""Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) մեծ դեր ունի ոչ միայն համայնքային կյանքում, այլ նաև ԱՄՆ-ում համահայկական օրակարգի հարցերը մշտապես բարձրացնելու գործում: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով ԱՀՀ պատվիրակությանը:

ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահներ Էնթոնի Բարսամյանի և Վան Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը ներկայացրել է Համագումարի գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համահայկական նշանակության ծրագրերի իրականացմանը վերաբերող տարբեր հարցեր:

Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները, կառավարության առաջնահերթությունները՝ տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ուղղություններով: