«Մեր հերոս Մուշեղն է, ով վիրավոր ժամանակ չլքելով դիրքը մնացել ու կռվել է իր հրամանատարի հետ միասին մինչև կյանքի վերջին վայրկյանը, ինքը մահացել է, հրամանատարը վիրավորվել։ 3 ամիս էր, ինչ բանակ էր գնացել»,-պատմում է մարտի դաշտում զոհված Մուշեղ Վարդանյանի դպրոցի կազմակերպիչ Գոհար Մկրտչյանը։

Մուշեղը ապրել է Էրեբունի համայնքում, նոյեմբերի 1-ին կդառնար 19 տարեկան։

«Խելոք ու համեստ էր»,-այպես է բնորոշում նրան մեր զրուցակիցը։

«Բոլորը ասում էին՝ ախր շատ խելոք ես, Մուշ, ո՞նց ես բանակ գնալու, ասում էր՝ դե կգնամ կգամ էլի։ Ամեն օր զանգում էր մորը, հարցնում՝ լա՞վ է, հաց կերե՞լ է, ու մոր հարցին, թե ինքը ինչպե՞ս է, հաց կերե՞լ է, թե՞ ոչ, պատախանում էր, որ շատ լավ է ու անհանգստանալու առիթ չկա։

Դասարանում 3 տղա էին՝ հայտնի «եռյակ» էինք ասում, միշտ միասին էին 3-ով՝ անբաժան։ Մյուս ընկերը հիմա նույնպես կռվում է առաջնագծում, ու դեռ ոչ ոք չի համարձակվում ասել, որ իրենց երրորդը էլ չկա։ Չնայած նրան, որ սիրտը մի բան զգացել էր, զանգել էր եղբորը ու հարցրել, թե Մուշից ի՞նչ լուր կա, եղբայրն էլ ասել է, որ լավ է»,-ավելացրեց Գոհար Մկրտչյանը։

Պատերազմի առաջին օրերին Մուշեղի ավագ եղբայրը՝ հորեղբորորդին,  Գարիկ Վարդանյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, եղբոր հետ միասին հայրենիքի պաշտպանության գործին անցնելու, բայց նախեւառաջ կրտսեր եղբորը թիկունք դառնալու համար, բայց նպատակին չի հասել, օրեր անց բեկորային վիրավորում է ստացել ու տեղափոխվել Երեւան, դեռ չապաքինված լսել է եղբոր զոհվելու գույժը