ՀՈՐԱԴԻԶԻ ՄՍԱՂԱՑՆ ՈՒ ԳՈՐՎԵՏԿԱՆ (պատմվածք)

», Մշակույթ, Մշակույթ, Պատմություն»ՀՈՐԱԴԻԶԻ ՄՍԱՂԱՑՆ ՈՒ ԳՈՐՎԵՏԿԱՆ (պատմվածք)

ՀՈՐԱԴԻԶԻ ՄՍԱՂԱՑՆ ՈՒ ԳՈՐՎԵՏԿԱՆ (պատմվածք)

Երևանը ճանաչելն ու մի բառով բնորոշելը հնարավոր չէ, այն այնքա՜ն դեմքեր, գույներ, հույզեր ունի, անկանխատեսելի տարածքներ, նույնիսկ գետնախորշեր ունի, որոնց մասին չգիտի նույնիսկ հենց Երևանում ծնված, մեծացած երևանցիների մեծ մասը: Օրինակ, երբևէ անցե՞լ եք Երևանի հենց կենտրոնում գտնվող ԳՈՐՎԵՏԿԱ տարածքով: Ովքեր այս թաղամասում ապրող ծանոթ-բարեկամ են ունեցել, գուցե այցելել են, հասցրել են նախ մի լավ մոլորվել Գորվետկայի ծուռումուռ, նեղլիկ, մի տեսակ զգուշավորություն, վախ ծնող անցումներով, միայն հարցումներից հետո կարողացել են հայտնաբերել ծանոթ-բարեկամի տունը: Գորվետկայում բոլորն իրար ճանաչում են, գիտեն իրար քոքուբուսը, ազգուտակը, լավն ու վատը: Այնպես որ, այդ խառը գետտոյում մարդ գտնելը խնդիր չէ, նույնիսկ ամենահեշտ բանն է, միայն թե գոռվետկացին պետք է համոզված լինի, որ հարցնողը, փնտրողը ոչ ոստիկանությունից է, ոչ էլ վատ նպատակով է տվյալ մարդուն հարցնում, հակառակ դեպքում՝ ԻՆՏԵՐՊՈԼՆ էլ գա, Գորվետկայում մարդուն չի կարող գտնել:

Հիմա կհարցնեք, թե Գորվետկան ինչու՞ հիշեցի: Այո, հիշեցի, քանի որ ուզում եմ գրել հենց այդ Գորվետկայում ծնված իմ մարտական ընկերոջ՝ Արմենի մասին, ով 1994-ին զոհվեց Հորադիզի մսաղացում, ու ինչպես իմ բախտն ու ճակատագիրը ինձ Գորվետկա տարան:
Վայ, աշխարհ, աշխարհ, Գորվետկան ու՜ր, Հորադիզն ուր, բայց արի, տե՛ս, որ Հորադիզը կուլ տվեց, շատ ջահել կյանքերի հետ լափեց նաև Գորվետկայում ծնված, մեծացած Արմենի ջահել կյանքը:
***
Եվ այսպես՝ 1994-ի աշնանը, զորակոչվեցի Հայկական բանակ: Ասեմ, որ այդ ժամանակ բանակը դեռ նոր-նոր կազմավորման փուլում էր, և իմ տարիքի շատ տղաներ, ամեն մեկը մի պատճառաբանությամբ, կարողացել էին խուսափել ծառայությունից, իսկ այ, հիմա, երբ արդեն նրանցից ոմանք բարձր պաշտոններ են գրավում, ծիծաղելի, անհամոզիչ փաստարկներ են բերում, թե ինչու չեն ծառայել բանակում: Մի խոսքով, համալսարանի վերջին, ավարտական կուրսից գնացի ծառայության: Ինձ հետ զորակոչված էլի մի քանի տղաների, տարան Էջմիածնի սակրավորական գունդը, որտեղ էլ ծանոթացա Արմենի հետ: Մի երկու ամիս զորավարժանքների մեջ էինք, երբ լուր եկավ, որ երեք օրից, մեր վաշտը մեկնում է Հորադիզ, ուր մարտական գործողություններ են սկսվել: Հաջորդ օրը զորամասը լցվեց վաշտի տղաների ծնողներով՝ մայրս էլ նրանց հետ, ովքեր վայնասուն դրեցին, թե՝ Հորադիզում թեժ մարտական գործողություններ են գնում, էս 18 տարեկան տղաներին ու՞ր եք տանում կրակի բերան: Բայց հրամանը հրաման էր:
«1994 թվական, հունվար…
Հորադիզի ռազմաճակատ
Հետախուզական տվյալների համաձայն, թշնամին այս ճակատում կենտրոնացրել էր 22տանկ,10 ՀՄՄ(БМП), 4 հրետանային դիվիզիոն, 2 ականանետային մարտկոց, 3500 ազերի զինվոր և սպաներ, 200 ուկրաինացի վարձկաններ, 500-600 աֆղանական մոջահեդներ:
Հետախուզությունը ասում էր, թե հիմնական հարվածները ուղղված են լինելու Սիսիանի ուժերի, Եղյանի և Նիկոլ Առուստամյանի գումարտակների ուղղությամբ:
ՍԻՍԱԿԱՆ ՋՈԿԱՏ-ի կայքից»:
Մեր վաշտը, թվով տասը նորակոչիկ զինվոր, 1ավագ ու 1 սպա, Շուռնուխում մի երկու օր մնալուց հետո, հասավ հայկական ուժերի կողմից հետ գրավված Բեյուկ Մարջանլու գյուղը, տեղավորվեց եղած տներից մեկում, ուր մեզանից առաջ, երկու ամիս ապրել էր նախորդ սակրավորական վաշտը:
Այո, շատ թեժ մարտական գործողություններ էին գնում: Վաշտի տղաներով բոլորս էլ վախեցած էինք, կասեի՝ ահաբեկված:
«Սկսվեց իսկական մսաղաց, եղան հազարավոր զոհեր:
Զոհերի դիակները մարտի դաշտից հանեցին Հադրութի գումարտակի մարտիկները եւ հանձնեցին նրանց հարազատներին»:
Առաջին գծում էին Սիսական ջոկատի ֆիդայիները, նրանք արգելեցին, որ մեզ առաջին գիծ տանեն, մեզ թողել էին երկրորդ գծում: Ահավոր օրեր էին, ես ոչինչ չէի զգում, չէի վախենում, քանի որ չէի մտածում, չէի անհանգստանում, չէի խորանում, թե՝ այս ու՞ր եմ, ի՞նչ է կատարվում շուրջս, մի խոսքով՝ օդերի մեջ էի՝ ինչպես երազում, ավելի ճիշտ՝ ես ռոբոտ էի դարձել, անզգա մի ռոբոտ: Ուշքի եկա, երբ մի օր տղաները սկսեցին թևերիցս քաշքշել, նույնիսկ երեսիս խփել, ականջիս գոռալ, որ Արմենը…զոհվել է: Ուշքի եկա: Իմ ընկեր Արմենը, Գորվետկացի Արմենը, Արմենը, ով Հորադիզը հորով-մորով անելուց, զորացրվելուց հետո, պետք է գնար, ամուսնանար իրենց հարևանի աղջիկ Նարինեի հետ, ում սիրել էր հենց առաջին դասարանից, այն Նարինեի, ով սիրում էր չինական բուրավետ մեխակներ, ու Արմենն էլ սկսել էր գժվել այդ չինական մեխակների բույրի համար, ու քրոջը պատվիրել էր, հաճախ մեխակներ նվիրել Նարինեին, մինչ իր վերադարձը: Արմենը, իմ մարտական ընկեր Արմենը, ով մարտից հետո, ականներ փնտրելիս, ինձ հանձնարարում էր, որ իր հետևից, իր ոտնատեղերով գնամ, չէր վստահում իմ սարքին, սակրավորի իմ հոտառությանը:
Արմենը զոհվել էր: Ես գրկել էի նրա բզկտված դին ու չէի հասկանում, չէի հավատում, չէ՜, Արմենը չէր կարող զոհվել:
***
Երեք ամիս էր արդեն, ինչ զորացրվել էի, վերադարձել Երևան: Հարևան-բարեկամները, ընտանիքիս անդամներն ասում էին, որ ես ուրիշ մարդ եմ դարձել, տարօրինակ եմ ինձ պահում: Պատահել է, որ լսել եմ, թե ինչպես հետևիցս հարևաններն իրար ասել են, թե՝ Հորադիզի մսաղացով է անցել, խելքի չի գալիս: Մայրս նույնիսկ ինչ-որ հոգեբանի հետ էր պայմանավորվել.
— Տղա ջան, ի՞նչ կա, հոգեբանը հո քեզ չի՞ ուտի, ուղղակի զրուցելու է հետդ:
Ավելի էի զայրանում նման խոսակցություններից: Շրջում էի աննպատակ ու չէի հասկանում՝ ի՞նչ եմ ուզում: Այդ օրն արթնացա, խոստացել էի մորս, որ վերջապես իր հետ կգնամ հոգեբանի մոտ: Բայց հագնվեցի ու առանց ձայն-ծպտուն հանելու, տանից դուրս եկա: Հասկացա, թե ինչ եմ ուզում. պիտի գնամ Գորվետկա, գտնեմ Արմենի ծնողներին, քրոջը, սիրած աղջկան:
Ու՞ր ես Գորվետկա, եկա: Բայց թե ու՞ր էր, ո՞ր կողմն էր այդ թաղամասը, գաղափար չունեի: Ելքը գտա: Նստեցի տաքսի, վարորդին ասացի.
— Քշիր Գորվետկա:
Վարորդը շրջանայինով, Խանջյանով իջավ, կրկեսն անցավ, թեքվեց ձախ, մանր-մունր տների արանքով մի քիչ գնաց ու կանգնեց.
— Էս էլ քո Գորվետկան, հիմա ո՞ր կողմ գնամ:
Մտածեցի, որ ճիշտ կլինի, մեքենայից իջնեմ, հարցուփորձով գտնեմ Արմենենց տունը: Իջա, տների նեղ արանքներով, ես էլ չհասկացա, ինչքան գնացի: Մի փոքրիկ բակում մոտ իմ տարիքի երկու տղաներ նստած, զրուցում էին: Մոտեցա:
— Բարև ձեզ:
— Բարև, ախպեր:
— Ես Հորադիզում զոհված Ներսիսյան Արմենենց տունն եմ փնտրում:
Տղաները միանգամից ոտքի կանգնեցին:
— Իսկ դու ո՞վ ես, ի՞նչ հարցով ես փնտրում,- մի տեսակ կասկածանքով հարցրեցին:
— Ես Արմենի մարտական ընկերն եմ, զորացրվել, եկել եմ, ուզում եմ Արմենի ծնողներին տեսնել:
Տղաները ընկան առաջ, թե՝ արի, ախպեր, քեզ կտանենք, իրենց տուն:
Տղաների հետևից գնում էի, չհասկացա՝ քանի նեղ ու անհասկանալի տեղերով անցանք, վերջը մի բակատիպ տեղ մտանք, տղաները մի ցածրիկ, փայտաշեն, հողով ծեփած տան դուռ բացեցին ու ձայն տվեցին.
— Սեդա տոտա, Սաթեն, տա՞նն եք:
Ներսից պատասխանեցին, որ տանն են, ու տղաներն ինձ գլխով արեցին, թե՝ արի՛, տանն են: Ներս մտանք, առաջին պահ ցածրիկ սենյակի կիսախավարի մեջ, ոչ մեկին չտեսա:
— Սեդա տոտա, էս տղան Արմենի հետ Հորադիզում է ծառայել, ձեզ էր փնտրում:
Միայն այդ ժամանակ, աչքերս որոշ վարժվեցին սենյակի խավարին, ու տեսա պատի տակ դրված մահճակալին, անկողնու մեջ պառկած տղամարդուն, խոհանոցից դուրս եկած՝ կիսամաքրած կարտոֆիլը ձեռքին աղջկան, ինձ մոտեցող Սեդա տոտային: Սենյակի անկյունի փոքրիկ սեղանին Արմենի մեծադիր նկարն էր, չինական թարմ մեխակների մի փունջ ծաղկամանում՝ առջևը դրված: Կինը, ինչպես ասացին՝ Սեդա տոտան, մոտեցավ, կանգնեց դիմացս, բարձրացրեց երկու ձեռքերը, դրեց ուսերիս:
— Տղա ջան, դու իմ Արմենի հե՞տ ես եղել Հորադիզում:
— Հա, մայրիկ, Արմենի հետ ենք ծառայել, ընկերներ էինք:
— Տղա ջան, արի՛, արի՛, համբուրեմ քեզ, իմ Արմենի կարոտն առնեմ,- ձգվեց ոտնաթաթերին, համբուրեց երեսներս, հետո դարձավ անկողնում պառկածին,- Պարգև, Արմենիս ընկերն է եկել, վեր կաց, նստիր:
Տղամարդը ձգվեց անկողնում.
— Ասա, թող մոտ գա:
Մայրը բռնեց ձեռքիցս, մոտեցրեց մահճակալին: Հետո մոտեցավ Արմենի քույրը, նա էլ համբուրեց ինձ, փղձկաց ու փախավ: Ես նստեցի մահճակալի մոտ դրված աթոռին: Չգիտեմ, մի ժամ երևի, Արմենի մայրն ու, որդու զոհվելու լուրը լսելուց հետո, անկողնուն գամված հայրը հարցեր էին տալիս, հետո իրենք սկսեցին պատմել իրենց հիշողությունները՝ որդու մանկությունից, երիտասարդությունից, թե ինչպես էր Արմենը ոսկե մեդալով ավարտել դպրոցն ու նույն տարին բարձր բալերով ընդունվել պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, թե ինչպես տարկետում է ձևակերպել ու բանակ զորակոչվել, երբ կարող էր այդ չանել, ինչպես շատ-շատերը: Ահա, այդտեղ ես ստացա իմ մի հարցի պատասխանը: Երբ Բեյուկ Մարջանլուի մեր կացարանում, անքուն գիշերներին նա խոսում էր հայոց պատմությունից, մեջբերումներ անում մեր պատմիչներից, ես զարմանում էի, թե որտեցի՞ց Արմենը գիտի այդ բոլորը, փաստորեն թաքցնում էր, որ դպրոցը ոսկե մեդալով էր ավարտել, որ պատմականի ուսանող էր:
Մինչ ծնողները խոսում էին, հանկարծ սենյակում աշխուժություն զգացի: Ինձ ուղեկցած տղաներն էին, որոնց էլի տղաներ էին միացել, գնում-գալիս էին, հետո խանութից ինչ- որ տոպրակներ բերեցին, տվեցին Արմենի քույր Սաթենին, աղջկան սկսեցին օգնել, սեղան գցել:
— Դե՛, վեր կաց, տղա ջան, վեր կաց, Արամ ջան, մի կտոր հաց կտրենք, Արմենիս հիշատակը հարգենք:
Զարմանքով նայում էի, թե այս ցածրիկ սենյակում, այս սեղանի շուրջը, ինչպե՞ս են տեղավորվել մոտ տասնհինգ մարդ՝ Արմենենց հարևանները, ընկերները, մի քանի կանայք էլ, երևի հարևաններ, դռան մոտ էին խմբված: Հետո արդեն Արմենի քույրը՝ Սաթենը պատմեց, որ միշտ էլ այդպես է, երբ էլ Արմենի ընկերներից, համակուրսեցիներից, ծանոթներից մեկը գալիս է, իրենց հարևանությունն ու երիտասարդությունը հավաքվում, հենց իրենք էլ առևտուր են անում, սեղան գցում, հարգանքով, պատվով ճանապարհում Գորվետկայի զոհված որդու ընկերոջը, դրանով վառ պահում, իրենց հարգանքի տուրքը մատուցում Արմենի հիշատակին, որ Արմենի հիվանդ ծնողները հանկարծ չնեղվեն, իսկ Արմենի նկարի մոտ եղած չինական կարճ մեխակների փունջն էլ, ամեն անգամ Արմենի սիրած աղջիկ Նարինեն է բերում, թեև ծնողների ստիպմամբ, արդեն նշանվել է, աշնանը հարսանիքը կլինի: Աղջկան նշանելուց առաջ Նարինեի ծնողները եկել են Արմենենց տուն, ծնողներից ներողություն խնդրել: Իսկ Սեդա տոտան ու ամուսինը օրհնել են աղջկան, բարի բախտ ցանկացել, ինչից հետո միայն, նշանդրեք են արել:
Լսում էի սեղանի շուրջը հավաքված այս մարդկանց ու ապշում, որ Երևանի գետտո հիշեցնող տարածքում ապրում են այսպիսի ջերմ, բարձր գիտակցություն, պատվի հասկացողություն ունեցող, հոգատար, ազնիվ մարդիկ, որոնց համար Հայրենիքը իսկապես բարձր հասկացողություն է, որոնցից յուրաքանչյուրը պատրաստ է Արմեն դառնալ, կյանքը չխնայել՝ հանուն Հայրենիքի: Փաստորեն այս գետնախորշ տներում ՄԱՐԴՆ է ապրում, ՍԵՐՆ է ապրում, ՀԱՅՆ է ապրում:
Երեկոյան ցնցված ես տուն վերադարձա:
Այս վերջին օրերին համացանցով տեղեկացա, որ ինչ-որ մարդուկներ, հայ ներկայացող ինչ-որ մի քանի էգ ու որձեր ազերիների հետ ընկերության, հաշտության, «չայ խմելու» կոչեր են անում: Այ մարդուկներ, համարձակություններդ ներում է, գնացեք, Գորվետկայում էդ սիրատոչոր կոչերն արեք, չեմ կասկածում, առանց հարցի ու խոսքի գլուխներդ կջարդեն: Գնացեք, Հորադիզի մսաղացը տեսած մարդկանց մոտ ձեր կոչերն արեք, չկասկածեք, լեզուներդ կկտրեն, կդնեն բռներիդ մեջ: Սա իմիջիայլոց, հիմա պատմությունս շարունակեմ:
***
Արդեն մեկ տարի էր՝ գնում-գալիս էի Արմենենց տուն: Գորվետկայում համարյա բոլորն ինձ գիտեին: Մինչև ծուռումուռ նրբանցքներով տեղ էի հասնում, հազար անգամ հետևիցս լսում էի՝ մեր Արմենի ընկերն է, վիրավոր Արմենը Հորադիզում էս տղայի ձեռքերի վրա է աչքերը փակել:
Դե, սկզբում 10-15 օրը մեկ էի գնում, հետո շաբաթը մեկ, քիչ-քիչ սկսեցի շաբաթն երկու անգամ գնալ: Մեկ էլ հանկարծ զգացի, որ ուզում եմ՝ ամեն օր գնալ: Ու ամեն անգամ, դեռ ներս չմտած, անկողնում պառկած Պարգև քեռին ձայնում էր՝ Սեդա, Արամս եկավ, տես, ի՞նչ ես անում: Տիկին Սեդան էլ իր հերթին ձայն էր տալիս, թե՝ Սաթեն, կոֆեն դիր վրան, մի երկու բաժակ էլ ավել դիր, տղաներից եկող կլինի: Ու Սաթենը հասցնում էր միայն ժպտացող աչքերով ինձ նայել , թռնում էր խոհանոց՝ սուրճ դնելու, այնտեղից երբեմն-երբեմն թաքուն ծիկրակելու:
Սաթենի աչքե՜րը: Ես կյանքում այդպիսի ժպտուն, պայծառ, խելացի, խոնարհ, բայց երբեմն էլ՝ չարաճճի աղջկական աչքեր չէի տեսել: Միայն ափսոս, երբեք հնարավոր չէր լինում՝ նստել ու երկար նայել այդ աչքերին, ես նրանց գույնն անգամ կարգին չէի տեսել: Մի խոսքով, հանկարծ «հայտնաբերեցի», որ ամեն օր նրանց տուն գնալու իմ ցանկության պատճառը, մեղավորը հենց Սաթենիկի աչքերն էին: «Հայտնագործությունս» ինձ քիչ էր, մի օր էլ մայրս, թե՝ Արամ ջան, վերջերս քեզ հետ ինչ-որ բան է պատահել, կարո՞ղ է սիրահարվել ես, տղա ջան: Անսպասելիությունից փլվեցի աթոռին, դեմքս սկսեց վառվել, ճակատս քրտնեց, լեզուս փաթ ընկավ, միայն կարողացա ասել.
— Ինչու՞, մամ:
— Էլ ի՞նչ ինչու, տղա ջան, դու սիրահարված ես Արմենի քրոջը՝ Սաթենին,- ժպտաց մայրս:
— Մամ, քեզ ո՞վ ասաց,- կմկմացի ես:
— Աչքերդ ասացին, շունչդ ու շփոթմունքդ ասացին, ամեն պահ Սաթենին հիշելդ ու նրա մասին խոսելդ ասացին, Արամ ջան,- ծիծաղեց մայրս,- Թե լուրջ սիրահարվել ես, գնանք, մատանի դնենք մատը, հարս բերենք, էլ ինչու՞ ենք ուշացնում:
— Շատ էլ ճիշտ ես ասում,- լսվեց խոհանոց մտնող հորս բամբ ձայնը,- ու՞մ, ինչու՞ ենք սպասում: Հենց այսօր զանգիր մեծ եղբորդ, վաղվա համար պայմանավորվիր, թող գա, գնանք Գորվետկա,- հետո դարձավ մորս,- դու էլ էն պահածդ ոսկեղենը հանիր, սինու պատրաստություն տես, վաղը գնում ենք աղջիկ ուզելու:
Պարգև քեռին, Սեդա տոտան ու Սաթենս սկզբում չհասկացան, թե ի՞նչ հաշիվ է, բայց երբ արդեն իմացան, անսպասելիությունից քարացան-մնացին: Դրությունը փրկեց Պարգև քեռին, որ ձեռքը պարզեց հորս կողմը:
— Հըլա մի սպասեք, էդ բոլորին կա՜րգ կա, կանո՜ն կա,- հետո դարձավ կնոջը,- Սեդա, գնա Հակոբին ու Վարսոյին կանչի մեր տուն:
Հակոբն ու Վարսոն Արմենենց դուռ-դռան հարևաններն էին, հարազատ դարձած մարդիկ:
Քիչ հետո Հակոբն ու Վարսոն եկան, նրանց հետևից էլի մի քանի հարևաններ: Ջահել տղաներ ու աղջիկներ սկսեցին սեղան գցել: Մինչ մերոնք ծանոթանում էին եկող հարևանների հետ, սեղանն արդեն պատրաստ էր: Սեղանի գլխին, Պարգև քեռու կողքին, նստեց հարևան Հակոբն ու լի բաժակը բարձրացրեց՝ ի հիշատակ այս տան զոհված երիտասարդի, Գորվետկայի զավակ, Գորվետկայի պարծանք Արմենի:
Անցել է 22 տարի, բայց ես երբեք չեմ մոռանում Արմենի ծնողներին, իմ ապագա զոքանչին ու աներոջը, որ այդ օրը լուռ, խեղճացած կուչ էին եկել սեղանի կողքին, աշխատում էին թաքցնել իրենց անսփոփ վիշտը, ուրախանալ դստեր երջանկությամբ: Սաթենը, տարիներ անց, միշտ արցունքով է հիշում այդ պահը:
Մի խոսքով, երկու ամիս անց, Սաթենը ստացավ Մանկավարժան ինստիտուտի դիպլոմն ու հարսանիք արեցինք:
Հարսանիք, պահ, ի՜նչ հարսանիք: Ողջ Գորվետկան էր եկել Սաթենին ճանապարհելու: Ինչպես աներս էր ուզում, ամեն ինչ արվեց կարգ ու շնորհքով: Երբ հարսանքավորն արդեն դուրս էր եկել Սաթենենց բակից, ծուռ ու մուռ բակերով գնում էինք դեպի մեքենաները, ամեն տան դռան առաջ մեզ դիմավորում էին քաղցրավենիքով, խմիչքով ու ուտելիքներով լի սեղաններով: Այդ օրը, Գորվետկայում ես իմացա հին հայկական այն ավանդության մասին, որ երբ հարսն ու փեսան անցնում են հարազատների, հարևան-բարեկամների տների մոտով, այդ տան տերը լի սեղանով է նրանց դիմավորում ու ճանապարհում, որ այդ նորաստեղծ ընտանիքը միշտ բարիքով, ապրուստով լի, ապահովված, ուրախ ու երջանիկ ապրի:
Այդ ընթացքում մի հետաքրքիր բան էր կատարվում. ես շարունակ անունս էի լսում ու ինքնաբերաբար վերև էի նայում: Ավելի ուշ, երբ այդ մասին պատմեցի Սաթենին, հանկարծ նա սկսեց արտասվել, ասաց, որ նույնը իր հետ է կատարվել, ինքն իսկույն հասկացել է, որ երկնքից եղբայրը՝ Արմենն էր մեզ հետևում ու ուրախանում մեր երջանկությամբ:
Անցած տարիները ինձ չսառեցրին Գորվետկայից: Նույնիսկ Սաթենի ծնողների մահից հետո էլ, ես որդիներիս՝ Արմենիս ու Հայկիս հետ, հաճախ էինք գնում, անցնում այն նեղ, ծուռումուռ նրբանցքներով, բարևում ծանոթ-անծանոթներին, հասնում Սաթենենց բակ, հարևանների հետ նստում, անցած ու գալիք օրերից, հիշողություններից խոսում, պարտադիր հիշում Հորադիզի մսաղացն ու մեր սիրելի Արմենին:
Հա, մոռացա ասեմ՝ ծնողների մահից հետո, Սաթենն իրենց տունը նվիրեց դիմացի հարևաններին՝ Հակոբին ու Վարսոյին, որոնք հարս էին բերել, թոռ ունեցել, իրենց տունն արդեն շատ նեղվածք էր բազմանդամ ընտանիքի համար:
Դե, կարծում եմ, հիմա հասկացաք, թե ինչու էի ուզում գրել Գորվետկայի մասին, ուր իմ կորցրած ընկերոջ՝ Արմենի փոխարեն գտա այնքան ջերմ, բարի, աշխարհի չարից հեռու մնացած, համեստ, արժանապատիվ մարդկանց և իմ միակ սերը՝ իմ Սաթենին:

Մելանյա Պետրոսյանց  

Comments

comments

By | 2018-11-22T14:28:24+00:00 Ноябрь 22nd, 2018|Գրքեր, Մշակույթ, Մշակույթ, Պատմություն|Комментарии к записи ՀՈՐԱԴԻԶԻ ՄՍԱՂԱՑՆ ՈՒ ԳՈՐՎԵՏԿԱՆ (պատմվածք) отключены