Քույրս տիկնիկ շատ էր սիրում… իրական պատմություն

Մի անգամ քայլում էի տեղական խանութներով և հանկարծ մի խանութում նկատեցի, որ գանձապահը խոսում է մոտավորապես 5-6 տարեկան մի տղայի հետ: Նա ասում էր.

— Ցավում եմ, բայց ունեցածդ գումարը բավարար չէ տիկնիկ գնելու համար:

Այդ ժամանակ փոքրիկ տղան շրջվում է ինձ ու հարցնում.

— Դուք համոզվա՞ծ եք, որ իմ գումարը բավական չէ:

Ես վերահաշվեցի գումարը և պատասխանեցի.

— Ո՛չ, տղա՛ս, քո գումարը բավարար չէ այդ տիկնիկը գնելու համար:

Փոքրիկ տղան դեռևս տիկնիկը պահում էր իր ձեռքում:

Գնումներս անելուց հետո կրկին մոտեցա նրան և հարցրեցի, թե ո՞ւմ համար է տիկնիկը ցանկանում գնել:

— Քույրս տիկնիկ շատ էր սիրում, բայց նա հեռացել է մեզանից: Այս տիկնիկն ուզում եմ նրան նվիրել… Մայրս շուտով գնալու է նրա մոտ, կտամ մամայիս, որ փոխանցի:

Նա շա՜տ տխուր էր, երբ պատմում էր այդ մասին:

— Իսկ որտե՞ղ է քույրիկդ:

Հանկարծ նրա փոքրիկ աչքերում արցունքի կաթիլներ հայտնվեցին:

— Քույրիկս Աստծո մոտ է գնացել: Այդպես հայրս է ինձ ասել և ասել է նաև, որ շուտով մայրս նույնպես կգնա Աստծո մոտ, դրա համար ես մտածեցի, որ նա կարող է վերցնել տիկնիկն իր հետ և փոխանցել այն իմ քույրիկին:

Սիրտս հանկարծ կանգ առավ:

Փոքրիկ տղան նայեց ինձ վրա և ասաց.

— Ես հայրիկիս խնդրել եմ այնպես անի, որ մայրս չհեռանա, մինչև ես վերադառնամ զբոսանքից:

Հետո նա ցույց տվեց իր նկարը, որտեղ նա երջանիկ էր ու ժպտում էր:

— Ես ուզում եմ, որ մայրիկս իմ նկարն իր հետ վերցնի, որ իմ քույրը չմոռանա ինձ: Ես սիրում եմ իմ մորը և չեմ ցանկանում, որ նա հեռանա մեզնից, սակայն հայրիկս ասում է, որ նա պետք է գնա իմ փոքրիկ քույրիկի մոտ:

Հետո նա նորից նայեց տիկնիկին տխուր հայացքով: Ես արագ վերցրեցի դրամապանակս և ասացի տղային.

— Գուցե մենք նորի՞ց հաշվենք գումարդ, գուցե այն իրոք բավակա՞ն է տիկնիկ գնելու համար:

Աննկատելիորեն ես մի փոքր գումար ավելացրեցի նրա գումարի վրա, և մենք նորից հաշվեցինք այն: Գումարն արդեն բավական էր տիկնիկ գնելու համար և, նույնիսկ, ավելին էր:

Փոքրիկ տղան նայեց ինձ և ասաց.

— Երեկ քնելուց առաջ ես Աստծուն խնդրում էի ինձ գումար տալ՝ քրոջս համար տիկնիկ գնելու: Նա լսեց ինձ: Ես ցանկանում էի նաև մայրիկիս համար սպիտակ վարդեր գնել, բայց այդ մասին Աստծուն չէի խնդրել: Իսկ նա ինձ տվեց բավական գումար՝ գնելու և՛ տիկնիկը, և՛ վարդերը: Մայրիկս սիրում է սպիտակ վարդեր:

Ես ավարտեցի իմ գնումները մտածկոտ ու տարօրինակ մի վիճակում: Չէի կարողանում մտքիցս հանել այդ տղային: Հետո հիշեցի, որ երկու օր առաջ թերթում մի հոդված կար հարբած մի տղամարդու մասին, ով իր բեռնատարի տակ էր գցել մի կնոջ և փոքրիկ աղջկա: Աղջիկը մահացել էր տեղում, իսկ կնոջ առողջական վիճակը ծայրահեղ ծանր էր:

Մի՞թե դա այդ տղայի ընտանիքն էր, ով ցանկանում էր տիկնիկ գնել իր քրոջ համար:

Երկու օր անց թերթում գրեցին երիտասարդ կնոջ մահվան մասին:

Ես չէի կարողանում զսպել արցունքներս:

Գնեցի սպիտակ վարդեր ու որոշեցի ներկա լինել թաղման արարողությանը:

Երիտասարդ կինը պառկած էր սպիտակ շորերով. մի ձեռքում տիկնիկն էր և նկարը, իսկ մյուս կողմում սպիտակ վարդերն էին:

Ես արցունքներն աչքերիս հեռացա այդտեղից այնպիսի զգացողությամբ, կարծես կյանքումս մի բան փոխվել էր, այլևս առաջվա պես չէր:

Երբեք չեմ մոռանա այդ տղայի սերն իր մոր ու քրոջ հանդեպ:

Խնդրո՛ւմ եմ, մի՛ նստեք ղեկին հարբած վիճակում: Դուք կարող եք կոտրել ո՛չ միայն ձեր կյանքը…

crossnews.am

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *