""
Աստվածաշնչյան հատվածներ, որոնք վկայում են թե ինչպես Հիսուս Քրիստոսը Հարություն առավ: Զատվեց Մեռելներից: Իրականությունը և Խորհուրդը :

Մատթեոս 28

Եւ շաբաթ իրիկունն՝ որ միաշաբաթ էր լուսանում, Մարիամ Մագդաղենացին եկաւ՝ եւ միւս Մարիամը, գերեզմանը տեսնելու։ Եւ ահա մէծ շարժ եղաւ, որովհետեւ Տիրոջ հրեշտակը երկնքից իջաւ գնաց՝ դռնիցն այն քարը հեռու թաւալեց, եւ նորա վերայ նստեց։ Եւ նորա կերպարանքը փայլակի պէս էր, եւ նորա հագուստը ձիւնի պէս սպիտակ։ Եւ նորա ահիցը պահապանները շփոթուեցան, եւ մեռելի նման եղան։ Եւ հրեշտակը պատասխանեց եւ այն կանանցն ասեց, Մի՛ վախենաք դուք, գիտեմ որ խաչուած Յիսուսին էք որոնում։ Այստեղ չէ. Որովհետեւ յարութիւն առաւ, ինչպէս ասեց. Եկէք, տեսէք այն տեղը, ուր Տէրը պառկած էր։ Եւ շուտով գնացէք նորա աշակերտներին ասեցէք թէ Յարութիւն առաւ մեռելներիցը, եւ ահա նա ձեզանից առաջ Գալիլեա կ’գնայ. Այնտեղ նորան կ’տեսնէք. Ահա ասեցի ձեզ։ Եւ նորանք շուտով գերեզմանիցը դուրս եկան՝ վախով եւ մեծ ուրախութիւնով. Եւ վազում էին՝ նորա աշակերտներին պատմելու։ Եւ երբոր գնում էին որ նորա աշակերտներին պատմեն, ահա Յիսուսը պատահեց նորանց եւ ասեց. Ողջոյն ձեզ. Եւ նորանք մօտ եկան, նորա ոտները բռնեցին եւ նորան երկրպագութիւն արին։ Այն ժամանակ Յիսուսը նորանց ասեց. Մի վախենաք. Գնացէք իմ եղբայրներին ասեցէք, որ գնան Գալիլեա, եւ այնտեղ կ’տեսնեն ինձ։ Եւ երբոր նորանք գնացին՝ ահա պահապան զինուորներից ոմանք եկան քաղաքը եւ պատմեցին քահանայապետներին բոլոր եղածները։ Եւ նորանք ծերերի հետ հաւաքուած խորհուրդ արին, եւ շատ փող տուին զինուորներին, Եւ ասեցին. Ասեցէք, թէ Նորա աշակերտները գիշերը եկան գողացան նորան, երբոր մենք քնած էինք։ Եւ եթէ այդ լուրը կուսակալին հասնէ, մենք կ’համոզենք նորան եւ ձեզ անհոգ կ’անենք։ Եւ նորանք փողն առնելով, այնպէս արին ինչպէս սովորեցրուած էին. Եւ այս բանը հռչակուեցաւ Հրէաների մէջ մինչեւ այսօր։ Բայց տասնեւմէկ աշակերտները գնացին Գալիլեա այն սարը որ Յիսուսը նորանց հրամայել էր։ Եւ երբոր նորան տեսան, երկրպագութիւն արին նորան, բայց ոմանք երկմտեցին։ Եւ Յիսուսը մօտ գալով նորանց հետ խօսեց եւ ասեց, Ամեն իշխանութիւնն ինձ տրուեցաւ երկնքումն եւ երկրումս. Ուրեմն գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. Նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն. Եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհքի վերջը։ Ամէն։
Մարկոս 16
Եւ երբոր շաբաթն անցաւ, Մարիամ Մագդաղենացին եւ Յակոբի մայրը Մարիամը եւ Սաղովմէն խունկեր առան, որ գան նորան օծեն։ Եւ միաշաբաթի առաւօտանց շատ կանուխ արեգակը ծագելիս գալիս են գերեզմանը։ Եւ իրար ասում էին. Ո՞վ կ’թաւալեցնէ քարը մեզ համար գերեզմանի դռնիցը։ Եւ նայեցան տեսան, որ քարը գերեզմանիցը հեռու էր թաւալած, որովհետեւ շատ մեծ էր։ Եւ երբոր գերեզմանը մտան, մի երիտասարդ տեսան՝ աջ կողմը նստած՝ սպիտակ պատմուճան հագած. Եւ շատ զարհուրեցին։ Եւ նա ասեց նորանց. Մի զարհուրիք, դուք խաչուած Նազովրեցի Յիսուսն էք որոնում. Նա յարութիւն առաւ, այստեղ չէ, ահա այն տեղը՝ ուր որ նորան դրին։ Բայց գնացէք, նորա աշակերտներին եւ Պետրոսին ասեցէք, թէ Նա ձեզանից առաջ կ’գնայ Գալիլեա. Այնտեղ կ’տեսնէք նորան ինչպէս նա ձեզ ասեց։ Եւ շուտով դուրս եկան փախան գերեզմանիցը, եւ նորանք դողով եւ սարսափով բռնուած էին, եւ ոչ ոքի ոչինչ չ’ասեցին. Որովհետեւ վախենում էին։ Եւ Յիսուսը երբոր յարութիւն առաւ՝ միաշաբաթի առաւօտանց առաջ երեւեցաւ Մարիամ Մագդաղենացուն, որից եօթը դեւ էր հանել։ Եւ նա գնաց պատմեց նորա հետ լինողներին, որ սուգ էին անում եւ լաց լինում։ Նորանք էլ լսելով, թէ կենդանի է, եւ երեւեցաւ նորան, չհաւատացին։ Սորանից յետոյ ուրիշ կերպարանքով երեւեցաւ նորանցից երկուսին, որ ման գալով յանդն էին գնում։ Նորանք էլ գնացին այն միւսներին պատմեցին, բայց նորանց էլ չ’հաւատացին։ Վերջը երբոր այն տասնեւմէկը սեղան էին նստած, նորանց երեւեցաւ եւ նորանց անհաւատութիւնը եւ քարասրտութիւնը յանդիմանեց, որ չ’հաւատացին նորանց, որ նորան տեսել էին յարութիւն առած։ Եւ նորանց ասեց. Գնացէք բոլոր աշխարհք, աւետարանը քարոզեցէք ամեն արարածի։ Ով որ հաւատաց եւ մկրտուեցաւ կ’փրկուի. Եւ ով որ չ’հաւատաց՝ կ’դատապարտուի։ Նորանց էլ, որ հաւատացին, այս նշանները կ’հետեւին. իմ անունովը դեւեր կ’հանեն, նոր լեզուներ կ’խօսեն. Օձեր վեր կ’առնեն, եւ եթէ մի մահադեղ խմեն, նորանց վնաս չի տալ. հիւանդների վերայ ձեռք կ’դնեն, եւ նորանք կ’առողջանան։ Արդ Տէրը նորանց հետ խօսելուց յետոյ, երկինքը համբարձաւ, Աստուծոյ աջ կողմը նստեց։ Նորանք էլ դուրս գնացին, ամեն տեղ քարոզում էին, եւ Տէրը գործակցում էր նորանց եւ խօսքը հաստատում էր այն նշաններովը որ հետեւում էին։ Ամէն։
Ղուկաս 24

Բայց միաշաբաթի օրը առաւօտանց կանուխ եկան գերեզմանը, եւ բերին այն խնկերը, որ պատրաստեցին. Եւ ոմանք էլ նորանց հետ։ Եւ քարը գերեզմանիցը հեռու թաւալած գտան։ Եւ երբոր ներս մտան, Տէր Յիսուսի մարմինը չ’գտան։ Եւ եղաւ երբոր նորա համար շատ հիացել էին, ահա երկու մարդ հասան նորանց լուսաւոր հանդերձներով։ Եւ երբոր նորանք ահով լցուեցան, եւ իրանց երեսները դէպի երկիր խոնարհեցրին, նորանց ասեցին. Ի՞նչ էք կենդանին մեռելների մէջ որոնում։ Այստեղ չէ, այլ յարութիւն առաւ. յիշեցէք ինչպէս նա ձեզ հետ խօսեց, երբոր Գալիլեայումն էր. Որ ասում էր, թէ պէտք է մարդի Որդին մեղաւոր մարդկանց ձեռը մատնուի՝ եւ խաչուի եւ երրորդ օրը յարութիւն առնէ։ Եւ նորա խօսքերը յիշեցին։ Եւ գերեզմանիցը ետ դառան եւ այս բոլոր բաները պատմեցին տասնեւմէկին եւ բոլոր ուրիշներին։ Եւ էին Մարիամ Մագդաղենացին, եւ Յովհաննան, եւ Յակոբոսի մայր Մարիամը, եւ նորանց հետ ուրիշներն էլ, որ այս բաները ասում էին առաքեալներին։ Եւ նորանց խօսքերը ցնորք երեւեցաւ նորանց առաջին, եւ չէին հաւատում նորանց։ Բայց Պետրոսը վեր կացաւ վազեց գերեզմանը, եւ ծռելով տեսաւ կտաւները մինակ դրուած. Եւ գնաց եղածի վերայ իր մտքումը զարմանալով։ Եւ ահա նորանցից երկուսը միեւնոյն օրը մի գիւղ էին գնում, որ վաթսուն ասպարէզ Երուսաղէմիցը հեռու էր, անունն Էմմաուս։ Եւ նորանք իրար հետ խօսում էին այն բոլոր անցած բաների համար։ Եւ եղաւ որ նորանք խօսելիս եւ վիճաբանելիս, հէնց ինքն Յիսուսը մօտեցաւ եւ գնում էր նորանց հետ։ Բայց նորանց աչքերը բռնուած էին, որ չճանաչեն նորան։ Եւ նորանց ասեց. Այդ ի՞նչ բաներ են, որ դորանց համար իրար հետ վիճում էք գնալիս, եւ տրտմած էք։ Եւ պատասխանեց նորանցից մէկը, անունը Կղէոպաս, եւ ասեց նորան. Դո՞ւ ես միայն բնակվում Երուսաղէմումն, որ չ’իմացար այն բաները, որ այս օրերը եղան նորանում։ Եւ նա ասեց նորանց. Ո՞ր բաներ. Եւ նորանք ասեցին. Յիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարէ մարդ էր, զօրաւոր գործերով Աստուծոյ եւ բոլոր ժողովրդի առաջին։ Թէ ինչպէս մեր քահանայապետները եւ իշխանները մահի դատաստանի մատնեցին նորան, եւ խաչեցին նորան։ Իսկ մենք յոյս ունէինք թէ նա է, որ Իսրայէլին փրկելու էր. Այլ այսու ամենայնիւ սա երրորդ օրն է, որ այս բաները եղան։ Բայց մի քանի կանայք էլ մեր միջիցը զարմացրին մեզ, որ առաւօտանց կանուխ գնացին գերեզմանը։ Եւ նորա մարմինը չ’գտած՝ եկան եւ ասեցին, թէ հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թէ նա կենդանի է։ Եւ մեզանից ոմանք գնացին գերեզմանը, եւ իսկ այնպէս գտան, ինչպէս կանայքն ասեցին, բայց նորան չ’տեսան։ Եւ նա ասեց նորանց. Ով անմիտներ եւ թուլասիրտներ, հաւատալու այն բոլոր բաներին, որ մարգարէները խօսեցին։ Չէ՞ որ պէտք էր՝ որ Քրիստոսը այս չարչարանքները քաշէր եւ իր փառքը մտնէր։ Եւ սկսելով Մովսէսիցը եւ բոլոր մարգարէներիցը մեկնում էր նորանց՝ ինչ որ գրքերի մէջ գրուած էր իր մասին։ Եւ մօտեցան այն գիւղին, ուր որ գնում էին. եւ նա այնպէս էր ցոյց տալիս, թէ աւելի հեռու տեղ է գնում։ Եւ նորանք բռնադատեցին նորան եւ ասեցին. Մնա մեզ հետ, որովհետեւ իրիկուայ դէմ է եւ օրն իջել է. Եւ նա մտաւ որ նորանց հետ մնայ։ Եւ եղաւ երբոր նա նորանց հետ սեղան նստեց, հաց առաւ՝ օրհնեց, կտրեց եւ տուաւ նորանց։ Եւ նորանց աչքերը բացուեցան եւ նորան ճանաչեցին. Եւ նա աներեւոյթ եղաւ նորանցից։ Եւ իրար ասեցին. Չէ՞ որ մեր սրտերը բորբոքվում էին մեզանում, երբոր ճանապարհին մեզ հետ խօսում էր, եւ ինչպէս գրքերը բաց էր անում մեզ համար։ Եւ նոյն ժամին վերկացան՝ ետ դառան Երուսաղէմ, եւ այն տասնեւմէկին ժողովուած գտան, եւ նորանց հետ լինողներին. Որ ասում էին թէ Արդարեւ Տէրը յարութիւն է առել, եւ երեւացել Սիմօնին։ Եւ նորանք պատմում էին այն որ ճանապարհին եղաւ, եւ թէ ինչպէս իրան ճանաչեցրեց իրանց՝ հաց կտրելու ժամանակին։ Եւ նորանք այս խօսելիս, Յիսուսն ինքը կանգնեց նորանց միջումը եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։ Եւ նորանք զարհուրելով վախեցած, համարում էին, թէ ոգի են տեսնում։ Եւ նորանց ասեց. Ի՞նչու էք շփոթուած. Ի՞նչու համար խորհուրդներ են վերկենում ձեր սրտերումը։ Տեսէք իմ ձեռքերը եւ իմ ոտները, որ ես ինքս եմ. շօշափեցէք ինձ եւ տեսէք. Որովհետեւ ոգին մարմին եւ ոսկերք չ’ունի, ինչպէս ինձ էք տեսնում որ ունիմ։ Եւ սա որ ասեց, ձեռքերն ու ոտները ցոյց տուաւ նորանց։ Եւ քանի որ դեռ չէին հաւատում ուրախութիւնից եւ զարմացած էին, ասեց նորանց. Կերակուր ունի՞ք այս տեղ։ Եւ նորանք խորոված ձկան կտոր տուին նորան՝ եւ մեղրախորիսխ։ Եւ առաւ կերաւ նորանց առաջին։ Եւ ասեց նորանց. Այս այն բաներն են՝ որ ձեզ հետ խօսեցի, քանի որ ես ձեզ հետ էի, թէ պէտք է կատարուի Մովսէսի օրենքումը եւ մարգարէներումը եւ սաղմոսներումը բոլոր ինձ համար գրուածները։ Այն ժամանակ նորանց միտքը բացաւ, որ գրքերը իմանան։ Եւ նորանց ասեց թէ Այսպէս է գրուած, եւ այսպէս պէտք էր Քրիստոսին չարչարուիլ եւ երրորդ օրը մեռելների միջից յարութիւն առնել. Եւ նորա անունովը ապաշխարութիւն եւ մեղքերի թողութիւն քարոզուիլ բոլոր ազգերի մէջ Երուսաղէմից սկսած։ Եւ դուք այս բաների համար վկաներ էք։ Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. Դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք։ Եւ նորանց հանեց մինչեւ Բեթանիա. Եւ իր ձեռքերը բարձրացրեց եւ օրհնեց նորանց։ Եւ եղաւ որ նա նորանց օրհնելիս, ջոկուեց նորանցից, եւ վերանում էր երկինքը։ Եւ նորանք երկրպագեցին նորան, եւ մեծ ուրախութիւնով ետ դառան Երուսաղէմ։ Եւ ամեն ժամանակ տաճարումն էին. Գովում եւ օրհնում էին Աստուծուն։ Ամէն։
Հովհաննու 20,1-22

Եւ միաշաբաթի օրը Մարիամ Մագդաղենացին առաւօտանց՝ տակաւին մութ՝ գալիս է գերեզմանը, եւ տեսնում է քարը գերեզմանից վեր առած։ Ապա վազում է գալիս Սիմօն Պետրոսի եւ միւս աշակերտի մօտ, որին Յիսուսը սիրում էր, եւ ասում նորանց. Տիրոջը վեր առան գերեզմանիցը, եւ չ’գիտենք թէ որտեղ դրին նորան։ Եւ դուրս եկաւ Պետրոսը եւ միւս աշակերտը, եւ գալիս էին գերեզմանը։ Եւ երկուսը միասին վազում էին. Եւ միւս աշակերտը վազեց շուտով անցաւ Պետրոսիցը, եւ առաջ եկաւ գերեզմանը։ Եւ ծռելով տեսնում է կտաւները դրած. Բայց ներս չ’մտաւ։ Սիմօն Պետրոսն էլ հասաւ որ նորա ետեւից գալիս էր, եւ մտաւ գերեզմանը, եւ տեսնում է կտաւները դրած. Եւ վարշամակը՝ որ նորա գլխի վերայ էր, կտաւների հետ չէր, այլ ջոկ ծալած մի առանձին տեղ։ Այն ժամանակ միւս աշակերտն էլ ներս մտաւ, նա որ առաջ էր գերեզմանը եկել, տեսաւ եւ հաւատաց։ Որովհետեւ տակաւին չ’գիտէին գիրքը, թէ Պէտք է նա մեռելներից յարութիւն առնէ։ Եւ աշակերտները դարձեալ իրանց տունը գնացին։ Բայց Մարիամը գերեզմանի մօտ կանգնած էր դուրսը եւ լաց էր լինում. Եւ լաց լինելիս ծռուեց մտիկ տուաւ գերեզմանի մէջ. Եւ տեսնում է երկու հրեշտակ՝ սպիտակ հանդերձներով նստած, մէկը գլխի կողմին, եւ միւսը ոտների կողմին, որտեղ որ Յիսուսի մարմինը դրուած էր։ Եւ նորանք ասեցին նորան. Ով կին, ի՞նչու ես լաց լինում. Նորանց ասեց. Նորա համար որ իմ Տիրոջը վեր առան, եւ չ’գիտեմ՝ թէ ուր դրին նորան։ Եւ երբոր սա ասեց, դարձաւ իր յետին կողմը, եւ Յիսուսին տեսաւ՝ կանգնած. եւ չ’գիտէր թէ Յիսուսն է։ Յիսուսը նորան ասեց. Կին, ի՞նչու ես լաց լինում, ո՞ւմ ես որոնում. Նա էլ կարծելով թէ պարտիզպանն է, ասեց նորան. Տէր, եթէ դու վեր առար նորան, ասիր ինձ՝ ուր ես դրել նորան, որ ես վեր առնեմ նորան։ Յիսուսը նորան ասեց. Մարիամ. Եւ նա դարձաւ եւ ասեց նորան. Ռաբբունի, որ կ’թարգմանուի Վարդապետ։ Յիսուսը նորան ասեց. Մի դպչիր ինձ, որովհետեւ դեռ չեմ վեր ելլել իմ Հօր մօտ. Բայց դու գնա իմ եղբայրների մօտ, եւ նորանց ասիր. Ես վեր եմ ելնում իմ Հօր մօտ եւ ձեր Հօր մօտ, իմ Աստուծոյ մօտ եւ ձեր Աստուծոյ մօտ։ Մարիամ Մագդաղենացին գալիս է աշակերտներին պատմում, թէ նա տեսաւ Տիրոջը, եւ թէ նա այս բաներն իրան ասեց։ Եւ նոյն օրը, միաշաբաթի իրիկունը երբոր դռները փակուած էին, այնտեղ ուր որ աշակերտները ժողովուած էին Հրէաների վախիցը, Յիսուսը եկաւ եւ նորանց մէջ կանգնեց, եւ նորանց ասեց. Խաղաղութիւն ձեզ։ Եւ սա ասելով իր ձեռքերը եւ իր կողը ցոյց տուաւ նորանց. Եւ աշակերտներն ուրախացան՝ երբոր Տիրոջը տեսան։ Յիսուսը դարձեալ ասեց նորանց. Խաղաղութիւն ձեզ, ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Եւ սա ասելով փչեց նորանց վերայ եւ ասեց. Առէք Սուրբ Հոգին։ Որոնց մեղքը որ թողէք՝ թողուած կ’լինի նորանց. Որոնցը որ պահէք՝ պահուած կ’լինի։

Ա. Կորնթացիս 15,12-57

12 Բայց եթէ Քրիստոսը քարոզվում է՝ թէ մեռելներից յարութիւն է առել, ի՞նչպէս են ձեզանից ոմանք ասում, թէ Մեռելների յարութիւն չ’կայ։ 13Եթէ մեռելների յարութիւն չ’կայ,  ապա Քրիստոսն էլ չէ յարութիւն առել։ 14 Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ։ 15 Եւ մենք էլ Աստուծոյ սուտ վկաներ ենք գտնվում,  որ Աստուծոյ համար վկայեցինք, թէ Քրիստոսին յարութիւն տուաւ, որին չ’յարուցրեց, եթէ արդարեւ մեռելները յարութիւն չեն առնում։ 16 Որովհետեւ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չէ առել. 17 Եւ եթէ Քրիստոս յարութիւն չէ առել՝ ունայն է ձեր հաւատքը.  եւ դեռ ձեր մեղքերի մէջ էք։

18Ուրեմն նորանք էլ, որ Քրիստոսումը ննջեցին, կորան։ 19  Եթէ միայն այս կեանքումն ունինք յոյս Քրիստոսի վերայ, ամեն մարդկանցից աւելի ողորմելի ենք։ 20 Բայց հիմա Քրիստոսը յարութիւն է առել մեռելներից,  ինքը ննջածների առաջինեկ եղաւ։

 21 Ուրեմն որովհետեւ մարդով եղաւ մահը,  եւ մարդով էլ մեռելների յարութիւնը. 22 Քանզի ինչպէս Ադամով ամենը մեռնում են, այնպէս էլ Քրիստոսով ամենը կենդանանում են։ 23  Եւ ամեն մէկն իր կարգումը. Առաջի պտուղը Քրիստոսը եւ յետոյ Քրիստոսինները նորա գալու ժամանակումը։ 24 Եւ յետոյ վախճանը, երբ որ թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. Երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։ 25Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտների տակ դնէ։

 26  Յետին թշնամին՝ որ կ’խափանուի՝ մահն է. Վասնզի  ամեն բան հնազանդեցրեց նորա ոտների տակ։ 27 Բայց երբոր ասէ՝ թէ Ամեն բան հնազանդ է նորան, յայտնի է որ բացի նորանցից որ ամեն բան հնազանդեցրեց նորան։ 28  Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան,  այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. Որ Աստուած լինի ամենը ամենում։ 29 Ապա եթէ ոչ, ի՞նչ կ’անեն մեռելների համար մկրտուողները եթէ արդարեւ մեռելները յարութիւն չ’առնեն. էլ ի՞նչու են նորանց համար մկրտվում։ 30 Եւ մենք ի՞նչու ամեն ժամանակ վտանգի մէջ ենք։

 31Երդնում եմ ձեր վերայ ունեցած պարծանքովս, որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն ունիմ, թէ ես  ամեն օր մեռնում եմ։ 32 Եթէ մարդկօրէն Եփեսոսումը գազանների կռիւի մէջ մտայ, ի՞նչ օգուտ էր ինձ համար, եթէ մեռելները յարութիւն չեն առնում.  ուտենք եւ խմենք, որովհետեւ էգուց կ’մեռնինք։ 33 Մի խաբուիք.  չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը։ 34  Արթուն կացէք արդարութեամբ եւ մեղք մի գործէք.  որովհետեւ մի քանիսն Աստուծոյ մասին տգէտ են.  այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։

""

35 Բայց մէկը կ’ասէ.  Մեռելներն ի՜նչպէս յարութիւն կ’առնեն, եւ թէ ի՞նչ մարմնով կ’գան։ 36 Անմիտ,  այն որ դու սերմում ես, չի կենդանանալ՝ եթէ չ’մեռնի։ 37 Եւ այն որ սերմում ես, ոչ թէ այն մարմինն ես սերմում որ պիտի բուսնի, այլ մերկ հատը. Թէ ցորենի լինի, թէ ուրիշ սերմունքների։ 38 Եւ Աստուած մարմին է տալիս նորան ինչպէս կամենում է, եւ սերմունքների ամեն մէկին իրանց մարմինը։ 39 Ամեն մարմին միեւնոյն մարմինը չէ. Ուրիշ է մարդկանց մարմինը, ուրիշ է անասունների մարմինը. Ուրիշ է ձկների մարմինը, ուրիշ է թռչունների մարմինը։ 

40 Կան երկնաւոր մարմիններ էլ, երկրաւոր մարմիններ էլ. Բայց ուրիշ է երկնաւորների փառքը, եւ ուրիշ է երկրաւորների փառքը։ 41Ուրիշ է արեգակի փառքը, եւ ուրիշ է լուսնի փառքը, եւ ուրիշ է աստղերի փառքը. Որովհետեւ մի աստղ միւսից զանազանվում է փառքով։ 42 Այնպէս էլ մեռելների յարութիւնը. Սերմվում է ապականութիւնով, եւ յարութիւն է առնում անապականութիւնով։ 43 Սերմվում է անարգութիւնով, եւ յարութիւն է առնում զօրութիւնով։ 44 Սերմվում է շնչաւոր մարմին, եւ յարութիւն է առնում հոգեւոր մարմին. Կայ շնչաւոր մարմին, կայ եւ հոգեւոր մարմին։ 45 Այսպէս էլ գրուած է, թէ Առաջին մարդն՝ Ադամը կենդանի շունչ եղաւ, երկրորդ Ադամը  կենդանարար հոգի։ 46 Միայն թէ հոգեւորն առաջ չէ, այլ շնչավորը, եւ յետոյ հոգեւորը։ 47  Առաջին մարդը երկրիցն է՝ հողեղէն. Բայց երկրորդ մարդն է Տէրը  երկնքից։ 48 Ինչպէս հողեղէնը, այնպէս էլ հողեղէնները.  եւ ինչպէս երկնաւորը, այնպէս էլ երկնաւորները։ 49 լ Եւ ինչպէս հողեղէնի պատկերը հագանք, երկնաւորի պատկերն էլ պիտի հագնենք։ 50 Միայն թէ սա եմ ասում, եղբարք,  որ մարմին եւ արիւն չեն կարող Աստուծոյ արքայութիւնը ժառանգել. Եւ ոչ էլ ապականութիւնը ժառանգում է անապականութիւնը։ 51 Ահա մի խորհուրդ եմ ասում ձեզ.  Ոչ թէ ամենքս կ’ննջենք, այլ ամենքս կ’փոխուինք։ 52 Յանկարծ՝ մի ակնթարթում յետին փողի ժամանակին. որովհետեւ փողը կ’փչուի, եւ մեռելները յարութիւն կ’առնեն անապականելի, եւ մենք կ’փոխուինք։ 53 Վասնզի պէտք է որ այս ապականացուն հագնէ անապականութիւնը, եւ  այս մահկանացուն հագնէ անմահութիւնը։ 54 Եւ երբոր այս ապականացուն անապականութիւնը կ’հագնէ, եւ այս մահկանացուն անմահութիւնը, այն ժամանակ կ’լինի այն խօսքը որ գրուած է թէ  Մահն ընկղմուեցաւ յաղթութեան մէջ։ 55  Ով մահ, ո՞ւր է քո խայթոցը. գերեզման, ո՞ւր է քո յաղթութիւնը։ 56 Մահի խայթոցը մեղքն է,  եւ մեղքի զօրութիւնը՝ օրէնքը։ 57  Բայց շնորհակալութիւնն Աստուծուն,  որ տուաւ մեզ յաղթութիւնը մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը։ 58  Ուրեմն, սիրելի եղբարքս, հաստատ եղէք, անշարժ կացէք, ամեն ժամանակ աւելի առաջացէք Տիրոջ գործումը,  գիտացէք, որ ձեր աշխատանքը զուր չէ Տէրումը։

Աստվածաշունչ  ,    Դիտեք՝  Հիսուս Ֆիլմը   ,      Ֆիլմեր