ՁՄԵՌ ՏԱՏԸ

""

Posted On 23 Dec 2016Comment: 0Tag: Ալիս Ալավերդյան, ՁՄԵՌ ՏԱՏԸ

Գյուղը հենց սահմանի բերանին էր։ Թշնամու տարածքները գյուղին ավելի մոտ էին, քան հայկական գյուղերը։ Մի կողմում թշնամին էր, մյուս կողմում՝ անտառը, որ հիմա դարձել էր ավելի դավադիր ու վտանգավոր։ Գյուղի դաշտերը, հողատարածքները անմշակ էին, կծղած։ Հողը մշակելու ամեն փորձ ծանր էր նստում գյուղացու վրա. թշնամին գնդակների տարափ էր տեղում ու հողի մեջ սերմ ու հունդի փոխարեն երկաթե պարկուճներ «ցանում», իսկ անջրդի մնացած հողերը հայ գյուղացու արյամբ էին հեղվում։ Թշնամին այնքան էր լկտիացել, որ մութ գիշերով համարձակվել էր գյուղ մտնել, տան մեջ մորթել էր կնոջն ու պատանդ էր տարել նրա ամուսնուն:

Իրենց հանդ ու անդաստանի խաղաղությունը պաշտպանելու համար մարտի ելան ազատամարտիկները, իսկ հետո արդեն հայ զինվորները (մեր բանակի առաջին զինվորները): Հայ զինվորը դարձավ մեր շեների պաշտպանը` խաղաղություն բերողը:

Շինականի անհանգիստ ու հոգսաշատ դեմքին վերջապես ժպիտ երեւաց, ալեկոծ հոգին մի քիչ խաղաղվեց: Գյուղի մարդիկ ի՜նչ սիրով, գորովով ու ջերմությամբ էին ընդունում զինվորներին:

Զինվորների գալը մենակ ապրող մի ծեր կնոջ աշխարհի չափ ուրախացրել էր: Զինվոր տղաները հաճախ էին օգնում նրան` ջուր էին բերում, ցախ կոտրում, վառարան վառում։ Նանը մի բուռ դարձած, չորուկ-մորուկ մի կին էր, դեմքին հազար կնճիռ։ Զինվոր տեսնելիս տան անկյուններն էր քրքրում, գոգնոցի հազարումի գրպանները, որ պահած մի քաղցր բանով հյուրասիրեր իրենց գյուղի խաղաղությունը պահպանող տղերքին։ Այգու ամենալավ մրգերը պահում էր զինվորների համար ու հյուրասիրելիս էլ անպայման հետաքրքրվում էր. «Ումոնցի՞ց ես, բալա»։ Ասես Հայաստանի այս կամ այն անկյունից եկած զինվորների ազգուտակին ճանաչում էր։ Զինվորները ժպտում էին, ծիծաղում, բայց նաեւ սիրով պատասխանում։ Ու տատը բացում էր օրհնանքի տուտը, օրհնում էր ոչ միայն զինվորին ու նրա ծնողներին, այլ մի յոթ պորտ էլ այն կողմ…

Տատի տունը հենց զորամասի կողքին էր, ու ամեն առավոտ զինվորները ողջունում էին տատին. -Աստծո բարին ձեզ, բալեք ջան,- ասում էր տատն, ու տատի բարեւն այնքան ջերմ ու բարի էր, որ իսկապես հավատում էիր, որ բարեւի արմատը բարին է… Զինվորները վառում էին տատի տան կրակը, քեֆ-հալ հարցնում, զրուցում, կատակում. «Տա՛տ, որ հարսանիք անեմ, անպայման կգաս»։ «Բա ոնց,- ասում էր տատը,- առանց ինձ հո հարսանիք չե՞ք անի։ Աշխարհի որ ծերն էլ գնաք, կգամ կհասնեմ ձեր հարսանիքին…»։ Ջերմ զրույցը ձգվում էր երկար-երկար, տունը այդ պահին հոգի էր առնում, կենդանանում։ Ու կրկին տատը օրհնանքի ջերմ բառերի տուտը բացում էր, հա՜ բացում, ու տունը թե՛ վառարանի, թե՛ բառերի ջերմությունից ավելի էր տաքանում։ Իսկ դրսում մոլեգնում էր ցուրտը, խելագար քամին ձյան խոշոր փաթիլները բերում-նետում էր պատուհանի վրա ու տան ներսի ջերմությունը տեսնելով, ասես փոշմանում էր ու ապակիներին, ի նշան զղջման, ասեղնագործ հրաշք պատկերներ էր նկարում։

…Նոր տարին մոտենում էր, ձմեռն էլ իր լիարժեք իրավունքների մեջ էր։

-Բալե՛ք ջան, տնից-տեղից կտրված եք, Նոր տարուն ես ձեր Ձմեռ տատն եմ դառնալու,- կատակում էր նանը։

Ամանորի ուշ գիշերը ձյուն տեղաց։ Բացվեց առավոտը մի նախաստեղծ մաքրությամբ։ Ամենուր ճերմակն էր ծփում՝ խաղաղության գույնը։ Սակայն թշնամու երբեմն-երբեմն հնչող կրակոցները խաթարում էին նորաստեղծ լուսաբացի գեղեցկությունը, կարծես մեկ անգամ եւս հավաստելով, որ հրեշավոր էությունն ունակ չէ տեսնելու, ընկալելու, հիանալու գեղեցկությամբ։

Առավոտ վաղ զինվորները հրամանատարից թույլտվություն վերցրին այցելելու տատին։ Մեկը մեկից գաղտնի, թաքցրել էին իրենց նվերները (չէին ուզում սենտիմենտալ երեւալ), մեկը ինքնաշեն մի խաչ, մյուսը հարազատների ուղարկած տուլիկից մի բան վերցրած՝ բախեցին տատի տան դուռը։ -Շնորհավոր Նոր տարի, տա՛տ,- ոգեւորված գոռացին դեռ դռան շեմին։ Շնորհավորանքը անսպասելի միաշուրթ հնչեց, բայց մնաց անարձագանք…

Զինվորները բացեցին դուռն ու… սեղանին նախշուն նոր գործած բազմաթիվ գուլպաներ էին ու մի շիշ հոնի օղի… Ձմեռ տատի նվերն էր, որ օրեր առաջ խոստացել էր տատը։ Իսկ նա՞նը… Նանը հանգել էր՝ մատների մարող վերջին ջերմությունը թողնելով զինվոր տղերքի համար գործած գուլպաների մեջ…

Հուղարկավորությունը սովորական էր. գուցե թշնամին էր միայն զարմացել, որ հեռավոր այդ գյուղում միայնակ մի ծեր կնոջ թաղմանն այդքան զինվոր էր մասնակցում:

Ալիս Ալավերդյան magaghat.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *