Երեք օր առաջ կյանքից հեռացավ իմ մանկության ընկերը՝ Արտյոմը, նա ինքը՝ <<օրենքով գող>> Ծյոմը։ Ծյոմի հետ Շենգավիթի նույն մանկապարտեզն ենք հաճախել, նույն թթի ծառից թութ կերել, Վարդուշ տատի ծիրանի ծառից ծիրան գողացել։ Դպրոցում էլ նույն դասարանում, նույն նստարանին էինք նստում, դպրոցի հետևում, մյուս դասարանցի տղաների հետ կռիվների ժամանակ, միշտ իրար կողքի էինք, իրար հետ ծեծում էինք, իրար հետ՝ ծեծվում, իսկ մեր դասարանցի Հասիկոն միշտ երկուսիս տանում էր, դպրոցի բակի պուլպուլակի մոտ մեր արյունոտ քթերը լվանում, մեր շորերն էր կարգի բերում, որ տանը հանկարծ ոչինչ չիմանային։ Ութերորդ դասարանում, երբ հայրս մահացավ, մեր ընտանիքը տեղափոխվեց տատիս տուն, որը գտնվում էր քաղաքի հակառակ ծայրում, բայց ես երբեմն-երբեմն, սկզբում մորս հետ, այցելում էինք Արտյոմի մորը, որ մորս ընկերուհին էր։ Ավարտեցինք դպրոցը, տարիներ անցան, ես ավարտեցի համալսարանի իրավաբանականը, դարձա ոստիկանության աշխատակից, գնդապետի աստղեր կրեցի, իսկ Արտյոմը դարձավ երկրում ու երկրի սահմաններից դուրս ճանաչված, հարգված, ընդունված <<օրենքով գող>>, ինչից հետո էլ մեր հանդիպումները, շփումը երբեք չեն դադարել։ Ես գիտեի, որ եթե պետք լիներ, Արտյոմը կյանքը չէր խնայի ինձ համար, բայց երբեք թույլ չտվեց, որ ես իմանայի իր գողական կյանքի որևէ դրվագ, որևէ գործողություն, որևէ ինֆորմացիա։ Փորձել եմ, շատ անգամներ եմ փորձել, բայց նա նման պահերի միշտ կրկնում էր՝ ես գող եմ, դու՝ գող բռնող, յուրաքանչյուրս իր գործն է անում, արի, չմտնենք իրար տարածք, մնանք, որպես մանկության ընկերներ։
Արտյոմի թաղմանը ողջ քաղաքն էր հավաքվել։ Մեր դասարանցիների համար կրկնակի սուգ էր, քանի որ Արտյոմից բացի, թաղում էինք նաև մեր դասարանցի Հասմիկին, Արտյոմի սիրած Հասիկոյին, իսկ այդ սիրո մասին առաջին անգամ Արտյոմն ինձ խոստովանել էր դեռ յոթերորդ դասարանում, թեև այդպես էլ Հասմիկը, և նաև ուրիշ ոչ ոք, չիմացան նրա ՄԵԾ ՍԻՐՈ մասին։
Արտյոմը կարող էր լավ գիտնական դառնալ, հատկապես՝ լավ քաղաքական գործիչ, բայց նա ընտրեց այդ՝ գողի ճանապարհը, ճանապարհ, ինչը խորտակեց Վիկտոր Համբարձումյանի նման աստղագետ դառնալու նրա մեծ երազանքը, ինչը սպանեց նրա սերը՝ Հասմիկին, ինչը խորտակեց նրա կյանքը։
Գնաս բարով, մանկության իմ հուշ։
(Ոստիկանության գնդապետի օրագրից)
1.
Բանտախցի փոքրիկ պատուհանը բացվեց, ու երևաց բանտապահի կլոր դեմքը։
— Քերոբ, կանաչ դեղձանիկների երամը թռավ, նստեց ճյուղին։
Ճաղապատ պատուհանի մոտ կանգնած տղամարդը՝ <<օրենքով գող>> Ծյոմը, նա ինքը՝ Արտյոմ Բադալյանը, գլխով արեց ու շարունակեց նայել պատուհանից երևացող կապույտ երկնքի փոքրիկ կտորին։ Հասկացավ, որ իր պլանով կատարված գործի մասնաբաժինը հասել է բանկում ունեցած կեղծ հաշվեհամարին։
Իսկ կապույտ երկնքի այս հատվածում իր երազանքի տունն էր՝ մեկ հարկանի, համեստ մի խրճիթ, բակի պարտեզում խաղում են իր չեղած-չծնված երեխաները, խրճիթի բաց պատուհանից երևում է ամանները լվացող մի կին և այդ կինը միշտ իրեն երևում է դասարանցի Հասիկոյի կերպարանքով։
Տղամարդը հեռացավ պատուհանից, նայեց ժամացույցին։ Ահա, մեկ-երկու ժամից կբացվի բանտախցի դուռը, ու բանտապահը իրեն դուրս կուղեկցի՝ դեպի ազատություն։ Տասը տարի այս բանտախցում անցկացնելուց հետո, ինքը դուրս կգա, տուն կգնա, տուն, ուր այլևս չի բուրի մոր թխած գաթայի հոտը։ Խցում եղած գրքերից միայն օրենքով գող Վասյա Բրիլիանտի` Վլադիմիր Բաբուշկինի մասին պատմող գիրքը վերցրեց, տեղավորեց պայուսակի մեջ։
Կալանավայրի ծանր դարպասների մոտ նկատեց փողոցում հավաքված ամենաշքեղ ու թանկ ավտոմեքենաների շարասյունը, Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, նույնիսկ Հունաստանից իրեն դիմավորելու եկած <<օրենքով գողերի>>, քրեական աշխարհի ներկայացուցիչների ծանոթ դեմքեր։ Ոտքը կախ գցեց։ Երանի նրանց փոխարեն իրեն դիմավորեին մայրը, Հասիկոյի կերպարանքով այն կինն ու իր չեղած-չծնված երեխաները։ Բայց քիչ էլ առաջացավ, հայտնվեց իրեն դիմավորողների գրկում, մոռացավ այն կնոջն էլ, չծնված երեխաներին էլ։
Գիշերային բուռն կերուխումից հետո, միայն լուսադեմին տուն հասավ։ Տանն ամեն ինչ նույնն էր, միայն մոր փոխարեն նրան դիմավորում էր պատից կախված, սև շրջանակի մեջ եղած մոր ժպտացող նկարը։ Մտածեց, որ առավոտյան կայցելի մորը՝ Կարմիր բլուրի գերեզմանոցում։
— Սաքո, վաղը մի նորմալ կին գտիր, որ օրվա մեջ մի երկու ժամով գա, ճաշ եփի, տունը կարգի բերի,- ասաց իրեն ուղեկցող տղային ու մտավ ննջարան։
Արդեն չորրորդ օրն է, որպես տնային տնտեսուհի եկող կանանց մերժում էր, առանց դեմքներին իսկ նայելու։ Այդ օրն էլ անկողնուց վեր կացավ, լվացվեց, մտավ խոհանոց՝ իր ձեռքով սուրճ պատրաստելու։ Լսվեց դռան բացվելու ձայնը, քայլերը մոտեցան, կանգնեցին խոհանոցի դռան մոտ։
— Քերոբ, այս կինն ուզում է տնային տնտեսուհի աշխատել։
Շուռ չեկավ։
— Սուրճը համով լինելու համար պետք է եփել մարմանդ կրակի վրա,- լսվեց կնոջ ձայնը։
Արտյոմը սարսռաց։ Ձայնը եկավ, տարածվեց մարմնով մեկ, դիպավ սրտին։
— Սաքո, դու ազատ ես։
— Թուլացրու գազի հոսքը, քանի սուրճը չի եռացել,- շարունակեց կնոջ ձայնը։
Նա՞ է, մտածեց՝ առանց պտտվելու, այո նրա՝ Հասիկոյի նույն փաղաքուշ, հանգիստ, փափուկ ձայնն է։
— Դպրոցում հենց սխալ բան էի անում, գրքով գլխիս էիր խփում,- ասաց կամացուկ։
— Դա դպրոցում էր, 30-40 տարի է անցել, ես դեռ ապրել եմ ուզում,- հոգոցով պատասխանեց կինը։
— Դու գիտեի՞ր՝ ուր ես գալիս,- հարցրեց՝ նորից առանց շուռ գալու։
— Գիտեի,- պատասխանեց կինը, ապա ավելացրեց,- ստիպված էի, եկա: Հիվանդանոցում բուժքույր էի, կրճատման տակ ընկա, չորս ամիս է, անաշխատանք եմ, ասացին, որ այս տանը տնային աշխատող է պետք, եկա։
— Գնա, վաղն առավոտից կգաս, տղաները կասեն, թե ինչ անես։
Հասմիկը գնաց, ինքը շարունակեց նույն դիրքով կանգնած մնալ։ Տեսնես՝ Հասիկոն փոխվե՞լ է։ Դե, երևի փոխվել է, շուտով 50 կդառնա, ինչպես այդ տարիքի հայ կանայք, երևի լցվել է, դիմագծերն աղավաղվել են։ Ինչու՞ չպտտվեց, չնայեց նրան։ Վերջին անգամ չի հիշում, թե քանի տարի առաջ են հանդիպել, պայմանավորվեցին հաջորդ օրը հանդիպել, բայց այդ հաջորդ օրը այդպես էլ չեկավ, իրեն կալանավորեցին։ Հա, երևի մի երեսուն տարի առաջ էր։ Հիշեց երկնքի կապույտում իր չեղած տունը, չեղած երեխաներին ու պատուհանից երևացող կնոջը։ Այս ի՞նչ զուգադիպություն է, կինը Հասիկոյի արտացոլանքն է միշտ եղել, և ահա հայտնվում է ինքը՝ իրական Հասիկոն։ Չէ, կյանքում այսպիսի բաներ հնարավոր չէ, որ կատարվեն, սա ինչ-որ միստիկա է կամ հենց այսպե՞ս պիտի լիներ։ Թափ տվեց գլուխը մտքերից, վերցրեց սուրճն ու սենյակ մտավ։ Հանկարծ մի մտքից դժգունեց․ գուցե Հասիկոյին իրենց դասարանցի գնդապե՞տն է ուղարկել՝ Ռուբոն։
— Սաքո,- ձայն տվեց,- Սաքո, այն կնոջը հասցրեցի՞ր իրենց տուն, իմացա՞ր տան տեղը։
— Հա, իհարկե, Քերոբ, մի երկու փողոց ներքև էր ապրում։
— Գնա, հետաքրքրվիր, իմացիր, ինչո՞վ է զբաղվում, ու՞մ հետ է շփվում, հանդիպում, աչքդ վրան պահիր՝ ու՞ր է գնում, վաղն ասա։
2.
Տան մեջ հայելիները այնպես էին դասավորված, որ իմացող մարդը համապատասխան տեղում նստած, կարող էր հետևել խոհանոցի ու մյուս սենյակների անցուդարձին։ Հասմիկը խոհանոցում ճաշի պատրաստություն էր տեսնում։ Արտյոմն արդեն վեց ամիս էր, լուռ հետևում էր նրա շարժումներին, աշխատանքին։ Նա նկատեց, որ կինը բավականին փոխվել է այստեղ աշխատանքի անցնելուց ի վեր․ մաշված դեմքը քիչ լցվել է, խամրած աչքերը ավելի ժպտուն են դարձել, կմախքացած նախկին մարմինը կանոնավորվել է, քիչ կլորացել, իր ճանաչած, իմացած Հասմիկն է դարձել։ Կինը քիչ-քիչ հարմարվել է տանն ու իրեն, նույնիսկ սկսել է փնթփնթալ, հանդիմանել, երբ երբեմն գիշերային գինարբուքերից վերադառնում է հաջորդ օրվա ցերեկը։
— Այս ի՞նչ է վիճակդ, շուտով 50 տարեկան կդառնաս, խելքի չես գալիս։
Նման դեպքերում Արտյոմը ծիծաղում է․
— Այդպես լավ չէ, գի՛րքը, գի՛րքը տուր գլխիս։
Մտքերից կտրեց Սաքոյի ձայնը․
— Քերոբ, Չարբախցի Ալիկն է եկել։
— Թող ներս գա։
Ալիկը այն գողերից էր, որին ընդունում, վստահում էր Արտյոմը։
— Արի, նստիր,- մտնողին դիմացի բազկաթոռը ցույց տվեց տանտերը։
Ալիկի դեմքը խաղաղ էր, Արտյոմը գիտեր՝ երբ է նրա դեմքը այդպես խաղաղ լինում, ուրեմն՝ գործը ճիշտ է գլուխ եկել։ Հյուրը վառեց ծխախոտը, ծուխը դուրս փչեց, հետո դանդաղ ծոցագրպանից հանեց, սեղանին դրեց դոլլարանոցների կապոցը։ Արտյոմը աչքը չթարթեց։
— Սաքո, վերցրու գումարը, բաժանիր տղաներին, հարևաններին չմոռանաս՝ Արուս տատին ու Գեղամենց։
-Դե, պատմիր, ի՞նչ կա,- դարձավ Ալիկին։
— Ծյոմ, մի մեծ գործի տեղ կա։ Դեռ չգիտեմ, պետք ա խորհրդակցենք, տեսնեմ՝ ի՞նչ կասես։
— Ե՞վ․․․
— Սիգար Համոյի ունեցվածքը հանգիստ չի տալիս, ասում ա՝ արի, վերցրու ինձ։
— Հը՛մ,- Արտյոմը նայեց առաստաղին,- ի՞նչ շանս կա։
— Մի քանի օր առաջ Իրկուտսկից քսիֆ եկավ, որ Սիգարի ախրանի պետը տասը տարի առաջ էնտեղի զոնում մեկի քածն ա եղել, կնիկություն ա արել։
— Վատ լուր չի, որքանո՞վ է հավաստի։
— Հարյուր տոկոս։
— Լավ, դրան բերեք էստեղ, տեսնենք։
Երկու օր անց Արտյոմի դիմաց նստած Սիգար Համոյի թիկնազորի պետը չէր կարողանում թաքցնել ձեռքերի դողը, բառերը մի կերպ, կես-կես էր արտասանում։
— Դե, քանի որ համաձայնության եկանք, գաղտնիքդ այստեղից դուրս չի գա,- զրույցը ավարտված համարեց գողը,- գնա ու այսօրվանից աշխատանք տար, որ առաջիկա օրերի ընթացքում Սիգար Համոյի երեխաների դայակը մի սխալ թույլ տա, ու նրան աշխատանքից հանեն, դրանից հետո կներկայացնես մեր աղջկան, որպես <<անփոխարինելի>> դայակ, իսկ անելիքիդ մասին ընթացքում արդեն Ալիկը կասի։
Երբ թիկնազորի պետը դուրս գնաց, Արտյոմը նայեց Ալիկին։
— Գործը անելուց հետո, սրան երկրից կկորցնեք։ Իսկ հիմա որոշենք՝ ովքեր են գործողությանը մասնակցելու։
3.
Սեղանի վրա փռված Սիգար Համոյի տան նախագծի վրա թեքված երեք տղամարդիկ ուշադիր հետևում էին Արտյոմի մատի շարժումներին։
— Վաղը, ուղիղ ցերեկվա ժ․ 1-ն անց 15 րոպեին էլեկտրոցանցի աշխատակից մեր մարդը կանջատի այդ թաղամասի ընդհանուր էլեկտրոէներգիան, իսկ ժ․ 1-ից 10 րոպե պակաս դայակը շորով կխցանի տան երկրորդ հարկի կոյուղին, հատուկ նյութով տունը կողողի նեխահոտով, տանը գտնվող բոլորին կառաջարկի դուրս գալ բակ, մինչև նեխահոտը անցնի։ Ախրանայի պետը ժ․1-ից 10 րոպե պակաս, մյուս տղաներին կառաջարկի որևէ բան ուտել։ Դայակը ձայն կտա, որ տան կոյուղին խցանվել է, կեղտաջուրը տունն է լցվում։ Ախրանայի պետը կասի, որ զանգում է կոմունալ ծառայությունից մարդիկ գան, կոյուղու վթարը վերացնեն։ 1-ն անց 15 րոպե մեր մեքենան կմտնի բակ, թիկնազորի պետը մյուս տղաներին կասի, որ նրանք շարունակեն ուտելը, ինքը բանվորներին կուղեկցի, կհետևի գործին։ Բոլորդ տուն կմտնեք, կբարձրանաք երկրորդ հարկ։ Դուք ունեք միայն 20 րոպե, 20 րոպեից էլեկտրոէներգիան կմիացնեն։ Գործի հաջող ընթացքից հետո, դայակը, քանի որ Հոլանդիայում ժամանակավոր կեցության իրավունք ունի, իսկույն գնում է Սասունցի Դավիթ կայարան, Թբիլիսի գնացող որևէ մեքենայով հասնում է Թբիլիսի, այնտեղից՝ Հոլանդիա։ Մյուսներդ էլ արդեն գիտեք ձեր գնալիք տեղերը։ Դե, հաջողություն, կսպասեմ լավ լուրի։
Առավոտյան Հասմիկն իսկույն զգաց Արտյոմի անհանգիստ վիճակը, թեև վերջինս բակի տաղավարում նստած էր հանգիստ ու Տիբեթյան ուսմունքին վերաբերվող ինչ-որ գիրք էր թերթում, բայց պարզ զգացվում էր, որ չէր կենտրոնանում կարդացածի վրա։ Սուրճ բերեց, բայց Արտյոմը չարձագանքեց նրա ներկայությանը, նախորդ օրերի նման չկատակեց, եփելու համար որևէ հանձնարարություն չտվեց։ Կեսօրին նրա անհանգտությունն ավելի տեսանելի դարձավ, շարունակ ներս ու դուրս էր անում, անվերջ ծխում։ Ժամը 2-ին մոտ, հեռախոսի զանգ եկավ։ Արտյոմը ինքը վերցրեց սեղանի վրա դրված հեռախոսը։
— Ամեն ինչ նորմալ է,- լսվեց հեռախոսի մեջ։
— Եղավ,- մեկ բառով պատասխանեց Արտյոմն ու ներս մտավ։
— Հաս, մի կարգին սուրճ պատրասիր, բան հասկանամ,- օրվա մեջ առաջին անգամ կիսաժպիտ դիմեց կնոջը։
4.
Արտյոմը միացրեց հեռուստացույցը։ Լուրեր էին։ Հաղորդավարը մի քանի տեղեկություններից հետո ներկայացրեց․
— Չորս օր առաջ՝ կեսօրին, Կոմունալ ծառայության աշխատակիցների անվան տակ, չպարզված անձինք կողոպտել են գործարար Համլետ Առաքելյանի առանձնատունը։ Կողոպտիչները տանից հափշտակել են ոսկեղեն, մեծ գումար, ինչպես նաև գործարարի անդամալույծ մոր սենյակում գտնվող 10-րդ դարի ձեռագիր Աստվածաշունչ, արժեքավոր երկու իկոնաներ։ Հափշտակված գումարի ու ոսկեղենի չափի մասին տանտերերը լռում են։ Կողոպտիչները իրենց հետ տարել են նաև գործարարի առանձնատան պահակային խմբի ավագին, որից մինչ այս պահը որևէ տեղեկություն չկա։ Հանցագործության համար ոստիկանությունում գործ է հարուցված։
Քիչ անց, շփոթված ներս ընկավ հավատարիմ տղաներից մեկը․
— Քերոբ, հյուր կա։
— Թող գա։
Ներս մտնող հյուրի հետ միջանցքում դեմառդեմ հայտնվեց Հասմիկը։
— Վայ, Ռուբ ջան, էս դու՞ ես։
— Հա, Հաս ջան, ասի, մտնեմ, տեսնեմ, ինչպե՞ս եք։
Արտյոմը դժգոհ ծռմռեց դեմքը, այցելությունն անսպասելի չէր, նույնիսկ՝ ավելի վաղ էր սպասում։ Իրենց դասարանցի Ռուբոն է, ոստիկանության գնդապետ Ռուբիկ Եղոյանը։ Գնդապետին Հասմիկը թևանցուկ սենյակ ուղեկցեց։
— Դե, լավ, ես գնամ սուրճ պատրաստեմ,- անթաքույց ուրախությամբ ասաց Հասմիկն ու դուրս եկավ։
— Էս խե՞ր լինի,- ընկերոջ ողջույնին պատասխանեց Արտյոմը։
— Խեր է,- ժպտաց ընկերը,- գործով այս կողմերում էի, ասի՝ մտնեմ, քեֆ-հալ հարցնեմ, մանավանդ գիտեի, որ Հասմիկն էլ քո տանն է աշխատում։
— Հա, կզարմանայի, որ տեղյակ չլինեիր,- հեգնեց Արտյոմը։
Հասմիկը արագ սեղանին դրեց մրգով ու քաղցրավենիքով ամանները, գնաց սուրճի հետևից։
— Ռուբ ջան, դու միշտ էլ ուշադիր ես եղել իմ նկատմամբ, շնորհակալ եմ, ես երբեք չեմ մոռանա ամուսնուս ծանր հիվանդության տարիներին քո օգնությունը, առանց ինչի մենք սովամահ կլինեինք։ Իսկ ամուսնուս թաղման կազմակերպման մասին էլ չեմ խոսում, ողջ կյանքում պարտական եմ քեզ։
Հասմիկն ու Ռուբիկը, իրար հերթ չտալով, խոսում էին, հարցեր տալիս, պատասխանում, առանց նկատելու իրենց մյուս ընկերոջ մռայլ, համարյա չարությամբ նայող հայացքը։ Ու տհաճ մտքերը նորից սողոսկեցին Արտյոմի սիրտը․ փաստորեն Ռուբն ու Հասիկոն միշտ էլ իրար հետ կապ են ունեցել, շփվել են, Ռուբը նույնիսկ գիտի, որ Հասիկոյի աղջիկն ամուսնացել է, և մեկ ամիս առաջ Հասիկոն տատիկ է դարձել, ու հանկարծ, Հասիկոն հայտնվում է իր տանը։
— Դե, լավ, ձեզ չզբաղեցնեմ, զրուցեք,- տեղից բարձրացավ Հասմիկն ու խոհանոց գնաց։
— Հը՛, էս ինչու՞ ես էդպես մըքռել։ Կատարվել է երազանքդ, սիրածդ աղջիկը, կինը հիմա կողքիդ է, քո տան մեջ, քո գրկում։
Արտյոմն զգաց, որ արդեն չի կարող իրեն տիրապետել, հիմա կբռնի ընկերոջ կոկորդից ու շանսատակ կանի նրան, բայց էլի կարողացավ պահել հավասարակշռությունը։
— Մի խոսք էլ ավել ասես, չեմ նայի, հա, գնդապետի պագոններիդ,- մըլըռտաց ատամների արանքից ու մոտեցավ պատուհանին, զայրացած մի կողմ քաշեց վարագույրը, դեմքը սեղմեց ապակուն, քիչ հանդարտվեց, դարձավ ընկերոջ կողմը,- Հասիկոյի հետ մեր հարաբերությունների մասին չհամարձակվես որևէ վատ բան մտածել, նա այս տան մայրն է, քույրն է, սրբությունն է։ Նա իմ սրբությունն է, Ռուբ, պարոն գնդապետ։
Տհաճ, լարված լռություն տիրեց։ Գնդապետը ուղղվեց տեղում։
— Ասում ես՝ սրբությու՞նդ է, իսկ ինչպե՞ս վարվեցիր այդ սրբությանդ հետ։ Մի օր հետաքրքրվեցի՞ր, թե ինչու՞ ամուսնացավ այդ հիվանդ տղայի հետ, չէ, որտեղի՞ց իմանաս, որ հույսը քեզանից կտրած, խղճահարությունից ելնելով՝ որոշեց տեր կանգնել մեռնողին ու գոնե, մի երեխա ունենալ։ Մի օր հետաքրքրվեցի՞ր իր կյանքով, իմացա՞ր, որ քեզ համար լաց լինելով էր այդպես չորացել, ոսկրակույտի վերածվել։ Դու էգոիստ, անսիրտ, սառը մարդ ես, քո կյանքը խորտակելուց բացի, այս խեղճ աղջկա կյանքն էլ խորտակեցիր։
Արտյոմի աչքերը զարմանքից կլորացան, անսպասելի էին ընկերոջ խոսքերը, մեղադրանքները։
— Ապա մի շուրջդ նայիր, տե՛ս, ի՞նչ պայմաններում ես ապրում, սա տուն չի, հավաբուն է, իսկ ո՞վ էր քեզ խանգարում նորմալ ընտանիք կազմել Հասիկոյի հետ, նրանից ծնված երեխան քոնը կարող էր լինել, մեկ ամիս առաջ ծնվածը, քո՛ թոռնիկը կարող էր լինել։ Ի՞նչ արեցիր, ցեխի մեջ կոխկրտեցիր երկուսիդ կյանքն էլ, հիմա կանգնել ես, թե՝ իմ սրբությունն է։ Հանուն ինչի՞, ինչ-որ գողական օրենքների, որոնք խնդիրներից բացի ոչինչ չեն տալիս ո՛չ հարազատներիդ, ո՛չ երկրիդ, ո՛չ Հայրենիքիդ։ Ասենք, գողի համար ի՞նչ Հայրենիք, ի՞նչ հարազատ, ի՞նչ սրբություն, Հասիկոն քեզ համար սրբություն լինել չի կարող, նա քո ընդունած օրենքներից դուրս է։ Կյանքիդ 50 տարուց 25-ը համարյա բերդերում ես անց կացրել ու դեռ խոսու՞մ ես։
Արտյոմն զգաց, որ ընկերոջ խոսքի ընթացքում ինքը կծկվեց, փոքրացավ, կռացավ ու հանկարծ, աչքն ընկավ դիմացի հայելուն։ Միջանցքում, պատին սեղմված, ձեռքերով դեմքը փակած, հեկեկոցից ցնցվում էր Հասիկոն։ Նա լսել էր ընկերների ողջ խոսակցությունը։ Ռուբիկը վերջացրեց խոսքը, ձեռքը թափ տվեց, այսինքն՝ ու՞մ եմ ասում, քեզ համար մեկ է, միևնույն է ամեն ինչ ու դուրս գնաց, բայց նույն պահին էլ հետ եկավ։
— Հա, ասեմ նաև, որ ես համոզված եմ, որ Սիգար Համոյի տան կողոպուտին քո մատն էլ խառն է։ Միայն դու կարող էիր առանց հետքերի, նման մաքուր գործ պլանավորել, ես դեռ կբացահայտեմ այդ գործը։ Սրբությունից ես խոսում, նայիր, թե ձեռքերիդ վրա քանի-քանիսի արյան հետքերը կան։ Քո սիրած, սրբացրած կնոջը մի քանի դրամով ծառայի պես աշխատեցնում ես տանդ, քո գողոնից հարևաններիդ երկու կոպեկ փող ես տալիս, քեզ Ռուբին Հուդ ես երևակայում։ Տո՛, դու ի՞նչ մարդ ես։
Բայց Արտյոմն արդեն նրան չէր լսում, աչքի առաջ հեկեկացող Հասմիկն էր։
Քիչ անց, գնդապետի հեռանալուց հետո, Հասմիկը վերցրեց պայուսակն ու վազելով դուրս եկավ տանից։ Արտյոմը քարացած նստել էր։ Հասիկոն գնաց, ու ինքը չպահեց նրան, չբացատրվեց, չարդարացավ։ Հասիկոն գնաց ու հնարավոր է՝ այլևս չգա։
Պառկեց, բաց աչքով լուսացրեց գիշերը։ Առավոտյան, վաղ վեր կացավ, չէր պատասխանում ոչ մի հարցի։ Նստել էր բազմոցին, սենյակի դուռը բաց էր թողել։ Ոչ էլ մտածում էր որևէ բանի մասին։ Սպասում էր։ Հանկարծ բացվեց միջանցքի դուռը։ Հասմիկն էր։ Մի բան ներսից բարձրացավ կոկորդն ու սկսեց խեղդել։ Հասմիկը միանգամից անցավ խոհանոց, Արտյոմը լսեց ամանների չըխչըխկոցն ու ազատ շունչ քաշեց, կուլ տվեց կոկորդում կուտակվածը, բայց այդպես էլ չիմացավ, որ դասընկերը՝ գնդապետ Ռուբիկ Եղոյանը, նախորդ երեկո գնացել էր Հասմիկի տուն, խնդրել, համոզել, որ Հասմիկը նորից գա այս առավոտ։
— Առանց այն էլ կործանված մարդ է, պետք չէ, որ դու էլ մի նոր հարված ավելացնես։ Հաս, չկրկնենք տարիներ առաջվա մեր սխալը, նրան մենակ չթողնենք, գուցե դեռ հաջողվի՞ գոնե կյանքի այս փուլում փրկել, ես հրաշքների հավատում եմ,- ասել էր նա։
6.
Կեսօր էր։ Արտյոմը լուսադեմին էր վերադարձել, դեռ քնած էր։ Հասմիկը խոհանոցում տոլմա էր սկսել փաթաթել՝ երբեմն-երբեմն աչքը գցելով պատուհանից դուրս։ Հանկարծ նկատեց, որ դարպասի մոտ ոստիկանական մեքենա կանգնեց, ու մի խումբ ոստիկաններ բակ մտան։ Արագ, առանց պահ կորցնելու, մտավ Արտյոմի ննջարանը, թափահարեց քնածի ուսը։
— Արտյոմ, Արտյոմ, վեր կաց, ոստիկաններ են եկել։
Արտյոմը իսկույն վեր թռավ անկողնուց։
— Տանը կռիս կա,- ասաց ու հագուստի պահարանի գլխից մի փոքրիկ, դարչնագույն փաթեթ վերցրեց, մեկնեց նրան։
— Հաս, շատ արագ թաքցրու այս,- ինքը նորից մտավ անկողին։
Ոստիկանները ներս մտան, մեկը մտավ խոհանոց, Հասմիկը տոլմա էր փաթաթում։ Մոտ մեկ ժամ չորս ոստիկաններ տունը տակն ու վրա արեցին։ Արտյոմը, բազմոցին նստած, հետևում էր նրանց գործողություններին, երբեմն էլ հումորով դիտողություններ անում։
— Ապեր, այ, սեղանի է՜ն ոտի տակը չնայեցիր, էնտեղ էլ նայիր։
Ի վերջո, ոստիկանները իրենց մայորի հետ դատարկաձեռն հեռացան։ Արտյոմը մտավ խոհանոց։
— Հաս, փաթեթն էդ ի՞նչ էիր արել։
— Այստեղ է,- տոլմայի մսի խճողակը ցույց տվեց Հասմիկն ու գդալով խառնեց խճողակը, տակից հանեց դարչնագույն փաթեթը։
— Սա ի՞նչ է:
— Դե․․․
— Փող է, չէ՞։
— Հա, <<օբշակի>> գումարն է, դա էին փնտրում։ Ինչ-որ մեկը լուրը տեղ է հասցրել, տանը կռիս կա։Դե․․․
Արտյոմը դուրս եկավ բակ, տաղավարում երկար նստած՝ ծխում էր։ Հասմիկը խոհանոցի պատուհանից հետևում էր նրան, չէր կարողանում հասկանալ, թե ո՞վ է այս մարդը, նա իր իմացած, իր մանկության Արտյոմը չէ, իր երազանքների Արտյոմը չէ, ո՞վ է, որ կարող է օրինակներ, մեջբերումներ անել մեծ փիլիսոփաներից, խոսել տիեզերական ու մարդկային բարձր արժեքներից, ժամերով առանձնանալ, մեդիտացիայով մաքրել իր հոգին, անօգնական չթողնել իրեն պարզված ոչ մի ձեռք, բայցև՝ միևնույն ժամանակ գող լինել, կողոպտել մարդկանց, տներ թալանել, մարդ սպանել, կյանքը բերդում անցկացնել։
Արտյոմը հանկարծ նայեց պատուհանի կողմն, ու նրանց հայացքները հանդիպեցին, որտեղից որտեղ միտն եկավ Չարենցի տողը՝ Լուսամփոփի պես աղջիկ, աստվածամոր աչքերով։ Ի՞նչ է կատարվում, տղամարդը անհանգստություն զգաց սրտում։ Այո, իր ներսում միշտ էլ եղել է երկու ԵՍ-ի պայքարը, կռիվը, բայց հիմա այն անտանելի չափերի է հասել, խեղդում է։ Եվ ընդհանրապես, լուսավորը փնտրելու ճանապարհին ինչու՞ գնաց, դեմ առավ կանաչ, փայլփլուն ջրամամուռով ծածկված ճահճին, ինչու՞, ինչո՞վ կախարդեց իրեն այդ ջրամամուռն ու քաշեց իրեն ճահճի խորքերը։ Ահա, զգում է, որ խեղդվում է, ճահճաջուրն արդեն անտանելի է դարձել, բերանն է լցվում, ու՞ր է այն ճյուղը, որից կարելի է բռնել, դուրս սողալ ճահճից, մինչ անողոք ճահիճը քաշում ու քաշում է իրեն, տանում իր անտակ ծոցը։ Գնա՞լ ընդառաջ ճահճին, դառնա՞լ ճահճի թագավոր, միապետ, թե՞ այս վերջին պահին մի ճյուղի ձեռք գցել, չկորցնել վերջին հնարավորությունը։ Բայց ու՞ր է ճյուղը։ Հասիկո՞ն, այս կի՞նը։ Արտյոմը ցնցվեց այդ մտքից։ Դեռ շատ տարիներ առաջ, ինքը բացառեց կնոջ դերն իր կյանքում, բայց կինը չի թողնում, կինը եկավ, գտավ իրեն ու, որպես փրկարար ճյուղ, պարզվել է դեպի իրեն, ասում է՝ արի, բռնվիր ինձանից, մի վախեցիր, մի նայիր իմ բարակությանը, ես քեզ կհանեմ, կպոկեմ ճահճից, ես ուժեղ եմ, այ, կտեսնես, վստահիր ինձ։ Նորից նայեց պատուհանի կողմը, խոնավ աչքերը մշուշվեցին, ոչինչ չտեսան։ Գլուխը թափ տվեց մտքերից, նորից նայեց։ Կինն այնտեղ չէր, հեռացել էր։
Երեկոյան սեղանին դրված հեռախոսին զանգ եկավ։ Ըստ սովորության, Արտյոմը չվերցրեց այն, մեկ շաբաթ առաջ իր մոտ եկած տղաներից մեկը միացրեց հեռախոսը։
— Ծյոմ, լսու՞մ ես,- հարցրեց տղամարդու խռպոտ ձայնը։
— Լսում եմ, Քըստ, ասա։
— Ռուսաստանից հյուրեր ունենք, ուզում են քեզ տեսնել։
— Ի՞նչ կա։
— Դե, էս վերջին քաղաքական դեպքերի հետ կապված, տղեքին, որ ձերբակալել են, շուտով զոն են տանելու, հարկավոր է զոնում զգուշացնել, որ տղեքին նեղություն չտան։
— Եկեք,- մռայլ նետեց Արտյոմը։
Արդեն մթնել էր, երբ հյուրերը եկան։ Երկուսը հայազգի ռուսաստանաբնակ քրեական հեղինակություններ էին, մեկը՝ <<օրենքով գող>> Սըլեն, նրանց ուղեկցում էր Հայաստանում <<օրենքով գող>> Քըստը։ Արտյոմը ողջագուրվեց եկողների հետ, հրավիրեց նստելու։ Եկողները ներկայացրեցին իրենց գալու նպատակ, ցանկությունը, որ Հայաստանի գողական աշխարհը լուր ուղարկի բոլոր կալանավայրերում իրենց մարդկանց՝ քաղաքական անհնազանդության բունտ կազմակերպած, կալանավորած տղաներին նեղություն չտան, լավ նայեն, քանի որ նրանց պայքարն արդար է, իշխանությունների դեմ է, որոնք երկիրը հասցրել են ծայրագույն վատ վիճակի։ Արտյոմը լուռ լսում էր եկածների բացատրություններն ու հիմնավորումները։
— Մի խոսքով, տղերքին պետք ա <<պադերժկա>> լինել,- իրենց խոսքն ավարտեցին նրանք։
Լռեցին, հարցական սպասում էին Ծյոմի խոսքին։
— Դուք գիտեք, չէ՞, ու՞ր եք եկել, ու՞մ մոտ, և դու նույնպես, Քըստ։
Ներկաները զարմացած իրար նայեցին։
— Այդ ի՞նչ հարց էր, Ծյոմ։
— Դե, քանի որ գիտեք՝ ուր եք եկել, ուրեմն, գիտեք նաև, որ ես <<օրենքով գող>> եմ, իսկ <<օրենքով գողը>> իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, դա իր տարածքը չէ։
— Հա, բայց տղերքը սխալ բան չեն արել, նրանք, որպես մահապարտներ, գնացել են էդ քայլին՝ հանուն ժողովրդի, հանուն երկրի բարգավաճման։
— Նորից եմ կրկնում՝ գողը իրավունք չունի խառնվելու քաղաքականությանը, պետության գործերին։
— Ծյոմ, դու ճիշտ ես, քեզ հասկանում եմ, ես էլ ոչ պակաս գիտեմ գողական օրենքները, բայց հասկացիր, ժամանակները փոխվել են, հիմա կան նաև չգրված օրենքներ, հիմա ո՞վ ա հետևում, պահում հին օրենքները, հիմա գողակականները երկիր են ղեկավարում, պատերազմի ելք են որոշում, իրենցը թելադրում, լավ ու վատ անում,- հակադարձեց հյուրը։
— Ես, ես եմ պահում,- ձեռքը կրծքին դրեց Ծյոմը,- ես դեմ եմ, որ գողը զենք կրի, շռայլություններ թույլ տա, խառնվի պետության գործերին, գողը պետությանը դեմ մարդ է, այսօրվա ընդդիմադիրը վաղը իշխանավոր է դառնալու, հասկանու՞մ եք, դառնալու է նույն իշխանավորը ու ինքն էլ մեզ՝ գողերիս բռնելու է։ Մի խոսքով՝ գողը չպետք է համագործակցի ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ հեղափոխականների հետ։
Քիչ լռելուց հետո շարունակեց․
— Հետո մի այսպիսի հարց էլ կա․ ասում եք, որ տղերքը իշխանափոխություն են ուզում, նրանց գործն արդար է, իսկ մենք չգիտենք, թե ինչպիսի՞ հակափաստարկներ ունի իշխանությունը, պետությունը։ Նրանք չեն դիմել մեզ, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը, մենք չենք լսել երկու կողմերին, էլ ինչպե՞ս, այդ ո՞վ է որոշել, որ տղերքի գործն արդար է։ Այ, երբ դիմեին, լսեինք երկու կողմերի բերած փաստարկները, հիմքերը, <<սխոդկա>> կանեինք, կորոշվեր արդարը։ Նրանք մեր տարածք չեն մտել, մեզ չեն դիմել, չեն հարցրել, ուրեմն՝ իրենց հարցերը թող իրենք էլ լուծեն։ Քըստ, չեմ հասկանում, ի՞նչ կա մտքիդ,- նա դարձավ Քըստին,- էս հաստատ քո պլանն է, ու ասեմ, որ սխալ, կասկածելի, մեր օրենքներին դեմ պլան է։
Հանկարծ արագ ներս մտավ Սաքոն ու շշնջաց Արտյոմի ականջին։
— Դարպասի մոտ ոստիկանության երկու մեքենա կանգնեցին։
Համարյա նույն պահին էլ զանգ եկավ սեղանին դրված հեռախոսին։ Արտյոմը նայեց համարին, գլխով արեց Սաքոյին։
— Միացրու։
— Արտյոմ,- սենյակում տարածվեց տղամարդու խրոխտ ձայնը, գնդապետի ձայնն էր,- Արտյոմ, էդ հյուրերիդ ասա, որ մինչև կեսգիշեր ժամանակ ունեն՝ մեր հանրապետության սահմանները թողնելու համար, հակառակ դեպքում՝ կձերբակալվեն, ամենախիստ պատիժը կկրեն՝ մեր երկրի ներքին գործերին խառնվելու համար։ Դուք պետության հե՞տ եք ուզում խաղի մեջ մտնել։
Հեռախոսը անջատվեց։ Լարված լռություն տիրեց։ Արտյոմը նայեց Սաքոյին։
— Դրսում հարիֆներից ո՞վ կա, կանչիր այստեղ բոլորին։
Երեք տղաներ շարվեցին դռան մոտ։ Կռիսը սրանցից մեկն է, մտածեց նա ու ուշադիր զննեց շարվածների դեմքերը։ Մեկ շաբաթ առաջ այստեղ եկածը փախցրեց աչքերը։
— Մոտ արի,- մատով նրան կանչեց Արտյոմը։
Տղան գունատվեց։
— Հեռախոսդ դիր սեղանին։
Արտյոմը նկատեց, որ հեռախոսը դնելիս, տղայի ձեռքը դողում էր, նորից դարձավ Սաքոյին։
— Սաքո, ստուգիր, ունի՞ ուրիշ հեռախոս։
Սաքոն տղայի գրպանից հանեց, սեղանին դրեց երկրորդ հեռախոսը։ Արտյոմը ստուգեց մուտք ու ելք եղած զանգերը, հեռախոսը գցեց սեղանին։
— Պարզ է, սա է կռիսը։
Հանկարծ տղան չոքեց տեղում։
— Քերոբ, ներիր, ներիր, ես ամեն ինչ կպատմեմ, խնդրում եմ, Քերոբ, ներիր։
Արտյոմը չնայեց հեկեկացող տղայի կողմը, ատամների արանքից խուլ նետեց․
— Սաքո, հեռացրեք կռիսին։
Տղայի թևատակերից քաշ տալով, դուրս տարան։
Լարված լռությունը շարունակվում էր։ Ռուսաստանցի օրենքով գողը՝ Սըլեն, վեր կացավ։
— Դե, մենք այստեղ անելիք այլևս չունենք, երկու ժամից Մոսկվա թռիչք կա, գնացինք, ամեն ինչ պարզ ա։
Արդեն մեքենայի մեջ Քըստը դիմեց մյուսներին․
— Ասում էի, չէ՞, որ Ծյոմի մասին հակասող խոսակցություններ են պտտվում,- տեսնելով, որ մյուսները լուռ են, շարունակեց,- չէ՛, էս հարցը էսպես թողնել չի կարելի, հարկավոր է Ծյոմի հարցը դնել, տեսնենք <<սխոդկայի>> ժամանակ ի՞նչ կասեն։
— Հը՛մ,- քմծիծաղեց եկածներից մյուսը։
Հյուրանոցի մոտ, երբ մեքենայից իջան, Սըլեն դարձավ Քըստին։
— Ավելորդ քայլեր չանեք, Ծյոմը ճիշտ գող ա, էդ բամբասանքներին էլ վերջ տվեք։
— Ես չեմ որոշողը, ես ի՞նչ,- ուսերը վեր քաշեց Քըստը, բայց Սըլեի աչքից չվրիպեց վերջինիս տրամադրվածությունը։
— Քըստ, Ծյոմի գլխից հանկարծ մազ չպակասի։
7.
Քըստը արդեն մի քանի օր էր, ինչ իր տեղը չէր գտնում։ Ծյոմը գլխից դուրս չէր գալիս։ Չէր կարողանում հասկանալ, ինչու՞ է ինքը խեղճանում Ծյոմի առաջ, ինչու՞ է միշտ վերջին խոսքը Ծյոմն ասում, իրեն էլ սխալ հանում, և ընդհանրապես, ո՞վ է Ծյոմը, էդ քնձռոտ հավաբնի ծնունդը, որ ինքը պիտի լինի որոշողը, իսկ Քըստը պետք է ենթարկվի նրա որոշմանը։ Այդ ինչպե՞ս է, որ երբեք ուրիշները չէին կարողանում իմանալ նրա մտքերը, հաջորդ քայլը: Ծյոմը կարողանում է կանխատեսել իրադարձությունները, անմիջապես ըմբռնում է շուրջը կատարվածը և կանխագուշակում, թե դա ինչի կհասցնի: Իսկ ինքը՞։ Նորից լցրեց կոնյակի բաժակը, կում արեց։ Չէ, այդպես չի կարող շարունակվել, կամ՝ ինքը, կամ՝ Ծյոմը։ Վերջնական որոշում ընդունած մարդու վճռականությամբ, ձայն տվեց միջանցքում կանգնած տղային։
— Կանչիր էստեղ Աշոտիկին։
Աշոտիկը, որպես թաղային հեղինակություն, մեծացել էր Քըստի ձեռքի տակ։ Նրա համար Քըստը Պապա էր, որ հանգիստ կարող էր ասել՝ գնա, մեռի, ու Աշոտիկը, առանց հարցեր տալու, կգնար մեռնելու։ Քառասուն տարեկան, բավականին տեսքով, ճարպիկ տղամարդ էր, երկու անգամ դատվել էր գողության, մեկ անգամ՝ սպանության փորձի համար։ Գաղութում իրեն արժանապատիվ էր պահել։ Քըստը վստահում էր նրան, բացի այդ, դուր էր գալիս այդ տղայի իրեն անվերապահ ենթարկվելը, շան հավատարմությունը ։
Երբ Աշոտիկը եկավ, Քըստը նստած էր նույն դիրքով՝ կոնյակի բաժակը ձեռքին։
— Նստիր,- նետեց տանտերն, ու եկողը հասկացավ, որ գործը լուրջ է։
— Թագադրվելու մտքից հետ չես կանգնե՞լ,- սևեռուն նրան նայեց Քըստը։
— Չէ,- եղավ կարճ պատասխանը։
— Աշոտիկ,- Քըստը ծոր տվեց ասելիքը,- էդ գործն սկսելու լավ ժամանակն է, բայց․․․
— Ի՞նչ բայց,- չհամբերեց դիմացինը։
— Բայց մեկը կարող ա խանգարել։
-Ո՞վ ա էդ մեկը։
Քըստը չէր շտապում պատասխանել, կոնյակով բաժակը պտտեցրեց ձեռքում։
— Ո՞վ ա,- նորից կրկնեց Աշոտիկը։
— Ծյոմը,- բաժակը սեղանին դրեց Քըստը,- Ծյոմն ա, նա քեզ կխանգարի։
Աշոտիկը մի պահ չգիտեր, ինչ ասել։
— Ստույգ պատճառ կա՞ էդպես մտածելու։
— Կա,- էլի խոսքը ծոր տվեց Քըստն ու սկսեց հիշեցնել, թե մի քանի ամիս առաջ, երբ հավաքվել էին մի կտոր հաց ուտելու, ինքը գովեստի խոսքերով ներկայացրեց Աշոտիկին, բայց Ծյոմը վերջինիս չկանչեց իրենց հետ, իրենց սեղանին նստելու, և երբ խմած Աշոտիկը սկսեց քաշքշել էն աղջկան, Ծյոմն իր թուլեքին հանձնարարեց՝ Աշոտիկից մաքրել օդը։
— Ծյոմը հիշաչար մարդ ա, նա քեզ սկզբից չսիրեց, մոռացի թագադրվելու մասին։
Որոշ ժամանակ երկուսն էլ լուռ էին, բայց փորձառու, խորամանկ գողը, հայացքը պատուհանից դուրս, ներքուստ անհանգիստ, սպասում էր դիմացինի արձագանքին, որ նա՛ լինի խոսողը։
— Ի՞նչ ես առաջարկում,- խոսեց Աշոտիկը։
— Ես առաջարկություն չունեմ,- նկատելի կեղծ անմեղությամբ ուսերը վեր քաշեց Քըստը,- քո ցանկությունն ա, կամ պիտի հասնես նպատակիդ, կամ ձեռ քաշես, ես չեմ որոշողը։
Աշոտիկը շարունակում էր լուռ նայել անորոշ կետի։
— Գնա, ախպերս, մտածի, գցի-բռնի, վերջնական որոշման արի։
— Ես վերջնական որոշել եմ, պետք է թագադրվեմ,- քիչ անց հաստատուն ասաց Աշոտիկը,- ասա, ի՞նչ պետք ա անեմ, ոնց ասես, էնպես կլինի։
— Լավ,- միանգամից աշխուժացավ գողն ու լցրեց բաժակները,- ուրեմն՝ խմենք քո գործի հաջողության կենացը։
Կեսգիշեր էր, որ Աշոտիկը դուրս եկավ Քըստի տանից։ Նստեց մեքենայի մեջ, հենվեց ղեկին, աչքի առաջ եկան Ծյոմն ու իրենց որոշած պլանը։
— Հաշվենք, որ Ծյոմի հարցերը լուծված են, գնում եմ Թիֆլիս,- ինքնագոհ ասաց բարձրաձայն, ու մեքենան տեղից պոկվեց։
Ամառային պայծառ օր էր, արևը ժպտում էր, թռչունները առավոտվա իրենց ծլվլոցն էին գցել բակով մեկ։ Արտյոմը մտավ խոհանոց։
— Հաս, նայիր, սա մորս մատանին է,- անսովոր աշխուժությամբ ցույց տվեց ձեռքին բռնած կարմիր, մեծ քարով գեղեցիկ մատանին,- գողացված չէ, մորս նշանի մատանին է, պահել էր այն երազանքով, որ մի օր ես էլ հարսնացու կունենամ, ու նա սիրով մատանին կհագցնի իր հարսի մատը։ Խնդրում եմ, հիմա վերցրու, հագիր մատանին, ինձ շատ շտապ գործով տեղ կանչեցին, կվերադառնամ, երկար խոսելու, որոշելու բան ունենք։
Ասաց, վերցրեց կնոջ ձեռքը, մատանին հագցրեց մատին ու դուրս եկավ։ Հասմիկն անակնկալից երկար ժամանակ ուշքի չէր գալիս, անսպասելի հուզմունքից չգիտեր, ի՞նչ անել, ինչի՞ց սկսել, ի վերջո՝ նստեց, նախ մի կուշտ լաց եղավ, հետո երկար նայեց մատի մատանուն, ժպտաց, ծիծաղեց ինքն իրեն։
— Երեսուն տարի այս պահին սպասելուց հետո, 50 տարեկանում հարսնացու էլ դարձա, չգիտեմ՝ լա՞մ, թե՞ խնդամ։
Հետո արագ վեր կացավ, անցավ խոհանոցային իր գործերին, հիշեց, որ կաթը վերջացել է, պետք է գնա, մեկ փողոց այն կողմում գտնվող եզդու տանից թարմ կաթ բերի, Արտյոմը խանութից գնված կաթը չէր խմում։
Արտյոմը համարյա չէր լսում հավաքվածների զրույցը, ոչ էլ խմելու ցանկություն ուներ, շտապում էր՝ ժամ առաջ տուն գնալ, Հասմիկին պատմեր իր պլանի մասին։ Վերջապես խոսեր իր սիրուց, երկար տարիների իր չխամրող զգացմունքից, ասեր, որ վերջնական որոշել է՝ ընկերներին տեղյակ կպահի իր որոշմանը, կհրաժարվի իր ունեցած ամեն ինչից, անունից էլ, փառքից էլ, դավանած օրենքներից էլ ու Հասմիկի հետ կհեռանան երկրից, կգնան մի խուլ վայր, ընտանիք կդառնան։ Գուցե նույնիսկ Հասմիկը որոշի որդի՞ պարգևել իրեն, ի՞նչ կա, արտասահմանում շատ կանայք են այդ տարիքում երեխա ունենում, այսօր դա խնդիր չէ։ Դե լավ, պարտադիր չէ, որ անպայման որդի լինի, թող աղջիկ լինի, ավելի լավ, մոր անունը կդնի վրան։ Տիեզերքում եղած իրենց տունը կտեղափոխեն այստեղ՝ Երկիր մոլորակ։ Այ, հիմա կհասնի տուն ու ․․․․
8.
Տաքսին թեքվեց, մտավ իրենց փողոց։ Դեռ հեռվից նկատեց, որ Հասիկոն, երեք լիտրանոց բանկայով կաթը ձեռքին, մոտենում էր տան դարպասին։ Արևի շողն ընկել էր բանկան բռնած նրա ձեռքին, ու մատին շողարձակում էր կարմիր քարով մատանին։ Արտյոմի սիրտը խլրտաց՝ Հասիկոյի մատին իր մոր նշանի մատանին էր փայլում։ Կանգնեցրեց տաքսին, գումարը տվեց վարորդին ու լայն ժպիտով գնաց դեպի Հասմիկը։ Հանկարծ փողոցի անկյունից բարձր արագությամբ դուրս թռավ մի մոտոցիկլ և ուղիղ նրանց վրա էր գալիս։ Արտյոմը հասցրեց նկատել, որ մոտոցիկլի վրայի մարդը դիմակով է, արագ Հասիկոյին քաշեց դեպի իրեն, նույն պահին էլ անցնող մոտոցիկլից կրակոց արձակվեց։ Կաթի բանկան ցխվեց, ու Արտյոմի աչքն ընկավ, որ Հասիկոյի փեշից իջնող կաթի մի շերտը կարմիր գույն առավ։ Նույն պահին էլ արձակվեց երկրորդ կրակոցը։ Արտյոմն զգաց, որ ծնկները ծալվեցին, բայց Հասիկոյին գրկից բաց չթողեց։ Արդեն գետնին էր, աչքն ընկավ երկնի կապույտ պատառիկին, որտեղ իր տունն էր, պարտեզում խաղացող երկու երեխաները դեպի իրեն վազեցին ու ձեռքով արեցին։
— Գալի՜ս ենք․․․երկուսով գալիս ենք,- երեխաներին ձեռքով արեց Արտյոմը։
9.
Գնդապետ Ռուբիկ Եղոյանը առավոտից անհանգիստ էր, ինքն էլ չէր հասկանում, թե ինչու՞։ Որոշեց տուն գնալ, քիչ հանգստանալ։ Զանգեց կնոջը, որ հարցնի՝ ի՞նչ է պետք խանութից բերել։
— Լսեցի՞ր,- առանց իր հարցին պատասխանելու, անհանգիստ ասաց կինը,- ռադիոն հայտարարեց, որ քիչ առաջ իր տան դարպասի մոտ Արտյոմին են սպանել։
Գնդապետը ցնցվեց, զգաց, որ ղեկը փախչում է ձեռքից։ Մեքենան կանգնեցրեց, գլուխը դրեց ղեկին։
Քիչ հետո մեքենայի դիմապակու վրա թակոց լսեց, ծանրացած գլուխը մի կերպ բարձրացրեց։ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցն էր։
— Պարոն գնդապետ, ի՞նչ է պատահել, Ձեզ վա՞տ եք զգում, ինչո՞վ կարող եմ օգնել։
Գնդապետն իջավ ավտոմեքենայից, նստեց Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենան, դիմեց ոստիկանին։
— Քշիր Շենգավիթ, Ծյոմենց տուն։
10.
Մեկ տարի անց։
— Պարոն գնդապետ, կարելի՞ է։
— Ներս եկ,- առջևում դրված գրություններից գլուխը բարձրացրեց Ռուբիկ Եղոյանը,- նստիր, ի՞նչ կա։
— Կարևոր ինֆորմացիա եմ ստացել, պարոն գնդապետ։
— Լսում եմ, Մեսրոպյան։
— Քիչ առաջ մեր մարդը հաղորդեց, որ երեկ Ծաղկաձորում քրեական հեղինակությունների հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնությունից եկած <<օրենքով գողեր>> Սըլեն, Արմենչոն։ Հավաքի ժամանակ Քըստը խոսք է գցել, որ հայաստանյան հեղինակություն Աշոտիկին առաջիկայում թագադրեն, բայց Սըլեն միանգամից դեմ է եղել, ասել է՝ դա ո՞վ է, ամեն քուչի ջեբկիրի <<օրենքով գող>> չեն թագադրի։ Ասում են՝ իբրև մեկը Սըլեի ականջին է հասցրել, որ Աշոտիկի ինչ-որ կատարած ծառայության դիմաց է Քըստը վիզ դրած, ցանկանում նրան գող կարգել, բացի այդ, Քըստի հիմիկվա քշած սև մերսեդեսը Աշոտիկի նվերն է։ Ի դեպ՝ ասում են, որ ժամանակին Ծյոմն էլ Աշոտիկին լավ աչքով չի նայել։ Այնպես որ, հիմա Աշոտիկը նեղացած է Քըստից, որ չի կարողանում իր խոստումը կատարել, մերսեդեսը հետ է ուզում, Քըստն էլ նրան երեք մատի կոմբինացիա է ցույց տվել, հիմա դրանք իրար են ուտում։ Ասում են՝ Սըլեն էլ շատ խիստ է խոսել Քըստի հետ։
Գնդապետը մտքերի մեջ ընկավ՝ այդ ո՞ր կատարած ծառայության համար է Քըստը ցանկացել վարձահատույց լինել։
— Լավ, ուրեմն այսպես, Մեսրոպյան, գնում ես ու խիստ հսկողություն սահմանում և՛ Քըստի, և՛ Աշոտիկի վրա, հսկողություն դնում նրանց տների մոտ։ Հավաքիր տղաներին, արագ կազմակերպեք, ինչ-որ պայթյունի հոտ եմ առնում։ Ռուբիկ Եղոյանի միտքը ինքնաբերաբար գնաց դեպի Արտյոմի սպանությունը։
11.
Ռուսաստանցի օրենքով գող Սըլեն Երևանում էր ծնվել, մեծացել, քաջածանոթ էր երևանյան հոգեբանությանն ու հատկապես, գողական աշխարհի անց ու դարձին։ Ծյոմի սպանությունը խառը մտքերի տեղիք էր տվել։ Նա չէր մոռացել Ծյոմի հետ վերջին հանդիպումը, որից հետո անվստահությամբ էր լցվել Քըստի նկատմամբ, որքան էլ՝ վերջինս երդվում էր, որ այդ սպանությունից տեղյակ չէ։ Այս անգամ Սըլեն չէր շտապում Մոսկվա վերադառնալ։ Զանգեց Չարբախցի Ալիկին, պայմանավորվեցին հանդիպել։ Ալիկի համար էլ մեծ ցավ էր Ծյոմի սպանությունը, չէր կարողանում համակերպվել այդ մտքին։ Ո՞վ կարող էր դա անել, ու՞մ էր ցավեցրել Ծյոմը։ Բնականաբար անողը հենց իրենց միջից էր, իրենց շրջապատից, ում խանգարում էր Ծյոմի միանշանակ ընդունվելն ու հեղինակությունը, ունեցած հարգանքը։ Երկու <<օրենքով գողեր>> երկար, տարբեր կողմերից մի քանի անգամ արդեն քննարկել էին այդ հարցը, երկուսի կասկածներն էլ տանում էին դեպի Քըստը։
— Ալիկ, ինչու՞ ա Քըստը վիզ դրել Աշոտիկի համար, հարկավոր է պարզել։ Աշոտիկին երգացնելու մի հնար մտածիր։
12.
Մի քանի օր ոստիկանության աշխատողները հետևում էին Քըստի ու Աշոտիկի շարժին, բայց առանձնապես աչքի ընկնող որևէ գրանցում չէր կատարվել։
— Պարոն գնդապետ, կարելի՞ է։
— Ներս եկ, Մարտիրոսյան,- պատասխանեց Ռուբիկ Եղոյանը։
— Պարոն գնդապետ, մեկ ժամ առաջ մայրուղու վրա քրեական հեղինակություն Աշոտիկի մեքենան բախվել է բեռնատարին։ Մեքենայի ղեկին գտնվող Աշոտիկը մահացել է, հենց տեղում էլ պարզվել է, որ մեքենայի արգելակները ինչ-որ մեկի միջամտության շնորհիվ, չեն աշխատել։
— Այո՜,- ծոր տվեց գնդապետը,- դեպքը այնքան էլ անսպասելի չէ։
— Երեկ Աշոտիկը այս կնոջ հետ հինգը ժամ գտնվելիս է եղել Դիլիջանի հանգստյան տներից մեկում,- ավելացրեց Մեսրոպյանն ու գնդապետի սեղանին դրեց նկարներ, որտեղ Աշոտիկն էր՝ մի կնոջ հետ։
— Ո՞վ է այս կինը,- երկար նայելուց հետո հարցրեց գնդապետը,- իմացեք ո՞վ է, որտե՞ղ է ապրում։
Քիչ հետո Մեսրոպյանը նորից մտավ գնդապետի մոտ։
— Կենտրոնում մասնավոր բժշկական կլինիկայի տնօրենն է՝ Արաքսյա Պապոյանը։
13.
Բժշկական կլինիկայի տնօրենի դռան մոտ մարդիկ նստած՝ իրենց հերթին էին սպասում։ Գնդապետ Եղոյանը նստեց եղած ազատ աթոռին։ Իր հերթը հասավ, մտավ ներս, հարգալից բարևեց։
— Խնդրեմ, համեցեք, նստեք,- նրան դիմեց երիտասարդ, բավականին հաճելի տնօրենը, բժշկուհի Արաքսյան,- լսում եմ Ձեզ։
Գնդապետը անշտապ հանեց վկայականը, ներկայացավ։
Բժշկուհու դեմքը մթնեց։
— Ես Ձեզ մի քանի հարց ունեմ՝ կապված երեկ, ավտովթարից մահացած Աշոտ Սիմոնյանի հետ։
Նկատելով կնոջ հանկարծակի շփոթված վիճակը, շարունակեց․
— Ես Ձեզ խոստանում եմ՝ այս խոսակցությունը կմնա մեր մեջ, ոչ ոք երբևէ չի իմանա այս մասին, ես Ձեզ մոտ եմ եկել ուղղակի, որպես հերթական մի հիվանդ,- և նրա սեղանին դրեց նախորդ օրը Մեսրոպյանի բերած լուսանկարները։
Րոպեներ պահանջվեցին, որ բժշկուհին հավաքեր իրեն, ուշքի գար։
ԲԺՇԿՈՒՀԻ ԱՐԱՔՍՅԱ ՊԱՊՈՅԱՆԻ ՊԱՏՄԱԾԸ
Աշոտի հետ ծանոթացել եմ երկու տարի առաջ։ Ամուսինս, որ ստեղծել, հիմնադրել էր այս կլինիկան, նոր էր մահացել։ Ես, երկու փոքրիկներիս հետ, ինձ կորցրել էի, իսկ կային մարդիկ, որ օգտվելով իմ վիճակից, ցանկանում էին կլինիկային տեր դառնալ։ Աշոտի հետ ինձ ծանոթացրեց իմ մի բարեկամը, ասաց, որ այս մարդը կօգնի, որ գործերը կարգավորեմ, կլինիկան չկորցնեմ։ Սկզբում տարակուսում էի, իմանալով Աշոտի ով լինելը, քանի որ նախկինում ես երբևէ չէի շփվել քրեական միջավայրից որևէ մեկի հետ, պատկերացում անգամ չունեի, թե ի՞նչ մարդիկ են նրանք։ Բայց այդ պահին ինձ մեկնված օգնող ձեռքը միայն նա էր, ես այլընտրանք չունեի։ Աշոտը օգնեց, որ փակեի կլինիկայի վրա հավաքված գումարային պարտքը, միջամտեց, որ կլինիկան խլել, իրենցով անողները մի կողմ քաշվեն, ինձ հանգիստ թողնեն։ Քիչ-քիչ ուշքի եկա։ Սկզբում Աշոտի հետ հազվադեպ էինք առանձին հանդիպում, կարելի է ասել, որ հետո էլ առանձնապես հաճախ չենք հանդիպել։ Նա բավական նրբանկատ մարդ էր, խուսափում էր այստեղ, կլինիկայում երևալ, զգուշանում էր, որ իմ անվան վրա ստվեր չընկնի։ Հիմնականում հանդիպում էինք, երբ նա մի բանից դժգոհ կամ նեղված էր լինում։ Ասում էր, որ իր վրա դրական է ազդում իմ ներկայությունը, հանդիմանանքներս լսում էր լուռ կամ չէր պատասխանում, կամ ժպտում էր, թե՝ հա, նկատի կունենամ։ Այո, մի քանի օր առաջ միասին եղել ենք Դիլիջանում։ Շատ անտրամադիր էր, նեղված։ Սկզբում ոչինչ չէր խոսում։ Կոնյակ պատվիրեց, զգուշացրեցի, որ շատ է խմում, մենք դեռ քաղաք պետք է վերադառնանք, ձեռքը թափ տվեց, ասաց, որ զգացողություն ունի, որ իրեն քիչ կյանք է մնացել ապրելու, պիտի խմի։ Բնավորությունն իմանալով, խուսափեցի հարցեր տալուց, բայց ինքն սկսեց խոսել։ Այդ օրը առաջին անգամ նա պատմեց իր մանկությունից, թե ինչպես էր երազել բժիշկ դառնալ, մարդկանց կյանքը փրկել, քանի որ մայրը մահացել էր բժշկի սխալի հետևանքով։ Հիշեց մորը, իր հետ կապված մոր երազանքները, որոնք այդպես էլ չիրականացան, ինքը դարձավ ոչ թե մարդկանց կյանք փրկող, այլ՝ կործանող, դարձավ մարդասպան։ Մի քանի դեպքեր հիշեց, հետո հիշեց ինչ-որ Ծյոմի, որի սպանության <<զակազը>> Քըստից ստանալով, քիլլեր էր վարձել Վրաստանից, Ծյոմին սպանել տվել, որովհետև այդպես էր պետք Քըստին, որովհետև Ծյոմը խանգարում էր Քըստի հեղինակությանն ու խնդիրներին։ Ու այսօր հասկացել է, որ ինքը ընդամենը գործիք է եղել Քըստի ձեռքին, վերջինս օգտագործել է իրեն, որ Քըստի դարդը իրեն թագադրելը չի եղել։ Անընդհատ կրկնում էր, որ սիրտը շատ վատ բան է վկայում։ Հասկանալի է, սիրտ էի տալիս նրան, բայց ես էլ էի խիստ անհանգիստ, որովհետև երբեք նրան չէի տեսել այդ վիճակում։ Եվ ահա, մեկ օր անց, լսում եմ այդ վթարի մասին, որ Աշոտը արդեն չկա, որ մեքենայի արգելակները կտրված են եղել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել այդ վթարը։ Ես հասկացա, որ ինչ-որ մեկին պետք է եղել, որ Աշոտը կենդանի չլինի, մահանա։
Գնդապետը մեկ անգամ նորից հավաստիացրեց կնոջը, որ իրենց հանդիպումը կմնա երկուսի մեջ ու դուրս եկավ։
14․
Քրեական հեղինակություն Աշոտիկի թաղմանը մեծ բազմություն էր հավաքվել։ Ոստիկանությունում որոշվում էր, թե ե՞րբ կարելի է կայծակնային արագությամբ գործողություն սկսել հավաքված հեղինակությունների նկատմամբ, բերման ենթարկել։ Ի վերջո, որոշվեց։ Հենց գերեզմանատան մուտքի մոտ, ձերբակալվեցին մի քանի մարդիկ, որոնց մեջ էին նաև Սըլեն, Չարբախցի Ալիկն ու Քըստը։
Արդեն ոստիկանական բաժնում գնդապետ Եղոյանը երեկոյան Սըլեին մի քանի հարց տալուց հետո ասաց։
— Դու ՌԴ-ի քաղաքացի ես, մեկ օր ժամանակ, որ թողնես Հայաստանի սահմանները։
Երբ Սըլեն մոտեցավ դռանը՝ դուրս գալու, գնդապետը կանգնեցրեց նրան։
— Ի դեպ՝ Քըստի հանձնարարությամբ Աշոտիկն է կազմակերպել Ծյոմի սպանությունը, որի համար էլ, որպես վկա, նա հատուցեց իր կյանքով։
Սըլեի դեմքը սևացավ, նա մի քայլ հետ եկավ։
— Գնդապետ։
— Քըստը կպատժվի օրենքով։
Գնդապետն ու օրենքով գողը երկար ու սևեռուն իրար աչքերի մեջ նայեցին։
— Արտյոմն իմ մանկության ընկերն էր,- շշուկով ասաց գնդապետ Ռուբիկ Եղոյանն ու իջեցրեց գլուխը, որ դիմացինը չնկատի իր թաց աչքերը։

Մելանյա Պետրոսյանց