Այսպես են բնութագրում Ռուդիկ Պետրոսյանին Այգեստանի գումարտակի, մասնավորապես՝ Կ. Բարսեղյանի գլխավորած վաշտի տղաները, այն ազատամարտիկները, ում բախտ է վիճակվել Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատարության ներքո միասին կռվել թշնամու դեմ՝ շատ հաճախ հայտնվելով ռազմագործողության կիզակետում, միեւնույն մարտադաշտում։
Լեգենդներ, նրա բնավորությանն ու խառնվածքին բնորոշ բազմաթիվ ուշագրավ դրվագներ են պատմում մարտական ընկերները, բնականաբար, առավել շատ՝ պատերազմում դրսեւորած նրա բացառիկ քաջության եւ հերոսության մասին։ Իսկ գյուղում մեծ ու փոքրով ուղղակի հպարտությամբ ու երախտագիտությամբ են վերհիշում, միաժամանակ խոր ափսոսանք ապրում նրա կորստի համար։
Սումգայիթի եւ Բաքվի արյունալի դեպքերից հետո շատերի թվում նրանց ընտանիքն էլ ստիպված էր տուն—տեղ լքել ու ապաստանել Արցախում։ Չնայած ուրիշ վայրեր տեղափոխվելու հնարավորություններ (հրավերներ) կային, բայց հայրը նախընտրեց ծննդավայրը։ Հոր վճիռը հատկապես Ռուդիկի սրտով էր։ 
Բաքվի անցկացրած տարիները Ռուդիկը փուչ ու անիմաստ էր համարում եւ խոր ցավ էր ապրում այն ժամանակների ոչ լիարժեք ու միապաղաղ կյանքի գորշ երեւույթների ու անարդարությունների, հայերի նկատմամբ ատելություն ու թշնամանք հրահրող բռնությունների համար։ Եվ համոզվելով ազերիների վայրագությունների մեջ, որոնք իրագործվում էին Բաքվի իշխանությունների կողմից՝ մշտական իրենց վայրերից հայերին բնաջնջելու եւ տեղահանելու նպատակով, Ռուդիկին ավելի տեսանելի էր դառնում սաստկացող դաժան պատերազմի զարհուրելի դեմքը…
Շուտով նա հայտնվեց «հատուկ նշանակության» ջոկատի կազմում, որը համարձակ համարժեք գործողություններ էր իրականացնում՝ ի պատասխան թուրք ելուզակների ծրագրած «մարդաորսի», ինչն ուղեկցվում էր հայկական բնակավայրերի դեմ հարձակումներով, տնտեսության ունեցվածքի (անասունների, պահեստների) թալանով եւ հրկիզումներով, անմեղ մարդկանց ծաղր ու ծանակով, սպանություններով։ Իսկ հաճախ էլ նրանք պատանդ էին վերցվում, եւ քչերին էր բախտ վիճակվում մեծ փրկագնով ազատվել գերությունից։ Փարամաքիի տեղամասի անասնապահական համալիրը թուրք ելուզակների հարձակումներից պաշտպանելու ժամանակ էր, երբ օմօնականները կալանավորեցին Ռուդիկ Պետրոսյանին եւ նրա ընկերոջը՝ Էդուարդ Խաչատրյանին ու տարան Շուշիի բանտ։ Ամիսներ հետո պարզապես հրաշքով նրանց հաջողվեց ազատվել գերությունից եւ տուն վերադառնալ, այլապես թուրքերը մտադիր էին նրանց Բաքու տանել ու այնտեղ տանջամահ անել։
Ռուդիկն այն երիտասարդներից էր, ով նախաձեռնող խմբի հետ իր ակտիվ մասնակցությունը բերեց գյուղի կամավորական ջոկատի, ապա՝ նոր սկզբնավորվող վաշտի կայացմանը։ Ու չնայած տղաները, հաշվի առնելով ռազմական գործում նրա կազմակերպչական բացառիկ ընդունակություններն ու մարտական հմտությունը, բազմիցս առաջարկում էին, որ ստանձնի վաշտի հրամանատարի պարտականությունները, սակայն Ռ. Պետրոսյանը համեստորեն հրաժարվում էր՝ պատճառաբանելով, թե արժանի ղեկավարներ կգտնվեն, իսկ իր խնդիրը կռվելն է… Նա հազիվ համաձայնեց իր վրա վերցնել դասակի հրամանատարի պարտականությունները՝ անձամբ ընտրություն կատարելով եւ իր շուրջը համախմբելով ամենահամարձակ ու մարտունակ գրոհայիններին, ովքեր պատրաստ էին ցանկացած պահի հայտնվել ռազմագործողության ամենաթեժ կետերում եւ կյանքը վտանգելով, կատարել հրամանատարության ամենաբարդ հանձնարարությունը։
Հայր ու տղա միասին էին կռվում, նույն դասակում։ Ու որդին, հաշվի առնելով հոր տարիքը, խնդրում էր շատ «ռիսկի չդիմել» եւ իրենից առաջ չանցնել։ Ասել է թե՝ խնայում էր նրան։ Իսկ հայրը, որ միակ զավակի նկատմամբ չէր կարող թաքցնել իր տագնապը, հորդորում էր «երեխայություն չանել»… Բաքվից մի կերպ էր պոկել բերել, ո՞նց չանհանգստանար…
Գումարտակում գիտեին, որ Ռուդիկը միշտ իր խոսքի տերն է. եթե հետախուզության է մեկնել տղաներով, առանց ռազմական ավարի չի վերադառնա։ Էլ չենք խոսում այն մասին, որ հաճախ էլ գերի վերցրած ազերի զինվորի միջոցով հնարավոր էր դառնում «գաղտնազերծել» հակառակորդի ուժերի եւ հեռահար պլանների շատ մանրամասներ։ Երբեմն էլ թուրքերը մինչ գրոհ էին փորձում կազմակերպել մեր դիրքերի ուղղությամբ, հայկական ուժերը նախապես տեղեկացված էին լինում հակառակորդի մտադրությունների մասին, ու անմիջապես համարժեք քայլեր էին ձեռնարկվում հարձակումները կասեցնելու համար։ Ցանկացած ռազմագործողության ժամանակ Ռուդիկը սովորաբար միշտ առջեւից էր գնում՝ իր հետեւից տանելով վաշտի տղաներին։ Չէր սիրում, երբ որեւէ մեկը տրտնջում էր հոգնածությունից կամ անքնությունից։ 
Պատահում էր՝ զույգ ինքնաձիգները, ականանետն ու այլ պարագաներ մի քանի կիլոմետր ոտքով մացառների միջով հասցնում էր բարձունքն ու երբեք ցույց չէր տալիս, որ հոգնած է։
«Որ շարունակ շարժման, լարվածության մեջ լինենք՝ քնելու մասին բոլորովին չենք մտածի,–ասում էր։–Պատերազմում չեն «հանգստանում», այլ կռվում են…»։
Հատկապես չէր հանդուրժում, երբ նկատում էր, որ մանավանդ գիշերվա ժամերին զինվորը ննջում է դիրքերում, խրամատներում։ «Իբր մենք էլ պիտի վստահ լինենք, որ սթափ եք, եւ դիրքերն ապահով հսկվո՞ւմ են։ Մտածո՞ւմ եք, թե ոնց եք վտանգում ձեր ու մյուսների կյանքը։ Դավաճանությանը հավասար քայլ եմ համարում նման դեպքերը,–իր համոզմունքն էր հայտնում Ռ. Պետրոսյանը եւ ավելացնում։–Հանցագործ է նա, ով դիրքերում քնում է…»։
Իր ազնիվ ու շիտակ, արդար վճիռների համար Ռուդիկն ամենուր վայելում էր տղաների սերն ու հեղինակությունը։ Նրան վստահում էին բոլորը՝ մեծ թե փոքր։ Եվ յուրաքանչյուրի համար նրա խոսքը կշիռ ուներ։ Բազմիցս էր իր կյանքը վտանգի ենթարկել ու հայտնվելով փորձությունների մեջ՝ մենամարտել ու ծուղակից դուրս բերել ընկերներին։ Նման դեպք տեղի ունեցավ ե՛ւ Ջանհասանի, ե՛ւ Քյոսալարի կրակակետերի կասեցման ծանր մարտերի ժամանակ, երբ Ռուդիկն իր վրա վերցնելով թուրքերի կրակահերթերը, ինքնաձիգով վիժեցրեց եւ ազատեց շրջափակման մեջ գտնվող վաշտի տղաներին։
Ազերիները, որերորդ անգամ նպատակ ունենալով իրենց ձեռքը գցել Խնապատը, Նորագյուղի ուղղությամբ, Փառուխ եւ Քարագլուխ գյուղերի մատույցներում մեծ ուժեր էին կենտրոնացրել եւ փորձում էին ճեղքել հայկական ուժերի պաշտպանությունը։ Այստեղ էին նաեւ Այգեստանի գումարտակի զինվորները, ովքեր սխրագործության բազում օրինակներ էին ցույց տալիս՝ կռվելով մինչեւ ատամները զինված թշնամու դեմ։ Ռուդիկը տղաներին համախմբած տանում էր իր հետեւից՝ ոգեշնչելով նրանց։ Ռազմավարական նշանակության բարձունքի ազատագրումը գրեթե ապահովված էր, եւ հակառակորդը զոհեր տալով՝ ստիպված է լինում նահանջել։ Սակայն անհավասար մարտում հայկական կողմն էլ ոչ քիչ կորուստներ կրեց։
Քարագլխի հայտնի բարձունքը նվաճված էր արդեն, երբ լուր ստացվեց, որ Ռուդիկն ընկել է քաջի մահով։ Դա 1992—ի սեպտեմբերի 26—ին էր։ Երբ մի խումբ վիրավորների հետ որդու դիակը մեքենայով տեղափոխում էր զինվորական հոսպիտալ, հոր մտքով չէր անցնում, թե Ռուդիկը նահատակվել է (իսկ ո՞վ էր համարձակվում նրա հետ խոսք բացել այդ մասին)։ Ոչ ոք չէր ուզում հավատալ այդ հրեշավոր իրողությանը։ Անխոս ու լուռ մարեցին վաշտի շունչն ու ոգին՝ անհուն վիշտ պատճառելով ծնողներին ու հարազատներին, մարտական ընկերներին, համագյուղացիներին, սիրած աղջկան…
Դասակի տղաների համար անչափ դժվար էր հոգեբանորեն հաղթահարել նրա բացակայությունը։ Եթե ոչ Ռուդիկը, ապա ո՞վ պիտի առաջնորդեր իրենց…

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 hhpress.am