Այսօր կառավարությանն նիստում նշանակվեց 8 մարզպետ, որոնցից 6-ի անունը հայտնի էր

Արագածոտնի մարզպետ նշանակվեց ՀՅԴ-ական նախկին մարզպետ Աշոտ Սիմոնյանը, Արարատի մարզպետ՝ ՔՊ անդամ, Նոր կյանքի գյուղապետ Գարիկ Սարգսյանը, Կոտայքի մարզպետ՝ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը, Տավուշի մարզպետ՝ ՔՊ-ական, Իջեւանի ավագանու անդամ Վահե Ղալումյանը, Շիրակի մարզպետ՝ ՔՊ-ական, կենսաբանության ուսուցիչ Կարեն Սարուխանյանը, Գեղարքունիքի մարզպետ՝ ՀՅԴ ռեյտինգային թեկնածու, տեղական բիզնեսմեն Իշխան Սաղաթելյանը, Լոռու մարզպետ՝ ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանը, Վայոց Ձորի մարզպետ՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը:

Անակնկալները վերջին երկուսն էին՝ Լոռվա մարզպետը եւ Վայոց Ձորի։ Լոռվա մարզպետի մասին լուրեր կային, որ նույնպես Քաղաքացիական պայմանագրի անդամ է նշանակվելու՝ անուններ էին շրջանառվում, իսկ Վայոց Ձորը, որպես ամենափոքր մարզ, դուրս էր մնացել հանրային ուշադրությունից։

Այսպիսով, կոալիցիոն համագործակցության շրջանակներում Նիկոլ Փաշինյանը Լոռվա մարզը տվեց ԲՀԿ-ին, որն առաջադրեց 2016 թվականին ԲՀԿ Վանաձորի քաղաքապետի թեկնածու Հրանտ Մարգարյանին, ով Վանաձորի ավագանու անդամ է։

Իսկ Վայոց Ձորում նշանակվեց ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը, ով ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։