նախարարը։ Բոլորը նստած էին գլխահակ, դադարել էին նույնիսկ շնչել։
— Դե, ի՞նչ, պարոնայք սպաներ, փաստորեն տասնհինգ օրվա ընթացքում կատարվել են ոչ սովորական հանցագործություններ․ գործարարի սպանություն, բանկի կառավարիչ է անհետացել, բայց մեզ դեռ չի հաջողվել մի քայլ անգամ առաջ տանել նախաքննությունը, միայն այն է հայտնի, որ բանկի կառավարիչը հենց բանկի կողոպուտի գիշերվա համար Փարիզ չվերթի տոմս է ունեցել, բայց չի թռել, հանրապետությունից դուրս չի եկել։ Ուրեմն՝ այստեղ է մարդը, իսկ դուք չեք գտնում։ Հայտնի գործարարի սպանված դին դուրս են գցում մեքենայից, թողնելով բավականին խոսուն հետքեր՝ մազեր, ականջօղ, բայց ձեզ այդպես էլ չի հաջողվում ընկնել որևէ հետքի վրա։ Վատ է, շատ վատ եք աշխատում։
Նախարարը ոտքի կանգնեց, մի կողմ հրեց աթոռը, քայլ արեց դեպի դուռն ու նորից հետ դարձավ։
— Եվ բոլորովին էլ չպետք է նեղանալ, որ հասարակությունը մեղադրում է մեզ անգործության, ոչ պրոֆեսիոնալիզմի մեջ։ Այնպես որ, պարոնայք սպաներ, ես ձեզ մեկ շաբաթ ժամանակ եմ տալիս, առաջընթաց չեղավ, բոլորդ հրաժեշտ եք տալիս ձեր աշխատատեղերին,- ասաց նախարարն ու առանց սպասելու, որ իրեն ուղեկցեն, շտապ քայլերով դուրս գնաց բաժնից։
Արսենյանը վերադարձավ աշխատասենյակ, ուր աշխատակիցները անհամբեր սպասում էին լսել, թե ինչ է ասել նախարարը։
— Ի՞նչ պետք է ասեր, ասաց, որ շատ վատ ենք աշխատում;
Ծառայակիցներից մեկը սեղանին դրեց մի քանի լուսանկարներ։
— Պարոն մայոր, կահույքի խանութ երեկվա ելումոտ արած մարդկանց լուսանկարներն են, իսկ Լիլիկ Սիմոնյանի շարժը նորից սահմանափակվել է խանութ-տուն, տուն-խանութ երթուղով։
Արսենյանը համարյա անտարբեր վերցրեց նկարները, աչքի անցկացրեց, հանկարծ դեմքը լարվեց, միանգամից ոտքի կանգնեց։ Մի պահ վարանեց, մյուսներն զգացին, որ ինչ-որ բան կատարվեց։ Արված նկարում, կահույքի խանութ մտնողների մեջ նա նկատեց հարևան կենվորին։ Հանեց Լիլիկ Սիմոնյանի լուսանկարները, շատ երկար նայեց, հըմ արեց։ Առանց պատասխանելու աշխատակիցների հարցերին, շտապ դուրս եկավ։ Հասավ իրենց փողոց, ավտոմեքենան կանգնեցրեց դարպասի մոտ, զգաց, որ շունչը կտրվում է, մի ներքին դող է մտել մեջը։ Ծանոթ զգացողություն էր այդ դողը, ուրեմն՝ ճիշտ հետքի վրա է։ Գլուխը դրեց մեքենայի ղեկին, աչքերը փակեց։ Նորից հիշեց կենվորի կնոջ սարսափահար դեմքը, դեմքի կապտուկները։ Հարկավոր էր կենվորի բակ մտնել, բայց ինչպե՞ս։ Հիշեց, որ Սաքոյենց փոքրիկ այգու ցանկապատին թիթեղի մի տեղաշարժվող կտոր կար, հաճախ, երբ Սաքոն ցանկանում էր մորից թաքուն փողոց վազել, այդ ճեղքից էր օգտվում։ Հա, այդպես էլ կանի։ Դուրս եկավ մեքենայից, բարձրացավ տուն։
— Արմեն ջա՞ն, այս ժամին ինչու՞ ես տուն եկել, ի՞նչ է պատահել։
— Բան չկա, մամ, մի անհանգստացիր, թե ժամանակ ունես, սուրճ դիր։
Մայրը գնաց սուրճ դնելու, ինքը նստեց պատշգամբում՝ աչքը կենվորի բակի կողմը։ Կարո հորեղբոր քաշած բարձր պարիսպն ու դարպասը խանգարում էին տեսնել ներսը։ Հանկարծ կենվորի դարպասը բացվեց, երեխայի ձեռքից բռնած դուրս եկավ երիտասարդ կինը, իջան փողոցով ցած։ Արմենը արագ տեղից վեր կացավ, ձայն տվեց մորը․
— Մամ, սուրճը թող մնա, քիչ հետո։
Սաքոյենց պարսպի այդ շարժվող հատվածը ինչպես կար, այդպես էլ մնացել էր։ Արմենը մի կերպ ներս խցկվեց։ Այգով անցավ, մտավ բակ, պտտվեց, համարյա տարիներ ի վեր իր իմացած նույն բակն էր։ Ընկույզի ծառի կողմը, դատարկ հավանոցի մոտ, մոխրի կույտ տեսավ։ Կռացավ, ճյուղի կտորով խառնեց մոխիրը։ Պլաստմասայի հոտ առավ։ Մոխրի մեջ մետաղի կտորներ կային, երևում էր, որ այրվածը ինչ-որ սարքավորում էր եղել։ Վերցրեց մետաղի կտողները , դրեց գրպանը։ Հանկարծ բացվող դարպասի ձայն լսեց։ Երիտասարդ կինն ու երեխան վերադարձան, հավանաբար խանութ էին գնացել ու շուտ հետ եկան։ Արմենը արագ մտավ հավաբնի ու պարսպի միջև եղած նեղ արանքն ու սեղմվեց պատին։
— Մամ, ես գնդակով խաղում եմ, դու հանկարծ տուն չգնաս, նստիր այդտեղ,- մորը ձայն տվեց երեխան։
— Ես այստեղ եմ, դու խաղա,- արձագանքեց տանից դուրս եկող մայրը, վերցրեց ծղոտե բազկաթոռի մեջ դրված կիսատ թողած գիրքն ու նստեց, շարունակեց կարդալ։
Լսվում էր գնդակի թըփթըփոցը, երեխան այն նետում էր, հետո վազում հետևից։ Հանկարծ նետված գնդակը գլորվեց, եկավ ուղիղ Արմենի կողմը, հասավ ոտքերը մոտ։ Երեխան վազեց գնդակի հետևից ու հայտնվեց Արմենի հետ դեմառդեմ։ Խեղճ երեխան քարացած կանգնեց։ Արմենը մատը սեղմեց շուրթերին, նշան անելով, որ երեխան սուս մնա։ Երեխան անսպասելիությունից քարացել, կանգնել էր։ Հանկարծ հետ-հետ գնաց ու դողացող ձայնով դիմեց մորը․
— Մամ, ես վախենում եմ։
— Արի այստեղ, Արսեն ջան, վախենալու ոչինչ չկա, գնդակդ վերցրու, արի այստեղ,- ձայնեց մայրը։
— Չէ, մամ, հողի տակի էն ձյաձյան դուրս է եկել, ինձ է նայում, ես վախենում եմ։
— Արսեն ջան, մոռացիր էն ձյաձյային, նա հողի տակն է, մեռած է, դուրս գալ չի կարող, մի վախեցիր, արի, այստեղ խաղա, էդ ընկույզի ծառի կողմը մի գնա,- նվազ ձայնով երեխային համոզեց մայրը։
Քրտինքի մանրիկ կաթիլները ողողել էին Արմենի դեմքը, հատկապես, երբ լսեց տղայի անունը՝ Արսեն, սիրտը մի տեսակ նվաց, հիշեց իր Արսենին։ Ի՞նչ անի, իսկ եթե դուրս գա, պատճառաբանի, որ այն օրը կնոջ կիսատ թողած հարցը շատ է հետաքրքրել, դրա համար է եկել։ Ոչ, կինը, հնարավոր է, որ խուճապի մատնվի, բղավի, բացառված չէ, որ նաև ամեն պահ կարող է հայտնվել ամուսինը։
Երեխան վազեց, փաթաթվեց մորը։
— Մամ, արի գնանք տուն, ես վախենում եմ։
Տան դռան փակվող ձայնից Արմենը հասկացավ, որ մայր ու տղա տուն մտան։ Զգույշ դուրս եկավ իր թաքստոցից, մոտեցավ ընկույզի ծառին։ Ծառի տակ թարմ փորած հողի շերտ էր, վրան մի քանի անպետք իրեր էին դրված։ Նորից հիշեց երեխայի խոսքերը՝ հողի տակի էն ձյաձյան դուրս է եկել, ինձ է նայում։ Մեկ անգամ էլ ուշադիր զննեց շուրջը ու իր եկած նեղ անցքով նորից դուրս եկավ։
Երբ հասավ բաժին, նորից պահանջեց կահույքի խանութի սեփականատեր Լիլիկ Սիմոնյանի կենսագրությունը։ Այո, արդեն անսպասելի չէր, Լիլիկ Սիմոնյանը, ինչպես հարևան կենվորը, նույնպես Հրազդանից էր։
— Պողոսյան,- դիմեց աշխատակցին,- վերցնում ես Լիլիկ Սիմոնյանի և այս տղամարդու նկարները, հենց հիմա գնում ես Հրազդան, պարզում ես, ո՞վքեր են, ինչ կապ ունեն իրար հետ, մի խոսքով՝ բոլոր մանրամասները։ Երեկոյան տեղեկությունները իմ սեղանին լինեն։
Հետո դարձավ մյուս աշխատակցին․
— Գևորգ, հենց հիմա կապվիր օդանավակայան, պարզիր, բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի հետ նույն օրվա Փարիզ թռչողների մեջ կա՞ր Լիլիկ Սիմոնյանի անունը։
— Արամ, իսկ դու կադաստրից կամ այլ տեղից պարզիր՝ երբվանի՞ց է Լիլիկ Սիմոնյանը հանդիսանում կահույքի խանութի սեփականատեր, ի՞նչո՞վ է զբաղված եղել մինչ այդ, ո՞վ է սեփականաշնորհման գործարքն իրականացրել, ինչ պայմաններում, տեղը, ժամը, և ընդհանրապես, պարզիր այդ հարցի հետ կապված ամեն մի մանրուք,- հանձնարարեց ու ինքը մտավ պետի մոտ։
Քիչ անց, երբ այնտեղից դուրս եկավ, հայտնեցին, որ՝ այո, Փարիզ թռչողների ցուցակում եղել է նաև Լիլիկ Սիմոնյանի անունը, բայց վերջինս չի թռել, հանրապետությունից դուրս չի եկել ընդհանրապես։։
— Լավ, եղավ,- ասաց ու արագ դուրս եկավ բաժնից։
Երկու օր առաջ էր եղել կահույքի խանութում։ Լիլիկը սգվորի իր դերից արդեն դուրս էր եկել, հագած-կապած էր, նախկինի պես՝ շպարված, աչքի ընկնող մեծ, գեղեցիկ կլիպսե ականջօղերով ու վզնոցով զարդարված։ Կինը երկար պատմեց իր ու Հովիկի սիրային հիշողություններից։ Այսօր նույնպես տեսքը բանական խնամված էր, վզնոցն ու ականջօղերը իրենց տեղում էին, նորից աշխույժ ընդունեց մայորին, աշխատակցուհուն հանձնարարեց սուրճ, միրգ բերել, նույնիսկ սառը ձմերուկ առաջարկեց։ Արսենյանն իսկույն նկատեց, որ Լիլիկը փոխել է նաև մազերի գույնը, այն ավելի է մգացրել, տալով, այլ երանգ։
— Մեծ հաճույքով,- ժպտաց Արմենը,- այս շոգին ո՞վ կհրաժարվի սառը ձմերուկից, մանավանդ, երբ այն հյուրասիրում է այսպիսի մի չքնաղ տիկին։
Խանութում մնաց մոտ մեկ ժամ, հաճոյախոսություններ շռայլեց գեղեցիկ կնոջը, ապա ներողություն խնդրեց, որ տանը շտապ գործեր ունի ու դուրս եկավ։
Բաժնում աշխատակիցը զեկուցեց, որ գործարար Հայկ Ստեփանյանը գարնանը Իտալիայից ներկրել է 300 հազար եվրոյի բարձրորակ կահույք, բայց այն ոչ մի տեղում մուտքագրված չէ, ոչ ընտանիքի անդամները, ոչ էլ աշխատողները ներկրված կահույքից տեղեկություն չունեին։ Մի լավ լուր կար՝ Մոսկվայից վերադարձել էր գործարարի այն ընկերը, որի հետ նա , մինչև դեպքը, երկու օր անց էր կացրել Սևանում, ինչ-որ աղջիկների ընկերակցությամբ։
ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՅԿ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՋ ՊԱՏՄԱԾԸ
Զանգեցի Հայկին, ասաց, որ շատ անտրամադիր է։ Առաջարկեցի երկու օրով գնալ Սևան։ Այնտեղ, դե, գիտեք, երկու անկապ աղջիկներ բերեցին, բայց Հայկի տրամադրությունը չէր բացվում, կապված MMM բանկի կողոպուտի ու Հովիկի անհետացման հետ։ Ես Հովիկին գիտեի, թեև՝ ոչ մոտիկից, անշառ տղա էր, բայց շուտ էր ընկնում ազդեցության տակ։ Այդտեղ առաջին անգամ լսեցի, որ Հովիկը շատ մեծ գումար է պարտք Հայկին, իսկ պարտքը ֆիքսված չէ որևէ փաստաթղթով, Հայկն ասում էր, որ միշտ էլ ինքը ապրանք է ներկրել, հարկային ինչ-ինչ պարտավորություններից խուսափելու համար, առանց թուղթ ու թանաքի, հանձնել է Հովիկին, վերջինս ինչ-ինչ ճանապարհներով իրացրել է, գումարը մաս-մաս կամ ամբողջովին հետ տվել։ Դե, իրենք մանկության ընկերներ են եղել, Հայկը նրան անմնացորդ վստահել է։ Ես անգամ չհետաքրքրվեցի, թե ի՞նչ ապրանք է այս անգամ տվել, որ արդեն երեք ամիս է, Հովիկը տեղից չի շարժվում, ամեն օր էսօր-էգուց է անում։ Ահա, թե ինչու Հովիկի անհետանալը շոկի մեջ էր գցել Հայկին։ Այդ օրը ցերեկը ես պետք է թռչեի Մոսկվա։ Առավոտ շուտ լոգարանից լսեցի, որ Հայկը հեռախոսով զայրացած խոսում էր ինչ-որ մեկի հետ, առանձնապես ուշադիր չէի, ամեն ինչ չէր․ որ լսվում էր, միայն արդեն լոգարանի ջուրը փակելուց հետո, պարզորոշ լսեցի, որ ասաց․<< Դե, ես երեկոյան տասին կլինեմ Երևանում, ուղիղ քեզ մոտ կգամ։ Կամ գումարն ես տալիս, կամ ապրանքն ես վերադարձնում, կամ էլ ես գնում եմ ոստիկանություն, ուր քննիչի հետ արդեն պայմանավորվել եմ առավոտյան հանդիպել>>։ Նույնիսկ ինձ թվաց, որ Հովիկն է հայտնվել, Հովիկի հետ է խոսում։ Քանի որ շտապում էի, Մոսկվա թռչելուց առաջ, դեռ պետք է տուն մտնեի, որոշ բաներ կային վերցնելու, այդպես էլ հրաժեշտ տվեցի Հայկին, դուրս եկա։ Նա ասաց, որ երեկոյան հովը ընկնի, նոր ինքը քաղաք կգնա։ Երկու օր անց միայն, Մոսկվայում լսեցի Հայկի հետ կատարվածի մասին։
Այո, պարզ է, որ ինչ-որ մեկը ճանապարհին նրան սպասելիս է եղել, բայց ո՞վ, գաղափար անգամ չունեմ։
․․․
Կարճ ժամանակում ոստիկանությանը հաջողվեց պարզել, որ այդ առավոտ Հայկ Ստեփանյանը հեռախոսով խոսել է կահույքի խանութի տիրուհու՝ Լիլիկ Սիմոնյանի հետ։
Ուշ երեկոյան, Հրազդանից վերադարձած Պողոսյանը, իրոք, արժեքավոր տեղեկություններ բերեց։ Նկարի տղամարդը՝ հարևան կենվորը, Գոռ Ղարիբյանն էր, որը Լիլիկ Սիմոնյանի հետ եղել են համադասարանցիներ։ Դպրոցն ավարտելուց հետո, սիրավեպ են ունեցել, երբ Գոռն արդեն ամուսնացած է եղել։ Այդ ընթացքում, աստիճաններից գլորվելով, մահանում է Գոռ Ղարիբյանի երիտասարդ կինը, որը հինգ ամսեկան հղի է լինում։ Իրենց քրոջ ընկնելու ու մահանալու հարցում Գոռին մեղադրում են մահացածի եղբայրները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ փեսան կապված է եղել համադասարանցու հետ և այդ պատճառով միշտ վատ է վերաբերվել կնոջը։ Բայց դատարանում դա չեն կարողացել ապացուցել, որոշել են ինքնադատաստան տեսնել, լուծել մահացած քրոջ վրեժը։ Կռվի ժամանակ դանակի հարվածից վիրավորվել է Գոռը, բայց իր հերթին հասցրել է դանակով հարվածել եղբայրներից մեկին, որն էլ հիվանդանոցում մահացել է։ Դատարանը, նկատի ունենալով Գոռի ինքնապաշտպանության հանգամանքը, նրան դատապարտել է հինգ տարվա ազատազրկման։ Կալանավայրից դուրս գալուց հետո, Գոռը նորից ամուսնացել է, ունի մեկ որդի, բայց ըստ լուրերի, շարունակում է կապ ունենալ համադասարանցի Լիլիկ Սիմոնյանի հետ, որին հիմա Հրազդանում ճանաչում են, որպես բիզնես լեդի։
Պակաս հետաքրքիր չէր նաև Արամի հավաքած տեղեկությունը։ Պարզվում է, կահույքի խանութի առքուվաճառքը կատարվել է բանկի կառավարիչի անետացումից հինգ օր առաջ, ուշ երեկոյան, անշարժ գույքի N գործակալությունում։ Բայց Արամին շատ կասկածելի է թվացել գործակալության տնօրենի շփոթված պահվածքը, ուստի ոստիկանության աշխատակիցը նրան հրավիրել է, առավոտյան լինել ոստիկանության բաժնում, ավելի մանրամասն պատմել կատարած գործողության մասին։
Փորձագիտությունը պարզեց նաև, որ կենվորի բակում, Արսենյանի մոխրից հանած մետաղի կտորները համակարգչի վինչեստրի մասեր են, այն եղել է բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի անձնական համակարգիչը։ Արմենը բոլոր տեղեկություններով մտավ պետի մոտ, ներկայացրեց նաև իր հանդիպումը , խոսակցությունը կենվորի կնոջ հետ, երեխայի խոսքերն ու վախը։
․․․
Որոշ ժամանակ պետի սենյակում մնալուց հետո, դուրս եկավ, նստեց ծառայական ավտոմեքենան, ուր իրեն սպասում էին նաև օպերատիվ երկու աշխատակիցները։
— Գնացինք կահույքի խանութ։
Քաղաքացիական հագուստով ոստիկանները մնացին խանութի սրահում, Արսենյանը մտավ Լիլիթի առանձնասենյակ։ Խանութի տիրուհին , ինչպես միշտ, նրան ընդունեց լայն ժպիտով, հրավիրեց նստելու։
— Հոգնած եք երևում, սու՞րճ, թե՞յ։
— Իհարկե, սուրճ,- իր հերթին ժպտաց Արմենը, մի ընդհանուր հայացք գցեց սենյակին, նորից դարձավ տիկնոջը,- օր օրի ծաղկում եք, գեղեցկանում, բայց մի խոստովանություն եմ ուզում Ձեզ անել։
— Օ՜, եթե հաճելի խոստովանություն է, անհամբեր սպասում եմ,- կոկետություն արեց Լիլիկը, թեև փորձառու ոստիկանը որսաց նրա անհանգստությունը։
Արմենը մի պահ վարանեց, թվաց, անհարմար է զգում, բայց անհամարձակ, ցածր ձայնով ասաց․
— Ինձ միշտ թվացել է, որ ես կյանքում չեմ կարող որևէ կնոջ հաճոյախոսություն անել, բարձրաձայն հիանալ նրա գեղեցկությամբ, բայց Դուք ինձ ստիպեցիք, որ ես կոտրեմ իմ մեջ եղած այդ բարդույթը և բարձրաձայն ասեմ, որ Դուք աշխարհի ամենագեղեցիկ կինն եք, ես կախարդվել եմ Ձեզնով։
Խանութի տիրուհին երազկոտ, նվաղուն հայացքով շշնջաց․
— Շնորհակալ եմ, բարեկամս, շոյված եմ, զգացված, որ հատկապես, ինձ համար այս ծանր օրերին Դուք իմ կողքին եղաք, շնորհակալ եմ։
Արսենյանը ափի մեջ առավ Լիլիկի սեղանին դրված ձեռքը։
— Ինձ կախարդել են Ձեր աչքերը, շուրթերը, նույնիսկ Ձեր այդ կախարդական ականջօղերը,- շարունակեց նա, բայց հանկարծ ձեռքը հետ քաշեց, ուղղվեց աթոռին, նորից շարունակեց,- ի դեպ, ես ուզում եմ մոտիկից տեսնել, շոշափել Ձեր այդ կախարդական ականջօղը։ Կարելի՞ է, տվեք, նայեմ,- ու ձեռքը առաջ պարզեց։
Արսենյանի աչքից չվրիպեց կնոջ աչքերի անհանգստությունն ու խուճապը։ Կինը ձեռքը տարավ դեպի ձախ ականջը։
— Ո՛չ, ո՛չ, մյուս, մյուս ականջի օղը,- մեղմ ժպտաց Արմենը։
Լիլիկ Սիմոնյանը քարացավ։ Արսենյանը շարունակում էր ձեռքը պարզած պահել։ Լիլիկը շատ դանդաղ, սահեցնելով պոկեց ականջից զարդը, մեկնեց Արմենին, բայց վերջինս արդեն զարդին չէր նայում։
— Օ՜, կներեք, Ձեր ականջի բլթակը կարծես վնասված է, հա՞։
Արագ շարժումով ծոցագրպանից հանեց փոքրիկ ցելոֆոնի մեջ դրված ադամանդե ականջօղը։
— Տիկին Սիմոնյան, արդյո՞ք այս ականջօղը չէ Ձեր ականջի վնասվածքի պատճառը։
Կինը քարացել էր։ Արսենյանը սեղմեց հեռախոսի կոճակը, երկու աշխատակիցները ներս մտան։
— Ի դեպ, միայն Ձեր ականջօղը չէ, որ մեզ մոտ է, ես իմ ծոցագրպանում եմ պահում նաև Ձեր թանկագին մազափունջը, որպես մասունք,- Արսենյանը ծոցագրպանից հանեց մյուս փոքրիկ ցելոֆոնը, որտեղ գործարար Հայկ Ստեփանյանի բռունցք արված ձեռքից վերցված մազերն էին,- այո, այո, Ձեր մազերն են, որ երբ գործարար Հայկ Ստեփանյանին բարձր արագությամբ սլացող մեքենայից դուրս գցեցիք, վերջին պահին նա ճիգ գործադրեց կառչել Ձեզանից, բայց իզուր, Ձեր սիրեկան Գոռ Ղարիբյանի օգնության հասած ձեռքի շնորհիվ, հաջողվեց վերջապես նրան դուրս նետել մեքենայից, միայն ափսոս, որ նրա կառչել ցանկացող ձեռքի ափի մեջ մնացին Ձեր մազափունջը և սիրելի ականջօղը։ Տիկին Սիմոնյան, Դուք ձերբակալված եք։
Արսենյանը շուռ եկավ ներս եկած ոստիկանների կողմը․
— Տիկինը ձերբակալված է, ձեռնաշղթաներ հագցեք նրան և բաժին տարեք, նա այնտեղ պատմելու շատ բան ունի։
․․․
Ուղիղ կեսգիշերին, ոստիկանության օպերատիվ խումբը մայոր Արմեն Արսենյանի գլխավորությամբ, վերցնելով տան խուզարկության դատարանի կողմից տրված թույլտվությունը, մոտեցավ կենվորի՝ Գոռ Ղարիբյանի ապրած տանը։ Ավտոմեքենայում մի քանի րոպե սպասելուց հետո, խումբը Արսենյանի իմացած ցանկապատի ճեղքով մտավ այգի, գնաց դեպի ընկույզի ծառը։ Մի կողմ տարվեցին ծառի տակ անկանոն դրված իրերը, իրենց հետ տարած բահերով տղաները սկսեցին փորել։ Լարված սպասումի պահեր էին, ոստիկանները իրար փոխելով, արագ-արագ փորում էին։ Անցավ հինգ րոպե, հետո տասը, տասնհինգ, և․․․․Ահա, հագուստի կտոր երևաց, մի քիչ էլ, և բացվեցին տղամարդու ոտքեր, հետո մեջքը, թևերը։ Դին փոսի մեջ դեմքով էր, ով լինելը այդ պահին հնարավոր չէր որոշել, դիակի վրա թղթապանակ էր ընկած։ Արսենյանը հետագա գործողության համար կապվեց պետի հետ, հանձնարարություն եղավ՝ կայծակնային գրոհել տան վրա, վերցնել Գոռ Ղարիբյանին։ Գործը բավականին հեշտացրեց այն հանգամանքը, որ տանտերը քնելուց առաջ տան դուռը ներսից չէր փակել։ Այդ պահին Արսենյանը հիշեց երեխային ու տխուր աչքերով երիտասարդ կնոջը, երեխան առանց այդ էլ վախեցած էր։ Գրոհը տան վրա կարճ տևեց, զինված ոստիկանները, մյուս սենյակները նայելով, մտան ննջարան։ Երբ վառեցին լույսը, անակնկալից քար կտրեցին։ Անկողնու մեջ միայն Գոռ Ղարիբյանի կինն էր՝ դեմքն ամբողջովին ուռած ու սևացած, երեխան քնած էր կողքի մանկական մահճակալին, իսկ ամուսինը չկար։ Կինը նստեց անկողնու մեջ ու անբնական մեծացած, վախեցած աչքերով՝ վերմակը իրեն քաշեց։ Արսենյանը մոտեցավ, հնարավորինս հանգիստ ձայնով հարցրեց․
— Մի վախեցեք, որտե՞ղ է ձեր ամուսինը։
Կինը սառած աչքերով մեկ Արմենին նայեց, մեկ՝ մյուս դիմակավոր ոստիկաններին։
— Ես երեկոյան ամուսնուս սպանեցի։ Նա այնտեղ է, խոհանոցի սեղանի տակ։
Քնից արթնացած երեխան ձգվեց մոր կողմն ու սկսեց սնքրտալով լաց լինել, կարծես շարունակելով քիչ առաջվա լացը։ Մայրը փորձեց ձեռքը պարզել երեխային, բայց մի սուր ճիչ արձակեց թևի ցավից, զգացվեց, որ թևը վնասված է։ Ոստիկաններից մեկը փորձեց սաստել լացող երեխային․
— Ձենդ կտրի, այ լակոտ։
Արսենյանը մի կողմ հրեց ոստիկանին, վերցրեց երեխային ու դրեց մոր կողքը։
Խոհանոցից վերադարձած ոստիկանները գլխով արեցին, Արսենյանը մտավ խոհանոց։ Սեղանի տակ Գոռ Ղարիբյանի դին էր՝ ծածկված սեղանի սփռոցով։ Երիտասարդ կինը շարունակում էր սառած աչքերով նայել ոստիկաններին, երեխայի լացը շարունակվում էր, բայց մայրն անհաղորդ էր նույնիսկ այդ լացին։ Արսենյանը հավաքեց մոր հեռախոսահամարը, վերջինս հավանաբար քնած էր, բայց արագ պատասխանեց։
— Արսեն ջան, լսում եմ, ասա։
— Մամ, շտապ իջիր մեր հարևան կենվորի տուն, ես այնտեղ եմ։
Երեխային գրկած, դուրս եկավ, տվեց մոտեցող մորը։
— Մամ, հարցերի ժամանակը չէ, տար երեխային, աշխատիր հանգստացնել, մինչև ես կգամ։ Հա, երեխայի անունը Արսեն է։
Վերադարձավ։ Երիտասարդ կինը շարունակում էր մնալ անկողնու մեջ, անտարբեր շրջապատին, նույնիսկ չընդդիմացավ, երբ Արմենը երեխային տարավ։
— Դուք ի վիճակի՞ եք անկողնուց դուրս գալու,- դիմեց կնոջը։
Կինը ոչ մի շարժում չարեց, չարձագանքեց։ Ժամանած շտապ օգնության բժիշկները նրան պատգարակի վրա դուրս տարան։
Քիչ անց, բաժնի պետի հետ, դեպքի վայր եկավ նաև ՆԳ Նախարարը։ Դիակը փորվածքից հանվեց, այն MMM բանկի կառավարիչ Հովհաննես Պետրոսյանի դին էր։ Ցելոֆոնե թղթապանակի մեջ Հովհաննես Պետրոսյանի անձնական փաստաթղթերն էին և Փարիզ մեկնող ինքնաթիռի երկու տոմս։
․․․
Տասնհինգ օր անց
Հիվանդանոցում ստրեսային, անգիտակից վիճակից վերջապես դուրս եկավ Գոռ Ղարիբյանի կինը՝ Անի Սահակյանը։ Առաջին պահ նա զարմացած նայեց կողքին կանգնած բժշկին ու Արմեն Արսենյանին, որը նրան այցելում էր օրվա մեջ մի քանի անգամ։ Հիշեց իր հետ կատարվածն ու դիմեց Արմենին․
— Որտե՞ղ է երեխաս՝ Արսենս։
— Դուք մի անհանգստացեք, երեխայի հետ ամեն ինչ կարգին է, նա մեր տանն է, մորս մոտ, իրեն շատ լավ է զգում, միայն Ձեր մասին է միշտ հարցնում,- կնոջ կողմը թեքվեց Արմենը,- այ, կլավանաք, միասին մեր տուն կգնանք, կգրկեք Ձեր Արսենին։
Բժիշկը գլխով արեց Արմենին, նրանք միասին դուրս եկան հիվանդասենյակից։ Արմենը այդ կնոջ նկատմամբ խղճահարության հետ միասին մի տեսակ մեղքի զգացում նաև ուներ։ Չէ՞ որ ինքը լավ էլ նկատեց, զգաց, որ կինն իրեն ասելիք ուներ, որ կինը հոգեկան անհավասարակշիռ վիճակում էր գտնում, բայց ի՞նչ արեց, ոչինչ, ոչինչ չձեռնարկեց, ինչն էլ կնոջը մարդասպան դարձրեց։
․․․
ԼԻԼԻԿ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ
<< Գոռ Ղարիբյանին ճանաչում եմ դպրոցից, համադասարանցիներ ենք եղել։ Դպրոցից հետո երկար տարիներ չէինք հանդիպել, հանդիպեցինք վերջերս, երբ ես արդեն մտերիմ հարաբերությունների մեջ էի բանկի կառավարիչ Հովիկ Պետրոսյանի հետ։ Ես մերժել եմ Գոռի՝ իր սիրուհին դառնալու առաջարկը, ասել եմ, որ մենք կարող ենք միայն ընկերներ լինել, քանի որ սիրում եմ Հովիկին։ Համաձայնվեց, բայց խանդով էր լցված։ Հովիկն ինձ համոզում էր, որ միասին հեռանայինք Հայաստանից ու ամուսնանայինք, ապրեինք Փարիզում, որտեղ ինքը շատ մտերիմներ ուներ, քանի որ իր ամուսնալուծությունը կնոջից, ու ինձ հետ ամուսնությունը անհնարին էր Հայաստանում, նա վախենում էր կնոջ հարազատների վրեժխնդրությունից, որոնք կարող էին, իր ասելով, հաշված ժամերի ընթացքում իրեն զրկել ամեն ինչից ու բոմժ դարձնել։ Հենց այդ պլանի իրագործման համար էլ նա չվերադարձրեց գործարար Հայկ Ստեփանյանից ստացած կահույքի գումարը, սարքեց բանկի այդ կողոպուտը, քնաբեր լցրեց պահակի սուրճի տոպրակի մեջ, որ նա չխանգարի գործին, և առավոտյան, մինչև բանկի աշխատակիցների գալն ու կատարված կողոպուտի փաստի հայտնաբերումը, մենք Հովիկի հետ արդեն Փարիզում կլինեինք, ուր նրան խոստացել էին կեղծ անձնագիր՝ այլ մարդու տվյալներով։ Այդ օրը երեկոյան, պայմանավորված ժամին, բանկից քիչ հեռու ես ու Գոռը սպասում էինք Հովիկին՝ Փարիզ թռչելու բոլոր պատրաստություններով։ Գոռը մի քանի օրով վարձել էր գազ 24 մակնիշի ավտոմեքենա, որ մեզ այդ ավտոմեքենայով հասցնի օդանավակայան, կասկածներ չառաջանալու համար։ Բանկից մենք գնացինք նախ Գոռենց տուն, իրեն տալու նախօրոք խոստացված իր բաժին գումարը։ Բայց Գոռը իրեն տրվող գումարը շատ քիչ համարեց, պահանջում էր, որ կահույքի խանութը, որը մի քանի օր առաջ Հովիկը իբրև ինձ էր վաճառել, <<դավերնստով>> իրեն տայինք, բայց Հովիկը չհամաձայնեց, ասաց, որ նա համբերի, մինչև ես արտասահմանից կվերադառնամ, խանութը կվաճառեմ, գումարի կեսն իրեն կտամ։ Հովիկն ու Գոռը վեճի բռնվեցին, Հովիկը չէր ուզում զիջել, սպառնաց ու հայհոյեց, Գոռին անվանեց <<քոռ ախտեցի>>, ինչն էլ կատաղեցրեց Գոռին։ Գոռը հարվածեց նրան, Հովիկը ընկավ, գլուխը չգիտեմ ինչի խփեց ու մահացավ։ Մենք կանգնեցինք փաստի առջև, ուրիշ ոչինչ չէր մնում անել։ Գոռը այգում, ծառի տակ փոս փորեց, ու Հովիկին թաղեցինք այդտեղ։ Երբ հայտնի դարձավ Հովիկի անհետացումը, նրա ընկերը, գործարար Հայկ Ստեփանյանը, սկսեց զանգել ու ինձանից պահանջել այն մեծ գումարը, որը Հովիկն էր նրան պարտք, բայց ես այդ գումարից տեղեկություն չունեի։ Հայկը սկսեց սպառնալ ինձ, ես չէի կարող ապացուցել, որ անտեղյակ եմ այդ գումարից։ Գոռը առաջարկեց նրա հետ զրուցել երես առ երես։ Նա Սևանում էր, գնացինք Սևան, բայց նա արդեն վերադառնում էր Երևան, ճանապարհին հանդիպեցինք, ինքը չհամաձայնեց գնալ, մի տեղ նստել, զրուցել, առաջարկեց զրուցել հենց մեքենայի մեջ, տեղափոխվեց մեր մեքենան։ Զրույցը չէր ստացվում, նա պահանջում էր, որ ես վերադարձնեմ Հովիկի ունեցած պարտքը և վերջ։ Ես Հայկ Ստեփանյանի հետ նստած էինք մեքենայի հետևի նստատեղում, հանկարծ Հայկը ասաց, որ համաձայն է հրաժարվել այդ պարտքից միայն մեկ պայմանով, եթե համաձայնեմ դառնալ իր սիրուհին։ Ես ամոթանք տվեցի նրան, որ իմանալով Հովիկի ու իմ մտերմությունը, նա ինչպե՞ս չի ամաչում, ինձ նման առաջարկություն է անում։ Բայց դա չազդեց նրա վրա, հարձակվեց, ցանկանում էր համբուրել ինձ, ես ողջ ուժով հրեցի նրան, ահա այդ ժամանակ էլ բացվեց մեքենայի դուռը, և նա դուրս ընկավ։ Մենք շատ վախեցանք, այդ պատճառով էլ շփոթմունքից չկանգնեցրինք մեքենան, ինչի համար շատ զղջում ենք։
Ակնկալում եմ ձեր ներողամիտ վերաբերմունքը>>։
Երբ դատարանի դահլիճում պետական մեղադրողը ներկայացրեց, որ Լիլիկ Սիմոնյանը իր ցուցմունքի մեջ թաքցրել է շատ մանրամասներ, խեղաթյուրել դեպքերի ճիշտ նկարագրությունը ի օգուտ իրեն, որ Գոռ Ղարիբյանի հետ իրենց կապը ավելի վաղ է սկսվել, որ հենց այդ կապի պատճառով եղած վեճի ժամանակ է Գոռը կնոջը հրել աստիճաններից ցած, որի արդյունքում էլ հղի կինը մահացել է, թաքցրել է նաև, որ ինքն է ծաղկամանով հարվածել բանկի կառավարչի գլխին, որ Լիլիկը բոլորովին էլ չի սիրել, չի ցանկացել Հովհաննես Պետրոսյանի հետ ապրել արտասահմանում, այլ այդ բոլորը պլանավորվել և արվել է Գոռի հետ միասին, շահադիտական, հանցավոր նպատակով, Լիլիկը գլխով համաձայնության նշան արեց, զգաց, որ արդեն ավելորդ է թաքցնելը, ամեն ինչ պատմեց կատարվածին համապատասխան։

ԳՈՌ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԿՆՈՋ՝ ԱՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԻՑ
Մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո աշխատում էի N մանկապարտեզում, որպես դաստիարակչուհի։ Շատ եմ սիրում աշխատանքը երեխաների հետ։ Ծնողներիս մահից հետո ապրում էի եղբորս ընտանիքի հետ, որը այդ ընթացքում գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում։ Գոռի հետ ծանոթացել եմ կանգառում, որտեղից ամեն առավոտ, երկուսս էլ նույն ժամին գնում էինք աշխատանքի։ Գոռն աշխատում էր ինչ-որ ավտոտեխսպասարկման կետում և վարձով ապրում հարևան շենքում։ Մեր ծանոթությունից մեկ շաբաթ անց, նա ինձ ամուսնության առաջարկություն արեց։ Այդ ժամանակ թեթևակի պատմեց իր նախկինում ամուսնացած լինելու և կալանավայրում անցկացրած տարիների մասին։ Ես հավատում էի նրա պատմածներին ու շատ էի խղճում։ Այդ ժամանակ թվաց, թե սիրում էի նրան, արագ համաձայնեցի նրա ամուսնության առաջարկին։ Նա տեղափոխվեց ապրելու եղբորս տանը։ Միայն շատ ուշ ես հասկացա, որ Գոռն ինձ հետ ամուսնացել էր հիմնականում բնակարանի համար և, երբ իմացավ, որ բնակարանը եղբորս անունով է, իսկ ես այդտեղ մասնաբաժին չունեմ, շատ հիասթափվեց ու այդ չթաքցրեց։ Ամուսնությունից մի երկու ամիս անց, նա մեր տուն բերեց Լիլիկին, ներկայացրեց, որ իր դասընկերուհին է, իբրև պատահաբար հանդիպել է փողոցում, հրավիրել մեր տուն։ Իհարկե, հետո իմացա, որ նրանք միշտ էլ, դեռ առաջին կնոջ ժամանակ, կապված են եղել։ Դրանից հետո Լիլիկը հաճախ էր գալիս մեր տուն։ Մի անգամ, խանութից պատահական տուն վերադարձա ու նրանց գտա գրկախառնված։ Նախկինում էլ ես կասկածում էի, որ նրանց մեջ ինչ-որ կապ կար, բայց ինձ հանգստացնում էի, որ ուղղակի անտեղի խանդն է իմ մեջ խոսում։ Բայց նրանք բոլորովին էլ իրենց վատ չզգացին, որ ես արդեն տեղյակ եմ իրենց ինտիմ կապի մասին։ Ես չգիտեի՝ ինչ անել, շփոթված էի, որովհետև շուտով պետք է ծննդաբերեի, իսկ կողքիս ոչ ոք չկար, ստիպված համակերպվեցի այդ մտքի հետ, բայց միայն ինձ է հայտնի, թե ինչ գնով։ Ծնվեց Արսենս։ Լիլիկը ավելի հաճախ էր գալիս, օգնում ինձ՝ երեխային լողացնելու ու մյուս հարցերում։ Այդ ժամանակ իմացա, որ նա չէր կարող երեխա ունենալ, բայց երազում էր Գոռից երեխա ունենալ։ Գնալով նա ավելի ու ավելի էր կապվում իմ փոքրիկ Արսենին, մի օր էլ , իբրև կատակով, ասաց, որ, թե խելք ունենամ, կհրաժարվեմ մայրական իրավունքից, Արսենին կտամ, որ ինքը մեծացնի, որ՝ ես դեռ երիտասարդ եմ, շատ երեխաներ կարող եմ ունենալ։ Կատակով ասաց, բայց մեջս սարսափ մտավ, ես սկսեցի ավելի քիչ Արսենին թողնել նրա գրկում, ինչը պատճառ էր դառնում, որ հաճախ ծեծվեմ, իմ դեմքին համարյա միշտ կապտուկներ կային։ Մի օր, նույնիսկ, Լիլիկը հեգնանքով չարախնդաց, որ դեմքիս կապտուկները ինձ շատ են սազում։ Պատահել է, որ Գոռը ինձ սկսել է դաժան ծեծել հենց Լիլիկի ներկայությամբ։ Ողջ ընթացքում, Լիլիկի դեմքի մկանն անգամ չի շարժվել, միայն երբեմն-երբեմն նետում էր, թե՝ Գոռ, մորթին, մորթին չփչացնես։ Այդ կինը իսկական հրեշ էր։ Իհարկե, ես գիշեր-ցերեկ արդեն մտածում էի Գոռից ազատվելու համար, երբ այդ մասին նրան ասացի, նա ափի մեջ ճզմեց դեմքս ու սպառնաց, հիշեցնելով, թե ինչպես է սպանել առաջին կնոջը, խոստացավ՝ ինձ ավելի դաժան ձևով սպանել։ Լիլիկն այդ ժամանակ արդեն մտերմություն էր անում բանկի կառավարիչ Հովիկի հետ, ինչը դուր չէր գալիս Գոռին, բայց Լիլիկին հաջողվեց համոզել վերջինիս, որ Հովիկի նման հիմարի փողերը պետք չէ ձեռքից բաց թողնել, պետք է մի բան մտածել, տեր կանգնել նրա ունեցվածքին, քանի Հովիկը խելագարի նման սիրահարված է իրեն, անվերապահ վստահում է, իսկ հետո մի ձևով Հովիկին կչեզոքացնեին ու կվայելեին նրանից մնացածը։ Լիլիկը որոշ գումար ուներ,այդ օրերին, ըստ պլանի, նա համոզեց Հովիկին, միասին գնեցին կահույքի խանութը, որի սեփականատերը հետագայում դարձավ Լիլիկը այն կեղծ նպատակով, որ երբ Հովիկի հետ ուրիշի անվամբ հաստատվեն արտասահմանում, հետ կգա, կվաճառի խանութը ու արտասահմանում իրենց համար բնակարան կգնեն։ Լիլիկը Գոռին ծանոթացրեց Հովիկի հետ, նրան ներկայացնելով, որպես իր հորեղբորորդի։ Հովիկը երբեմն Լիլիկի հետ գալիս էին մեր տուն։ Ես ընդհանրապես խոսքի իրավունքից զրկված էի, որպես մի ստրկուհի, երբեք չէի խառնվում նրանց խոսակցություններին, բայց միշտ, նույնիսկ գաղտնի, հետևում էի նրանց զրույցներին, խարդավանքներին, հույս ունենալով, որ մի գեղեցիկ օր կարող եմ դրանք բարձրաձայնել։ Երկու տարի անց, Ռուսաստանից ընտանիքով վերադարձավ եղբայրս, ու մենք տեղափոխվեցինք, որպես վարձակալներ ապրելու ձեր իմացած տանը։ Բայց ես չէի կարող եղբորս ոչինչ պատմել իմ դժբախտ կյանքի մասին, քանի որ նա տառապում էր ծանր հիվանդությամբ։ Հազվադեպ էի հանդիպում եղբորս, Գոռն արգելում էր ինձ շփվել որևէ հարազատի կամ ընկերուհու հետ, ինձ արգելված էր, նույնիսկ ձեռքի հեռախոս ունենալ։ Մի անգամ ես Գոռին հարցրեցի, եթե ինքը սիրում էր Լիլիկին, ինչու՞ ամուսնացավ ինձ հետ, ասաց, որ երեխա ունենալու համար է ամուսնացել, քանի որ Լիլիկը չէր կարող երեխա ունենալ։
Ես զգում էի, որ Գոռն ու Լիլիկը ինչ-որ նոր պլան են իրագործում, բայց չգիտեի՝ այդ ի՞նչ պլան էր, մինչև որ մի կեսգիշեր մեր տուն եկան Գոռն ու Լիլիկը Հովիկի հետ։ Երբ տուն մտան, խոսակցությունից հասկացա, որ Հովիկն ու Լիլիկը լուսադեմին թռչելու էին Փարիզ։ Կիսաբաց դռնից երևաց, որ Հովիկը ձեռքի ճամպրուկը դրեց սեղանին ու բաց արեց, այնտեղից հանեց երեք կապոց փող, դրեց սեղանին, հրեց Գոռի կողմը։ Գոռը վերցրեց, ընդհանուր նայեց ու ասաց, որ դա շատ քիչ է, որ ինքը երեխա չէ, որ իրեն խաբեն, բանկի այդ հսկայական գումարից իրեն այս թուլափայո՞վ են ուզում խաբել։ Հովիկն ասաց, որ երկու շաբաթից Լիլիկը հետ է գալու, կվաճառի կահույքի խանութը և իրեն կտա իր ուզած գումարը, իսկ հիմա Փարիզում իրենց դեռ շատ գումար է պետք գալու՝ ուրիշի անունով անձնագիր գնելու համար, բայց Գոռը չէր համոզվում։ Հետո Գոռն առաջարկեց կահույքի խանութը <<դավերնստով>> իրեն տալ, Հովիկը ծիծաղեց, հեգնեց նրան, որ շատ մեծ ախորժակ ունի ու Գոռին անվանեց ,,քոռ ախտեցի>>։ Գոռը կարմրատակեց ու բռունցքով հարվածեց Հովիկին, Հովիկը աթոռից ընկավ գետնին, Գոռը սկսեց ոտքով հարվածել նրան։ Հենց այդ պահին էլ Լիլիկը ասաց Գոռին․
— Արի, սրա հարցերը լուծենք, ուղարկենք Վերին Երուսաղեմ, պրծնենք։
Հովիկն արդեն երևի ուշագնաց էր։ Լիլիկը վերցրեց սեղանի վրայից տանտերերի թողած մեծ, հաղճապակե ծաղկամանն ու հարվածեց ուշաթափված Հովիկի գլխին։ Ես վախից քարացել էի, մի կերպ անշշուկ ինձ գցեցի ննջարան, ուր քնած էր Արսենս։ Հենց շորերով մտա անկողին ու դողացնում էի։ Ահագին ժամանակ զգում էի, որ տանը շարժ կար, ելումուտ էին անում, բայց չէի համարձակվում վերմակի տակից գլուխս հանել։ Չեմ կարող ասել, թե որքան, բայց ահագին ժամանակ անցավ, երկու ժամ, գուցե և ավելին։ Հանկարծ ննջարանի դուռը բացվեց, ու Գոռը ձայն տվեց, թե՝ շուտ հագնվիր, արի։ Նրա ձայնից երեխան արթնացավ ու կպավ ինձ, թե՝ ես էլ եմ գալիս։ Մի կերպ նրան համոզեցի, պառկեցրի իմ անկողնու մեջ ու գնացի։ Սենյակի հատակին փռված էր Հովիկի դին։
— Արի այստեղ, բռնիր մի ոտքից,- առանց որևէ բացատրության պահանջեց Գոռը։
Դիակի մի ոտքից ես բռնեցի, մյուս ոտքից՝ Լիլիկը, Գոռը՝ թևատակերից, սենյակից դուրս հանեցինք, բայց հենց այդ պահին ննջասենյակից լացելով դուրս եկավ Արսենս, վազեց փաթաթվեց ոտքերիս։ Ոչ իմ խնդրանքը, ոչ Գոռի ու Լիլիկի զայրույթն ու հորդորը չազդեցին երեխայի վրա, նույնիսկ՝ հակառակը, նա ավելի ամուր փաթաթվեց ոտքիս։ Ուրիշ բան չէր մնում անել, հենց այդպես, երեխան փեշիս կպած, քարշ տվեցինք դիակը, հանեցինք բակ, տարանք ընկույզի ծառի տակ, ուր Գոռը մի խոր փոս էր փորել, նետեցինք այդ փոսը, դիակի հետ նաև ինչ-որ թղթապանակ, որի մեջ երևում էին ինքնաթիռի երկու տոմսեր։ Գոռը սկսեց բահով արագ-արագ հողով ծածկել փոսը։Առավոտյան Լիլիկն ու Գոռը մտան ննջասենյակ, ուր վերմակի տակ, երեխային գրկած, դեռ դողացնում էի։ Գոռը մատը պարզեց իմ կողմն ու ցածր, բայց մի ահավոր ձայնով ասաց․
— Տեսար, չէ՞, այն փոսը, այդ մասին մի թեթև շշուկ անգամ բերանիցդ դուրս գա, դու էլ կհայտնվես այնտեղ։
Ես հավատում էի, նա իրոք այդ կաներ, ես էլ կհայտնվեի այդ փոսում։ Օ՜, դուք չեք կարող պատկերացնել, նա իր ասածը կաներ շատ սառնասրտորեն, ես սարսափում էի նրանից էլ, Լիլիկից էլ։ Նրանք ինձ համոզել էին, որ ես թույլ, մտավոր հետամնաց մեկն եմ, կամազուրկ, իմ եսը չունեցող մի թրջված հավ, որի խելքը ոչնչից չի հասնում,բայց սարսափելին այն էր, որ դրանում նրանք ինձ էլ էին համոզել, ես ինձ հենց այդպիսին էլ զգում էի։
Լիլիկը գնաց և այդ օրվանից այլևս նա մեր տան կողմը չերևաց, նույնիսկ հեռախոսով Գոռի հետ խոսում էին հազվադեպ ու շատ կարճ, հավանաբար զգուշանում էին։ Հետագա օրերին Գոռը գազազած էր, անհանգիստ, օրվա ընթացքում քիչ էր տանը լինում, միշտ վերադառնում էր կեսգիշերին՝ հարբած։ Այդ երեկոյան նա տուն եկավ, նորից հարբած էր։ Ես երեխային էի քնեցնում, մոտեցավ, համբուրեց նրան, ապա դարձավ ինձ․
— Ես դիմել եմ ամուսնալուծվելու համար, առավոտյան պատրաստվիր, գնալու ենք դատարան, ծանոթ մարդ կա, արագացված դատ կանեն ու կբաժանվենք, բայց Արսենը ապրելու է ինձ հետ, դատարանում դու պետք է հրաժարվես երեխայից, քանի որ ոչ տուն ունես, ոչ աշխատանք, ոչ էլ ապրելու միջոց, ոչ էլ՝ խելք, երեխան պետք է ինձ հետ ապրի։ Ես ու Լիլիկը պետք է ամուսնանանք։
Ես խելագարվեցի, սկսեցի լացել, աղաչել նրան, որ այդպիսի բան չանի, ավելի լավ է, ինձ էլ սպանի, հա, նույնիսկ շատ ուրախ եմ ամուսնալուծվելու համար, բայց ես առանց Արսենի կյանք չունեմ։ Նրա վրա չազդեցին ոչ իմ լացը, ոչ աղաչանքը։ Նա գնաց խոհանոց, հանեց կոնյակի շիշն ու բաժակը, իրար հետևից նորից սկսեց խմեց։ Այդ ժամանակ, հանկարծ մի ուժ ու համարձակություն եկավ վրաս, վախս անհետացավ, մտա խոհանոց, ասացի, որ նման բան երբեք թույլ չեմ տա, կվերցնեմ երեխայիս ու հենց հիմա կհեռանամ, կդիմեմ ոստիկանություն։ Շուռ եկա, որ հեռանամ, բայց նա ձեռքը գցեց ու կոպտորեն ցավեցնելով, բռնեց թևիցս, թևս ոլորվեց, ես ցավից ճչացի, նա սկսեց հարվածներ տեղալ դեմքիս ու հայհոյել, բայց ես արդեն ոչինչ չէի զգում, ուշագնաց էի եղել, ձախ թևս այդ պահին կոտրվել էր։ Երբ ուշքի եկա, ընկած էի խոհանոցի գետնին, իսկ նա շշի կոնյակը լրիվ հասցրել էր խմել, առանց այդ էլ արդեն հարբած էր, որ տուն եկավ։ Ես ընկած տեղից մի կերպ զգույշ բարձրացա։ Բռնեցի սեղանին դրված նրա ձեռքը, ցանկացա նրա մեջ գութ, խղճահարություն արթնացրել, բայց նա կարծես ավելի գազազեց․
— Էս դու դեռ չե՞ս սատկել, դե, հիմա ես քեզ կսատկացնեմ։
Նա երկու ձեռքով բռնեց կոկորդիցս, ես հետ-հետ գնացի դեպի պատուհանը։ Զգում էի նրա կոշտ մատների սեղմումը, շունչս սկսեց կտրվել, աչքերիս դեմ արդեն սև օղակներ էին, հենց այդ պահին էլ խոհանոցի դռան մեջ աչքս ընկավ քնից արթնացած ու զարմանքով մեզ նայող Արսենիս, հենց Արսենս էր, որ ինձ ուժ տվեց։ Ես սկսեցի թփրտալ ու թփրտոցի մեջ, հանկարծ ձեռքս դիպավ պատուհանի գոգին դրված մուրճին, որով ցերեկը, ճանճերից պաշտպանվելու համար, պատուհանի պոկված ցանցն էի ամրացրել։ Վերցրեցի մուրճն ու ճարահատ, որքան ուժ ունեի,հարվածեցի Գոռի գլխին։ Դե, իսկ գիշերն արդեն դուք եկաք։
Պարոն դատավոր, ես մարդ եմ սպանել, ինձ դատեք օրենքի ողջ խստությամբ, միայն չգիտեմ, թե ինչ է լինելու Արսենիս հետ։

ՀԱՏՎԱԾ ԳՈՐԾՈՎ ՎԿԱ, ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՅՈՐ ԱՐՄԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ
Աննա Սահակյանի կատարած հանցագործության մեջ ես իմ մեղքի բաժինն ունեմ։ Երբ նա դիմեց ինձ, տեսա, որ ասելու բան ունի, որ նա վախեցած, իրեն կորցրած, թույլ մի էակ է։ Այդ պահին ես հանդես բերեցի պրոֆեսիոնալ ոստիկանին ոչ հարիր պահվածք ու հոտառություն, այնինչ՝ ես իմ ճիշտ գործունեությամբ կարող էի կանխել Գոռ Ղարիբյանի սպանությունը։ Այդ իսկ օրը, ես պարտավոր էի միջոց, հնարավորություն ստեղծել Աննային լսելու համար, մանավանդ, որ հարևաններն էլ նկատել էին, որ Աննան միշտ ծեծված, կապտուկների մեջ էր, հաճախ են լսել նրա լացն ու գոռոցները։
․․․
Դատարանի որոշմամբ MSM կահույքի խանութի սեփականատեր Լիլիկ Սիմոնյանը դատապարտվեց, ըստ որի՝ իր կյանքի մնացած տարիները անց էր կացնելու ուժեղացված ռեժիմով կանանց գաղութում՝ մինչև կյանքի վերջին օրը, իսկ Գոռ Ղարիբյանի կինը՝ Աննա Սահակյանը, ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատարանը հաշվի առավ, որ Աննան ամուսնու սպանությունը կատարել էր աֆեկտի ազդեցության տակ, որից հետո երկար ժամանակ կորցրել էր գիտակցությունն ու հիշողությունը, ինչպես նաև, որ նրա խնամքին էր գտնվում երեքամյա որդին։ Ըստ նախկին աշխատավայրի, ինչպես նաև հարևանների ու շրջապատի բնութագրմամբ, Աննան եղել էր խելացի, համեստ, բարի անձնավորություն, որին բոլորը հարգել ու սիրել են։
․․․
Արմեն Արսենյանը ավտոմեքենան կանգնեցրեց իրենց դարպասի մոտ, իջավ, բաց արեց մյուս դուռը, օգնեց, մեքենայից իջավ Աննա Սահակյանը։ Աննան կանգնեց, մի հայացք գցեց դիմացի տանը, հետո արագ դիմեց Արմենին․
— Պարոն Արսենյան, ես ցանկանում եմ Արսենիս վերցնել ու, որքան հնարավոր է, շուտ հեռանալ այստեղից, ես չեմ կարող նայել այդ տանը։
— Աննա ջան, մի անհանգստացիր, հենց վաղը ես կզբաղվեմ քո բնակարանի հարցով, այլ տեղ վարձով մի բնակարան կճարեմ, դու և Արսենը կտեղափոխվեք ապրելու այնտեղ,- երիտասարդ կնոջը հանգստացրեց Արմենն ու բաց արեց դարպասի փոքրիկ դուռը։
— Մամա՜,- նույն պահին բակից լսվեց փոքրիկ Արսենի ձայնը։
Երեխան վազեց ու թռավ մոր գիրկը։ Արմենի մայրը, բակում կանգնած, ժպիտի մեջից հոսող արցունքներն էր մաքրում։

Մելանյա Պետրոսյանց

Գիրք՝գիտելիքի հավերժի աղբյուր Սամվել Տոնոյան

Հունիսի 9-ին, Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղում տեղի ունեցավ Սամվել Տոնոյանի «Ձեզնով Հանդերձ՝ ինձ հետ» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը,Ավետիք Իսահակյանի տուն -թանգարանի տնօրեն Կարինե Վիրաբյանը, , երաժիշտ, մանկավարժ, բանաստեղծ, գրող`Գագիկ Վարդանյանը , մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և այլոք: Քաղաքապետը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց Սամվել Տոնոյանին գրքի շնորհանդեսի http://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t1.0-9/19029326_424815797893352_98077695847867523_n.jpg?oh=de9be2cc5d2be80c8424f9db6088bc20&oe=59A17B6C alt="Սուսաննա Իսահակյան-ի լուսանկարը:" width="266" height="199" />