""Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին խորհուրդ է տալիս բեմականացված հայտարարություններից զերծ մնալ: Այսօր այս մասին Փաշինյանն ասաց լրագրողների հետ զրույցում նախագահի նստավայրում կառավարության անդամների երդմնակալության արարողությունից հետո:

Հիշեցնենք, Վիգեն Սարգսյանը քննադատել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, մեղադրելով, որ նա անտեղյակ է ազգ-բանակ հայեցակարգից:

Փաշինյանն ասաց. «Մենք ունենք օրենք, որը ունի կոնկրետ դրույթներ, որի անունը դրել են «Ես եմ» ծրագիր: Իսկ Ազգ-բանակը որտեղ է ձեւակերպված: Դա գաղափար է, որ քննադատվել է եւ շատ արդարացված: Հարցեր են բարձրացվել, թե դրա տակ ինչ է հասկացվում՝ արդյոք մենք հասկանում ենք միլիտարիզացված հասարակություն, որ բոլորին փորձում են ուսադիրների տակ քաշել՝ հնազանդ պահելու համար: Մենք տեսանք, որ մեր հասարակությունն այդպիսին չի լինի: Հակառակը՝ մենք խոսում ենք նրա մասին, որ որեւէ մեկն ընտրությունների ընթացքում չպետք է իրավունք ունենա ազդել զինվորի քաղաքացիական ընտրության վրա: Եթե ազգ-բանակն այն է, որ զինվորները պետք է հրամանով քվեարկեն, ուրեմն՝ չի լինելու դա»: