ՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԱԲԱՑԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ

 

 

Բանաստեղծն այն մարդն է,ով ներշնչվելով տարաբնույթ իրադարձություններից և երևույթներից,սեփական ապրումները միահյուսելով բնության երևույթներին,ստեղծում է սեփական հոգեկերտվածքին հատուկ տողեր,որոնք հանձնում է թղթին,ապա՝ ընթերցողի դատին:Բանաստեղծության միջոցով ընթերցողին են հասնում ոչ միայն բանաստեղծի ապրումները,այլև,միախառնվելով սեփական հույզերին,վերջինս դարձնում են իրենց սեփականը:Այդպիսի հոգեբանական,հուզախառն բանաստեղծություններով է ընթերցողի սիրտը լցվում,երբ աչքի առաջ է դրվում Էմմա Գրիգորյանի բանաստեղծական շարքը: Նրա հոգին խորն է՝ անհատակ ծովի պես. երբեմն ալեկոծվում,փոթորկվում,երբեմն էլ՝ հանդարտահոս ու մեղմախոս է դառնում:Նրա պոեզիան առանձնահատուկ է թե՛ բանաստեղծական էթիկայի պահպանման տեսանկյունից,թե՛ հարուստ բառախաղով:Ահա,թե ինչու է նրա պոեզիան սիրվում,ընթերցվում ու արժանանում տարատեսակ գեղեցիկ մեկնաբանությունների: Էմմա Մնացականի Գրիգորյանը( Գևորգյան ) ծնվել է 1966թ․ Գյումրիում, արհեստավորի ընտանիքում ։ Աովորել և ավարտել է տեղի՝ Շիրվանզադեի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը։ Շատ է սիրել գրականություն, քանզի հայրը գրքամոլ էր և իր կարդացածի տպավորությունները ամեն անգամ կիսում էր իրենց հետ և իր սիրտը սիրով լցնում դեպի գրական աշխարհ։ Իր ստեղծագործության առաջին քայլերը արել է 12-13 տարեկան հասակում, նվիրելով մի հիասքանչ ՁՈՆ ՄԱՅՐԻԿԻՆ․․․Գրում էր մի հուշատետրում և իր ձեռքով էլ նկարում գրածին համապատասխան նկարներ․․․Շատ էր սիրում նաև,առհասարակ, նկարչական արվեստը։ Լինում էին պահեր, երբ ստեղծագործում էր ձեռքն ընկած թղթերի վրա և հետո դրանք կորչում էին իր ընթերցած գրքերի էջերում: Ամուսնությունից հետո մուսան խռովեց և լքեց իրեն, և նա վերադարձավ միայն այն ժամանակ, երբ ողբերգական մահը իրենից խլեց իր սիրասուն ամուսնուն, ում 40-ամյակը դեռ նոր էր բոլորել և երազում էր իրականացնել իր բարի և մարդասիրական նպատակները, կառուցում էր ու արարում, հիմնում էր ու աջակցում, երջանկանում Գյումրու վերածննդով, ծնվել էր ինքնատիպ, անկրկնելի, շատ բարի, ծնվել էր ամենուրեք բարություն սփռելու առաքելությամբ, նա հպարտ էր իր երեք զավակներով։ Վշտից խելագարված հեղեղի նման,նրա գլխին էին թափվում իր մտքերը, իսկ մուսան հորդորում էր գրել ու անվերջ գրել։ Կարծես թե վիշտն է նրան պոետ դարձել:Ցավից տողեր Է գրում,որոնք վշտի ցավից են ծնվում և վերածվում վառ հուշերի․․․ Ամուսնու սերն իր հետ է, նրա հոգին իր մեջ է…ինքն ապրում է նրանով, նա իր համար անմահ է: 2004թ.-ին, ամուսնու քառասունքի օրը, պատրաստ էր արդեն իր առաջնեկը՝ ՙՎԵՐՋԻՆ ԼՈՒՍԱԲԱՑԸ՚ ժողովածուն, նվիրված նրա սուրբ հիշատակին, որն ինքը բաժանեց նրա հիշատակը միշտ վառ պահող սիրելի մարդկանց։ Մեկ ամիս անց,նույն թվականին, լույս տեսավ իր երկրորդ ժողովածուն՝ ՙՍԻՐՈ ՔՆՔՈՒՇ ԱՆՈՒՐՋՆԵՐ՚ վերնագրով։ 2015թ.-ին տպագրվել է ՙԱՆՑՅԱԼԸ ՉԻ ԼՌՈՒՄ՚ գրքի առաջին հատորում և, այնուհետև, 2016թ.-ին՝ երկրորդ հատորում։ Գագիկ Վարդանյանի ՙԴՈՒԴՈՒԿՆ Է ԵՐԳՈՒՄ՚ գրքում ևս տեղ է գտել բանաստեղծուհու ՙԴՈՒԴՈՒԿ՚ և մի քանի այլ բանաստեղծություններ։ 2004թ․ լույս է տեսել նաև իր փոքրիկ մանկական բրոշյուրը՝ նվիրված ՙԻՆՉՈՒԻԿ ՔՈԼԵՋԻ՚ ավարտական երեխաներին։ Էմմա Գրիգորյանը նաև մանկագիր է, շատ եմ սիրում գրել մեր սիրասուն մանուկների համար։Ունի 400-ից ավելի անտիպ գործեր։ Գրում է ՍԻՐՈ, ՑԱՎԻ, ՀԱՅՐԵՆԻՔԻ ՍԻՐՈ, ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻՆ նվիրված բանաստեղծություններ։ Ունի նաև պատմվածքներ։ ՙԵս իմ ստեղծագործությունները նմանեցնում եմ անմշակ ալմաստի, եթե նրանք էլ հղկվեն, կդառնան շողացող ադամանդներ․․․ Իմ վիշտը երբեք չկարողացավ չարացնել ինձ, այլ ավելի կոփեց հոգիս, կրկնապատկեց բարությունս և խիղճս դարձրեց կատարյալ, դրա համար շնորհակալ եմ իմ Աստծուն, որ հիմա վայելում եմ իմ շրջապատի սերն ու հարգանքը՚,-անկեղծանում է բանաաստեղծուհին։ Չափից ավելի մարդասեր է, անկեղծ և նվիրված ընկեր։ Երբեք չի կարողանում անտարբեր անցնել ԼԱՎԻ և ԳԵՂԵՑԻԿԻ կողքով։ Իր էության մեջ թաքնված է գաղտնի հոգին․․․:ՙԵս բազմիցս բարձրաձայնել եմ, որ ես ինձ երբեք գրող չեմ համարում, ես երբեք ոտք չեմ մեկնում նրանց հետ, բայց և չեմ կարողանում լռեցնել իմ երգող հոգուն, ում երգի ձայնը դարձել է շատերին սիրելի և հոգեհարազատ՚,-նշում է բանաստեղծուհին:Իր համար աշխարհում ամենաթանկը իր ընտանիքն է։Ունի երկու տղա,որոնք մասնագիտությամբ տնտեսագետ են ,մեկ աղջիկ,ով հոգեբան է, և երեք հրաշք թոռնիկներ։ Ակնհայտ է,որ Էմմա Գրիգորյան բանաստեղծուհու և Էմմա Գրիգորյան մարդու միջև կապող կամուրջ է տրտմությունը,ահռելի ցավն ու վշտաբեկ ճակատագիրը:Թեև կյանքն անարդար է գտնվել նրա հանդեպ,պատճառելով բազում անհաջողություններ, և նրա հոգում դեռևս ապրում է վերջին լուսաբացի արտացոլանքը,այնուամենայնիվ,միշտ էլ կա թաքուն պահված վերջին հույսը,որը թույլ չի տալիս կոտրվելու վերջնականապես:Իսկ ինչ վերաբերվում է բանաստեղծական յուրօրինակ շարքերին,ապա միշտ էլ հաճելի է,երբ ներկայացվում է գեղեցիկն ու յուրահատուկը,դրանից մարդը ոչ միայն հոգեկան ներդաշնակություն է գտնում,այլև ձևավորում է սեփական ներաշխարհը,խորհում ու ընդլայնում միտքը,մտածողությունը և աշխարհայացքը: Թող Աստված պահապան լինի տաղանդաշատ բանաստեղծուհու սուրբ ու անմար օջախին:

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *