Արդարադատության նախկին փոխնախարար Վիգեն Քոչարյանի կողմից Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամի պաշտոնը ստանձնելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդն արդեն ունի քվորում և նիստեր կարող է հրավիրել։ ԲԴԽ-ն այժմ ունի 6 անդամ օրենքով սահմանված 10-ի փոխարեն։ Համաձայն Դատական օրենսգրքի, Բարձրագույն դատական խորհրդի նիստն իրավազոր է անդամների ընդհանուր թվի մեծամասնության ներկայության դեպքում: Օրերս Վիգեն Քոչարյանին, ինչպես նաև փաստաբան Գրիգոր Բեքմեզյանին ԲԴԽ անդամ ընտրեց խորհրդարանը, երկու մասնագետներին էլ «Իմ քայլը» իշխանական խմբակցությունն էր առաջադրել։ ԲԴԽ նորընտիր անդամները չեն բացառում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած վեթինգը կարող է իրականացնել հենց իրենց կառույցը, այնպես, ինչպես և շեշտում է իշխող քաղաքական ուժը։ Ըստ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, դատավորների վեթինգը կիրականացնեն Բարձրագույն դատական խորհուրդն ու նոր ստեղծվելիք Կոռուպցիայի կանխարգելման մարմինը։ 4 տարի արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Քոչարյանն «Ազատության» հետ զրույցում չբացառելով ԲԴԽ կողմից իրականացվելիք վեթինգի գործընթացը՝ շեշտեց՝ կարևորը այն փոփոխություններն են, որոնցով էլ այդ գործընթացը կյանքի կկոչվի։ Քոչարյանը, որ 2015-ին Եվրոպական դատարանի՝ Հայաստանի դատավորների թեկնածուներից մեկն էր և հայտնի է որպես եվրոպական և միջազգային իրավունքի ջատագով, ասում է՝ մտադիր է իր ներդրումը բերել պետության համար կարևոր այս գործընթացում։ «Իմ հիմնական մոտիվացիոն գործոնը, որը նաև ին ձ բերեց այս որոշման, կայանում է նրանում, որ այդ կարևորագույն մեր պետության համար այդ գործընթացում իմ նաև ներդրումը բերեմ և օգտակար լինեմ դատական իշխանության վերափոխման, իրոք անկախ, արդյունքվետ գործող դատական իշխանություն Հայաստանում ձևավորելու», – նշեց Վիգեն Քոչարյանը։ Քոչարյանն ասաց՝ չնայած ԲԴԽ-ն իր գործառույթներում վեթինգի տարրեր ունի՝ խոսքը դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին է, բայց հաշվի առնելով դատական իշխանության նկատմամբ վստահության վերականգնման անհրաժեշտությունը, այժմ քննարկումներ են ծավալվում ԲԴԽ-ի դերակատարման բարձրացման մասին: «Ուստի ներկայումս գնում են քննարկումներ, և այդ քննարկումները նաև ներառում են Բարձրագույն դատական խորհրդի որոշակի դերակատարում միգուցե այդ գործընթացի մեջ», – ընդգծեց նա։ ԲԴԽ նորանշանակ մեկ այլ անդամ՝ քաղաքացիական իրավունքի մասնագետ, փաստաբան Գրիգոր Բեքմեզյանը, ևս կարծում է, որ վեթինգի իրականացման համար ԲԴԽ-ի գործառույթները պետք է ավելացվեն։ Բեքմեզյանը խորհրդի անդամի նշանակվելուց հետո դադարեցրել է փաստաբանի գործունեությունը և այևս չի ներկայացնի ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շահերը դատարանում։ Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Խաչատուրովը դատի է տվել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորելու համար։ «Բարձրագույն դատական խորհուրդը կարող է, ամեն դեպքում, նպաստել դատական համակարգի առողջացմանը ներկա օրենսդրության պայմաններում, եթե կարողանա ավելի արդյունավետ կազմակերպել դատական համակարգի գործունեությունը, կարողանա ավելի արդյունավետ ապահովել դտարանի անկախությունը։ Անկախությունը ոչ թե իշխանություններից, դատարանի անկախությունը այլ ազդեցություններից, գայթակղություններից և այլն։ Եթե դա ապահովեց, իսկ ինձ թվում է՝ դա կարող է ինչ-որ տեղ ապահովել, այդ դեպքում մեր դատական համակարգը արդեն կսկսի լավ գործել մինչև վեթինգի արդյունքները», – ասաց Բեքմեզյանը։ Իշխանության կողմից ներկայացված և Ազգային ժողովում ընտրված ԲԴԽ երկու անդամներն էլ դեմ են, որ այս կառույցի՝ նախկին իշխանության օրոք նշանակված ներկայացուցիչները հեռանան խորհրդից։ Բեքմեզյանն ասում է, որ զրուցել է նրանց հետ. «Ես համաձայն չեմ, որ պետք է հեռանան, որովհետև էլի եմ ասում՝ մարդկանց հետ շփվել եմ, խոսել եմ և վստահ եմ, որ նրանք էլ են տոգորված համակարգը փոխելու ցանկությամբ։ Ես նույնիսկ նախկին անդամների հեռանալուն այդքան էլ կողմ չէի, կարծում էի, որ ուղղակի պետք է նոր շունչ, նոր մոտեցումներ։ Ցավոք մի մասը հեռացավ, մի մասը մնաց, բարեբախտաբար, և նրանց հետ մենք պետք է շարունակենք նորմալ բնականոն աշխատելը»։ «Ազատության» հարցին՝ կարծում եք, որ թե՛ հեռացողները, թե՛ նրանք, որ հին կազմից կան, իրենք ճկո՞ւն են լինել այնպիսին, ինչպիսին հանրությունն է պահանջում. «Այո, վստահ եմ, որ կարող են, եթե ընթացքում երևա, որ չեն կարող, կարծում եմ, որ նրանք, այդ թվում՝ մենք՝ նոր եկողներս, այնքան պրոֆեսիոնալ ենք, որ հասկանանք, որ եթե չենք կարողանում հանրության կողմից մեր առջև դրած պարտականությունները կատարել, մենք պետք է թողնենք դուրս գանք և հնարավորություն տանք ուրիշներին դա անել»։ Դատական օրենսգրքի համաձայն՝ դատավորների անկախությունը երաշխավորող ԲԴԽ-ն 6 անդամով չի կարող հանդես գալ որպես դատարան և օրինակ կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին։ Դրա համար, ըստ օրենքի՝ անհրաժեշտ է ունենալ 7 անդամ։ Այս պահին գործող վեց անդամներից երկուսը դատավորների համայնքից են, մյուս չորսին ընտրել է ազգային ժողովը: Ըստ Սահմանադրության, ԲԴԽ-ի 10 անդամներից 5-ին՝ իրավաբան-գիտնականներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ մյուս կեսին՝ դատավորների ընդհանուր ժողովը։ Այսպիսով՝ ևս մեկ անդամի պետք է ընտրի խորհրդանը, երեքին էլ՝ դատավորների ընդհանուր ժողովը: ԲԴԽ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ 10 հոգանոց կազմը համալրելու համար Բարձրագուն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Սերգեյ Չիչոյանը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին՝ դատավորների ընդհանուր ժողովի կողմից դատավորներ նշանակելու համար։ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի խոսնակ Աննա Բալյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ ըստ ընթացակարգի՝ ԲԴԽ-ից ստացված գրությունից հետո մեկ ամսվա ընթացքում դատավորների ընդհանուր ժողով պետք է հրավիրվի և ըստ այդմ, դատավորների շարքերից ԲԴԽ դատավոր անդամ ընտրվի։ Դատական համակարգում վիրահատական միջամտության անհրաժեշտության մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից հետո Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամ հրաժարական ներկայացրեց։ Առաջինը հրաժարական ներկայացրեց ԲԴԽ նախագահ, դրանից առաջ էլ ավելի քան երկու տասնամյակ ՍԴ նախագահի պաշտոնը զաբղեցրած Գագիկ Հարությունյանը։ Նրանից հետո մեկը մյուսի հետևից հրաժարական ներկայացրեց ևս 4 անդամ։ Ազատություն ՌԿ