Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիրն ու «Էլլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը

10 օր առաջ

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ քիչ առաջ ձերբակալվել են մայրաքաղաքում լուսացույցների տեղադրումն ու սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանն ու «Էլլիփս Ջի Էյ» ընկերության հաշվապահը։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում ամիսներ առաջ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը ցուցմունք էր տվել այն մասին, որ Ճանապարհային ոստիկանությունից ամսական ստացված 70 միլիոն դրամից 43 միլիոն դրամը յուրացվել է ընկերության հիմնադիրների կողմից:

Հիշեցում ՝

«Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունները 1 միլիարդ դրամից ավել գումար են հափշտակել

Հայաստանի ոստիկանությունը նոր մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում նախօրեին կատարված հատուկ գործողությունների արդյունքներով:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության կողմից ստեղծված արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ՝ դրամական միջոցներ հափշտակելու դիտավորությամբ:

«Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ», ֊ ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանները տվյալներ ունեն, որ նույն եղանակով հափշտակություններ են կատարվել նաև նախկինում, որոնց հետևանքով պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում:

Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները քննությամբ պարզվում են:

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.