Բանաստեղծություններ

Գիրքը սեր է, առաջին էջից մինչև վերջինը. Գ. Նավասարդյանը 《Ինձ պիոններ չնվիրես》վիպակի մասին

Գուցե ես այդպես էլ չիմանայի այս գրքի մասին ու նրա հեղինակին չփորձեի գտնել, եթե մի քանի օրվա ընթացքում Երևանի տարբեր անկյուններում՝ այգիներում, սրճարաններում, անգամ մետրոյում այս գիրքն ընթերցողներ չտեսնեի։ Կարելի է մտածել, որ այս գիրքն ամենուր է: Խոսքը Գոհար Նավասարդյանի 《Ինձ պիոններ չնվիրես》 գրքի մասին է, որը մի քանի օր է, ինչ դուրս է եկել վաճառքի, բայց արդեն իրար է խառնել ընթերցասեր երիտասարդությանը։ Հենց այս ստեղծագործությանն էլ որոշել ենք անդրադառնալ։ Մեզ հուզող հարցերի պատասխանները կստանանք անձամբ գրքի հեղինակից։

-Ողջույն, Գոհար, շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրուցել։

-Բարև ձեզ, ես էլ առաջարկելու համար եմ շնորհակալ։

-Մի քիչ կպատմե՞ք ձեր մասին։ Ի՞նչ մասնագիտություն ունեք։

-Իհարկե, 26 տարեկան եմ, ծնունդով՝ Գյումրիից։  8 ամիս առաջ դեռ որպես ստեղծագործող անունս ոչ ոք չէր լսել։ Բազային կրթությամբ արվեստաբան եմ, հոդվածներ, ցուցահանդեսների անդրադարձներ շատ եմ գրել։ Ժամանակին տարերքս էր (մի տեսակ տխուր տոնով)։ Երբ զգացի, որ ինձ մոտ ստացվում է, շարունակ մի արվեստային թեմա գտնում էի, որի շուրջ կարելի էր ծավալվել ու գրել։ Ուսանողական տարիներից հետո լրագրողական գործունեությամբ եմ զբաղվել՝ աշխատելով տարբեր կայքերի հետ՝ որպես արվեստի կամ մշակույթի բաժնի թղթակից։ Զուգահեռ սովորել եմ նաև բանասիրական ֆակուլտետում։ Ավարտելուց հետո բավական երկար ժամանակ ոչինչ չէի գրում, զբաղվում էի փոքրիկիս խնամքով (ժպտում է)։

Իսկ գրել ե՞րբ  սկսեցիք, հեղինակային մտքերի մասին է խոսքս, գեղարվեստական շարադրանքի։

-Մի օր թղթերիս արխիվում հին նոթատետրս գտա, որտեղ 8-9 տարի առաջ գրեթե ամեն օր գրի էի առնում հետս կատարվածը։ Կարդացի, վերհիշեցի, հետո մի կողմ դրեցի։ Օրեր անց նորից վերցրի ու սկսեցի թղթին հանձնել ապրումներս (լարված շրջան էր ինձ մոտ)՝ նախորդ էջերի հետ ընդհանրապես չհամապատասխանող, բոլորովին այլ ոճով ու մտքերով։ Մի քանի օր էլ անցավ, գրածներս կարդացի ու որոշեցի հրապարակել Ֆեյսբուքում, որովհետև համամարդկային թեմաների, զգացմունքների, տարբեր հոգեվիճակների մասին էին։ Այդպես էլ արեցի։ Մի էջի դիմեցի, համաձայնեցին։ Հենց առաջին գրառումը շատ մեծ արձագանք ունեցավ, հավանումների թվից ոգևորվեցի ու տեղադրեցի նաև մյուսները։ Դա նոյեմբեր ամսին էր։ Էջերն օր օրի շատանում էին։ Գրառումներս տեղադրում էին և՛ իմ թույլտվությամբ, և՛ առանց տեղյակ պահելու։ Ֆեյսբուքյան էջերն ինձ շատ օգնեցին։ Ես, կարելի է ասել, հայտնի դարձա։ Մոտ երկու ամսում տողերս մարդկանց այնքան հարազատ դարձան, որ երբ Ֆեյսբուքում բացեցի առաջին էջս՝ 《Քեզ կարդալ եմ սովորել》 անվամբ, մեկ շաբաթում 4000 հավանում հավաքվեց, 4000 ակտիվ ընթերցող։ Երկրորդ էջս՝ հենց գրքի վերնագրով, բացել եմ ապրիլին։

-Ձեզ համար կարևո՞ր են սոցցանցերի հետևորդների կամ հավանումների թիվը։ Հետևու՞մ եք դրանց աճին։

-Իհարկե կարևոր է. Չէ՞ որ գիրքը տարածում գտավ հենց այդ էջերի հավանումների ու հետևորդների ակտիվության շնորհիվ։ Հիմա այդքան չեմ հետևում, օր օրի շատանում են, բայց սկզբնական շրջանում հենց գրառման հավանումների թվով էի հասկանում, թե ինչքանով է գրածս դուր եկել մարդկանց։ Եղել են տարբեր թեմատիկայով գրառումներ, որ միաժամանակ տարբեր էջերում տեղադրվելով 5000-6000 like են հավաքել մի քանի օրում։ Ամեն մի հավանումը նշանակում էր, որ մի հոգի ևս կարդացել էր մտքերս։ Դա ստեղծագործելուս համար մեծ խթան հանդիսացավ։

-Գոհար, ե՞րբ եք ստեղծագործում, ի՞նչ պայմաններում, օրվա ո՞ր ժամին։ Կա՞ որևէ բան, որ նպաստում է ձեր ստեղծագործելուն։

-Ամբողջ օրը, գաղափար կարող է ծնվել ցանկացած պահի, հաճախ կենցաղում որևէ գործով զբաղված լինելիս։ Շատ սիրուն մտքեր են ծնվել այդպես։ Գրքի մտքերից էլ…Գրի եմ առնում հկմնականում փոքրիկիս քնի ժամանակ։ Իսկ մեծ մասամբ ստեղծագործելս կախված է տրամարությունից ու հոգեվիճակից։

""

-Մի քիչ գրքից խոսենք։ Գիրք գրելու գաղափարն ինչպե՞ս ծնվեց։

-Շա՜տ սպոնտան, միանգամայն անկախ իմ ցանկություներից ու կամքից։ Կստեմ, եթե ասեմ, որ մանկուց երազել եմ գիրք գրել կամ երկար տարիների աշխատանքի արդյունք է։ Փոքր ծավալի գրառումների տակ սոցցանցերում օգտատերերը միշտ հարցնում էին, թե հատվածները որ գրքից են։ Երեք ամիս շարունակ պատասխանում էի, որ պարզապես հեղինակային մտքեր են։ Մի օր հանկարծակի պատասխանեցի՝ դեռ անավարտ գրքից են։ Հետո մեկնաբանությունս կարդացի ու ժպտացի (էլի է ժպտում)։ Հենց այդպես ինքնաբերաբար, ինձ անծանոթ ընթերցողներիս շնորհիվ որոշեցի, որ դրանք բոլորը միասին կարող են մի գրքում տեղ գտնել։ Գաղափարն արդեն կար, էլ ի՞նչ հանգստի մասին էր խոսքը։ Անընդհատ գրում էի, երբ ֆիզիկապես հնարավոր չէր, մտքումս էի գրում, մի միտքը շարունակ կրկնում էի, որ չմոռանամ, մինչև հնարավոր լիներ գրի առնել։ Մի բան կա, որ շատ ծանր եմ տանում (ծիծաղում է)։ Երբ պատահաբար ծնված սիրուն միտքը, տողը, թեկուզ բառակապակցությունը մոռանում եմ, ինձ չեմ ներում դրա համար։ Որովհետև հետո նույնը էլ չի ծնվում։ Դրա համար շտապ գրի եմ առնում։

-Ի՞նչ ժանրի ստեղծագործություն է գիրքը, որքա՞ն ժամանակում եք այն գրել։

-《Ինձ պիոններ չնվիրես》-ը վիպակ է՝ գրված իրական ապրումների հիման

վրա։ Գրել եմ մոտ 2 ամսում՝ գրեթե մի շնչով։ Երբ նստում էի գրելու, գրիչս ուղեղիցս առաջ էր վազում։ Հետո զարմանում էի, թե այդքանն ինչպես գրվեց։ Սյուժեն հորինված է, ապրումներն են իրական, բայց անգամ դեպքերի զարգացումը որոշվում էր հենց գրելու պահին։ Շատ քիչ դրվագներ կան, որ մի քանի օր մտածել եմ, թե ինչպես գրեմ։ Վիպակն ավարտելուց հետո մոտ 2 ամիս նրան 《հանգիստ եմ թողել》։ Հետո նորից կարդացի, ուզեցի ինչ-որ բաներ փոխել, ավելացնել, բայց չկարողացա։ Մտածեցի անբնական կլինի։ Հենց այդպես էլ տարա տպարան, որ ամեն ինչ առաջին ներշնչանքով էլ մնար, որ ընթերցողը զգար տողերիս անկեղծությունը: Մի պահ մտածում էի գործողությունները քիչ են, կարելի է գլուխներ  ավելացնել, բայց միտումնավոր ոչինչ չփոխեցի…

-Սյուժեի մասին կպատմե՞ք: Ինչի՞ մասին է վիպակը:

-Երևի չպատմեմ  (ժպտում է): Այս ամիսների ընթացքում մեջբերումներն անգամ անպես եմ արել, որ սյուժեից ոչինչ չբացահայտվի, անգամ հերոսների անունները հատնի չդառնան, որ գրքի հանդեպ հետաքրքրությունը չկորչի, ընթերցողները ոչինչ չիմանան մինև կարդալը: Բայց գիրքը սեր է, դա վստահ եմ ասում: Արդեն կարդացած մարդկանցից և ոչ մեկն այլ բառով չի նկարագրել աաս վիպակը:《Պիոնները》 սեր է, հա՜, ամբողջությամբ սեր՝ առաջին էջից, մինչև վերջինը։ Բոլոր էջերը ողողված են սիրո թաքուն կամ բացահայտ խոստովանություններով։ Վիպակը սիրային հարաբերությունների, սիրահարվելու, սիրո տարբեր փուլերի, դրանց բնորոշ կասկածների, վախերի, անսահման կարոտի ու նվիրումի մասին է:   

Ինչու՞ հենց սիրո մասին: Մի քիչ համարձակ չէ՞ առաջին ստեղծագործության համար:

-Համարձա՞կ, չեմ կարծում: Ստեղծագործության կոնտեքստը միշտ տրամադրությունն է թելադրում, ապրումները: Այդ ժամանակաշրջանում սա միակ թեման էր, որի դրսևորումների շուրջ կարելի էր երկար ծավալվել: Չնայած էլի է լինելու նույն թեմատիկայով գիրք: 

Իսկ ի՞նչ կտա ձեր վիպակը ընթերցողին:

– Սեր, էլի սեր…զգացմունքները կամրապնդի, հարաբերություններին նոր շունչ կտա: Ընթերցողներ կան, որ գրքի միջոցով հաշտվել են իրենց սիրելիների հետ: Ու ես երջանիկ եմ, որ օգնել եմ նրանց: Գրքում խորհուրդներ շատ ական, տարբեր դրվագներում տարբեր հերոսներ իրենց մտքերն են արտահայտում սիրո, նվիրվածության, վստահության, խանդի, կարոտի, կասկածների մասին: 

-Ձեր առաջին ստեղծագործությունն է, ի՞նչը հիմք հանդիսացավ, որ համարձակություն հավաքեք ու տպագրեք։ Շատ ստեղծագործողների երախայրիքներ մեծ մասամբ դարակներում են մնում։ Միայն տարիներ անց են որոշում դրանք լույս ընծայել։

-Գիտե՞ք, եթե հենց այդ ժամանակ շարվածքը տպարան չտանեի, հետո, հնարավոր է, փոշմանեի ու որոշեի չհրատարակել։ Իսկ տարիներ, թեկուզ ամիսներ անց ես իմ իսկ գրածի մեջ այնքան հակասական տողեր, մտքեր կգտնեի, որ գուցե ընդհանրապես էլ չգրեի։ Մենք փոխվում ենք օր օրի։ Մեր մտքերն են փոխվում, աշխարհայացքը։ Եթե ժամանակն է եկել, որ քո առջև դրված նպատակը պիտի իրագործես, պարտավոր ես անել դա։ Հետո հաստատ կմտափոխվես, կամ փոփոխություններ կանես, որոնք ամբողջականությունը կխախտեն։ Գրողի ձեռագիրը մեծ մասամբ նույնն է մնում, բայց տարիքն իրենը չանել չի կարող։ Ինձ մոտ եղավ մի շրջան, որ որոշեցի հրաժարվել վիպակը լույս ընծայելու մտքից, բայց ընկերներիս խորհուրդներով նոր ուժ ստացա։ Այդ շրջանն էլ էր պետք, որ հասկանայի՝ ինչ եմ ուզում ու ինչքան եմ կարող։

-Այսինքն ամեն ինչ այդքան էլ սահուն չի եղել, ինչպես գրեթե բոլոր ստեղծագործողների մոտ:

-Սահուն չէր, բայց խնդիրն իմ մեջ էր, դժվարությամբ, բայց հաղթահարեցի այդ ամենը:  Ճիշտ եք, արվեստի մարդկանց մոտ հաճախ է այդպես լինում: Գրականությունն էլ բացառություն չէ: Արվեստի գործ է ստեղծվում, հեղինակը կասկածներ, մտորումներ չի կարող չունենալ: 

Ձեր կարծիքով ինչպիսի՞ն պիտի լինի գրականությունը։ Ժամանակակից գրողներից ու՞մ կառանձնացնեք։

-Արվեստը, այդ թվում և գրականությունը էսթետիկ պիտի լինեն, գեղեցիկ։ Եթե գրվածքներում հաճելի ոչինչ չկա, տողերն ընթերցողի դեմքին ժպիտ չեն բերում, հուշեր չեն արթնացնում, խորհուրդներ չեն տալիս, խորհել չեն ստիպում, ուրեմն ստեղծագործությունը ստացված չէ։ Ես չգիտեմ՝ ի՞նչ իմաստ ունի գիրք գրել ու դրա էջերի մեծամասնությունը լցնել ժարգոնային բառապաշարով։ Իսկ ըթերցողը կարդալիս ի՞նչ զգա, ի՞նչ հասկանա, ի՞նչ սովորի։ Ցավոք, նման գրքեր էլ ունենք: Չգիտեմ. արվեստը միշտ պիտի գեղեցիկ լինի։

Նախընտրած գրողներս շատ չեն, տպագրված հեղինակներից Դավիթ Սամվելյան։ 《 Մատներիցդ գրքի հոտ եմ առնում. ձեռքերդ չլվանաս…》։ Ինչպե՞ս կարելի է չսիրել…կամ՝ 《Ես աշխարհը կտայի քո դիմաց, եթե աշխարհը դու չլինեիր》(Հուսիկ Արա)։ Դեռ չտպագրված ստեղծագործողներն են շատ։ Մի քանի տաղանդավոր մարդիկ կան, որ անասելի սիրուն, պատկերավոր ու խոր իմաստով մտքեր են արտահայտում։ Անուններ չեմ նշի, ընկերներս են, սիրում ու գնահատում եմ բոլորին։

Որպես ժամանակակից գրող՝ ի՞նչ խորհուրդ կտաք իրենց երազանքի հետևից գնացող սկսնակ ստեղծագործողներին։

-Ես ինձ գրող չեմ համարում։ Ճիշտ է, հանրությունն է տալիս այդ կոչումը։ Ինձ հասցրել են սիրել, 18000 և ավելի ընթերցող ունեմ սոցցանցերում, մտքերս շատերի սրտին են մոտ, օրական տասնյակ ոգևորող արտահայտություններ եմ լսում ու

կարդում, բայց մի գրքով գրող չեն դառնում։ Այ, երբ կարողանամ ևս մի քանի ստեղծագործություն գրել, որոնք առաջինիս նման կսիրվեն, գուցե համարձակվեմ ինձ գրող համարել։ Ես հաճախ եմ ասում՝ չեմ գրում, պատմում եմ։ Ու իրոք այդպես է, առաջին քայլերս գրականության ոլորտում հենց պատմելով, զգացածս նկարագրելով սկսեցի…

Իսկ սկսնակ ստեղծագործողների հարցը լուրջ է (ծիծաղում է)։ Բարեբախտաբար, թե դժբախտաբար այսօր համացանցի միջոցով իր մտքերը գրելու ու տարածելու հնարավորություն ունի ցանկացած ոք։ Եթե մեր դասականները ամիսներ, անգամ տարիներ շարունակ իրենց գրած գործերը թողնում էին խմբագրատանը, որ մի քանի խմբագրի գրչի տակով, կամ, ինչպես Մահարին է ասում, 《խմբագրական մկրատի տակով》 անցնեին, ապա այսօր գիրք տպագրելը որևէ բարդություն ու արգելք չի ճանաչում։ Կան երիտասարդներ, ովքեր հեղինակային մտքեր են գրում սոցցանցերում՝ մյուս ստեղծագործողների գաղափարները ձևափոխելով, հաճախ նույն բառերն օգտագործելով, հեղինակային իրավունք խախտելով, և որ ինձ համար ամենատհաճն ու ցավալին է, ոչ գրագետ, անգամ տարրական կետադրական նշանների չիմացությամբ։ Արվեստագետը, կապ չունի, թե ինչ բնագավառի ներկայացուցիչ է, լինի նկարիչ, երաժիշտ, թե գրող, գրագետ պիտի լինի։ Մի խոսքով, ինքնավստահությունը լավ է, երբ իրոք տեղին է։ Գրողը չկետադրի, վերջակետեր չօգտագործի, կամ մտքի սխալներ թույլ տա, նույնն է, թե երաժիշտն այլ նոտաներով փորձի մի մեղեդի նվագել։

Իսկ նրանք, ովքեր իրոք արվեստ են կերտում, իրենց տողերով հարյուրավորների են հմայում, կուզենամ հստակ քայլեն առաջ, որովհետև նրանք են վաղվա գրականության սերուցքը։

Զգում եմ, որ շատ խստապահանջ եք։

""-Երևի մասնագիտական է, չեմ կարող կարդացածիս մեջ սխալները չնկատել։

  • Իսկ ձեր հանդե՞պ։

-Օ՜, շա՜տ պիտի գրեմ, ջնջեմ, որպեսզի որոշեմ ստացված արդյունքը հրապարակել։ Հազվադեպ է լինում, որ գրածս մի միտքը միանգամից տեղադրում եմ իմ էջերում, գրեթե չի լինում։ Տողեր ունեմ, որ մի քանի ամիս է, ինչ տետրումս նշված են։ Մինչև ուզածիս նման չդարձնեմ, չեմ հրապարակում։ Լինում է, որ 1- 2 ամիս գրում եմ մի թեմայի շուրջ, ամբողջական եմ դարձնում, հղկում եմ, հետո էլի ժամանակ է անցնում, նորից եմ կարդում, եթե հավանեմ, նոր տեղադրում եմ։ Երևի խստապահանջ եմ առաջին հերթին ինքս իմ նկատմամբ։

-Ձեր հաջորդ գրքին ընթերցողները երկա՞ր են սպասելու։ Գաղափար կա՞ արդեն։

-Գաղափար կա, դարձյալ վիպակ է, նույնիսկ վերնագիր կա՝ 《Հուշացած ակնթարթներ》, բայց դեռ անավարտ է, ամբողջական չէ, ինքս էլ չգիտեմ, թե երբ ավարտին կհասցնեմ։ Երևի մտքերս պիտի հանգստանան, պիտի խաղաղվեմ մի քիչ, 《Պիոններս》 ուժերս խլել են (ծիծաղում է)։ Կարծես այս գիրքը, դրա սյուժեն, ապրումները միշտ մտքումս են եղել, ես ուղղակի գրի եմ առել։ Չգիտեմ, թե ի՞նչ պիտի գրեմ, ինչքա՞ն պիտի ինքս հավանեմ գրածս, որ առաջին գրքի արձագանքից հետո տպագրեմ երկրորդը։ Գուցե որոշ ժամանակ անց այլ կերպ մտածեմ, բայց հիմա դեռ ուղեղումս միայն իմ 《Պիոններն》 են։

-Հետաքրքիր է, որ կրկին վիպակի ժանրն եք ընտրել: Մեր օրերում մեծ մասամբ պատմվածքների ժողովածուներ են հրատարակվում:

-Անկեղծ ասած, այլ ժանր մտքերումս դեռ չկա: Ի սկզբանե վիպակ էր որոշված: Հետագայում գուցե մտափոխվեմ:

Որպես վերջաբան՝ ինչոր բան կուզենայի՞ք ասել ձեր ընթերցողներին։

-Ես իրենց հետ հաճախ եմ խոսում, բայց չեմ զլանա ու նորից կասեմ՝ էս գիրքը իմը չէ, ձե՜րն է։ Դուք եք ակամայից ինձ ստիպել, որ այն գրեմ, ու սերը, որ տեսնելու եք գրքում, թող բոլորիդ կյանքում լինի։

Շատ հաճելի էր ձեզ հետ զրուցել, ևս մեկ անգամ շնորհակալ եմ ժամանակ գտնելու և չմերժելու համար։ Ձեզ բազում հաջողություններ եմ ցանկանում, նոր գեղեցիկ մտքեր ու ստեղծագործություններ։ Ինչպես դուք եք ասում, Պիոնները թող ձեր գրական շարունակական գործունեության սկիզբը լինեն։

-Հա՜, գրքի վերնագիրը կրճատել եմ (ժպտում է)։ Ձեզ եմ շնորհակալ ինձ ու վիպակիս անդրադառնալու համար։

Նյութը պատրաստեց Վարդուհի Գրգորյանը

Գոռ Առաքելյանի բանաստեղծություններից

Ես և հայելին…

Դատարկ աշխարհից հոգնած մոլորված,
Հավերժ քայլերով փնտրում եմ մեկին,
Կարծես աշխարհում լոկ ես եմ արբած,
Այն էլ մենության ջրով ողողված,

Մի հետք եմ բռնել ինձ հետ խոսելով,
Եվ փնթփնթալով քմծիծաղ տալով,
Եվ զայրացած գոչում եմ մտքում,
Թե որտե՛ղ ցանկանա թող այնտեղ տանի՜,

Փնտրում եմ մեկին ավա՜ղ չկա նա,
Եվ կարծես ոտքերս հարցեր են տալիս,
Թե այսքան երկար ու՞մ ենք որոնում,
Եվ հոգիս վշտից քմծիծաղ տվեց,
Իսկ սիրտս հանգիստ պատասխան տվեց,
-Մենությունից զատող ինչ-որ մեկին…

Ոտքերս լռի՛ն թեև ուժ չկար շարունակելու,
Կարծես ծնկում էր իմ սրտի առաջ,
Աղաչում սրտիս, որ խղճա միքիչ,
Եվ մի ակընթարթ կանգ առնի գոնե,
Եվ կրկին շարունակի որոնել մեկին,

Շատ չանցած տեսանք մի տնակ քանդվա՛ծ,
Ճեղքված պատերով դուռ չկար անգամ,
Ներս մտնելուն պես տեսա մի հայելի,
Եվ կարծես ինքս ինձ անճանաչելի,
Եվ նայում եմ և զարմանում,
Լեզուս կապ ընկավ կարծես համրացա,
Տեսնում եմ հայելուն աչքերս անթարթ,
Խլացա մի պահ քարացա՛ մարդի՜կ,
Երբ հայելում տեսա աչքերս փայլուն,
Անկախ ինձանից ժպտացի՛ մարդի՜կ,
Եվ կուրացա՜ երբ ժպիտս տեսա հայելում,
Եվ շփոթված դուրս պրծա տնից,
Հայելուն փաթաթվա՛ծ սիրահարվա՜ծ,
Որոշ ժամանակ ուշքի չէի գալիս,
Եվ այն ժամանակ, որ ինձ հարազատ սիրտս էր միայն,
Եվ ընկերներս անդավաճա՜ն ոտքերս միայն,
Որ ինձ հետ էին միշտ, ուր էլ լինեի,
Եվ ինձ օգնեցին գտնեմ միակի՜ս,
Ով գիտեմ բնավ չի դավաճանի,

Սիրտս էլ կարծես ցնծում է տոնից,
Ինձ հետ համատեղ կիսում են տոնս,
Եվ նրա համար, որ գտա նախ ինձ,
Թեկուզ հայելու մեջ մի պահ տեսնելով,
Չխուսափելով ինքս իմ աչքի՛ց,
Ցնծում եմ ինքս, որ գտել եմ ի՜նձ,
Հայելին իմ կյանքի մի մասը դարձավ,
Եվ անդավաճան ընկեր կլինի,
Վստահ եմ երբե՛ք ողբիս ժամանակ,
Չի՛ երջանկանա և քմծիծաղի,
Վստահ եմ ցնծամ կցնծա ինձ հետ,
Իսկ դու՛ք շարունակ հեռվու՜մ մնացեք,
Հայելու մեջ նայեք և զզվանք ապրե՜ք,
Անգամ ամաչեք նայել ձեր աչքի՜ն,
Ապուշի նման նայեք իրարու,
Կեղծավոր ոգով հաջող մաղթեք,
Իսկ ետևից անեծք թափե՜ք,

Իսկ ես այլևս մենության մեջ չեմ,
Ասեմ ավելի՛ն ցնծության մեջ եմ,
Ունեմ հարազատ այո՛ ինքս եմ,
Երբ ցանկանամ ժպի՛տ, կպժտամ հայելուն,
Երբ ցանկանամ լուռ արտասվել,
Համոզված եմ հայելին լուռ ինձ կտեսնի,
Անգամ իր ներսում ցավըս կքաշի՜…

…………………..

Ծառից տերև է ընկնում,
Իբրև աշնան գալուստ է,
Սակայն ո՞վ է ինչ իմանում,
Գուցե ծառի վերջին ճիչն է,

Գուցե ցավից մղկտում է,
Եվ ուժ չունի ճչալու,
Փոխարենը շտապում է,
Տերևներից զատվելու,

Եվ ո՞վ գիտի, գուցե ծառն էլ է հոգնել,
Այս անկայուն փուչ աշխարհից,
Ու թե ողբա, ո՞վ կլինի ցավին դարման,
Բայց երբ ծաղկի ու պտուղ տա,
Գուցե թռչեն շալակն նրա…

…………………..

Խենթացել եմ այս անօրեն փուչ աշխարհից,
Երբ չի լինում Մարդուն զատել խելագարից,
Երբ Մարդն իրեն չի տարբերում,
Խելագարված արարածից,

Խենթացել եմ ինքս ինձ հետ,
Չկա մեկը ինձ մտերիմ,
Փարվեմ կրծքին լուռ արտասվեմ,
Եվ շշնջամ իր ականջին,
Խենթացել եմ այս աշխարհի՜ց,

Խենթացել եմ նկատելով,
Աղքատ մարդկանց խոնավ աղին,
Բորբոս կապած վերջին հացին,
Խենթացել եմ նկատելով,
Սատանայի ճոխ ապրուստին,

Խենթացել եմ այս անօրեն փուչ աշխարհից,
Երբ չի լինում մարդուն զատել խելագարից,
Երբ մարդն իրեն չի տարբերում,
Խելագարված արարածից…

…………….

Գտել է՜ի,

Գտել էի սիրելիս,
Բայց և ավաղ էլ չկա՜ս,
Եվ չտեսա՜ քեզ գրկիս մեջ,
Երբ երազից արթնացա՜,

Գտել էի անու՜շս,
Այն էլ գտա իմ գրկու՜մ,
Ավա՜ղ անտեր երազը,
Քեզ բաժանեց ինձանի՜ց,

Եվ որքա՜ն էր հաճելի,
Այդ վարկյանը քո գրկու՜մ,
Եվ շութափույթ արբեցա,
Քեզ տեսնելով իմ գրկու՜մ,

Ա՜խ երանի թե ննջեի,
Եվ քեզ կրկին գտնեի՜,
Երա՜նի թե երազներում ապրեի՜,
Չարթնանայի՜,
Քեզնից բաժա՜ն,
Քեզնից բաժան չլինեի՜…

……………………

Ապրիլը Հայի սրտում վե՛րք է մնացել,
Եվ հստակ գիտեմ սպի չի մնա՜,
Օրերից մի օր Ապրիլը կգա՛,
Կգա ու կրկին վերքը կբացվի,
Կգա ու կրկին սուգը կտիրի,
Ամբողջ Հայության անհանգիստ սրտի՛ն,

Ապրիլը կանցնի, բայց չի մոռացվի,
Վրեժը մեր մեջ անմահ կմնա,
Եվ թող անիծվի թշնամուց ծնված,
Արյունապարտը՛ դեռահասից մինչև
Տարեց ծերունի՜ն..

Ապրիլը ձեզ համար թող անեծք լինի,
Եվ ոչ մի հոգուց ոչ էլ երկուսից,
Այլ մի ամբողջ Հայության կողմից,
Ինձանից ևս, բայց չէ անեծքը մեղմ է ձեզ համար,
Թող ձեր անաստված սրտերը ողբա,

Ապրիլը Հայի սրտում կմնա,
Եվ ամեն անգամ Ապրիլ հիշելուց,
Ամենից ուժգին անեծք կմաղթեն,
Եվ ամեն անգամ Ապրիլ տեսնելուց,
Աստծո զայրույթը ձեր հոգում կզգաք…

հեղինակ `ԳՈՌ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ապրիլը վառում է, ապրելս մարում է…

Ու կգա մի օր երբ երկիրս կանգ կառնի,կանգ կառնի իր իսկ վերքերից հնացած ու խորացած,մարդկանցից`զայրացած: Կանգ կառնի ,որ վերջին անգամ տեսնի ողբը մայրերի ու արցունքները զսպած հայացքները հայրերի ու վերջին հոգոցով իր թևերը կփռի թաղված որդիների սառած շիրիմների վրա,որոնց այդպես էլ չկարողացավ մարսել: Խելոքներ պատերազմներ եք հայտարարում ու քեֆ եք անում,այնպես եք պարում ասես աշխարհը ձերնա, իսկ մահը մերնա,ճեր դանակ դարձած լեզուներից ու ձեր ծանր մարմիններից եմ հոգնել մարդիք: Հոգնել եմ օրեցօր ավերվող ու այդպես էլ ոչ մի բանի չհասնող ձեր ճահիճ ուղեղներից,այդքան անարդար ու դատարկ խոսքերից ու խոստումներից,որոնք այդպես էլ չեղան ասես չեինել ասվել: Ու դրա համար հիմա վառվող ԱՊՐԻԼՆԵՄ տեսնում,արյուններից գետերս կարմրան,կանաչս չորացավ,անթիվ մարմիններից անգամ սեփական հողս չեմ տեսնում ինքս`ինձ այլևս չեմ զգում… Ու անդադար նորից պատերազմ եք տալիս,մատղաշներս են կռիվ տալիս ու հոգի են տալիս որոնք երբեք չեն լալիս,նրանց փոխարեն ես եմ լալիս ոռնում ցավից, ախր՜ մայրերն են գալիս ու իմ հետ են լալիս:

Սենո Խաչատրյան

Երկրաշարժ—-որդուս `Աշոտին և…

Երկրաշարժը,մեզ վիշտ ու ցավ(տվեց) բերեց
Գյուղեր,քաղաքներ իսպառ ավերեց
Կրկին`հիշեցինք,թիվը քսանվեց
Շիրակի դաշտը,գերեզման սարքեց:

Աշխարհը իմացավ,այս դաժան բոթը
Զարհուրելի օր էր»դեկտեմբերի յոթը»
Բազմահարկերը ավերակ դարձան
Ոնց հազար տարվա մեռած քար- արձան:

Շենքերը խոտան,ցեմենտը ծախին
Մեր մանուկներին վաղաժամ թաղին
Շատերը սպասում էին,պսակ ու թագ
Անմեղ զոհ դարձան,պանելի տակին:

Վաղ առավոտյան տանից գնացիր
Փլատակների տակը մնացիր
Ոչ մեռածների մեջ կաիր ,ոչ էլ ողջերի
Նստած օջախիս մոտ կանգնած սուգ արիր:

Անուն ազգանունդ էր,գրված ցուցակում
Փնտրելով չգտա հիվանդանոցում
Սիրտս ճեղքեցիր կայծակի հրով
Հոգիս սևացրիր,դժողքի մրով:

Դիակները շարիր իրար հետևից
Արտասուք չէր գալիս իմ չոր աչքերից
Ոչ յոթը արի,ոչ էլ երկնահող
Ոչ տուն-տեղ ունեի ոչ էլ դրամ -փող:

Ծուխն էր բարձրանում փլատակներից
Վառվում էին մարդիկ,դաժան կրակից
Մոխիր ոսկոր էր տակից դուրս գալիս
Ով շուտ էր ,հասնում նրան էին տալիս:

Խեղանդամ դարձան ողջ մանցածը
Սրտերը քարացած մարել էր լացը
Օգնության ճիչ էր ,լսվում չորս կողմից
Խեղդվում էին մարդիկ փոշուց ու ծխից:

Շեն Գյումրին դարձավ Անի-Ակոռա
Խելագար մայրը ձայնով կգոռա
Որդիկ-որտեղ եք ձեզ եմ ման գալիս
Գիշեր ու ցերեկ սգում եմ լալիս:

Լացն ու ողբը տիեզերքին հասավ
Աստված բարկացած վերևից ասավ
Անիծված շարժից տաճարներս փլվեց
Յոթը հատ գմբեթ ներքև գլորվեց:

Զարհուրելի ջարդ էր սաստիկ ահավոր
Ոչ-ոք չդադվեց ,որպես մեղավոր
Եվ այսպես հանգիստ ,անցավ ու գնաց
Բնությունը միայն ,մեղավոր մնաց;

""

հեղ, Հովհաննես Խաչատրյան

Զաբելա Աբելյանի բանաստեղծություններից

Նորից գիշեր է… Ու ես մենակ եմ…
Ու ես մենակ եմ՝ մեր գիշերվա հետ,

Հիշում եմ անցա՜ծ գիշերվա,
Ծիծաղկոտ երկինքը մեր…

Այսօր գիշերը մռայլ է, դժկամ…
Ու ես մենակ եմ, տխուր ու անձայն…

Նորից գիշեր է… Ծովն է կանչում,
Նայում եմ ծովին ու այնտեղ գտնում՝
Աստղոտ երկինքի ցոլանքը սիրուն…

Նորից գիշեր է.. ու ես ՝ մենակ,
Աստղոտ գիշերն է՝ մեր սիրո վկան,
Եվ քեզ ու՞ր տարավ… այն գիշերն անձայն…

Լսու՞մ ես , լսում…ասա՛ ի՛նձ հիմա…

Աստաշխարհում որքա՜ն ման եկա,
Ես քեզ չգտա…

Գարունքս՝ եկավ, ամառս՝ անցավ,
Աշունս թոշնած հասնում է ձմռան…

Որքա՜ն ման եկա, ես քեզ չգտա,
Ես դեռ սպասու՜մ եմ… Լսու՞մ ես,ասա՛…

Եվ քեզ ու՞ր տարավ…
Գիշերը՝ աստղերով առատ..

Աստղաբույլերից մի օր դու կիջնե՞ս,
Թե՞ ես սավառնեմ, հասնեմ՝ ատղերից էլ վեր…

……………………………

 

Սուրբ սրբոց է մայրը,
Տաք անկյուն է մայրը,
Պաշտպան,թև-թիկունք է մայրը,
Հզոր ուժ ու սեր է մայրը:

Աջակից հենարան է մայրը,
Լույս ճանապարհ է մայրը,
Խինդ ու ծիծաղ է մայրը,
Տուն ու տեղ է մայրը:

Տան հույս հավատն է մայրը,
Ընտանիքի ամրություն է մայրը,
Կյանքի սկիզբ քաղցրությունն է մայրը,
Մայրերի մայրն է մայրը:

Երջանկահիշատակ մորս ծննդյան օրվա (9.05.1919) առթիվ

…………………….

ԳԱՐՆԱՆ ԱՐԵՎԻՆ
ՓՈԹՈՐԻԿ ԵՂԱՎ

Հոգիս է մտել
Մի սիրուն Արև,
Գարուն է երգում,
Խոստանում ինձ սեր:

Շողում է նրա,
Աչքերը պայծառ,
Ինձ է հուսադրում,
Խոսքերը անմար:

Սերս գնում է՝
Հպարտ կեցվածքով,
Սահմանի զինվոր՝
Հայրենի կանչով:

Շողում է պայծառ,
Երկինքը ազատ,
Իսկ իմ աչքերին՝
Արցունքներ առատ:

Օրեր են անցնում,
Օրեր՝ սպասումի,
Իմ սիրտն է տենչում՝
Նրա հմայքին:

Գարնան արևին,
Փոթորիկ եղավ,
Ես չհասկացա,
Թե նա ինչ ասաց:

Օրը մռայլվեց,
Շողոտ գարնանը,
Իմ սիրտը սառեց,
Ինչպես՝ ձմեռը:

……………………….

ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄ և ՈԳԵԿՈՉՈՒՄ

Դու մեր լավ որդի,
Հոր ու մոր զավակ,
Ինչու՞բախտը քեզ,
Այդ ճամփով տարավ:
Երազանքներդ՝
Թողեց անկատար:
Դու մեր սրտում ես,
Մեր հիշողությունում,
Երրորդ դասակի
Քաջ հրամանատար,
Ավագ լեյտենատ:
Դու մեր լավ որդի,
Մեր
Գոռ սիրելի:

………………….

Օրվա հորձանուտում ցավերի տարափների տակ,
մարդն է խեղճանում,
Եվ ոչ մի տեղից, ոչ մեկի կողմից պաշտպանության՝
չի արժանանում:

Մի տեղ քանդում են… ավերում՝ հուշարձան- արժեք,
Մի տեղ ստեղծում են…ի՜նչ… ստեղծում՝ անարժան-արժեք:

Որքա՜ն խնդիրներ… օրվա պատմության մեջ՝
Օգնեք բանակին, անհույս փոքրիկին,
Վիրավոր զինվորին …հաշմանդամին,
Աղքատ, անապահով ընտանիքներին…

Ինքնասպան է լինում օրը դառնացած…

Բեռը ուսերին, ցավը հոգու մեջ…
Ո՞նց է դիմանում… ու իրեն զսպում…
Օրը՝ օրվա մեջ…

Օրվա հորձանուտում՝ տարափ հոգսերով,
մարդն է խեղճանում…
Օրը՝ մոլորվում…

Պայքա՛ր են ասում.
Ճանապարհ չկա…
Լուծում ո՞վ կտա…

Ինքնասպան է լինում՝
Օրը՝ խեղճացած…
Օրը՝ դառնացած…
Օրը՝ մոլորված…

հեղինակ`Զաբելա Աբելյան

ՎԱԼԵՐԻ ՊԱՅՍԵՐ-ԽԱԼԱՓՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

ԳԻՇԵՐՆ ԱՍՏՂԵՐՈՎ ԳՄԲԵԹԱՇՈՒՔ

Գիշերն աստղերով գմբեթաշուք,
Փառավորություն անորոշի,
Չեմ հասկանա երբեք,
Ինչու՞ է թեք:

Լուսինը լուսափայլ,թե լրիվ,թե այլ,
Սնապարծություն գիշերվա,
Չեմ հասկանա երբեք,
Ինչու՞ է թեք:

Արեգակը պսակաշող հայելիս,
Որ պատկերս տեսնեմ,չտեսնեմ,
Չեմ հասկանա երբեք,
Ինչու՞ է թեք:

Արարատը սուրբ սեղան երկնայինի,
Հվերժաձյուն սփռոցով լույս ճաշակեք,
Չեմ հասկանա երբեք,
Ինչու՞ է թեք:

Հայոց բախտը ճակատիս գրվեց,
Հայացքս ամեն կրոններից վեր,
Չեմ հասկանա երբեք,
Ինչու՞ է թեք:

Առաջին գիրքս ,,Ճանապարհը Ձգվեց՛՛,
Լեռնային խեցու ինչու՞ նմանվեց,
Չեմ հասկանա երբեք,
Ինչու՞ է թեք…

 

ՀԱՊԱ Ի՞ՆՉ Է ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Հապա ի՞նչ է բանաստեղծը,
միայն մեծ բանաստեղծներն են
պատասխանել այս հարցին իրենց
գոյության լռությամբ,և իսկապես
լռությունը հանճար է ինքնին,
ով կարող է բավարարվել կյանքի
կարճատևությամբ բոցավառվող
ճակատագրով,հենց նրան է
տրված պատասխանելու ինչ է
բանաստեղծը:Եթե բանաստեղծ
ես,ուրեմն թող ոչ-ոք չիմանա,
թե ինչ բան է բանաստեղծը,չի էլ
կարող իմանալ:

 

ՄԻ ԿԻՆ ՆՄԱՆ Է ՄՈՐՍ

Մի կին նման է մորս,
Եղանակը անձրև է ու թաց,
Կանգնած պատշգամբում մտորում,
Հիշում է որդուն հեռու գնացած:

Այդ կնոջ շորն է հնացած,
Ես էլ տխրեցի այսպիսի օրում,
Կանգնած պատշգամբում մտորում,
Հիշում է որդուն հեռու գնացած:

Մի կին նման է մորս,
Եղանակը անձրև է ու թաց,
Փողոցում տիրում է ժխոր,
Այդ կինը նայեց ու ներս գնաց …

 

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՍՏՂ

Աստղերը բոլոր
Դարձել են մոլոր,
Պտույտ են գործում,
Խաբել են փորձում:

Բայց աստղն իմ,
Միշտ հավատարիմ,
Կանգնում է հյուսիս,
Փայլում է ճամփիս:

Դրանից է, որ
Կյանքում մենավոր,
Գտա ճանապարհ,
Դեպի լույս աշխարհ:

 

Ա Ֆ Ր Ո Դ Ի Տ Ե

Աֆրոդիտե,Աֆրոդիտե,օ՜,չքնաղ,

Ալիքների ձյունասպիտակ

Փրփուրներից ես ծնվել,

Դու հաճույք ես,երանություն ու ծիծաղ,

Բայց ներիր ինձ,Աֆրոդիտե,

Ես չեմ կարող քեզ սիրել:

Ես սիրում եմ Արմիդային թովչուհի,

Որ այնքան պարզ,այնքան դյութիչ

ՈՒ միշտ թախծոտ է նայում,

Նա ինձ համար իր կյանքն էլ կզոհի,

Թե քեզ սիրեմ,առանց նրան

Սիրտս լալիս է,մայում:

Աֆրոդիտե,Աֆրոդիտե,օ՜,չքնաղ,

Դու ինձ սիրե,իսկ ես այն վեհ թովչուհուն,

Ես ուզում եմ,որ վիշտ դառնա սերդ պաղ,

Որ հասկանաս,ես ինչպես էի սիրում:

 

ՄԵՂՈՒՆ ԾԱՂԿՈՒՆՔԻՑ

Մեղուն ծաղկունքից
Հավաքում է նեկտար
ՈՒ կազմում մեղրագիրք…

Մարդը խավարի պռունկից
Լույս է քամում
Տողերով գեղագիր…

Մեղուն մեղուների պարսով,
Մարդը մենակ իր վնասով,
Անխոս…

Մեղվի խայթոցին
Կփակվես մի կերպ ցանցով,
Մարդու խայթոցին,
Որ փակվես անգամ,
Երկար է ցավը մնացող,
Խոսքի…

հեղինակ`Վալերի Պայսեր-Խալափյան

Անահիտ Դանիելյանի բանաստեղծություններից

ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ — ԱՐՑԱԽ
Սարդարապատի անվեհեր քաջեր,
Արդարամարտի սուրբ նահատակներ,
Բաշ Ապարանն է կանգնած հաղթական,
Անպարտելի է ոգին հայկական:

Ամենայն հայոց սուրբ կաթողիկոս,
Գևորգ հինգերորդ, երկնային փարոս,
Հայոց Վեհափառ, երկունքվեց հոգիդ,
Խաչվեցիր զենքով, փրկեցիր ազգիդ:

Նժդեհյան սրով ճախրեցիր երկինք,
Անդրանիկներն են փառքդ հայրենի՛ք,
Սարդարապատի կռվում անվեհեր,
Կյանք առան հասուն երազները մեր…

Անպարտելի ես բանակ հայկական,
Բերդիր պատերդ ավերածության,
Ո՜վ քաջազուններ հայոց աշխարհի,
Ամեն թիզ հողդ կանչն է դարերի:

Օ՜, արդարության սուրբ նահատակներ…
Մի օր կտեսնե՜ք, խավարա՜ծ դարեr,
Որ ձեր վիհերի խորքում մնացին,
Տվայտանքները Ձեր հրեշածին:

Հանուն ցավերի այս մահասարսուռ,
Որտեղ էլ լինենք, հող իմ անձկալի,
Մենք միշտ կպահենք լույսը քո դեմքի,
Ու կջախջախենք հողմը չարիքի:

ՄԻ՛ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ
Լռությունից մի պատառ ես գողոցա հառաչով,
Ունայնության սև գոտին ես այրեցի սուրբ խաչով,
Սիրտս սոսկաց մենության ցավագալար ճիրանում,
Խնկարկվեցի մթության մահասարսուռ խորշերում:

Լռությունը կարոտիս մթության մեջ հոխորտաց,
Փլուզվեցին հույսերս, դառնությունից համրացան,
Անձավեցի ինքս իմ մեջ, հավատամքս հեկեկաց,
Այգս կորցրեց հույսի սերը, նենգ սրտերը քարացան:

Ամպոտել է լույսի սերը, Նարեկի՜ր Տե՝ր, Նարեկի՜ր,
Դավից երբե՛ք չկա բուժում, մեր հույսերը վառ պահիր,
Մարդիկ փոխվել են, չարացել ու դարձել են կեղծավոր,
Ազգիս թափած արյունն էր զուր, սա անեծք է դարավոր:

Որոշել են հողերը տալ գորշ գայլերին մարդասպան,
Ամեն կաթիլ արյան համար դեռ չտված պատասխան,
Այնքա՜ն զոհեր եղան կռվում, Տե՜ր, օգնիր քո զավակին,
Մասիսներս Ճերմակել, որբացել Վանն ու Անին:

Այս մարդիկ ե՞րբ կորցրին իրենց դեմքը մարդկային,
Ե՞րբ հասցրին աղտոտվել, թալանել սուրբ հայրենին,
Ե՞րբ նրանց սև հոգիները որոշեցին հող հանձնել,
Հայրենիքի համար ընկած շիրիմները օտարել:

Քեզ դավել են զավակներդ, բայց դու երբեք չես ներել,
Ու դարերի խորքից եկած մի մեծ անեծք են թողել,
Սատանայի չար խաղերից մենք երբեք չենք վախենա,
Եղերածին չարագործը մեզ պատասխան պիտի տա…

ՎՐԵԺ
Մեզ մի խոշտանգիր, ո՛վ ճակատագիր,
Մեր ցավը շատ է ու բազմատեսակ,
Մեր բախտի ճամփին դարձանք տարագիր,
Հայոց շեները թողիր ավերակ;

Ազգս դարձել է թևաթափ թռչուն,
Ու քամուց քշված ճամփորդ հուսահատ,
Երազանքներս թողեցիր անտուն,
Մեր հոգու կանչն ես իմ սեգ Արարատ:

Ճամփաներ տխուր ու՞ր եք մեզ տանում,
Օտար ափերում ողբն է անտունի,
Հողմահնոցում մեր հույսն է այրվում,
Սրբավայր դարձրու հողը հայրենի:

Մահվան ճիրանում մի հին ժողովուրդ,
Օսպանյան սրից փախած մազապուրծ,
Դեռ վրեժ ունի, ու գերված հողեր,
Ցեղասպանության անթիվ վկաներ:

Հային մահ չկա, պիտի պայքարենք,
Տուն պիտի բերենք մեր մասունքները,
Անի, Արդահան սուրբ վրեժ ունենք,
Զեյթուն, Կիլիկիա՝ բացեք դռները:

ՔԱՐԵՐԻ ԼԱՑԸ
Քարերի լացը լսե՞լ ես, որդիս,
Հայոց աշխարհի քարերն են ողբում,
Վերքերը սրտի խորն են, սիրելի~ս,-
Նրանց արցունքը այրերն են սրբում:

Դուք պիտի սրբեք արցունքը քարի,
Քարերի՜ լեզուն պիտի հասկանաք,
Վանքեր են պահված ժայռերի սրտում,
Նրանց աղոթքը դուք պիտի կարդաք:

Քարը ամրոցն է հայոց աշխարհի,
Մաքրիր խաչքարը աղոթքով լույսի,
Որդիս, կարոտս իջել է ծնկի,
Քարով կառուցիր մեր տունը հույսի:

ԽՈՍՈՂ ԽԱՉՔԱՐԵՐ
Քարերդ այնքա՜ն ցավոտ են խոսում,
Դեռ չի ամոքվել ցավը երկնքի,
Գետերդ այնքա՜ն տխուր են հոսում,
Դավից կարկամեց ճիչը երկունքի:

Մութ, ցավագալար մշուշների մեջ
Տրտմադավ հուշ է ամեն մի բառդ,
Սև կակաչներն են հառաչում անվերջ,
Ուր խոշտանգվել է ամեն մի քարդ:

Քարերդ այնքա՜ն ցավոտ են խոսում,
Արյուն է կաթում ժայռածերպերից,
Գետերդ այնքա՜ն տխուր են հոսում,
Եփրատն է ոռնում արյան կանչերից:

Թուրք մարդակերի մահաշունչ զենքից
Սարսափագալար թափվեցին գետը,
Հույսի աղոթքը կարկամեց ցավից,
Մարդագա՛յլ փակեց նեղ արահետը:

Խաչքարերդ սուրբ ցավոտ են խոսում,
Գետերդ արդեն խոլ հառաչում են,
Եփրատն իր արնոտ հուշերն է հեղում,
Ու ցավագալար դեռ մռնչում է:

Գետերդ նորից ցավոտ են խոսում,
Ամպերի սրտում հողմն է արցունքի,
Գետերդ ցավոտ, տխուր են հոսում,
-Ելնեմ –հրդեհեմ ցավը երկնքի:

ԵՂԵՌՆ
Հայրենիք իմ սուրբ, քո ցավի նման,
Ոչ մի ժողովուրդ թող ցավ չունենա,
Դեռ շատ սերունդներ կգան- կգնան,
Բայց թուրքի թողած վիշտը կմնա:
Երանի՛նրան, հազա՛ր երանի,
Ով շուտ մահացավ
Ու ահասարսուռ այդ կոտորածի
Սուգ ու շիվանի վկան չդարձավ:
Երանի՛նրան, հազա՛ր երանի,
Ով խելագարվեց, լուռ արձանացավ…
Ի՞նչ անեն նրանք, որ դեռ ապրում են,
Որ ցավը սրտում, դեռ տառապում են,
Ի՞նչ անեն նրանք, ում լուռ աչքերում,
Պատկերն է վառվող այն եկեղեցու,
Որը մոխրացավ արյան բոցերում,
Աղոթող անմեղ մարդկանցով լեցուն:
Այսքան ցավ ու վիշտ սրտներին առան
Ինչպե՞ս դիմացան, Ինչպե՞ս ապրեցին:
Մարդիկ լսում են ու չեն հավատում,
Որ մարդակերպը, մարդու է ուտում,
Առանց պատճառի ու առանց խղճի
Սրի է քաշել՝
Մեկուկես միլիոն անմեղ հոգիներ…
Այսօր մազապուրծ փրկված հայերի
Թոռ ու ծոռները ոտքի են ելել
Ու պահանջում են եղծարարներից
Իրենց պապերի հանցանքն ընդունել,
Մաքրելով խիղճը մոխիր-մրուրից,
Մարդկության դատին անձնատուր լինել:
Այսօր մենակ չենք, մեզ հետ միասին
Դատապարտում են եղեռնը մերժող
Եղերագործին,
Երկրներ՝
Որոնք ապաստան տվին փրկված հայերին,
Երկրներ՝
Որոնք սյունին են գամել եղերագործին:
Ի՞նչ անեն նրանք, պատասխան տվեք,
Ձեր վայրագության պատասխանն ու՞ր է,
Ինչու՞ եք լռում, դե խոսե՛ք թուրքե՛ր…
Չգիտե՞ք արդյոք, որ այս աշխարհում,
Անգամ, թե մի հայ մնար կենդանի,
Կառներ վրեժը քույր-եղբայրների,
Իր հայրենիքի, իր Մասիսների,
Սուրբ հողում ընկած նահատակների:
ՀԱՅՐԵՆԻՔ ԻՄ ՍՈՒՐԲ, ՔՈ ԹՈՒՐ-ԿԵԾԱԿԻՆ
ՄԵՐ ՁԵՌՔՈԻՄ ԴԵՌ ՆՈՐ ՊԻՏԻ ԿԱՅԾԱԿԻ…

հեղինակ`Անահիտ Դանիելյան

Շնորհով ճանաչված մտքեր`Հարություն Հայրապետյան

Ժողովրդին ժողովուրդ դարձնողը երկրի իշխանություններն են և եկեղեցին…
Իշխանությունները չարի իշխանության տակ են, իսկ չարի նպատակն է ոչնչացնել մարդու հոգին, իսկ եկեղեցիում, չարը իր չար գործը արել և թույլացրել է, դարձրել թույլ իմաստությամբ կառույց, որ մարդուն ճիշտ հոգևոր զարգացում չի տալիս և ժողովուրդը չի զորանում…

……………….

Սուրբ մարդու մասին թույլ պատկերացում կա…
Սրբությունը հոգու կատարեալ սրբված լինելն է, հոգին սուրբ է, բայց դե ինքը մարմնում է և մարդ է…
Սուրբ կարող է լինել հոգևորականը, ճգնավորը, սովորական հավատավոր մարդը, գիտնականը, երաժիտը, գրողը, երգչուհին, զինվորականը, զորավարը, թագավորը…
Դա այսօրվա պես մենաշնորհ չէ, Հիսուսի հասակը բոլորի մեջ է դրված և բոլորը, եթե կամենան Հիսուսով կարող են Հիսուսի հոգևոր հասակին հասնել և կոչվել սուրբ, բայց ցավոք սրտի աշխարհում դա չեն հասկանա և ընդունված չի լինի, ի շնորհիվ չարի, որովհետև իր իշխանությունում է, այստեղ լույսին չեն սիրում…

………………..

Հավատքը նրա համար չէ, որ մարդու հոգին միայն դժողքից փրկվի, հավատքը նրա համար է, որ իմաստությամբ մարդը գնա դեպի Աստված, խավարից աստիճանական մաքրվի, փրկվի, մինչև հոգով լույս դառնա, խավարից կատարեալ փրկվի.

……………………..

Գետի հոսանքով լողալը հեշտ է, բոլորն են այդպես լողում, որը տանում է ծով, որտեղից երբեք չեն ճանաչի ակունքները, ջուրն էլ քաղցրահամից դարձել է աղի…
Գետի հոսանքին հակառակ լողալն է դժվար, եթե կարողանան համբերությամբ լողալ, մի օր կտեսնեն և կճանաչեն մաքուր, անարատ գետի ակունքները, լեռներից իջնող քաղցրահամ ջուրը…

…………………..

Եթե հոգիդ զորեղ է, կարող ես ինքդ քեզ քննել և դա հասկանալ, բացի կանչված լինելուց, նաև ընտրված ես, պետք է էլ ավելի զորանալ և աշխարհի վրա քո գործը անել, կամքը Աստծո կատարել, դա է քո առաքելությունը…
Եթե փորձես աշխարհում աշխարհով երջանիկ ապրել, ժգուշացիր, շեղվում ես քո առաքելությունից, մի օր ամեն ինչ կքանդվի, որպեսզի ուղղորդի Աստված…

………………….

Մարդ այստեղ, աշխարհում իր համար ճոխ տուն է ուզում կառուցել, որը ժամանակավոր է, իրենը չէ, մոռանալով իր հիմնական բնկության վայրում, երկնքում, իր համար Աստված անձեռագործ տուն է կառուցում, նայելով մարդու կյանքին, մտքերին , սրտին և հոգուն….

…………………….

Ինչը և ինչին, որ դու դատում ես,
Դու այդ արարքը մեղք ես համարում,
Իսկ եթե դու՛ ես այդպես վարվում,
Մեղք ես գործում, մեղավոր ես դու,
Չ՞է որ դու ես մեղք համարել դրան…

…………………..

Փողն ու իշխանությունը փչացնում է մարդուն,
Երբ մարդը դրան դեռ պատրաստ չէ,
Խավարհ է հոգին, հեռու է լույսից,
Փառքն ու հպարտությունը կկուրացնի միտքը,
Կհամարի իրեն բախտավոր ու երջանիկ,
Իր համար բարիքը, կդառնա չարիք հենց իր համար..

Հեղինակ`Հարություն Հայրապետյան

Հայուհի Սուսաննա Ղազարյանի բանաստեղծություններից

ԳՆԱՑՔՆԵՐԸ

Գնա’ ու մաքրիր բոլոր հետքերը.
Ինձ պետք չէ քեզնից այլևս ոչինչ,
Դու կորցրեցիր կյանքի գանձերը`
Հիմա ցնորք է թափառում աննինջ:

Ցնորք է կյանքը, ցնորք էիր և դու
Խաբկանքի բովով մենք անցանք
պարտված,
Այժմ նայում ենք նորից մեկմեկու,
Դիմացը անդունդ ու կյանք կորսված:

Էլ առաջվանը ետ չենք բերելու,
Նույնը չեմ և’ ես, և’ դու նույնը չես,
Անցյալից ոչինչ մեզ չի գերելու.
Կյանքիդ տոմսակը, տե’ս, չկորցնես:

Փչում են նորից շչակները խուլ,
Ես կանգնած եմ լուռ այն խաչմերուկում,
Որտեղից մեկնեց գնացքը ծածուկ,
Իսկ ես մոլորված` տոմսակ եմ փնտրում:

ՎՐՁՆԻ’Ր ԻՆՁ…

Վրձնի’ր ինձ…
Վրձնի’ր այնպես, որ արևի նման հալվեմ
Ցրտից պաղած ու ճաքճքված հոգիներում:
Մանկան նման անհոգ ժպտամ,
Եվ հայացքս ծիածանվի կապույտներում`
Եթերային ու հուրհրան,
Ասես երբեք ցավ չի տեսել:
Վրձնի’ր այնպես, որ աչքերիս բների մեջ
Հար բնակվող այս կարոտը կույր ձևանա,
Որ իմ հոգին կտցահարող փայտփորիկը
Դառնա քնքուշ մի ծիծեռնակ,
Բնավորվի, հավետ մնա:
Որ օդի պես թանձր նստած այս հեղձուկը
Չծանրանա իմ ռունգերում:
Վրձնահարի’ր փաթիլների նման ճերմակ
Ու լուսազգեստ…
Թող որ քայլեմ փողոցներում`
Որպես ավետիսը գարնան:
Ու ծաղկակար երկինքներից թող որ նորից
Անձրև տեղա` հույսի անձրև.
Դե’, վրձնի’ր ինձ…

ԻՄԸ ԴՈւՔ ԵՔ, ՄԱՐԴԻ’Կ

Եվ թող ,,վերևներում,,
Միմյանց հաճոյանան,
Իրարու ոտք լիզեն,
Ճառեն դատարկ բերան,
Եվ թող մեծարանքի
Կեղծ բառերով քսու
Միմյանց գովեն անվերջ
Դարի դեմքերը պերճ:
Իմը դուք եք, մարդի’կ,
Ես ձեր խոնարհ ծառան,
Ինձ դափնիներ պետք չեն
Մեծ թռիչքի համար,
Ոգու թևեր տվեք,
Որ ճախրեմ կապույտում,
Իմը դուք եք, մարդի’կ,
Ձեր սիրով եմ զորեղ:

ՏԱԳՆԱՊ

Չլինի, թե մի օր
Միայնակ ու անօգ
Հավատի դռան մոտ
Ծնկեմ մեղսահարված,
Շուրթերս անաղոթք
Ու անմրմունջ լինեն,
Աչքերիս մեջ վաղվա
Օրը մամռակալած:
Դողահար ձեռքերս
Խաչաձևած կրծքիս`
Թողություն աղերսեմ
Իմ Երկնավոր Հորից:
Ու անծանոթ թվան
Հեծեծանքներս ինձ,
Ես ինձ թվամ օտար
Քամիներին հլու,
Եվ Տիրոջ տաճարում
Երաշտ լինի հոգու,
Երբ հավատիս մոմը
Շունչը փչի հանկարծ,
Ոչ մի հավատավոր
Չգա ինձ փրկելու.

ԵՏԴԱՐՁԻԴ…

Ետդարձիդ ուրիշ կլինեմ.
Ինձ այլևս չես ճանաչի,
Քեզ պաղած ձեռքեր կփարվեն`
Ընտելացած ուրիշ մահճի:

Ճերմակ հավքերս ծերացան`
Ականջ արած երգող սյուքին,
Ու քեզանից լուր չիմացան…
Սպասման կարոտ մնացին:

Եվ ձյունն իր թևերը փռեց
Արևատենչ այգալույսին,
Մի գարուն էլ պատմուճանեց
Իմ մենավոր, ծաղկած հոգին:

Ետդարձիդ ինձ չես ճանաչի.
Ես հիմա ուրիշ եմ դարձել,
Մի թոշնած սեր կհառաչի`
Քեզ այլևս ետ չեմ կանչել…

ՎԱ’Յ ՁԵԶ

Դո’ւք, որ ձեր զազիր ու սև դժոխքից
Փորձում եք հոգուս ոսկե դրախտի
Շեկ արևները անխնա թաղել,
Դո’ւք, որ նեղվում եք իմ պայծառ երգից
Ու ճամփիս վրա փշեր եք ցանել,
Դո’ւք, որ ձեր փտած գարշահորերում
Անվերջ քծնում եք, ճկվում եք, սողում…
Դո’ւք, ծառայողի ձեր խղճուկ հոգով
Ձեզ պես նողկալի տեր եք որոնում,
Չէ’, չեք հասնելու դուք իմ թևերին.
Թունավոր օձը այդ ե°րբ է ճախրել,
Աշխարհ եք եկել սողալու համար:
Ես կապույտներում միշտ եմ սավառնել,
Իսկ դուք անտեղյակ երկնային կյանքից`
Ինձ մեղսավորի խաչին եք գամել:
Դո’ւք, որ չգիտեք, թե երկունքի մեջ
Ցավից գալարվող պոետի սրտում
Ինչպիսի անմահ տողեր են ծնվում`
Պետք է որ դավե’ք անվերջ-անդադար,
Բայց լա’վ իմացեք, որ չնչին քարը
Երկնի կապույտին հասու չէ բնավ:

հեղինակ`Հայուհի Սուսաննա Ղազարյան

Համլետ Հակոբյանի բանաստեղծություններից

Անկրկնելին

Այնքան հմայք ունես սրտում
Անկրկնելի հոգու աշխարհ,
Քո աշխարհի դուռն ես բացում
Հրաշագործ կյանքի նկար։
Այդ նկարի վառ գույներում`
Տաղ են ասում`ծաղիկ ու ծառ
Սեր է շաղում այդ նկարում
Անկրկնելի մի գունաշար ։
Ժպտամարմին `ցող ու շաղում
Հույս է տալիս մի ճանապարհ
Հոգսը խորթ է ` սեր է բուրում
Անտառի մեջ ` սիրահոժար։
Ի՜նչ հանգիստ ես`քեզ հարազատ,
Անտառային բնաշխարհում,
Հանգստացնող ձայներ են շատ`
Հոգեզմայլ այդ մեղեդում։
Բնության մեջ `նույն անտառում
Անկրկնելին շատ է ու շատ
Այնտեղ ուրիշ կյանք ես ապրում
Մաքրամաքուր ու անարատ։
Անկրկնելի `կյանք, զգացում `
Անկրկնելին `անհոգս , անդարդ `
Ուր հոգնածիդ կյանք են դեղում։
Անտարբերդ ` բուժում առատ։

 

Ես ուրախ եմ , որ դու կաս

Ես ուրախ եմ, որ դու կաս,
Սակայն տխուր, որ կողքիս ես, որ չկաս,
Ժամանակը իմ ու քո մեջ գնալով է նեղանում,
Այսօր իմն ես վաղը այդպես չի թվում:
Ես շոյում եմ քո վարսերը անուշաբույր ու փռված,
Այսօր՝ վաղը այդ շոյանքն է ուշացած,
Նստած կողքիդ քո վարսերն եմ ես հաշվում,
Հանում մի վարս քո աշխարհից, գողանում:
Այսօր՝ կողքիս՝, վաղը գիտեմ, որ չկաս,
Գիտես՝ ես ինձ ու նաև քեզ չեմ խաբում,
Երբ լուսանա մեր երեկը, պետք է դառնա մի երազ,
Եվ ինչ արագ մեր գիշերն է լուսանում:
Միայն մի բան, որով կողքիս կմնաս՝
Մազափնջից այդ մի ծամը, որ ժամանակ չի փոխում
Թեկուզ ցավոտ, չնեղանաս, ի՛մ երազ,
Այդ մի ծամով այսօր, վաղը դու իմ կողքին կմնաս:
Ես ուրախ եմ, որ դու կաս,
Նաև տրտում, որ կողքիս ես ու չկաս,
Ժամանակը նեղանում է ափերում,
Եվ այսօրը՝ վաղվա երազ դարձնում:

 

Ինձանից լավն են

Երկերս իմն են`ինձանից լավն են`
Գիտեն շատ սիրել, հիշել, կարոտել,
Նրանց աչքերով աշխարհը տեսնում եմ `
Նրանցով գիտեմ այս կյանքը սիրել։

Հոգուս երկերը `հոգուս աչքերն են,
Պարզ են ու անկեղծ ,անբիծ են `մաքուր,
Հոգուս ու սրտիս տիրակալ`տերն են,
Ես նրանց ծառան `հնազանդ ու լուռ։

Սրտիս խոհերը `հույզերը վեհ են,
Անուն ու մարդը ճանաչում են դույզ`
Կեղծավոր խոսքեր `փաղաքշանք չունեն…
Պատվի ստրուկը` արդար լիահույս…

Երկերիս սիրտը իմ սիրտից մեծ է,
Կյանքի մեծ գետից ջրառատ ու խոր`
Երկերիս գետի հատակը խորն է`
Պարզ է աչքի պես `բարդ ու գունավոր…

Ինձանից բարի`համեստ ու լավն են,
Նրանք տեսնում են աչքերով ,սրտով`
Նրանք իմ հոգու ,սրտիս աչքերն են`
Կյանքի հավեժն եմ տեսնում նրանցով…

Նրանք ոչ մեկից փառքի շահ չունեն,
Խոսում են մաքուր մարդկային լեզվով,
Քծնանք `շողոքորթ `պնակալեզ չեն…
Հավերժահացը պիտ քամեն պատվով։

 

 

Անցյալի մասին

Անցյալիս մասին ես շատ եմ խոսել,
Չգիտեմ ինչու՞, ես չեմ հասկանում,
Իսկ ես անցյալում այդ չեմ երազել,
Հիշում եմ այսօր և չեմ հավատում:

Անցյալիս մասին ես շատ եմ գրել,
Այսօր էլ նույնն է , ես շատ եմ ցավում,
Գրիչս նույնն է անում անարգել,
Որքան էլ միտքս այդ չի ցանկանում:

Անցյալիս մասին ես գիրք եմ գրել,
Այսօր այդ գրքի էջերն եմ թերթում,
Այդ գրքում բազում հուշեր ամփոփել,
Եվ արդեն կարծես ինձ չեմ հասկանում:

Անցյալիս սրտում ես վերք եմ գտել,
Այդ վերքից այսօր կարյունի անտուն…
Ես եմ բժիշկս և այն չեմ բուժել,
Ինչու՞ եմ ուրիշ բժիշկներ ատում:

Անցյալիս համար կտավ եմ հյուսել,
Եվ քո պատկերն է այդ խենթ կտավում,
Այսօր նրանում ես քեզ չեմ գտել,
Ահա `ինչու՞ եմ անցյալս հիշում:

Անցյալիս մասին ես երկ եմ ձոնել,
Եվ իմ անցյալն եմ այնտեղ ամփոփում,
Քո էությունը ես եմ հորինել,
Որքան էլ կարդամ ես չեմ հագենում:

Անցյալիս մասին ես շատ եմ խոսել,
Կուզես հավատա `այդ չեմ հավատում,
Ես նեղացել եմ , դու …քեզ արտասվել,
Այդ եմ հասկացել ` նոր եմ հասկանում:

 

Հասկացող Մեր խիղճ
(Ձոն իրական կյանքը կարդացողներին)
Ատելությությունը մարում է ,երբ գալիս է պետքը`հարգելիս…
Հասկանում եմ քեզ, որքան էլ չուզեմ…
Ատելության այդ պետքականը խոհիս,
Անպաշտպան ու անզոր է թողում ,որ այրվեմ։

Ատելությունը հիշողության մեջ շնչելիս,
Թվում է անշունչ է , երբ պետքն եմ…
Ինձ չեմ նսեմացնում այպես խորհելիս,
Պարզապես ինքս ինձ ժպտում եմ…

Խոհերիս `հուշերս կարդալիս,
Ժպիտս այն չէ`հեգնում եմ…
Հեգնանքը իմն է `սիրելիս…
Այդտեղ է, որ եսասեր եմ`իմն եմ։

Երբ ատելությունը մոռանում են, երբ պետք ունի կյանքից,
Հասկանում եմ ժամանակին պետք չեմ`
Սիրելս շատ փոքր է պետքականից։

Փորձված է `խրատ է ,ոչ միայն աֆորիզմ…
Շատ մի ատիր`կսիրես անչափը չափից…
Ձևափոխված խոսքն է `պետք է շատերիս..
Հանուն պետքի է սերը դառնում իդեալիզմ…

Ատելությունը չիք է,
Երբ մենակ ես `օգնողդ շահն է ու ոչինչ…
Մեղադրելը գուցե և մեղք է`
Հասկանում եմ քեզ`մի քիչ էլ խղճիս…

Մի ատի՛ր,որ չատվե՛ս…գրվածն է խաչիս…
Սիրում եմ իմ խաչը …մարդկանց ատելիս։

 

Համոզված եմ

Համոզված եմ ` կգա ժամանակ,
Կհասկանամ , թե ինչն էր սխալ,
Որտեղ էր մեղքս `պարփակված ու փակ,
Որ թույլ տվեցի քեզ`ինձ մոռանալ…
Քո մեղավորն էլ դարձրեցի իմը,
Ոչինչ այդ իմն էլ դու կհասկանաս,
Չհասկանաս էլ `իմն է սխալը,
Չեմ ուզում , որ քեզ մեղավոր զգաս։
Սա անկեղծորեն, այն խոր հարգանքն է,
Որ քո հանդեպ եմ տածում անպատճառ…
Կեղծավորություն `իմը չէ,պետք չէ,
Առավել ևս , մերն է հուշ`անցյալ։
Հարգանքիս համար `կա սեր ,կա ու կար,
Անցյալի լեզվով լսում ես ներկան`
Քո ժամանակը `ցուրտ է մթահար,
Պաղել է այնտեղ հույս և ապագան…
Քո սառնությունը `ցուրտ է,
քոնը պաղ…
Կարոտս Սասնո դիցուհի ու հարս,
Մի օր ես կէրթամ Շենիկ,Քիշ ու `Քաղ…
Կփարվես կրծքիս `կապրենք հուշ, երազ…
Համոզված եմ ես` ինձ կհասկանան,
Որ իմ կարոտը Էրգիր է ու Վան,
Որքան էլ սրտիս Եփրատս դառնաս
Կորսյալ ,ավեր Հայրենի Ոստան`
Իմ համար Հայոց Մասիսն ես `միշտ կաս։
Չգիտեմ դու իմ սիրտը կկարդա՞ս…
Մշակ է ,բանվոր սիրտս է ռանչպար,
Սերս հացի պես քամում է արդար`
Սրտիս նույն հացն ես `ինձ կհասկնաս…

 

 Հեղինակ`    Համլետ Հակոբյան