Տիրոջն ընդառաջ

Ղուկաս. 2:22-35;

Փետրվարի 13-ի երեկոյից մեր ժողովուրդը սկսում է տոնել «ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ»-ը:


Սա ժողովրդական տարածում ստացած տոն է իր տոնական յուրահատուկ ուտեստներով, հարսանիքներով, նշանդրեքներով, խնամականչերով: Բակերում կրակ են վառում ու վրայից նորապսակներին ու այլոց թռցնում: Ժողովուրդն ուրախ է, տոներն էլ ուրախանալու համար են: Սակայն, թե ո՞րն է այս տոնի իմաստն ու նշանակությունը, կարծում եմ, քչերը գիտեն: Եթե առաջնորդվենք միայն մեր տեսած երևույթներով՝ հարսանիքներ ու կրակավառություն, կրակի վրայից ցատկել ու խրախճանքներ, ապա երբեք էլ չենք կարող տպավորություն ստանալ, թե այն Տեր Հիսուս Քրիստոսի հետ կապված ուրախություն է, կամ այս տոնական ուրախության կենտրոնը Աստծո Որդին է : 
Կրակով անցկացնելը, կամ կրակով այրելը, դա հին կտակարանյան ժամանակաշրջանում Աստծո կողմից դատապարտված արարք էր: Դա օտար ազգերի աստվածներին զոհաբերություն մատուցելու արարողակարգի բաժիններից էր, որոնք ուղեկցվում էին փոքրիկ երեխաների մարմինների զոհաբերությամբ: Այս չէ որ Աստված մեզանից ուզում է:
Տոնի անունը Տիրոջն ընդառաջ գնալ է նշանակում, այսինքն Սիմոն ծերունին, որ Սուրբ Հոգուց բազմաթիվ տարիներ առաջ խոստում էր ստացել Հիսուսին տեսնելու, դեռ Հիսուսը քառասուն օրական էր, որ ծերունին առանց մարդկային միջամտության, նորից Սուրբ Հոգու առաջնորդությամբ, տաճարում ընդառաջ եկավ մանուկ Հիսուսին: Ուրեմն սա նշանակում է, որ այս տոնակատարությունը մեզ պիտի կոչ անի, մղի Հիսուսին ընդառաջ գնալու և վերացնելու այն բոլոր խոչընդոտները որոնք խանգարում են Նրան դիմավորելու: Սիմոն ծերունու նկարագրից ու հավատի կյանքից մեզ համար սովորելու շատ դասեր ունենք:
Մենք՝ Հիսուսի երկրորդ գալուստին սպասողներս, ինչպե՞ս պետք է դիմավորենք Նրան՝ Տիրոջը:

1.Արդար ու աստվածավախ լինելով (2:25;)

Մենք գիտենք, որ Աստվածաշունչն ասում է, որ արդար չկա, մեկն էլ չկա, սակայն մյուս կողմից էլ կան մարդիկ, որոնց համար ասում է. « արդար և աստվածավախ մարդ էր»: Ոչ միայն Ղուկասի ավետարանում Սիմոն ծերունու մասին ենք ընթերցում, այլ օրինակ Հոբի գրքում հենց Հոբի մասին ենք կարդում: Աստված Սատանային է վկայում Հոբի մասին ասելով, որ նա կատարյալ և արադար, աստվածավախ ու չարությունից ետ քաշվող մարդ է և նրա նմանը չկա: Սա չի նշանակում, որ Հոբը Աստծո պես անսխալական էր, երբեք մեղք չէր գործել, այլ՝ որ նա իր կյանքը չարությունից էր ետ պահել, նա իր կյանքը տրամադրել էր ոչ թե չարի կամքին, այլ՝ Աստծո: Նրա համար ապրելու չափանիշը կատարելությունն էր, արդար վարմունքը, իսկ սխալի դեպքում խոստովանությունը, մեղքերի քավությունը, շտկված ու փոխված կյանքը: Քանի որ Հոբին հիշեցինք ասենք, որ Նա սովորություն ուներ կանչելու և սրբելու իր ընտանիքի անդամներին , այսինքն՝ նրանք իրենց հոր մոտ խոստովանում ու մաքրվում էին իրենց հանցանքներից: Նույնիսկ այդքանից հետո Հոբը իր զավակների թվով զոհեր էր մատուցում խորհելով, թե նրանք իրենց կերուխումների ժամանակ իրենց մտքերում միգուցե Աստծուն հայհոյած կլինեն: Այո, սա կատարելության, արդարության, աստվածավախության և չարից ետ մնալու ճանապարհն է: Ուստի սա է որ պիտի սովորենք թե Հոբից, թե Սիմոն ծերունուց ու Տիրոջը դիմավորենք ապրելով արդար ու աստվածավախությամբ, կատարյալ կյանքով ու չարությունից ետ քաշվելով: Նա, ով հույս ունի Տիրոջը տեսնելու, դիմավորելու, ապրում է աստվածավախությամբ, կամ Աստծո երկյուղով, որովհետև իրեն հաշվետու է զգում Նրա առջև: Ամեն բանի համար Տիրոջն ենք հաշիվ տալու, լինի խոսք, լինի գործ, լինի կեցվածք, լինի շարժառիթ, լինի մտահղացում: Ովքեր չեն ուզում պատասխանատվություն կրել իրենց կատարածների համար, նրանք մերժում են աստվածավախությունը, արդարությունը:

2.Սպասել մխիթարությանը (2:25;)

Իսրայելի մխիթարությունը կապված էր Օծյալ Իշխանի գալու հետ: Իսրայել ժողովուրդը անմխիթար վիճակում էր գտնվում: Նրանք որպես Աստծո սուրբ ժողովուրդ անցյալում հզոր թագավորություն էին ունեցել, իսկ մեղքի պատճառով իրենց հողում, առաջին դարում, գտնվում էին հռոմեական տիրապետության տակ: Հարթ ու սահուն չէր նաև կրոնական իրավիճակը: Տարբեր կրոնական կուսակցություններ ու դպրոցներ կային, որոնց ներդաշնակությունը փխրուն ենթահող ուներ: Միակ մխիթարությունը այն էր, որ սպասում էին Աստծո Խոսքի իրականանալուն, այսինքն՝ Օծյալի, Քրիստոսի գալուն: Նրա հետ էր կապված նրանց ազատությունը, Դավթի թագավորության վերականգնումն ու փառքը:
Այսօր մենք՝ քսանմեկերորդ դարի հավատացյալներս, ի՞նչ մխիթարություն ու հույս ունենք: Աշխարհի ներկա վիճակը ինչպիսի՞ն է: Արդյո՞ք կարող ենք ասել, որ աշխարհն իր լավագույն վիճակում է, օրեօր կյանքը լավանում է, մարդիկ բարիանում և սուրբ գործեր են կատարում: Լրատվական թերթերից իսկ հայտնի է, որ երկրի վրա պատերազմներ կան, պետություններ են քանդվում, քաղաքացիական արյունահեղություններ և այլ պայքարներ կան: Ազգամիջյան բախումների, տնտեսական ճգնաժամների ու այլ վատ լուրերի ձայներն են տարածվում: Մարդիկ լավի ակնկալիքով չեն խոսում, այլ անցյալի լավ հիշողություններով են ապրում: Այսօր մենք ի՞նչ մխիթարություն ու հույս ունենք: 
Հիսուսն աշակերտներին ասաց. «Իսկ եթե գնամ, Մխիթարիչին կուղարկեմ: Եվ Նա երբ գա, աշխարհին կհանդիմանի մեղքի, արդարության և դատաստանի համար »: Հովհ. 16: 7-8; Ներկայիս մխիթարությունը Սուրբ Հոգու միջոցով է լինում: Նա մատակարարում է Հիսուսի բերած փրկությունը, և նրանք, ովքեր ընդունում են, հավատում են, ապա դա մեծ մխիթարություն է: Վաղվա մխիթարությունն էլ կապված է Հիսուսի նորից երկիր գալու հետ: Նա գալու է Սատանային դատապարտելու համար ու աշխարհի վրա իր թագավորությունը հաստատելու համար: Ուստի մենք սպասում ենք այս մխիթարությանը:

3.Սուրբ Հոգին ունենալ, Նրա պատգամը ստանալ ու Նրանով առաջնորդվել (2:25-27;)

Ավետարանիչը Սուրբ Հոգու առնչությամբ այս երեք հատկանաշական բաներն է ասում Սիմոն ծերունու մասին. Սուրբ Հոգին ուներ, Նրանից պատգամ էր ստացել և Նրա առաջնորդությամբ տաճար էր եկել մանուկ Հիսուսին դիմավորելու համար: Միայն աստվածային ժամադրությամբ ու միջամտությամբ է դա տեղի ունեցել: Ըստ ավանդության Սիմոնը Հին Կտակարանի թարգմանիչներից մեկն է եղել: Եսայու մարգարեությունը թարգմանելիս Սուրբ Հոգուց պատգամ է ստանում, որ մահ չի ճաշակի, մինչև որ չտեսնի Օծյալ Փրկչին: Դրա համար էլ ավետարանում կարդում ենք նրա հետևյալ խոսքերը. «Ուրեմն, ով Տեր, խաղաղությամբ արձակիր Քո ծառային Քո խոսքի համեմատ, որովհետև իմ աչքերը տեսան Քո փրկությունը»: 
Չկա մեկը, որ Տիրոջը դիմավորի առանց Սուրբ Հոգու: Ավետարանն ասում է, որ ոչ մեկ չի կարող առանց Սուրբ Հոգու Հիսուսին Տեր կոչել: Այո, ամեն Իրեն դարձողին, Աստված Սուրբ Հոգու ներկայության պարգևն է տալիս: Սուրբ Հոգու ներկայության շնորհիվ մարդու կյանքը մեղքից շրջվում, վերափոխվում դառնում է աստվածահաճո և սուրբ կյանք: Սուրբ Հոգին լինելով Աստվածաշունչ Մատյանի հեղինակը, օրեօր մեզ է հաղորդում մեր կյանքի ու աստվածապաշտության մասին պատգամները ու Նա է հանդիսանում մեր առաջնորդը: Ուրեմն Հիսուսին դիմավորողի համար հատկանշական պետք է լինի թե Սուրբ Հոգու ներկայությունը, թե Նրանից պատգամ ստանալը և թե Նրանով առաջնորդվելը:

4.Աստծուն օրհնել (2:28;)

Սիմոնը մանուկ Հիսուսին իր գիրկն առավ ու Աստծուն օրհնեց: Իր աղոթքից կարող ենք հասկանալ, թե նա ինչ բաների համար Աստծուն օրհնեց: Եկեք թվարկենք. որովհետև Աստված կատարեց նրան տված խոստումը՝ հայտնեց Փրկչին, որովհետև Հիսուսը փրկություն է բոլոր ժողովուրդների համար, որովհետև Հիսուսը լուսավորելու է հեթանոսներին ու փառավորելու Իսրայելին: 
Արդյո՞ք շարունակաբար և սրտանց օրհնում ենք Աստծուն, թե՞ միայն մեր հոգսերով ենք Նրան ահազանգում: Աստված Իր Խոսքի տերն է, Նրա ասածները իրականացել են ու կատարվում են, ուստի սրա համար եկեք օրհնենք Նրան: Նաև շարունակվում է Աստծո խոսքը տարածվել երկրի վրա հեթանոսների մեջ և միայն Չինաստանում օրական քառասուն հազար հոգի է լուսավորվում: Եթե Պենտեկոստեյի օրը երեք հազար հոգի ապաշխարեց, ապա այսօրվա տվյալների համաձայն մեկ ժամում երկրագնդի վրա երեք հազար հոգիներ են Աստծուն դառնում, ուստի եկեք Աստծուն օրհնենք նաև սրա համար: Եվ այս թվարկվածները մեզ ավելի են խրախուսում, որպեսզի շարունակենք Աստծուն օրհնել: Նա է Փրկիչը, ժողովուրդներին լուսավորողը և միայն Նա է փառքի մեջ առաջնորդողը: Փառք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն:

Մեր Ժողովուրդը սիրում է իրար ասել.«Սիմոն ծերունի դառնաս»: Սրանով նրանք ուզում են իրար երկար կյանք մաղթել երկրի վրա: Սիմոն ծերունին երկարակեցության խորհրդանիշ է: Իսկ մենք սրա տակ, եկեք, նաև հասկանանք, որ պետք է Հիսուսին դիմավորողներ լինենք. 
Արդար ու աստվածավախ կյանքով,
Մխիթարության սպասելով,
Սուրբ Հոգով առաջնորդվելով և
Աստծուն օրհնելով:

Ի՞նչ եք կարծում, առանց այս հատկանիշների ընդունելի կլինի՞, կամ իմաստ կունենա՞ն մեր տոնակատարությունները:
Թող Աստված օրհնի մեզ, ԱՄԵՆ:

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *