Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Ադրբեջանում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանին. ՀՀ ՄԻՊ

10 օր առաջ

 

Ադրբեջանի տարածքում հայտնված զինծառայող Արայիկ Ղազարյանի իրավունքների երաշխավորման հարցով Մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավար Քլեր Մեյթրոի հետ։

Վերջինս տեղեկացրել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դեռ չի տեսակցել Արայիկ Ղազարյանին, սակայն հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։
 
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապի մեջ է նաև Արայիկ Ղազարյանի ընտանիքի անդամների հետ։
 
Զինծառայողի իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ առողջական վիճակի հետ կապված հարցերով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կդիմի միջազգային համապատասխան կառույցներին։
Հիշեցնենք որ ԱՀ ՊՆ հայտարարություն էր տարածել.

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելն ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է. ԱՀ ՊՆ

Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը:

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.