Օնիկ Գասպարյան, Արգիշտի Քյարամյան, Վահե Ղազարյան. վարչապետը հայտնել է նոր ԳՇ պետի, ԱԱԾ տնօրենի, ոստիկանապետի անունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մի շարք կարեւոր որոշումներ է կայացրել:

Ըստ այդմ՝

Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվում է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ:
Գնդապետ Արգիշտի Քյարամյանը նշանակվում է ԱԱԾ տնօրեն:
Գնդապետ Վահե Ղազարյանը նշանակվում է Ոստիկանության պետ:

Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից ստորագրվելուց հետո:

«Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանին, գնդապետ Արման Սարգսյանին շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում կատարած աշխատանքի եւ ներդրած ջանքերի համար»,-գրել է վարչապետը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել էր զբաղեցրած պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, ինչպես նաեւ ԱԱԾ տնօրենին ու ոստիկանապետին:

Երեկ մամուլում գրվել էր, որ Արտակ Դավթյանի առանձնատանը տեղի է ունեցել նրա որդու հարսանիքը։ Չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին՝ հարսանիքը բազմամարդ է եղել։

ՀՀ ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան՝ ասել էին, որ ոստիկանության ծառայողները երեկ այցելել են առանձնատուն եւ համապատասպան արձանագրություն կազմել: Մեր տեղեկություններով՝ ոստիկանների այցից հետո արարողությունը դադարեցվել է:

Արտակ Դավթյանն այսօր հանդես էր եկել պարզաբանմամբ, որում նշել էր, թե օրենքի առաջ բոլորն են հավասար եւ եթե որեւէ խախտում է արել, կկրի դրանից բխող պատասխանատվությունը։

Նշենք, որ նոր ոստիկանապետի թեկնածու Վահե Ղազարյանը մինչ այս զբաղեցնում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարի, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը:

ԶՈՒ ԳՇ պետի նոր թեկնածու գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը   ավելի վաղ զբաղեցնում էր ԳՇ պետի տեղակալի պաշտոնը:

ԱԱԾ տնօրենի նոր թեկնածու, Պետական վերահսկողական ծառայության  նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանը նախորդ ամիս էր նշանակվել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ ու ստացել գնդապետի կոչում:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *