Վիգեն Սարգսյանի այսօրվա գրառման մեջ, թեմայից դուրս, մի շատ ուշագրավ միտք կար, ինչը, ինչքանով որ ես եմ հետևել լրահոսին այս տարիների ընթացքում, «նորություն» էր: Ի՞նչ է ասում Վիգեն Սարգսյանը: Ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է հետևյալը` ««Ազգ-բանակի» հիմքում հետևյալն է` երբ բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և հետևաբար դրան հատկացվող հանրային ռեսուրսներն անհամաչափ մեծ` պետությունը պարտավոր է այդ լրացուցիչ բեռը դարձնել շարժիչ ուժ…»: Կրկին անգամ ուշադրություն դարձրեք հետևյալ տողերի վրա` «բանակդ բնակչության թվի համեմատ անհամաչափ մեծ է, և, հետևաբար, դրան հատկացվող հանրային ռեսուրսներն [էլ է] անհամաչափ մեծ»: ՀՀԿ վերնախավի կողմից նման միտք ես առաջին անգամ եմ լսում: Ինչևէ, 10 տարի հետ գնանք:

Լևոն Տեր-Պետրոսյանը 2008թ-ին հայտարարում էր հետևյալը` «Անկեղծ խոսենք. եթե չլիներ ղարաբաղյան պատերազմը, կամ Ղարաբաղի հարցն արդեն կարգավորված լիներ, մեզ այսպիսի քանակությամբ բանակ պետք չէր։ Սա մի այնպիսի մեծաթիվ բանակ է, որ աշխարհի շատ ավելի հարուստ, մեծ, հզոր պետություններ չունեն։ Ես չեմ ուզում կոնկրետ թվեր նշել, դա պետական գաղտնիք է։ Հայաստանն այն երկիրը չէ, որ մեծ ռեսուրսներ կարողանա տրամադրել բանակին։ Ուրեմն, մենք ինչպես ենք պատկերացնում լուծումը. նախևառաջ՝ հաշտ ու խաղաղ ապրել մեր հարևանների հետ։ Մեր ապահովության մեծագույն երաշխիքը ոչ թե միջազգային անվտանգության կամ պաշտպանական համակարգերին՝ ՆԱՏՕ-ին, կամ Հավաքական անվտանգության պայմանագրին անդամակցելն է, այլ մեր չորս հարևանների հետ նորմալ հարաբերությունների հաստատումը։ Ես երազում եմ այն ժամանակի մասին, երբ Ղարաբաղի հարցի կարգավորումից հետո Հայաստանը կունենա տասը հազարանոց պրոֆեսիոնալ բանակ»: Ահա այս մտքերից ելնելով ողջ իշխանական վերնախավը հայտարարում էր, թե Տեր-Պետրոսյանը ցանկանում ա բանակը վերացնել, որ Արցախը հանձնի Ադրբեջանին: Ու մինչև հիմա ՀՀԿ-ական ոչ մի պաշտոնյա չէր համարձակվում խոստովանել, որ ներկայիս թվաքանակով բանակը ծանր բեռ ա Հայաստանի համար: Ու հիմա, «հանկարծ», պաշտոնաթող ՊՆախարար Վիգեն Սարգսյանը «հիշել» ա, որ «անհամաչափ մեծ են ինչպես բանակը բնակչության թվի համեմատ, այնպես էլ բանակին հատկացվող միջոցները»: Իյա, իրո՞ք: Ու փոխանակ ամեն ջանք ներդնեին գլխավոր խնդիրը լուծելու ուղղությամբ, իրենց «ազգ-բանակ»-ով, վերջին հաշվով, պատրաստվում էին ավելի խորացնել այդ «անհամաչափությունը»:

Հարութ ՈՒլոյան