ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

տարի առաջ

Այսօր ողջ քրիստոնեական աշխարհը նշում է Քրիստոսի հրաշափառ հարության տոնը:

Երբևիցե չլսված բան, ապշեցուցիչ բան, որով և հիմք դրվեց մարդկությանն հուզող ամենակարևոր առեղծվածի բացահայտմանը: Այդ հարցը հետևյալն է. «Ի՞նչ է լինելու մահից հետո»:  Պետք է համաձայնվենք, որ եթե կյանքը միայն այս աշխարհի վրա է և մեռնելուց հետո վերջանում է ամեն ինչ, ապա անիմաստ է, ամբողջությամբ, մեր կատարած բոլոր գործերը, ինչպես Սողոմոնն է ասում. «ՈՒնայնություն ունայնությանց, ամեն բան ունայն է» Ժող. 1:2: Մենք, մարդիկս շատ բաներ ենք արժեքավորում, բայց ամենաթանկը, դա մեր կյանքն է, որը երկարացնելու համար ոչինչ չենք ափսոսում: Այդ որ մարդն է, որ չի ուզում հավիտյան ապրել, այդ որ մարդն է, որ չի խորշում մահից: Աշխարհի ոչ մի համալսարանում մեզ չեն կարող սովորեցնել այս հարցերի պատասխանները: Հիսուսն ասաց. «Ինձանից սովորեցեք» Մատթ. 11:29:

Ով Հիսուսին հավատացող հոգի, եթե հոգուդ խորքում չունես մեռելներից հարության հավատքը, ապա որն է քո հույսը: Առաքյալը գրում է. « Եթե միայն այս կյանքումն ունինք հույս Քրիստոսի վրա, ամեն մարդկանցից ողորմելի ենք» 1Կորնթ. 15:19: Այս պիղծ և մեղավոր աշխարհը ոչինչ չի ընդունում, ինչը դուրս է իր տրամաբանության սահմաններից: Մեկ անգամ չէ, որ մարդը կրկնել և կրկնելու է ( դեմքին լուրջ տեսք տալով) ողջույնի այդ խոսքերը «Քրիստոս հարյավ ի մեռելոց», որ ուղղակի չտարբերվի ամբոխից: Բայց երբ հարցը իր անձնական հարությանը վերաբերվի, թե արդյոք հավատում է, որ ինքն էլ է հարություն առնելու, ապա նրա ամենաքաղաքավարի պատասխանը քմծիծաղն է: Պողոսի արտասանած քարոզը աթենացիները լսեցին մինչև այն պահը, երբ առաքյալը հասավ մեռելների հարությանը: « Երբ լսեցին մեռելներից հարություն առնելու մասին, ոմանք ծաղրում էին, ոմանք էլ ասացին. – Դրա մասին մեկ ուրիշ անգամ կլսենք քեզանից» Գ. Ա. 17:32: Մի ուրիշ անգամ իր քննիչներին վկայեց. «… մեռելների հարության պատճառով եմ այսօր ձեր կողմից հարցաքննվում» Գ. Ա. 24:21: Ագրիպպաս թագավորի և Փեստոսի առաջ էլ, երբ որ պողոսը վկայելով հասավ մեռելների հարությանը, նրան խելագար անվանեցին. «Դու խելագարվում ես, Պողոս, շատ կարդալը քեզ խենթացրել է» Գ. Ա. 26:24: Այսօր էլ նույնն է:

Սուրբ Հարության տոնը ձու ներկելու, լավ ճաշկերույթներում ընկերներով զվարճանալու, և Աստված գիտի, թե էլ ինչ խնջույքներ և միջոցառումներ կազմակերպելու օր է շատերիս համար: Բայց իսկական տոնը ոչ մի կապ չունի տարեթվերի և ամսաթվերի հետ: Իսկական տոն է այն սրտում, որն հավատում է, որ մեռելների հարություն է լինելու և Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի: Ամբողջ ավետարանի հիմքը հետևյալն է. «…Քրիստոսը մեր մեղքերի համար մեռավ, Գրքերի համեմատ,և որ Նա թաղվեց ու երրորդ օրը հարություն առավ, Գրքերի համեմատ» 1Կորնթ.15:3-4: Եվ հետո Պողոսն ասում է. «…ինչպես են ձեզանից ոմանք ասում, թե մեռելներից հարություն չկա: Եթե մեռելներից հարություն չկա, ուրեմն Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր քարոզչությունն ունայն է, և ձեր հավատը զուր: Ու մենք էլ դառնում ենք Աստծո սուտ վկաները, քանի որ Աստծո մասին վկայություն տվինք, թե Քրիստոսին հարություն տվեց, որովհետև եթե մեռելները հարություն չեն առնում, ուրեմն Քրիստոսն էլ հարություն չի առել» 1Կորնթ. 15:12-16: «… Քանզի Քրիստոսը, մեր Զատիկը, մեզ համար զոհվեց: Ուրեմն, եկեք տոնը կատարենք ոչ թե հին խմորով, ոչ էլ չարության և անզգամության խմորով, այլ ակեղծության և ճշմարտության անխմոր հացով» 1Կորնթ.5:7- 8:

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ

Արցախ ՝ վեր.Գառնիկ Աբրեյան

Աստվածաշունչ  ,    Դիտեք՝  Հիսուս Ֆիլմը   ,      Ֆիլմեր

Կարդացեք Նաև ՝ Զարմանալի անակնկա՞լ, թե՞ հավատ

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.