Հաճելի անակնկալ էր ինձ համար, իսկական հայտնություն նրա մարգարտաշար,մեսրոպատառով գրված պատմվածքներն ու հիշողությունները ժամանակի ու ժամանակի մեծերի մասին:
Գեղարվեստորեն, իմաստալից ու հետաքրքիր: Կարդում ես ,և քեզ թվում է ,թե ժամանակը կանգ է առել,թե նրանք ամենևին էլ անցյալում չեն…
Եվ ով զարմանք՝հեղինակը ՍՍՀՄ Ժողովրդական նկարիչ Նիկոլայ Նիկողոսյանն է:
Միշտ եմ հիացել նրա կտավներով ու քանդակներով: Իսկ հիմա կարդում եմ ու հիանոմ նրա պատմվածքներով:Ընթերցողի իրավունքով ձեզ եմ ներկայացնում նրա պատմվածքներից, համոզված լինելով, որ օրըստօրե կհամալրվի արդեն գրողի ընթերցողների բանակը…

Ամալյա Իսայան

Վարպետը

1955 թվականին էր, աշնանը,Երևանում: Ամառը Հայաստանում անցկացնելուց հետո պատրաստվում էի Մոսկվա վերադառնալ:Մեկնելուս նախօրերին, աշնանային հրաշալի մի երեկո, փողոցում Ավետիք Իսահակյանի կնոջը` Սոֆյային հանդիպեցի: Մինչ զրուցում էինք, իմ մեջ մեկեն միտք հղացավ ստեղծելմեր մեծ բանաստեղծի դիմաքանդակը:Այդ գիշեր ես գրեթե աչք չփակեցի, շարունակ քանդակի կառուցվածքի մասին էի մտմտում, բայց, բարեբախտաբար, այդպես էլ լուծում չգտա:Հաջորդ առավոտյան մեքենա վարձելով` Վարպետի տուն գնացի.
Հայաստանում բոլորն այդպես էին կոչում Իսահակյանին:Դուռը փոքրամարմին, գիրուկ մի կին բացեց, որի խոսվածքից անմիջապես կարելի էր գուշակել, որ սփյուռքահայ է:
-Ինչ է եղեր, Վարբե՞տը գուզեք: Անիկա տանը չէ:Աս ինչ բան է, հանգիստ չեն տա ադ մարդը,- ու պատրաստվում էր դուռը շրխկացնել դեմքիս:"" -Սպասե’ք, սպասե’ք, իսկ որտե՞ղ է նա,- դուռը ուսով պահած, հարցրի ես:
-Չեմ գիդեր, Էջմիածին գացեր է: Իր ընգերը թաղելու,-դժկամ ավելացրեց նա:
Գնացի, որոշելով Վարպետին հաջորդ անգամ այցելել:
Մի քանի օր անց նորից Իսահակյանենց տուն եկա: Այդ ժամանակ նրա հոբելյանի օրերն էին, որից նա բավականին հոգնել էր:Դուռն այս անգամ Սոֆյան բացեց, ողջունեց ու ներս հրավիրեց ինձ: Սենյակի խորքում, գրասեղանի մոտ ես նկատեցի վարպետին` երկար, մանուշակագույն խալաթով: Նա կենտրոնացած ինչ-որ ուղղումներ էր անում առաջը դրված ձեռագրում:
-Ավո, Կոլյան է մեզ հյուր եկել,- ծուլորեն ասաց Սոֆյան:
Վարպետն ինձ առանց ոգևորության ընդունեց ու իսկույն սկսեց բողոքել.
-Կուզենայի որքան հնարավոր է շուտ մեռնել:Մի վայրկյան անգամ դադար չունեմ: Մեկ « Սոյուզպեչատից» են գալիս, մեկ`ռադիոկոմիտեից, մեկ քանդակագործ է հայտնվում,-և նա ինձ նայեց խիստ մռայլված տեսքով: Բայց հենց նույն պահին էլ անսպասելի փոխեց խոսքի տոնը.
— Ուրախ եմ,որ եկել ես:Նստիր, սուրճ խմիր: Եղբայր, չես հավատա,-շարունակեց մի տեսակ ընկճված,-բայց ես խելքս թռցրել եմ արդեն:
-Ինչպե՞ս…
-Ինչ է, աշխարհում քի՞չ կան այնպիսի մարդիկ, որոնց վնասում է իրենց մաշված միտքը, որոնց կուրացնում է գիտունության մարմաջը: Երևի թե նման մի բան էլ ինձ հետ է կատարվում:Միևնույն մարդը որոշ հանգամանքներում ծիծաղելի է դառնում, այլ պայմաններում` վեհանձն ու տպավորիչ, կարող է չար լինել ու հաջորդ վայրկյանին` բարի:Իմ տրամադրությունը հիմա փոխվում է մարտյան եղանակի պես: Ասա, ի՞նչն է քեզ առավոտ շուտ ինձ մոտ բերել:
-Վարպետ, ճիշտն ասած, մի մեծ խնդրանքով եմ եկել, բայց հիմա արդեն չեմ համարձակվում ասել:
-Ասա, ասա, մի ամաչիր:
-Վարպետ ջան, ես կավ եմ բերել, որպեսզի…
-Ի՞նչ, կա՞վ : Ոչ, եղբայր, չեմ կարող…Գիտե՞ս ինչ,-կարճ դադարից հետո քիչ մեղմացավ վարպետը,-ես հիմա տանել չեմ կարողանում նկարչի առաջ կեցվածք ընդունելու այդ հոգնատանջ վիճակը: Ճանաչու՞մ ես քանդակագործ Կեպինովին:
Գիտես ինչքան ինձ տանջեց, կեղեքեց պարզապես:Ես ստիպված էի 44 անգամ նրա ստուդիա գնալ, իսկ յուրաքանչյուր սեանսը ձգվում էր երեք ժամից ավելի:
Անկեղծ ասած, ինձ համար սարսափելի դժվար է շարունակ նույն տեղում նստած մնալ: Էլ ուժ չկա, չեմ կարող, չեմ ուզում: Չնեղանաս:
-Վարպետ ջան, ինձ շատ սեանսներ պետք չեն:
-Այս հոբելյանը կյանքս դարձրեց անտանելի: Մինչև հիմա սիրտս խառնում է:Թե այս վիճակն էլի շարունակվի, վախենում եմ`չդիմանամ:
Նման ծանրակշիռ փաստարկից հետո ես վերջնականապես շփոթվեցի:
-Հասկանում եմ, Վարպետ, կներես, որ անհանգստացրի:
Կոտրված սրտով ելա և ուզում էի դուրս գալ:
-Ոչինչ, եղբայր, համբերությունս հատել է, նյարդային եմ դարձել:Ես անտանելի թափթփված մարդ եմ, չեմ կարողանում կենտրոնանալ:Չեն թողնում մարդ հունի մեջ ընկնի: Ահա, տեսնու՞մ ես,-նա ցույց տվեց գրասեղանին դրված թղթերի տրցակը,-ես պիտի գրեմ: Այնինչ, արդեն քանի օր է ոչ մի տող չեմ գրել: Բոլորը խանգարում են ինձ:
Նա գլուխը խոնարհեց ու մատներով նյարդայնորեն սկսեց թմբկահարել սեղանը, ասես ջանալով հանգստանալ:
-Իսկ ի՞նչ նորություններ ունես Մոսկվայից:Ժուկովն ինչպե՞ս է:Չեմ կարողանում հանգստանալ, ինչպես նրանք կարողացան մեղադրել այդպիսի մարդուն, նման խելացի, խիզախ, կրթված ռազմագետին:Առողջ բանականության տեր ոչ մի մարդ նման բան չէր անի: Երևում է`, վախենում էին նրա ուժից,նրանց պետք էր մարել մարշալի փառքը:Նրա հանդեպ դաժան գտնվեցին ու անմարդկային:Բոլոր դեպքերում, ես լավ գիտեմ, շատ խոշոր զորավարներ հանուն հաղթանակի զգալի սխալներ են թույլ տվել,և միշտ ընդունվել է, որ վերջնական արդյունքն է կարևորը, կարևորը հաղթանակն է:Իսկ հաղթողին չեն դատում:Բացի դա, ժամանակի բնույթն է այդպիսին: Ես ծեր մարդ եմ, շուտով չեմ լինի, բայց դու երիտասարդ ես, դու դեռ կտեսնես.նույն այդ մարդիկ կպանծացնեն նրա անունը:
Կես ժամից ավելի մենք զրուցեցինք վերջին նորությունների,քաղաքականության շուրջ:Հետո նա լռեց ու հանկարծ խոսեց դանդաղ ու մտածկոտ.
-Գյուղացիներին հարկավոր է պահպանել: Գիտե՞ս, գյուղացին է ազգը պահում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում քաղաքային մտավորականությունը: Պոռնիկի է նման.նախ կորցնում է լեզուն, իսկ հետո`ազգությունը վաճառում: Չէ , գլխավորը գյուղացիությունն է, նրա վրա է ազգը հենվում:Բայց ահա մեզ մոտ գյուղական օջախներ կան, որոնցից արդեն ծուխ չի բարձրանում:
Վարպետը խոնարհեց գլուխը, հոնքերը բարձրացրեց և զգացվում էր, որ խոհերը նրան հեռու, հեռու ինչ –որ տեղ են տարել: Դեմքը դարձավ բոլորովին ինքնամփոփ և այնպիսի խոհուն արտահայտություն ուներ, ասես իմ դեմ հայտնվել էր ինչ-որ ոգի: “Օ, ահա թե ինչպիսին է իսկական Վարպետը, ահա այն կերպարը, որ ես պիտի փորձեմ ստեղծել”-մտածեցի ես:
Հանկարծ, երկար ընդմիջումից հետո, նա հարցրեց .
-Կոլյա, իսկ քանի՞ սեանսը քեզ կգոհացնի:
Անմիջապես աշխուժացա.
Ընդամենը երեք, այն էլ մեկ ժամանոց:
Դե ինչ, թող որ այդպես լինի:Հանուն քեզ: Թե հայրս էլ գերեզմանից դուրս գար, չէի համաձայնի:
-Շնորհակալ եմ, Վարպետ ջան: Շնորհակալ եմ, որ չնայած հոգնածությանը,այդքան զբաղվածությանը, համաձայնեցիր:
-Հարցն սպառված է: Վաղն առավոտից սկսում ենք:
Ամբողջ ճանապարհին մտածում էի այն մասին, թե որքան բարի, որքան զգայուն ու խորունկ մարդ է նա`օժտված մարդկային լավագույն հատկանիշներով:
Հաջորդ օրը ժամը 10 -ին Վարպետն արդեն նստած էր իմ առաջ, իսկ ես այնպես ոգևորվեցի, որ հանեցի վերնաշապիկս ու կոշիկներս: Մի քանի րոպեում ընդհանուր գծերով գտա գլխավոր նմանությունը:Ժամանակ առ ժամանակ նա շրջվում, հետաքրքրությամբ ու բարեհոգի նայում էր, թե ինչպես եմ աշխատում:
-Վահ, դու չես ծեփում, դու կարծես կռիվ ես տալիս կավի հետ:
Իսկ ինձնից առվակներով քրտինք էր հոսում:Ես ամենայն հաճույքով եմ ծեփում հաստ ու մսեղ այս քիթը, որ կախված է բեղերի վրա, ուռուցիկ,ցած կախված շրթունքները: Առանձնապես հաճելի է վեր ձգված հոնքերին նայել, երբ նա մտորումների մեջ է ընկնում: Իսկ նա, որպեսզի չխանգարի, խոհերին է տրվել ամբողջովին:
Չգիտես ինչու հանկարծ ասացի .
-Վարպետ ջան, ոմանք ասում են.հարկավոր է նորաձևությանը հետևել:
— Դե թող ուրեմն իրենք էլ հետևեն: Իսկ դու նրանց չլսես: Իսկական ստեղծագործությունը մոդա չի ճանաչում:Մոդայիկ ստեղծագործությունները մեծ մասամբ մակերեսային են ու արմատներից զուրկ, ահա ինչու երկար կյանք չեն ունենում:Եվս մի քանի տարի, և նրանք կփշրվեն չնչին մի քամուց: Իսկ քեզ պիտի ասեմ. Տեսնում եմ, որ քո միտքը համաձայնության մեջ է սրտիդ հետ,ուրեմն կկարողանաս ժամանակի շունչը որսալ:Եվ այն ամենը,ինչ դու անես, միշտ բարի կլինի ու զգացմունքային:Դու զգացմունքներին ես տրված նույնիսկ չափից ավելի: Դժվարին ճանապարհ է դա. գլխիդ շատ փորձանքներ կգան,շատ թշնամիներ կշահես:Բայց դու մի վախենա, դու ուժ ունես, կդիմանաս:
-Վարպետ ջան, ես նման եմ այն շանը, որին չեն գուրգուրում, այլ պահում են կիսասոված և շղթայակապ: Ես իսկական շուն եմ, նման չեմ այն շանը, որը լիզում է տանտիրուհու ձեռքը ու ծուլորեն բազմոցին մեկնվում:
-Վարպետը ժպտաց.
-Այո, այո, լավ ասացիր: Եթե շփացած շունը պառկած է բազմոցին, խաղալիք է, ոչ թե շուն: Հավատա, Կոլյա, նրանք` այդ մոդայամոլները դեռ կզղջան իրենց մոլորությունների համար:
Արդեն մեկ ժամից ավելի աշխատում էի: Դուռը բացվեց , և ներս մտավ Սոֆյան
-Ավո, հեռախոսի մոտ:
Վարպետը տհաճությամբ կնճռոտվեց.
-Ասա, որ տանը չեմ և մեզ մի խանգարիր: Երբ արվեստագետն իր գործով է զբաղված, դա նույնն է, թե կինը զավակ է բերում լույս աշխարհ:Այդ ժամանակ նրան հարցեր չեն տալիս:
Երկու օր շարունակ ես առավոտից գալիս էի Իսահակյանի մոտ ու աշխատում մեծ բավականությամբ:
Երրորդ օրը սեանսի վերջում ասացի.
-Ահա, այսօր ավարտում ենք:
Վարպետն ինձ նայեց խրախուսանքով.
-Աշխատիր, ծեփիր ինչքան ուզում ես: Քո եռանդով դու ինձ էլ վարակեցիր: Բա ինչ ես կարծում, այո, այսպես քո առաջ նստած ես էլ աշխատում եմ:Երբ նայում եմ` ինչպես ես դու ծեփում, մտքերս ջահելանում են:
Նա նայեց դիմաքանդակին ու ասաց.
-Շա’տ լավ է, միայն…
Մտածում էի, թե հիմա քանդակագործությանը վերաբերվող որևէ դիտողություն կհաջորդի, և ուշադրությունս լարեցի:
-…Գիտե՞ս`ինչ, հայրենի հողդ երբեք չմոռանաս:Որքան էլ տաղանդավոր լինես, առանց քո երկրի ամուր ոտքի կանգնել չես կարող:
Նա վեր կացավ ու գրկեց ինձ, աչքերում արցունք կար:Դանդաղ գնաց հարևան սենյակ ու շուտով վերադարձավ իր գրքերից մեկը ձեռքին.
-Այս գիրքը քեզ`ի հիշատակ միասին անցկացրած այս երեք լի օրերի:
Ես կարդացի ընծայագիրը.” Կոլյային`իսկական արվեստագետին:Ջերմագին սիրով Ավետիք Իսահակյան:Երևան, 1955 թիվ”:
Չհամբերեցի, գրկեցի ու համբուրեցի նրան:Չգիտես ինչու երկուսս էլ լցվեցինք թախիծով:
Ես գնում էի տուն, ու ականջներիս մեջ դեռ երկար ժամանակ նրա խոսքերն էին.
“ Գնա: Թող որ մորդ կաթը հալալ լինի քեզ”:

ՍՍՀՄ Ժողովրդական նկարիչ`Նիկոլայ Բ. Նիկողոսյան