Կրկնազատիկ` նորացման կիրակի

2 տարի առաջ

Սուրբ Հարության տոնին հաջորդող կիրակին կոչվում է Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Այն նոր կյանքի խորհուրդն ունի, քանի որ Քրիստոսի Հարությամբ ամեն ինչ վերստին նորոգվեց, հինն անցավ և ամեն ինչ նոր եղավ (Բ Կորնթ. 5.17):
Նոր կիրակին անդրադառնում է նաև Թովմաս առաքյալին: Հարությունից հետո Հիսուս հայտնվեց իր առաքյալներինև իր խաղաղությունը բաշխեց: Առաքյալներից Թովմասը այդ օրը ներկա չգտնվելով, ասաց. «Եթե չտեսնեմ նրա ձեռքերի վրա մեխերի նշանը և իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մեջ չխրեմ, չեմ հավատա» (Հովհաննես 20.25): Ութ օր անց Հիսուս կրկին հայտնվեց իր առաքյալներին: Թովմասին մոտենալով`Հիսուս ասաց.« Բեր քո մատները և դիր այստեղ ու տես իմ ձեռքերը: Եվ բեր քո ձեռքը և մտցրու իմ կողի մեջ. անհավատ մի եղիր, այլ հավատացյալ» ( Հովհաննես 20.27): Դրանից հետո Թովմասն իսկույն Տեր ու Աստված դավանեց Նրան: Քրիստոնեական մյուս Եկեղեցիներում Զատկին հաջորդող կիրակին կոչվում է «Թովմասի կիրակի»:
Ավանդույթի համաձայն` կրկնազատկի տոնին Մատենադարանի ձեռագրապահոցից դուրս է բերվում և Արագածոտնի թեմի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի տարվում Շուրիշկանի հրաշագործ Սուրբ ավետարանը (1498թ.), որի հետ կապված են բազմաթիվ հրաշագործ պատմություններ, առողջանալու դեպքեր: Ավետարանին նվիրված են բազում երգեր ու ստեղծագործություններ: Այդ օրը շատերն ուխտի են գնում Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցի:
Պատահական չէ, որ այս տոնը նշում ենք գարնանը, քանի որ գարնանը ծառերը վերստին ծլարձակում են, բնությունը կրկին նորոգվում է:
Հիսուսի հարությամբ նորացած այս կիրակին կոչ է անում մեզ նորանալու, նոր մարդ դառնալու, փոխելու մեր վատ սովորությունները, հիշելու Աստծո ներկայությունը մեր կյանքում և արդարությամբ ապրելու մեր կյանքը` հարության լույսով հաղթանակած:

Comments
 
Loading...
End of content.
No more posts to load.