Չարը կորչեր, ու բարին բուն դներ մեր սրտերին…

Չարը կորչեր, ու բարին բուն դներ մեր սրտերին…

Ամանորյա հեքիաթի, մանկության իր ամենասիրելի խաղալիքի, Ձմեռ պապի գոյության և երազանքների՝ իրականացած և դեռևս չիրականացածի մասին պատմում է երգիչ Արսեն Սաֆարյանը:

Մանկության Նոր տարիների գույները, փայտե սահնակն ու չթռչող ինքնաթիռը

-Նոր տարին, ինչպես բոլոր մանուկների համար, այնպես էլ ինձ համար եղել է ամենասպասված տոներից մեկը: Բոլորս հավատում էինք տոնական հրաշքին, վստահ էինք՝ ամանորի գիշերը մեր հեքիաթն իրական է դառնալու: Ասեմ, որ այդ հաճելի սպասման զգացողությունը մինչ օրս պահպանվել է: Տոնի խորհրդանիշը մանուկների կողմից սիրված Ձմեռ պապն էր, ում հետ հանդիպումը Նոր տարվա գիշերն այդպես էլ տեղի չէր ունենում, քանի որ ծնողներս շուտ քնացնում էին ինձ՝ խոստանալով, որ Ձմեռ պապն ինձ անպայման նվեր կբերի: Մեծ դժվարությամբ էի քնում, իսկ արթնանալուն պես՝ ձեռքս բարձի տակ էի դնում, շատ լավ իմանալով, որ նվերս այնտեղ պիտի գտնեմ: Աննկարագրելի ուրախության վայրկյաններ էի ապրում, երբ տեսնում էի ամանորյա իմ տոպրակը՝ լի մրգրեով, չիր-չամիչով ու կոնֆետներով. սա այն ժամանակների ամենահրաշալի նվերն էր: Տոնի ամենասիրելի պահերից մեկը տոնածառ զարդարելն էր: Ճիշտ է, այն ժամանակ խաղալիքները բազմազան չէին, բայց ամեն մեկն ուզում էր, որ իր տոնածառն ամենագեղեցիկը լինի:
Մանկության խաղալիքներիցս մի քանիսն են տպավորվել: Հիշում եմ՝ բուրգի նման երկաթե մի խաղալիք ունեի, որն ասես իմ ամրոցը լիներ: Ամեն տարի Նոր տարվա գիշերը մոմ էի վառում ու տեղադրում բուրգի ներսում. ամրոցս լուսավորվում էր: Շատ լավ հիշում եմ նաև հորս նվիրած ինքնաթիռը, որը, զարմանալի է, բայց չէր թռչում / ծիծաղում է,-Ս.Մ/: Ինձ համար կարևորը ոչ թե խաղալիքի ձևն էր, այլ փաստը, որ այն հենց իմն է:
Նոր տարին իսկական տոն էր դառնում, երբ տոնական օրերին ձյուն էր տեղում: Հիշում եմ փայտե սահնակս, որը հայրս իր ձեռքով էր պատրաստել: Իջնում էինք բակ ու ժամերով սահում, թավալվում էի ձյան մեջ ու ամենաերջանիկն էի ինձ զգում աշխարհում:

Ու աշխարհը պտտվում էր մեր օջախի շուրջ…
-Հետպատերազմյա տարիներն էին: Դպրոցական էի: Դեկտեմբերի 31-ն էր, լույս չունեինք: Վառարանի մոտ նստած ընտանիքով դիմավորեցինք Նոր տարին: Պլեճ, տնական օղի և աննկարագրելի ջերմ մթնոլորտ: Այդ օրերի խավարի մեջ շատ լույս կար, որովհետև ընտանիքում ջերմության ու սիրո պակաս չկար: Ինչ-որ լավ բանի սպասումն, այնուամենայնիվ, միշտ ուղեկցում էր մեզ: Մանկությանս Նոր տարիները հեքիաթով լի էին, ինչը, սակայն, հետ բերել չեմ կարող: Մանկությունը միշտ մնում է մարդու մեջ, բայց հետ չի գալիս:

Միշտ սպասված Ձմեռ պապը, ցանկալի հանդիպումն ու երազանքի ուժը
-Նոր տարին ընտանեկան տոն է, այն պիտի դիմավորես ընտանիքիդ ու հարազատներիդ հետ միասին, չնայած միշտ չէ, որ ստացվում է, երբեմն աշխատանքը խանգարում է: Անցած Նոր տարիներից հետ կբերեի այն օրերը, երբ եղբայրներով միասին նշում էինք տոնը: Այսօր կցանկանայի կազմակերպել այդ հանդիպումը, արդեն ամեն մեկն իր ընտանիքով, բայց նույն ջերմությամբ:
Ինձ համար այսօր էլ ամանորի խորհրդանիշը Ձմեռ պապն է: Երբ տարիներ առաջ մեր տուն էր եկել արդեն երեխաներիս նվերներ բերելու, զգում էի՝ նրանցից շատ էի ուրախացել/ ծիծաղում է,-Ս.Մ/:
Նոր տարին չեմ պատկերացնում առանց տոնածառի, որի տեղադրման պատասխանատվությունը իմ ուսերին է դրված: Ես ամրացնում եմ, բացում ճյուղերը, պատրաստի տեսքի բերում, որից հետո արդեն կինս ու երեխաներս միանում են՝ տոնական ու գեղեցիկ զարդարանք տալով տոնածառին: Ինձ համար անընդունելի է, երբ եղևնի են կտրում ու տուն բերում, իսկ մի քանի օր հետո՝ դեն նետում: Եղևնին անտառում՝ իր տանն է գեղեցիկ:
Հետաքրքիր է, որ ամեն տարի սպասում ենք Նոր տարվա գիշերվա ձյանը. Երևի այն ամանորյա հեքիաթն ավելի կատարյալ է դարձնում:
Ես այն մարդկանցից եմ, որ տասներկուսի զանգերն ազդարարելուն պես երազանք է պահում: Ուզում եմ, որ հարազատներս առողջ լինեն, երեխաներս բարեկեցիկ կյանք ունենան, լավ կրթություն ստանան, որ պատերազմ չլինի, օտար ափերում բնակվողները տուն վերադառնան: Հա, մի երազանք էլ ունեմ. Ուզում եմ, որ ընտանիքս ևս մեկով համալրվի/ ժպտում է,-Ս.Մ./:

Սիրում եմ…Չեմ սիրում…
-Սիրում եմ տոնական տրամադրությունն ու լուսավոր քաղաքը, սպասման զգացողությունը: Ամենից շատ սիրում եմ մայրաքաղաքային ու վինեգրեդ աղցանները: Դրանցից իմ մանկության հոտն եմ առնում: Սիրում եմ մայրիկիս պատրաստած տոլման: Նոր տարվա սեղանն առանց բլինչիկի դժվար է պատկերացնել/ծիծաղում է,-Ս.Մ./ : Սիրում եմ, որ տոնական օրերին ինձ ապուր են հյուրասիրում: Կարևոր չէ, թե ինչ կլինի սեղանին, ինչքան առատ ու բազմազան կլինեն ուտեստները, ամենից կարևորն այն է, որ շրջապատված լինես դրական էմոցիաներով, անկեղծ մարդկանցով ու ջերմությամբ:
Այդ օրերին սննդի ծանրաբեռնվածությունը չեմ սիրում: Չեմ սիրում, երբ մարդիկ պարտադրված միմյանց տուն են գնում՝ շնորհավորելու:

Ես հավատում եմ ամանորյա հրաշքին: Վստահ եմ՝ երկտողս կհասնի Ձմեռ պապիկին. <<Ձմեռ պապ ջան, ուզում եմ, որ աշխարհի բոլոր մանուկներն առողջ լինեն, մեր սահմանները՝ խաղաղ: Իրականացրու բոլորի բարի երազանքները>>:

Սյունե Մանուչարյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *