Գիտնականն առանց դիետայի նիհարելու միջոց է առաջարկում

""«Դիետան կամքի մեծ ուժ է պահանջում», — հիշեցնում է Քորնելի համալսարանը ներկայացնող գիտնական Բրայան Վանսիսկը՝ առաջարկելով առավել հեշտ միջոցներից օգտվել: Այդուհանդերձ, առաջին հայացքից նրա մտահղացումը առցանց՝ «նիհարեք՝ ընդամենը մեկ հնարքով» վերտառությամբ գովազդներից մեկն է հիշեցնում:

 

FoxNews-ի հաղորդմամբ, գաղափարն այն է, որ միջավայրային փոփոխությունները, ի տարբերություն անձնականի, կարող են առավել հեշտ կառավարելի լինել: «Արդեն բազմիցս է ապացուցվել, որ նվազագույն փոփոխությունն անգամ, օրինակ, երբ առավել փոքր չափերի ափսեից ենք ուտում եւ համոզվում, որ միջոցառումը կարող է որոշակի արդյունքի հանգեցնել, հաջորդաբար նոր փոփոխությունների խթանման միջոց է ծառայում: Այդ կերպ մեկ տարվա ընթացքում կարելի է մինչեւ 15 կգ քաշ գցել», — նշել է փորձագետը: Սակայն ափսեի չափի փոփոխությունն՝ առանց դիետայի, ավելորդ քաշից ազատվելու միակ եղանակը չէ, որ կարող եք դոկտոր Վանսիսկի հեղինակմամբ լույս տեսած  Slim by Design: Mindless Eating Solutions for Everyday Life գրքի էջերում գտնել:

 

Փորձագետը նաեւ առաջարկում է անառողջ սննդամթերքի գործարանային պարկերից եւ այլ տարաներից ազատվել ու փոխարենը կենցաղային որեւէ միջոց՝ գավաթ կամ ափսե կիրառել: Նրա նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ հնարքից օգտվող կանայք միջինը 10 կգ-ով պակաս կշիռ են ձեռք բերում:

 

Մի քանի այլ խորհուրդներ եւս՝ տուն մտնելիս խոհանոցով մի՛ անցեք, եւ աշխատավայրում գրասեղանի մոտ մի՛ սնվեք: Գնումներ կատարելիս փորձեք ծամոն ծամել. ինչպես մեկ այլ հետազոտության արդյունքում է պարզվել, այդ պարագայում 7%-ի չափով քիչ անառողջ սնունդ գնելու հնարավորություն կարող եք ձեռք բերել: Իսկ եթե դա էլ չի օգնում՝ «ճարպից ամաչեցնող պատառաքաղներից» («fat-shaming fork») օգտվեք:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *