""Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլակյանը կստանձնի Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը: «Ազատության» հետ զրույցում Ցոլակյանը հաստատեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է ղեկավարել արտակարգ իրավիճակների ոլորտը, ինչին համաձայնել է:

«Դեռ նշանակում չի եղել, ինձ հետ զրուցել են, առաջարկություն եղել է՝ ԱԻՆ-ի նախարարի պաշտոնը, ես համաձայնել եմ», — ասաց Ֆելիքս Ցոլակյանը՝ հավելելով, որ համաձայնել է առաջարկին կառավարությանն աջակցելու նպատակով:

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնում էր ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը: Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների օրինագծին հանրապետականների հետ նաև «Ծառուկյան» դաշինք և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների կողմ քվեարկելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում հազարավոր քաղաքացիների ներկայությամբ հայտարարեց ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի նախարարներին ու մարզպետներին աշխատանքից ազատելու մասին: