«Ինձ Հայաստան հրավիրեցին 90թ-ի հոկտեմբերին, այն ժամանակ սովորում էի Սանկտ Պետերբուրգի ակադեմիայում,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: -Վազգեն Մանուկյանն ինձ առաջարկեց ղեկավարել զինված ուժերը, այն ինչ-որ կար: Նա ասաց, որ բանակով զբաղվում է Վազգեն Սարգսյանը, որը ԳԽ-ի պաշտպանության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահն էր: Այն ժամանակ արդեն ձևավորված էր Հատուկ գունդը, վաշտեր կային: Ճշգրիտ որոշում կայացվեց, Վազգեն Սարգսյանի հեղինակությունը թույլ տվեց տարբեր ջոկատներ միավորել, ինչի շնորհիվ խուսափեցինք քաղաքացիական պատերազմից: Մենք ունեինք ջոկատներ, որոնք զինված էին, բայց չկար համապատասխան վերահսկողություն: Միակ լուծումը այդ ջոկատները Ներքին գործերի կազմում ընդգրկելն էր: Մենք գնացինք այդ ճանապարհով»:

Պաշտպանության նախկին նախարարը, անդրադարձավ նաև իր և Ռ. Քոչարյանի միջև ծագած հակասությանը՝ ընդգծելով, որ այդ հակասությունը սկսվել է 1999-ին՝ Հոկտեմբերի 27-ից հետո: Եվ բացելով փակագծերը՝ Վ. Հարությունյանը մանրամասնեց. «Ես այդ ժամանակ արդեն պաշտպանության նախարար էի, մինչ այդ նրան մոտիկից չեմ ճանաչել… Իմիջիայլոց Ռ. Քոչարյանն իր գրքում գրել է, որ ես եղել եմ Ռուսաստանում Հայաստանի ներկայացուցիչը, բայց երբեք այդպիսի բան չի եղել, ես եղել եմ ԱՊՀ Միավորված ուժերի գլխավոր հրամանատարության շտաբի պետի տեղակալ…

Վազգեն Սարգսյանն ինձ ասաց, որ Ռ. Քոչարյանն ուզում է Ղարաբաղի հարցը լուծել «Մեղրիի տարբերակով», և խնդրեց այդ մասին չխոսել: Դրանից հետո՝ հուլիսին, Քոչարյանը և ես հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Ալիևի և պաշտպանության նախարարի հետ, որտեղ քննարկվեց «Մեղրիի տարբերակը»: Դրանից հետո Ռ. Քոչարյանը ինձ հրավիրեց իր աշխատասենյակ և բացատրում էր, որ դա լավ տարբերակ է… Եվ ես ընդդիմացա, ասելով, որ ոչ միայն լավ տարբերակ չէ, այլ դրա մասին չի կարելի անգամ քննարկել:

Հոկտեմբերի 27-ից հետո ես, որպես պաշտպանության նախարար, գնահատել եմ սպառնալիքները և վտանգները… Դա սպառնալիք էր սահմանադրական կարգի և պետության դեմ: Այդ ժամանակ խախտվել է պետության ղեկավարման համակարգը… Հոկտեմբերի 27-ից հետո, գնահատելով իրավիճակը, բանակը բերել եմ մարտական պատրաստության… Քոչարյանի հրամանով, առանց հիմնավորման, ազատվել եմ պաշտոնից»:

Որպես վարկած՝ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ Հոկտեմբերի 27-ը հնարավոր է տեղի է ունեցել այն պատճառով, որ «Մեղրիի տարբերակին» դեմ են եղել և՛ Վազգեն Սարգսյանը, և՛ Կարեն Դեմիրճյանը, մանավանդ որ Նաիրի Հունանյանը դրանից առաջ եղել է Թուրքիայում, իսկ դա նաև Թուրքիայի շահերից էր բխում…»

Մանրամասն՝ տեսանյութում: