Քաշաթաղում դպրոցի տնօրենը յուրացրե՞լ էր գույքը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր համայնքի միջակարգ դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Կարեն Շիրինյանը հայտարարում է, որ դպրոցի տնօրենը ուսումնական հաստատությանը պատկանող գույքն իր տուն է տարել եւ հրաժարվում է իրեն աշխատանքի ընդունել:

Araratnews.am-ի հետ զրույցում Կարեն Շիրինյանը պատմեց, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին աշխատանքի է անցել տվյալ դպրոցում` որպես ինֆորմատիկայի եւ աշխարհագրության ուսուցիչ: «2018 թվականի հունվարի 9-ին դիմում եմ ներկայացրել դպրոցի տնօրենին, որ ինձ ազատի: Դիմումում գրել եմ, որ հաշվի առնելով դպրոցում տիրող անօրինականությունները, վերադասի ոչ կոռեկտ պահվածքը, ազատել ինձ աշխատանքից: Մի քանի օր հետո պատասխանը գրում տալիս է, բայց կնիք չի լինում: Ես էլ ասում եմ` առկա թերությունները վերացրեք, ես նորից գալիս եմ աշխատանքի»,- պատմեց Շիրինյանը: Նա ասաց, որ դպրոցի տնօրենն իրեն ուղղորդել է կրթության վարչության պետի մոտ, վերջինս էլ պատասխանել է, որ մանկավարժին ազատելու  հրաման ինքը չի տվել, հետեւաբար նրան աշխատանքի վերադարձնելու հրաման տալ եւս չի կարող:

Հարցին, թե ինչո՞ւ ազատման դիմում գրեց, հետո փոշմանեց, Կարեն Շիրինյանն ասաց, թե իրականում չի փոշմանել, այլ այդ կերպ ցանկացել է բարձրաձայնել դպրոցում կատարվող անօրինականությունների մասին: «Տնօրենը մշտապես խոչընդոտել է իմ մանկավարժական գործունեությունը: Եթե աշակերտը դասին չի ներկայանում, պետք է բացակա դնենք, բայց մեզ հրամայում է, թե բացակա մի դրեք, մի քանի երեխա են, որ բացակա դնեք` նույն դասարանում կմնան»,- ասաց նա:

Ըստ Շիրինյանի՝ դպրոցի տնօրենը նաեւ ուսումնական հաստատության գույքն է տարել իր տուն, հետո վերադարձրել է: Մասնավորապես, նրա խոսքով`  հեռուստացույց, համակարգիչ ու վառելափայտ:

Շիրինյանը պատմեց, որ տնօրենն իրեն աշխատանքի չի ընդունում այն պատճառաբանությամբ, թե բարձրագույն կրթություն չունի: Հիմա նախկին մանկավարժը հարցադրում է անում. եթե աշխատելու իրավունք չուներ, ապա ինչո՞ւ էին նախկինում աշխատանքի ընդունել, եւ, բացի այդ, նույն շրջանի մանկավարժների մեծ մասը բարձրագույն կրթություն չունի, սակայն նրանք անարգել աշխատում են:

Araratnews.am-ը պարզաբանում ստանալու կապակցությամբ կապ հաստատեց նաեւ դպրոցի տնօրեն Արեւիկ Դավթյանի հետ: Վերջինս հրաժարվեց մեկնաբանություն տալուց, հայտարարելով, որ Կարեն Շիրինյանին ամեն ինչ ասել է, եւ ասելիք չունի: «Ինքը շատ բան է ասում, ես ոչինչ չունեմ անձամբ իրեն հետ կապված ձեզ բան ասելու, հենց տենց, պարտավոր չեմ»,- ասաց մանկավարժ տնօրենը:

Փայլակ Ֆահրադյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *