"ԿԱՐՄԻՐՏեղանքային քարտեզի վրա պաշտպանության բանակի հարավարեւելյան դիրքն է՝ կարմիր շրջանակի մեջ: Կարմիրը նշանակում է՝ վտանգավոր է: Վտանգն էլ մեր ու նրանց դիրքերի արանքում փռված անտառն է՝ ինչպես շնչափողում արգելակված օտար մարմին: Տարատեսակ սարքերն անընդհատ վերահսկում են թշնամուն, բայց «ինքնամփոփ» անտառը պակաս խորհրդավոր չի դառնում: Հիմա վտանգը չի զգացվում: Միայն փոքրիկ վահանակն է հողաթմբի վրայից անընդհատ հիշեցնում. «Հակառակորդի կողմից դիտարկվում եւ գնդակոծվում է»: Նեղ անցուղիների եզրերին խնամքով շարված ծաղիկների թփերը, որոնց բույրն ալիքվում է օդում, սեղանին դրված թեյի բաժակներով սառը սուրճը, ավազին արքայավայել փռված կատուն մոռացնել են տալիս կարմիր շրջանակը: Եվ աշխարհի ամենամաքուր երկնքի տակ թշնամուց ու տագնապներից չէ, որ ուզում ես զրուցել:

 

Տղաների դեմքերին ուրախ, անհոգ ժպիտ է խաղում, բայց դժվարանում եմ նրանց խոսեցնել:

-Էսա թերթը ստանանք, վազելով գալու եք՝ թե մեր նկարը չկա,- ինձ ուղեկցող սպան՝ Արթուր Պիլիյանը, հոնքերը բարձրացնելով ու բազմանշանակ ժպտալով, ասում է զինվորներին: Այդպես կարծես քաջալերում է նրանց: Աշխույժ ու հումորով երեսունն անց տղամարդ է: Իր կյանքի տասնմեկ տարիներն առաջնագծում է անցկացրել, ասում է.  «Պիտի սրտանց ծառայես, որ խիղճդ հանգիստ լինի»:

Դրսի վտանգից ավելի ինձ ներսի հարցերն են հետաքրքրում: Զինվորներն ասում են՝ այստեղ առանց վստահության անհնար է: Վստահություն բառը շատ են օգտագործում. երեւի դիրքերում ամենից էականն է: Շահենը՝ բարձրահասակ, բարեդեմ զինվորը, որ շուտով զորացրվելու է, իր քսանամյակից է պատմում:  Այդ օրը մարտական հերթապահությունը հանձնել, գետնատնակ է մտել ու սեղանին ընկերների  պատրաստած պեչենիով տորթը գտել:  Զարմացել էր, ուրախացել, հուզվել:

-Հակառակորդն անդադար կրակում էր, իսկ տղաները շարունակում էին երգել ինձ համար: Հիմա չգիտեմ՝ ծառայության սկիզբն էր դժվար, թե վերջը, երբ այսքան «կուտակված» մտերմություն կա,-հոգոց է հանում Շահենը:

"ԿԱՐՄԻՐ-Ես ասեմ,-հանգիստ վրա է բերում դիրքի ավագ Մարատը, որն այստեղ փորձառուի համբավ ունի: -Սկզբում ժամանակը կարծես չի անցնում, հետո ամեն ինչ ընկնում է հունի մեջ: Բանակի կյանքը այնքան հետաքրքրություններ ունի: Դիրքային ընկերությունն էլ հացի պես անհրաժեշտ բան է:  Եթե մեկն անհավես է, մի հատ կոֆե սարքիր, մի երկու կատակ արա, տես՝ տրամադրությունը ոնց է տեղն ընկնում:

Տղաներն աշխուժանում են ու, իրար հերթ չտալով, հիմա էլ պատմում են, թե ինչպես մի օր Շահենն անսպասելի վեր թռավ քնից, «կասկան» դրեց, զենքն առավ, վազեց կրակակետ` դիրքավորվելու: Իրենք էլ գնացին՝ հասկանալու՝ էս ի՞նչ պատահեց:  Պարզվեց՝ զինվորը երազում տագնապ հրամանն էր ստացել: Եվ ինչ բարի հումորով են տղաները պատմում կատարվածը: Սա է կարմիր շրջանակի մեջ առնված դիրքի կյանքը՝ արժեւորված բազում դրվագներով, առանց հնարովի խոսքերի ու ապրումների:

"ԿԱՐՄԻՐ-Էդգա՛ր,-դիրքի ավագը հայացքն ուղղում է դեպի ընկերը,-էդ ինչի՞ չես խոսում: Զորամասի լավագույն նշանառուն է: Կրակայինից միայն գերազանց է ստանում:

-Հետո ինչ, որ գոնե մի անգամ դրանց կողմ չկրակեցի,-ուսերը վեր է քաշում Էդգարը,- էսօր-էգուց զորացրվելու եմ: Գիտակցելով եմ ծառայել, ամեն քայլս կշռելով, տղամարդավարի, որովհետեւ հայրենիքն ենք պաշտպանում:

-Իսկ եթե մեկի մոտ էդպես չի ստացվո՞ւմ,- հարցնում եմ:

-Ո՞վ է զինվոր ծնվում,- «հակադարձում»  է երեւանցի Դավիթը. -կարեւորն ուզելն է:

-Երկու անգամ զենքը ձեռքիդ գիշերը պոստ պահես, կպնդանաս,- բացատրում է չորս ամսվա դիրքապահ Լեւոնը:

"ԿԱՐՄԻՐ-Ես էլ «ռոմանոյի» ուսանող եմ,-ներկայանում է Վահեն,-ասում են, չէ՞, լեզվաբանները քմահաճ են, երազկոտ, չհարմարվող: Ես հարմարվեցի, որովհետեւ պարտավոր եմ, որովհետեւ զինվոր եմ, որովհետեւ կիզակետում եմ: Գրքեր հետո կկարդամ:

Նկատում եմ խրամատով մեզ մոտեցող սպային: Իսկույն երեւում է՝ նոր մարդ չէ այս կողմերում: Դասակի հրամանատարն է՝ լեյտենանտ Սարգիս Պետրոսյանը: Ռազմական համալսարանն ավարտել ու ծառայության համար կամովին սահմանի այս հատվածն է ընտրել: Ապրիլյան կռիվների ժամանակ շատ ընկերներ է կորցրել, բայց նախազգուշացնում են՝ այդ մասին չխոսեմ: Ծանոթանում ենք: Երիտասարդ լեյտենանտը մի ցանկություն ունի՝ խաղողի վազեր տնկել, որ կարմիրով շրջանակված դիրքը կանաչի: Ուզում է նաեւ անձնական կյանքը դասավորել, սահմանին մենակ ապրելը շատ դժվար է: Ընտրյալ ունի, շուտով առաջարկություն կանի:

Չեմ ու չում է անում, երբ ասում եմ՝ խրամատ բարձրանանք. «Այսօր շատ են կրակում»: Համոզում եմ ու հագնում անվտանգություն ապահովող բոլոր միջոցները: Քայլում ենք խրամատի երկայնքով եւ ժամանակ առ ժամանակ կանգ առնում: Լեյտենանտ Պետրոսյանը հակառակորդի շարժը կաշկանդող հայրենական արտադրության միջոցներն է ցույց տալիս: Չի մոռանում յուրաքանչյուրի մարտավարատեխնիկական բնութագրերը նշել՝ էսքան շառավղով, էսքան ուժգնությամբ, էսքան վնաս:

-Ասում են՝ Ադրբեջանը սահմանին պատերազմին նախապատրաստվող երկրի վարքագիծ է դրսեւորում,- իմիջիայլոց նկատում եմ ես:

-Դե, մենք էլ էդպիսի մի բանի ենք սպասում, որ շանսատակ անենք,- վրա է բերում հրամանատարը:

-Ասում են` շատ զենք ունեն,- նորից խոսք եմ բացում ես:

-Է՜հ, թող ունենան, մենք էլ զենքը պինդ բռնող տղաներ ունենք,- երիտասարդ հրամանատարը մտնում է կրակակետ: -Այ, օրինակ՝ Ժորայի ու Արթուրի նման: Գելի սիրտ կերած զինվորներ են:

"ԿԱՐՄԻՐՏղաները ժպտում են, հետո ձգվում ու արագ զեկուցում. նրանց հովիվը ոչխարներն է արածեցնում, նրանց կանայք դաշտում քաղհան են անում, նրանց զինվորները խրամատն են մաքրում… Ու այս ամենը մեր նշանառության տակ: Մտածում եմ՝ էդքան ատելություն չունենք, էլի, որ անզեն գյուղացուն վնասենք: Ու ինչ լավ է, որ չունենք:

Զինվորները հետախույզի խողովակ կոչվող հայրենական արտադրության սարքով շարունակում են ցերեկային դիտարկում կատարել, իսկ մենք կողքի խրամաբջիջ ենք մտնում: Հերթապահը ազգությամբ եզդի Բադրն է՝ ամրակազմ, հաղթանդամ, վառվռուն աչքերով զինվորը: Անտառը նրա գնդացրի օպտիկական նշանոցում երեւում է ամենայն մանրամասնությամբ: Զինվորն ասում է՝ աչք գրեթե չի թարթում, որ հանկարծ որեւէ բան տեսադաշտից չվրիպի:

-Ուրեմն ամենաուժեղը դու ես, եթե էս նոր ու ծանր զենքը քեզ են վստահել,-նկատում եմ:

-Երեւի,-մտածկոտ դեմքով ասում է Բադրը.-կուլտուրիզմով եմ զբաղվել:

-Էդ մարզաձեւում հաջողելու համար հարկավոր է Բադրի սրտի պես խիզախ սիրտ ունենալ,-ձեռքը զինվորի ուսին դնելով՝ ասում է լեյտենանտ Պետրոսյանը:

"ԿԱՐՄԻՐԶորամաս իջնելու ժամանակն է: Տղաները զգլխիչ բույր ունեցող ծաղիկներ են քաղում, փունջ կապում ու ինձ մեկնում: Իրենք ինձ բարի ճանապարհ են մաղթում, ես նրանց՝ բարի ծառայություն: Կարմիր շրջանակի մեջ ապրող դիրքից հեռանալիս հայացքով գրկում եմ երկնքի կապույտը. թող խաղաղություն լինի:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

hayzinvor.am