Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս:  

տարի առաջ
Հայերենում Սուրբ Ծննդյան ողջույնը շատ ընդարձակ ու բովանդակալից պատգամ է: Այն ասում է, որ Քրիստոսը ծնվեց և նկատի ունի, որ ծնվելով ոչ թե Նա սկիզբ առավ, գոյության կոչվեց, կամ Նրա առաջին օրը սկսեց, ո՛չ: Մարդկանց և Աստծո մյուս արարածների համար է, որ նրանց ծնունդով սկսվում է նրանց կյանքը կամ գոյությունը: Քրիստոսն այդ օրը ծնվելով՝ պարզապես երկիր իջավ, մարդացավ: Հովհաննես ավետարանիչը, ով գրում է, թե Բանը մարմին եղավ և մեր մեջ բնակվեց (Հովհ. 1:14;), նաև գրում է, որ Բանը Քրիստոսն էր, Ով սկզբում էր, Աստծո մոտ էր և Աստված էր: Ուրեմն, Աստված մեզ՝ մարդկանց, հայտնվեց՝ Քրիստոսի ծննդյամբ աշխարհ գալով: Սա եզակի ձևով եղավ, սա միայն ու միայն Սուրբ Ծննդյան միջոցով իրականացավ. Աստծո Որդին՝ Միածինը, երկնքից երկիր իջավ: Իմիջիայլոց, մեր Էջմիածին քաղաքի անվանումը կապված է Քրիստոսի հետ, որտեղ էջ-ը դա իջնելն է, իսկ միածինը՝ Աստծո Միածին Որդին, ըստ Հովհ.3:16-ի «Աստված … Իր Միածին Որդուն տվեց…»:
Ուրեմն, այս ողջույնի առաջին նախադասությամբ մենք ասում ենք, որ Աստված եկավ այցելելու մարդկությանը: Իսկ երկրորդ նախադասությունը շարունակում է ուրախության ու ցնծության այս ընթացքը՝ ասելով. «Մեզ և ձեզ մեծ Ավետիս»: Այսինքն բոլորիս համար էլ ուրախալի լուր է. Քրիստոսի աշխարհ գալը բարի լուր է: Ինչու՞, որովհետև Նա յուրահատուկ նպատակով և առաքելությամբ եկավ: Նա եկավ որպես փոքրիկ մանուկ, մեծացավ, դարձավ պատանի, երիտասարդ, հետո, 30 տարեկանից սկսեց քարոզել Աստծո մոտեցող Արքայության մասին:
Նա քարոզում էր, որ բոլորը ապաշխարեն, այսինքն՝ հրաժարվեն իրենց մեղքերից, դառնան Աստծուն, որպեսզի արժանանան երկնային արքայությանը: Իսկ հակառակ դեպքում, եթե չապաշխարեն, ապա հանգրվանելու են դժոխքում՝ հավիտենական տանջանքի վայրում:
Հիսուսը ոչ միայն քարոզեց, որ մարդիկ փոխվեն, այլ նրանց զորություն և իշխանություն տվեց փոխվելու՝ մեղքից ետ շրջվելու: Բայց գիտե՞ք, թե այս ամենը կատարելու համար Նա ինչպիսի՜ տանջալից ճանապարհով անցավ: Նախ, որպես Աստծո մատաղացու Գառ, Նա պատարագվեց մեր մեղքերի համար: Իր Սուրբ Արյունը հեղեց՝ մեր մեղքերի պարտքի ցուցակը ջնջելու համար: Նա զոհվեց, որպեսզի ամեն Նրան հավատացողը, Նրանից հավատով մեղքերի թողություն խնդրողը, ազատվի իր մեղքի բեռից: Երկրորդ. Հիսուս Քրիստոսին խաչից իջեցրին ու թաղեցին, բայց Նա հարություն առավ մեռելներից, համբարձավ երկինք՝ Աստծո մոտ, և հիմա բարեխոսում է նրանց համար, ովքեր դիմում են Նրան՝ հին կյանքից ազատվելու խնդրանքով: Հիսուսը ներում է և զորություն տալիս՝ վերափոխված կյանքով ապրելու համար:
Ուրեմն , Նա եկավ՝ մեզ մեղքերից փրկելու, նոր կյանք տալու և հավիտենական կյանք տալու համար: Նա մեզ համար Պարգև ու Նվեր դարձավ, լավագույն Նվերը, Շնորհը, Ում միջոցով մենք կարող ենք մտնել Նրա թագավորության մեջ: Այդ իսկ պատճառով էլ նրանք, ովքեր Քրիստոսից ստացել են այս նոր կյանքը, այս մեծ ուրախությունը, սրտի տրոփյունով, կամ ջիգյարով ասում են. «Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ Ավետիս»:
Սիրելիներ, մեր նպատակը միայն այս մասին խոսելը չէ, այլ Աստծո կողմից շարունակ հնչվող կոչի բարձրաձայնումն է, որը երկու կարճ մտքով է ամփոփվում. Առաջին. Աստծո կողմից խոստացված, երկնքից իջնող Արքայությունը մոտենում է: Այն ավելի մոտ է, քան 2 000 տարի առաջ, երբ դեռ Հիսուսն երկրի վրա էր: Երկրորդ. Տերն այսօր ևս մարդկանց հրավիրում է , որ, հավատալով Նրա պատարագին, ապաշխարեն՝ այսինքն խոստովանեն իրենց մեղավորությունը ու վստահեն Քրիստոսին: Նա է մեղքերի թողություն տալիս, Նա է մեր կյանքը փոխում, Նա է մեզ հավիտենապես օրհնում ու երջանկացնում:
Ուրեմն, լսե՛նք և արձագանքե՛նք Նրա կոչին:
Ամեն:
Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.