Վարդան Գրիգորյանի բանաստեղծություններից

ՀԱՅՈՑ ԶԱՎԱԿ
Ամեն մեկդ հայկյան նետ եք,
Մի Անդրանիկ, Արաբո,
Մի Նժդեհ եք,Սոսե Մայրիկ,
Մի բռունցք եք, հավերժ գո:
 
Կանչով ելած, Հայրենիքի,
Սեղմած ատամ ու բռունցք,
Զավակներն են համը երկրի,
Լույսն են երկրի, հարուստ հունձք:
 
Հաղթանակներ բերում են, կան,
Ու դեռ փառքերն էլ կգան,
Հայաստանը ձեզնով, հիշեք,
Կերտում է վառ ապագան:
 
Երկիրը մեր հարատևող,
Որդիներով է հպարտ,
Մեր անսասան զավակների
Բազկի ուժով է անպարտ:

ԶՈՐԵՂ ԵՍ, ԱՄՈՒՐ
 
Զորեղ ես, ամուր
Հող իմ հայրենի
Քո զավակներով
Հերոս, սիրասուն…
Քո հարատևման,
Քո փառքի համար,
Քո ապագայի՝
Լուսե ու խոսուն…
Ոտքի են ելել
Անունդ շուրթին
Անունդ սրտում,
Հոգում, երգերում,
Թշնամուն զարկում
Թեկուզ և զարկվում,
Բայց հողդ են պահում
Ամեհի կռվում …
 
 
ՀԱՅՐՍ
 
Հայրս ինձ համար Արարատ լեռ էր,
Մասիս սիգապանձ, վեհ ու սիրելի,
Այդչափ վեհերոտ, ամպերից էլ վեր,
Նոյանիստ լեռս, հայրս գովելի:
 
Արարատասեր ժողովրդիս պես,
Երկիր շենացնող, արարող ու հեզ,
Հայրենու համար կյանք չխնայող
Ու չխոնարհվող բերդ էր հայրիկս:
 
Հույսերիս փարոս, արեգակ լուսե,
Ջերմ էր, հոգատար, սիրասուն սաստիկ,
Նվիրված այր էր, հզոր ու վեհ էր,
Էրգրի կարոտ, փխրուն հայրիկս:
 
 
ՄԱՅՐ
Մայրս վանքի սուրբ խորան էր,
Մլմլացող մոմ, ճրագ,
Լուսատու և զավակասեր,
Տանը անմար մի կրակ:
Մայրս,
Մայրս աստվածուհի,
Սրբությունն էր մեր մեծ տան,
Անմար հուր էր, լույս, արեգակ,
Ջերմ արեգակ, մոգական:
Ու թե հանկարծ կքվեր ցավից,
Լուռ կարտասվեր, կվայեր,
Բայց դե հզոր ու հպարտ էր,
Սիգապանծ էր,
Վեհ մայր էր:
 
ԹԵ ԳԻՏԵՆԱՔ
 
Թե գիտնաք որքան կարոտել եմ ձեզ,
Իմ լավ ծնողներ՝ հայրիկ իմ, մայրիկ,
Անմար մեր կրակ, արև, հույս, հավատ,
Աննման մեր գանձ միակ, մի հատիկ:
 
Գիտեք ես էլ եմ մեծացել արդեն,
Որդիք էլ ունեմ, ունեմ զույգ թոռնիկ,
Բայց, երբ գալիս եմ այցի ձեզ, հաստատ,
Դառնում եմ որդին ձեր այնքան փոքրիկ:
 
Չէ, ես չեմ հիշում, միշտ մտքումս եք դուք,
Ապրող եք հավերժ, սրտում ու հոգում,
Ա՜խ, կուզեի կրկին ձեր շունչը զգալ,
Հիշել, թե այնժամ ոնց էի ձեզ օգնում:
 
Կարոտել եմ ձեզ, իմ լավ ծնողներ,
Հայրիկ իմ, մայրիկ, արևներ ու գանձ,
Գալիս եմ հուշիկ, լուռ ու գլխահակ,
Դեպ ձեզ եմ գալիս, նախնիք իմ, վեհանձ:
 
 
 
ԿԱՐՈՏԱԲԵՐ ԿՌՈՒՆԿ
 
Հազար տարի էլ անցնի,
Ամենը շուրջդ փոխվեն,
Աշխարհն էլ թե շենանա
Ու մտքերդ հստակվեն.
 
Արևն էլի իր փայլով
Արևելքից կծագի,
Ամեն հաջորդ եղանակ
Իր զգեստը կհագնի:
 
Բայց հայրենին միշտ էլ սուրբ,
Եղել է, կա, կմնա,
Ու կարոտը կտանջի,
Ուր էլ մարդը որ գնա:
 
Կարոտը խենթ կրնկակոխ
Քեզ հայրենուց չի զատի,
Հողիդ, ջրիդ սիրելուց
Հաստատ քեզ չի ազատի:
 
Թե փորձես էլ սպանել
խիղճդ, միտքդ ու հոգին,
Դու մի փորձիր սպանել
Կարոտաբեր կռունկին
 
ԿԱՐՍ
 
Արթմնի էլ երազիս պես
Քովդ դառնալ կուզեի,
Իմ պապերի կարոտ իղձը
Իրագործել կուզեի:
 
Հնամենի բերդ-ամրոցդ
Կրկին մտնել կուզեի,
Պաղ ջրովդ, օդովդ մաքուր
Փառավորվել կուզեի:
 
Մոմաթաթախ պատերովդ,
Կրաքարե տներիդ,
Ոլոր-մոլոր փողոցներով
Անդարդ անցնել կուզեի:
 
 
Պապիս սիրած մայլեքովը
Անցնել, ճեմել կուզեի,
Ու նորածին հորս մանուկ
Ճիչը լսել կուզեի:
 
Կարսագետի ափերին ես
Նստել, խորհել կուզեի,
Հնամենի պատերին քո
Հպվել, ա՜խ, ոնց կուզեի:
 
Քո վանքերին, իմ մայր քաղաք
Չկարոտել կուզեի,
Ու անընդհատ ձեռքից ձեռքը
Քո չանցնելը կուզեի:
 
Կարս, իմ քաղաք երազներիս,
Տանը տեսնել կուզեի,
Քեզ փայփայել հոգով, սիրովս,
Գրկումդ ապրել կուզեի:
 
Հեռու ես դու բայց հարազատ,
Այնքան մոտիկ իմ հոգուն,
Ուժ ես տալիս ինձ, զորություն
Կամքիս, սրտիս, իմ ոգուն:
 
ԱՆԻԻՍ
Դաժան է, որքան,
Քեզ տեսնել, Անի,
Օտարի կողմից
Բանտված, կեղեքված,
Որքան դաժան է,
Թեկուզ դիտակով,
Տեսնել լի տունդ,
Անիս, ավերված …
Վանքառատ էիր դու,
Հինավուց Անի,
Ախուրյանի պաղ
Ջրերով թրծված,
Մեկ է թանկ ես շատ
Մեր հոգիներին,
Թեկուզ և հեռու,
Ավերակ դարձած …
Անի, դու ազգիս
Կարոտի երգն ես,
Ծով համբերության
Սնուցով գետն ես,
Դու Հայաստանիդ
Զարդերից մեկն ես,
Շենացող երկրիդ
Շունչն ու հևքն ես …
Դիմացիր քիչ էլ,
Անի ջան, կգանք,
Քեզ էլ, Անի ջան,
Երկիր կբերենք,
Տուն ես դառնալու,
Հայաստան տունդ,
Ուր զավակներով
Քեզ կփայփայենք,,,
 
 հեղինակ` ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *