Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը՝ լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսը, պետական, հասարակական-քաղաքական գործիչներ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն.

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։

Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։

Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։

Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքը ուժեղ է, քան երբևէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա և մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա»:

Պետության ղեկավարը հայտնում է, որ այսօր հրապարակելու է Հայաստանի՝ մինչև 2050 թվականը վերափոխման ռազմավարությունը, որը, ըստ նրա, «ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ»:

«Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլև 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ և նպատակներ:

Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս:

1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձևակերպելու և դրանց իրագործումը ամենօրյա անելիք դարձնելու վրա:

Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ:

Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլև իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված», – ընդգծում է Փաշինյանը՝ համոզմունք հայտնելով, որ «ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու և Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար»:

«Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, և այդ առաքելությունը իրագործելո՛ւ ենք միասին», – հայտարարում է Հայաստանի վարչապետը:

Վարչապետի աշխատակազմի լրատվականը նաև փոխանցում է, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝ մինչև 2050 թվականը երկրի զարգացմանն ուղղված համահայկական օրակարգը կներկայացնի ժամը 12-ին, միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերում:

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ մեր կարևորագույն պետական տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

1991թ. սեպտեմբերի 21-ին, միասնաբար և վստահ «այո» ասացինք անկախությանը։

Այն երազանքները, որ ունեինք անկախության ձգտելիս և անկախություն հռչակելիս, իրականություն են ի դեմս մեր անկախ պետականության։

Սակայն այս ճանապարհը շարունակվում է: Մեզ համար, որպես ժողովուրդ ու պետություն, շատ բան դեռ առջևում է՝ նոր ծրագրեր, նոր նպատակներ, նոր հաղթանակներ։

Դրա համար պետք է ունենանք հստակ տեսլական, իրականանալի ծրագիր, ինչպես նաև հաստատուն կամք։ Ապագան ծնվում է սրանցից բխող որոշումների ու ջանքերի, մեր մտածողության ու գիտակցության, մեր աշխատանքի հանրագումարում՝ հենվելով մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր պատմության, մեր ժառանգության վրա:

Միայն իր անցյալն ու ավանդույթները, մշակույթն ու լեզուն չմոռացող և գնահատող, առաջ նայող և ժամանակը զգացող անհատը, հասարակությունը, ժողովուրդը կարող են զարգացնել ինչպես իրենց հոգևոր ու նյութական, այնպես էլ իրական և վիրտուալ աշխարհը»։

«Հայրենիքի ճակատագիրը կախված է բոլորիցս ու յուրաքանչյուրիցս, պատասխանատու լինելու, պատասխանատվություն ստանձնելու մեր կարողությունից, մեր համերաշխությունից, միասնությունից, միմյանց նկատմամբ մեր բարությունից ու հանդուրժողականությունից։

Պետք է համախմբվենք։

Գործենք միասին՝ որքան էլ տարբեր լինեն մեր մտածելակերպը, աշխարհայացքն ու պատկերացումները։

Անկախության օրը պետք է լինի մեր համազգային միասնության խորհրդանիշը:

Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։

Խաղաղություն ու բարեկեցություն մեր Հայրենիքին և ժողովրդին», – Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հայրապետական ուղերձում մասնավորապես ասված է.

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս և շնորհավորում Անկախության տոնի բերկրալի առիթով։

Շուրջ երեք տասնամյակ առաջ մեր ժողովուրդը Տիրոջ օրհնությամբ կյանքի կոչեց անկախ պետականությունը վերահաստատելու իր դարավոր իղձը և հուսավառ սրտով նվիրվեց իր ազատ, նոր կյանքի կերտմանը։ Միշտ պարծանքով պիտի հիշվեն այս տարիներին համայն հայության միասնական զոհողություններն ու հանձնառությունները, որոնցով հայրենաշեն բազում ծրագրեր ու նախաձեռնություններ իրագործվեցին՝ վկայելով, որ մեր հավաքականությամբ ու միասնությամբ են մեր կյանքում արձանագրվում հաջողություններ ու հաղթանակներ։ Անկախության օրվա լուսավոր խորհուրդը հրավեր է ազգիս զավակներին վերարժևորելու անցած դժվարին ուղին, մնալու հաստատուն՝ ազատ ապրելու և արարելու, մեր պետականությունը շենացնելու ձգտումի ու նվիրումի մեջ։

Այսօր, սիրելիներ, հակառակ բոլոր դժվարությունների, մեզ զորացնում են անկախության տարիների ձեռքբերումներն ու նվաճումները և հայրենիքի հանդեպ դրսևորած սերը մեր ժողովրդի, որը սխրանք դարձավ մեր սահմաններում, նվիրում՝ կրթօջախներում, արգասավոր ջանքեր՝ արվեստի, գիտության բնագավառներում։ Հիրավի, ողջ հասարակության հանձնառությամբ ու նախանձախնդրությամբ է ամրանում պետականությունը, առաջադիմում յուրաքանչյուրի ջանք ու ավանդով»։