ՕՐՆ ԱՅԴ ՊԻՏԻ ԳԱ…
Գուցե և կգա ժամանակը այն,
Որ մարդիկ ինձ էլ այլ կերպ կժպտան,
Կգովեն արած գործերիս համար,
Ոչ թե աչքերիս` բարի ու խոնարհ:

Ուզում եմ, որ գա պահը սպասված
Խոսքս էլ դառնա արդեն գործ արված,
Երբ հայելու մեջ կգտնեմ արդար,
Իր գործով հպարտ մի խենթ նվիրյալ:

Հավատում եմ, որ օրն այդ պիտի գա
Ու հետ չի պահի կյանքը ինձ անզգա,
Նպատակ դարձած երազներն իմ հին,
Պիտի լույս դառնան շատերի ճամփին:

 

ԱՅՍ ԴՈՒՌՆ ԷԼ ԳՈՑՎԵՑ

Այս դուռն էլ գոցվեց, երեկ՝ այն մեկն էր,
Վաղն էլ, գուցե, մյուսն է փակվելու:
Այս ծուխն էլ մարեց, մինչդեռ երեկ էր
Հոտը լավաշի դեպի տուն կանչում:

Մի դուռ էլ գոցվեց, սակայն սեղանին
Դրված մնացին բաժակ ու ափսե,
Կիսով չափ լցված, մի կեսն էլ դատարկ,
Կեսը թողնելով գնացին նրանք:

Այս դուռն էլ գոցվեց, մյուսն էլ կփակվի,
Կգնան նրանք բախտ որոնելու,
Թողնելով այստեղ կոտրված հույսեր՝
Կգնան ճամփով օտարանալու:

Մի ճիչ էլ, ահա, կլսվի հեռվից,
Մի մանկան ծիծաղ՝ զրնգո՜ւն, պայծա՜ռ,
Մի հայ էլ այսօր մայրի՜կ կկանչի,
Բայց օտար բառով, քիչ օտարացած:

Այս դուռն էլ գոցվեց, մյուսն էլ կփակվի՜,
Կփակվի՜, մարդի՛կ, կկորչե՛նք անդարձ,
Մի՛ փակեք դուռը, մնացե՛ք, մարդի՜կ,
Մի՛ թողեք տունը աչքով կիսաթաց:

 

ՀԻՇԵՑԵՔ ՆՐԱՆՑ
Հիշեցե’ք նրանց, հիշեցե’ք, մարդի’կ,
Ու լացեք այսօր նաև ի սրտե,
Կուտակված ցավը դուրս բերեք, մարդի’կ,
Եթե իհարկե ցավել դուք գիտեք:

Հիշեցե’ք նրանց, խոսեցե’ք, մարդի’կ,
Սխրանքը գործած դուք մի մոռացեք,
Կատակ չէ կռվում զոհվելը, մարդի’կ,
Ամենաթանկն են նրանք մեզ տվել:

Հիշեցե’ք նրանց, ողբացեք, մարդի’կ,
Կորուստը մեծ է ու հետ դարձ չկա,
Բայց երբ չորացնեք աչքերը, մարդի’կ,
Հիշե’ք առջևում դեռ հատուցում կա:

 

ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՑ
Մա’մ ջան, գնում ենք ևս մեկ անգամ
Մեզ պատիվ բերող գործը կատարենք,
Գուցե և այսօր չվերադառնանք,
Ո՞վ գիտի բախտը ո՞ր կողմ է թեքվել:

Մա’մ ջան, մեր կյանքից մենք չենք վախենում,
Պետք է` կզոհվենք հանուն հաղթության,
Բայց խոստումը, որ հետ ենք դառնալու,
Հրամայում է` ապրե’լ միմիայն:

Չեմ կարող անգամ մթին երազում
Քեզ պատկերացնել սև զգեստ հագած,
Ախր, կարմիրը քեզ շատ է սազում,
Քո աղոթքներով ես պիտի տուն գամ:

Գիտե’մ, երբ այստեղ` սահմանագծին,
Կյանքի ու մահվան կռիվ եմ տվել,
Դու էլ խոր քնից, գիշերվա կեսին,
Արթնացել ես ու Աստծուն աղոթել:

Եվ ամեն անգամ, փրկվելով մահից,
Քո անունն եմ ես միշտ շշնջացել,
Մա’մ ջան, աղոթքդ վեր է ամենից,
Չկա’ հակազդող նրան ոչ մի զենք:

 

ՀԵՐՈՍ ՀԱՅՈՐԴԻ
Բռնեցիր շատ շուտ հավերժի ճամփան
Եվ անմահացար, հերոս հայորդի,
Լույսը աչքերիդ, ավա՜ղ, շուտ հանգավ,
Դու այն բաշխեցիր գալիք սերունդին:

Քո մատղաշ կյանքը դարձրած կերոն`
Խնկարկվեցիր դու հանուն գալիքի,
Քո չապրած ամեն մի օրվա համար`
Ների՛ր մեզ հերոս, ների՛ր հայորդի:

ՍՊԱՍՈՒՄ
Սպասումներիս քարավանը լուռ
Առաջ է գնում հեգեմաշ քայլքով,
Տալիս է միայն անթաքույց մրմուռ
Ու տանում ինձնից արևներս լուրթ:

Իբրև իմ կյանքի մենիշխան ու տեր,
Դարձրել է ինձ լուռ կամակատար,
Արշալույսներս բացվում են իր հետ,
Մայրամուտվում եմ իրենով լցված:

Սպասումներիս քարավանը լուռ
Գնում է անվերջ՝ չկա հանգրվան,
Իր քայլքով տանջող կյանքս է լցնում
Եվ ստիպում ապրել, և ստիպում հուսալ…

Հեղինակ՝  Տաթև Սուքիասյան